Բազմաբնակարան շենքեր կկառուցվեն վթարային շենքերի բնակիչների համար

տարոն մարգարյան-կառավարության նիստԳործադիրն իր այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի առաջարկով փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Փավստոս Բուզանդի փողոցին հարող մոտ 400 քմ մակերեսով տարածքի կառուցապատմանը: «Մ.Ս.Գ. գրուպ» և «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ները համագործակցելու պատրաստակամություն են հայտնել և պարտավորվել մինչև 2016թ. դեկտեմբեր ամիսը ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը՝ փոխելով դրա նշանակությունը: Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորել է նշված ընկերությունների հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր՝ «Հարմոնի ինթերնեյշընալ» ՍՊԸ-ն ճանաչելով նախկին պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների իրավահաջորդ: Հենց այս ընկերությանն էլ հնարավորություն կընձեռվի նշված տարածքում շարունակել և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագիրը:
Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարաքային կառավարման նախարարությանը հատկացրել է 2 մլրդ դրամ, որով օժանդակություն կցուցաբերվի քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերմանը: Այժմ Երևանում հաշվառված են 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շուրջ 10 շենք ու հանրակացարան, որոնց ավելի քան 400 ընտանիքի վերաբնակեցման համար անհրաժեշտ է շուտափույթ կառուցել նոր բազմաբնակարան շենքեր: Քաղաքապետարանը նախատեսում է արդեն այս տարի սկսել դրանցից 4-ի շինարարությունը, որի արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել և որպես փոխհատուցում տրամադրել 470 բնակարան և 500 քմ ոչ բնակելի տարածք:

Երեք ճանապարհ կա, բայց Բերդի տարածաշրջան հասնելու ճանապարհ չկա

բերդՆախկին Շամշադինի շրջան հասնելն արդեն յոթ ամիս է` գերխնդիր է տարածաշրջանի բնակիչների և, առհասարակ, այստեղ մեկնել ցանկացողների համար: «Ո՞ր ճամփով եք գնալու»,- Բերդի տարածաշրջան երթևեկող վարորդներին ուղղված գլխավոր հարցն է: Ոտքն արագության ոտնակին դնելուց առաջ ավտովարորդները երկար-բարակ մտածում են, կես կատակ էլ բարձրաձայնում. «Ավելի լավ ա թոփի տակ ընկնենք, քան թիփիի»,- ասում են ու ուղղություն վերցնում դեպի Վազաշեն-Պառավաքար ճանապարհ, որը 2013-ի հոկտեմբերին գնդակոծվեց ադրբեջանական կողմից ու դարձավ վտանգավոր:
Երևան-Դիլիջան-Իջևան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ճանապարհը հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ է, և Դիլիջանի թունելի կառուցումից ու շահագործումից հետո այն իսկապես արագընթաց, արդյունավետ ու շահավետ դարձավ Տավուշի մարզի այս հատված հասնելու համար: Վերջին օրերին ճանապարհը կրկին գնդակոծության ենթարկվեց, և հիմա այն կիսափակ է: Եվ քանի որ ձյունը հալվել է, ցրտերն էլ նահանջել են, մեկնողները, խուսափելով արկածախնդրությունից ու հնարավոր վտանգից, կտրուկ շրջադարձ են կատարում և էլի կանգնում երկընտրանքի առաջ` սարի ճանապարհով գնա՞ն, թե՞ Գանձաքար-Իծաքարով: Խնդիրն այն է, որ այս պահին Բերդ տանող երեք ճանապարհ կա, բայց երեքն էլ մտահոգիչ են, ոչ մեկը լիարժեք «կանաչ ճանպարհ» չի մաղթում հյուսիսարևելյան գյուղեր հասնելու համար:
Ճամբարակ-Բերդ ճանապարհը հայկական ռելիեֆին բնորոշ անվերջ ոլորանների շղթա է, ճանապարհն անբարեկարգ է, գրունտային և փոսաշատ, ձմռանը` խիստ վտանգավոր: Բերդ-Ճամբարակ ճանապարհն ամբողջ ձմեռ, ինչպես Սելիմի լեռնանցքը, փակ է: Այն հաղթահարելու համար երեք ժամից ավելի է հարկավոր, որի գրեթե ամբողջ ընթացքում բջջային կապ չկա: Այս ճանապարհի աջնուձախը հերիք չէ` ձորեր են, մի հատված էլ կա, որ մարդիկ շունչները պահած են երթևեկում: Երևանից մեկնելիս նոր-նոր սկսվող սարի ճանապարհի գրեթե սկզբնամասի ոլորանն է, տեղացիներին հայտնի «Հորիզոնի» աղբյուրը, որի դեմ- դիմաց հակառակորդի դիրքերն են:
Հանդիպակաց սարը ճանապարհից պարզ երևում է, երևում են նաև ադրբեջանական դիրքերը, որոնք մեկը չեն, այլ մի քանիսը: Քանի դեռ այստեղ գնդակոծության նոր դեպք չի գրանցվել (սատանի ականջը խուլ), երթևեկությունը չի կանգնում: Չնայած պատմում են, որ 1990-ականների կռվի տարիներին ադրբեջանցիները մտել են, «Հորիզոնի» աղբյուրի մոտ մեքենայի վրա կրակել, մարդ են սպանել: Գտնվելով նման դիրքում` այս ճանապարհն ունի ռազմավարական նշանակություն, բայց այն նորոգելու, բարեկարգելու ծրագիր առայժմ չկա: Անվտանգության առումով ամենաապահովը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որի ասֆալտապատման համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է մոտ հինգ միլիարդ դրամ: Անտառամիջյան ճանապարհը բացվել է հակամարտության թեժ տարիներին, Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ: Գանձաքար-Իծաքար ճանապարը թշնամու համար տեսանելի չէ, ուստի նախընտրելի տարբերակն է, բայց այն վերակառուցելու ծրագիր չկա: Հիմա Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով իրականացվում են խճապատման աշխատանքներ: «Անցանելիությունն ապահովելու նպատակով է: Բարեկարգման մեջ են մտնում նաև բերվածքների, առուների մաքրման, ջրահեռացման աշխատանքները»,- տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի ղեկավար Արտակ Սարգսյանը: Իջևանի ՃՇՇ ՓԲԸ-ի ղեկավարն ավելացրեց. «Գրեյդերներով մաքրում ենք, քարերն ենք պարբերաբար հավաքում, կապիտալ բարեկարգում է արվում: Շատ նեղ ոլորանները, որոնք վտանգ են ներկայացնում երթևեկի համար, լայնացվում են, պայթեցումներ ենք իրականացնում: Երեք ոլորան ունենք, որոնք չափազանց նեղ են թե՛ բեռնատար մեքենաների, թե՛ ուղևորատար ավտոմեքենաների համար, շրջադարձերի համար խիստ վտանգավոր են: Խոսքը Գանձաքարից 6-7 կմ վերև ոլորանների մասին է»:
Ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատանքների համար գումարը պետք է հատկացվի պետական բյուջեից: Ի դեպ, այս ընկերությունն է իրականացնում նաև Վազաշեն-Պառավաքար նոր ճանապարհի կառուցումը: Բորիս Սարգսյանի խոսքով, աշխատանքները մեծ թափով իրականացվում են` չնայած պարբերաբար հնչող կրակոցներին: Նա վստահեցրեց, որ շրջանցիկ ճանապարհը միանգամայն անվտանգ է լինելու, քանի որ հակառակորդի կողմից տեսանելիությունը փակ է: Նոր ճանապարհի ամենավտանգավոր հատվածում, որը մոտ 200 մ է, կառուցվում է պաշտպանիչ պատ: Այլընտրանքային ճանապարհը կունենա 3,2 կմ երկարություն, 6-7 մ լայնություն, այն 2 կմ-ով կկրճատի ներկայիս ճանապարհը: Ճանապարհի կառուցման համար կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 535,7 մլն դրամ:
Սակայն գյուղացիները թերահավատությամբ են խոսում այս ճանապարհի մասին` պնդելով, թե լսել են, որ էդ մասերում ոսկու հանք կա, որն էլ շահագործելու նպատակ է հետապնդում նորակառույց ճանապարհը: Այլընտրանքային ճանապարհի կառուցման պատասխանատուները, սակայն, հավաստիացնում են, որ այդտեղ ոսկու հանք եղել է, բայց ճանապարհի կառուցումը դրա հետ որևէ կապ չունի:
Վազաշեն-Պառավաքար նոր ճանապարհի մուտքին շատ մոտ է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած նախկին առողջարանի (ինչպես տեղաբնակներն են կոչում` «4-րդ ուպրավլենու») կիսավեր շենքը: Ժամանակին Մինիստրների խորհրդի հավեկշռում գտնվող հյուրանոցը կառուցվել է տավուշցի, Հայաստանի նախկին պետպլանի նախագահ Ստեփան Թովմասյանի ջանքերով: Տեղացիների պատմելով` հիմա շենքը գործարար Միխայիլ Բաղդասարովի անունով է, գույքահարկն էլ Վազաշենի գյուղապետարանում է վճարում: Տարածաշրջանի բնակիչների ականջին է հասել, որ նախկին կենտկոմի առաջին քարտուղարների ու սովետական ղեկավարության «պրեստիժնի» հյուրանոցը շուտով դառնալու է ոսկու հանքի վարչական կենտրոնը:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հաստատեց տեղեկությունը, որ շենքն այժմ պատկանում է «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատեր Բաղդասարովին, որը «շատ պարտաճանաչ էլ հարկերը վճարում է»:
Ինչ վերաբերում է ոսկու հանքին, ապա, ըստ համայնքի ղեկավարի, այն հայտնաբերվել է 1970-ականներին: «Դրա շահագործումն ուղղակի հրաշք կլինի, դա կլինի մեր գյուղի փրկությունը, ամբողջ ժողովուրդն ա դրան սպասում, աշխատատեղեր կբացվեն»,- նշեց Լորիկ Բադիրյանը` հավելելով, որ լսել է, թե ով որ ցանկանում է շահագործել հանքը, Վազաշենի զարգացման հետ կապված շատ ծրագրեր ունի: «Եթե գյուղը սոված ա, գյուղում մարդ չի մնացել, էկոլոգիա-մէկոլոգիան երկրորդ պլան ա մղվում»,- նշեց գյուղապետը: Նա նաև հիշեց, որ տարածքում գտնվող «սանատորիայում» ամբողջ Երևանն էր հանգստանում: «Ամեն մարդ չէր կարա մտնի «4-րդ ուպրավլենի», էնքան խնջույքների եմ մասնակցել»,- նոր ճանապարհի կառուցման պատասխանատու ընկերության ղեկավարը հիշողությունների գիրկն ընկավ` խնդրելով շատ չփորփրել իր ջահել օրերի «գիրքը»…

Մայա Խաչատրյան

Անկախ

Կոռումպացված քաղաքապետարանը օպերայի բակում նոր սրճարան է հիմնում. «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնություն

օպերա«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ ահազանգում է, որ  կանաչապատ տարածքում շինարարություն է սկսվել:

Հայտարարությունում ասված է. ««Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում Mariam Sagatelli օգտատերը հայտնում է, որ Ազատության հրապարակի հարակից միակ կանաչ տարածքի վրա տաղավարներ են տեղադրվում։

Քանի որ դրանց տեղադրումը չի անցել օրենքով սահմանված որևէ գործընթաց, այս փաստը Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետի կոռումպացվածության արդյունում կատարվող ևս մեկ հանցագործություն է։

Այս ապօրինությունը շուտափույթ չվերացնելու դեպքում, օրենքի առաջ պատասխանատվությունն ընկնում է փաստացի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և բնապահպանության բաժնի պետ Ավետ Մարտիրոսյանի վրա։

Կոռումպացված քաղաքապետարանի բոլոր հանցագործությունները փաստագրվում են ֆեյսբուքյան խմբում՝ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»։


Տարոն Մարգարյանի օրոք էլ են կանաչ տարածքների հաշվին սրճարան կառուցում (լուսանկարներ)

20130211_180944Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ուշագրավ լուսանկարներ՝ մայրաքաղաքի կենտրոնում կանաչ հատվածի հաշվին իրականացվող բետոնապատման աշխատանքների վերաբերյալ.

“Խայտառակություն է ուղղակի: Տեսեք քաղաքի կենտրոնում մեկ տարվա մեջ ինչ արեցին: Դրել եմ հին ու նոր ֆոտոները: Սա էլ հո հին քաղաքապետի օրոք չէր: Սա արդեն հին ու նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք է:

Դեռ 2013 թվականի փետրվարի 11-ին ահազանգել եմ դեռ նոր սկսված կանաչ տարածքի շինարարության համար:
Խոսքը գնում է Իսահակյան-Տերյան խաչմերուկի կանաչ տարածքի մասին:

20130211_181055Սա 2013 թվականի փետրվարի 11-ն է:

Այն ժամանակ ահազանգեցի, գրեցի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պատին, CityBugs կայքում էլ տեղադրեցի, որը փոխանցվեց քաղաքապետարան:

Քաղաքապետարանից մեկ տարի առաջ պատասխանեցին, որ կատարվում է ընդամենը նկուղային մուտքի վերանորոգում:

Երեկ՝ մեկ տարի անց, նկարել եմ նույն վայրը` նայեք, թե ինչ է կատարվել այդտեղ:

20140205_134503Սա արդեն 2014 թվականի փետրվարի 5-ն է

Քաղաքապետարանը մեզ խաբեց: Սա հերթական սրճարանի շինարարություն էր, ոչ մի մուտքի վերանորոգում էլ չկա:
Փաստորեն, նոր ու հին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օրոք էլ կանաչ տարածքների հաշվին սրճարաններ են կառուցում:
Ո՞ւմ եք խաբում, պարոնայք: Հաստատ ոչ էն 43.000 մարդուն, որ 2013-ին լքեցին Հայաստանը”,-գրել է օգտատերը:

 

Անկախ

Մեկը սրբացնում է շինարարությունը, մյուսը` դարձնում քավության նոխազ

ՇինարարությունԵրբ նայում ենք պատմությանը, թագավորներն ու առաջնորդները պատերազմներից, աղետներից,  ճգնաժամերից հետո ձեռնամուխ են եղել շինարարության` քաղաքներ, ավաններ, ճանապարհներ, առուներ են կառուցել և այլն: Դա, ըստ պատկերացումների, նաև խթանիչ դեր է խաղացել տնտեսական աճ ապահովելու համար: Այսինքն` արհեստականորեն «ուռճացրել» են տնտեսության մի ճյուղը, այս դեպքում` շինարարությունը, այնտեղ լուրջ ներդրումներ ուղղել, և այն խթանիչ հատկություն է ունեցել հարակից և սպասարկող ճյուղերի վրա, դրանք էլ` այլ ճյուղերի վրա, ու դոմինոյի էֆեկտով մի ճյուղի զարգացումը տարածվել է ամբողջ տնտեսության վրա: Նույնը կարծես փորձում էին իրականացնել նաև մերօրյա Հայաստանում, որտեղ սկսեց մեծ թափ հավաքել շինարարության ոլորտը: Այդ ոլորտն այնքան աճեց, որ, ըստ որոշ գնահատումների, կազմեց երկրի տնտեսության 25 տոկոսը: Սակայն այս սկզբունքը  մի լուրջ խնդիր ունի. ընտրված ու աճեցվող ճյուղը մի որոշակի մակարդակի հասնելուց հետո պետք է բարեփոխումներ անել ու այնտեղ ստեղծված արդյունքը այլ ոլորտների վերաբաշխել: Ընդ որում, այնպես, որ ընդհանուր տնտեսությունը սկսի դինամիկ զարգանալ: 

Կառավարությունում, պատասխանելով լրագրողների հարցին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց. «Օրինակ` շինարարության 25 տոկոս մասնաբաժինը Հայաստանում կամ որևէ այլ երկրում ընդհանրապես անհնարին է, որ  երկարատև կամ գոնե միջնաժամկետ հեռանկար ունենա»:

Եվ դրա պահպանումը նույնպես Վահրամ Ավանեսյանը անհնարին համարեց: «Դեռևս 2006-2007 թթ., գնահատվում էր (այդ թվում նաև իմ կողմից` համեստ տնտեսագետիս), որ անկախ ճգնաժամից` պետք է շինարարության ոլորտում բացասական աճ լինի»,- ասաց նա:

Փաստորեն, շինարարությունը Հայաստանում դարձավ «աչքի փուշ» ու արդեն մոտ 5 տարի է, ինչ անկում է ապրում: Հիմնական պատճառը թերևս այն է, որ օտարերկրյա ներդրումների  ներհոսքի էական նվազում է տեղի ունեցել: Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հիշեցրեց, որ մինչև 2009 թ. սա բավականին հետաքրքիր ներդրումային ոլորտ էր այն պարզ պատճառով, որ անշարժ գույքի գները մեզանում տարեցտարի աճում էին:  «Այստեղ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը, նախևառաջ, այդ բարեփոխումների արդյունք-հետևանքն էր: Կար պետական միասնական գույք, հետո եղան փոփոխություններ, սեփականաշնորհվեց այդ գույքը: Այսինքն` միանգամից շատ մեծ քանակությամբ գույք լցվեց շուկա, այդ թվում նաև բնակֆոնդ: Սա մարսվեց, որից հետո, բնականաբար, պետք է գների աճ տեղի ունենար»,- պարզաբանեց Բագրատ Ասատրյանը:

Սուբյեկտիվ նախադրյալներից ԿԲ նախկին նախագահն առանձնացրեց իշխանությունների` տնտեսական քաղաքականության ամբողջ վեկտորը  շինարարության ոլորտին ուղղելը: Այսինքն`  շինարարության ոլորտում ստեղծվել էին արտոնյալ, ավելի գրավիչ պայմաններ, ինչի դրսևորումները բազմաբնույթ էին:

Որ շինարարությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը պետք է լիներ և շարունակեր այդպիսին մնալ, օբյեկտիվորեն հիմնավորված փաստ է համարում տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա դիտարկմամբ` շինարարությունն իր տեղը զիջեց առանց տնտեսության այլ ճյուղերի համաչափ զարգացման: Եթե ուսումնասիրենք Հայաստանի շինարարության հնարավոր պոտենցիալը, ապա, Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ, նվազագույնը 50 տարի այս ոլորտը կարող է և պետք է համարվի Հայաստանի տնտեսության ոչ միակ, բայց կարևոր ճյուղերից մեկը, ինչը թե՛ որպես համակարգաստեղծ ոլորտ կներգրավի տնտեսության մյուս ճյուղերը, թե՛ նաև կապահովի զբաղվածության էական աճ:

Նախ` Հայաստանի բնակարանային ֆոնդի մեծ մասը կառուցված է նախկին ԽՍՀՄ ժամանակներում և թարմացման կարիք ունի. օբյեկտիվորեն նոր շինարարություն պետք է իրականացվի: Երկրորդ` սփյուռքի առկայությունը Հայաստանում անշարժ գույքի հավելյալ պահանջարկ է ձևավորում: Երրորդ` արտադրական ենթակառուցվածքներն անընդհատ թարմացման, վերանայման կարիք ունեն: Եվ, վերջապես չորրորդը ճանապարհաշինությունն է, որը Հայաստանի պայմաններում կարող է ստեղծել շինարարության լուրջ պահանջարկ:

Իսկ Բագրատ Ասատրյանը  ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինչքան էլ բարձր է եղել շինարարության տեմպը, միևնույն է, 2008 թ.` շինարարական պիկի ժամանակ, շատ քիչ թվով բնակարան է հանձնվել շահագործման, եթե միայն բնակշինարարությանը նայենք: «Ամենաշատը, որ ես գիտեմ, տարեկան 10 հազարի չափ  բնակարան է հանձնվել: Իսկ այդ 10 հազար հատ բնակարան հանձնելը շատ քիչ է անգամ բնական պարզ վերարտադրությունն ապահովելու համար»,- ասաց ԿԲ նախկին նախագահը:

Փոխարենը, նշեց նա,  շինարարությունը զարգացավ դեպի VIP ոլորտը: Օրինակ` 2007 թ.  Հայաստանում կառուցվող բնակարանների միջին չափը մոտ 300 քմ է եղել: Այնինչ միջին` 4 հոգանոց ընտանիքն ապրում է  60-90 քմ-անոց բնակարանում: Փաստորեն,  զարգացումը գնացել է ոչ թե ընդհանուր կարիքները հոգալու, այլ շքեղության` մի փոքր խավի կարիքները հոգալու ուղղությամբ:

«Այսօր շինարարության ծավալներն այնպիսին են, որ ցավալի վիճակում է հայտնվել այս ոլորտը, էլ չեմ ասում արդյունաբերական շինարարության մասին: Ի՞նչ է, մեր երկիրն այսպես սոված- ծարավ պետք է մնա՞: Մշակույթի քանի՞ օբյեկտ է կառուցվել վերջին տարիների ընթացքում` զրոյից քիչ ավելի: Իհարկե, զրո չէ, ինչ-որ մի բան ավելի է, բայց աննշան է»,- ընդգծեց Բագրատ Ասատրյանը և հավելեց, որ պետք է կառուցվեն ճանապարհներ, ենթակառուցվածքներ, ձեռնարկություններ և այլն:

Բայց անշարժ գույքի շուկայի ու շինարարության ոլորտի վրա էական ազդեցություն ունի նաև երկրում ձևավորված կամ ձևավորվող հիփոթեքային շուկան, որը անհրաժեշտ միջոցներ է մատակարարում անշարժ գույքի պահանջ ունեցող մարդկանց համար: Այսինքն` ձևավորում է գնողունակ պահանջարկ: Ինչ վերաբերում է հիփոթեքային շուկային, ապա  Արծվիկ Մինասյանը նշում է, որ տնտեսագիտական կանոն կա` եթե երկրում տոկոսադրույքը բարձր է, նշանակում է` բնակարանների և անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կա՛մ նվազում է, կա՛մ պահպանվում է նույն մակարդակի վրա:

Հիփոթեքային վարկերի առումով էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշում է. «Իհարկե, այնտեղ բացվածք ներկայացնելու խնդիր կա, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում: Բայց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկերը դեռևս չեն գտնվում այն մակարդակի վրա, որ կարողանանք ասել, թե դրանք էականորեն ազդում են շինարարության ոլորտի վրա. Պատճառները շատ են` ծավալները, բայց տոկոսադրույքները, կարծում եմ` բոլորի համար ակնհայտ է, թույլ չեն տալիս, որի հիփոթեքի շուկան Հայաստանի Հանրապետությունում զարգանա»:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը հունվարի 17-ին հանդես եկավ ասուլիսով, սակայն չպատասխանեց լրագրողների այն հարցին, թե շուկայում անշարժ գույքի, հատկապես` բնակարանների ինչ գներ են եղել, քանի գործարք է կնքվել և այլն: «Կարող եմ ասել, որ ընդհանրապես գների կտրուկ փոփոխություն չի առաջացել հանրապետությունում` թե՛ մարզերում և թե՛ Երևան քաղաքում: Գործարքների քանակն իհարկե նվազել է. նախկին ակտիվությունը չէ, բայց, որ ասենք` գները կտրուկ նվազել են, այդպիսի բան առայժմ չի երևում»,- ոլորտի ընդհանուր միտումները համեմատելով 2012 թ. միտումների հետ`  ասել է Աշոտ Մուսայանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

 

 

ՄԻՊ. Բնակիչների ազատ տեղաշարժը խանգարող շինարարությունը շարունակվում է

շինարարությունԴեռևս փետրվար ամսին Ամիրյան 18, 18ա, 20, 24 և Մաշտոցի 15 շենքերի բակում իրականացվող շինարարության վերաբերյալ բազմաթիվ բնակիչներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին:

Պաշտպանին ուղղված դիմումի մեջ բնակիչները բարձրացրել էին իրականացվող շինարարության օրինականության հարցը:

Քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունները, ի պատասխան Պաշտպանի գրություններին, հայտնել էին, որ շինարարությունը դադարեցված է, սակայն մի քանի օր առաջ դիմումատուներից մեկը ահազանգել էր Պաշտպանի թեժ գիծ և հայտնել, որ շինարարությունը կրկին շարունակվում է:

Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները տեղում արձանագրել էին, որ շինարարությունն իրոք վերսկսվել է: Բնակիչները Պաշտպանին ներկայացրել էին նախորդ դիմումին ի լրումն նոր դիմում:

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ խնդիրը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում: