Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին այս պահին հարաբերական անդորր է: Տավուշի մարզի Այգեպար համայնքի բնակիչներից մեկը` Դավիթը, Անկախ-ի թղթակցին ասել է, որ գիշերային կրակոցներից հետո այս պահին խաղաղ է, չնայած առավոտյան ավտոմատից մի քանի անգամ կրակել են:
Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին այս պահին հարաբերական անդորր է: Տավուշի մարզի Այգեպար համայնքի բնակիչներից մեկը` Դավիթը, Անկախ-ի թղթակցին ասել է, որ գիշերային կրակոցներից հետո այս պահին խաղաղ է, չնայած առավոտյան ավտոմատից մի քանի անգամ կրակել են:
Այսօր հակառակորդը կրակ է բացել Մովսես, Չինարիի, Ներքին կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի հետակետերի ուղղությամբ: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ այսօր կեսօրին` ժամը 13:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում ադբեջանական կողմը, խախտելով հրադադարը, կրակ է բացել Մովսեսի հետակետերի ուղղությամբ:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ նշել է, որ հակառակորդը կրակել է <<Ղոզլու>> կոչվող վայրում տեղակայված հետակետերի ուղղությամբ: Այն գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող Աղդամի լճի մոտ: Ներքին Կարմիրաղբյուրի խաղողի այգիներում գյուղացիներն այսօր ցանկացել են էտման աշխատանքեր իրականացնել, սակայն կրակոցների պատճառով այդպես էլ չեն կարողացել շարունակել գյուղատնտեսական աշխատանքը և տուն են վերադարձել: Այս մասին լուրը հաստատեց նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գլխավոր գյուղատնտես Սերյոժա Խաչատրյանը: Նա այդ ժամին մեկնել է այգիներ` հետևելու գարնանային աշխատանքների մեկնակին:
Հունվարի 23-ին հակառակորդի արձակած կրակոցներից վիրավորված այգեպարցի 16-ամյա Լիանան 3-4 օրից դուրս կգրվի հոսպիտալից: Այդ մասին Անկախ-ի թղթակցին տեղեկացրել է Բերդի հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը:
Գլխավոր բժշկի խոսքով` աղջկա վիճակն արդեն լավ է, նա մի քանի օր է` բժիշկների օգնությամբ կանգնում է, նաև փորձում` քայլել: Վիրահատության ընթացքում աղջկա ոտքերում տեղադրված ռետինե խողովակներն այսօր հանվել են: Եվ, ըստ բժիշկ Գրիգորյանի, մի քանի օրից Լիանան ինքնուրույն կարող է քայլել:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամ է` հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի և Չինարիի ուղղությամբ:
Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը Անկախի թղթակցին հայտնեց, որ 16-ամյա դուստրը` Լիանան, Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից քիչ առաջ վիրավորվել է, և շտապ տեղափոխել են Բերդի հոսպիտալ:
Հոսպիտալի բժիշկ Ցոլակ Մելիքյանը հայտնեց, որ այս պահին աղջկան վիրահատում են:
Մինչ այդ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Անկախի թղթակցին հայտնել էր, որ այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, անջատված են գյուղի բոլոր լույսերը, մարդիկ պատսպարված են տների առաջին հարկերում: Գյուղապետը նշեց, որ տնից դուրս գալը ռիսկային է:
Հայկական կողմը պատասխանում է հակառակորդի կրակոցներին: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծմասամբ դիրքերի, հիմա` գյուղի ուղղությամբ է:
Սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հեռախոսազրույցում կրակոցների ձայնը լսելի էր: Մովսես գյուղի ղեկավարն էլ հայտնեց, որ հակառակորդի թիրախում հատկապես Հոնուտ կոչվող թաղամասն է. “Կրակոցները հասնում են անգամ գյուղի կենտրոն, գրասենյակ, ամեն դեպքում խուճապ չկա, մարդիկ իրենց տներում են, տարհանման խնդիր չկա”,-նկատեց նա:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ ինքն ու գյուղի երիտասարդներն այս պահին համայնքի կենտրոնում, ապահով տեղ կանգնած զրուցում են` փորձելով կատակներով խլացնել գյուղի ուղղությամբ կրակահերթի ձայնը:
Հենց նոր վիրավորի հայրը տեղեկացրեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, գնդակը ոտքից հանել են, երեխայի վիճակը լավ է:
Բերքաբեր` գյուղ Տավուշի մարզում: Ունի 548 բնակիչ: Բարձրությունը ծովի մակարդակից` 700 մետր: Հեռավորությունը Երևանից` 161 կմ, մարզկենտրոն Իջևանից` 25,5 կմ, ադրբեջանական դիրքերից` 750-1000 մետր:
Գյուղը գտնվում է Ջողազի ջրամբարի ափին, բայց ջրամբարից օգտվել չի կարողանում: Գյուղի ճանապարհներն անբարեկարգ են, խմելու ջուր չունի, գազաֆիկացված չէ: Համայնքապատկան 1131 հա հողատարածքից 830 հեկտարը մշակում են ադրբեջանցիները. տարածքն այժմ նրանք են վերահսկում: Գյուղի բնակիչներին մնացել են տնամերձ հողերը և ջրամբարի ափին գտնվող 301 հեկտարը, որը մշակում են ադրբեջանցի դիպուկահարների նշանառության տակ:
Գյուղի տարեկան բյուջեն 8,6 մլն դրամ է, աշխատավարձերը և հարկերը մուծելուց հետո` մնում է 1,5 մլն դրամ, որով էլ ողջ տարին պետք է համայնք պահեն ու բարեկարգեն:
Չնայած այս ամենին, գյուղի բնակիչները լավատեսորեն են տրամադրված, խնդրում են միայն իրենց ապահովել խմելու ջրով և աշխատանքով:
«Մեր գյուղը շատ պինդ գյուղ է: Չնայած չունենք աշխատատեղեր, նորմալ ապրելու միջոցներ, ամեն դեպքում մեր գյուղի ժողովուրդը` մեծից փոքր, ձիգ է, դիմանում են դժվարություններին»,- ասում է գյուղապետ Արթուր Մադաթյանը:
Գյուղապետը դժգոհում է, որ ձեռներեցները, բարերարները և առհասարակ, բոլորն իրենց գյուղի մասին մոռացել են: Խորհրդային տարիներին գյուղում 7-8 արտադրամաս է եղել, այժմ ոչ մեկը չկա: «Մարդիկ վախենում են, որ գան մեր գյուղում մի գործ անեն: Հիմա անգամ բանկերը մեզ վարկ չեն տալիս, վախենում են, որ կմեռնենք, չենք տա իրենց փողը»,- դժգոհում է Մադաթյանը:
Գյուղում ջրի միակ աղբյուրը գյուղապետարանի հարևանությամբ է գտնվում. ողջ գյուղը բարակ հոսող աղբյուրից է գալիս ջուր տանում: Խորհրդային տարիներին գյուղը խմելու ջուր ունեցել է, սակայն խողովակները քայքայվել են: Հարկավոր է 16-17 կմ երկարությամբ խողովակները փոխել կամ նոր գիծ անցկացնել: Մադաթյանն ասում է, որ վերջերս գյուղ կատարած այցելության ժամանակ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խոստացել է հարցին լուծում տալ, այժմ լիահույս ողջ գյուղը սպասում է խոստման կատարմանը:
Գյուղն ունի երկու խանութ կամ ավելի ճիշտ` կրպակ: Խանութներից մեկը Վազգեն Գևորգյանինն է, որն արդեն գործում է 7 տարի: Գևորգյանը նշում է, որ առևտրի ակտիվ սեզոնը ամառն է, երբ մարդիկ հանդ են գնում ու ստիպված խանութից ուտելիք են գնում: Մնացած ժամանակ առևտուրը պասիվ է` մի օր կարող է լինել, մի օր էլ` ոչ: Ապրանք գնելուց էլ հիմնականում պարտքով են տանում, մինչև թոշակը կամ նպաստը կստանան: «Աշխատանք չկա, մարդիկ փող չունեն, որ աշխատանք ունենան, առևտուր էլ լինի»,- ասում է Գևորգյանը:
Դպրոց` 37 աշակերտով և 5 դասարանով
Գյուղը, շնորհիվ «Սահման» ՀԿ-ի, ունի նաև գործող մանկապարտեզ. հին և չգործող մանկապարտեզի սենյակներից մեկը վերանորոգվել է, կահավորվել և հոկտեմբերի 25-ին իր դռները բացել մանուկների առջև: Ակնկալվում է, որ մանկապարտեզը կունենա մոտ 25 սան:
Գյուղի 37 աշակերտներն էլ շուտով իրենց ուսումը կշարունակեն հիմնովին վերանորոգված դպրոցում. այժմ ընթանում են ներքին հարդարման վերջին աշխատանքները: Դպրոցում կգործի նաև 7 համակարգիչներով և ինտերնետ կապով ապահովված ինֆորմատիկայի դասարանը:
Դպրոցի փոխտնօրեն Փաշիկ Աղամյանը, մեզ հետ զրուցելով, շրջում է 182 աշակերտի համար նախատեսված երկհարկանի վերանորոգված դպրոցով ու լույսերն անջատում` բանվորներին զգուշացնելով, որ դպրոցը հոսանքի վարձը վճարելու միջոցներ չունի, ուստի կարիք չկա, որ լույսը զուր տեղը միացված մնա:
Աղամյանը հիշում է, որ խորհրդային տարիներին ամեն դասարանում գոնե 15 աշակերտ կար, մինչդեռ այժմ ողջ դպրոցում 5 երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարան է գործում, և ընդամենը 14 ուսուցիչ է դասավանդում:
Անցած տարի 46 աշակերտ են ունեցել, այս տարի, սակայն, ընտանիքի հետ 3 երեխա է Ռուսաստան տեղափոխվել, 2-ը` Վանաձոր, մեկը` Իջևան: «Ամեն օր կրակոց, աշխատանք չկա, դրա պատճառով էլ ընտանիքներով գնում են»:
Աղամյանն ասում է, որ քիչ թե շատ սովորող երեխաներին ծնողներն այլ դպրոցներ են ուղարկում կամ 9-րդ դասարանն ավարտելուց հետո Իջևանի տեխնիկում են տանում. «Երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանում երեխան ի՞նչ պիտի սովորի, դրա համար ում երեխան որ մի քիչ սովորում է` այլ դպրոց են տանում»:
Վերջին տարիներին դպրոցի շրջանավարտներից երևանյան բուհերի դիմորդներ չեն եղել: Լավագույն դեպքում Իջևանում են ուսում ստանում, այն էլ, ըստ Աղամյանի, դա իմաստ չունի. միևնույն է, ավարտելուց հետո աշխատանք չեն ունենա:
Գյուղի միակ գրադարանը դպրոցում է գործում, սակայն, ըստ Աղամյանի, գիրք կարդացող չկա. հա՛մ գրականությունն է հնացած, հա՛մ էլ մերօրյա երեխաներին ավելի շատ իրենց հեռախոսներն են հետաքրքրում:
Կարծում է, որ եթե դպրոցում սպորտային խմբակներ գործեն, երեխաների առօրյան բազմազան կդառնա, հետաքրքրությունն էլ մեծ կլինի: Մանավանդ, որ վերանորոգված սպորտդահլիճում իրատեսական կլինի խմբակներ կազմակերպելը:
Աղամյանը նշում է, որ մինչև վերանորոգումը դպրոցի տանիքը ծակոտկեն էր դարձել ադրբեջանցիների գնդակներից, պատուհանների վրա էլ վնասված մասեր կային: Թե ինչպիսին է վիճակը վերանորոգումից հետո` չգիտի, դեռ ուսումնասիրելու առիթ չի եղել:
Նշում է, որ կրակոցներից պաշտպանվածության առումով առաջին հարկի դասարաններն ավելի ապահով են, աշակերտներն էլ գիտեն, որ կրակոցների դեպքում պետք է հեռու քաշվեն պատուհաններից, անկյուններում սպասեն մինչ կրակահերթը դադարի:
«Չէի ուզենա, որ երեխաներս էս կրակոցների տակ մեծանան»
Դպրոցի 37 աշակերտներից 4-ը Աղբալյանների ընտանիքից են: Սա գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկն է: Ընտանիքը վեց երեխա ունի` երեք աղջիկ և երեք տղա. ավագը 13 տարեկան է, կրտսերը` 4:
Սամվել Աղբալյանը բանակում ծառայելուց հետո 10 տարի Ուկրաինայում է ապրել: Սակայն 80-ականների վերջին, երբ իրավիճակը լարված էր, հայրենիք է վերադարձել. ծնողները մենակ էին սահմանի վրա: Այստեղ էլ ընտանիք է կազմել ու այժմ հայրենական տնից հեռանալու որևէ մտադրություն չունի: Դժգոհում է, որ աշխատանք չկա, արտագնա աշխատանքի մեկնել էլ չի կարող. «Էրեխեքին ո՞նց բրախես գնաս, մեկ էլ ու կրակոցը սկսեց, ո՞նց անեն: Վախում են, գոնե որ կողքին ես, հույս ես տալիս»:
Ութ անձից բաղկացած ընտանիքը գոյատևում է 60 հազար դրամ նպաստով, ուլերի վաճառքից ստացած եկամտով և հողագործությամբ ստացված բերքով: Սամվելի կինը` Իրինան, նշում է, որ երեխաները սոված չեն մնում, օրվա հացն ապահովել կարողանում են, սակայն խնդիր է երեխաներին հագուստով ապահովելը (մեր այցելության ժամանակ, երբ բավականին ցուրտ էր անգամ տաք հագուստով, երեխաները թաց բակում ոտաբոբիկ էին վազվզում): Դժվար է նաև երեխաներին գրքերով ու գրենական պիտույքներով ապահովելը: Չորս դպրոցականներից երկուսը դեռ տարրական դասարաններում են սովորում և գրքերն անվճար են ստանում: Սակայն երկու ավագների դասագրքերի համար ստիպված է վճարել:
Իրինան ասում է` լավ կլիներ, եթե նպաստը մի քիչ ավելի լիներ, որ կարողանային ծայրը ծայրին հասցնել: Իսկ Սամվելն ասում է` եթե աշխատատեղ լիներ…
Խոսելով երեխաների ապագայի մասին` թե նրանց ապագան գյուղում է պատկերացնում, Սամվելը ասում է. «Եթե սենց շարունակվի` ամեն օր կռիվ, չէ: Եթե խաղաղություն լինի, որ գոնե չեն կրակի` հա: Ես կյանքիս մեծ մասն ապրել եմ, սենց էլ կապրեմ, բայց չէի ուզենա, որ երեխաներս էս կրակոցների տակ մեծանան»:
Երբ կրակոցների մասին է խոսք լինում, երրորդդասարանցի Արսինեն սկսում է պատմել, որ կրակոցների ժամանակ մայրիկն իրենց արագ-արագ տուն է ուղարկում` խորքի սենյակում թաքնվելու. ծնողների կարծիքով դա տան ամենաապահով մասն է:
Բերքաբերում լավ բաներ էլ են կատարվում
Օրերս Բերքաբերում բացվեց նորակառույց Սուրբ Գևորգ եկեղեցին: Սփյուռքահայ բարերարների` Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների աջակցությամբ եկեղեցի է կառուցվել հին` խորհրդային տարիներին քանդված եկեղեցու վայրում:
Եկեղեցու հարևանությամբ է գտնվում Բերքաբերի ազգագրական թանգարանը, որը գործում է արդեն 35 տարի: Գյուղապետի աջակցությամբ վերանորոգվել է շենքի տանիքը և թարմացվել է արտաքին հարդարանքը: Այստեղ պահվում են գյուղի հետ առնչություն ունեցող հնությունները` կահ-կարասի, գործիքներ, ձեռագործ աշխատանքներ և այլն:
«Սահման» ՀԿ-ի աջակցությամբ գյուղում հիմնվում են նաև ջերմոցային տնտեսություններ: Գործող երկուսից բացի, առաջիկայում կհիմնվեն ևս 4-ը:
Գյուղապետի խոսքով` այս տարի գյուղացիները 3 տոննա մեղր են ստացել: Եթե բնակիչներին օգնեն փեթակների ձեռքբերման և մեղրի իրացման հարցում` գյուղում մեղվաբուծությունը մեծ թափ կստանա:
Եվ ամենակարևոր ու դրական լուրը` այս տարի Բերքաբերում 6 երեխա է ծնվել. սա աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար:
Ս.թ. հոկտեմբերի 16-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս մահացու ականապայթյունային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը (ծնված 1988թ., ծառայում էր 2005թ.-ից, Գավառի զ/կ):
Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի ԿԿԶՀ են տեղափոխվել ավագ լեյտենանտ Գարուշ Վերիկի Համբարձումյանը (վիճակը միջին ծանրության է), պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արարատի Հակոբյանը (վիճակը բավարար է), պայմանագրային զինծառայող, շարքային Էդգար Վարդանի Հարությունյանը (վիճակը միջին ծանրության է):
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում իր պարտքը կատարելիս հերոսաբար զոհված կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: