Կառուցվածքային փոփոխությունների հետքերով

գագիկ խաչատրյանՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին որոշեց վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` միացնելով ֆինանսների նախարարությանը և սահմանել, որ ՀՀ մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:

Այսպիսով ստեղծվեց սուպերնախարարություն, ունեցանք սուպերնախարար, քանի որ ստացվում է` այս նոր պետական մարմինը և՛ հարկերն է գանձելու, և՛ որոշելու է, թե ինչպես բաշխել դրանք: Կառուցվածքային այս փոփոխությունը իշխանությունները հիմնավորում են որպես արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակման հերթական քայլ:

ՊԵԿ-ի միավորումը ֆինանսների նախարարության հետ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նորմալ կառուցվածքային փոփոխություն է համարում և նշում, որ բյուջեի ապահովումն ու տնտեսական աճի պատասխանատուները չպետք է առանձին մարմիններ լինեն, այլ երկուսն էլ պատասխան տան տնտեսական աճի և բյուջեի կատարողականի համար: «Այսինքն` բյուջեի կատարողականն ու տնտեսական աճը պետք է միավորված լինեն մեկ ընդհանուր գաղափարախոսության մեջ»,- ասաց Վ. Այվազյանը:

Պատգամավորը նշեց, որ աշխարհում պետբյուջեի եկամուտներն ապահովողները մեծ մասամբ եղել են ֆինանսների նախարարության կազմում, իսկ մեր իրականության մեջ ՊԵԿ-ը, մինչ ֆիննախի հետ միավորումը, մեկ խնդիր ուներ` կատարել պետական բյուջեն, թե ինչ միջոցով, ինչպես կկատարվեր, տնտեսական աճի՞ հաշվին, թե՞ տնտեսական աճ ապահովող սուբյեկտների ջանքերի, տարբերակում չկար: «Տնտեսական աճի համար պետք է տնտեսական նախադրյալներ ապահովել, եթե մեկի գործարանը փակվելու է, ապա պետք է մտածել, թե դրա ազդեցությունն ինչ կլինի»,- պարզաբանեց պատգամավորը:

Գրեթե նույն տեսակետն ունի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, որ ողջունում է հարկային ու մաքսային մարմինների միավորումը ֆինանսների նախարարության հետ` նշելով, որ ինքը միշտ էլ տրամաբանական ու արդյունավետ է համարել հարկային և մաքսային մարմինների ֆինանսների նախարարության տիրույթում գտնվելը: Ըստ տնտեսագետի` քանի որ կառավարության կողմից պետական բյուջեի նախագծի կազմման լիազոր մարմինը ֆինանսների նախարարությունն է, ապա նա պետք է բյուջեի մուտքերի ու ելքերի վերաբերյալ մշտապես օպերատիվ տեղեկատվություն ունենա: Իսկ դա կարող էր ապահովվել միայն այս երկու կառույցների միացումով: Ցանկացած բյուջե կազմելիս իրատեսականորեն պետք է ելնել հնարավոր եկամուտներից, որոնք պետք է լինեն հաջորդ ֆինանսական տարում: Այդ առումով, ըստ տնտեսագետի, ֆինանսների նախարարությունը, ըստ էության, մինչ օրս չի ունեցել հանրապետությունում սպասվող և հնարավոր բյուջետային մուտքերի վերաբերյալ ճիշտ և օպերատիվ իրազեկվելու հնարավորություն: Սա հանգեցրել է բյուջեի կազմման պրոցեսի արդյունավետության որոշակի անկման:

Բայց հակառակ կարծիքը, թե այս միացման արդյունքում Հայաստանում տնտեսության և ֆինանսների կառավարման խիստ աղճատված համակարգ է ստեղծվելու, առավել գերիշխող է հայկական վերլուծական ու լրատվական շրջանակներում:

Հարցն այն է, որ տնտեսության կառավարման ժամանակակից սկզբունքների համաձայն` ֆինանսների նախարարության հիմնական գործառույթը պետական բյուջե մշակելն է, որի եկամտային մասը պետք է ապահովի պետեկամուտների կոմիտեն: Ֆինանսների նախարարությունը նաև բյուջեի ծախսերի պատասխանատուն է: Եվ այս երկու կառույցների ներքին հակամարտությունն ու բանավեճը ստեղծում է հակակշիռների մեխանիզմ, որի շնորհիվ կառավարումը դառնում է արդյունավետ: Նախկինում Հայաստանում ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունն առանձնացվեցին` ելնելով հենց այս նկատառումներից: Իսկ այժմ, երբ ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ն անցնում են միևնույն մարմնի` միևնույն անձի լիակատար վերահսկողության տակ, այդ հակակշիռների մեխանիզմը հիմնովին ջախջախվում է:

Հակակշիռների մեխանիզմ պետք չէ՞

Այս երկու մոտեցումներն էլ խիստ պայմանական են: Եթե նշվում է արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ապա պետք է հստակ նշվի, թե որքանով է անարդյունավետ եղել նախկին համակարգը կամ կառուցվածքը: Շատ կարճ ժամանակահատվածի համար սա կարող է նույնիսկ դրական արդյունքներ տալ: Կարելի է սպասել նույնիսկ, որ հարկային եկամուտները կավելանան: Բայց դա շատ կարճ կտևի, իսկ ավելի երկարատև հեռանկարում վատ, շատ վատ հետևանքներ է ունենալու` թեկուզ նույն արդյունավետության առումով, եթե մնացած բազմաթիվ հարցերը նշելու չլինենք:

Ավելին` մամուլում արդեն իսկ սկսել են լուրեր շրջանառվել, որ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչություններում խիստ բացասական են ընդունել ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի միավորումը:

Նշված կառույցների ներկայացուցիչները մտահոգված են նրանով, որ այդ միավորման արդյունքում վերանում են բյուջեի պլանավորման, հավաքման և ծախսման գործառույթներում եղած հակակշիռները, ինչը շեշտակի նվազեցնում է տվյալ ոլորտներում պետական կառավարման արդյունավետությունը: Նշենք, որ այդ միավորման շուրջ մտահոգություններ ունեն նաև Հայաստանում օտարերկրյա դեսպանները, հիմնականում` արևմտյան երկրների:

Հակակշիռների մասին դիտարկումները, ի դեպ, անուղղակի ձևով հաստատում են հենց այս կառուցվածքային փոփոխության պաշտպանները: Նույն Վարդան Այվազյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է. «Այս կառուցվածքային փոփոխությունը, իմ խորին համոզմամբ, կտա իր դրական արդյունքը: Որովհետև երբ ֆինանսների նախարարությունն ազատականացման էր գնում, ՊԵԿ-ը հակառակ կարծիքն ուներ: ՊԵԿ-ն էր գնում ուրիշ բանի, ֆինանսների նախարարությունն էր հակառակն ասում: Հիմա այս երկուսը միավորված են նույն խնդրի շուրջ: Այս երկուսի խնդիրը տնտեսական աճի ապահովումն ու դրա շնորհիվ պետական բյուջեի կատարումն է: Այսինքն` այդ երկուսը պետք է դառնան ոչ թե նպատակ, այլ պարզապես պետք է դառնան գործիք: Իսկ նպատակը մեկն է` քաղաքացու բարեկեցիկ կյանքի ապահովման խնդիրը: Սա պետք է լինի առաջնահերթ խնդիր, ոչ թե տնտեսական աճի ապահովումը կամ պետբյուջեի կատարման խնդիրը»:

Ինչ վերաբերում է քաղաքացու համար բարեկեցիկ կյանք ապահովելու «բուռն ցանկությանը», ապա հարկ է նշել, որ այս կարգի փոփոխությունները տեղի են ունենում` ելնելով զուտ քաղաքական կոնյունկտուրայից:

Հիմա ուշադրություն դարձնենք մի քանի հետաքրքիր «զուգադիպությունների»: Դեռ ֆինանսների նախարար չդարձած` ՊԵԿ-ի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը նորանշանակ վարչապետի գլխավորությամբ անցկացված կառավարության նիստում կառավարության հաստատմանը ներկայացրեց «Այլընտրանքային ստուգումների մասին» օրենքի նախագիծը և հավանություն «կորզեց», որը համարվում է հարկային վարչարարության ֆեոդալական ձև. քաղաքակիրթ աշխարհը վաղուց անցել է ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգին, երբ ստուգումներ իրականացվում են միայն այն դեպքում, երբ ինչ-որ հարկատուի առնչությամբ հարկային մարմիններում, դինամիկ վերահսկողության ու վերլուծության արդյունքում, կասկածներ են ի հայտ գալիս:

Հաջորդիվ կառավարությունը մտմտում է փոփոխել շրջանառության հարկին վերաբերող օրենսդրական բազան` շրջանառության հարկի դրույքաչափն իջեցնել մինչև 1 տոկոս, սակայն շրջանառության հարկով հարկվող սուբյեկտների համար շրջանառության նախատեսված շեմը նույնպես սեղմել ու իջեցնել մինչև 30 մլն դրամ, այսինքն` մնացածն արդեն կանցնեն ավելի բարձր դրույքներով` այլ հարկատեսակով հարկման տիրույթ:

Մյուս ուշագրավ նախաձեռնությունն այս ոլորտում վերաբերում է փոստային կամ էլեկտրոնային գնման եղանակով ներմուծված ապրանքների մաքսազերծման դրույքաչափերին, ըստ որի` եթե նախկինում յուրաքանչյուր ոք իրավունք ուներ առանց մաքսազերծման տարեկան մինչև 150 հազար դրամ արժողությամբ ապրանքներ ձեռք բերել միջազգային էլեկտրոնային գնումների համակարգերով, ապա այժմ այդ շեմը փորձում են իջեցնել մինչև 50 հազար դրամ: Այս ամենով հանդերձ, եթե իշխանություններն ասում են, թե ՊԵԿ-ի ու ֆինանսների նախարարության միավորումը բարենորոգիչ առաքելություն ունի, ապա մյուս կողմից քայլեր են անում, որոնք, համենայն դեպս, հակասում են այդ մոտեցմանը:

 

 

 

Tags: , ,