Կառուցվածքային փոփոխությունների հետքերով

գագիկ խաչատրյանՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին որոշեց վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` միացնելով ֆինանսների նախարարությանը և սահմանել, որ ՀՀ մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:

Այսպիսով ստեղծվեց սուպերնախարարություն, ունեցանք սուպերնախարար, քանի որ ստացվում է` այս նոր պետական մարմինը և՛ հարկերն է գանձելու, և՛ որոշելու է, թե ինչպես բաշխել դրանք: Կառուցվածքային այս փոփոխությունը իշխանությունները հիմնավորում են որպես արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման հերթական քայլ:

ՊԵԿ-ի միավորումը ֆինանսների նախարարության հետ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նորմալ կառուցվածքային փոփոխություն է համարում և նշում, որ բյուջեի ապահովումն ու տնտեսական աճի պատասխանատուները չպետք է առանձին մարմիններ լինեն, այլ երկուսն էլ պատասխան տան տնտեսական աճի և բյուջեի կատարողականի համար: «Այսինքն` բյուջեի կատարողականն ու տնտեսական աճը պետք է միավորված լինեն մեկ ընդհանուր գաղափարախոսության մեջ»,- ասաց Վ. Այվազյանը:

Պատգամավորը նշեց, որ աշխարհում պետբյուջեի եկամուտներն ապահովողները մեծ մասամբ եղել են ֆինանսների նախարարության կազմում, իսկ մեր իրականության մեջ ՊԵԿ-ը, մինչ ֆիննախի հետ միավորումը, մեկ խնդիր ուներ` կատարել պետական բյուջեն, թե ինչ միջոցով, ինչպես կկատարվեր, տնտեսական աճի՞ հաշվին, թե՞ տնտեսական աճ ապահովող սուբյեկտների ջանքերի, տարբերակում չկար: «Տնտեսական աճի համար պետք է տնտեսական նախադրյալներ ապահովել, եթե մեկի գործարանը փակվելու է, ապա պետք է մտածել, թե դրա ազդեցությունն ինչ կլինի»,- պարզաբանեց պատգամավորը:

Գրեթե նույն տեսակետն ունի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, որ ողջունում է հարկային ու մաքսային մարմինների միավորումը ֆինանսների նախարարության հետ` նշելով, որ ինքը միշտ էլ տրամաբանական ու արդյունավետ է համարել հարկային և մաքսային մարմինների ֆինանսների նախարարության տիրույթում գտնվելը: Ըստ տնտեսագետի` քանի որ կառավարության կողմից պետական բյուջեի նախագծի կազմման լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, ապա նա պետք է բյուջեի մուտքերի ու ելքերի վերաբերյալ մշտապես օպերատիվ տեղեկատվություն ունենա: Իսկ դա կարող էր ապահովվել միայն այս երկու կառույցների միացումով: Ցանկացած բյուջե կազմելիս իրատեսականորեն պետք է ելնել հնարավոր եկամուտներից, որոնք պետք է լինեն հաջորդ ֆինանսական տարում: Այդ առումով, ըստ տնտեսագետի, ֆինանսների նախարարությունը, ըստ էության, մինչ օրս չի ունեցել հանրապետությունում սպասվող և հնարավոր բյուջետային մուտքերի վերաբերյալ ճիշտ և օպերատիվ իրազեկվելու հնարավորություն: Սա հանգեցրել է բյուջեի կազմման պրոցեսի արդյունավետության որոշակի անկման:

Բայց հակառակ կարծիքը, թե այս միացման արդյունքում Հայաստանում տնտեսության և ֆինանսների կառավարման խիստ աղճատված համակարգ է ստեղծվելու, առավել գերիշխող է հայկական վերլուծական ու լրատվական շրջանակներում:

Հարցն այն է, որ տնտեսության կառավարման ժամանակակից սկզբունքների համաձայն` ֆինանսների նախարարության հիմնական գործառույթը պետական բյուջե մշակելն է, որի եկամտային մասը պետք է ապահովի պետեկամուտների կոմիտեն: Ֆինանսների նախարարությունը նաև բյուջեի ծախսերի պատասխանատուն է: Եվ այս երկու կառույցների ներքին հակամարտությունն ու բանավեճը ստեղծում է հակակշիռների մեխանիզմ, որի շնորհիվ կառավարումը դառնում է արդյունավետ: Նախկինում Հայաստանում ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունն առանձնացվեցին` ելնելով հենց այս նկատառումներից: Իսկ այժմ, երբ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ն անցնում են միևնույն մարմնի` միևնույն անձի լիակատար վերահսկողության տակ, այդ հակակշիռների մեխանիզմը հիմնովին ջախջախվում է:

Հակակշիռների մեխանիզմ պետք չէ՞

Այս երկու մոտեցումներն էլ խիստ պայմանական են: Եթե նշվում է արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ապա պետք է հստակ նշվի, թե որքանով է անարդյունավետ եղել նախկին համակարգը կամ կառուցվածքը: Շատ կարճ ժամանակահատվածի համար սա կարող է նույնիսկ դրական արդյունքներ տալ: Կարելի է սպասել նույնիսկ, որ հարկային եկամուտները կավելանան: Բայց դա շատ կարճ կտևի, իսկ ավելի երկարատև հեռանկարում վատ, շատ վատ հետևանքներ է ունենալու` թեկուզ նույն արդյունավետության առումով, եթե մնացած բազմաթիվ հարցերը նշելու չլինենք:

Ավելին` մամուլում արդեն իսկ սկսել են լուրեր շրջանառվել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորումը:

Նշված կառույցների ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ այդ միավորման արդյունքում վերանում են բյուջեի պլանավորման, հավաքման և ծախսման գործառույթներում եղած հակակշիռները, ինչը շեշտակի նվազեցնում է տվյալ ոլորտներում պետական կառավարման արդյունավետությունը: Նշենք, որ այդ միավորման շուրջ մտահոգություններ ունեն նաև Հայաստանում օտարերկրյա դեսպանները, հիմնականում` արևմտյան երկրների:

Հակակշիռների մասին դիտարկումները, ի դեպ, անուղղակի ձևով հաստատում են հենց այս կառուցվածքային փոփոխության պաշտպանները: Նույն Վարդան Այվազյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է. «Այս կառուցվածքային փոփոխությունը, իմ խորին համոզմամբ, կտա իր դրական արդյունքը: Որովհետև երբ ֆինանսների նախարարությունն ազատականացման էր գնում, ՊԵԿ-ը հակառակ կարծիքն ուներ: ՊԵԿ-ն էր գնում ուրիշ բանի, ֆինանսների նախարարությունն էր հակառակն ասում: Հիմա այս երկուսը միավորված են նույն խնդրի շուրջ: Այս երկուսի խնդիրը տնտեսական աճի ապահովումն ու դրա շնորհիվ պետական բյուջեի կատարումն է: Այսինքն` այդ երկուսը պետք է դառնան ոչ թե նպատակ, այլ պարզապես պետք է դառնան գործիք: Իսկ նպատակը մեկն է` քաղաքացու բարեկեցիկ կյանքի ապահովման խնդիրը: Սա պետք է լինի առաջնահերթ խնդիր, ոչ թե տնտեսական աճի ապահովումը կամ պետբյուջեի կատարման խնդիրը»:

Ինչ վերաբերում է քաղաքացու համար բարեկեցիկ կյանք ապահովելու «բուռն ցանկությանը», ապա հարկ է նշել, որ այս կարգի փոփոխությունները տեղի են ունենում` ելնելով զուտ քաղաքական կոնյունկտուրայից:

Հիմա ուշադրություն դարձնենք մի քանի հետաքրքիր «զուգադիպությունների»: Դեռ ֆինանսների նախարար չդարձած` ՊԵԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը նորանշանակ վարչապետի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստում կառավարության հաստատմանը ներկայացրեց «Այլընտրանքային ստուգումների մասին» օրենքի նախագիծը և հավանություն «կորզեց», որը համարվում է հարկային վարչարարության ֆեոդալական ձև. քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգին, երբ ստուգումներ իրականացվում են միայն այն դեպքում, երբ ինչ-որ հարկատուի առնչությամբ հարկային մարմիններում, դինամիկ վերահսկողության ու վերլուծության արդյունքում, կասկածներ են ի հայտ գալիս:

Հաջորդիվ կառավարությունը մտմտում է փոփոխել շրջանառության հարկին վերաբերող օրենսդրական բազան` շրջանառության հարկի դրույքաչափն իջեցնել մինչև 1 տոկոս, սակայն շրջանառության հարկով հարկվող սուբյեկտների համար շրջանառության նախատեսված շեմը նույնպես սեղմել ու իջեցնել մինչև 30 մլն դրամ, այսինքն` մնացածն արդեն կանցնեն ավելի բարձր դրույքներով` այլ հարկատեսակով հարկման տիրույթ:

Մյուս ուշագրավ նախաձեռնությունն այս ոլորտում վերաբերում է փոստային կամ էլեկտրոնային գնման եղանակով ներմուծված ապրանքների մաքսազերծման դրույքաչափերին, ըստ որի` եթե նախկինում յուրաքանչյուր ոք իրավունք ուներ առանց մաքսազերծման տարեկան մինչև 150 հազար դրամ արժողությամբ ապրանքներ ձեռք բերել միջազգային էլեկտրոնային գնումների համակարգերով, ապա այժմ այդ շեմը փորձում են իջեցնել մինչև 50 հազար դրամ: Այս ամենով հանդերձ, եթե իշխանություններն ասում են, թե ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության միավորումը բարենորոգիչ առաքելություն ունի, ապա մյուս կողմից քայլեր են անում, որոնք, համենայն դեպս, հակասում են այդ մոտեցմանը:

 

 

 

Առանց այդ էլ հարկերից ճռռացող տնտեսվարողներին GPRS-ով համակարգն էր պակաս

Անվտանգության-համակարգերի-տեղադրում_4Մի անգամ պապս, որ վաստակաշատ մանկավարժ էր ու լրագրող, նաև համոզված կոմունիստ, ինչ-որ պետական հիմնարկից գալով, իր գեղեցիկ դարչնագույն ցիլինդրն ու ձեռնափայտը ջղային շարժումով միջանցքի կոմոդի վրա նետելով, շուռ եկավ դեպի ինձ, որ այդ պահին հասել էի նրան, ու բարկացած, խիստ տոնով վրա բերեց` «Սովետը, որ քանդվեց` բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»: Շատ փոքր էի, որպեսզի հասկանայի, թե ինչ նկատի ուներ հասակ առած ու կյանքի բովում եփված պապս, բայց օրերս պապիս այս փոքրիկ «դասը» հիշեցի, երբ ծանոթացա բյուրոկրատական խոչընդոտների ու կամայականությունների հերթական պատմությանը:

Օրերս մեր խմբագրությանը դիմեց մի բավականին պատկառելի խանութ-սրահի տնօրեն. դժգոհում էր պետական կառույցների կամայականություններից: Ի թիվս նրա մատնանշած բազմաթիվ խնդիրների, մեկը խիստ ուշագրավ էր, հատկապես` պապիս խոսքերը հիշելուց հետո:

Մեզ դիմած Ա.Մ-ն պատմեց, որ ըստ կարգի, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող օբյեկտները պետք է որոշակի տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության չափանիշներ ապահովեն: Տվյալ դեպքում` հակահրդեհային անվտանգության համակարգեր ունենան: Բնականաբար, որպես այս հարցում գլխադասային մարմին, ԱԻՆ-ի համապատասխան ստորաբաժանումներն էլ, այս առումով, ներկայացնում են տեխնիկական անվտանգության պահանջների չափանիշները,համապատասխան «հսկողություն» են իրականացնում, թե ինչպես են պահպանվում այդ անվտանգության կանոնները, ինչպիսի սարք-սարքավորանք է անհրաժեշտ այս նորմը պահպանելու համար և այլն: Եվ մեզ դիմած Ա.Մ.-ն պատմեց, թե իրականում ինչ է կատարվել իր ղեկավարած խանութ-սրահում:

ԱԻՆ-ի համապատասխան կառույցի ներկայացուցիչները այցելել են նրա ղեկավարած խանութ-սրահ, ներկայացրել, թե ինչ տեխնիկական պահանջներ կան, որ պետք է ապահովի օբյեկտի տնօրինությունը: Հետո մատնանշել են խանութ-սրահում առկա հակահրդեհային անվտանգության համակարգն ու ասել, որ դա հին է, չի համապատասխանում սահմանված կարգով ամրագրված պահանջներին, ապա ներկայացրել են իրենց պահանջները: Նաև նշել են, թե կոնկրետ ինչ սարքավորումներ, գույք ու համակարգ է պետք տեղադրել` մատնանշելով կոնկրետ ապրանքանիշի կոնկրետ ապրանք: Երբ Ա.Մ.-ն ցանկացել է ձեռք բերել այդ համակարգը, պարզվել է, որ դա շատ թանկ արժի` մոտ 300 հազար դրամ` չհաշված հարակից ծառայությունների արժեքը: Ու որոշել է հրաժարվել այդ համակարգը տեղադրելուց: Իր ծանոթ գործընկերեներից տեղեկացել է նաև, որ նրանց էլ են այցելել համապատասխան մարդիկ ու ներկայացրել հակահրդեհային անվտանգության համակարգերի «անհրաժեշտությունն» ու պահանջվող համակարգերի տեխնիկական բնութագրերը` դարձյալ նշելով կոնկրետ ապրանքանիշ ու ապրանքատեսակներ:

Ինչպես հիշում ենք հանրահայտ ու բոլորին հուզած նոր ՀԴՄ-ների պատմությունից, այդ հակահրդեհային անվտանգության համակարգերը, բնականաբար, Հայաստան է ներկրում կոնկրետ մեկ մարդ, և այլ տեղից հնարավոր չէ ձեռք բերել այդ համակարգերը: Ու քանի որ Ա.Մ.-ն ու նրա ծանոթ գործընկերները հրաժարվել են ձեռք բերել ու տեղադրել այդ համակարգերը, քանի որ համարել են, որ իրենց ունեցած համակարգերը լիովին բավարարում են անվտանգության ապահովման պահանջները, հիմա նրանց առջև ծառացած է տուգանվելու խնդիրը: Իսկ տուգանքների հարցը Հայաստանում, բոլորս գիտենք` ինչպես է դրված…

Փորձեցինք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը:

Ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետով` 2012 թ. հուլիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը արձակել է N 263-Ն հրամանը հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին: «Հրդեհային անվտանգության կանոններ» կոչվող փաստաթղթի 81-րդ կետով էլ սահմանվում է. «Օբյեկտները պետք է համալրված լինեն հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով և հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգով` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածի»: Այդ հավելվածով թվարկվում են, թե որքան տարածք ունեցող ու ինչպիսի օբյեկտներում են հակահրդեհային անվտանգության համակարգերը պարտադիր և այլն: Կանոնների այս կետը սահմանում է նաև, որ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը պետք է փոխանցվի լիազոր մարմնին` այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները (Iոterոet/Eternet/GSM/GPRS/հեռախոսային ֆիքսված ցանց և այլն): Ընդ որում 3000 քմ և ավելի տարածք ունեցող օբյեկտների համար ռադիոկապի կիրառումը պարտադիր է:

Ամեն ինչ կարծես պարզ ու հստակ է, և ավելացնելու կամ զարմանալու ոչինչ չկա: Համենայն դեպս, ԱԻՆ-ի աշխատակիցները, երբ այցելում են համապատասխան օբյեկտներ ու ներկայացնում տեխնիկական ու հակահրդեհային անվտանգության ապահովման պահանջ, դա ինքնագլուխ չեն անում, այլ սահմանված կարգին համապատասխան:
Բայց ուշագրավ է նույն փաստաթղթի հաջորդ` 82-րդ կետը, որում, մասնավորապես, նշվում է. «Հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների, հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգի տեսակը, շիջման ձևը, կրակմարիչ միջոցները որոշվում են նախագծող կազմակերպության կողմից` կախված պաշտպանվող շենքերի ու կառույցների տեխնոլոգիական, կառուցողական և ծավալա-հատակագծային առանձնահատկություններից»:
Այս կետով, փաստորեն, հակահրդեհային անվտանգություն իրականացնողին կամ համակարգը նախագծողին, որը Հայաստանում պարտադիր ԱԻՆ-ն է, տրվում է լայն հնարավորություն ներկայացնելու իր նախընտրած կամ պատկերացրած ու իր մատնանշած անվտանգության համակարգ տեղադրելու պահանջ:

Դե ԱԻՆ-ում հո չեն հաստատի, թե իրենք ինչ-որ կանխամտածված կամ կանխակալ որոշում են ընդունում այս առումով ու զարկ տալիս իրենց նախընտրելի տնտեսվարողի կամ կառույցի ներկրած կամ արտադրած համակարգերի վաճառքին` հակահրդեհային անվտանգության համակարգեր տեղադրելու պահանջի ներքո գործող օբյեկտների տնօրինողներին «ուղղորդելով» դեպի կոնկրետ համակարգ: Անգամ այդ դեպքում նրանք արդարացում ունեն. մասնագետն իրենք են, հետևաբար իրենք են որոշում, թե որ օբյեկտում ինչպիսի տեխնիկական չափանիշներին համապատասխան համակարգեր պետք է տեղադրված լինեն, ուրեմն իրենք իրավունք ունեն ասելու, թե այդ չափանիշներին հատկապես որ համակարգն է համապատասխանում:

Միգուցե սա արդար է, չենք փորձում ինչ-որ մեկին մեղադրել, բայց հաշվի առնելով հայաստանյան իրականության փորձը, երբ պետությունն ավելի շահագրգիռ է ինչ-որ կազմակերպության կամ ընկերության բիզնես շահերը պաշտպանելու հարցում, քան հասարակ քաղաքացիների, արդեն ակամա սկսում ենք մտածել, որ այս դեպքում ևս պետական կառույցն առաջնորդվում է նույն սկզբունքով, ինչ նոր ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջի, ճանապարհային տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը մասնավոր ընկերության տնօրինմանը հանձնելու ու տուգանքներ նշանակելու, կարմիր գծանշումներով բոլորի սեփականությունը համարվող փողոցից մասնավոր ընկերության համար տարածք առանձնացնելու ու վճարովի ավտոկայանատեղ դարձնելու և մնացած այլ համանման դեպքերում: Նման գործելաոճի պարագայում համապատասխան իրավական ակտերը` թղթի վրա գրված կանոնները, հրամանները, նորմերն ու օրենքները միշտ պետության կամ պետության կողմից հովանավորվող ընկերությունների շահերից են ելնում:

Եվ նման դեպքերում հիշում եմ պապիս` արդեն ինձ հանճարեղ թվացող խոսքերը. «Սովետը, որ քանդվեց, բյուրոկրատական համակարգի ու ապարատի պատճառով էր: Եթե Սովետը քանդվեց, ես չեմ էլ ուզում պատկերացնել, թե էս ջահել Հայաստան պետությունն ինչ է լինելու»:

Դ!ԵՄ ԵՄ. Երթ ֆինանսների նախարարությունից՝ ՊԵԿ

դեմ եմԱպրիլի 9-ին, ժամը 12:30-ին հավաքվում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները:

Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:

Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:

Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․

 

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Ֆինանսների նախարարության պարզաբանումը բյուլետենների և պետբյուջեի կրած վնասների վերաբերյալ

ֆիննախԻնչպես Անկախը տեղեկանում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում արձանագրված խախտումների կապակցությամբ տարածած պարզաբանման մեջ ներկայացված փաստերը և արված հարցադրումները չեն արտացոլում ողջ իրականությունը, ուստի իրավիճակը հստակեցնելու նպատակով  Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է.

Ժամանակավոր անաշխատունակության, այսինքն՝ բյուլետենի գումարը, վճարում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ ՊԵԿ-ի ներկայացրած վճարման պահանջի հիման վրա։ Վճարման այդ պահանջը ՊԵԿ-ը ձևավորում է տնտեսվարող սուբյեկտների կողմից ՊԵԿ-ին ներկայացված հաշվետվությունների հիման վրա։ Ընդ որում, աշխատողի ժամանակավոր անաշխատունակության երկորդից չորրորդ օրերը բյուլետենի գումարը վճարում է գործատուն, իսկ հինգերորդ օրվանից սկսած՝ պետությունը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարման ենթակա գումարները: Արդյունքում՝ 2013թ. հունվար–հունիս ամիսների համար Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սոցիալական ապահովության պետական ծառայությանը ներկայացված վճարման պահանջները բերել են պետական բյուջեից լրացուցիչ փոխհատուցման ու վճարման ոչ ենթակա 584.7 մլն դրամ ծախսերի իրականացմանը: Ավելին` մինչև ֆինանսական վերահսկողության տեսչության ուսումնասիրությունների ավարտը ՊԵԿ-ը ներկայացրել է ևս շուրջ 500 մլն դրամ փոխհատուցման ոչ ենթակա գումարի պահանջ։
Այսինքն, ուսումնասիրության արդյունքներով, միայն 2013 թ.-ի կտրվածքով արձանագրվել է պետական բյուջեից չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի ծախս առաջացնող պահանջ։
Այո, ՊԵԿ-ի հետաքննության վարչությունը անհատ ձեռներեցների շրջանակում բացահայտել էր վերը նշված դեպքերի նման փաստեր և իրականացրել էր հետաքննություն, որի արդյունքներով մինչ օրս վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 87 միլիոն դրամի վնաս։ Փաստորեն, իրականացրած այս աշխատանքները բավարար չէին, որպեսզի ՊԵԿ-ը չներկայացներ պետական բյուջեի հաշվին չհիմնավորված շուրջ 1 մլրդ դրամի վճարման պահանջ։
Արդյո՞ք ՊԵԿ-ը ուներ հնարավորություն իր լիազորությունների շրջանակներում արձանագրել տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջեից լրացուցիչ 1 մլրդ դրամի չհիմնավորված գումարներ ստանալու այս փորձը։ Հարցի պատասխանն ստանալու համար բավարար է նշել, որ վերը նշված խախտումները ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը բացահայտել էր հենց ՊԵԿ-ում իրականացված ուսումնասիորությունների ընթացքում, բացառապես ՊԵԿ-ում առկա տեղեկատվության հիման վրա՝ անգամ առանց տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու։
Ցանկանում ենք նաև նշել, որ պետական բյուջեի գումարները հիմնավորված և արդյունավետ ծախսելը միայն ֆինանսների նախարարության գործառույթը չէ, այլև՝ պետական ցանկացած մարմնի։
Արդյունքում հարկադրված ենք ցավով արձանագրել, որ բացահայտված համակարգային խնդրի լուծման փոխարեն ներկայացվում են անտեղի արդարացումներ:

ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչություն
Հ.Գ. Հունվարի 17-ին ֆինանսների նախարարության վերահսողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը մամուլի ասուլիսում ամփոփել էր 2013 թվականի ստուգումների արդյունքները: Նա խոսել էր նախորդ տարի իրականացված բոլոր ստուգումների մասին՝ իրականացված արտակարգ իրավիճակների, մշակույթի, կրթության և գիտության նախարարություններում ու դրանց ենթակա այլ կազմակերպություններում, Արարատի, Կոտայքի, Լոռու,Գեղարքունիքի մարզերում, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում և ԿԱ Պետական եկամուտների կոմիտեում, նաև՝ անդրադարձել հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռքբերելու նպատակով պետական աջակցության ծրագրում հայտաբերված չարաշահումներին:

ՊԵԿ-ի նախագահի գործունեության վերաբերյալ վարույթ է հարուցվել

gagik xachatryanԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ապրիլի 10-ի որոշմամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա, հարուցվել է վարույթ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:

Միաժամանակ, նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյա ժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները: Այս մասին տեղեկացնում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:

«Հարկ է հիշեցնել, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին ԹԻՀԿ-ը, հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի 2012 թ. հոկտեմբերի 18-ի համարում (#180/3104/) հրապարակված «Մենքումերոնքով աշխատում են» և «Պայքարի իրական մարտիկը» հոդվածները, դիմում է ներկայացրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Հոդվածներն անդրադառնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացվող կամ «վերահսկվող» ձեռնարկատիրական գործունեությանը:

Ըստ թերթի հրապարակման՝ Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր: Բացի այդ, ըստ թերթի վերոնշված հրապարակումների` պետական եկամուտների կոմիտեի նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, «Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն»:

ԹԻՀԿ-ը, դիմելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները»,-մասնավորապես ասված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

«Փաստինֆո»