ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում (լուսանկարներ)


004

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, Ագարակ և Կապան քաղաքային համայնքների և ՀՀ ԲՆ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ, այցելել է մարզի հանքարդյունաբերող ընկերությունների` Զանգեզուրի ՊՄԿ ՓԲԸ-ին, Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ին, ինչպես նաև Ագարակի ՊՄԿ ՓԲԸ-ին  պատկանող պոչամբարներ: Արամայիս Գրիգորյանը տեղում ծանոթացել է տիրող իրավիճակին և առկա խնդիրներին, լսել ազդակիր համայքների ղեկավարների մտահոգություններն ու առաջարկությունները:

Արամայիս ԳրիգորյանԱրամայիս Գրիգորյան

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը ներկայացրել է Արծվանիկի պոչամբարի որոշակի հատվածների ցանկապատման և ազդակիր համայնքից սահմանազատելու անհրաժեշտության խնդիրը:

Դանդի Փրիշս Մեթալս Կապան ՓԲԸ-ի պոչամբարում ևս աշխատանքային խումբը արձանագրել է որոշակի խնդիրներ, որոնք Արամայիս Գրիգորյանը հրահանգել է կարգավորել կարճ ժամանակահատվածում:

Ագարակի ՊՄԿ ՓԲԸ  տնօրինության հետ հանդիպման ընթացքում Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ հարստացուցիչ ֆաբրիկայի ջրատարերում առաջացած  խնդիրները տևական ժամանակ բարձրաձայնում են բնապահպաններն ու ազդակիր համայնքի բնակիչները, կեղտաջրերն աղտոտում են գետը, ինչը անթույլատրելի է: Նախարարը ժամանակ է տվել ընկերությանը, խնդիրը հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորելու և շրջակա միջավայրին հասցվող վնասները բացառելու նպատակով:

Արամայիս ԳրիգորյանԱրամայիս Գրիգորյան

Արամայիս Գրիգորյանը եղել է նաև «Զանգեզուր կենսոլորտային համալիրի›› ենթակայությամբ գործող «Շիկահող›› պետական արգելոցում,  «Արևիկ›› ազգային պարկում,  «Խուստուփ›› պետական արգելավայրում, ծանոթացել աշխատակիցների գործունեության պայմաններին, պահպանվող տարածքներում առկա խնդիրներին, լսել աշխատակիցների բարձրացրած խնդիրներն ու առաջարկությունները, Նախարարը գոհունակությամբ արձանագրել է,  որ պահպանվող տարածքներում վերջին շրջանում գրեթե բացառված են որսագողությունն ու ապօրինի ծառահատումները, որոշ վայրերում նկատվում է կարմիրգրքային որոշ կենդանատեսակների պոպուլյացիայի աճ:

Արամայիս Գրիգորյանը ստուգայց է անցկացրել նաև Սյունիքի մարզում գործող  փոքր ՀԷԿ-երում՝ հանձնարարել է խստագույնս հետևել բնապահպանական նորմերին և էկոլոգիական թողքի պահպանմանը:

Սյունիքի մարզպետարանում կայացած նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող հարցեր: Սյունիքի մարզպետը նշել է, որ անցել են ժամանակները, երբ արտադրություն կազմակերպելու համար անտեսվում էր բնապահպանական բաղադրիչը: Նա կարևորել է համաձայնեցված գործակցությունը նախարարության հետ: Բարձրացվել է ԲՀՊՏ-ների և ազդակիր համայնքների միջև առկա սահմանային խնդիրների հարցը, որին նախարարը խոստացել է լուծում տալ մոտ ապագայում:

Արամայիս Գրիգորյանը և Վահե Հակոբյանն այցելել են նաև ՀՀ ԲՆ հարավային ջրավազանային տարածքային բաժնի վարչական տարածք, որտեղ հանդիպում են ունեցել ՀՀ ԲՆ Սյունիքի ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ծանոթացել վերջիններիս աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, լսել նրանց հաշվետվությունները կատարվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարը հույս է հայտնել, որ մարզային ստորաբաժանումները մարզպետարանի և մարզպետի աջակցությամբ կնպաստեն նախարարության արդյունավետ գործունեությանը մարզում:

Այցի ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը  խիստ հանձնարարականներ է տվել ԲՆ ստորաբաժանումների ղեկավարներին՝ հանքարդյունաբերական ընկերություններով հագեցած տարածաշրջանում բնապահպանական նորմերի պահպանման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ տանելու համար:

https://www.youtube.com/watch?v=bhGdhGCMh84&feature=youtu.be

 

Հայտնի է, թե ով կքննի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործը. Փաստինֆո

Սուրիկ ԽաչատրյանՍյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին զինված միջադեպի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն
Ըստ մեղադրանքի՝ Արտակ Բուդաղյանը, իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ. ժամը 22:00-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում նրան ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ   Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում  էր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող  կաթի վերամշակման արտադրամասի  գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ:

Այստեղ արտադրվում  են  Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում  է  ինչպես սեփական արտադրության, այնպես էլ համայնքից  մթերվող  մեկ տոննա կաթ : Առաջիկայում  նախատեսվում է  կաթի վերամշակման ծավալները հասցնել  2-3 տոննայի, ընդլայնել  արտադրանքի տեսականին:

Այնուհետև  նախարարն այցելել է Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում կառուցվող հատիկային կերերի  մթերման , պահեստավորման և լիարժեք համակցված կերերի արտադրության  ձեռնարկություն: Գերմանական սարքավորումներով հագեցած այս ձեռնարկությունը, որ   շարք կմտնի մինչև տարեվերջ, կարտադրի տարեկան 2500 տոննա  եվրոպական չափանիշներին համապատասխանող համակցված կերեր բոլոր սեռահասակային խմբի կենդանիների համար, ամբողջությամբ բավարարելով վերջինիս պահանջարկը մարզում  և մեծապես նպաստելով  մարզի անասնապահության զարգացմանը:

Այցելության հաջորդ կանգառը Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղն էր, ուր նախարարը ծանոթացել է խոզաբուծական ժամանակակից համալիրի շինարարության ընթացքին: Այն կգործարկվի մինչև տարեվերջ, կունենանա 200 գլուխ մայրակազմ և տարեկան կարտադրի 300 տոննա միս: Ամբողջությամբ մեքենայացված գործընթացներ ( կերի արտադրությունից մինչև սպանդանոց ) ունեցող համալիրի սարքավորումները  ներկրվել են Ավստրիայից: Շուտով եվրոպական երկրներից կներկրվի նաև լավագույն ցեղատեսակների մայրական կազմը:  Համալիրը աշխատանքով կապահովի ավելի քան 30  մարդու: Նման տեխնոլոգիաներով խոզաբուծական համալիր Հայաստանում  կգործարկվի առաջին անգամ:

Օրվա երկրորդ կեսին Սերգո Կարապետյանը  մասնակցել է մարզխորհդի նիստին, իր ելույթում ամփոփիչ անդրադարձ կատարել 2013 թվականին, հաջողված ու արդյունավետ  համարել այն հանրապետության  և Սյունիքի մարզի համար , խոսել պետական օժանդակման  այն  ծրագրերի մասին,  որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:

Նախարարը լավատեսորեն է արտահայտվել ընթացիկ տարվա խնդիրների  իրականացման մասին, նշելով պետական օժանդակման ծրագրերի շարունակելիությունը, որով գյուղացին կրկին հնարավորություն  ունի  մատչելի գներով ձեռք  բերել բարձրորակ սերմացու, պարարտանյութ ու  դիզելային վառելանյութ: Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրել է  գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների  ավելացման անհրաժեշտությանը, հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը:  Առանձնապես կարևորվել է  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի  մի շարք   համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում  հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին  մարզի ևս  7    համայնքներ ընդգրկել  նշված ծրագրում, նման համայնքների թիվը հասցնելով 18-ի:

Հանդիպման ավարտին  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը  «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության  պետ Սամվել Թանգյանին և Մեղրու տարածաշրջանի Ալվանք համայնքից այգեգործ Ալեքսան Հովհաննիսյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 9 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:

Անկախ

«Լեռ-Էքս» ՍՊԸ-ն սկսել է է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը. ահազանգում են բնակիչները

նկարՍյունիքի մարզի Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն հերիք չէ, որ 2010-ին առանց նախագծի և բնապահպանական փորձաքննություն անցկացնելու կառուցել էր պոչամբար, որի պոչհանքները երեք տարի շարունակ լցվում են Գեղի գետը: Հիմա էլ նույն տրամաբանությամբ սկսել է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը:
Դեռևս անցած տարվա հունիս ամսին բնապահպաններն ահազանգել էինք «Լեռ-Էքս» ընկերության կատարած օրինախախտումների մասին, որոնց այդպես էլ պետական լիազոր մարմինները համապատասխան արձագանք չտվեցին:

Երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքի համաձայն` Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի մանրազնին հետախուզված միակ հանքային գոտու հաշվարկված և հաստատված պաշարների քանակը կազմել. հանքաքարերինը` 3983 հազար տոննա, մոլիբդենինը` 6677 տոննա, պղնձինը` 17387 տոննա: Հարակից տարրերի պաշարների քանակները կազմել են` ռենիումինը` 988,3 կգ, ոսկունը` 1925,9 կգ, արծաթինը`27,815 տոննա, ծծմբինը` 31450 տոննա (ծծմբի միջին պարունակությունը հանքաքարերում կազմում է 1,14%):

Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը և մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի և առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Հանքավայրի վտանգավորության աստիճանը հասնում է 3-րդ աստիճանի:

Գնալով հսկայական չափեր են ընդունում հանքարդյունաբերության հետևանքով բնությանը հասցված վնասները: Պոչհանքերի թունավոր արտանետումների պատճառով օր օրի ավելանում է մեռյալ գետերի թիվը: Այս առումով ծայրահեղ ծանր վիճակում են հատկապես Սյունիքի և Լոռու գետերը:

 

Անկախ

Բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա խնդիրներն ու ծրագրերը

հարությունյանՀՀ բնապահպանության նախարարության 2014թ.ի գերակայությունները երկուսն են` Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրում և Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում:

Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 23 ծրագիր։
Ըստ նրա` Սևանա լճում նախատեսվում է իրականացնել 3 ծրագիր. ձկնատեսակների համալրում, անտառմաքրման աշխատանք և գիտական ուսումնասիրություններ։ Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման համար տարեկան 60 միլիոն դրամ է հատկացվում պետբյուջեից: Ծրագրով նախատեսվում է լիճ բաց թողնել մոտ 166600 գեղարքունի մանրաձուկ և 200000 ամառային իշխանի մանրաձուկ:
Անդրադառնալով Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծմանը` Ա.Հարությունյանը նշել է, որ ծրագրի բյուջեն 8, 25 մլն եվրո է։
Ծրագրի տարածքը ներառում է «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» պետական արգելավայրերը և 20 հուշարձան:

Անկախ

ՃՏՊ Սյունիքի մարզում. կան տուժածներ

ՃՏՊ Սյունիքի մարզում. կան տուժածներՀոկտեմբերի 24-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան – Երևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում «ՎԱԶ-2108» մակնիշի 34 SV 745 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1976 թ. ծնված Մ. Մ.-ը, 1965 թ. ծնված Գ. Գ.-ը, 2003 թ. ծնված Մ. Ա.-ը և 2002 թ. ծնված Է. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

«Մեզ շատ ունե՞նք, որ ուրիշներին եք տալիս…»

ոչխարներՀետաքրքիր մի երևույթ կա Հայաստանում. իշխանությունները մեկ–մեկ այնպիսի գործողություն են անում, որ, բնականաբար, անհայտ չի մնում, ու երբ լրատվամիջոցներով սկսում են ակտիվորեն անդրադառնալ այդ գործողության մանրամասներին, համապատասխան մարմինները սկսում են հերքել, մեղադրել լրագրողներին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Բայց որպես կանոն, նման դեպքերում միշտ պարզվում է, որ մամուլի հրապարակումներն անհիմն չէին. «առանց կրակի ծուխ չի լինում»:

 Նույնը վերաբերում է Սյունիքի արոտավայրերն իրանցի խաշնարածներին տրամադրելու մասին հուշագրին, որ վերջերս մամուլում ու երկրի հասարակական, քաղաքական, քաղաքացիական ու տնտեսական կյանքում մեծ աղմուկ բարձրացրեց: Նշվում էր, որ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված հուշագրի համաձայն` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:

Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի: Այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ:

Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում  նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ:  Հայկական կողմը դա ևս հերքեց:

Այժմ, երբ  «Անկախի»  տրամադրության տակ հայտնվեց ու հրապարակվեց այդ հուշագրի առկայությունը հաստատող փաստաթուղթը, որը վկայում է, որ հայկական կողմը կառավարական մակարդակով հավանություն է  տվել այդ գործընթացին, անդրադառնանք նրա որոշ հարցերին:

Մասնավորապես, «համաձայնագրի» 1.3.7 կետով երկու երկրների` ՀՀ-ի ու ԻԻՀ-ի առևտրի պալատները համաձայնել են խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր, իսկ փաստաթղթի 1.4.7 կետով  իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցույց տալ այդ աշխատանքներին:

Կարծես հայկական արոտավայրերի մասին խոսք չկա նշված, բայց դա միայն առաջին հայացքից: Տրամաբանորեն, եթե Հայաստանում կառուցվում է ոչխարաբուծական համալիր, այսինքն` Հայաստանում պետք է պահեն ոչխարներ, որտե՞ղ պետք է արածացվեն այդ ոչխարները: Բնականաբար` Հայաստանում: Այսինքն` իրոք որոշել են Հայաստանի արոտավայրերը տրամադրել իրանցի խաշնարածներին:

Մի պահ մոռանանք, որ ոչխարները գյուղատնտեսների կողմից համարվում են արոտավայրերը փչացնող կենդանիներ, քանի որ նրանց քայլած տեղերում բուսականություն չի կանաչում, մոռանանք, որովհետև Հայաստանում նույնպես ոչխարաբուծությամբ զբաղվողներ կան: Մյուս կողմից` կարելի էր մի պահ ընդունել, որ հայ ֆերմերները բուծեին ոչխարները, հետո միսն արտահանվեր Իրան, տնտեսական առումով, գոնե հասկանալի կլիներ: Բայց երբ իրանցի խաշնարածները պետք է գան Սյունիք, այնտեղ զբաղվեն ոչխարաբուծությամբ, հետո այդ ոչխարներին տանեն հետ` իրենց երկիր` իրացման նպատակով, դա ուղղակի նշանակում է Հայաստանի գյուղատնտեսական այդ ռեսուրսնեը նվիրել Իրանին: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, Իրանի իշխանությունները հայկական բեռնատարներին իրենց երկրում թույլատրում են հասնել առավելագույնը մինչև Թավրիզ, որպեսզի հայկական բեռնատարները չկարողանան հասնել Բանդար-Աբասի նավահանգիստ` Հայաստան եկող, նաև Հայաստանը որպես տարանցիկ ուղի օգտագործող բեռները տեղափոխելու: Սա արվում է այն պարզ պատճառով, որ իրանական բեռնատարներն այդ բեռները տեղափոխեն թե՛ մինչև Հայաստան և թե՛ Հայաստանի տարածքով դեպի դուրս:

Ու այսպիսի «բարիդրացիական» հարաբերությունների պայմաններում նման հարևանին թույլ տալ, որ իր ոչխարները արածացնի Սյունիքի լեռներում, որտեղից խաշնարածները մի կերպ քշվեցին, մեղմ ասած, անհասկանալի է:

Հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից. հայտնի է, որ Իրանի շուրջ Արևմուտքի տրամադրվածությունը թշնամական է: Նույնիսկ վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ բոլոր առումներով կաջակցի Իսրայելին, եթե վերջինս որոշի հարվածել Իրանին, էլ չասենք հենց Արևմուտքի կողմից անմիջականորեն հարված հասցնելու հավանականության մասին: Իրանն էլ ակտիվորեն պատրաստվել է պատերազմի, ու այժմ հայտնի չէ, թե դեպքերն ինչպիսի զարգացում կունենան: Ու ի՞նչ կլինի Սյունիքում, երբ «հուշագիր» լինի անխափան սահմանը անցնելու մասին` Սյունիքում իրենց խաշներն արածեցնելու պատճառաբանությամբ, երբ հարևան երկրում հանկարծ պատերազմ պայթի:

Ի միջի այոց, ՀՀ  Հանրային խորհուրդը ևս, ուսումնասիրելով հեռագնա ամառային արոտավայրերի ոլորտը, փաստում է, որ համաձայն  ՀՀ  հողային ֆոնդի առկայության  և  բաշխման վերաբերյալ  2012 թ.  հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում  է  1056.3 հազ. հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա., մերձգյուղային` 369.0 հազ. հա: Այդ արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.5 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն,  որոնք հիմնականում պահվում են գյուղամերձ արոտներում: Այս ամենը վկայում է տվյալ ոլորտի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին, ինչը չի նպաստում հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը և աշխատուժի ռացիոնալ օգտործմանը:

«ՀՀ Հանրային խորհուրդը ողջունում  է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիրը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության (ՀԳ Ռ.Կ.Մ.) ծրագրի» իրականացումը, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար»,- նշվում է այս առիթով Հանրային խորհրդի հրավիրած քննարկումների արդյունքում կազմված որոշման մեջ:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՀԽ-ն նպատակահարմար չի համարում հանրապետության հեռագնա արոտավայրերն օտարերկրյա իրավաբանական անձանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը: Եվ ՀԽ-ն որոշում է ընդունել դիմել ՀՀ կառավարությանը, առաջարկել գյուղատնտեսության նախարարության կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի» համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` hանրապետության բոլոր մարզերում բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար: