Մարտի մեկի էջը փակված չէ և չի կարող փակվել. Լյուդմիլա Սարգսյան

MHM85773 copyԱզատության հրապարակում սկսվել է ՀԱԿ կազմակերպած հանրահավաքը:

Քիչ առաջ ելույթ ունեցավ Լյուդմիլա Սարգսյանը:

«Ուրախ կլինեի ձեզ ողջունել գարնան առաջին օրվա առթիվ, բայց 2008 թ-ի մարտի մեկից ի վեր այն իր իմաստը կորցրել է: Շուրջ վեց տարի այն մեզ համար կորստի ու ողբերգության օր է դարձել», – ասաց նա,-ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Ազատության հրապարակն այսքան մարդաշատ է, ինչը նշանակում է, որ Մարտի մեկի  էջը փակված չէ և չի կարող փակվել: Քանի դեռ չեն պատժվել այդ ոճիրն իրականացրած հանցագործներն ու կազմակերպիչները, Ազատության հրապարակը լիքն է լինելու և ըմբոստ»:

 

Անկախ

Սարյանի արձանի մոտ ազատամարտիկների հանրահավաքն է

Karabakh war participants rally near Saryan statue in YerevanԱյս պահին Մարտիրոս Սարյանի արձանի մոտ ընթանում է ազատամարտիկների հանրահավաքը` նվիրված 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերին: Հանրահավաքին մասնակցում են բազմաթիվ ազատամարտիկներ, այդ թվում` Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը, Մանվել Եղիազարյանը և այլք: Հանրահավաքին մասնակցում են նաև բազմաթիվ ազատամարտիկներ ՀՀ տարբեր շրջաններից: Ազատամարտիկների հանրահավաքին է միացել նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ այսօրվանից պետք է որոշվի` ժողովուրդն իրավունք ունի՞ ապրելու, Եռաբլուր գնալու և, առհասարակ, գոյատևելու:

Karabakh war participants rally near Saryan statue in Yerevan«Վեց տարի առաջ այս օրը խուժանի ձեռքով զոհվեցին անմեղ մարդիկ, և արդեն վեց տարի է` չեն բացահայտվել մարտի 1-ի ողբերգական դեպքերի կատարողները, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել կատարվածի համար»,- իր ելույթում ասաց Սուրեն Սարգսյանը:

Նշենք, որ ազատամարտիկների հանրահավաքը բազմամարդ է, բացի ազատամարտիկներից, հանրահավաքին մասնակցում են նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ:

 

Անկախ

«Նախախորհրդարանը» չի մասնակցի ՀԱԿ հանրահավաքին. իմաստ չի տեսնում

The 6th anniversary of the drama events of March 1Քիչ առաջ Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ 6 տարի առաջ տեղի էին ունեցել ողբերգական դեպքեր, «Նախախորհրդարանի» անդամները ծաղիկներ դրեցին մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին:

«Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ իրենք չեն մասնակցելու Ազատության հրապարակում սպասվող Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքին, որովհետև դրա իմաստը չեն տեսնում։

«Միավորում պետք է տեղի ունենա գործող համակարգից դուրս։ Ոչ հեռու ապագայում բոլորս կհամոզվենք, թե ինչպե՞ս է համակարգից դուրս ձևավորված դաշտը մեր երկրին տեր կանգնում։ Որոշել ենք այսօր ոչ մի ցուցադրական բան չանել, պարզապես չէինք կարող չգալ և հարգանքի տուրք չմատուցել զոհվածների հիշատակին: Իրականում մարտի 1-ի զոհերի իմաստավորման խնդիր կա։ Հերթական փոփոխության գնալիս` շատերն ասում են, որ արյուն է թափվելու։ Ես ասում եմ՝ մենք արդեն արյուն թափել ենք, բայց այդ զոհերի արյունը չենք կարողացել իմաստավորել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։

Մյասնիկյանի արձանի մոտ են զոհվածների հիշատակը հարգեցին նաև Դավիթ Շահնազարյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Դուրս արի փողոց» նախաձեռնության անդամները և այլոք:

Երթի մասնակիցները պետք է շարժվեն Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան-Պռոշյան երթուղով դեպի Բաղրամյան 26։

Հիշեցնենք, որ 2008-ի մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, ովքեր փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո 10 օր շարունակ Ազատության հրապարակում հավաքված` պահանջում էին քվեարկության արդյունքների վերանայում:

Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ: Ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում՝ երկու ոստիկան:

 

Անկախ

«ԲՀԿ-ՀԱԿ, յուղ եք վառում, հարգելիներս». Ռոբերտ Մելքոնյան

135389

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“ԲՀԿ-ՀԱԿ, ԲՀԿ-ՀԱԿ…Նաիրա Զոհրաբյան-Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան-կրկին Լևոն Զուրաբյան…Հետո՞…Չհոգնեցի՞ք…
Քանի տարի է բանակցում եք` սիրախաղեր տալիս, ամուսնանում եք` բաժանվում, համաձայնվում` բաժանվում…
Յուղ եք վառում, հարգելիներս, չեք զգում, որ արդեն ինչ-որ տհաճ հոտ է գալիս, նմանվում էժանագին սերիալի…Միանգամից իրար ԲԽԿ արեք, պրծեք…
Հիմա էլ մարտի 1-ին ՀԱԿ-ի հետ, ՀԱԿ-ի կողքը, նույն հարթակին` գրկախառնված…Դուք չեք զգում, որ ձեր գործողությունները երկուստեք անտրամաբանական է, այն էլ հատկապես մարտի 1-ի հետ կապված: Հիշեք՝ ՀԱԿ-ի մեղադրանքներն ուղղված ձեր կուսակցության ղեկավարին, հիշեք ձեր հակադարձ մեղադրանքները նրանց:

Անհասկանալի քաղաքականություն, պարզամտություն հիշեցնող քայլեր…Այ մարդ, զբաղվեք ձեր բիզնեսներով, պրծեք էլի, դուք ո՜ւր, քաղաքականությունն ո՜ւր…
Հա’, Օսկանյանին ներկայացվող մեղադրանքները մոռացա…Հավանաբար դո՞ւք էլ եք մոռացել…”:

 

Անկախ

Բարի գարուն բոլորիս, թող էլ չլինեն «մարտիմեկեր». Մարգարիտ Եսայան

Մարգարիտ ԵսայանՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Բարի գարուն բոլորիս, արեւ, ծաղիկներ եւ ուրախություն, երեխայի ծնունդ եւ երջանիկ զույգեր, խաղաղ եւ արժանապատիվ ծերություն եւ անհոգ մանկություն, գարնանային տրամադրություններ եւ խաղաղություն…, թող այլեւս չլինեն «մարտիմեկեր», թող այլեւս կարմիրը լինի միայն երեխաների թուշիկներին եւ աղջնակների այտերին եւ ոչ երբեք` մեր քաղաքի փողոցներում, թող մարտիմեկյան ողբերգությունը լինի վերջինը եւ թող լույս իջնի բոլոր զոհերի շիրիմներին, թող ազգս հանդարտվի եւ հավատա իր վաղվա օրվան, թող այլեւս ոչ մի տխրություն չմթագնի մարդկանց հոգիները, թող իշխանության եւ ընդդիմության սխալները չլինեն ճակատագրական, թող չարության եւ անհանդուրժողականության թույնը հեռանա մեր հոգիներից, թող մարդը մարդավայել ապրելու եւ ստեղծագործելու հնարավորությունը եւ երջանկությունն ունենա, քանի որ այսօր գարնան առաջին օրն է, եւ սկսվում է մեր հոգիների մաքրման շրջանը, ուրեմն փորձենք մաքրել մեր հոգիները չարությունից, թույնից ու նախանձից….երբեք ուշ չէ դեպի աստված գնալով մարդանալը…Բարի գարուն բոլորիս”:

 

Անկախ

«Ժամանակ». Ծառուկյանին հասկացրել են, որ իրենք չեն կարող լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է

CF909400-6BFE-45F2-BCE0-B80B7F032C02_mw800_s«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր կայանալիք հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը երբեք չի կարող ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ լինել։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն որոշել է անկախ հրավերի բացակայությունից  մասնակցել Հայ  ազգայյին կոնգրեսի կողմից այսօր հրավիրված հանրահավաքին, քանի որ «իրենք այնտեղ են, որտեղ կա ժողովուրդ»: Բայց այս անգամ իրենք կլինեն այնտեղ, որտեղ ղեկավար մասն է։

ԲՀԿ-ից հանրահավաքին մասնակցելու են ընդամենը մեկ-երկու հոգի՝ թերեւս Նաիրա Զոհրաբյանն ու Տիգրան Ուրիխանյանը, եւ կանգնելու են հարթակում։ Այս անգամ ԲՀԿ-ն ավտոբուսներով մարդ չի բերելու ՀԱԿ-ի հանրահավաքին, քանի որ Սերժ Սարգսյանն օրերս Գագիկ Ծառուկյանին շատ խիստ նկատողություն է արել ԲՀԿ-ի ակտիվության, միտինգներին, բողոքի ակցիաներին նրանց մասնակցության մասով։ Ծառուկյանին հասկացրել են, որ իրենք չեն կարող լինել այնտեղ, որտեղ ժողովուրդն է։ Վերջինս էլ, բնականաբար, սերտել է իրեն տրված դասը։ Եվ որպեսզի անհարմար դրության մեջ չհայտնվեն իրենց ընդդիմադիր գործընկերների առաջ, որոշել են, որ հանրահավաքին կապահովեն միայն ձեւական կողմը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

Ազգային ժողովում քննարկվում է Մարտի 1-ի գործով հանձնաժողով ստեղծելու հարցը

hak-6ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը քննարկման է  ներկայացրել ՀԱԿ խմբակցության պատգամավորների հեղինակած «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Ջհանգիրյանի խոսքով՝ այս հանձնաժողովը տարբերվելու է նախորդ հանձնաժողովից, քանի որ փաստահավաք առաքելություն չի իրականացնելու, այլ ներկայացնելու է եզրակացություն, քանի որ փաստերը վեց տարիների ընթացքում հավաքվել են: «Հանձնաժողովը զբաղվելու է սպանությունների, հրազենային ու մարմնական այլ վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքների, դրանց պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունների ուսումնասիրմամբ, գնահատելու է ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու կայացրած որոշումների օրինականությունը եւ հիմնավորվածությունը»,-ասաց Ջհանգիրյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավորին հանգիստ չի տալիս այն հարցը, թե ինչո՞ւ Մարտի 1-ի գործը չի կառչվում, եթե վերջին տարիներին որևէ աշխատանք չի կատարվում, իսկ տուժողներին էլ չի ներկայացվում այդ աշխատանքների մասին տեղեկատվություն: Նա ենթադրում է, որ եթե գործը կարճեն, ապա տուժողներին պետք է ներկայացնեն գործին առնչվող հավաքված փաստերը, ինչը ձեռնտու չէ իշխանություններին:

Ի պատասխան ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի հարցի՝ Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ հանձնաժողովում թվային առավելությամբ կամ զոռբայությամբ հարցեր անցկացնելու հնարավորություն չի լինի, քանի որ թվային որևէ առավելություն չի լինելու: Ավելին, եթե մեծամասնությունն ունի մտավախություն, ապա հանձնաժողովում քաղաքական կոալիցիան կարող է ունենալ առավել քանակով անդամներ: «Ես վստահ եմ, որ եթե դուք մասնակցեք հանձնաժողովի աշխատանքներին, լսեք մասնագետների խոսքն ու ներկայացված փաստերը, չեք կարող այլ դիրքորոշում ունենալ»,-համոզված է Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովն ընդամենը եզրակացություն է ներկայացնելու, իսկ գործի բացահայտման պարտականությունը կրում են քրեադատավարական մարմինները:

Սամվել Ֆարմանյանը նաև հարցրեց, թե արդյոք Ջհանգիրյանը չի կարծում, որ պետք է քննարկվի նաև բոլոր քաղաքական ուժերի մասնակցության և պատասխանատվության հարցը՝ ի նկատի ունենալով ՀԱԿ-ին: Ջհանգիրյանն ասաց, որ իրենք սիրով այդ խնդիրը նույնպես կարղ են ներառել հանձնաժողովի «խնդիրներ» բաժնում:

ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանն էլ, ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությանը, որ իր օրոք երբևէ գործերը չեն կոծկվել, ասաց, որ կարող է հակադիր օրինակներ բերել և որպես հոկտեմբերի 27-ի գործով տուժած մարդ՝ նշեց, որ այդ ժամանակ էլ բազմաթիվ հարցականներ կային, և հետաքրքրվեց, թե արդյոք նա չի կարծում, որ մի հանձնաժողով էլ պետք է ստեղծել  27-ի գործը բացահայտելու համար:

Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ կողմ ենք նման հանձնաժողովի ստեղծմանը:

Բաբուխանյանի մյուս հարցին, որը վերաբերում էր մարտի 1-ին գործին ՀԱԿ-ի և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվությանը, Ջհանգիրյանն ասաց, որ այո, պետք է կազմակերպիչների պատասխանատվության հարցն էլ ներառվի խնդիրների մեջ:

Հայկ Բաբուխանյանը կասկած հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ եղած դեպքում կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ նա անգամ քննչական մարմին չի ներկայացել: Ջհանգիրյանը հակադարձեց, որ Լևոն Տեր-Պետորսյանին չեն հրավիրել քննչական մարմին: Ինչ վերաբերում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ներկա գտնվելուն, ապա Ջհանգիրյանը ոխստացավ. «անձամբ նրան խնդրել և համոզել, որ հարկ եղած դեպքում ներկա գտնվի»:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին էլ անիմաստ է թվում կրկին այս հարցը ՀԱԿ-ի կողմից բարձրացնելը, քանի որ մտավախություն ունի, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ անգամները, ՀԱԿ-ը հաջողության չի հասնի: «Չեմ հասկանում՝ ինչո՞վ է պայմանավորված նույն փոցխի վրա կանգնելու ձեր հերթական փորձը»,-ասաց Արզումանյանը:

Հանրապետական Մարգարիտ Եսայանը մինչ հարց տալը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը՝ նշելով, որ քառօրյան ավարտվելու է, և այդ օրը իրենք հնարավորություն չեն ունենալու դա անել: Առաջարկն ընդունվեց:

Այնուհետև պատգամավորը, դիմելով Գագիկ Ջհանգիրյանին, նկատեց, որ նա պատգամավորների հարցերին պատասխանում է բավականին երկար ու խիստ, այսինքն, պրոֆեսիոնալ, ինչն իրականում շատ հաճելի է, սակայն, ակնարկեց նա, Ջհանգիրյանն իր գործն է անում: «Ձեր ճարտասանությունն ինքնին պետք է ձեզ բավարարի»-նկատեց Մարգարիտ Եսայանը:

«Տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում»,-ակնարկեց Ջհանգիրյանը:

Մարգարիտ Եսայանը նրբանկատորեն չցանկացավ արձագանքել ակնարկին՝ նշելով, որ դա թողնում է Ջհանգիրյանի ճաշակին:

Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանը հավատում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն պնդումներին, որ քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին թալանի և հափշտակության թույլտվություն չի տվել և կարծում է, որ քաղաքական մեծամասնությունը նաև սպանության թույլտվություն թույլ չի տվել, ուստի պետք է շահագրգռված լինի այդ սպանությունների բացահայտման գործում: Սակայն Ջհանգիրյանն առայժմ զարմանում է, որ իշխանությունները շահագրգիռ չեն այդ հարցում:

 

Անկախ

ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մարտի մեկի զոհերի հիշատակը

ԱԺՔիչ առաջ ՝ Մարտի մեկի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկած նախագծի քննարկման ժամանակ, ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը ԱԺ նիստերի դահլիճում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Մարտի մեկի զոհերի հիշատակը՝ շեշտելով, որ կանխավ արվող այդ քայլի պատճառն այն է, որ մարտի մեկը կլինի շաբաթ օր:

Անկախ