Խնամատար ընտանիքը` արդյունավետ այլընտրանք մանկատանը

OLYMPUS DIGITAL CAMERAԳեղարքունիքի մարզի բնակիչ Շողիկ Թադևոսյանն ու ամուսինը` Ջոնը, երկու տղա ունեն, որոնք արդեն ամուսնացել են և իրենց երեք թոռ պարգևել:  Ամուսիններով միշտ ցանկացել են աղջիկ ևս ունենալ, բայց չեն ունեցել: Երբ 2005-ին լսեցին, որ կարող են մանկատան որևէ երեխայի համար խնամատար ընտանիք դառնալ, անմիջապես համաձայնեցին:

«Այն ժամանակ տղաներս դեռ պսակված չէին, համաձայնեցին, թե քույր չենք ունեցել, թող մեզ քույր լինի: Բոլորով որոշեցինք ու աղջկան մեզ մոտ վերցրեցինք»,- պատմում է տիկին Շողիկը` հավելելով, որ իրենց բնակավայրից այլ ընտանիքներ ևս խնամատար ընտանիք դառնալու ցանկություն հայտնել են, բայց միայն իրենք են մինչև վերջ գնացել:

Աղջիկը 2006-ից Թադևոսյանների ընտանիքում է ապրում, աստեղից է դպրոց գնացել: Այս տարի փոխադրվեց 6-րդ դասարան: Տիկին Շողիկը պատմում է, որ դասերը միասին են անում, որ առարկաներից որ երեխան դժվարանում է` ինքն է օգնում:

Խնամատար ընտանիքը երեխայի կենսաբանական ընտանիքի հետ կապը պահպանում է, ամառային արձակուրդներին աղջնակը տատիկին հյուր է գնում մեկ-երկու ամսով, իսկ հետո էլի վերադառնում խնամատար ընտանիք, որն արդեն հարազատ է դարձել:

Տիկին Շողիկն ասում է, որ իրենց որոշման համար ոչ մի վայրկյան չեն զղջացել, դեռ ավելին, երեխայի չափահաս դառնալուց հետո իրենց առանց նրա չեն պատկերացնում: «Մեր երեխայի պես պահում ենք: Մի քիչ չար է, բայց դե երեխա է, մեր երեխան է: Այսպես գիտենք, որ մի լավ բան ենք արել, դա ամենամեծ բանն է մեզ համար,- ասում է տիկին Շողիկը:- Խորհուրդ կտամ բոլոր ընտանիքներին հնարավորության դեպքում  մի երեխայի խնամատարություն անել: Որ գիտես, մի երեխա էլ մանկատնից կփրկես, արդեն իսկ մեծ բան է: Շատ լավ ծրագիր է»:

Տիկին Շողիկը պատմում է, որ մինչ երեխային տուն բերելը երկարատև վերապատրաստումներ են անցել: Բացի այդ, սկզբում շուտ-շուտ ստուգումների էին գալիս: Բայց հիմա այլևս տարին մեկ անգամ են գալիս: Իրենց, օրինակ, ֆինանսների նախարարության ներկայացուցիչը և երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժնի ներկայացուցիչը մի ամիս առաջ են այցելել` աղջկա տատիկի մոտ գնալուց առաջ:

Խնամատար ընտանիքի մոդելն իրեն արդարացրել է, բայց

Խնամատար ընտանիքների փորձնական ծրագիրը` «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով, մեկնարկել է 2005-ին, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ  այն իրականացրել է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը:  Ծրագրի հիմնական նպատակն է, որ երեխան մեծանա ընտանիքում, ոչ թե որևէ հաստատությունում, միաժամանակ պահպանելով կապը կենսաբանական ընտանիքի հետ:

Փորձնական ծրագիրն իրականացվել է Լոռու և Գեղարքունիքի մարզերում: Բոլոր համայնքերում ծրագրի մասին իրազեկում է իրականացվել: Մանկատան երեխաներից  մեկի խնամքը ստանձնել ցանկացող ընտանիքների ուսումնասիրություն է կատարվել, և ընտրվել են ընտանիքներ, որոնք առավելագույնս համապատասխանում են պահանջներին: Ամենակարևոր պահանջներից է, որ ընտանիքը կայուն ֆինանսական եկամուտ ունենա և կախված չլինի երեխայի խնամատարության համար վճարվող 70-80 հազար դրամից: Ընտանիքների վերապատրաստումներ են իրականացվել. իրավաբանական, որ իմանան, թե ցանկացած խնդրի դեպքում ուր կարող են  դիմել, հոգեբանական, որ իմանան, թե հնարավոր այս կամ այն իրավիճակում իրենց ինչպես պահեն: Երեխաներին, սակայն, ընտրել են ոչ թե ընտանիքները, այլ մասնագետներն են որոշել, թե կոնկրետ երեխայի կարիքներին որ ընտանիքն է առավել բավարարում:

Ծրագիրն ամբողջությամբ պետությանն է հանձնվել 2010-ից: Այժմ խնամատար ընտանիքներում է գտնվում 25 երեխա:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի տվյալներով` իրենց կողմից խնամատար ընտանիքներ ուղարկված երեխաներից 9-ը ներկայումս գտնվում են խնամատար ընտանիքում, ևս 6-ը 18 տարին լրանալուց հետո էլի խնամատար ընտանիքում են գտնվում (պետությունը 18 տարին լրանալուց հետո ընտանիքին որևէ կերպ չի աջակցում, չի վերահսկում), 10-ը վերադարձել են կենսաբանական ընտանիք, 2-ը վերադարձել են մանկատուն, իսկ 4-ը 18 տարին լրանալուց հետո այլ հաստատություններ են տեղափոխվել:

ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի խնամատարության ծրագրի սոցիալական աշխատող Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանն ասում է, որ Հայաստանում խնամատար ընտանիքի մոդելն իրեն արդարացրել է. «Ունեցանք դեպքեր, երբ երեխան մնաց խնամատար ընտանիքում, աշխատեցինք կենսաբանական ընտանիքի հետ, և երեխան վերադարձավ կենսաբանական ընտանիք, ունեցանք դեպքեր, որ մինչև 18 տարեկանը երեխային պահեց խնամատար ընտանիքը, քանի որ օրենքով մինչև 18 տարեկանն է նախատեսված պահել, և հիմա էլ շարունակում է պահել այդ երեխային առանց պետությունից որևէ աջակցություն ստանալու: Բայց ինքն իր առջև բարոյական պատասխանատվություն է  զգում: Ունենք ընտանիք, որ պատրաստվում է այդ երեխային բանակ ուղարկել, ունենք ընտանիք, որ ասում է` մինչև աղջկան չամուսնացնի ու օժիտ էլ չտա, իր տնից դուրս չի հանի:  Իհարկե, եղան նաև դեպքեր, երբ դա երեխայի համար այնքան էլ լավ տարբերակ չէր»:

Տեր-Հովհաննիսյանն ասում է, որ առաջին հայացքից գուցե տարբերություն չկա` երեխան ժամանակավորապես խնամատար ընտանիքում է, թե մանկատանը, սակայն իրականում տարբերությունը մեծ է. «Խնամատար ընտանիքը երեխային սովորեցնում է լինել ընտանիքի մարդ: Օրինակ` ծնողը երեխային չի սովորեցնում, որ կարտոֆիլը նախ պետք է լվանալ, կեղևահան անել, նոր խաշել կամ տապակել: Երեխան դա սովորում է տեսնելով: Հաստատությունում երեխան զրկված է դրանից, նա միանգամից պատրաստի արդյունքն է տեսնում: Ընտանիքում երեխան սովորում է, թե որն է հայր լինելը, մայր լինելը, ինչ է նշանակում ճիշտ ծնող լինել, հարաբերվել տատիկ-պապիկի կամ քրոջ, եղբոր հետ»:

Նա  պատմում է, թե ինչպես է երեխաներից մեկը զարմացել, երբ խնամատար ընտանիքում մայրը հարցրել է, թե ինչ կուզի ուտել, ապա առաջարկել է որոշել` ձվածե՞ղ պատրաստի, թե՞ ձուն խաշի: Մանկատանն ուտում են այն, ինչ տալիս են, ընտրության հնարավորություն չկա:«Երբ տեսնում ես, որ երեխան ընտանիքում իրեն լիարժեք է զգում, ապահով է, իր մասին հոգ են տանում ու սիրում, էլ էդ 70-80 հազարի մասին չես մտածում»,- ասում է Տեր-Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով` ծրագիրը համապետական մակարդակով իրականացնելու դեպքում բավարար քանակությամբ ընտանիքներ կհավաքվեն, եթե իրազեկում կատարվի, ինչպես փորձնական ծրագրի դեպքում :

Սակայն, եթե  փորձնական ծրագրի ժամանակ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը ընտանիքներին սոցիալական աշխատողի ծառայություն է մատուցել, ապա այժմ պետությունը նման ծառայություն չի մատուցում, ընդամենը ընտանիքներին սահմանված ամենամսյա գումարն է հատկացնում: Ընտանիքներն էլ, հարկ եղած դեպքում էլի ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն են դիմում, խորհուրդ հարցնում: Տեր-Հովհաննիսյանի կարծիքով` առանց համապատասխան աջակցության և վերահսկողության` ծրագիրն ի վերջո կձախողվի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը ևս կարծում է, որ խնամատար ընտանիքի մոդելն իրեն արդարացրել է, բայց…

Խնամատար ընտանիքների թիվը, ըստ Ղազարյանի, չեն ավելացնում, քանի որ չունեն վերահսկողության հնարավորություն այդ ընտանիքներում: «Եթե երեխան հաստատությունում է, ապա նրա խնամքի կազմակերպման համար բավական ռեսուրսներ կան, վերահսկողությունն էլ տարբեր գերատեսչություններ են իրականացնում, մոնիթորինգ  է կատարվում: Խնամատար ընտանիքում վերահսկողությունը վերապահվում է համայնքին, իսկ համայնքում  դեռևս համայնքային սոցիալական ծառայությունը չունի մարդկային և  ֆինանսական ռեսուրսներ, որ ապահովի անհրաժեշտ  մոնիթորինգը և վերահսկողությունը»:

Մարգարիտա Տեր-Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, խնամատար ընտանիքի վերահսկողությունը բարդ չէ, եթե լինի համապատասխան ծառայություն. «Ասում են, որ մանկատունը բաց է, և կարող են գնալ ու տեսնել երեխայի որպիսությունը: Բայց ե՞րբ գնացիր խնամատար ընտանիք ու  չտեսար»:

Ըստ Ղազարյանի` սա չի նշանակում, որ  մերժում ենք խնամատարության ինստիտուտը, բայց մեր ազգային մտածողությանը շատ ավելի մոտ է խնամակալության ինստիտուտը:

Ընթացքի մեջ է ինտեգրացված սոցիալական ծառայություններին անցման գործընթացը: Նախատեսվում է,որ մեկ-երկու տարվա ընթացքում ծառայությունը կկայանա, այսինքն` կլուծվի համայնքի մակարդակում խնամատար ընտանիքների վերահսկողության խնդիրը: Հարցին, թե դրանից հետո արդյոք նախարարությունը կընդլա՞յնի խնամատար ընտանիքների կազմը, Ղազարյանը պատասխանում է. «Ես կարծում եմ, որ դա լուրջ մասնագիտական քննարկման խնդիր է, խնամատար ընտանիքի մոդելը զարգացման կարիք ունի մեթոդաբանության տեսակետից, օրենսդրական տեսակետից»:

Հարցին, թե ինչ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, պատասխանում է` անհրաժեշտ օրենսդրական փոփոխության:

Ինչո՞ւ պետությունը չի ցանկանում գումար խնայել

Նշենք, որ ըստ հետազոտությունների` մեկ երեխայի խնամքը մանկատանը տարեկան արժե մոտ 6 հազար դոլար, խնամքի և պաշտպանության հաստատություններում`  մոտ 3500 դոլար,  խնամատար ընտանիքում` 2500 դոլար, խնամակալ ընտանիքում` 0 դրամ:

Ներկայումս Հայաստանում գործում է 6 մանկատուն, որտեղ 718 երեխա է ապրում, երեխաների խնամքի և պաշտպանության 8 գիշերօթիկ հաստատություն, որտեղ 730 երեխաներ են գտնվում,  սոցիալական հոգածության   3 կենտրոն, որտեղ 300 երեխաներ են խնամվում, Ժամանակավոր խնամքի մեկ կենտրոն, որտեղ 13 երեխա է ապաստանել:

Խնամատար ընտանիքում երեխային մեծացնելը  պետությանը պետք է որ շահավետ լիներ, քանի որ առնվազն կրկնակի էժան է, բացի այդ, երեխան ընտանիքում է մեծանում, ինչը երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է:

Tags: , , ,