Նախագահը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ

ՀԽ,Վազգեն Մանուկյան,Սերժ Սարգսյան

7600
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:

Հանրապետության Նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ այս քննարկված՝ հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երևույթին նպաստող պատճառներին, հետևանքներին և կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում՝ Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, հանքարդյունաբերության և բնապահպանական խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին:

Նշված հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամներին տրվել են տեղեկություններ, ներկայացվել են պետության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու նախատեսված ծրագրերը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի և անդամների հետ, բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, սակայն հանրային խորհրդի անդամների մոտ կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռևս ընդհանուր մոտեցումներ չեն ձևավորվել և նոր քննարկումների կարիք ունեն: Նախագահը հավաստիացրել է, որ նման քննարկումների համար դեռ շատ երկար ժամանակ կա:

Հանրային խորհրդի կողմից հնչել են նաև բազմաթիվ առաջարկներ սահմանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Ակտիվ քննարկում է ծավալվել մասնավորապես սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին Նախագահը դեմ է արտահայտվել և հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին:

Հանրային խորհրդի անդամները ՀՀ Նախագահի հետ քննարկել են նաև խորհրդի ապագա գործունեության հետ կապված հարցեր:

 

Հանրային խորհրդում քննարկվեցին երեք հիմնական հարցեր

DSC04779«Նրա երաժշտությունն արդի է եւ վիզուալ: Կա վարպետներին գնահատելու եւ հիշելու մեծ բաց, որը պետք է լրացվի: Ծրագիրը իրականացնելու համար խանգարող որեւէ համակարգ չկա»,-այսօր ՀՀ Հանրային խորհրդի  մշակույթի ենթահանձնաժողովի ժամանակ նշեց կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանը:

Հանձնաժողովի օրակարգում քննարկեցին երեք հիմնական հարցեր՝ իրականացնել Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների շարք, Լուսինե Զաքարյան, Խորեն Պալյան երախտավոր զույգի բնակարանը տուն-թանգարանի վերածելու եւ Կիմ Երիցյանի արձանի կառուցման եւ տեղադրման գործընթացը իրականացնելու հարցերը:

Հայաստանում Զարդ մշակութային հկ-ն ստեղծել է աշխատանքային խումբ եւ ծրագիր, որը նախատեսված է իրականացնել 2013թ.-ի հունիսից մինչեւ 2014թ.-ի հունիսը: Կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանի խոսքով Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումները բազմազան են: Կկազմակերպվեն վիկտորինա խաղեր՝ հարցերը վարպետի կենսագրականից կլինի, դիմանկարների մրցույթ, երաժշտության մրցույթ: Միջոցառմանը հնարավորություն կունենան մասնակցելու բազմաթիվ մարդիկ, արվեստասերների մեծաթիվ բանակ կհավաքվի:

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի համոզմամբ յուրաքանչյուր միջոցառում անցկացնելու համար աջակիցներ են պետք: Արամ Խաչատրյան անունը շոշափողները պետք է հիմք ունենան կամ այնքան իրավունքներ, որ անգամ շոշափեն: Առաջարկը հիմնավոր համարելով հանրային խորհրդի անդամները համաձայնություն տվեցին ծրագիրը իրականցնելուն:

Երկրորդ հարցը, որը դրվեց քննարկման եւ հավանության արժանացավ դա երգչուհի Լուսինե Զաքարյանի բնակարանը տուն-թանգարան վերածելու նախագիծն էր:

Լուսինե Զաքարյանի անունը կրող ֆեյսբուքյան էջի հիմնադիրՎարդուհի Սուքիասյանը պայքարում է բնակարանը հետ վերադարձնել անարժան ժառանգներից: Բանն այն է, որ չունենալով հետնորդ զույգի բնակարանը մնացել է Խորեն Պալյանի մոտ եւ հեռավոր ազգականներին, որոնք էլ այն կռվախնձորի են վերածել: Բնակարանն արդեն 7 տարի է անուշադրության է մատնված, այն անմխիթար վիճակում է.

«Տունն ավիրված է, դա Խորեն Պալյանի եղբոր տղաների ձեռքի գործն է, մենք գործ ունենք մշակութային ժառանգության հետ, որը պատրաստ է թանգարան դառնալուն: Ելնելով բնակարանի ոչ պատշաճ վիճակից՝ պետությունն իրավունք ունի զրկել անարժան ժառանգներին ժառանգությունից»:

Լեւոն Իգիթյանի խոսքով ազգային արժեքը սեփականություն չէ, այն բոլորինն է: Անիմաստ է բարեկամների դարդը քաշել, անհրաժեշտ է հայցով դիմել դատարան եւ տուն-թանգարանի հարցը բարձրացնել հանրային խորհրդի անունից:

Երրորդ հարցը Կիմ Երիցյանի արձանի կառուցման եւ տեղադրման գործընթացն է:

«Կիմ Երիցյան» մշակութային հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է հայ ժողովրդի կողմից սիրված, կինոյի եւ թատրոնի ժողովրդական դերասան Կիմ Երիցյանի արձանի կառուցման եւ տեղադրման աշխատանքները:

ՀԿ նախագահ Լեւոն Բարսեղյանի պնդմամբ իրենց ցանկությունն է արձանը տեղադրել փոքր կենտրոնի որեւիցէ պուրակում կամ մշակութային օջախներից մեկում: Ֆինանսավորումը կա, միայն տարածքն է անհրաժեշտ:

Հանրային խորհուրդը որոշեց քննարկել եւ այնպիսի եզրակացության գալ, որը  միայն ծրագրի օգտին կլինի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Տնտեսական ու սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի գլխավոր 13-րդ վեհաժողովն ավարտեց իր աշխատանքը

фотографияՍեպտեմբերի 11-ին Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում  շարունակվեց Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի Գլխավոր 13-րդ  վեհաժողովի նիստը, որին մասնակցում էր նաև ասոցիացիայի անդամ, ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Ասոցացիայի կազմում այժմ 73 երկիր կա:

P1030585Վեհաժողովը ողջունեց Ալժիրի վարչապետը, որը ուշացումով ներկայացավ, քանի որ երկրի նախագահի հետ քննարկում էր նոր կառավարության կազմը:

2012 թ. Ռիո դե Ժանեյրոյում ասոցիացիան Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդունել է մի փաստաթուղթ ճգնաժամի հաղթահարման  և բնակչության խոցելի խավերի համար այն ավելի մեղմ դարձնելու մասին: Այս անգամ Ռուսաստանի պատվիրակությունը` Ե.Պ. Վելիխովի ղեկավարությամբ, տեղեկացրեց, որ Ռիո դե Ժանեյրոյում ընդունված փաստաթղթի դրույթների մեծ մասը ներկայացված են եղել վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած Քսանյակի հավաքին և ներառվել են վերջնական կոմյունիկեի մեջ:

Այնուհետև Չինաստանի ներկայացուցիչը ներկայացրեց, թե ինչ պետք  անեն ՀԽ-ներն իրենց երկրներում աղքատության հաղթահարման համար: Այս թեման բուռն քննարկումների առիթ դարձավ: Բուռն քննարկումներ տեղի ունեցան նաև, երբ Իտալիայի ՀԽ նախագահն իր զեկույցում ներկայացրեց իր երկրում մղվող պայքարը կոռուպցիայի դեմ: Բազմաթիվ երկրների պատվիրակներ ներկայացրին իրենց երկրներում կոռուպցիայի մակարդակը և նշեցին, որ այդ երևույթի դեմ պայքարն անհնար է առանց քաղաքացիական հասարակության:

P1030580Ասոցիացիայի կանոնադրության համաձայն` նախագահի պաշտոնը զբաղեցվում է ռոտացիայի սկզբունքով`ըստ աշխարհամասերի: Այժմ Ասիայի հերթն էր, և երկու տարով ընտրվեց ռուսաստանցի  Եվգենի Պավլովիչ Վելիխովը, որը ներկայացրեց, թե առաջիկա երկու տարում   կազմակերպության աշխատանքներում ինքն ինչն է կարևորելու: Ընտրվեց նաև նախագահություն: Այնուհետև ասոցիացիային անդամակցելու համար դեմեցին Արգենտինան և Լիբիանը, որոնք որոշ ժամանակ կաշխատեն դիտորդի կարգավիճակով:

 

“Երիտասարդներ թույլ մի տվեք, որ խլեն ձեր հույսը”·-Իտալիայի Հանրային խորհրդի նախագահ

фотография (1)Տարբեր երկրների  հանրային խորհուրդները  քննարկում են երիտասարդության գործազրկության կրճատման  հնարավորությունները

 

Այսօր Ալժիրի մայրաքաղաք Ալժիրում մեկնարկեց Տնտեսական ու սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցացիայի Գլխավոր տասներեքերորդ  ասամբլեան, որին մասնակցում է նաև ասոցիացիայի անդամ ՀՀ հանրային խորհրդի պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:

Քննարկման հիմնական թեմաներն են , թե ինչպիսի նոր խնդիրներ են առկա աշխարհում և ինչպիսի դեր կարող են  ունենալ կազմակերպված քաղաքացիական հասարակությունները երիտասարդության գործազրկության նվազեցման և սոցիալ- մասնագիտական ինտեգրման մեջ (աշխատանքի   հավասար հնարավորություններ անկախ տարիքից, երիտասարդների վերամասնագիտացում  և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում սոցիալական խոցելի խմբերի համար):

securedownloadՎաղը Գլխավոր ասամբլեան կշարունակի իր աշխատանքը: Կընտրվի նոր նախագահ և նախագահություն, ինչպես նաև մի քանի երկրների խորհուրդներ կընդգրկվեն  ասոցիացիայի կազմում:

ՀԽ նախագահը տրանսպորտի գնի մասին. գցել-բռնելով որոշում կայացնելը գյուղին բնորոշ մտածելակերպ է

Վազգեն-ՄանուկյանԵրևանում հասարակական տրանսպորտի համար 150 դրամ սակագին հայտարարելուց հետո արդեն 5-րդ օրն է, ինչ Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ: Քաղաքացիները հրաժարվում են ընդունել նոր սակագինը` պահանջելով վերականգնել նախկին` 100 դրամը: Ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, Երևանի քաղաքապետարանի և գծատերերի հիմնավորումներով մեկ ուղևորի փոխադրման արժեքը 144 դրամ է: Արժանահավա՞տ եք համարում այդ փաստարկները:

– Նրանց պնդումը ստուգել հնարավոր չէ: Առհասարակ Երևանի նման քաղաք աշխարհում չկա, որ տրանսպորտ նստես ու ոչ մագնիսական քարտ լինի, ո՜չ տոմս քեզ տան, ո՜չ կտրոն լինի: Այդպիսի վիճակ գուցե աֆրիկյան երկրների մի երկու-երեք գյուղում է մնացել: Իսկ եթե չկա տոմս տալու գաղափարը, վերահսկել ֆինանսական հոսքերն անհնար է: Այդ պայմաններում ուղղակի անիմաստ է խոսել եկամտաբերության կամ վնասի մասին:

Կառաջարկեի, որ քաղաքապետարանը նախ և առաջ պարտադրեր տոմսի գաղափարը, նոր կտեսներ, թե որն է եկամտաբեր, որը՝ ոչ:

Երկրորդը  կառուցվածքի հարցն է: Ցանկացած բիզնեսի համար, եթե ճշտում ես ֆինանսական հոսքերը, առաջանում է այն հարցը, թե ինչպես օպտիմալացնել եկամուտները, ինչպես պակասեցնել ծախսերը: Այս ժամանակ արդեն սկսում ես կառուցվածքային փոփոխություններ կատարել: Իսկ քաղաքային տրանսպորտի համար կառուցվածքային փոփոխությունը ֆունդամենտալ է, քանի որ գծեր կան, որոնք եկամտաբեր են որոշակի ճանապարհավճարի դեպքում, գծեր կան, որոնք պետք է սպասարկել, բայց մեծ եկամտաբերություն չունեն, ուստի ողջ կառուցվածքը պետք է լինի միասնական: Այսինքն՝ Երևանի ողջ տրանսպորտը պետք է վերահսկի  միասնական ընկերություն, դա կարող է լինել ԲԲԸ, որի մեջ պետությունը կամ քաղաքապետարանը մաս ունենան կամ չունենան (դա քննարկելու հարց է), կարող է լինել կոոպերացիայի հիմքի վրա ստեղծված. տարբեր գծատերերը միավորվեն և ստեղծեն կոոպերացիա: Բայց քաղաքապետարանը պետք է գործ ունենա մեկ կառույցի հետ:

Այս ամենից հետո նոր միայն կարող են առաջանալ գնի մասին խոսակցություններ` բարձրացնել, իջեցնել կամ ինչ անել:

– Քաղաքապետարանը գինը բարձրացրել է` հայտարարելով, որ բարեփոխումները հետագայում կլինեն: Դա իրատեսական ե՞ք համարում:

– Երբ ֆինանսական հոսքերը չեն վերահսկվում, անիմաստ է խոսել որևէ բանի մասին: Հիմա, երբ սակագինը դարձրեցին 150 դրամ, եթե մինչ այդ գծատերերը իրենց մի քիչ լավ չէին զգում, կսկսեն լավ զգալ, հավանական է` վիճակն այդպես կոնսերվացված էլ կմնա: Եթե բոլորը` քաղաքապետարանը, գծատերերը  գոհ մնան, ժողովուրդը համակերպվի, ինչ-որ բան փոխելու էլ  ի՞նչ  դրդապատճառներ կլինեն:

Քաղաքապետարանը նախ և առաջ պիտի ֆինանսական հոսքերը վերահսկեր, առաջարկեր քաղաքացիներին, թե ինչպիսի  կառուցվածք է ունենալու հասարակական տրանսպորտը, հարցը քննարկեր հանրության հետ, ապա սկսեր իրականացնել դա: Այ,  այդ դեպքում կառաջանար իրական վճարը, թե ինչքան պետք է լինի: Իսկ ներկա պահին օդից վերցրած գին է`  գյուղին բնորոշ մտածելակերպ, որոշել են  գցել-բռնելով, ոչ մի լուրջ հաշվարկ չկա:

– Շատ է խոսվում, որ այլ երկրներում հասարակական տրանսպորտը սուբսիդավորվում է, մինչդեռ մեզ մոտ շահույթի և անգամ գերշահույթի մասին են խոսում: Ծանո՞թ եք այլ երկրների փորձին:

– Երբ արդեն մտցված լինի տոմսի գաղափարը, վերահսկվեն և հավաստի լինեն ֆինանսական հոսքերը, որոշված լինի քաղաքային տրանսպորտի կառուցվածքը, հնարավոր կլինի հաշվել եկամուտ ապահովող ճանապարհավճարը: Կառաջանա հարց` արդյոք քաղաքացիներն ի վիճակի են վճարել այդ գինը: Առաջ է գալիս քաղաքական հարց` արդյոք իշխանությունը որոշ ծախսեր վերցնում է իր վրա` սուբսիդավորելով քաղաքային տրանսպորտը: Այս հարցին  պետք է պատասխանի քաղաքային իշխանությունը:

Տարբեր քաղաքաներում այս հարցը տարբեր կերպ են լուծում: Քաղաքներ կան, որտեղ չի սուբսիդավորվում, քանի որ գինը համապատասխանում է քաղաքացիների հնարավորություններին, կան քաղաքներ, որտեղ զեղչի մշտական տոմս ունեն երիտասարդները և թոշակառուները, կան նաև քաղաքներ, որտեղ սուբսիդավորում են ամբողջ տրանսպորտի աշխատանքը:  Այ,  այդտեղ են  սկսվում գնի մասին իրական խոսակցությունները:

– Իսկ տրանսպորտի հարցը ՀԽ-ում քննարկվե՞լ է:

– ՀԽ-ն տրանսպորտի հարցն առաջին անգամ քննարկեց տարիներ առաջ, երբ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր: Բավականին կոնստրուկտիվ խոսակցություն եղավ տրանսպորտի բարեկարգման վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, ոչ մի բան էլ չի փոխվել: Գնի փոփոխությունից  մեկ շաբաթ առաջ ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկում եղավ գնի վերաբերյալ, քաղաքապետարանից, տրանսպորտի և կապի նախարարությունից ներկայացուցիչներ կային և մի քանի գծատերեր: Գծատերերի մի մասը կարծում էր, որ  պետությունը պետք է սուբսիդավորի և քաղաքացիների համար գինը մնա 100 դրամ: Որոշ գծատերեր էլ հայտարարեցին, որ եթե 200 դրամ չլինի, իրենք չեն աշխատի, կսնանկանան և այլն: Ասացի, որ  խոսակցություններն առանց թվերի անիմաստ է: Գոնե պաշտոնական թվերով պետք է ուսումնասիրել, հասկանալ, եթե ուղևորափոխադրումն   իսկապես 100 դրամից թանկ է արժենում, պետք է քաղաքական հարց դնել` իշխանությունը վերցնո՞ւմ է տարբերության սուբսիդավորումն իր վրա, թե՞ ոչ: Ցավոք սրտի, մեր խոսակցությունն էլ չշարունակվեց: Մինչ հաջորդ հանդիպումը կգար, այդ ընթացքում գները բարձրացվեցին, բայց խնդիրներն էլի մնացին:

– Այսինքն , ըստ ձեզ, թե  պաշտոնական հաշվարկը, ըստ որի մեկ ուղևորի փոխադրման արժեքը  144 դրամ է, թե՜ մասնավոր հաշվարկները, ըստ որոնց իրական արժեքը 77 դրամ է,  արժանահավատ չե՞ն:

– Կարծում եմ, որ դրանք շատ մոտավոր են և հավաստի չեն,  բացի այդ, տարբեր ուղևորափոխադրումների գծեր տարբեր եկամուտներ են բերում: Ինչո՞ւ եմ ասում, որ պետք է միասնական լինի: Որպեսզի, եթե մի գիծը եկամուտով է աշխատում, մյուսը վնասով, այդ եկամուտը ծածկի մյուս գծի վնասը: Ամբողջ քաղաքով ես եկամտաբերությունը հաշվում, ոչ թե գիծ առ գիծ:

– Իսկ քաղաքացիների բողոքն արդարացի՞ եք համարում:

– Եթե Հանրային խորհրդից կարծիք հարցնեին, մենք կբացատրեինք, որ տրանսպորտի գնի բարձրացման նկատմամբ բնակչությունն ավելի զգայուն է, քան, օրինակ, մսի, հացի կամ ծխախոտի գնի բարձրացման նկատմամբ: Եթե մսի գինը բարձրանա, ես կբողոքեմ, կդժգոհեմ, բայց նաև ինձ համար որոշում կկայացնեմ, որ պետք է միս քիչ ուտեմ, եթե ծխախոտի գինը բարձրանա, էլի կբողոքեմ, բայց կսկսեմ քիչ ծխել: Բայց տրանսպորտի դեպքում տնտեսել չես կարող: Եթե քաղաքացին  պիտի գնա  համալսարան կամ աշխատանքի և վերադառնա, ուզի-չուզի, երկու անգամ պիտի օգտվի  տրանսպորտից: Այսինքն՝ անտնտեսելի է: Եվ երկրորդ՝ որոշումը  դիպչում է ամենախոցելի խավերին` երիտասարդներին, որոնք նոր են կյանք մտնում և մեծ գումար չեն կարող աշխատել, և տարեցներին, որոնք արդեն գումար չեն վաստակում:

Որոշմամբ ամենացավոտ տեղին կպան: Պետք է ասեմ, որ զարմացած եմ, ինչ-որ իմաստով նաև հիացած եմ: Ինձ թվում էր, որ ժողովրդի մեջ մահացել է իրար սիրելու, իրար կարեկցելու կարողությունը, պայքարելու ջիղը կորել է: Բայց  տեսնում եմ , որ չէ, մարդիկ կարեկցանքով են վերաբերվում նրանց, ովքեր տուժում են դրանից և ոչ միայն նրանց հետ բողոքում են, այլև օգնում են իրենց մեքենաներով: Մյուս կողմից էլ ընդդիմությունը հիմա այնպիսի վիճակում է, որ պարզ երևում է` հետևում որևէ քաղաքական ուժ չկա, որն ուզում է քաղաքական շահարկումներ անել: Քաղաքացիների բնական ինքնակազմակերպում է գնում, և դա ցույց է տալիս, որ ունենք երիտասարդություն, որի հետ կարող ենք հույսեր կապել ապագայում:

– Շարժումը շատ են նմանեցնում 88-ի շարժմանը: Դուք նմանություններ տեսնո՞ւմ եք:

– Բոլոր շարժումներն էլ իրար նման են, բայց նաև բոլորը միմյանցից տարբերվում են, որովհետև և՜ անձերն են փոխվում, և՜ նպատակները, և՜ միջավայրը, որում կատարվում է:

– Իսկ ստեղծված վիճակն արդյոք ապացուցո՞ւմ է խոսքի ճշմարտացիությունը, թե 25 տարի է հարկավոր նոր քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար:

– Ես կարծում եմ՝ այո: Ես այս ընտրություններից առաջ ասել եմ, որ այս ընտրությունները լինելու են հանդարտ, բայց հաջորդ ընտրությունների ժամանակ պետք է սպասել բավական լուրջ փոփոխությունների Հայաստանում:

– Պարոն Մանուկյան, իսկ ստեղծված իրավիճակում քաղաքապետարանը և տրանսպորտի նախարարությունն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որ ճիշտ լինի:

– Կարծում եմ, որ կառավարությունը պետք է քաղաքապետարանին հրավիրի և միասին քննարկեն անելիքները, չնայած միմյանցից  բավական անկախ կառույցներ են: Կարծում եմ` ճիշտ կլիներ՝ որոշում ընդուներ  150-ի չանցնել և կատարել այն քայլերը, որոնք արդեն թվարկեցի` անհրաժեշտության դեպքում ապահովելով որոշակի սուբսիդիա:

 

 

 

Բաց նամակ ՀՀ վարչապետին

ՀՀ Վարչապետ 
պրն. Տ.Սարգսյանին

Տիգրան ՍարգսյանՄեծարգո Վարչապետ,

Ինչպես հայտնի է, 2013 թվականի հուլիսի 20-ին տրանսպորտի գների թանկացումից հետո Հայաստանի Հանրապետությունում անցավ դժգոհությունների ու բողոքների մի ալիք, որը տեղի ունեցավ ցույցերի և դժգոհությունների տեսքով: Մենք չէինք կարող անտեսել այդ գործընթացները, քանի որ մեր կարծիքով նրանք ժողովրդի տրամաբանական արձագանքն են մի որոշման, որը հակասում է ՀՀ քաղաքացիների շահերին: Այս պահի դրությամբ հայկական ԶԼՄ-ներում տարածվում է միտք, որի համաձայն այդ քաղաքացիական դժգոհությունը անհիմն և անտրամաբանական քաղաքական վարքագիծ է:

Սակայն մենք կարծում ենք, որ եթե նայել ճշմարտությանը, պետք է ընդունել այդ գործողությունների օրինաչափությունը: Այն փաստը, որ մեր պետության բնակչության մեծ մասը ստանում է շատ ցածր աշխատավարձ, հայտնի է բոլորին: Պետք չէ նաև մոռանալ մի ուրիշ փաստ, որի համաձայն Հայաստանի քաղաքացիների մեծ տոկոսը գործազուրկ են: Քանի որ տրանսպորտը ամենակարևոր ծառայություններից մեկն է, ստացվում է, որ այն ժամանակ, երբ քաղաքացիների ծախսերը աճում են, եկամուտը մնում է նույնը: Այդ գնային քաղաքականությունը բացասական ձևով կազդի աղքատ խավի սոցիալական վիճակին:

Բացի այդ, մեզ անհանգստացնում է այն փաստը, որ պետության և քաղաքացիական հասարակության միջև այս պահին տեղի է ունենում կոնֆլիկտ: Լինելով հասարակական և քաղաքական կայունության կողմնակից` մենք խնդրում ենք Ձեզ մի շարք քայլեր ձեռնարկել, որոնք դուրս կբերեն մեր երկիրը առկա իրավիճակից: Մեր կարծիքով հարցի լավագույն լուծումը կայանում է  պետության քաղաքացիների հետ համաձայնության մթնոլորտի ստեղծման մեջ: Քանի որ ակնհայտ է, որ մարդիկ պատրաստ չեն գնալու զիջումների այս հարցի շուրջ, մեր կարծիքով տրանսպորտի թանկացման որոշման չեղյալ համարումը այս հարցի լավագույն լուծման տարբերակն է:

Հուսով ենք, որ Դուք կլսեք մեր առաջարկությունը` հանուն սոցիալական կայունության և ի շահ ՀՀ քաղաքացուն:

Հարգանքով`
ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի
Երիտասարդության ենթահանձնաժողով

«Առանց երազանքի ժողովուրդը մեծ բաների չի հասնի». Վազգեն Մանուկյան

vazgen ManukyanՀարցազրույց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

 

– 1992-93 թթ. Դուք պաշտպանության նախարար էիք, հենց այդ ժամանակ էր, որ կանոնավոր բանակի հիմքը դրվեց, իսկ պատերազմական գործողություններում` հաղթանակների շղթայի սկիզբը: Այնուամենայնիվ, բանակի հիմնադրումը միշտ չէ, որ Ձեր անվան հետ է կապվում:
– Բանակը մի օրում չի կառուցվում, այլ էտապներով: Երբ 1991թ. Շարժումը եկավ իշխանության, մենք դեռ Խորհրդային Միության կազմում էինք, բայց արդեն սկսվել էին Հայաստան-Ադրբեջան զինված բախումները, ստեղծվել էին ֆիդայական ջոկատներ: Եվ մենք առաջին հերթին մտածեցինք այդ ջոկատները վերացնել և կանոնավոր տեսք տալ դրանց: Ես` որպես վարչապետ, առաջին հրամանը տվեցի, որ բոլոր ջոկատները լուծարվում են, բայց նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, պետք է մտնեն ՄՀՕՋ (Միլիցիայի հատուկ օպերատիվ ջոկատ):
Դա առաջին քայլն էր. հետո՝ 1991 թ., կրկին կառավարության հրամանով պաշտպանության կոմիտե ստեղծվեց, քանի որ դեռ Խորհրդային Միությունում էինք և չէինք կարող նախարարություն ստեղծել: Հետագայում, երբ անկախացանք, ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, կոմիտեն վերածվեց նախարարության:
Երբ պաշտպանության նախարար դարձա, կարևոր հարցերից մեկն այն էր, թե ինչպիսին պետք է լինի բանակը: Երկար խորհրդակցելուց հետո որոշեցինք հիմնվել սովետական, ոչ թե ՆԱՏՕ-ի տիպի բանակի մոդելի վրա: Քանի որ մինչ այդ մեր տղամարդիկ ծառայել էին սովետական բանակում, այնտեղ էին փորձառություն ձեռք բերել մեր պրոֆեսիոնալ սպաները, իմաստ չուներ անտեսել այդ փորձը և զրոյից նոր բան սկսել: Ստեղծեցինք այդպիսի բանակ` որոշելով հետագայում բարեփոխումների միջոցով այն համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին:
Մեր երկրորդ որոշումն այն էր, որ զինակոչով բանակը նվազագույն չափով օգտագործվի ռազմական գործողությունների ժամանակ, և այդ գործողությունների համար փորձառու, հասուն տղամարդիկ պատասխանատվություն կրեն: Դրանք նախկին ֆիդայիներն էին, նախկինում Աֆղանստանում և սովետական բանակում ծառայածները, հիմնականում երեսունն անց տղամարդիկ: Մենք նրանցով պրոֆեսիոնալ բանակ ստեղծեցինք, այսինքն՝ նրանք արդեն իսկ կամավոր կռվում էին, պարզապես բանակային պարտավորություններ ստորագրեցին, պետությունն էլ իր հերթին թիկունքում գտնվող նրանց ընտանիքներին աշխատավարձ սահմանեց:
Նրանց հետ հինգ տարվա պայմանագրեր էինք կնքում, այսինքն՝ զինակոչով բանակին զուգահեռ ստեղծվում էր նաև պրոֆեսիոնալ բանակ: Նրանց կորուստերը շատ քիչ էին լինում. փորձ ունեին, լավ գիտեին, թե երբ հարձակվել, երբ խուսանավել, իսկ 18 տարեկան տղաներն ուրիշ էին: Հիշում եմ, մի անգամ Լաչինում, երբ մեծ հարձակում սկսվեց, մերոնք փախան, 18 տարեկան տղա էր մենակ մնացել… Դա այն բացառիկ դեպքերից էր, որ 18 տարեկան տղան ընկել էր ռազմաճակատ ու գնդացրով 2 ժամ պահել էր թշնամուն, մինչև մերոնք կարողացել էին ուժերը հավաքել: Բայց նա զոհվեց: Սա 18 տարեկանի մտածողություն է՝ հերոսություն, իսկ երբ պրոֆեսիոնալների հետ էինք գործ ունենում, մեր կորուստները չնչին էին:
Հաջորդ կարևոր քայլը: Մենք փորձառու ֆիդայի տղաներ ունեինք, որոնք պատերազմում էին, բայց պատերազմը գրքերում կարդացածից շատ արագ վերափոխվեց ժամանակակիցի. պետք էր տիրապետել էլեկտրոնիկային, հակաօդային պաշտպանությանը, պետք էր տիրապետել տեխնիկային, որն ունեինք:
Կարևորեցինք պրոֆեսիոնալ սպաների դերը: Երբ դիմեցի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, պարզվեց, որ մոտ 4400 հայ սպաներ են ծառայում ռուսական բանակում: Մենք կոչ արեցինք նրանց հայրենիք վերադառնալ: Եվ եկան: Հայրենիքին ծառայելու անձնական պարտքը բերեց նրանց: Ամենակարևորը` բանակում հաջողվեց իրականացնել նախկին ֆիդայիների և սովետական բանակից եկած պրոֆեսիոնալների համատեղ գործունեությունը, որ հաղթանակի երաշխիքներից մեկն էր:
Կանոնավոր բանակի կառուցման գործում մեծ էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի դերը: Ռազմական գործողությունների ծրագրման, օպերացիաների մշակման գործում մեծ դեր ունեին նաև այլ զինվորականներ` գեներալ Դարիբալթայանը Քելբաջարի օպերացիայի ժամանակ (Հայաստանի կողմից), Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի ժամանակ և շատ ուրիշներ: Ինչքան էլ այժմ շատ անուններ նշեմ, միևնույն է, բոլորին չեմ կարող նշել, և դա անարդար կլինի շատերի հանդեպ, որոնք անձնազոհաբար պայքարել են մեր հաղթանակի համար: Հետագայում երևի հարկ կլինի այդ ամենի մասին խոսել ավելի մանրամասն` նշելով յուրաքանչյուրի դերը:
Այդ ժամանակ Հայաստանի և Ղարաբաղի բանակները միասնական էին: Ես` որպես պաշտպանության նախարար, սերտ համագործակցում էի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի հետ: Շատ բաներ Ղարաբաղում էին ծրագրվում, շատ բաներ՝ մեզ մոտ, բայց միասին էինք կատարում: Ղարաբաղում այդ ժամանակ մոբիլիզացիա էր, այսինքն՝ յուրաքանչյուր տղամարդ համապատասխան տարիքում պարտավոր էր բանակում լինել:
Իմ դուրս գալուց հետո էլ բանակի ձևավորումը շարունակվում էր, մինչ օրս էլ բանակը ձևավորվում է և, իհարկե, հիմա շատ ավելի կարգավորված է, քան այն ժամանակ: Պատերազմի օրերին բանակում գտնվող մարդիկ միմյանց հանդեպ շատ ավելի անձնազոհ և նվիրված էին, քան խաղաղ պայմաններում, և դա բնական է:
Հիշում եմ, Քելբաջարի օպերացիայից հետո ռազմական գործողությունների որոշ դադար եղավ: Հրամանատարներ կային, որ գալիս ասում էին` արագացնենք ռազմական օպերացիաները, որովհետև խաղաղ պայմաններում բանակը փտում է: Երբ խաղաղ պայմաններ էին, հարաբերությունների մեջ ճաքեր էին առաջանում, իսկ երբ պատերազմ էր՝ բոլորը միասին էին:
Ռազմական առաջին հաղթական գործողությունները եղան այն ժամանակ, երբ մենք դեռ բանակ չունեինք, այն նոր էր ձևավորվում: Այդ ժամանակ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր, ռազմական գործողությունների հիմնական կազմակերպիչները ղարաբաղցիներն էին և Հայաստանից գնացած կամավորական ջոկատները:
Այն ժամանակ շատ կարևոր օպերացիա կատարվեց ջոկատների միջոցով՝ Շուշիի գրավումն ու Լաչինի ազատագրումը, բայց դրանից հետո մենք սկսեցինք պարտություններ կրել: Չնայած արդեն սկսվել էր բանակի ձևավորումը, բայց մեր բանակը հին ձևով էր պայքարում՝ ավելի շատ ջոկատներով, ոչ թե ստրուկտուրաներով: Պատերազմը մտնում էր նոր փուլ, պահանջվում էր նոր մտածողություն, նոր` ժամանակակից բանակ: Այդ ժամանակ էր, որ ես նշանակվեցի պաշտպանության նախարար: Եվ իրար հաջորդեցին հաղթանակները, որոնք ես ինձ չեմ վերագրում: Դրանք մեծ կոլեկտիվի աշխատանք էին: Ուզում եմ ընդգծել, որ հաղթանակները ոչ միայն ճիշտ որոշումներ ընդունելու արդյունք էին, այլև` տասնյակ հազարավոր երիտասարդների անձնազոհության ու Ղարաբաղի հետ սերտ համագործակցության: Սա էր ամբողջ գաղտնիքը:
Իսկ անունս ինչու չեն ասում… Այնուամենայնիվ, հաշվի առեք, որ պաշտպանության նախարարությունից դուրս գալուց հետո` մի քանի ամիս անց, ես, լինելով ԱԺՄ-ի նախագահ, ընդդիմության ղեկավարներից մեկը դարձա, իսկ 1996 թվականի նախագահական ընտրություններում միասնական թեկնածու էի: Եվ իշխանությունն աշխատում էր թուլացնել իմ ազդեցությունը բանակի վրա: Սկսեցին անջատել ինձ բանակից, հեղինակությանս հետ խաղալ, դա հատուկ կուրս էր: Բացի այդ, ամեն ոք ուզում է լավ բաներն իրեն վերագրել: Հետո էական դեր խաղաց հայաստանցի-ղարաբաղցի պայքարը, ամեն մեկն իր անունն էր առաջ տանում: Մի պահ ամենամեծ պետական գաղտնիքն այն էր, որ Վազգեն Մանուկյանը եղել է պաշտպանության նախարար, և նրա օրոք մենք սկսել ենք պարտություններից անցնել հաղթանակների և նորմալ բանակ ունենալ: Դա կարծես պետական գաղտնիք լիներ և մինչև այժմ էլ իներցիայով շարունակվում է:
– Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետն եք եղել, կպատմե՞ք այդ շրջանի մասին: Նաև ի՞նչ ուրվագիծ էիք տեսնում առջևում, և, արդյոք, այն նմա՞ն է ներկային:
– Հիշում եմ, Լոս Անջելես էի գնացել, ուր հայերի հետ հանդիպում էր կազմակերպված: Մեկը հարցրեց ինձ` օրինակ, ինչո՞ւ ես չպիտի լինեի առաջին վարչապետն, այլ Դուք, ես այս-այս բաները գիտեի: Մտքումս բարկացա, ուզում էի պատասխանել, թե ես ինչեր գիտեմ, բայց ամենապարզ բացատրությունը սա էր. նրանք են իշխանության գալիս հեղափոխությունից հետո, ովքեր կազմակերպում և իրականացնում են այն, բնականաբար, ժողովուրդը հենց նրանց է ղեկավար ընտրում:

 

Ղարաբաղ կոմիտեի փաստացի ղեկավար լինելով` ես վարչապետ դարձա:Առաջին հայացքից թվում է, թե մեծ թռիչք է. դասախոս էի, մաթեմատիկոս և հանկարծ դարձա վարչապետ: Իրականում այդ փոփոխությունն ինձ համար աննկատ անցավ, որովհետև, մինչ վարչապետ դառնալը, Ղարաբաղ կոմիտեն անսահման մեծ իշխանություն ուներ Հայաստանում: Եվ, դառնալով վարչապետ, ոչ թե լիազորություններս, այլ պատասխանատվությունս ավելացավ:
Զգացվում էր, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, մենք որոշակի դեր էինք ունեցել այդ հարցում, շատ վտանգավոր էր, եթե փլուզվեր մեզ վրա: Երբ որպես վարչապետ գնում էի Մոսկվա հանդիպումների, զգացվում էր, որ Խորհրդային Միությունն ինչ-որ հարվածներ պիտի հասցնի: Գետաշենի դեպքերը Կրեմլն ինչ-որ իմաստով մեզ պատժելու և զգաստացնելու համար արեց:
Ամեն ինչ պետք է արվեր այդ հարվածներից խուսափելու համար, և պետք էր հստակ անկախության ճանապարհով գնալ: Դա մեծ պատասխանատվություն էր բոլորիս համար:
Հենց առաջին հրամաններից մեկն իմ պաշտոնավարման տարիներին ՄՀՕՋ-ի միջոցով բանակի ստեղծումն էր:
Մենք կամաց-կամաց մտնում էինք շրջափակման մեջ, և առաջին հարվածը, որ ստացանք, էներգետիկայի կորուստն էր: Մեր գազամուղը, տրանսպորտային կապերը հիմնականում անցնում էին Ադրբեջանի տարածքով: Սովետական Միության ժամանակ Վրաստանի տարածքով գազամուղի կառուցում էր սկսվել, բայց անավարտ էր մնացել, որովհետև Վրաստանում հեղափոխական վիճակ էր, էկոլոգիական շարժում կար, որ արգելք էր դրել: Շրջափակման հետևանքները մեղմելու, դիմանալու, էներգետիկան մասամբ պահպանելու համար մեր կառավարությունում հարց դրվեց շատ արագ կառուցել այդ գազամուղը: Պետք է հպարտությամբ ասեմ, որ կարճ ժամանակում՝ մեկ տարի երկու ամիս էր, ինչ վարչապետ էի, հասցրեցինք կառուցել գազամուղն ու Վրաստանի միջոցով Հայաստան գազ մտցնել (1991թ.): Այդ ժամանակ նաև անգնահատելի դեր ունեցավ մեր գազի վարչության պետ Թաթարյանը, ով լավ կապեր ուներ Վրաստանում: Շատ մեծ դեր խաղաց նաև Ղարաբաղ կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանը, նա մոտ էր Գամսախուրդիայի և վրացական շարժման ղեկավարների հետ:
Շատ կարևոր էին նաև կապի միջոցները: Մենք կարողացանք պայմանագիր կնքել ITT ամերիկյան ֆիրմայի հետ շատ էժան գներով, և Հայաստանը դեպի դուրս գնացող հեռախոսակապ ունեցավ: Առաջին անգամ Հայաստանից կարող էիր հեռախոսահամար հավաքել և ոչ Մոսկվայի միջոցով աշխարհի ցանկացած անկյուն միանալ: Մենք առաջին հանրապետությունն էինք ԽՍՀՄ-ում, որ աշխարհի հետ անմիջական կապ ունեինք, բացի մեզնից ու Մոսկվայից, ոչ մեկը նման հնարավորություն չուներ:
Երբ հրաժարական պետք է տայի, մի քանի օր ձգձգեցի, ուզում էի կապի հարցերը վերջնականապես լուծել և նոր հանգիստ սրտով դուրս գալ: Հիշում եմ, երբ կապը պատրաստ էր, վերցրեցի լսափողը, զանգեցի Նյու Յորք, Լուիզ Սիմոնին` համոզվելու համար, որ կապը գործում է:
Մեր գյուղատնտեսությունը հենված էր Խորհրդային Միության դոտացիաների վրա: ԽՍՀՄ-ը փլուզվում էր, դոտացիաները վերանում էին, և պետական սեփականությունը հողի նկատմամբ այլևս չէր արդարացնում: Պետք էր գյուղատնտեսությունում արագ անցնել մասնավոր սեփականության: Դա անխուսափելի քայլ էր, իմ պաշտոնավարման տարիներին ես հողի սեփականաշնորհման հանձնաժողովի նախագահն էի: Հողը սեփականաշնորհվեց, և առաջին տարիներին գյուղացիները շատ գոհ էին դրանից, որովհետև իսկապես կարողացան ծանր օրերին իրենց ապրուստն ապահովել: Բայց հետո պետական ծրագրեր չեղան, իսկ առանց պետական ծրագրերի գյուղատնտեսությունը զարգանալ չի կարող: Եվ գյուղացիներն ավելի վատ վիճակի մեջ հայտնվեցին, քան քաղաքացիները:
Հողը սեփականաշնորհում էինք, բայց կոչ էինք անում գյուղացիներին, որ կոլեկտիվ տնտեսություն վարեն: Մի 3-4 գյուղ այդպես էլ վարվեց, մնացածն ուզեցին հողը` որպես իրենց սեփականությունը, միայնակ օգտագործել: Հիմա հանրային խորհրդում հաճախ հարց ենք բաձրացնում գնալ կոոպերատիվների ճանապարհով: Այդ ճանապարհով են գնացել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան:
Իմ պաշտոնավարման ընթացքում մենք արդյունաբերության մեջ սեփականաշնորհում չենք կատարել, բայց ես իմ նկատառումներն ունեի, և իմ պաշտոնաթող լինելուց հետո, իմ կարծիքով, բավականին սխալ կատարվեց այդ սեփականաշնորհումը: Այն կորուստները, որ ունեցանք արդյունաբերության մեջ, անխուսափելի չէին:
Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն:

 

Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: Բայց դա անհրաժեշտ քայլ էր Հայաստանում խուժանությունը վերացնելու և կարգ ու կանոն հաստատելու համար: Ասեմ, որ այդ քայլերի շնորհիվ Հայաստանն առաջ անցավ Վրաստանից ու Ադրբեջանից, այնտեղ դեռ երկար ժամանակ ջոկատներ կային:
Իմ պաշտոնաթողությունից հետո ոստիկանության պետ Վանո Սիրադեղյանն էլ շարունակեց այդ գործունեությունը, երբեմն ոչ օրինական ձևերով, բայց կրիմինալի դեմ պայքարելով` Հայաստանը կամաց-կամաց հանգեց մի վիճակի, երբ չարիք կարող էիր գործել, եթե իշխանություն էիր (ծիծաղում է): Ու արդեն առաջացավ մի հարց` իշխանությունը լա՞վն է, թե՞ վատը, փոխե՞լ այն, թե՞ չէ: Կատակով եմ ասում, բայց այսպիսի միտում իրոք կար:
Անկեղծ ասած, եթե ինձ ասեին, որ այսպիսի ճանապարհով է գնալու Հայաստանը, ես կզարմանայի, որովհետև մենք շատ ավելի լավ ճանապարհ էինք տեսնում: Կարծում եմ, այն, ինչ երազում էինք, հեքիաթային չէր: Մեր երազանքների մեծ մասը կարելի էր իրականացնել, եթե իշխանավորները քիչ մտածեին իրենց անձնական շահերի մասին, լինեին մի քիչ ավելի խելոք ու գրագետ, և ազգային ջիղն էլ ավել լիներ: Առանց երազանքի ժողովուրդը, առանց երազանքի մարդը երբեք մեծ բաների չի կարող հասնել:
-Չե՞ք կարծում, որ այսօր հազարավոր մարդիկ հետևում են Րաֆֆի Հովհաննիսյանին հենց այն երազանքի համար, որ կրում է իր մեջ: Կարծում եմ, մեր ղեկավարությունը կորցրել է երազանքը:
-Ես կարող եմ հստակ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թարմ հոսանք է բերում հայկական քաղաքական կյանք: Եվ իշխանության, և ընդդիմության մեջ քաղաքական գործիչները շատ պրագմատիկ են դարձել: Որոշ երազանքների, որոշ սյուրռեալիզմի կարիք կա: Կարծում եմ, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ տարրը մտցնում է քաղաքական դաշտ, որն, ըստ իս, օգտակար է:
-Մայիսյան հաղթանակներից ո՞րն է Ձեզ համար ամենակարևորը:
-Ես բոլորն էլ կարևորում եմ: Ոմանք ասում են, որ Երկրորդ համաշխարհայինի հաղթանակը մերը չէր, Խորհրդային Միության պատերազմն էր, բայց երբ հրապարակվեցին որոշ գաղտնի փաստաթղթեր, տեսանք, որ եթե Գերմանիան գրավեր Սովետական Միությունը, ապա ինչ տխուր ճակատագիր էր սպասում Հայաստանին: Ոչ միայն համամարդկային մարդասիրական, այլև զուտ ազգապահպանման տեսանկյունից շատ կարևոր էր այդ հաղթանակը:
Շուշիի գրավումը շատ մեծ նշանակություն ուներ: Գիտեք, որ XIX դարում և XX դարի սկզբին մեր մտավորականության սերուցքն ապրում ու ստեղծագործում էր հիմնականում Թիֆլիսում, Բաքվում և Շուշիում: Շուշին թանկ էր մեզ համար նախևառաջ պատմական տեսանկյունից:
Եթե մայիսի 28-ին Սարդարապատում չհաղթեինք, չէր լինի Հայաստանը: Մայիսյան բոլոր տոներն իսկապես տոներ են, ոչ մեկն էլ երկրորդական չէ:
– Ներկայումս հանրային խորհրդի նախագահն եք: Շատերն, այնուամենայնիվ, չգիտեն, թե ինչով է զբաղվում հանրային խորհուրդը:
– Հանրային խորհրդի թերությունն այն է, որ մենք ցույց չենք տալիս մեր արածը, PR-ի, ճիշտ ինֆորմացիա տալու կարիքը կա, որը, թերևս, մեր սխալն է: Մարդ պետք է կարողանա իր գործերը ճիշտ ներկայացնել:
Մարտի 1-ից հետո արտառոց քայլերն ավելի են գրավում հասարակության ուշադրությունը, քան այն հավասարաչափ քայլերը, որ Հանրային խորհուրդն անում էր այս կամ այն ոլորտում վիճակը լավացնելու համար:
Այս տարվա վերջին պետք է նոր հանրային խորհուրդ ձևավորվի, և, կարծում եմ, առջևում գոնե մի 4-5 տարի բավական կայուն ժամանակաշրջան կա, որ մարդկանց ուշադրությունը ոչ թե սևեռվի սկանդալների, այլ երկիրը կառուցելու և երկրում քաղաքացիական հասարակությունը զարգացնելու վրա: Եվ Հանրային խորհրդի դերն ավելի հստակ կերևա, կհասկանան, թե որքան կարևոր նշանակություն ունի այն երկիր կառուցելու համար:
-Ունենալով նման անցյալ, Դուք հիմա Ձեր տեղում ե՞ք:
-Այո: Իհարկե, ես ավելի շատ բան անելու հնարավորություններ ունեի, բայց այսպես է ստացվել: Չի կարելի ոչինչ չանել, պետք է մշտապես օգտագործել ամեն մի հնարավորություն՝ Հայաստանում որևէ բան փոխելու, լավացնելու համար:
Արփի Մաղաքյան

 

http://www.emporium.am/am/articles/3467-l-r-