Սերժ Սարգսյանի Թուրքիայի նախագահին ուղղված հրավերը դիվանագիտական ճիշտ քայլ էր. Գևորգ Մելքոնյան

945818_472942536122061_1556891499_n

“Առաջին Հանրապետության հռչակումը խորհրդանշում է ոչ միայն անկախություն, այլ նաև հավատ սեփական ուժերի նկատմամբ: 1915թ.-ին ցեղասպանության ենթարկված ժողովուրդը կարողացավ ուժ գտնել իր մեջ ու հաղթանակ տանել թշնամու` տասնամյակների, եթե չասենք հարյուրամյակների պատմություն ունեցող կանոնավոր բանակի նկատմամբ”,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Մայիսյան հերոսամարտերի  և Առաջին Հանրապետության անկախության հռչակման, բացթողումների ու անելիքների մասին` նշեց պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը:

Բանախոսը հատուկ կարևորությամբ նշեց, որ Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հաղթանակը վեր էր կուսակցական պատկանելությունից. բոլորը դարձան մեկ ուժ` դիմակայելու արտաքին սպառնալիքներին:

Գևորգ Մելքոնյանը ցավով արձանագրեց նաև, որ սա մեծ տոն է, սակայն հերոսամարտը կերտողների անունները երիտասարդ սերնդին հայտնի չեն և մեծ խնդիր կա այդ հերոս կերպարները նոր սերնդին դաստիարակելու հարցում: Ընդհանուր առմամբ, բանախոսի կարծիքով, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը վերագնահատելու խնդիր ունենք:

Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100 ամյակին առթիվ կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ նախագահի կողմից Թուրքիայի իշխանություններին, մասնավորապես` Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելուն, Գևորգ Մելքոնյանը այդ նախաձեռնությունը համարեց ճիշտ դիվանագիտական քայլ, որով մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք երկխոսության, բայց դրա հիմքում ընկած է Հայոց ցեղասպանության ճանաչումը: Միաժամանակ, բանախոսը 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի նախագահի կամ արտգործնախարարի կողմից Հայաստան այցն ու անմեղ զոհերի հիշատակի առջև  նրանց խոնարհումը հավանական չհամարեց:

Մայիսի 28-ը ոչ թե առաջին հանրապետության, այլ պետականության վերականգնման օր է. Աշոտ Մելքոնյան

Ashot MelkonyanՄայիսի 28-ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 96-ամյակը: Այս առիթով «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ:

– Պարոն Մելքոնյան, 96 տարի առաջ հռչակված և ընդամենը 2,5 տարի կյանք ունեցած հանրապետությունն ի՞նչ դեր ու նշանակություն է ունեցել մեր հետագա պատմական ընթացքի համար:

– Եթե խորհրդային ժամանակաշրջանում այդ հանրապետության անունն իսկ փոխում էին` այն անվանելով ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Հայաստանի Բուրժուական Հանրապետություն, ապա անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի Առաջին Հանրապետության այդ երկուսուկես տարվա պատմությունը սկսեցին ներկայացնել հակառակ տեսանկյունից` միայն վարդագույն գույներով: Բայց հիմա` անկախության ձեռքբերումից տասնամյակներ անց, կարող ենք 1918-ի խորհուրդը ճշգրիտ գնահատել:

Ընդունված է ասել, որ 1045-ին Բագրատունյաց Անիի և 1375-ին Կիլիկյան թագավորության անկումից հետո մենք պետականություն չենք ունեցել մինչև 1918 թվականը: Սա սխալ մոտեցում է, որովհետև պետականությունը միայն լիարժեք թագավորական իշխանությունը կամ հանրապետությունը չէ: Պետականությունը հաճախ հանդես է գալիս անթեղված` իշխանապետությունների տեսքով: Բարգատունյաց թագավորության անկումից հետո թագավորություններ պահպանվեցին Կարսում, Սյունիքում, հետագայում պետականությունը շարունակվեց իշխանապետություններով և մելիքություններով:

Մելիքն ուներ զորք, դատական համակարգ, որոշակի միջպետական հարաբերությունների իրավունք: Իսկ Դավիթ Բեկի իշխանությունը ճանաչվում էր անգամ Իրանի շահի կողմից: Այդ շղթան էր, որ հանգեցրեց 1918-ին:

Սա ուզում եմ նշել, քանի որ մեր թուրք-ադրբեջանական հակառակորդներն ասում են, թե հենց մենք` հայերս ենք ասում, որ XI դարի կեսերից պետականություն չենք ունեցել և միայն 1918-ին թուրքերի բարեգութ վերաբերմունքի շնորհիվ պետականությունը վերականգնեցինք: Ոչ: Մենք պետականությունը 1918-ին վերականգնել ենք մայիսյան հերոսամարտերի բոցերով:
Մինչև անկախության հռչակումը, երբ գոյություն ուներ Անդրկովկասյան Սեյմը, վրացիները գաղտնի բանակցությունների մեջ էին գերմանացիների, իսկ ադրբեջանցիները` թուրքերի հետ, որպեսզի Անդրկովկասյան Սեյմի լուծարումից և անկախության հռչակումից հետո Թուրքիան և Գերմանիան ճանաչեին Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Այսինքն` ամբողջ պատերազմի ընթացքում, երբ Անդրկովկասյան Դաշնային Հանրապետությունը պայքարում էր թուրքերի դեմ, այդ հանրապետության ղեկավարությունը սակարկության մեջ էր թուրքերի հետ հայկական հողերի հաշվին: Մեկը մյուսի հետևից հայկական հողերը` Էրզրում, Սարիղամիշ, Կարս, հանձնվում էին առանց կռվի: Բայց մենք 1918-ի մայիսի 22-30-ը տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մարտերի շնորհիվ վաստակեցինք պետականություն ունենալու իրավունք: Պետք է մեկընդմիշտ ցրել այն կարծիքը, թե թուրքերը սկուտեղի վրա մատուցեցին մեր պետականությունը:

Մայիսի 28-ի խորհուրդը շատ մեծ է: Պետականության վերականգնումից հետո պետականության զգացողությունը ներարկվեց հայ ժողովրդրի մեջ ընդամենը 2,5 տարվա ընթացքում: Դրա ամենավառ ապացույցը 1921-ի փետրվարի 18-ի ապստամբությունն է, որի արդյունքում դաշնակցությունը եկավ իշխանության և վերականգնեց պետականությունը մինչև 1921-ի ապրիլի 2-ը: Սա նշանակում է, որ 2,5 տարում մարդկանց մեջ ձևավորվեց պետականության զգացողությունը, և հենց ազգը զգաց, որ ինքը վտանգված է խորհրդային իշխանության առաջին ամիսներին, ապստամբեց և նորից իշխանության բերեց նախկին ղեկավարներին: Մեր ժողովուրդը ճաշակեց պետականության համը, և այդ զգացողության շնորհիվ էր, որ խորհրդային իշխանության տարիներին պետականությունը դարձյալ ոչ անկախ պայմաններում շարունակեց իր գոյությունը:

1920 թ. դեկտեմբերի 2-ի երևանյան համաձայնագրով, երբ դաշնակցությունը իշխանությունը հանձնեց, Հայաստանը ոչ թե հռչակվեց խորհրդային Ռուսաստանի մասնիկ, ինչպես ոմանք կարծում են, այլ հռչակվեց խորհրդային սոցիալիստական անկախ պետություն: Այլ հարց է, որ 1922-ին լենինյան ղեկավարությունը ազգերի ինքնուրույնությունը սահմանափակելու նպատակով սկզբում ստեղծեց Անդրկովկասյան Դաշնությունը, հետո 1922-ի դեկտեմբերի 30-ին այն մտցրեց ԽՍՀՄ-ի մեջ, և սուվերեն իրավունքները պակասեցին: Մինչև 1922 թ. Խորհրդային Հայաստանն անկախ է եղել, ունեցել է դիվանագիտական ներկայացուցիչներ տարբեր երկրներում: Մայիսի 28-ի իներցիայով կյանքի կոչվեց վարչական համակարգով բացարձակապես նախորդի հետ կապ չունեցող մի համակարգ` Խորհրդային Հայաստանը, որը նույնպես պետականության դրսևորում էր:Երրորդ հանրապետությունը ևս կյանքի կոչվեց անթեղված պետականության հիմքի վրա:

Բոլշևիկ գործիչների ծրագրերում բացարձակապես չկար խորհրդային Հայաստան ունենալու ծրագիր, լավագույն դեպքում նպատակ ունեին ինքնավար մարզի կամ հանրապետության կարգավիճակով Հայաստանը մտցնել կա՛մ ապագա խորհրդային Վրաստանի, կա՛մ Ադրբեջանի կազմ: Իսկ փետրվարյան ապստամբությունը և 1918-20 թթ. հանրապետությունը ստիպեցին կենտրոնական իշխանություններին հաշվի նստելու առաջին հանրապետության և դրան հաջորդած երկրորդ հանրապետության գոյության հետ: Դրա հիմքի վրա էլ ստեղծվեց երրորդ հանրապետությունը:

Մայիսի 28-ի տոնակատարությունը, որը նշվում է որպես առաջին հանրապետության տոն, կարծում եմ` ինչ-որ իմաստով ճիշտ չի ձևակերպված: Մայիսի 28-ը ոչ թե առաջին հանրապետության, այլ պետականության վերականգնման օր է, առհասարակ պետականության, որն ուղղակի կապ ունի երկրորդ և երրորդ հանրապետությունների հետ: Մայիսի 28-ի խորհուրդը հենց այդ շարունակականության մեջ է:

– Երրորդ հանրապետությունն արդեն 23 տարի անկախ է, բայց մինչև հիմա բազում չլուծված խնդիրներ կան, որոնք արդարացնում ենք նորանկախ հանրապետություն լինելու հանգամանքով: Առաջին հանրապետության 2,5 տարիների ընթացքում այն ժամանակվա պետական այրերն ի՞նչ ու ինչպե՞ս հասցրեցին անել:

– Առաջին հանրապետության ղեկավարներն արել են անկարելին: Երբ թուրքական զորքը ներխուժել էր Արևելյան Հայաստան և անմիջական վտանգ էր կախվել Էջմիածնի ու Երևանի վրա, որտեղ ծվարել էին հարյուրհազարավոր արևելահայեր ու արևմտահայ գաղթականներ, Բաթումի պայմանագիրը ստորագրելն այլընտրանք չուներ: Սա պետք է դառնորեն ընդունել: Նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խնդիրը: Ոմանք շահարկում են, թե Հայաստանի ղեկավարությունը, հայացքը հառելով դեպի Արևմուտք, մոռացության տվեց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, և Թուրքիայի ու Ռուսաստանի համագործակցության հետևանքով երկիրը կործանվեց: Հարցն այն է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հնարավորինս փորձեց սերտ կապեր հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ: Սակայն Քեմալական Թուրքիան և Խորհրդային Ադրբեջանն ամեն ինչ արեցին, որ հայ-ռուսական մերձեցումը բացառեն, և հաջողեցին: Իսկ ինչ վերաբերում է Արևմուտքին, Սևրով տարվելուն, բա ի՞նչ պիտի անեին: Նրանք հասկանում էին, որ փոքրիկ Հայաստանը չի կարող ապագա ունենալ առանց ելքի դեպի Սև ծով, ուստի հայացքն ուղղել էին դեպի Արևմուտք: Այլ հարց է, որ Արևմուտքի մեր դաշնակիցները մեզ մենակ թողեցին թուրքերի դեմ, հետո էլ անցան նրանց կողմը: Բայց Հայաստանն ավելին անել չէր կարող:

Ինչպես վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է պատկերավոր ասում, Հայաստանի Հանրապետությունը, միևնույն է, դատապարտված էր կործանվելու, քանի որ հայտնվել էր բոլշևիկյան սալի և թուրքական մուրճի միջև: Ուստի ասում եմ` Աստված մի արասցե, որ պատմության անիվը երբևէ նորից պտտվի այնպես, որ Թուրքիան և Ռուսաստանը նորից դառնան դաշնակիցներ, դա մեզ համար աղետալի հետևանքներ կունենա: Ինչ վերաբերում է ռազմավարական դաշնակցին, պետք է հիշենք, որ մենք կուրորեն չպիտի լինենք Ռուսաստանի կրտսեր եղբայրը, այլ լինենք հավասարը հավասարի պես: Եթե ՀԱՊԿ անդամ երկիր ենք, ուրեմն պետք է իմանան, որ հավասարազոր դաշնակից ենք, և հավուր պատշաճի հարգեն մեր ազգային շահերն ու իրավունքները:

– Երրորդ հանրապետությունը կառուցելիս որքանո՞վ ենք հաշվի առել առաջին հանրապետության դասերը:

– Եթե առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ 2,5 տարի, ապա երրորդ հանրապետությունն արդեն գոյություն ունի մոտ 2,5 տասնամյակ, սա, կարծում եմ, կարևոր գնահատական է այդ հանրապետության սխալները հաշվի առնելու և դասերից հետևություններ անելու իմաստով: Փառք Աստծո, տարածքների հարցում դեռ շահած վիճակում ենք: Այլ հարց է, որ պետք է հեռատես գտնվենք, այլապես այսպիսի ահռելի արտագաղթի պայմաններում շահեկան վիճակը երկար չի տևի, Աստված մի արասցե, դրանով կարող է վտանգվել նաև երրորդ հանրապետության գոյությունն ու հեռանկարը: Պետք է սթափվենք և հասկանանք, որ արտագաղթը աղետալի է մեզ համար, իշխանությունները պետք է սթափվեն և ժողովրդին այս հողի վրա պահելու քայլեր ձեռնարկեն, որպեսզի ոչ միայն երրորդ հանրապետության ապագայի իմաստով վստահ լինենք, որ խնդիր չունենք, այլև, իմ խորին համոզմամբ, մի օր պիտի ազատ, անկախ և միացյալ Հայաստանի գաղափարին արժանանանք, քանի որ Թուրքիան վաղ թե ուշ որպես երկիր դատապարտված է կործանման: Խելոք լինենք, որ պատեհ պահին օգտվենք այդ առիթից:

– Պարոն Մելքոնյան, Ձեր կարծիքով 1918-ի իրադարձությունները, առաջին հանրապետության պատմությունը որքանո՞վ են ներկայիս սերնդին ճիշտ ներկայացված:

– Կարծում եմ, որ այդ նյութերը հավուր պատշաճի դեռ ներկայացված չեն մեր ժողովրդին: Պետության խնդիրը պետք է լինի նպաստավոր միջավայր ստեղծել, որ հնարավոր լինի պահանջարկ առաջացնել մարդկանց մեջ դեպի այս իրադարձությունների ուսումնասիրությունը: Մարդիկ գիտեն, որ նման բան է եղել: Ո՞վ կարող է ասել, որ Սարդարապատի մասին չգիտի: Բայց չգիտեն, թե ինչպես է տեղի ունեցել, ինչ ընթացք է ունեցել, որն է դրա պատմական նշանակությունը:

– Այսօրվա սերունդը հայրենասե՞ր է:

– Յուրաքանչյուր դարաշրջան ծնում է իր հերոսներին: Նրանք, ովքեր կարծում են, թե այս սերունդը չի կռվի, որովհետև հուսալքված է, որովհետև Հայաստանում օլիգարխիա կա, սխալվում են: Աստված մի արասցե, երբ գա այդ պահը, նա օլիգարխին էլ է մոռանալու, բթամիտ պաշտոնյային էլ, նա աչքի առաջ ունենալու է իր ընտանիքը, իր ծնողին, իր երեխային և գնալու է հայրենիքի համար կռվելու: Ի դեպ, վաղ միջնադարում հայրենիք էին անվանում այն հողակտորը, որը հորից ժառանգաբար անցնում էր որդուն:
Ամեն ժամանակաշրջան կծնի իր հերոսներին: Եվ ես ցանկանում եմ, որ գալիք սերունդը, որը պիտի հերոսանա, արժանանա շատ ավելի մեծ արդյունքների, քան մեր սերունդը, որովհետև մենք դեռ շատ ազատագրելու հողեր ունենք:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը

3057Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել՝ Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը և իր շնորհավորական խոսքը հղել Հանրապետության տոնի առթիվ:

Սարդարապատում տոնի կապակցությամբ տեղի է ունեցել զորահանդես, Պատվո պահակախումբը հանդես է եկել ցուցադրական ելույթով, որից հետո Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Վեհափա՛ռ Տեր,

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ,
Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:

95 տարի առաջ Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում և մանավանդ այստեղ՝ Սարդարապատում մենք ճակատագրական քննություն էինք հանձնում: Հանձնում էինք ազգովին՝ մեծով ու փոքրով, հոգևորականով ու զինվորականով, դաշնակցականով ու կոմունիստով, պաշտոնյայով ու շինականով: Բոլորո՛վ: Պատմական Հայաստանի գոնե մի փոքր մասի գոյության համար կռվում էր հայրենաբնակ հայության վերջին հատվածը: Այստեղ մենք դիմագրավեցինք և հետ շպրտեցինք թշնամուն, որի ռասիզմի և հակահայ ծրագրերի մասին աշխարհում ոչ ոք այլևս չուներ ո՛չ պատրանքներ և ո՛չ էլ կասկածներ: Այստեղ Արևելյան Հայաստանի հայությունը փրկվեց վերահաս աղետից: Օսմանյան Թուրքիայում սկիզբ առած Մեծ եղեռնը, որ հետևողականորեն շարունակվում էր ու տարածվում, կասեցվեց այստեղ՝ շնորհիվ մեր միասնական ոգու:

Եթե շատ ազգերի համար անկախության հռչակումը քաղաքական ակտ էր և նույնիսկ՝ հանդիսավոր արարողություն, ապա մեզ համար այն ծանր երկունք էր: Մենք նույնիսկ չգիտեինք, որ մայիսյան հերոսամարտերից մեկ-երկու օր անց անկախություն ենք հռչակելու: Հայաստանի պետականությունը մենք կերտում էինք ուղղակի կռվի դաշտում՝ մեծագույն զոհողությունների ու կորուստների գնով: Արյամբ ու հավատով, իրար թիկունք պահելով ու առաջ նայելով: Միասին:

1918 թվականի մայիսի 28-ը արձանագրումն է մեր ֆիզիկական փրկության և քաղաքական վերածննդի: Արձանագրումն է մեր ժողովրդի արիության ու բազկի ուժի, ինչը հետագայում փառահեղորեն դրսևորվեց նաև Մեծ հայրենականի ճակատներում ու Արցախյան գոյամարտում: Եվ այսօր այստեղ՝ Սարդարապատում կանգնած հայ զինվորի խրոխտ քայլերթն ու հաղթական ոգին լավագույն ապացույցն են այն բանի, որ մենք գիտենք լինելու ու հաղթելու բանաձևը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչո՞ւ ենք մենք այստեղ հուշարձան կանգնեցրել և ինչո՞ւ ենք պարբերաբար գալիս այստեղ: Սևակն ասում էր. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»: Մենք կարիք ունենք հիշելու և հիշեցնելու, երիտասարդ սերունդներին նաև փոխանցելու կարևոր պատգամներ, որ մեզ թողել են Մայիսի 28-ը նախապատրաստողներն ու կերտողները:

Եղե՛ք միասնական:
Եղեք՛ պետականորեն կազմակերպված:
Ապավինե՛ք սեփական ուժերին:

Այս պարագայում մենք ի զորու ենք ոչ միայն վերականգնել դարերով ընդմիջված պետականությունն ու անկախությունը, այլև այդ պետությունը տանել դեպի լուրջ բարձունքներ: Դրանց մեկնարկը տրվել է այստեղ, և այսօր մենք այստեղ կանգնած ենք բաց ճակատով՝ որպես ազատ ու անկախ երկրի հպարտ քաղաքացիներ, որպես հերոս պապերի ժառանգորդներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

3065Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ տոնի կապակցությամբ: Մեր ժողովրդին մաղթում եմ երջանկություն և հաջողություններ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն և վերելք:

Փա՛ռք մայիսյան հերոսամարտը կերտած հայ ժողովրդին:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին:
Ուռա՜: