Ամփոփվեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքները

յունիսեֆ-ԵՄԱյսօր ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում Հայաստանում եվրամիության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ամփոփեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացումը» եռամյա ծրագրի առաջին փուլի արդյունքները:

Ծրագրի համակարգող Վարյա Մերուժանյանն ամփոփելով ծրագրի առաջին տարվա արդյունքները՝ նշեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի նվազեցնել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների և նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը՝ հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով, ինչպես նաև միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուրսների արդյունավետ կիրառման միջոցով նպաստել համայնքների զարգացմանը:

«Ծրագրի իրականացման առաջին տարում չորս թիրախային մարզերում 50 դեպք վարողներ ստացել են համապատասխան ռեսուրսներ՝ միգրանտների կարիքները բացահայտելու, գնահատելու և դրանց արձագանքելու համար: Արդյունքում, մոտ 1000 միգրանտ ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման աշխատանքներում: Մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների 80 ներկայացուցիչներ ստացել են անհրաժեշտ կարողություներ 10 համայնքային և միջհամայնքային սոցիալական ծրագրեր մշակելու և իրականացնելու համար: Այս տարի նախատեսվում է չորս թիրախային մարզերի 190 բժիշկների և 380 միգրանտների ընտանիքների համար անցկացնել խնամք կազմակեպելու դասընթացներ, ինչպես նաև կազմակերպել հանրային իրազեկման արշավներ: Բացի այդ, թիրախային մարզերում կստեղծվեն 4 մարզային կենտրոններ, որոնք կաշխատեն զարգացնել և ամրապնդել համայնքների և Սփյուռքի կազմակերպությունների հետ կապը՝ նպաստելով թիրախային մարզերի զարգացմանը»,- ասաց Վարյա Մերուժանյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետա Արենսը իր ելույթում նշեց, որ ՄԱԿ-ն ամենաբարձր մակարդակով համագործակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ: «Հարց է առաջանում, ի՞նչ ընդհանրություն ունի «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման ծրագիրը» ՄԱԿ-ի այն գործակալության հետ, որը մանկական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ է գործունեություն ծավալում: Իրականում, այս ծրագիրն ուղիղ կապ ունի երեխաների հետ: Եթե ծրագրի շրջանակներում անհատական սոցիալական աջակցության ծրագրեր մշակվեն սոցիալապես անապահով ընտանքիների համար և իրագործվեն, կլուծվեն նաև այդ ընտանիքների երեխաների սոցիալական խնդիրները»,- ասաց Հենրիետա Արենսը:

Հիշեցնենք, որ մոտ 1 մլն արժողությամբ եռամյա ծրագիրն իրականացվում է 2012-ի դեկտեմբերի 21-ից և կավարտվի 2015-ի դեկտեմբերի 25-ին:

Ադրբեջանում 5.000 անչափահաս աղջկա ստիպողաբար ամուսնացրել են

ադրբեջան,ամուսնություն“Յունիսեֆ”-ի հետազոտությունների արդյունքների համաձայն՝անցյալ տարի մինչև 15 տարեկան ավելի քանի 5.000 աղջիկ չգրանցված ամուսնական կապ է հաստատել Ադրբեջանում, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Այս փաստը գնահատվել է որպես “sexual abuse of children” (երեխաների սեռական իրավունքի խախտում): ՅՈՒՆԻՍԵՖ-ը հատուկ հարցում է ուղարկել ադրբեջանական կառավարությանը, որտեղ իրենց մտահոգությունն են արտահայտել այդ հարցում և խորհուրդ են տվել իրավական միջոցներ կիրառել՝ դեռահասներին փրկելու համար:

Ադրբեջանի կառավարությունը իր հերթին նշել է, որ այդ գործընթացները տեղի են ունենում շրջաններում, իսկ իրենք անզոր են կանխել անչափահաս աղջիկների ամուսնությունը:

Անկախ

Խնամատար ընտանիքը` արդյունավետ այլընտրանք մանկատանը

OLYMPUS DIGITAL CAMERAԳեղարքունիքի մարզի բնակիչ Շողիկ Թադևոսյանն ու ամուսինը` Ջոնը, երկու տղա ունեն, որոնք արդեն ամուսնացել են և իրենց երեք թոռ պարգևել:  Ամուսիններով միշտ ցանկացել են աղջիկ ևս ունենալ, բայց չեն ունեցել: Երբ 2005-ին լսեցին, որ կարող են մանկատան որևէ երեխայի համար խնամատար ընտանիք դառնալ, անմիջապես համաձայնեցին:

«Այն ժամանակ տղաներս դեռ պսակված չէին, համաձայնեցին, թե քույր չենք ունեցել, թող մեզ քույր լինի: Բոլորով որոշեցինք ու աղջկան մեզ մոտ վերցրեցինք»,- պատմում է տիկին Շողիկը` հավելելով, որ իրենց բնակավայրից այլ ընտանիքներ ևս խնամատար ընտանիք դառնալու ցանկություն հայտնել են, բայց միայն իրենք են մինչև վերջ գնացել:

Աղջիկը 2006-ից Թադևոսյանների ընտանիքում է ապրում, աստեղից է դպրոց գնացել: Այս տարի փոխադրվեց 6-րդ դասարան: Տիկին Շողիկը պատմում է, որ դասերը միասին են անում, որ առարկաներից որ երեխան դժվարանում է` ինքն է օգնում:

Խնամատար ընտանիքը երեխայի կենսաբանական ընտանիքի հետ կապը պահպանում է, ամառային արձակուրդներին աղջնակը տատիկին հյուր է գնում մեկ-երկու ամսով, իսկ հետո էլի վերադառնում խնամատար ընտանիք, որն արդեն հարազատ է դարձել:

Տիկին Շողիկն ասում է, որ իրենց որոշման համար ոչ մի վայրկյան չեն զղջացել, դեռ ավելին, երեխայի չափահաս դառնալուց հետո իրենց առանց նրա չեն պատկերացնում: «Մեր երեխայի պես պահում ենք: Մի քիչ չար է, բայց դե երեխա է, մեր երեխան է: Այսպես գիտենք, որ մի լավ բան ենք արել, դա ամենամեծ բանն է մեզ համար,- ասում է տիկին Շողիկը:- Խորհուրդ կտամ բոլոր ընտանիքներին հնարավորության դեպքում  մի երեխայի խնամատարություն անել: Որ գիտես, մի երեխա էլ մանկատնից կփրկես, արդեն իսկ մեծ բան է: Շատ լավ ծրագիր է»:

Տիկին Շողիկը պատմում է, որ մինչ երեխային տուն բերելը երկարատև վերապատրաստումներ են անցել: Բացի այդ, սկզբում շուտ-շուտ ստուգումների էին գալիս: Բայց հիմա այլևս տարին մեկ անգամ են գալիս: Իրենց, օրինակ, ֆինանսների նախարարության ներկայացուցիչը և երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժնի ներկայացուցիչը մի ամիս առաջ են այցելել` աղջկա տատիկի մոտ գնալուց առաջ:

Խնամատար ընտանիքի մոդելն իրեն արդարացրել է, բայց…

Խնամատար ընտանիքների փորձնական ծրագիրը` «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով, մեկնարկել է 2005-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ  այն իրականացրել է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը:  Ծրագրի հիմնական նպատակն է, որ երեխան մեծանա ընտանիքում, ոչ թե որևէ հաստատությունում, միաժամանակ պահպանելով կապը կենսաբանական ընտանիքի հետ:

Փորձնական ծրագիրն իրականացվել է Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Բոլոր համայնքերում ծրագրի մասին իրազեկում է իրականացվել: Մանկատան երեխաներից  մեկի խնամքը ստանձնել ցանկացող ընտանիքների ուսումնասիրություն է կատարվել, և ընտրվել են ընտանիքներ, որոնք առավելագույնս համապատասխանում են պահանջներին: Ամենակարևոր պահանջներից է, որ ընտանիքը կայուն ֆինանսական եկամուտ ունենա և կախված չլինի երեխայի խնամատարության համար վճարվող 70-80 հազար դրամից: Ընտանիքների վերապատրաստումներ են իրականացվել. իրավաբանական, որ իմանան, թե ցանկացած խնդրի դեպքում ուր կարող են  դիմել, հոգեբանական, որ իմանան, թե հնարավոր այս կամ այն իրավիճակում իրենց ինչպես պահեն: Երեխաներին, սակայն, ընտրել են ոչ թե ընտանիքները, այլ մասնագետներն են որոշել, թե կոնկրետ երեխայի կարիքներին որ ընտանիքն է առավել բավարարում:

Ծրագիրն ամբողջությամբ պետությանն է հանձնվել 2010-ից: Այժմ խնամատար ընտանիքներում է գտնվում 25 երեխա:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի տվյալներով` իրենց կողմից խնամատար ընտանիքներ ուղարկված երեխաներից 9-ը ներկայումս գտնվում են խնամատար ընտանիքում, ևս 6-ը 18 տարին լրանալուց հետո էլի խնամատար ընտանիքում են գտնվում (պետությունը 18 տարին լրանալուց հետո ընտանիքին որևէ կերպ չի աջակցում, չի վերահսկում), 10-ը վերադարձել են կենսաբանական ընտանիք, 2-ը վերադարձել են մանկատուն, իսկ 4-ը 18 տարին լրանալուց հետո այլ հաստատություններ են տեղափոխվել:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի խնամատարության ծրագրի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն ասում է, որ Հայաստանում խնամատար ընտանիքի մոդելն իրեն արդարացրել է. «Ունեցանք դեպքեր, երբ երեխան մնաց խնամատար ընտանիքում, աշխատեցինք կենսաբանական ընտանիքի հետ, և երեխան վերադարձավ կենսաբանական ընտանիք, ունեցանք դեպքեր, որ մինչև 18 տարեկանը երեխային պահեց խնամատար ընտանիքը, քանի որ օրենքով մինչև 18 տարեկանն է նախատեսված պահել, և հիմա էլ շարունակում է պահել այդ երեխային առանց պետությունից որևէ աջակցություն ստանալու: Բայց ինքն իր առջև բարոյական պատասխանատվություն է  զգում: Ունենք ընտանիք, որ պատրաստվում է այդ երեխային բանակ ուղարկել, ունենք ընտանիք, որ ասում է` մինչև աղջկան չամուսնացնի ու օժիտ էլ չտա, իր տնից դուրս չի հանի:  Իհարկե, եղան նաև դեպքեր, երբ դա երեխայի համար այնքան էլ լավ տարբերակ չէր»:

Տեր-Հովհաննիսյանն ասում է, որ առաջին հայացքից գուցե տարբերություն չկա` երեխան ժամանակավորապես խնամատար ընտանիքում է, թե մանկատանը, սակայն իրականում տարբերությունը մեծ է. «Խնամատար ընտանիքը երեխային սովորեցնում է լինել ընտանիքի մարդ: Օրինակ` ծնողը երեխային չի սովորեցնում, որ կարտոֆիլը նախ պետք է լվանալ, կեղևահան անել, նոր խաշել կամ տապակել: Երեխան դա սովորում է տեսնելով: Հաստատությունում երեխան զրկված է դրանից, նա միանգամից պատրաստի արդյունքն է տեսնում: Ընտանիքում երեխան սովորում է, թե որն է հայր լինելը, մայր լինելը, ինչ է նշանակում ճիշտ ծնող լինել, հարաբերվել տատիկ-պապիկի կամ քրոջ, եղբոր հետ»:

Նա  պատմում է, թե ինչպես է երեխաներից մեկը զարմացել, երբ խնամատար ընտանիքում մայրը հարցրել է, թե ինչ կուզի ուտել, ապա առաջարկել է որոշել` ձվածե՞ղ պատրաստի, թե՞ ձուն խաշի: Մանկատանն ուտում են այն, ինչ տալիս են, ընտրության հնարավորություն չկա:«Երբ տեսնում ես, որ երեխան ընտանիքում իրեն լիարժեք է զգում, ապահով է, իր մասին հոգ են տանում ու սիրում, էլ էդ 70-80 հազարի մասին չես մտածում»,- ասում է Տեր-Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով` ծրագիրը համապետական մակարդակով իրականացնելու դեպքում բավարար քանակությամբ ընտանիքներ կհավաքվեն, եթե իրազեկում կատարվի, ինչպես փորձնական ծրագրի դեպքում :

Սակայն, եթե  փորձնական ծրագրի ժամանակ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը ընտանիքներին սոցիալական աշխատողի ծառայություն է մատուցել, ապա այժմ պետությունը նման ծառայություն չի մատուցում, ընդամենը ընտանիքներին սահմանված ամենամսյա գումարն է հատկացնում: Ընտանիքներն էլ, հարկ եղած դեպքում էլի ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն են դիմում, խորհուրդ հարցնում: Տեր-Հովհաննիսյանի կարծիքով` առանց համապատասխան աջակցության և վերահսկողության` ծրագիրն ի վերջո կձախողվի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը ևս կարծում է, որ խնամատար ընտանիքի մոդելն իրեն արդարացրել է, բայց…

Խնամատար ընտանիքների թիվը, ըստ Ղազարյանի, չեն ավելացնում, քանի որ չունեն վերահսկողության հնարավորություն այդ ընտանիքներում: «Եթե երեխան հաստատությունում է, ապա նրա խնամքի կազմակերպման համար բավական ռեսուրսներ կան, վերահսկողությունն էլ տարբեր գերատեսչություններ են իրականացնում, մոնիթորինգ  է կատարվում: Խնամատար ընտանիքում վերահսկողությունը վերապահվում է համայնքին, իսկ համայնքում  դեռևս համայնքային սոցիալական ծառայությունը չունի մարդկային և  ֆինանսական ռեսուրսներ, որ ապահովի անհրաժեշտ  մոնիթորինգը և վերահսկողությունը»:

Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, խնամատար ընտանիքի վերահսկողությունը բարդ չէ, եթե լինի համապատասխան ծառայություն. «Ասում են, որ մանկատունը բաց է, և կարող են գնալ ու տեսնել երեխայի որպիսությունը: Բայց ե՞րբ գնացիր խնամատար ընտանիք ու  չտեսար»:

Ըստ Ղազարյանի` սա չի նշանակում, որ  մերժում ենք խնամատարության ինստիտուտը, բայց մեր ազգային մտածողությանը շատ ավելի մոտ է խնամակալության ինստիտուտը:

Ընթացքի մեջ է ինտեգրացված սոցիալական ծառայություններին անցման գործընթացը: Նախատեսվում է,որ մեկ-երկու տարվա ընթացքում ծառայությունը կկայանա, այսինքն` կլուծվի համայնքի մակարդակում խնամատար ընտանիքների վերահսկողության խնդիրը: Հարցին, թե դրանից հետո արդյոք նախարարությունը կընդլա՞յնի խնամատար ընտանիքների կազմը, Ղազարյանը պատասխանում է. «Ես կարծում եմ, որ դա լուրջ մասնագիտական քննարկման խնդիր է, խնամատար ընտանիքի մոդելը զարգացման կարիք ունի մեթոդաբանության տեսակետից, օրենսդրական տեսակետից»:

Հարցին, թե ինչ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, պատասխանում է` անհրաժեշտ օրենսդրական փոփոխության:

Ինչո՞ւ պետությունը չի ցանկանում գումար խնայել

Նշենք, որ ըստ հետազոտությունների` մեկ երեխայի խնամքը մանկատանը տարեկան արժե մոտ 6 հազար դոլար, խնամքի և պաշտպանության հաստատություններում`  մոտ 3500 դոլար,  խնամատար ընտանիքում` 2500 դոլար, խնամակալ ընտանիքում` 0 դրամ:

Ներկայումս Հայաստանում գործում է 6 մանկատուն, որտեղ 718 երեխա է ապրում, երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն, որտեղ 730 երեխաներ են գտնվում,  սոցիալական հոգածության   3 կենտրոն, որտեղ 300 երեխաներ են խնամվում, Ժամանակավոր խնամքի մեկ կենտրոն, որտեղ 13 երեխա է ապաստանել:

Խնամատար ընտանիքում երեխային մեծացնելը  պետությանը պետք է որ շահավետ լիներ, քանի որ առնվազն կրկնակի էժան է, բացի այդ, երեխան ընտանիքում է մեծանում, ինչը երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է:

ՅՈՒՆԻՍԵՖ՝ անհրաժեշտ է հրատապ քաղաքական միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ևս մեկ սերունդ կկորչի

յունիսեֆՀամաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ չնայած վերջին տարիներին Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրականացվող բարեփոխումներին, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցությանը, և այս ոլորտում ձեռքբերված դրական արդյունքներին, միլիոնավոր հաշմանդամություն ունեցող  երեխաներ դեռևս մեկուսացված են հասարակությունից, մոռացված և «անտեսանելի»:

Վիճակագրության համաձայն՝ ԿԱԵ/ԱՊՀ երկրներում ապրող  հաշմանդամություն ունեցող 5,1 միլիոն երեխաներից շուրջ 3,6 միլիոնը չեն ստացել ծննդյան գրանցում, ինչը հանդիսանում է երեխայի հիմնական իրավունքների խախտում, որի արդյունքում նրանք մեկուսացվում են հասարակական կյանքից: Իսկ նրանք, ովքեր գրանցում ունեն, հաճախ հայտնվում են խնամքի հաստատություններում կամ էլ հնարավորություն չեն ունենում դպրոց հաճախելու, ինչը նույնպես երեխայի հիմնարար իրավունքի խախտում է:

«Այս խնդիրներին լուծում տալու համար անհրաժեշտ է միջգերատեսչական մակարդակում հրատապ քաղաքական քայլեր իրականացնել», -նշեց ԿԱԵ/ԱՊՀ երկների ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տկն Մարի Պիեռ Պուարեն:

Նա մեկնաբանություններ արեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ամենամյա «Երեխաների իրավիճակը աշխարհում, 2013թ» հիմնական զեկույցի շնորհանդեսի ժամանակ, որը նվիրված է հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին: Զեկույցում ասվում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի գոյատևման և զարգացման հիմնական պայմանը համապատասխան ծառայությունների հասանելիությունն է նրանց համար, ինչպես նաև ընտանեկան միջավայրում մեծանալու և իրենց բնակության վայրում սովորելու հնարավորությունը:

«Հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի անդամներն են: Մեր տարածաշրջանի երկրները դրական փորձ են արձանագրել և լուրջ բարեփոխումներ իրականացրել երեխաների կենսապայմանների բարելավմանը, այսուհանդերձ, այժմ մենք պետք է արագացնենք հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման գործընթացը հասարակությունում»,- նշեց տկն Պուարեն ՄԱԿ-ի Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված հավաքին:

«Անհրաժեշտ է լուծել հաշմանդամություն ունեցող երեխաների գրանցման խնդիրը: Նրանց մասին տեղեկատվությունը պետք է առկա լինի երեխաների բարեկեցությամբ և սոցիալական պաշտպանությամբ զբաղվող ծառայություններում: Հասարակությունը պետք է ընդունի այդ երեխաներին, այլ ոչ թե լռի իրենց գոյության մասին», -ավելացրեց տկն Պուարեն:

«Երեխաների իրավիճակը աշխարհում» զեկույցում նախանշված են կառավարությունների, մասնավոր սեկտորի, միջազգային դոնորների և գործակալությունների, խորհրդարանականների և այլ շահագրգիռ կառույցների համագործակցության ուղիները՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների առավել արդյունավետ լուծման նպատակով: Զեկույցի հեղինակները կոչ են անում բոլոր պետությունների կառավարություններին  ստորագրել, վավերացնել և արդյունավետ իրականացնել Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հռչակագիրը /ՀՈՒԱԻՀ/:

2013թ. դրությամբ 128 աշխարհի պետություններ, ներառյալ Եվրամիությունը, ստորագրել են ՀՈՒԱԻՀ-ին:  Մեր տարածաշրջանում 15 պետություններ վավերացրել են այս հռչակագիրը: Վրաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը և Ուզբեկիստանը ստորոգրել, սակայն չեն վավերացրել այդ համաձայնագիրը, իսկ Բելառուսիան և Տաջիկիստանը չեն ստորագրել այն:

Բացի հռչակագրի վավերացումից  ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջարկում է հետևյալը՝

  • Վերացնել ներառման ճանապարհին կանգնած խոչընդոտները. Այս հարցը պահանջում է հասարակության հանդեպ վերաբերմունքի փոփոխություն: Այն փաստի ընդունումը,  որ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքում, իրենց  կարծիքն ունենալ, կօգնի ոչ միայն այդ երեխաներին, այլև կնպաստի ընդհանուր առմամբ հասարակության բարելավմանը, ինչպես նաև թույլ կտա յուրաքանչյուր մարդու ընդունել աշխարհն իր ողջ բազմազանությամբ և հանդուրժողականություն սերմանել: 2010թ. սեպտեմբերին, Չերնոգորիայում մեկնարկեց «Ամենքը կարող են» քարոզարշավը, որը ցույց տվեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաները կարող են հասարակության ակտիվ անդամներ լինել: Այդ քարոզարշավի իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաներին ինչպես իրենց հավասարը ընդունող մարդկանց թիվն ավելացավ 18%-ով:
  • Ճշգրիտ և համադրելի տվյալների հավաքագրում  Դա անհրաժեշտ է բոլոր երեխաների իրավունքների ապահովման և նրանց ներառման հարցում պլանավորման և ֆինանսական գործունեության իրականացման համար: Հասարակությունը չի կարող արդար համարվել, մինչդեռ բոլոր երեխաները չինտեգրվեն հասարակական կյանք, մինչդեռ հաշմանդամություն ունեցող երեխաները չդառնան իրենց հասարակության տեսանելի և ակտիվ անդամներ: Նախկին հարավսլավականՄակեդոնիայիհանրապետությունում միջոցներ են ձեռնարկվում տվյալների հավաքագրման և վերլուծության ուղղությամբ՝ նպատակ ունենալով առավել հիմնավորված որոշումներ ընդունել ծառայությունների մատուցման մասին որոշումների կայացման գործում, որոնք անհրաժեշտ են բոլոր երեխաների համար, այդ թվում և հաշմանդամություն ունեցող երեխաների: Հետազոտության արդյունքում վերհանված անհավասարությունները հանգեցրին այդ խնդիրների լուծման գործընթացում դպրոցների ակտիվ ներգրավման համար գործողությունների պլանի մշակմանը:
  • Վերջ դնել հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամքի հաստատություններ տեղավորելուն՝ արգելելով նոր երեխաների ընդունումը հաստատություն. ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարությունների հետ համատեղ աջակցում է ընտանիքներին, որպեսզի կանխարգելվի երեխաների իրենց ծնողներից բաժանումը և մինչև երեք տարեկան երեխաների տեղավորումը հաստատություն: Մեր տարածաշրջանի 600 հազար  խնամքի հաստատություններում ապրող երեխաների մեծ մասն ունի հաշմանդամության այս կամ այն տեսակը: Զեկույցում ներկայացված է Սերբիայի փորձը, որը2001թ. մեկնարկեց երեխայի խնամքի համակարգի լայնամասշտաբ բարեփոխումներ: Երկրում ընդունվեց նոր օրենք, որտեղ առաջնային նշանակություն էր տվրում հաստատությունների բեռնաթափմանը և խնամատար ընտանիքներում դաստիարակմանը: Սերբիան նույնպես հաստատեց իր պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամքի հաստատություններից ընտանիք վերադարձնելով: 2012թ. սկսած Բելառուսիայում հաշմանդամություն ունեցող երեխային վճարվող նպաստը համապատասխանում է նվազագույն կենսամակարդակի չափին: Անցյալ տարի Բուլղարիայում տեղի ունեցավ միջկառավարական համաժողով, որի  ընթացքում տարածաշրջանի 20 երկրների կառավարություններ ամուր քաղաքական կամք դրսևորեցին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մայրերի կողմից լքվող մանուկների և հաստատություն տեղավորվող  մինչև երեք տարեկան երեխաների թիվը նվազեցնելու համար, ինչպես նաև որպեսզի որքան հնարավոր է մեծ թվով հաշմանդամություն ունեցող երեխաներ ապրեն իրենց ընտանիքներում: 
  • Ապահովել հաշմանդամություն ունեցող երեխաների հաշմանդամության բացահայտումը և նրանց համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը,  որպեսզի այս երեխաները կարողանան լիովին բացահայտել իրենց ներուժը: Փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի շատ երկրներում 0-ից 3 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների համար համապատասխան ծառայություններն ու մասնագիտացված բժշկական օգնությունը մատչելի չէ: Թուրքիայում մանկաբուժական բաժանմունքներ են ստեղծվել երեխայի զարգացման համար, որոնք հասցեական աջակցություն են ցուցաբերում ընտանիքներին:  Տարածաշրջանի ութ երկրներում միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված առաջնային բուժօգնության ծառայության և տունայցերի դերի ամրապնդման համար, ինչը թույլ կտա ժամանակին բացահայտել զարգացման հապաղումներով երեխաներին և նրանց ու իրենց ընտանիքներին համապատասխան աջակցություն տրամադրել: 
  • Բոլոր երեխաներին ապահովել իրենց բնակության վայրում դպրոց հաճախելու հնարավորություն, որպեսզի  հաշմանդամություն ունեցող երեխաները հնարավորություն ունենան հաճախել նույն դպրոցը, ինչպես իրենց հասակակիցները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրանք ստանան լրացուցիչ անհատական աջակցություն:  Չերնոգորիայում իրարականցված տեղեկատվական արշավը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավումը  ներառական կրթության զարգացման գործում, հանգեցրին ներառական դպրոցների պահանջարկի աճին: Ներկայումս նախկին հարավսլավական Մակեդոնիայիհանրապետությունում իրականացվում է ազգային կրթական ծրագիր ուսուցիչների համար, որը լիովին համապատասխանում է աշխարհով մեկ ընդունված հաշմանդամության «սոցիալական մոդելին»:Վերապատրաստումներ են իրականացվում ուսուցիչների շրջանում երեխաների հատուկ կարիքների վերհանման և գնահատման վերաբերյալ՝ հետագա անհատական կրթական ծրագրերի մշակման համար:  Սերբիայում ավելի ու ավելի մեծ թվով դպրոցներ են բացում իրենց դռները հաշմանդամություն ունեցող առաջին դասարանի երեխաների համար: