«Դրոշակակիր օջախներ». այսուհետև զինծառայող զավակ ունեցող ընտանիքները կառանձնանան դրոշներով

Օգոստոսի 16-ին  ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էին «Դրոշակակիր օջախներ» ծրագիրը, որի  նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին:

«Դրոշակակիր օջախներ»

Ծրագրի մեկնարկը տրվեց  Ավան վարչական շրջանից, որտեղ 60 նոր զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից  կծածանվեն ՀՀ պետական  դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները:

«Դրոշակակիր օջախներ».

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը բարձր գնահատեց հայ զինվորի ու հայոց բանակի դերն ու նշանակությունը. «Թե´ հասարակության, թե՛ համապատասխան կառույցների կողմից լրացուցիչ ուշադրությունն անհրաժեշտ խթան կհանդիսանա ժամկետային զինծառայությունից չխուսափելու համար: Կգա մի ժամանակ, երբ զինծառայությունից խուսափած տղաների ընտանիքները ամոթահար իրենք էլ կկախեն ՀՀ պետական դրոշն իրենց պատուհաններից:  Ծրագիրը կնպաստի նաև հասարակության շրջանում ՀՀ պետական խորհրդանշանների հանդեպ հատուկ ուշադրության ձևավորմանը: Իսկ մեր երիտասարդներն ամեն հարցում պատրաստակամ  են օգնելու զինծառայողների ընտանիքներին, մինչ նրանց զավակները ծառայում են հայոց բանակում»:

Գեներալ-մայոր, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը կարևորեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը. «Այս միջոցառումը կարևոր է այն առումով, որ մարդիկ, տեսնելով այն բնակարանները, որտեղից ծածանվում են ՀՀ պետական դրոշները, կհասկանան, որ այդ օջախներից զինծառայողներ կան բանակում, և այդ օջախների նկատմամբ պատշաճ վերաբերմունք կցուցաբերվի համապատասխան մարմինների ու կառույցների կողմից»:

Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը ողջունեց զինծառայողների ընտանիքներին և շնորհակալություն հայտնեց, որ ծրագրի մեկնարկը տրվել է հենց Ավան վարչական շրջանից:

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին

Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնՀուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացրին մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին։

Երիտասարդներին ողջունեց Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը, որը բարձր գնահատեց նրանց մասնակացությունը հոգևոր միջոցառումներին: Տեր Հակոբը խոսեց Գրիգոր Լուսավորչի մասին, բացատրեց տոնի խորհուրդը:

Միջոցառման ընթացքում Երևանի Մայր եկեղեցուց հոգևորականի ուղեկցությամբ երիտասարդների և հավատացյալների մի խումբ ուղևորվեց Խոր վիրապ, որտեղ տեղի ունեցան ժամերգություն և կանթեղի վառում, ապա՝ վերադարձ դեպի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Այստեղ հոգևորականների դասը, համայնքի անդամները դիմավորեցին Խոր վիրապից բերված կանթեղը և թափորով շարժվեցին դեպի Մայր եկեղեցի:

Կանթեղի լույսով վառվեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը և խորանի մոմերը, կատարվեց Նախատոնակ և մասնակիցների օրհնության կարգ:

Միջոցառումն ավարտվեց «Հավատամք»  հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախմբի և պարախմբի, նաև այլ խմբերի տոնական համերգով:

 

Քաղաքական մենեջմենթի դասընթաց՝ երիտասարդ ՀՀԿ-ականների համար

1555793_742612835763506_393851985_nՄարտի 21-22-ին Երևանում «Կոնրադ Ադենաուեր»  հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց դասընթաց՝ «Քաղաքական մենեջմենթ և կուսակցական ռազմավարություն»  խորագրով, որին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 25 ներկայացուցիչներ։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը միջոցառման բացման խոսքում նշեց, որ համագործակցությունը «Կոնրադ Ադենաուեր»  հիմնադրամի հետ բավական երկար պատմություն ունի. «Այս տարիների ընթացքում երկու կառույցների միջև համագործակցությունն ակնհայտ զարգացում է ապրել հատկապես այն պատճառով, որ ծրագրերն իրականացվել են փոխադարձ վստահությամբ և հարգանքով: Նման հնարավորություն հիմնադրամը տալիս է հիմնականում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը»: Նա մասնակիցներին խորհուրդ տվեց առավելագույնս օգտվել ծրագրից և հնարավորինս շատ նոր գիտելիքներ ձեռք բերել:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համակարգող Լիանա Մարուքյանն ասաց, որ ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդ քաղաքական գործիչների արհեստավարժությունն ու աջակցել կուսակցաշինության մակարդակի բարձրացմանը:

Ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան և մասնակիցներին իրենց փորձը փոխանցեցին փորձառու մասնագետներ, ԵՊՀ դասախոսներ Նարեկ Գալստյանը, Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Իր անփոխարինելի փորձը երիտասարդների հետ կիսեց նաև Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության քարոզարշավի ներկայացուցիչ Յուրի Շնոլերը: Նա կարևորեց նման միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական երկխոսության խորացմանը: «Այս ծրագրերը կարևոր են երկու կողմերի համար էլ: Միջազգային փորձագետները, այդ թվում նաև ես, առիթ են ունենում ծանոթանալ ձեր երկրի քաղաքական համակարգին, շփվել երիտասարդ քաղաքական գործիչների հետ: Հայերի համար սա հնարավորություն է տեսնելու Գերմանիայի քաղաքականության մեջ օգտագործվող դեմոկրատական հմտությունները և գործիքները»,- նշեց պարոն Շնոլերը:

Ծրագրի շրջանակներում երիտասարդ հանրապետականների հետ հանդիպում և քննարկում ունեցավ նաև ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հիմնական թեման կուսակցության միջազգային համագործակցության ոլորտում քաղաքական տեխնոլոգիաների կիրառումն էր: Դիմելով կուսակիցներին` պարոն Աշոտյանը նշեց երեք հիմնական փաստ, թե ինչու է անհրաժեշտ վարել ակտիվ արտաքին քաղաքականություն: «Առաջին հերթին ՀՀԿ-ի համար, որպես պետականամետ և իշխող քաղաքական ուժ, կարևոր է ունենալ հարթակ` մեր ազգի և պետության շահերը ներկայացնելու համար: Երկորդ նպատակը, որ մենք դնում ենք այս գործընթացների մեջ, եվրոպական քաղաքական և կուսակցական մշակույթի փոխառությունն է: Դառնալով եվրոպական քաղաքական ընտանիքի մի մասը` մենք տեսնում և սովորում ենք կուսակցական աշխատանքի լավագույն փորձը: Աշխատանքը մեր արտասահմանյան գործընկերների հետ մեզ թույլ է տալիս զարգացնել կուսակցությունն ու մոտենալ կուսակցական գործունեության եվրոպական նորմերին: Երրորդը` ՀՀԿ-ն քաղաքական կյանքի առաջատարն է Հայաստանում: Մենք քանիցս հանձն ենք առնում իշխանության պատասխանատվությունը, և կարևոր է, որ քաղաքական ցիկլերը ճանաչված լինեն մեր միջազգային գործընկերների կողմից»,- նշեց պարոն Աշոտյանը:

Ինչպես փաստում էին դասընթացի մասնակիցները, զեկույցները բավականին բովանդակալից էին, հետաքրքիր և չափազանց օգտակար: Նրանք հույս հայտնեցին, որ նման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

 

ՀՀԿ  երիտասարդականկազմակերպություն

Երիտասարդ ՀՀԿ-ականների բնապահպանական ծրագիրը՝ Թռչկանի ջրվեժի տարածքում

P1030764Մարտի 16-ին ՀՀԿ Լոռու և Տավուշի մարզային երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել <<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> խորագրով միջոցառումը: Ծրագրի նպատակը Թռչկանի ջրվեժի գետափնյա և հարակից տարածքների մաքրումն ու բարեկարգումն է, ինչպես նաև այդ տարածքների զբոսաշրջային գրավչությունն ավելացնելը և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելը:

Միջոցառմանը մասնակցել են ինչպես Լոռու և Տավուշի մարզերի երիտասարդ ՀՀԿ-ականները, այնպես էլ բնության պահպանմամբ շահագրգիռ այլ անձինք:

Երիտասարդ հանրապետականները բաժանվել են մի քանի խմբերի, որոնք տեղաբաշխվել են ջրվեժին հարակից տարբեր հատվածներում:

Մաքրման աշխատանքներից հետո տեղի է ունեցել ծառատունկ։ Կազմակերպիչները հույս են հայտնել, որ ծառատունկն այսուհետև կդառնա բարի ավանդույթ, և եթե յուրաքանչյուր տարի ամեն մի հայ մի ծառ տնկի, կկարողանանք վերականգնել երբեմնի կանաչ տարածքները:

Ծրագրի մասնակիցները վստահ են, որ  նման միջոցառումներն օրինակ կծառայեն մյուս երիտասարդներին նույնպես: Նրանք նշել են, որ բնապահպանական այսպիսի նախաձեռնություններով հանդես են գալու պարբերաբար՝ նաև այլ մարզերում։ Ըստ երիտասարդների՝ նման ակցիաներով երիտասարդների շրջանում ոչ միայն սերմանում են սեր բնության նկատմամբ, այլև ձևավորում շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի նոր մշակույթ:

 

Անկախ