Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը

սարդարապատ 3Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Տոնակատարության շրջանակներում Նախագահն ընդունել է Պատվո նվագախմբի հանդիսավոր քայլերթը, հանդիսության մասնակիցների հետ դիտել տոնի առթիվ մշակութային կատարումը:

սարդարապատ 2Տոնակատարությունից հետո, Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման արարողությունը:

Նախագահ հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:

սարդարապատ1«Այն փաստը, որ այս արարողությունը տեղի է ունենում Սարդարապատում, առանձնահատուկ խորհուրդ ունի: Սրանով մենք ընդգծում ենք մեր ժողովրդի տարբեր սերունդների կապն ու ժառանգականությունը: Սրանով մենք շեշտում ենք, որ մեծ հաշվով բոլորի արած գործը նույն ուղեծրում է: Դա հայոց պետականությունն է, նրա պատմությունն ու ներկան: Զինվորականը, ուսուցիչը, գիտնականը, արվեստագետը, բժիշկը մենք բոլորս մեկ ուղեծրում ենք, որ կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Սիրելի՛ պարգևատրվածներ, մաղթում եմ ձեզ, որ ձեր գործով և վարքով արժանի լինեք այն սխրանքին, որ մեր նախնիները գործել են այս սրբազան դարձած վայրում: Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար և ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, գիտակցաբար ավելի շատ մարդկանց հրավիրեցինք այստեղ պարգևատրվելու, որովհետև, իրոք, ես համարում եմ՝ սա առանձնահատուկ տեղ է, և առանձնահատուկ շնորհ է այստեղ պարգև ստանալը: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ պարգևատրվելու առթիվ»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը Սարդարապատում նաև շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

սարդարապատ4Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

1918 թվականի մայիսի 28-ին ճակատագիրը մեզ պատմական հնարավորություն ընձեռեց վերականգնելու Հայաստանի անկախությունը: Ռուսաստանի հեղափոխական ցնցումները, առաջին աշխարհամարտի իրադարձությունները և անպատեհ այլ հանգամանքներ ստեղծել էին մի իրավիճակ, երբ մենք մնացել էինք մենակ բազում մարտահրավերների առջև: Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում շարունակվում էր, ռուս-թուրքական ռազմաճակատը վերածվել էր հայ-թուրքական ճակատի:

Ահա այդ պահին և այդ պայմաններում տեղի ունեցավ հրաշքը, որ ավելի աշխարհական բառով կոչվում է սխրանք: Այդ սխրանքը գործեցին հայ ռազմիկները, քաղաքական գործիչները, շինականները, հոգևորականները, մտավորականները, հայության ամբողջ մի սերունդ: Չսպասված, չծրագրված, չնախապատրաստված և խորքում՝ ողբերգական մայիսի 28-ը նրանք վերածեցին ազգային զարթոնքի: Այն կոչված էր պատերազմի ու ցեղասպանության, սովի ու համաճարակների, գաղթականության և հուսահատության հովիտը՝ Հայաստանը, դարձնելու ազատ, անկախ, բարեշեն և ժողովրդավար երկիր:

Այսօր մենք կանգնած ենք Սարդարապատում և գլուխ ենք խոնարհում Հայաստանի վերջին հողակտորը պաշտպանած և հայության վերջին բեկորներին փրկած նահատակների հիշատակի առաջ: Եթե մայիսյան հերոսամարտերում և մանավանդ Սարդարապատում հայերը պարտվեին, ապա թուրքական զորքերն անարգել մտնում էին Էջմիածին և Երևան: Եթե այդքանից հետո աշխարհի երեսին մնար հայ պատմաբան, ապա նա առանց մեծ դժվարության կարող էր հիմնավորել, որ հայերի հաղթանակը օբյեկտիվորեն անհնար էր: Բոլոր փաստերը և ողջ իրականությունը կարծես մեր դեմ էին, բայց մենք փրկվեցինք այստեղ: Ինքներս վաստակեցինք ապրելու և միջազգային քաղաքական ասպարեզ վերադառնալու իրավունքը: Եվ դա արել է հայության բոլոր ժամանակների ամենաողբերգական, բայց միաժամանակ ամենահերոսական սերունդը: Հավերժ փա՛ռք և խոնարհու՛մ բոլոր անվանի և անանուն հերոսների պայծառ հիշատակին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների և Հանրապետության տոնի կապակցությամբ: Սա մեծ օր է՝ հարության և վերածննդի օր: Մաղթում եմ բոլորիս տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք:

ՀՀ ոստիկանության պետ. «Արամ Մանուկյանը գրագետ, բարոյական և ուժեղ անձնավորություն էր, որ մինչև վերջին շունչը աշխատեց և կյանքը նվիրաբերեց հայրենիքին»: (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

արամ մանուկյանՀունվարի 29-ը Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցն է:

Aram_Manukyan-03Եվ ծաղիկներ են խոնարհվում Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց առաջին նախարարի կիսանդրուն, զինվորական պատիվներ են տրվում մի անհատի, որ լեգենդ էր արդեն կենդանության օրոք, երախտիքի տուրք է մատուցվում պետական և ազգային գործչին, ում ջանքով կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, և Վասպուրականի հայությունը փրկվեց եղեռնից, ում հաստատակամությամբ միազորվեց Արարատյան աշխարհը և եղավ Aram_Manukyan-04Սարդարապատ ու հաղթանակ, եղավ Հայաստանի Հանրապետություն, և պետականություն, որ կա այսօր ու լինելու է: Արամը պարզապես ներքին գործերի նախարար չէր, և իր ղեկավարած կառույցն էլ պարզապես նախարարություն չէր. Արամը երկրի ողջ ներքին կյանքն էր նորոգում՝ սկսած հանցավորության դեմ պայքարից և կարգուկանոնի հաստատումից մինչև իրենց օրենք ու իշխանություն երևակայողների զինաթափում, մինչև շինականի հոգս ու ցավի ամոքում, որբերի հոգևոր ու մարմնական ապաքինում, նպաստամատույց ծառայությունների վերահսկում, մինչև իսկ կրթություն: Իր ժողովրդի հետ էր միշտ և այդ օրերին ժողովրդին ճարակած մահով էլ գնաց դեպի… անմահություն՝ կրկին հաստատելով վճռական մենակի անպարտելիությունը և սերունդներին ավանդելով պետության պաշտամունք: Լրագրողների

Արամ Մանուկյան, ոստիկանություն

Արամ Մանուկյան, ոստիկանություն

հետ ճեպազրույցում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հենց դրանով կարևորեց օրվա խորհուրդը` նշելով, որ հարյուրամյակներով պետություն չունեցող մեր երկրի ներքին գործերի առաջին նախարարը հիմնաքարի դեր ունեցավ. «Նա առաջին հերթին մեր ակունքն է, ոստիկանության ակունքը, մենք նրա ժառանգորդներն ենք: Գրագետ, բարոյական, ուժեղ անձնավորություն, որ մինչև վերջին շունչը աշխատեց և կյանքը նվիրաբերեց հայրենիքին…»:

Անկախ

Մշակութային հաստատության ոչ մշակութային պատկերը

սարդարապատՍարդարապատի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը վերջին շրջանում հանրության և լրատվամիջոցների ուշադրության կիզակետում հայտնվեց ամենևին ոչ  մշակութային իրադարձության առիթով: 2013-ի դեկտեմբերի 14-ին թանգարանում տեղի էր ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որն ավարտվել էր երկու աշխատակիցների շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխմամբ:

Իրադարձության առանցքում թանգարանի երկարամյա աշխատակցուհի, հսկիչ-հավաքարար տիկին Անիկն էր և թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն ու իր օգնական Վարդիկը: Միջադեպից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց Հայաստանի ոստիկանությունը: Հաղորդագրության վերնագիրը բավականին տպավորիչ էր. «Բռունցքի հարվածներ` աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ»:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, թե իրեն ծեծի են ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ: Թանգարանի տնօրենը համառորեն հերքում էր ծեծի մասին լուրը` ասելով, որ մատով անգամ չի դիպել աշխատակցուհուն:

Ինչևէ, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն և կատարվել հետաքննություն: Եվ «պարզվել» է, որ աշխատակցուհու վնասվածքներն Արիստակեսյանի ու նրա օգնականի հետ որևէ կապ չունեն:

Թանգարանի տնօրենը դեպքից հետո, «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, սպառնացել է տիկին Անիկին, որ ինքն է նրան դատի տալու: 60-ամյա կինը մեզ հետ զրույցում ասաց, որ ահուդողով է աշխատանքի գնում, և գիտի, որ վաղ թե ուշ իրեն գործից ազատելու են: Ինչ վերաբերում է տնօրենի սպառնալիքին, ապա կինը հավատում է, որ եթե Արիստակեսյանը կարողացել է այս գործը կոծկել, ապա նրանից ամեն ինչ սպասելի է: Կնոջ խոսքով` միջադեպի միակ ապացույցը  տեսախցկիներն են, որոնք, սակայն, տնօրենի կողմից ժամանակին արագ մաքրվել են:

Ի դեպ, հիվանդանոց տեղափոխված աշխատակցուհին հիվանդանոցում, առանց իմանալու, ստորագրել է մի թղթի տակ, որը ինչպես հետագայում է պարզել, դեպքի իրական փաստերը կոծկող և Արիստակեսյանին ու նրա օգնականին արդարացնող փաստաթուղթ է եղել: «Հենց էդ նույն օրն արդեն լրագրողներին հայտնեց, որ իրենք մեղավոր չեն, իրենց վրա ոչինչ չկա: Ուղղակի մեր հնարավորությունները չէին ներում, որ փաստաբան վերցնեինք, հասկանայինք` ինչ ենք անում: Իսկ ինքն ամեն ինչ արեց, որ ջրից չոր դուրս գա»,- ասում է կինը:

սարդարապատ (1)

Հիշեցնենք, որ միջադեպը ծագել է թանգարանի հսկիչ-հավաքարարների հետ ժողովի ժամանակ, երբ Արիստակեսյանը հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարի նոր հրամանով նրանք, ովքեր չունեն դիպլոմ, չեն կարող որպես հսկիչ աշխատել: Տիկին Անիկը, որն արդեն  15 տարի է` աշխատում է թանգարանում, ընդդիմացել է, ինչին ի պատասխան` Արիստակեսյանը նրան գոռգոռալով դուրս էր հրավիրել սենյակից: Կինն էլ հայտարարել է, որ այդ դեպքում բոլորին կպատմի տնօրենի մասին այն, ինչ գիտի, և դուրս է եկել:

Նրա հետևից շտապել է տնօրենի օգնական Վարդենիկը, որը, ըստ լուրերի, Արիստակեսյանի ընկերուհին է: Կնոջ պատմելով` Վարդենիկը սկսել էր ձեռքերով հարվածել իր կրծքավանդակին, վիրավորական խոսքեր ասել: «Ես էլ ինֆարկտ տարած կին եմ,- նշում է նա,- հետո էդ ձայների վրա Արիստակեսյանը դուրս եկավ միջանցք և փոխանակ իր օգնականի դեմն առնելու` ինքն էլ միացավ նրան, ասեց` շատ լավ ա անում: էդ ժամանակ հետևից պարանոցիս վրա հարվածներ զգացի: Մի քանի քայլ գնացի, էլ չեմ հիշում` ինչ եղավ, աչքերիս առաջ մթնեց: Երբ ուշքի եկա, տեսա հիվանդանոցում եմ»:

Մի քանի ժամ անց  շտապօգնության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել նաև թանգարանի մեկ այլ աշխատակցուհու, որի ինքնազգացողությունն էլ վատացել է տնօրենի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքների պատճառով:

Երբ զանգահարեցինք Կարեն Արիստակեսյանին նրանից մեկնաբանություն ստանալու և պարզելու, թե գործն ինչ ընթացքում է և ինչ է սպասվում այդ կանանց աշխատավայրում, ասաց. «Դեռ չեք ձանձրացե՞լ էս հարցից: Ես պատրաստվում եմ  ասուլիս հրավիրել, այնպես որ պաշտոնական հաղորդագրություն կլինի, բավարարվեք դրանով»: Հետո էլ ավելացրեց, որ սա ընդամենը ծիծաղելի միջադեպ էր, որից թերթերը մեծ սենսացիա սարքեցին:

Թանգարանի տնօրենը խորհուրդ տվեց բոլոր հարցերն ուղղել նրանց, ովքեր իրենց տուժող են ներկայացրել` միաժամանակ նշելով, որ իրական տուժողն իրենք են:

big_198493fe6-640x426Միջադեպի վերաբերյալ զրուցեցինք թանգարանի ոչ նյութական մշակույթի բաժնի նախկին վարիչ Սուսաննա Մելիքյանի հետ: Նա 2012 թ.  Կարեն Արիստակեսյանի կողմից աշխատանքից ազատվել է` որպես թանգարանի 30 տարվա գիտաշխատող չկարողանալով հանդուրժել նոր տնօրենի կողմից իրականացվող կամայականություններն ու ոչ պրոֆեսիոնալիզմը: «Թանգարանների պատմության մեջ սա չտեսնված ու  ու չլսված բան էր, որը հարիր չէր ո՛չ գիտական, ո՛չ էլ մշակութային ոլորտին: Սակայն Սարդարապատի թանգարանի վերջին տարիների զարգացումների համատեքստում այն և՛ սպասված էր, և՛ օրինաչափ` իբրև հետևանք տնօրենի վարած պատեհապաշտական քաղաքականության»:

Մելիքյանի խոսքով` Կարեն Արիստակեսյանը փորձում է ազատվել կայացած մասնագետներից և մարզի շրջանակներում անցկացվող ձևական մրցույթների միջոցով սեփական ընտրությամբ թանգարան է բերում ոլորտից հեռու պատահական մարդկանց` իր ծանոթ-բարեկամներին: Ոչ պրոֆեսիոնալ, թանգարանային գործից անտեղյակ մի աշխատակից էլ, ըստ նրա, տնօրենի օգնականն է, որը շարունակում է միաժամանակ զբաղեցնել և՛ տնօրենի օգնականի պաշտոնը, որի համար ստանում է գիտական բաժնի վարիչից բարձր աշխատավարձ, և՛ կոորդինացնում է ռեստորանի գործը, որտեղ աշխատում է իր հորաքույրը, և՛ կատարում է դրամարկղի գործը: «Իսկ ըստ որոշ լուրերի՝ հացատուն-ռեստորանը վարձակալությամբ «աշխատեցնում» է նրա եղբայրը»,- նկատեց Սուսաննա Մելիքյանը:

Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարության հրամանին, ապա թանգարանի նախկին գիտաշխատողը կարծում է, որ դա չի կարող տեղայնացվել գոնե Սարդարապատի թանգարանի համար, քանի որ այն լուրջ առանձնահատկություններ ունի: Բանն այն է, որ թանգարանը շատ մեծ ցուցադրական մակերես ունի, որի պահպանության համար անհրաժեշտ է ամենաքիչը 18-21 հսկիչ, որոնք միաժամանակ մաքրում են իրենց ամրագրված ցուցադրական տարածքը: Տարանջատելու դեպքում առնվազն նշված թվի կեսին համապատասխան հավաքարարի հաստիք է անհրաժեշտ, ինչը ձեռնտու չէ պետությանը: «էկոնոմիկայի նախարարի հրամանն ընդամենը շղարշ է թաքցնելու  Արիստակեսյանի` «անհուսալի» աշխատակիցներից ազատվելու իրական մտադրությունը, ինչի համար նա պատրաստ է անգամ ձեռք բարձրացնել աշխատակցի վրա, ապա չքմեղանալ՝ վերացնելով համապատասխան տեսագրությունը և սպառնալով վերջիններիս»,-ասում է նա:

Այս միջադեպում թանգարանի աշխատակիցներից ում մեղքի բաժինն է ավելի շատ, ումը` ավելի քիչ, գուցե այնքան էլ էական չէ, քանի որ խնդիրը ոչ թե միջադեպն է, այլ երևույթը, որի պատասխանատուն պետական համակարգն է, որն այդ հաստատությունների նկատմամբ չափից ավելի անլուրջ մոտեցում է ցուցաբերում`  չսահմանելով խիստ չափորոշիչներ ու պահանջներ: Եվ մշակութային կառույցները կամաց-կամաց վերածվում են խոհանոցային միջավայրի` դառնալով որոշ անձանց կամայականությունների և անձնական նկրտումների զոհը:

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Մայիսյան հերոսամարտերը մեր ժողովրդի միասնականության վառ օրինակն են. Մհեր Հովհաննիսյան

Celebration of Armenia's First Republic Day took place at Sardarapat MemorialԱյսօր Հայաստանի առաջին հանրապետության օրն է: 1918-ի այս օրը վերականգնվեց երկար դարեր խաթարված հայոց պետականությունը: Մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ պայքարում և կասեցնել նրանց առաջխաղացումը: Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից:

1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր: Այս առիթով այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպեցին ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմ. գիտ. թեկնածու Մհեր Հովհաննիսյանը:

Պետրոս Հովհաննիսյանը նշեց, որ միշտ չէ, որ Առաջին հանրապետության  ձեռքբերումը լիարժեք  է ներկայացվում: Ըստ նրա`  մենք երեք հանրապետություն ենք ունեցել և չպետք է ուրանանք մեր պատմության այդ կարևոր իրադարձություններից և ոչ մեկը, հատկապես, որ  Առաջին Հանրապետության ստեղծման ակունքներում կանգնածները նվիրյալներ էին, ոչ թե պատահական մարդիկ:

Մհեր Հովհաննիսյանն էլ մատնանշեց, որ մայիսյան հերոսամարտերը հավաքական հաղթանակի հերոսամարտեր էին, որովհետև Արամ Մանուկյանի կոչին միացել էին բոլոր  խավի ներկայացուցիչները , կուսակցականները և ոչ կուսակցականները: «Հերոսամարտերը մեր ժողովրդի միասնականության վառ օրինակն են: Մենք միայնակ էինք մնացել ամբողջ աշխարհի դեմ և տարածաշրջանում միակն էինք, որ նվաճեցինք անկախությունը, ոչ թե պարգև ստացանք, ինչպես Ադրբեջանն ու Վրաստանը»,-ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրենը:

 

 

 

Սարդարապատ

սարդարապատՄայիսը հայոց համար դարձել է խորհրդանշական հաղթանակների ամիս: Ավարայր, Սարդարապատ, Շուշի… Դժվար է համեմատել կամ գերագնահատել այս հաղթանակները: Բոլորն էլ բախտորոշ նշանակություն ունեցան հայոց կյանքում:

1918 թ. թուրքական զորքերը Արևմտյան Հայաստանում բնաջնջեցին հայությանն ու շարժվեցին դեպի արևելք` Հայաստանի սիրտը` Արարատյան դաշտավայր:

Թուրքական ոհմակը ձգտում էր դեպ արևելք` դեպի նախնյաց երկիր…ու  այդ ճանապարհին մի ազգ էր կանգնած` հայը:

«Ճակատագիրը կքշե Թուրքիան արևմուտքեն-արևելք. մենք հեռացանք Բալկաններից, կհեռանանք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք: Այնտեղ է մեր արյունը, մեր կյանքը և մեր լեզուն: Եվ դա տարերային ձգողություն ունի: Մեր եղբայրները Բաքու, Թուրքեստան, Ադրբեջան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի նրանց, և դուք` հայերդ, կանգնած եք մեր այդ ճամփի վրա: Դուք պետք է մի կողմ քաշվեք և մեզ ճամփա տաք» (Թուրքիայի կովկասյան բանակի ընդհանուր հրամանատար Վեհիբ Մոհամմեդ փաշա. 1918 թ.):

Երբևէ հայության գլխին նման վտանգ չէր կախվել` իսպառ ոչնչացման վտանգը: Ու այդ որոշիչ պահին ցեղասպան եղած, սոված, ուժասպառ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու ու գոյամարտ տալու:

Իսկ իրադրությունը մինչև 1918 թ. մայիսի 22-ն ավելի քան օրհասական էր. հայությունը` որպես քաղաքական ուժ, միավոր, կազմալուծված էր: Ժողովուրդը ծայրահեղ հուսալքված ու բարոյալքված էր: Բայց կատարվեց անսպասելին:

Հայոց ցաքուցրիվ զինուժը հավաքվեց Երևանում: Քաղաքական, հոգևոր գործիչները, Արամ Մանուկյանը հուսահատ ջանքեր էին գործադրում ժողովրդին կազմակերպելու համար:

Սարդարապատը կայացավ Արամ Մանուկյանի կամքի շնորհիվ: Նա արտակարգ իրավիճակ հայտարարեց երկրում և արտակարգ միջոցներ գործի դրեց. Երևանում դասալիքների մի քանի ցուցադրական գնդակահարություններ եղան: Միաժամանակ աշխատանքներ տարվեցին ժողովրդին հավաքագրելու համար: Հայն զգաց, որ այլևս նահանջի տեղ չունի, և մարտադաշտ  մտավ ոչ թե հաղթելու, այլ ապրելու կամ մեռնելու համար:

Շարունակությունը այստեղ