Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի առջև այսօր առավոտյան հանդիպել է բողոքի ակցիա անցկացրած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, ովքեր բարձրացրել են իրենց աշխատավարձերի վճարման հարցը: Հովիկ Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է կազմել 20 աշխատակցից բաղկացած պատվիրակություն և հանդիպել իր մոտ:
Կառավարության նիստից հետո վարչապետն ընդունել է «Նաիրիտ»-ի աշխատակիցներին, լսել նրանց խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Անկաշկանդ զրույցի ընթացքում քննարկվել է ինչպես աշխատավարձերի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի հարցը: Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ գալիք շաբաթվա ընթացքում աշխատակիցները կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը և նշել, որ մինչ օգոստոսի վերջ մանրամասն կուսումնասիրվի «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և կմշակվեն դրանից դուրս գալու հնարավոր քայլերը:
Վարչապետը խոստացել է կրկին ընդունել նաիրիտցիներին և նրանց ներկայացնել կառավարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
Անկախ
Tag Archives: նաիրիտ
Ահարոն Ադիբեկյանը «Նաիրտի» փակման մեղքը Ղարաբաղ կոմիտեինն է համարում
«Նաիրիտի» վերբացելը բավականին մեծ խնդիր է, որովհետև հումքը շատ թանկ է: Խնդիրը նաև գազի գինն է, ու քանի որ Ռուսաստանն է վերցնում իր վրա վերաբացելու հարցը, գուցե գազի գինը նվազեցնի, և կաուչուկ արտադրելը շահավետ դառնա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Այս առումով Ահարոն Ադիբեկյանը խելամիտ քայլ է համարում ՀՀ կառավարության ղեկավարի «Ռուսնևթի» հետ կնքած պայմանագիրը:
«Լավ է, որ մենք մեր մասնագետներին չենք կորցրել: Այդ 600 աշխատակիցներն այստեղ են: Եթե այս նախագիծն իրականություն դառնա, մենք կունենանք աշխատատեղեր, և արդյունաբերությունը կաշխատի: Մնում է ռուսները գիտակցեն, որ քաղաքական ու ռազմավարական առումով «Նաիրիտը» կարևոր գործարան է»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով` մենք երկու ձեռքով պետք է կողմ լինենք «Ռուսնևթի» հետ կնքած համաձայնագրին, նույնիսկ հարկային արտոնություններ տանք, որ նրանք կարողանան աշխատեցնել:
«Ե՛վ Ռուսաստանը, և՛ Չինաստանը չեն կարողանում նման քիմիական գործարանն այնպես աշխատեցնել, որ պայթյուններ չլինեն: Միայն հայերն են կարողանում նման գործարան շահագործել, գաղտնիք է, ոչ մեկին չեն ասում»,-ասում է Ահարոն Ադիբեկյանը:
Հարցին` արդյո՞ք ամբողջ հզորությամբ կաշխատի գործարանը, և ի՞նչ կլինի այսօրվա աշխատակիցների 15 ամսվա աշխատավարձերի հետ, սոցիոլոգը պատասխանեց. «Պետք է պայմանագրի մեջ լինի պարտքը փակելու պահանջը: Այսօր դժվար է որոշել, թե քանի մարդ կաշխատի, քանիսը ոչ, որովհետև այդ ամենը կախված է շուկայի պայմաններից»: Ահարոն Ադիբեկյանը «Նաիրտի» փակման մեղքը Ղարաբաղ կոմիտեինն է համարում: «Երբ խոսք գնաց փակելու մասին, Նիկոլայ Ռիժկովն ասաց՝ ինչ ուզում եք արեք, բայց «Նաիրիտը» մի փակեք: Բայց Ղարաբաղ կոմիտեն լծվել էր մեր տունը քանդելուն ու փակում էր բոլոր ռազմավարական օբյեկտները: Իսկ մինչ այդ քիմիան շատ զարգացած էր Հայաստանում, մենք առաջին արհեստական կաուչուկ արտադրողն էինք Խորհրդային Միությունում»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը:
« «Նաիրիտն» ամբողջությամբ կարող է աշխատել իրանական գազով». Վազգեն Սաֆարյան
Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Նաիրիտ» գործարանն ամբողջությամբ կարող է աշխատել իրանական գազով: Իրանի հետ կարելի է պայմանավորվել բարտերային մեխանիզմի` «գազ կաուչուկի դիմաց» սկզբունքով:
Նրա խոսքով՝ «Նաիրիտի» վերագործարկման դեպքում կօգտագործվի տարեկան 100-120 մլն խմ գազ, ինչն այնքան էլ շատ չէ:
«Գազի փոխարեն մենք Իրանին կտանք «Նաիրիտում» արտադրված կաուչուկը: Իսկ մնացած արտադրանքը կարող ենք վաճառել միջազգային շուկաներում: Ներկայումս աշխարհում ընդամենը 6 այդպիսի գործարաններ կան, որոնք սինթետիկ քլորոպրենային կաուչուկ են արտադրում: Իսկ մեր գործարանն այժմ կորցնում է իր դիրքերն աշխարհում»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:
Ըստ նրա` իրանական գազ օգտագործելու դեպքում միջոցները կբավարարեն «Նաիրիտը» վերազինելու և ընկերության ունեցած պարտքերը, այդ թվում աշխատավարձի, մարելու համար:
Անդրադառնալով երկրապահների համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո կարելի է սպասել պղինձի և ծծմբաթթվի արտադրության վերականգնման:
«Ուրախ եմ, որ նախագահը անհրաժեշտ է համարում երկրում ունենալ ռաֆինացված պղնձի արտադրություն, որի մասին մենք երկար տարիներ խոսել ենք: Մենք արդեն տարեկան 80 հազար տոննա կոնցենտրատ ունենք, որոնք անհրաժեշտ են մաքուր պղինձը հալեցնելու համար»,-ասաց Հայրենական արտադրողների միության նախագահը:
«Նաիրիտը» չի գործում, բայց աշխատակիցները դեռ հավատում են, որ այն կվերագործարկվի
Կաուչուկ արտադրող երեւանյան գործարանն արդեն ապրել է իր դարը, սակայն «Նաիրիտի» աշխատակիցները դեռ հույս ունեն, որ այն կրկին կսկսեն շահագործել:
Արփի Բեգլարյան, Կովկաս
Կովկասյան լրատու # 688
18-ը մայիսի, 2013թ.
Երբեմնի հզոր «Նաիրիտ» գործարանը, որն ունի մոտ 3000 աշխատող, 2010թ-ից չի աշխատում, արտադրանք չի տալիս, բայց աշխատակիցները շարունակում են աշխատանքի գնալ, չնայած աշխատավարձ ստանալու հույս էլ չունեն:
«Արդեն երրորդ տարին է, որ «Նաիրիտը» կանգնած է, չի աշխատում ու աշխատողների 70%-ը 2/3 աշխատավարձով նստած է տանը: Նրանց 2/3-ի չափով աշխատավարձ է գրվում ու նրանք ստիպված պարապուրդի են մատնվում, մնում են տանը: Մնացած 30%-ն աշխատանքի են գնում, որ քիմիական գործարանը նորմալ վիճակում պահվի՝ ոչինչ չփչանա, չգողանան, հետո նյութեր կան, որոնք պետք է պահպանված լինեն, որ շրջապատին էլ վնաս չտան: Այդ 30%-ին աշխատավարձ տրվում է 100%-ով, բայց ուշացումներով՝ 40 օրը մեկ, երկու ամիսը մեկ», – պատմում է 1972թ-ի հոկտեմբերից մինչ օրս առանց ընդմիջման «Նաիրիտ» գործարանի ացետիլենի արտադրությունում հերթափոխի վարպետ Սերժիկ Բեժանյանը:
Գործարանի աշխատակիցներն ապրիլի 29-ին հերթական ցույցն էին անցկացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել 10 ամսվա չվճարված աշխատավարձը: Սա «Նաիրիտի» աշխատակիցների նմանատիպ առաջին բողոքը չէր: 11 ամսվա չվճարված աշխատավարձը վճարելու պահանջով նրանք կառավարության շենքի դիմաց հավաքվել էին նաեւ 2012թ-ի նոյեմբերին:
Դեռ նոյեմբերի բողոքի ցույցի ժամանակ, աշխատողներին, ինչպես եւ այս անգամ, խոստացել էին հաջորդ օրը վճարել մեկ, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ երկրորդ ամիսների աշխատավարձերը: Ավելին, նախագահական նստավայրում աշխատակիցներին խոստացել էին մինչեւ նոյեմբերի 25-ը լուծել գործարանի գործարկման հարցը:
«Չորս-հինգ անգամ արդեն եղել ենք նախագահական նստավայրի առաջ, ամեն բողոքից հետո մի երկու ամսվանը տվել են ու հետո նորից երկար ժամանակ չեն տվել: Վերջին անգամ արդեն գնացինք կառավարություն, այնտեղ խոստացան, որ մեկ օր անց կտան: Տվեցին: Այս անգամ ստացա անցած տարվա`2012թ. մայիսի աշխատավարձը: Եթե հնարավոր էր այդ գումարը տալ, ինչո՞ւ չէին տալիս, եթե պարտք էին վերցնելու, էլի թող վերցնեին… չենք հասկանում, թե ինչ է կատարվում»,- ասում է Սերժիկ Բեժանյանը:
Արհեստական կաուչուկ արտադրող երեւանյան «Նաիրիտ» գործարանը հիմնադրվել է 1940թ-ին: Գործարանը ԽՍՀՄ երկրներին եւ ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք: «Նաիրիտը» Անկախ պետությունների համագործակցության եւ Արեւելյան Եվրոպայի տարածքում քլորոպրենային կաուչուկների եւ լատեքսների միակ արտադրողն էր:
Կառավարության հաշվարկներով`«Նաիրիտի» վերազինման եւ վերագործարկման համար անհրաժեշտ է 512 միլիոն դոլար, որից 146-ը պետք է ուղղվի պարտքերի մարմանը, իսկ 366-ը` գործարանի արդիականացմանը:
Դեռ 2006 թվականին «Նաիրիտի» բաժնետոմսերը հանձնվեցին Rhinoville Property Limited անվանմամբ օֆշորային ընկերությանը, որն այդ բաժնետոմսերը գրավ դրեց ԱՊՀ միջպետական բանկում, վարկ վերցրեց ու վճարեց ՀՀ կառավարությանը: Մի քանի տարի հետո պարզվեց, սակայն, որ չնայած գործարանը գործում էր, նրա պարտքն ավելի է մեծացել, դառնալով ավելին, քան բաժնետոմսերի գինն էր: Rhinoville Property Limited-ն այդպես էլ չփակեց ԱՊՀ միջպետական բանկից վերցրած վարկը, ինչի հետեւանքով «Նաիրիտի» բաժնետոմսերը դարձան այդ բանկի սեփականությունը:
2009թ. «Նաիրիտում» խոշոր պայթյուն տեղի ունեցավ, որից հետո գործարանն այդպես էլ մինչեւ վերջ չվերագործարկվեց: 2011թ.-ին «Նաիրիտի» նոր օպերատոր ընտրելու համար մրցույթ հայտարարվեց: Մրցույթում հաղթեց գերմանական C.A.C ընկերությունը, որը որոշ ժամանակ անց անհայտացավ:
«Նաիրիտ» գործարանի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալը շատ դժվար է։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը նշել է, որ գործով զբաղվում է հենց նախարարը՝ Արմեն Մովսիսյանը։
Իր վերջին՝ ապրիլի 15-ի հարցազրույցում նախարարը, այդուհանդերձ, հնարավոր է համարել ու չի բացառել, որ «Նաիրիտ» գործարանի սեփականատեր առաջիկայում կարող է դառնալ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունը։
«Նախապես ներդրումային առաջարկ «Ռոսնեֆտ»-ը չի ներկայացրել։ «Ռոսնեֆտը» նոր է սկսել։ «Ռոսնեֆտ»-ն աշխարհի ամենահզոր ընկերություններից մեկն է: Եթե նրանք այսօր ցանկություն են հայտնել ուսումնասիրելու Հայաստանի էներգետիկ դաշտը՝ համարելով, որ կարելի է նաեւ այստեղ ծավալվել, դա ՀՀ-ի համար բավական մեծ հաջողություն է»,– ասել է Ա.Մովսիսյանը www.1in.am էլեկտրոնային պարբերականի թղթակցի հետ հարցազրույցում:
Մինչ այս, էներգետիկայի նախարարությունը «Նաիրիտ» գործարանում ներդրումներ կատարելու երեք ընկերությունների առաջարկներ է քննարկել, սակայն, որոնք են այդ ընկերությունները, նախարարը հրաժարվել է պարզաբանել։
Միաժամանակ, ռուսական ԶԼՄ-ներից «Իզվեստիա» պարբերականում տեղ գտած հրապարակման համաձայն`Ռուսաստանը համաձայնել է «ԵվրԱզէՍ» հիմնադրամից 400 միլիոն դոլարի վարկ հատկացնել «Նաիրիտի» արդիականացման համար:
Սակայն անգամ հնարավոր ներդրողների առկայության դեպում, դեռեւս անհայտ է`կկարողանա արդյո՞ք «Նաիրիտը» վերագտնել իր տեղը ժամանակակից համաշխարհային շուկայում, եւ որքան գումար կպահանջվի այն պատշաճ մակարդակի հասցնելու համար:
«Գործարանը տարեց տարի կորցնում է իր արտադրանքի մասով գրավչությունը, ինչպես նաեւ ազդեցությունը համաշխարհային շուկայում, եթե նախկինում ունեինք գերիշխող դիրք, ապա այսօր եւ՛ կաուչուկի մասով, եւ՛ մյուս արտադրատեսակների, շատ ավելի նվազ մրցունակ ենք ու պահանջարկ կարող ենք ունենալ, որովհետեւ չինական ընկերությունները համաշխարհային շուկայում բավական լուրջ եղանակ են ստեղծում»,- կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Տնտեսագետի կարծիքով, նույնիսկ եթե գործարանը բերվի կատարյալ վիճակի, այն արդեն կորցրել է շուկաների զգալի մասը, այդ պատճառով պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն ներքին, այլեւ արտաքին գործոններին, որոնք պայմանավորում են գործարանի աշխատանքի արդյունավետությունը: Ըստ նրա, ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով հնարավոր կլինի գրավիչ ու շահութաբեր բիզնես պլան կազմել, այսօրվա իրավիճակից ելնելով, եւ շահագրգռել պոտենցիալ ներդրողին:
«Շահավետ բիզնես պլանի ներուժ գործարանն ունի,- այդուհանդերձ կարծում է Թ.Մանասերյանն ու հավելում, – Բայց դա շատ կարճ ժամանակահատվածի խնդիր չէ, այսինքն` արագ լուծման խնդիր չէ: Դրանք կարող են լինել արդյունաբերական հսկաներ կամ միջազգային կորպորացիաներ, որոնց համար ռիսկի գործոնն արդարացված կլինի եւ երկար տարիների ընթացքում կարող են իրենց թույլ տալ ներդրումներ անել, որոնց արդյունքները ոչ թե շուտ կերեւան ու միանգամից շահույթներ կբերեն, այլ կամաց-կամաց»:
Սակայն գործարանի վարպետ Սերժիկ Բեժանյանը պնդում է,որ իրենք բազմիցս են լսել «Նաիրիտի» հետ կապված հնարավոր գործարքների մասին:
«Մեզ ամեն անգամ խոստանում են, որ բանակցություններ են ընթանում ու կգա ժամանակ, որ գործարանը նորմալ կաշխատի: Անգլիայից եկան նայեցին գործարանը, Ռուսաստանից, հույս ունենք, որ այն կաշխատի, բայց երբ՝ չգիտենք: Վերջին անգամ ասացին, որ երեք ամսից պարզ կլինի կաշխատի՞, թե ոչ», – ցավով նշում է նա:
Չնայած գործարանի աշխատանքային անձնակազմը պահպանվում է, տնտեսագետ Մանասերյանը մտահոգվում է, որ «Նաիրիտի» համար կարեւորագույն նշանակություն ունեցող մասնագետները լքում են Հայաստանը:
«Պետք է հաշվի առնել հատկապես ինժեներատեխնիկական կադրերը, որոնցից շատերն արդեն Հայաստանում չեն: Կադրերի արտահոսքը նոր խնդիր չէ, բայց եղած մասնագետներին պահելու, հատկապես լավ մասնագետներ պատրաստելու համար նպատակային ծրագրեր են անհրաժեշտ ու համոզմունք եղած աշխատողների մոտ, որ իրենք կպահպանեն իրենց տեղը: Սա բավական լուրջ խնդիր է»,- նշում է նա:
Արփի Բեգլարյանը emedia.am լրատվական կայքի թղթակիցն է:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից։ www.iwpr.net