Իրանը և Հայաստանը կհամագործակցեն քաղաքաշինության բնագավառում

քաղաքաշինություն

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  շնորհավորել է Ն. Սարգսյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Դեսպանը նշել է, որ թեպետ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում հստակ սահմանված դրույթներ կային քաղաքաշինության բնագավառում երկու երկրների համագործակցության շուրջ, այդ թվում՝ սեյսմակայուն շինարարության նախագծման, շենքերի վերականգնման ու սեյսմազինվածության բարձրացման նորագույն եղանակների, ուսուցողական դասընթացների և գիտական սեմինարների կազմակերպման, ինչպես նաև՝ երկու երկրների պատասխանատուների և մասնագետների փոխայցելությունների վերաբերյալ, սակայն  այդ համատեքստում ակնառու արդյունքներ դեռևս չեն գրանցվել:

Ն. Սարգսյանը նշել է, որ ծանոթ է միջկառավարական հանձնաժողովների կողմից իրականացված աշխատանքներին և վստահ է, որ երկուստեք շահագրգռությունների առկայության պարագայում միայն համագործակցությունն արդյունք կունենա: Նա կարևորել է հատկապես Իրանի հետ համագործակցությունը շինարարական նոր տեխնոլոգիաների բնագավառում, այն մտայնությամբ, որ այսօր Հայաստանում հրատապ խնդիր է ժամանակակից նյութերով կյանքի կոչելու սոցիալական բնակարանաշինությունը: Նա վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց գործնական հարաբերությունների արդյունքում արդեն կոնկրետ ծրագրեր կլինեն ներդրումային, գիտական, կրթական և նոր տեխնոլոգիաների մասով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռեիսին փոխանցել է ԻԻՀ ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարի ողջույները՝ շեշտելով քաղաքաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ իրանական կողմի պատրաստակամության մասին:

 

 

Քաղաքաշինության նախարարն այցելել է Դիլիջան

2_1215ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ կառավարության` մարզեր կատարվող այցերի շրջանակում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելել է Դիլիջան:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի ուղեկցությամբ նա այցելել է Դիլիջան քաղաքի շինհրապարակներ, ապա` քաղաքապետարանում անկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Հաշվի առնելով, որ Դիլիջանում այսօր զարգացման լուրջ ծրագրեր են իրականացվում, կարևորագույն խնդիր է դառնում Դիլիջանի տարածքային զարգացման և քաղաքի ճարտարապետական դիմագծի պահպանման խնդիրը: Այս համատեքստում  շրջայցի ընթացքում Դիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը քաղաքաշինության  նախարարին է ներկայացրել քաղաքի մի շարք կառուցապատման առաջարկներ:

1_DilijanՏեղում խնդիրներին ծանոթանալուց հետո Դիլիջանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ քաղաքաշինության նախարաը ներկայացրել է  այն հիմնական սկզբունքները և չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել կառուցապատման  խնդիրներին լուծում տալու ընթացքում:

Նախարարը նշել է, որ արդեն իսկ քաղաքաշինության նախարարությունում հանրապետության մի շարք քաղաքների համար մշակվում են նշված չափորոշիչները:

4-schoolՔաղաքաշինության նախարարը այցելել է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի առաջին փուլի ավարտական շինարարություն, Դիլիջանում կառուցվելիք նոր եկեղեցու հնարավոր հողահատկացման տարածք, Կենտրոնական բանկի հարակից, ինչպես նաև` բնակելի սեկտորի համար նախատեսվող տարածքներ:

 

«Քաղաքապետարանը այլանդակում է Երևանը»

10511069_10202507907760092_8391585880929527590_n“Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է Աշոտ Վարդանյանի կողմից արված մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են Սարյան-Բաղրամյան խաչմերուկի մայթին բանվորները ավազ շաղ տալիս, որպեսզի բետոն լցնեն:

Նախաձեռնությունն ահազագնում է.

“Սարյանի այգուն հարակից մայթն այլանդակվում է այն աստիճան համառությամբ, որ կասկած է առաջանում քաղաքապետարանի շենքում նստածները լուրջ խնդիր ունեն հանրային տարածքը սահմանելու և ընկալելու հետ։

10488066_10202507908760117_6329688182811465125_nԱյս <գավառականության> և <պայքարող տգիտության> պաշտոնյա-ներկայացուցիչները կրում են հանցագործության համար ամբողջ պատասխանատվությունը։ Վերից վար՝ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից, քաղաքապետ Տարոն Մարգարյանից մինչև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։

Պատասխանատվությունը հասցեական է”։

 

Անկախ 

«Ղալաթ եք արել». Լևոն Սարդարյանը՝ Նարեկ Սարգսյանին

Լևոն ՍարդարյանԼրագրող, քաղաքական մեկնաբան Լևոն Սարդարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նարեկ Սարգսյանն էսօր հայտարարել ա, թե իրենք Երևանն անճանաչելիորեն փոխել են: Հիմա որ ասեմ՝ ղալաթ եք արել, պիտի նեղաղա՞: Ղալաթ եք արել, որովհետև քաղաքն էս աստիճան կարող էին պղծել միայն էն մարդիկ, ովքեր Երևանի նկատմամբ անասնական ատելություն են տածում: Ղալաթ եք արել, որովհետև Երևանն էս տիպի կարող էին այլանդակել միայն էն մարդիկ, ովքեր Քոչարյանի խոսքը, թե «փողի վրա նստած՝ փող եք ուզում», ընկալեցին որպես քաղաքը ամայացնելու ու թալանելու հրահանգ: Իսկ հիմա էսքան «ղալաթ եք արել»-ից հետո Ռուստամյան Արմենի սիրած էն մի բառն էլ ասե՞մ, որ պատկերն ամբողջական դառնա: Գոնե էնքան նամուս ունեցեք, որ ձեններդ կտրած պահեք, ախր…»:

 

Անկախ

Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին

Վարչապետը ներկայացրել է առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներինՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:

11258_am_1Վարչապետ Աբրահամյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին նախարարներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ բարձր գնահատելով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրանց հետ ծավալված համագործակցությունը: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Դերենիկ Դումանյանի և Սամվել Թադևոսյանի մասնագիտական գիտելիքները և փորձը ապագայում ևս կծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը:
Այնուհետև ներկայացնելով ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նորանշանակ նախարարներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Արմեն Մուրադյանն աշխատել է առողջապահության ոլորտում, և համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջև դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք»: Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ են ժամանակ և ռեսուրսներ առկա բոլոր խնդիրները միասին հաղթահարելու համար:
«Նարեկ Սարգսյանը բանիմաց է այս ոլորտում, քաջատեղյակ է քաղաքաշինական բոլոր գործընթացներին, որոնք ընթանում են մեր երկրում: Համոզված եմ, որ նորանշանակ նախարարը պատկերացնում է իր անելիքները և հույս ունեմ, որ անպայման փորձելու է իր գիտելիքները, փորձը ներդնել և իրականացնել մեր պայմանավորվածությունները», – ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Մուրադյանին և Նարեկ Սարգսյանին առողջապահության և քաղաքաշինության նախարարների պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք:
Արդեն նախկին նախարարներ Դերենիկ Դումանյանը և Սամվել Թադևոսյանը շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին վստահության, նախարարությունների աշխատակազմերին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նորանշանակ նախարարներին:

 Անկախ

Նարեկ Սարգսյանը՝քաղաքաշինության նախարար

նարեկ սարգսյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար:

Նարեկ Սարգսյանի հերթական անիմաստ գաղափարը

հրապարակ (1)Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթն ի վերջո ամփոփվեց:

Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը չի բավարարել մրցույթի պայմաններին ու չափորոշիչներին, և քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակներ չշնորհել մասնակիցներին:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում մրցութային հանձնաժողովի կողմից առավել շատ միավորներ են ստացել ներկայացված առաջարկներից երեքը, որոնք մրցութային հանձնաժողովի որոշմամբ կստանան 500.000-ական դրամ խրախուսական մրցանակներ (խրախուսական մրցանակների են արժանացել ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանի, Ստեփան Դավթյանի (Երևան), ճարտարապետներ Վարդան Փենեսյանի, Արմեն Հայրապետյանի, Միխայիլ Ավետիսյանի (Երևան) և ճարտարապետ Վահագն Վերմիշյանի և իր մասնագիտական խմբի (Մոսկվա) ներկայացրած առաջարկները):

 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը մայիսին հայտարարել էր Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի ճարտարապետական բաց մրցույթ, որի նպատակն էր ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված  կլինեն հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի գործընթացներին: Մասնավորապես պետք է հաշվի առնվեր այն հանգամանքները, որ հրապարակը վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի`  դրանից բխող հետևանքներով, անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ` էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարևոր պայմանները, հրապարակը ձևավորող որոշ մասնաշենքեր գործառնական նշանակությամբ վերափոխվել են, կառուցվել է Հյուսիսային պողոտան և, ի վերջո,  հանդիսանալով համայն հայության խորհրդանիշ ու համազգային, համապետական և համաքաղաքային միջոցառումների իրականացման կարևորագույն հարթակ` Լենինի արձանի և դրա տրիբունայի ապամոնտաժման  հետևանքով այն որոշ դժվարությունների է հանգել զանազան հանդիսությունների կազմակերպման խնդրում:

Երբ հայտարարությանը հետևեցին տարատեսակ դժգոհություններ ու մտավախություններ, Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ վերոնշյալ մրցույթի անցկացումն ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նման քայլերի նախաձեռնում:  Հայտարարված մրցույթի նպատակը, ըստ նրա, մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում


հրապարակ (2)

առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելը, հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելը, մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելը՝ այդ համատեքստում բացառելով որևէ տեղային լուծում:

Փաստորեն, կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին. Երևանի քաղաքապետարանը Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվել էին անբավարար և ոչ նպատակահարմար որևէ մրցանակի ներկայացնելու:

Մնում է հասկանալ, թե ինչու են նման անիմաստ մրցույթներով ավելորդ տեղը գրգռում հանրության` առանց այն էլ Երևանի քաղաքաշինական խնդիրների նկատմամբ զգայուն նյարդերը:

Ամիսներ առաջ ՀՀ նախագահի հետ Հանրային խորհրդի հանդիպման ժամանակ այս հարցին հարցով պատասխանել էր Երևանի այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Ինչո՞ւ եք արգելում ճարտարապետներին մտածել»:

Այս մրցույթի խայտառակ արդյունքները, հավանաբար, հենց այդ անարգել մտածողության արգասիքն էին:

Ի դեպ, մինչ մրցույթի արդյունքների ամփոփումը զրուցել էինք «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանի հետ, որը չթաքցնելով իր վրդովմունքը հայտարարված մրցույթի մասին, ասել էր, որ այդ մրցույթի ընդհանրապես անիմաստ էր: «Ամեն ինչ պետք չի, որ մենք էսօր վերցնենք, փոխենք, դեռ գալու են սերունդներ, իրենք էլ են քաղաքը գեղեցկացնելու»,- կարծում է ճարտարապետը:

Ինչ վերաբերում է Լենինի հանված արձանին, որի դատարկ մնալը հանրության կողմից հաճախ է քննարկվում, ապա Գրիգոր Ազիզյանն այն կարծիքին է, որ շատ ավելի լավ կլինի, եթե դրա տեղը ոչինչ էլ չդրվի: «Հիմա շատ սիրուն է` կանաչ զանգված, այդ ճանապարհով գնում ես դեպի Շահումյանի հրապարակ` արձանով, հետո` Մյասնիկյանի հրապարակ` նորից արձանով, դուրս ես գալիս քաղաքապետարան, շատ գեղեցիկ պուրակ է: Ոչինչ էլ պետք չի դնել, մենք, ուղղակի մեր հիշողության մեջ պահած լինելով Լենինի արձանը, մի տեսակ անսովոր ենք համարում, որ այդ մասը դատարկ է: Բայց երիտասարդ սերունդը նման բան չի տեսել ու չի  հիշում»:

Իսկ եթե նպատակ կա լուծելու քաղաքի տրանսպորտային խնդիրները, ապա «Հայնախագծի» տնօրենը կարծում է, որ այլ տեղերում ավտոկայանատեղիներ ստեղծելով` հրապարակը լիովին կազատվի տրանսպորտային հանգույց լինելուց: «Հրապարակը չպետք է կայանատեղի դարձնել: Ինչ վերաբերում է հրապարակի ստորգետնյա հատվածին, ապա դրան ընդհանրապես ձեռք տալ պետք չէ: Մի խոսքով, լրիվ անիմաստ էր նման մրցույթ անցկացնելը, իսկ մրցույթին ներկայացված աշխատանքները դրա վառ ապացույցն են»,- ամփոփեց նա:

Երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ ներկա իրավիճակում նման մրցույթի անցկացումը վտանգավոր էր համարել մի շարք առումներով. «Դեռ Հյուսիսային պողոտան չմարսած, երբ քանդվում է Ծածկած շուկան, ու պետությունը չի կարողանում սևով սպիտակի վրա ամրագրված պարտավորությունները կատարել, ցանկացած նոր քայլ հուշարձանների շրջապատում հղի է վտանգներով, իսկ Հանրապետության հրապարակն ամբողջությամբ հուշարձան է, որի մասին «թյուրիմացաբար» մոռացել էին մրցույթի կազմակեպիչները, քանի որ այդ մասին չկար որևէ նշում մրցութային փաթեթի մեջ»։

հրապարակ

Ճարտարապետը նկատում է, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկը, միամտաբար չտեսնելով մեր ժամանակների մարտահրավերները, ցանկություն ունենար մասնակցելու մրցույթին, միայն թերի մրցութային փաթեթը բավական էր, որ իրեն հարգող մասնագետը հրաժարվեր մասնակցելուց։

Սարհատ Պետրոսյանը մրցույթին ներկայացված աշխատանքների վերաբերյալ ասել էր, որ դրանք լավագույնս բնորոշում են մեր օրերի ճարտարապետական իրականությունը։ Ներկայացված նախագծերը նա բաժանել էր 3 խմբի` մանկամիտ ու ոչ պրոֆեսիոնալ, պսևդոթամանյանական-նարեկսարգսյանական,  գավառական, ինտերիերային ճարտարապետական, բայց ոչ քաղաքաշինական գրագետ մոտեցումներով նախագծեր:

Նրա կարծիքով` ցանկացած ճարտարապետ ու անհատ կարող է հղանալ մտքեր ու գաղափարներ, բայց եթե դրանք չեն դիտարկվում հասարակական առկա համատեքստում, ապա դառնում են կա՛մ արժեզուրկ, կա՛մ վտանգավոր։ «Ես կարծում եմ` վերջին մեկուկես տասնամյակի իրողությունը մեզ պետք է հուշի, որ հանգիստ թողնենք քաղաքի կենտրոնը, քանի որ մեզ նորմալ կառուցապատում, հասկանալի պատճառներով, չի հաջողվում»,-ասել էր նա:

 

Ճարտարապետության պետական կոմիտեն հակասում է Սահմանդրությանը

Հրայր-Թովմասյանarm137233714221Կառավարության որոշմամբ ստեղծվել է «ՀՀ ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, հաստատվել պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նիստում ասաց, որ նորաստեղծ կոմիտեի խնդիրն է լինելու ազգային ճարտարապետության ավանդույթների պահպանումն ու զարգացումը, կառուցապատման համար բարենպաստ միջավայր ստեղծելն ու ներդրումները խրախուսելը, քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածքներում բարենպաստ պայմանների ստեղծման ապահովումը, օրենսդրական դաշտի բարելավումն ու այլ խնդիրներ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրեց վարչապետի հանձնարարականը` այս ամբողջ հարաբերությունները օրենքով կարգավորելու համար:«Թեպետ մեր դիտողություններից, առաջարկություններից հետո որոշակի վերախմբագրումներ են կատարվել, բայց ըստ էության հարցը չի լուծվում: Քողարկված ձևով այնուամենայնիվ մնում է, որ այս ոլորտում քաղաքականություն իրականացնողն այս կոմիտեն է, ինչը ուղղակիորեն կհակասի Սահմանդրությանը, քանի որ կոմիտեն քաղաքականություն չի կարող իրականացնել: Երկրորդը վերաբերում է լիազորություններին: Մենք ունենք Սահմանադրություն, մեր Սահմանադրության համաձայն պետական մարմնի լիազորությունները կարող են սահմանվել բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով: Մենք այստեղ, ուզենք թե չուզենք, պիտի հաստատենք, որ կոմիտեին տալիս ենք լիազորություններ, ինչը չունենք մենք օրենքով, հիմքը չունենք, այսինքն՝ Սահմանադրությամբ այս կոմիտեի մասին բան չկա: Այս փուլում պիտի դիտարկենք, որ կոմիտեն լինելու է խորհրդատվական մարմին, լիազորություններն այդպիսին պետք է լինեն, և օրենքով նոր կարգավորենք այս հարաբերությունները»,- ասաց Հ.Թովմասյանը:


Վարչապետի հարցին, թե «մենք նախադեպ ունենք չէ՞», Հ.Թովմասյանը պատասխանեց. «Վատ նախադեպ ունենք»: Մեկ այլ նախադեպ էլ էր գալիս՝ այս նախադեպին հղում անելով, մենք հիմա փորձում ենք դա օրենքով կարգավորել»:

Տ.Սարգսյանի հարցին, թե բոլոր կոմիտեների վերաբերյալ մենք հիմա խնդի՞ր ունենք, պետք է կարգավորենք օրենքո՞վ, արդադատության նախարարը նշեց, որ նրանց մի մասի լիազորությունները սահմանված են օրենքով: «Եթե անշարժ գույքի կադաստրի մասին խոսենք, մենք ունենք օրենք, որտեղ հստակ այդ լիազորությունները սահմանվում են: Ավիացիայի մասին օրենքով ևս սահմանվում են ավիացիայի ոլորտի լիազորությունները: Սակայն ջրային կոմիտեն օրենքով ստացած լիազորություններ չունի, բայց լավ վիճակից չէ, որ չունի»,- նշեց Թովմասյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդարադատության նախարարին հանձնարարեց ներկայացնել օրենսդրական կարգավորման առաջարկություններ:

 

Սարհատ Պետրոսյանի Հայտարարությունը

Սարհատ Պետրոսյան2013թ.-ի հունիսի 26-ին Նոր Նորք և Ավան վարչական շրջանների առաջին ատյանների դատարանը, դատավոր Արմենուհի Բադիրյանի նախագահությամբ, մերժեց իմ հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի՝ իմ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող, բացահայտ սուտ տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Առաջին հայացքից դրական ընթացք ունեցող դատական գործընթացի նման հանգուցալուծումը ինձ ենթադրել է տալիս որ դատարանի վրա եղել են ճնշումներ, քանի որ դատարանը առանց անդրադառնալու հրապարակված զրպարտիչ ու սուտ հայտարարությունների իսկությանը դրանք համարել է, թե իբր դրանք չեն արատավորում իմ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Այսինքն դատարանն, ըստ էության, իմ փոխարեն գտել է, որ ես որևէ կերպ չեմ տուժել՝ իմ հասցեին տարածված սուտ տեղեկություններից: Ավելին դատարանը նշել է, որ մեր “միջև տևական ժամանակ ընթացել են վեճեր, միմյանց գործունեության վերաբերյալ արվել են մեկնաբանություններ”։

Այդ մասով դատարանը փաստորեն ենթադրություն է անում, քանի որ ոչ միայն պատասխանող կողմը նման փաստ չի ներկայացրել, այլև ես երբևէ Իգիթյան Լևոնի մասին որևէ ոչ միայն վիրավորական այլև կարծիք չեմհայտնել, մինչև Կենտրոն հեռուստատեսությամբ տեղի ունեցած հանդիպումը։ Քանի որ Լևոն Իգիթյանը ինքն իր էությամբ ու իր կենսագրությամբ առհասարակ ինձ համար հետաքրքրություն չի ներկայացնում։ Լևոն Իգիթյանը հանդիսանում է Երևանի ներկայիս գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանի ամենահավատարիմ անձանցից մեկը և նա հաճախ ստանձնում է Երևան քաղաքը այս վիճակին հասցրած Նարեկ Սարգսյանի գլխավորած խունտայի խոսնակի դերը, քանի որ այդ “համակարգում” այլ դեր չի էլ կարող ստանձնել հասկանալի պատճառներով։ Այդ մասին են վկայում նաև նրա 2012 թվականին ստացած ոչ թե վաստակավոր ճարտարապետի կոչումը, այլ մշակույթի վաստակավոր գործչի կոչումը, ենթադրաբար հատկապես օրալ մշակութային գործունեության համար։ Նա իր խոսնակային պարտականությունների կատարման ժամանակ աչքի է ընկել “կոմպրոմատներ բացահայտելով” (տես նույն Կենտրոն հեռուստատեսության հաղորդումը) ու վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով ոչ միայն իմ, այլև այլ շատ ավելի վաստակավոր ճարտարապետների մասին։ Դրանք բազմաթիվ են, որոնց շրջանակից է այն փաստը որ նա գրեթե միշտ ներկա է եղել վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ճարտարապետական կարևոր քննարկումներին սկսած՝ 14 տարեկանից. մեկ Պողոս Պետրոս եկեղեցին է դառնում “սառայ”, մեկ Ազգային պատկերասրահը դառնում “յաշիկ”, մեկ նա ինձ դասավանդել է հետո պարզվում որ չի դասավանդել ու այդպես շարունակ։
Ավելին մինչ դատարանի վերջնական վճիռի հրապարակումը Լևոն Իգիթյանը Aravot.am կայքին 19.06.2013-ին տրված հարցազրույցի ընթացքում հանդես է եկել իր մշտական դերակատրությամբ` ցեխ շպրտելով ու ստահոդ արտահայտություններ տարածելով իմ մասին։ Ինչպես և նախորդ անգամ, չեմ համարում որ մեր օրերում իգիթյանական ոճով պետք է պատասխանեմ բոլոր ստերին ու արտահայտություններին, ավելին ապացույցներ ներկայացնեմ դրանց ստահոդ լինելու համար։ Ողջ դատավարության ընթացքում փորձել եմ չշեղել դատական ընթացքը ըստ էության ընթանալուց և միայն մեկ անգամ եմ բարձրաձայնել իմ հասարակական գործունեության և այս հայտարարությունների կապի մասին։ Չնայած իմ այդ պահվածքին պաշտպանական կողմը նման փորձեր արել է մի քանի անգամ, ավելին՝ ակտիվ զբաղվել է իմ նկատմամբ նյութեր հավաքագրելով, իբր թե ինչ որ բաներ ապացուցելու նպատակով ինչի արդյունքում ոչ միայն չեն ապացուցվել Իգիթյանի տարածած տեղեկությունները, այլև կրկին անգամ խախտվել են իմ իրավունքները, այս անգամ արդեն՝ անձնական կյանքի գաղտնիության Սահմանադրական իրավունքը։
Վստահ եմ որ ինչպես ճարտարապետական հանրույթ շատ ներկայացուցիչներ մեր քաղաքացիներից շատերը նույնպես դադարել են այս անձնավորությանը լուրջ ընդունել։ Նրա ոչ արտահայտությունները, ոչ առհասարակ իրեն այնքան լուրջ չեմ ընդունում, որպեսզի անդրադառնամ դրանց։
Ցանկանում եմ միայն նշել որ ես իրավական պետության իմ տեսլականի շրջանակում շարունակելու եմ հետամուտ լինել ստախոս ու զրպարտիչ արտահայտությունների վերաբերյալ այդ անձանավորությանը պատասխանատվության ենթարկելու գործընթացին։ Ավելին որպես ճարտարապետ, քաղաքաշինության ոլորտի մասնագետ ու ՀՀ քաղաքացի, իրացնելով խոսքի ազատության իմ սահմանադրական իրավունքը, շարունակելու եմ իմ դիրքորոշումը հայտնել Երևան քաղաքում մի խումբ ճարտարապետների մասնակցությամբ տարվող հակամշակութային ու հակաճարտարապետական գործընթացների մասին, որոնք գլխավորում է Նարեկ Սարգսյանը։ Դա արել եմ սկսած 2000-ականներից, առանց վայրկյան իսկ վհատվելու։ Նարեկ Սարգսյանը կարող է Լևոն Իգիթյանին նետել մեջտեղ ինձ “նսեմացնելու” փորձեր կատարելու, տարածել սուտ ու միակողմանի նյութեր իմ անձի շուրջ, կարող է դեմն առնել այն բոլոր առաջարկությունների, որոնք առնչվում են մեր գրասենյակի ներգրավմանը տարբեր ծրագրերում, որոնցում մենք մրցունակ ենք և այլն։ Սակայն դրանք որևէ ազդեցություն չեն ունենալու իմ ու իմ գործընկերների աշխատելաոճի վրա։
Դատական գործընթացը սկսելով ես ունեցել եմ երկու նպատակ։ Նախևառաջ ցանկացելեմ իրավական գնահատական տալ ենթադրաբար Նարեկ Սարգսյանի կողմից հնարված այս սուտ տեղեկությունների վերաբերյալ, որոնք առաջին անգամ հանրային հարթակում միամտաբար բարձրաձայնել է Իգիթյանը՝ ծառայություն մատուցելով Նարեկ Սարգսյանին։ Փաստորեն դատական գործընթացը ողջ ընթացքում վեց իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկություններից մեկն անգամ չունեցավ փաստական ապացույց, ինչը դատարանը պարտավոր էր գնահատել ի վնաս պատասխանողի և համապատասխան գնահատական տար պատասխանողի անբարեխիղճ գործողություններին, սակայն այդպես չի վարվել։
Երկրորդ, ես սրանով նպատակ ունեի արժևորել հանրային հարթակում խոսքի ու գործի նույնականությունն ու դրա կարևորությունը։ Վերջին տասնամյակում իմ կողմից բարձրաձայնված ցանկացած քննադատության ու պետական չինովնիկների անփույթ վերաբերմունքի համար հնչեցված բոլոր մեղադրանքների համար հենց այս պահին պատրաստ եմ ստորագրել։ Նարեկ Սարգսյանի խունտայի խոսնակը բազմահազար հեռուստադիտողների ներկայությամբ արտահայտած սուտ մտքերի վերաբերյալ նույնիսկ դրան հաջորդած շրջանում հավաքագրած նյութերի հիման վրա չկարողացավ ապացուցել դրանք։ Դրա արդյունքում կառուցեց պաշտպանությունն ուհետո դատական վճիռն էլ կայացվեց վիրավորելու նպատակ չունենալու “մեղայականի” վրա, որի հիմնազուրկ լինելը պարզ է բոլորին։ Փաստորեն դատարանի նման վճռի ուժի մեջ մտնելու դեպքում կստացվի, որ այսուհետ ցանկացած ոք կարող է մեկ ուրիշին հեռուստատեսությամբ վիրավորել՝ ասելով “անշնորհք” ու պատասխանատվություն չկրել: Այսուհետ դատավորին կարե՞լի է ասել անշնորհք և հետո պարզաբանել թե անշնորհքը նշանակում է շնորհքից զուրկ ու ասել, թե դա վիրավորանք չի պարունակում՝ իր սկզբնական, լեզվաբանական իմաստով: Կամ օրինակ կարե՞լի է ցանկացած նախարարի ասել՝ հավաքարար քանի որ իրենց ղեկավարած կազմակերպությունում աշխատում են հավաքարարներ և այլն։
Ցավում եմ որ Լևոն Իգիթյանի այս պահվածքի համար նախադեպ է ստեղծվում ու նրան ազատություն տալիս ապագայում ևս զրպարտել Երևանում տեղի ունեցող այլանդակությունների դեմ բարձրաձայնողների ուղղությամբ։ Ենթադրաբար նույն ոճով շարունակելով նրան վարձահատույց լինելով ապագայում նա կունենա նոր հնարավորություն մեկ այլ մշակութային օջախ ևս չարչիանոցի վերածել, ինչպես դա ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում մեր շատ սիրելի Մանկական գեղագիտական կենտրոնում ու Ժամանակակից արվեստի թանգարանի շրջապատում։
Այսպիսով, մաղթում եմ Լևոն Իգիթյանին քաջ առողջություն՝ տեսնելու համար իրենց խունտայի տխուր վաճխանն ու առաջարկում վայելել իր “վաստակած” հանգիստը, ազատելով մեզ իր էժան ու ժամանակավրեպ “լապշաներ” կախելու դերակատարությունից ու ապրել արժանավայել։

Ոստիկանությունը ուսումնասիրում է Նարեկ Սարգսյանի գործունեությունը

նարեկ սարգսյանԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն  ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախախատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահահայտելու նպատակով:

 

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը, որպես Երևանի գլխավոր ճարտարապետ, պաշտոնավարել է 1999-2004թթ. և 2011թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը: Ն.Սարգսյանի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊ ընկերությունը:  Մասնավորապես, նշված ըներությունն է նախագծել նաև Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:

 

Հարկ է նկատել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 2005թ. հայտնաբերել է  Երևան քաղաքում հուշարձանների ոչնչացման փաստերը, սակայն մինչ օրս որևէ մեկը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության չի ենթարկել, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն պատմության և մշակույթի հուշարձանները ոչնչացնելու կամ վնասելու համար:

 

2008-2011թթ. Ն.Սարգսյանն, աշխատելով որպես ՀՀ գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինության նախարարի տեղակալ, համատեղել է իր պաշտոնն ու բիզնեսը և ներգրավվել արդեն իսկ կառուցված կամ կառուցապատման ընթացքում գտնվող մի քանի շենքերի նախագծային աշխատանքներում: Նույն գործելաոճը շարունակել է 2011թ.-ից ի վեր՝ կրկին աշխատելով որպես Երևանի գլխավոր ճարտարապետ:

 

Երևանի գլխավոր ճարտարապետը հանդիսանում է հանրային ծառայող: Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի՝  «Հանրային ծառայողը և բարձրաստիճան պաշտոնատար անձը չեն կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ» :

 

Վերոնշված փաստերի պարագայում ողջամիտ կասկածներ են ծագել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապես Նարեկ Սարգսյանի կողմից հովանավորչության դրսևորման և պաշտոնի հնարավոր չարաշահումների վերաբերյալ: – See more at: http://www.lragir.am/index/arm/0/country/view/84823#sthash.V4ApX6FW.r4FfxVLy.dpuf

Սարհատ Պետրոսյանը կբողոքարկի դատավճիռը. «Իգիթյանի հետևում հանրային ունեցվածքի շնորհիվ հարստացած Նարեկ Սարգսյանն է»

Լևոն Իգիթյան-Նարեկ ՍարգսյանԱվան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հայցն ընդդեմ Լևոն Իգիթյանի: Անկախ նրանից` ներկայացված փաստերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ, դատարանը գտնում է, որ դրանցում բացակայում են վիրավորանքն ու զրպարտությունը։

ՍարհատՀայցվոր կողմն իրավունք ունի մեկամսյա ժամկետում վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում, ինչն էլ պատրաստվում են անել Սարհատ Պետրոսյանն ու իր փաստաբան Վարուժան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջել էր հրապարակայնորեն հերքել 12.10.2012թ. «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հեռուստահաղորդման ընթացքում և 31.10.2012թ. «Առավոտ» օրաթերթում հրապարակված հարցազրույցում իր հասցեին հնչեցրած հայտարարությունները` դրանք որակելով զրպարտություն և վիրավորանք և  դատարանին խնդրելով պարտավորեցնել Լևոն Իգիթյանին ներողություն խնդրել իրենից: Նման վիրավորական արտահայտություն էր դիտվել, օրինակ այն, որ Իգիթյանը նրան անվանել էր «անշնորհք» կամ ասել. «Սարհատ Պետրոսյանը, ճարտարապետ լինելով, ճարտարապետական ոչ մի պրակտիկա չունենալով ո՞նց է այսօր ինստիտուտում դաս տալիս, այն էլ քաղաքաշինության ամբիոնում: Ինքը ճարտարապետության դիպլոմը գրպանում այգեպան է աշխատում սիրահարների այգում: Ես հարց եմ տալիս՝ ո՞ր իրավունքով, ո՞ր կառուցած պուլպուլակի հեղինակն է, որ ինքը ճարտարապետությունից է խոսում…»:

Սարհատ Պետրոսյանն «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումն օբյեկտիվ չի համարում. «Մեր ներկայացրած բոլոր փաստերը մերժելու համար մի տրամաբանական հիմնավորում կարող է լինել` ճնշում դատարանի վրա կամ  կողմնորոշված մոտեցում: Մենք գիտենք, որ Իգիթյան Լևոնն իրենից ոչինչ չի ներկայացնում, նրա հետևում կա հանրային ունեցվածքի շնորհիվ հարստացած Նարեկ Սարգսյանի աջակցությունը, իսկ Իգիթյանը երևի փաստաբանական ծախսերն էլ չէր կարողանա փակել: Կարծում եմ` այստեղ կա նաև Նարեկ Սարգսյանի Արդարադատության փոխնախարար զարմիկի ազդեցությունը: Չեմ ուզում ասել, որ այս ամենը քաղաքական պատվեր է, որովհետև փաստեր չունեմ, բայց զգում եմ, որ կա ճնշում: Կարող էի հասկանալ, եթե 6 կետերից մեկը մերժվեր, երկուսը մերժվեր, բայց դրանցից որևէ մեկում չտեսնել զրպարտություն և սուտ, ուղղակի զարմանալի է: Պետք է հետամուտ լինել և այնպես անել, որ Նարեկ Սարգսյանը, նրա զարմիկը կամ որևէ մեկը ազդեցություն չունենան դատական գործընթացների վրա»:

Սարհատ Պետրոսյանի փաստաբանի խոսքով` իրենք համաձայն չեն վճռի հետ, քանի որ դատավարության ընթացքում մի շարք հանգամանքներ են ներկայացվել, որոնք պատասխանող կողմն այդպես էլ չի կարողացել ապացուցել. «Օրինակ, վկայակոչվել էր, որ Սարհատ Պետրոսյանը ճարտարապետական պրակտիկա չունի, կամ իբր ԲՈւՀ-ից դուրս մնալուց է եղել և նրան փրկել է Նարեկ Սարգսյանը և այլն: Դատարանն ապացուցող պարտականություն էր դրել պատասխանող կողմի վրա, ինչը չի արվել: Նման պայմաններում, կարծում եմ, դատարանը գոնե մասնակիորեն պետք է բավարարեր հայցը»:

Փաստաբանը հիշեցրեց նաև, որ պատասխանող կողմը ԲՈւՀ-ից ձեռք էր բերել Սարհատ Պետրոսյանի ստուգարքների գրքույկի պատճեն, ինչը սահմանադրական իրավունքների խախտում է: «Չնայած ստուգարքների գրքույկի պատճեն ներկայացնելով էլ պատասխանող կողմը որևէ բան չապացուցեց, դրանում ընդամենը ներկայացված էին ուսանողի գնահատականներն ու ստացման ամսաթվերը: Փոխարենը մենք ներկայացրել ենք Սարհատ Պետրոսյանի դիպլոմի պատճեն, թեկնածուական վկայականը, Հայաստանի ճարտարապետների միության անդամ լինելը, իր կատարած աշխատանքների ցանկը, քաղաքաշինական փաստաթղթեր մշակելու արտոնագիրը, նաև այն, որ  Սարհատ Պետրոսյանը Ամերիկայի քաղաքաշինարարների միության անդամ է և ի դեպ, միակն է Հայաստանից»,-ասաց փաստաբանը:

«Ինչպես գիտեք, Լևոն Իգիթյանն իր խոսնակային պարտականությունների կատարման ժամանակ աչքի է ընկել “կոմպրոմատներ բացահայտելով” և վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով ոչ միայն իմ, այլև այլ շատ ավելի վաստակավոր ճարտարապետների մասին,-ասում է Սարհատ Պետրոսյանը,-դրանք բազմաթիվ են, որոնց շրջանակից է այն փաստը, որ նա գրեթե միշտ ներկա է եղել վերջին 60 տարիների ընթացքում բոլոր ճարտարապետական կարևոր քննարկումներին` սկսած 14 տարեկանից. մեկ Պողոս Պետրոս եկեղեցին է դառնում «սառայ», մեկ Ազգային պատկերասրահը` «յաշիկ», մեկ ասում է, որ ինձ դասավանդել է, հետո պարզվում է, որ չի դասավանդել ու այդպես շարունակ»։

Սակայն նա կարծում է, որ ճարտարապետական հանրույթն ու մեր քաղաքացիներից շատերը դադարել են այս անձնավորությանը լուրջ ընդունել. «Սակայն քանի որ արդեն բազմաթիվ անգամներ շահարկվում է իմ ուսումնառության տարիներին հորս համալսարան գալու փաստը՝ իբրև թե իմ համար բարեխոսելու, որը դատարանում այդպես էլ չապացուցվեց  և բարդ իրավիճակում դրեց Իգիթյանի շահերը ներկայացնող փաստաբանին, ցանկանում եմ  մեկ նկատառում անել. հայրս իմ ողջ ուսումնառության ընթացքում միայն մեկ անգամ է այցելել համալսարան։ Դա եղել է Նարեկ Սարգսյանի հրավերով՝ այլ ոչ թե հորս խնդրանքով։ Բանն այն է, որ Նարեկ Սարգսյանը ճարտարապետության ֆակուլտետի դեկան եղած ժամանակ էլ ճիշտ այնպիսին էր, ինչպիսին է հիմա` որպես գլխավոր ճարտարապետ` անպատասխանատու և խնամի-ծանոթ-բարեկամ աշխատելաոճով առաջնորդվող: Այդ մասին այն ժամանակ թերթերից մեկում (եթե չեմ սխալվում Երկիր թերթում) հոդված էի գրել` քննադատելով նրա աշխատելաոճը։ Այն ժամանակ նրա ինքնասիրությունը դեռ չէր «կոփվել» և չուներ խոսնակներ ու հանրային կապերի գծով օգնականներ, և նա այդ փաստի կապակցությամբ շատ էր վիրավորվել։ Հորս կանչել էր ասելու, որ ինձ դատի կտա և այլ հաթաթաներ էր արել։ Հայրս էլ պատասխանել էր, որ Սարհատը ազատ մարդ է և կարող է անել այն, ինչ ճիշտ է համարում: Ահա ողջ պատմությունը»։

Նարեկ Սարգսյանը փորձում է հանգստացնել, բայց ավելի է անհանգստացնում

big_narek_sargsyanՊարզաբանում՝ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի հայտարարության վերաբերյալ

Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած տարատեսակ արձագանքներին ի պատասխան հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում: Հայտարարված մրցույթի նպատակը մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձևավորելն է: Անշուշտ ողջունելի է այս հարցի վերաբերյալ հանրային ակտիվությունը, ինչը կարող է յուրօրինակ ուղղորդիչ դեր ունենալ մրցույթին մասնակից ճարտարապետների համար:
Հարկ ենք համարում նաև նշել, որ Երևանի քաղաքապետարանը դեռևս 2011 թվականի սկզբին Հանրապետության հրապարակի վերակառուցման միաժամանակ երկու մրցույթ էր հայտարարել, որոնց շրջանակում ներկայացված բոլոր առաջարկները, մրցութային հանձնաժողովի միաձայն որոշմամբ, հայեցակարգային լուծման տեսանկյունից գնահատվեց անբավարար և ոչ նպատակահարմար որևէ մրցանակի ներկայացնելու: Ի դեպ, մրցույթներին ներկայացված աշխատանքները շուրջ մեկ ամիս ցուցադրվեցին ճարտարապետության թանգարանում:
Ավելորդ չէ նաև նշել, որ անցած 10 տարիների ընթացքում Հանրապետության հրապարակի Լենինի արձանի տեղում մեկ այլ արձան տեղադրելու կամ ինչ որ կառույց իրականացնելու բազմաթիվ առաջարկություններ են եղել:
Ինչևէ, 2012 թվականի հուլիսին, կրկին անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հարցին, Երևանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովը՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը տարբեր անհատներից ստանում է բազմաթիվ առաջարկներ և ներկայացվող առաջարկներից յուրաքանչյուրի շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվում, արձանագրեց, որ այդ ուղղությամբ լոկալ որոշում կայացնելն անհնար է, քանի դեռ հստակ հայեցակարգ չի հաստատվել:
Ըստ այդմ, առաջարկվել է Հանրապետության հրապարակի վերակառուցման հստակ առաջադրանք ձևավորելու համար անցկացնել բաց մրցույթ: Առաջարկը հանձնաժողովի անդամ ճարտարապետների կողմից ընդունվել է միաձայն:
Մեկ անգամ ևս հարկ ենք համարում ընդգծել, որ մրցույթի անցկացման նպատակը մասնագետների գաղափարներն ու նախագծային առաջարկները հավաքել- մեկտեղելն է՝ այդ համատեքստում բացառելով որևէ տեղային լուծում: Միայն այն իրողությունը, որ Հանրապետության հրապարակն այսօր վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի և որպես հանրային տարածք կիսով չափ է օգտագործվում, արդեն իսկ պահանջում է հրատապ լուծում և մրցույթ հայտարարելու լիարժեք պայման է:
Մրցույթին ներկայացուցչական մասնակցություն ապահովելու համար որոշվել է որոշ խոշոր արվեստանոցների, այդ թվում՝ “Երևաննախագիծ” ՓԲԸ-ին, Ճարտարապետաշինարարական համալսարանին և մի քանի անհատական արվեստանոցների նախագծեր պատվիրել:
Ճարտարապետական հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 27-ի նիստի հաջորդ օրը մրցույթի հայտարարության տեքստը էլեկտրոնային փոստով ուղարկվել է հանձնաժողովի բոլոր անդամներին: Հաշվի են առնվել ստացված առաջարկություններն ու խմբագրված վերջնական տեքստը և ժյուրիի կազմը համաձայնեցվել է հանձնաժողովի նիստում:
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ
Նարեկ Սարգսյան