Ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

ավտոմեքենաներՄայիսի 23-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 78 տրանսպորտային միջոց. 26-ը` Երևանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 52-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ:

Վերջին զանգը՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում

001Երևանի քաղաքապետարանի ենթակայության արվեստի հանրակրթական միակ դպրոցում՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում, Վերջին զանգն ազդարարվել է դեպի նոր կյանք կանչող արվեստի ղողանջներով:

Կրթահամալիր է այցելել և Վերջին զանգի միջոցառումների շրջանակում 12-րդ  ավարտական դասարանների աշակերտների ու առաջինցիների խորհրդանշական հանդիպմանը ներկա գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Միջոցառման ընթացքում հանդիսավորությամբ աշակերտներին և ուսուցչական անձնակազմին է փոխանցվել օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը:

Դպրոցական վերջին դասի գլխավոր միջոցառմանը շրջանավարտները հանդես են եկել մշակութային հարուստ ծրագրով: Կոջոյանցիները հյուրերին նախ դիմավորել են ֆլեշմոբով, ապա ուղեկցել իրենց աշխատանքների ցուցադրության սրահ, որտեղ վառ գույներով ներկայացրել են վերջին ամիսների իրենց ապրումները, սպասումներն ու նպատակները:

Ուշագրավ է, որ ապագա արվեստագետներն իրենց հագուստին ամրացված օրվա խորհրդանիշ  զանգերը պատրաստել էին սեփական  ձեռքերով:

Քաղաքապետի անունից մեկ անգամ ևս շնորհավորելով շրջանավարտներին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ կրթվելով և դաստիարակվելով արվեստի շնչով՝ կրթահամալիրի սաները որոշակի պարտավորություն են ստանձնում իրենց ներդրումն ունենալ մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում:

«Վստահ եմ, որ հանրակրթարանում ձեռք բերած մասնագիտական ունակությունները կգործադրեք ձեր գաղափարների իրագործման ու  սկզբունքների պահպանման համար:  Վստահ եմ նաև, որ հայկական մշակույթի մեջ հանդես եք գալու նոր խոսքով, և մենք տեսնելու ենք ձեզ ոչ միայն որպես անհատների, այլև անհատականություների»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը այցելել է հ. 52 դպրոց

002Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը դպրոցական Վերջին զանգի առթիվ այցելել է Երևանի համար 52 հիմնական դպրոց։ Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է  շրջանավարտներին,  մաղթել  հաջողություններ` նպատակների իրականացման ճանապարհին։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձն ընթերցելուց հետո դպրոցի ավարտական դասարանների աշակերտները հյուրերին են ներկայացրել դպրոցին իրենց հրաժեշտի ներկայացումը, շնորհակալություն հայտնել ուսուցիչներին ստացած գիտելիքների, տարիների ընթացքում իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադիր ու հոգատար վերաբերմունքի համար՝ խոստանալով դառնալ լավ մասնագետներ, օրինակելի քաղաքացիներ, իրենց հետագա գործունեությամբ նպաստել մեր երկրի  զարգացմանն ու առաջընթացին։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասաևակայնության հետ կապերի վարչություն

 

Ռաֆայել Իշխանյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների տպավորիչ հրաժեշտը,լուսանկարներ

   համո սահյան   Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները բուռն ու յուրօրինակ հրաժեշտ տվեցին իրենց դպրոցին:  Շրջանավարտների Վերջին դասը վերածվեց ազգային ասմունքի երեկոյի: Աշակերտների շուրթերից հնչում էին Համո Սահյանի ու Պարույր Սևակի բանաստեղծությունները` գերելով բոլոր ներկաներին ու մոռացության տալով անգամ աշակերտների` հիմնական-հարազատ դպրոցը լքելու փաստը: Աշակերտները խոստովանեցին` բոլորը միաձայն պաշտպանել են այս տարվա հոբելյարների` Համո Սակյանի ու Պարույր Սևակի գրական ժառանգությունը պատկերավոր ու տպավորիչ ներկայացնելու միջոցով` իրենց ավարտական խոսքը ներկաներին հասցնելու գաղափարը:

Դպրոցի տնօրենի` Անուշ Սարգսյանի խոսքերով, աշակերտների այս նախաձեռնությունը շատ ավելի խոսուն է ու վեր հազարավոր շնորհակալական խոսքերից: Աշակերտները պատկերավոր փոխանցեցին մեծ գրողների և՛ էությունը, և՛ գրական նվաճումներն ու հույզերը: Իսկ Ռաֆայել Իշխանյանի կինը` Բյուրակն Չերազը, տպավորված աշակերտների ելույթից, հույս հայտնեց, որ նրանք հայոց պետության փառավոր վերելքի ականատեսը կլինեն և նշեց, որ դպրոցի սաները հետևեցին Սահյանի խոսքերին ու իրենց ելույթով ապացուցեցին, որ “Սահյանին բացակա չեն դրել”, Սահյանն այստեղ է, իրենց կողքին:

“Ամեն ինչ հիանալի էր: Կարծում եմ` ավելի լավ Վերջին դաս կազմակերպել չէր լինի. հայ մեծերի արվեստը ներկայացնելը և՛ սովորեցնող է, և՛ պարտավորեցնող: Աշակերտների հետ դպրոցում հսկայական աշխատանք է տարվում, ամեն անգամ դպրոցի ողջ անձնակազմը զարմացնում է իր` նորանոր ու հետաքրքիր նախաձեռնություններով”,-“Անկախի” հետ զրույցում նշեց ծնողներից Անահիտ Միկոյանը:

Աշակերտներից մեկը` Դիանա Վարդանյանը անկեղծանալով  նշեց` շատ հուզված էր  ու բոլոր աշակերտների կողմից իր խոնարհումը հայտնեց մեծն Համո Սահյանին իր ստեղծածի համար` ավելացնելով, որ մեծ պատիվ էր իրենց համար ներկայացնել Սահյանի ստեղծագործություններն իրենց Վերջին դասի կապակցությամբ: Աշակերտուհին ավելացրեց, որ պատրաստվում են այսօր միանալ քաղաքի մյուս շրջանավարտներին ՀՀ հրապարակում` շարունակելու ավարտական երեկոն:

Համո Սահյանի ասմունքի մրցույթի մրցանակակիր Լիլիթ Եգանյանն էլ նշեց, որ զարմացած է, քանի որ աշակերտներից շատերը երբևէ բեմ չէին բարձրացել, իսկ ստեղծագործությունները ներկայացրին մեծ վարպետությամբ : Լիլիթին բոլոր ուսուցիչները պատկերացնում են ապագա բանասերի դերում, սակայն ինքը նախընտրում է ավիացիան, երազում է ավիաինժեներ դառնալ, իսկ ինչպես կատակում է իր ուսուցիչը` վատագույն դեպքում` օդաչու:

“ Որոշեցինք աշակերտների ավարտական ցերեկույթը նվիրել մեր գրողների պոեզիային: Ելույթներում գրողների շունչն ենք դրել, անրադարձել ենք գրողների ստեծագործության բոլոր ոլորտներին` նրանց կյանքին, արծարծած սիրո թեմային ու գլխավորը`հայրենիքին, քանի որ ամենակարևորը, որ դպրոցը պիտի տա աշակերտին, հայրենասիրությունն է: Աշխատել ենք անգամ վերջին օրը աշակերտին դպրոցից գիտելիքով ճանապարհել”,-“Անկախի”  հետ զրույցում նշեց Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Դուրգարյանը:

Անկախ

Այսօր, ժամը 13.30-ի դրությամբ. ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

ճոՄայիսի 23-ին, ժամը 13.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 տրանսպորտային միջոց. 10-ը` Երևանում, որոնցից 2-ի վարորդները` անչափահաս, 15-ը` մարզերում, որոնցից 11-ի վարորդները` անչափահաս:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ:

Անկախ

«Միայն նախազգուշական կրակել եմ, որ հասկանան` մեր առյուծներն արթնացան` իրենց վերջը կգա»…

վինետկա«Գեղեցիկ յոլկա նախշերով մանրահատակ էր»,- երկհարկանի տան երկրորդ հարկի ննջարանն է հիշում Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Հենրիկ Գալստյանը: Նրա տունը, որ ուղղահայաց նայում է դիմացի բարձունքին ամրացած ադրբեջանական դիպուկահարին, առաջին անգամ հրետակոծվել է 1994 թ.: Քսան տարի է անցել, բայց գյուղի պատմության ուսուցիչը դեռևս չի կարողացել վերացնել գնդակոծության հետևանքները, տունը նորոգել չի ստացվել: Տան այդ հատվածն ամբողջությաբ ավերված է: Դեռ չի եղել կրակոց, որ Հենրիկ Գալստյանի տունն ու այգին շրջանցի:
Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ վերջին շրջանի գնդակոծությունների հետևանքով վնասվել է նաև Հենրիկ Գալստյանի ավտոմեքենան, որը 2004-ին նրան` որպես շրջանի տարվա լավագույն ուսուցչի, նվիրել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Բարեբախտաբար, փամփուշը լուրջ հետևանքներ չի ունեցել, միայն թեթևակի քերծել է մեքենայի դիմապակին:
Այս օրերին համագյուղացիների հետ միասին Հենրիկ Գալստյանը շատ զբաղված է. գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են, նաև ժամանակն է ամփոփել ուսումնական տարին:
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի 109 աշակերտներից ավարտական դասարանի 12 աշակերտներ այս ուսումնական տարում հրաժեշտ կտան դպրոցին: Վերջին զանգի օրը դեռ ստույգ չէ, հարաբերական է, բայց կլինի մայիսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում: «Երաժիշտը Բերդից է հրավիրվում ու քանի որ մի քանի դպրոցում է միջոցառումներ իրականացնում, հնարավոր է` մեր գյուղում մի օր շուտ կամ ուշ լինի դպրոցական վերջին զանգը: Երաժշտի գրաֆիկից է կախված»,- նշում է Հենրիկ Գալստյանը:
ուսուցիչԱվագ` 10-12-րդ դասարաններում երեխաներ կան, որոնք, ըստ գյուղի դպրոցի պատմության ուսուցչի, շատ շնորհալի են, համալսարանական մակարդակ ունեն և իրենց ուժերով կարող են շարունակել կրթությունը: «Այնպես որ` մեզ արժանի փոխարինողներ կան: 4-5 հոգի համալսարան են դիմել, արդեն հայտ են ներկայացրել` մասնակցելու բուհական քննություններին: Հիմնականում` օտար լեզուների ֆակուլտետներ: Շրջկենտրոնում` Բերդում, կրկնուսույցի մոտ են պարապում, քանի որ գյուղում անգլերենի ժամաքանակը շատ չէ: Եթե իմ առարկայից էլ գնային, չէին նեղվի: Վերջին տարիներին մոտ 20 երեխա ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ. այս փլված գյուղից: Որդիս` Հրաչյա Գալստյանն էլ է սովորում պատմականում, 4-րդ կուրսում է, հեռակա ուսուցման համակարգում: Հիմա այստեղ է, գյուղում է ապրում, Բերդում աշխատում»,- ասում է Ներքին Կարմիրաղբյուրի պատմության ուսուցիչ Հենրիկ Գալստյանը:
Նրա խոսքով, երեխաներն ինքնանպատակ չեն դիմել բուհեր: «Ես նրանց անընդհատ ուղղություն եմ տալիս, որ էն բանը, ինչ իրենց սրտով է, անպայման էդ ուղղությամբ աշխատեն, ուղղակի տոլստոյական միտքը` եթե որոշել ես մի բան կատարել, ուրեմն կատարի: Երբ կատարում ես, լավ կատարի: Եթե մի բան մոռացել ես` աշխատիր հիշել, ոչ թե փորփրել գրքերը»,- ասում է գյուղի գլխավոր պատմաբանը:
Դպրոցականները, ըստ ընկեր Գալստյանի, ուժեր ունեն և կարող են պատվով անցնել բարձրագույն քննական ստուգատեսը: Դպրոցական խնդիրներից Հենրիկ Գալստյանն առանձնացնում է երկկազմ դասարանները և դասերի հնգօրյա կազմակերպումը: «8,7 ժամ երեխան չի կարող նստել: Թեկուզ 5-րդ, 6-րդ դասարանի երեխան 7-րդ ժամին արդեն ֆիզիկապես չի կարող դիմանալ: Շապուհի դպրոցին է նմանվում, երբ Աբովյանը մտավ, արգելեց, թե երեխաներին ինչու եք այդքան երկար տանջում»:
Հենրիկ Գալստյանի դասղեկական դասարանը դպրոցի 11-րդ դասարանն է, որտեղ աղջիկների և տղաների թիվը գրեթե հավասար է: Ինչպես հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցները, այնպես էլ սահմանապահ այս գյուղի կրթական հաստատությունը պատրաստվում է վերջին զանգի արարողությանը: «Սցենարը շատ ընտիր, արդիական կլինի, հայկականություն, արդիականություն: Բոլորն օգտվում են համացանցից: Չնայած գյուղական դպրոց է, բայց շնորհալի ուսուցիչներ ունենք, որոնք օժանդակում են»,- նշում է Գալստյանը:
Հակառակորդի արձակած կրակահերթերը երբևէ ներքինկարմիրաղբյուրցիների դասերը չեն ընդհատել: Գիշերային ինտենսիվ գնդակոծությանը հաջորդող առավոտյան անգամ առաջին դասարանցիները պարտաճանաչ դպրոց են ներկայանում: «Այս զոնան մահացու է (խոսքն իր տան հատվածի մասին է, որից ոչ հեռու տեղակայված է նաև գյուղի դպրոցը), կրակահերթից հետո բռերով փամփուշտ ենք հավաքում տան տարբեր հատվածներից ու այգուց: Վտանգավոր է հատկապես տեղանքին անծանոթ մարդկանց համար: Պետք է իմանաս, որ երբ կրակում են` թաքնվես որևէ պատի հետևում, գոնե կյանքի փրկությունը 70 տոկոսով այդ դեպքում հնարավոր է: Մեր գյուղը մի քանի հենակետից են խփում: Այնպիսի զինատեսակներից, որոնք արգելված են: Ես նորից կարող եմ ասել 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան, չորս համաձայնագրերը, 1977-ի երկու լրացուցիչ արձանագրությունները, Ժնևի իրավունք, Հաագայի իրավունք: Ես ամաչելով եմ բացատրում երեխաներին: Դպրոցն ավարտողներն արդեն հասկանում են, որ չի կարելի թափորի վրա կրակել, գյուղի վրա կրակել, մանկապարտեզի, կրթական, բնակելի օբյեկտների վրա կրակել»,- նշում է Հենրիկ Գալստյանը` ավելացնելով, որ արդեն հիասթափված է և վստահ, որ ադրբեջանցիները միջազգային իրավունքի այբուբենն անգամ ի վիճակի չեն սովորել:
Գյուղի պատմության ուսուցիչը 1990-ականների թեժ կռիվներին շատերի նման գրիչը զենքով է փոխարինել: Սակայն նշում է, որ սահմանին որքան էլ լարված իրավիճակ է եղել, ինքը զենքն ադրբեջանցի հնձվորի կամ հովվի վրա չի ուղղել: «Միայն նախազգուշական կրակել եմ, որ հասկանան` մեր առյուծներն արթնացան, իրենց վերջը կգա: Նախազգուշական կրակել եմ, որ հեռանան»,- շեշտում է Հենրիկ Գալստյանը:
Նա հայրենի գյուղի բոլոր հենակետերում հերթապահել է. անցյալում` կռվելով, այսօր արդեն` ապրելով, պաշտպանելով սահմանը: «Իմ բոլոր աշակերտները տիրապետում են այդ նորմերին, հասկանում, որ պատերազմն էլ իր կանոններն ունի, հատկապես` զինանդադարի խախտման վերաբերյալ»:
Զեփյուռ Ավագյանը մեկն է նրանցից, ովքեր լավ են սերտել ընկեր Գալստյանի դասերը: Կփորձի տուրիզմի բաժին ընդունվել, նպատակ ունի զբոսաշրջիկների համար բացահայտել Ներքին Կարմիրաղբյուրի գրավչությունները` սահմանից այն կողմ դարանակալած անհաջող հարևաններին հասկացնելով` չլինի, որ աչք դնեն իր չքնաղ գյուղի վրա…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վարչապետը մասնակցել է «Վերջին զանգի» տոնական միջոցառմանը

11332_am_1Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 119 ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգի» հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը, ծնողներ, հյուրեր:
Հայաստանի վարչապետը կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել կանաչ ճանապարհ. «Ես հպարտ եմ ձեզանով՝ մեր ապագա սերունդով, և որպես երկրի վարչապետ շատ ուրախ եմ, որ ունենք այսպիսի լավ աշակերտներ»: Հաջողության հասնելու համար կառավարության ղեկավարը հորդորել է դպրոցականներին լավ սովորել և փորձառություն ձեռք բերել: Հովիկ Աբրահամյանը նաև շնորհակալություն է հայտնել մանկավարժներին ազգանվեր գործունեության՝ ապագա սերունդներին հայրենասիրական ոգով կրթելու և պիտանի մարդ դաստիարակելու համար: Այնուհետև վարչապետը դիտել է շրջանավարտների պատրաստած տոնական համերգ-միջոցառումը, որի ընթացքում դպրոցի սաները հանդես են եկել երաժշտական և պարային կատարումներով:
11332_am_6Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իր դպրոցական տարիներին, գործադիրի ղեկավարը նշել է. «Դպրոցական տարիներն ինձ համար հիշարժան տարիներ են եղել, և այն, ինչ այսօր հորդորեցի ապագա սերունդին, մեր շրջանավարտներին, անկեղծ էր: Համոզված եմ՝ եթե լսեն իմ հորդորը, անպայման հաջողություններ կունենան իրենց կյանքում»: Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ այսօր գիտելիք ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ կան, քան իր ուսանած տարիներին, և իշխանությունը կանի ամեն ինչ՝ ապագա սերունդի կրթման և դաստիարակման անհրաժեշտ միջավայրն ստեղծելու համար: «Նման հանդիպումներից հետո միշտ ոգևորվում եմ և հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունն ունենալու է փայլուն ապագա, և մենք ապագայում ունենալու ենք հզոր Արցախ, հզոր Հայաստան», – եզրափակել է երկրի վարչապետը:

Այսօր արդեն 6 ավտոմեքենա է տեղափոխվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք

հատուկ պահպանվող տարածքՄայիսի 23-ին, ժամը 11.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք  է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ը վարել են անչափահասներ, 4-ի վարորդները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել, իսկ մեքենաներում գտնվող երեխաները երթևեկում էին պատուհաններից կիսով չափ կախված:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ:

Արդարադատության նախարարը շնորհավորել է շրջանավարտներին

հովհաննես մանուկյանՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելեց Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ:

Նախարարը ողջունեց ու շնորհավորեց շրջանավարտներին նրանց կյանքում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձության կապակցությամբ ու հիշեց իր դպրոցական տարիներից մի պատմություն:  «Դասերից հետո ռազմագիտության ուսուցչիս հետ զրույցի ժամանակ հարցրեցի, եթե ձեր կյանքը նորից սկսեիք, ի՞նչը կփոխեիք: Ուսուցիչս պատասխանեց. «Կյանքիցս շատ գոհ եմ ու ոչինչ չէի փոխի, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ»»,- պատմեց Հովհաննես Մանուկյանն ու շրջանավարտներին մաղթեց ապրել այնպես, որ երբեք չփոշմանեն կատարածի ու ապրած կյանքի համար:

Նախարարի խոսքով՝ սա անչափ կարևոր ու պատասխանատու պահ է, մեր երիտասարդներին ճիշտ ուղու վրա դնելու, ճիշտ քաղաքացի դաստիարակելու, հայրենասեր սերունդ ունենալու համար: «Կրթությունն  այն կարևոր ինստիտուտն է, որը մարդուն օգնում է գտնելու իր ուրույն տեղն ու դերը հասարակական կյանքում: Այսօր, քան երբևէ մեզ անհրաժեշտ են որակյալ մասնագետներ, պատրաստված, գիտակից և վստահ քաղաքացիներ, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում և գիտեն, թե ինչպես կարելի է հասնել համընդհանուր նպատակների ճիշտ իրացմանը՝ դրսևորելով բարձր իրավագիտակցություն, հոգատարություն և սրտացավ վերաբերմունք մեր երկրի, մեր ժողովրդի ազգային ու համամարդկային արժեքների նկատմամբ»,- ասաց նախարարը՝ շրջանավարտներին մաղթելով հաջողություն ուսման ու աշխատանքի մեջ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

«Վերջին զանգին»` Պուշկինի անվան հարազատ դպրոցում

Արմեն ՄուրադյանՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում մասնակցեց «Վերջին զանգի» միջոցառմանը:

«Սիրելի ուսուցիչներ, սիրելի շրջանավարտներ, անչափ սիրելի առաջին դասարանացիներ, թույլ տվեք կթական մայր օջախում` Պուշկինի անվան դպրոցում ողջունել բոլորիդ և հույս հայտնել, որ երկար տարիներ, տարբեր սերունդներ իրավունք կունենան գալ և ձեզ ներկայանալով ասել. «Այո, ես ավարտել եմ այս դպրոցը և իմ հիմնական կրթական հաջողությունները սկսվել են հենց այստեղից»,- ընդգծեց Մուրադյանը:

Հուզմունքով վերհիշելով բազմաթիվ իր ուսուցիչներին, նա իր խորը երախտագիտությունը հայտնեց կրթօջախի հանդեպ։

Նախարարը հույս հայտնեց, որ այս դպրոցի շրջանավարտները ուր էլ լինեն, ինչ հաջողությունների էլ հասնեն չեն կորցնի մարդկային այն տեսակը, որի ձևովորման գործում իր մեծ ներդրումն ունի Պուշկինի անվան դպրոցը:

«Անսպառ բարիություն, հանդուրժողականություն եմ մաղթում: Եվ որպես բժիշկ ցանկանում եմ, որ լինենք նաև առողջ»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նա նաև պատմեց, որ  հետագայում, բժշկության մեջ առաջին քայլերն անելիս, ավարտական դասարաններում ստիպված է եղել  կրթություն ստանալ  հեռակա ուսուցմամբ և միաժամանակ աշխատել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում որպես սանիտար:

 «Հիշողությունները ոչ միայն շատ ջերմ են, այլև հուզիչ։ Այսօր այստեղ ներկա են նաև շրջանավարտների ծնողները, որոնցից շատերը  ճանաչված մարդիկ են: Այս դպրոցը իր պատմության մեջ բազմաթիվ սերունդներ է դաստիարակել և կրթել, ովքեր այսօր հաջողությամբ աշխատում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Այսպես  ասած «պուշկինասֆերան», անշուշտ, իր ուրույն  տեղն ունի մեր քաղաքում արժեքներ ձևավորելու գործում: Ես հպարտությամբ եմ հիշում իմ դպրոցը, դասարանցիներին, ուսուցիչներին։ Երբ դպրող էի հաճախ, ուզում էի շուտ դուրս գալ, անգամ փախչել դասերից, բայց այսօր մի պահ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այս շենքից դուրս գալ չեմ շտապում»,- հավելեց նախարարը:

Նախարարը դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի, ինչպես նաև փոխտնօրեն Մարիետա Մատղաշյանի ուղեկցությամբ շրջեց դպրոցով` ծանոթացավ ժամանակակից տեխնիկայով հագեցած գրադարանին:

Տոնական միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում «Վերջին զանգի» միջոցառումներ են

001Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում ուսումնական տարվա վերջին դասն է ու  ավարտական դասարանների «Վերջին զանգի» հանդիսավոր միջոցառումները: Մայրաքաղաքի տարբեր դպրոցներ են այցելել Երևանի քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձինք:

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց է այցելել քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նախքան միջոցառման մեկնարկը, հանդիսավոր պայմաններում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ:

Հիմնական դպրոցն ավարտող 9-րդ դասարանի աշակերտները, շնորհակալություն հայտնելով իրենց ուսուցիչներին փոխանցված գիտելիքների և ցուցաբերած մշտական հոգատարության համար, խոստացել են, որ հետագայում իրենց գրանցած հաջողություններով բարձր են պահելու դպրոցի  և Երևանի պատիվը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը դպրոցական Վերջին զանգի առթիվ

տարոն մարգարյանՍիրելի շրջանավարտներ,

այսօր մայրաքաղաքի բոլոր դպրոցներում կհնչի վերջին զանգը, ու դուք հրաժեշտ կտաք ձեր սիրելի կրթօջախներին: Ամբողջ օրվա ընթացքում դուք էլի ու էլի կվերհիշեք դպրոցական ջերմ, հարազատ միջավայրում անցկացրած տարիները, դասընկերների ու ուսուցիչների հետ կապված ամենատարբեր միջադեպերը, որոնք այսուհետ հուշ դարձած ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում:

Այսօրվանից ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, որոնց հասնելու համար դուք շատ կարևոր և պատասխանատու որոշում պետք է կայացնեք՝ ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս: Սակայն ինչ մասնագիտություն էլ որ ընտրեք, ձեր կյանքը հետագայում ինչ ուղով էլ ընթանա, միշտ հիշեք, որ դուք ձեր հաղթանակած հայրերի ու պապերի ժառանգորդն եք, նրանց ձեռքբերումների իսկական տերն ու  շարունակողը: Համոզված եմ, որ ոչ միայն պահպանելու եք այն արժեքները, որոնք բազում դժվարություններ հաղթահարելով,  դարեդար անցնել ու ձեզ են փոխանցվել ձեր ուսուցիչների, ծնողների շնորհիվ, այլև  հարստացնելու և նոր որակներ եք հաղորդելու այդ ամենին:

Նաև վստահ եմ, որ ստեղծագործ ուժով, դժվարությունները հաղթահարելու ձեր անսասան կամքով անելու եք հնարավորը՝ շենացնելու մեր երկիրն ու մեր սիրելի մայրաքաղաքը: Եվ միշտ հիշեք, որ կյանքում ինչ հաջողությունների էլ որ հասնեք, ձեր գիտելիքների ու ձեռքբերումների համար առաջին հերթին պարտական եք ձեր ուսուցիչներին:

Հիշարժան այս օրը իմ խորին հարգանքն ու երախտիքի  խոսքն եմ ուղղում նաև բոլոր ուսուցիչներին՝ իրենց ազգաշահ ու հայրենանվեր աշխատանքի համար:

Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, ովքեր իսկապես բազում երազանքներ ունեն ձեզ հետ կապված, և տա՛ Աստված, որ իրականություն դարձնեք նրանց բոլոր երազանքները։

Սիրելի շրջանավարտներ,

Մաղթում եմ, որ պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեք մեծ կյանք:  Եղեք հպարտ, որ ազատ ու անկախ Հայաստանի, նրա չքնաղ մայրաքաղաքի քաղաքացին եք: Հպարտացեք ու միշտ բարձր պահեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի, երևանցու պատիվը:

 

 

Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը Վերջին դասի կապակցությամբ

արմեն աշոտյանՍիրելի´ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
Այսօր ձեր կյանքում հիշարժան օր է, դուք հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և դասընկերներին: Տարիներ շարունակ դպրոցը ձեզ համար եղել է կրթման, դաստիարակման և արժեքների ձևավորման յուրատեսակ դարբնոց: Ուսումնառության այս տարիների ընթացքում դուք շրջապատված եք եղել մանկավարժների ջերմությամբ, ընկերների մաքուր և անաղարտ հարաբերություններով, ձեզ սովորեցրել են լինել ազնիվ, բանիմաց, երկրին ու հայրենիքին նվիրված քաղաքացիներ:
Այս պահից դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու: Սա այն պահն է, երբ պետք է կատարել մասնագիտության ճիշտ ընտրություն, շարունակել հարստացնել գիտելիքներն ու իմացությունները, որովհետև վաղվա ձեր բարեկեցության հիմքն եք դնում այսօր:
Ողջունում եմ մեր բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին: Մեծ է ձեր ներդրումն այսօրվա շրջանավարտների` վաղվա մեր հասարակության դիմագծի և որակի կայացման գործում: Դուք այսօր կյանք եք ճանապարհում հասուն և կազմակերպված մի նոր սերունդ, որն իր աշխատանքով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման ու ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցը:
Սիրելի´ շրջանավարտներ, շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ և անմոռանալի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ հետագա հաջողություններ, երջանկություն ու ամենայն բարիք:
Վստահ եմ, որ դուք դառնալու եք ազատ հայրենիքի իրավատեր քաղաքացիներ և միասին կառուցելու ենք մեր երազած Հայաստանը:

«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ». ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է (տեսանյութ)

Մայիսի 23-ին հանրապետության ավագ դպրոցներում կհնչի վերջին զանգը՝ երեկվա աշակերտներին առաջնորդելով դեպի մեծ կյանք:
Կլինի լուսավոր թախծի, զնգուն ուրախության ու երջանիկ սպասումի օր, և պետք է ամեն ինչ անել, որ այդ օրը պայծառ մնա բոլորի հիշողության մեջ:
«Վերջին զանգի» հանդիսությունների կապակցությամբ ճանապարհային և համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները արդեն իսկ այցելել են դպրոցներ, զրուցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, բացատրել հատկապես տոնական օրը հասարակական կարգն ու երթևեկության կանոնները խստագույնս պահպանելու, արկածախնդիր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունը, որպեսզի տոնը չմթագնվի որևէ անցանկալի միջադեպով:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում տոնի տերերին՝ երեխաներին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելուց, հասարակական վայրերում պահպանել համակեցության ու բարեկրթության կանոնները, ոգելից խմիչքներ չօգտագործել, հարգալից լինել միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:
Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Հարկ եղած դեպքում ինքներդ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք նրանց զանգվածային միջոցառումների ժամանակ, ձեր ներկայությամբ հետ պահեք անխոհեմ քայլերից, իսկ անհրաժեշտության դեպքում դիմեք պարեկող ոստիկանների օգնությանը:
Մայիսի 23-ի առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ, արվելու է առավելագույնը հասարակական կարգն ու մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար:
Կրկին շնորհավորում ենք մեր շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում բարի ճանապարհ:

«Վերջին զանգի» միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր

վերջին զանգԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 23-ին դպրոցների «Վերջին զանգի» միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի դպրոցներում սովորող 80 761 աշակերտներից հիմնական դպրոցը՝ 9-րդ դասարանը, ավարտում է 6868 աշակերտ, իսկ առկա 12 միջնակարգ դպրոցներն ավարտում է շուրջ 443 աշակերտ:

Մայիսի 23-ին, օրվա խորհրդին համահունչ, միջոցառումները կմեկնարկեն վաղ առավոտից և կեզրափակվեն ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո՝ Ազատության հրապարակում նախատեսված համերգային ծրագրով և տոնական հրավառությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Վերջին դասը` մայիսի 23-ին

վերջին զանգՀամաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի`  “Հանրակրթական հիմնական ընդհանուր և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին”10.06.2013թ. թիվ 730-Ն հրամանի` ուսումնական պարապմունքները հանրակրթական դպրոցներում կավարտվեն 2014 թ. մայիսի 23-ին:

Ավարտական վերջին զանգին քաղաքապետարանը շրջանավարտներին հրավիրում է Ազատության հրապարակ

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացրեցին, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մշակույթի և տուրիզմի, հանրակրթության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կատարած և ընթացիկ ծրագրերի եռամսյակային ամփոփումը և նախանշել 2014 թվականի անելիքները։

Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ չնայած տարվա առաջին եռամսյակը սովորաբար համեմատաբար պասիվ է լինում, Երևանի քաղաքապետարանը հոգացել է երևանցիների համար մշակութային ու ժամանցային առումով հնարավորին ակտիվ եռամսյակ կազմակերպելը՝ ամանորյա, սուրբծննդյան, Հայկական բանակի օրվան նվիրված, Սուրբ Սարգսի տոնի, ինչպես նաև մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց ու մայրության տոներին նվիրված միջոցառումներով։ Արամ Սուքիասյանը կանանց նվիրված մեկամսյա միջոցառումները ներկայացնելուց բացի, նաև մանրամասնել է, որ համայնքային բյուջեով տոնական համալիր միջոցառումների անցկացման համար նախատեսված տարեկան ֆինանսական միջոցներից ծախսվել է 20 մլն դրամ։ Մարտի 8-ի և ապրիլի 7-ի միջոցառումներն անցկացվել են Երևանի բոլոր վարչական շրջաններում, մարդաշատ վայրերում, հատկապես՝ նորակառույց այգիներում։ Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ այդպիսով նաև փորձ է արվել նպաստել նորակառույց այգիների հանրայնացմանը։

Անդրադառնալով Երևանի արվեստի և երաժշտական դպրոցներին՝ Արամ Սուքիասյանը նախևառաջ կարևորել է ազգային նվագարանների բաժինների՝ որպես սերնդի դաստիարակության առումով մեծ ազդեցություն ունեցող կարևոր օղակի հանդեպ Երևանի քաղաքապետարանի ընդգծված ուշադրությունը։

«Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում այս ոլորտին, որպեսզի մեր երեխաները առավել կապված լինեն ազգային մշակույթին։ Բյուջեից առանձին հատկացումներ են կատարվում ինչպես պետության, այնպես էլ քաղաքապետարանի կողմից։ Պետք է նշեմ, որ այս բաժիններում ուսուցումն անվճար է»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Ինչպես ներկայացված եռամսյակում, այնպես էլ ողջ տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանն իրականացրել և ծրագրել է բազմաթիվ միջոցառումներ՝ միջազգային, պետական նշանակության օրերի, հայ գրականության և մշակույթի անվանի գործիչների ծննդյան հոբելյանական տարեթվերը նշելու նպատակով։ Վերջերս նշված միջոցառումներից Արամ Սուքիասյանն առանձնացրել է հատկապես մարտի 27-ը՝ Թատրոնի օրը, երբ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հայկական թատերաշխարհի  300-ից ավելի գործիչների համար կազմակերպվել է ընդունելություն, որի շրջանակում մի շարք արվեստագետներ արժանացել են պարգևների։

Երևանում նշվող Ֆրանկոֆոնիայի օրերին անդրադառնալով՝ Արամ Սուքիասյանն ասել է, որ միջոցառումներին ակտիվորեն ներգրավված են երևանյան տասնյակ դպրոցներ ու մշակութային բազմաթիվ կազմակերպություններ։

Երևանի քաղաքապետի տեղակալը նշել է նաև, որ Երևանի քաղաքապետարանը քույր քաղաքների հետ ևս բազմաթիվ ծրագրեր ունի նախատեսած, որոնք ծրագրված են հատկապես աշնանը։

Զբոսաշրջային ոլորտում տարեկան ծրագրերը նախանշելով՝ Արամ Սուքիասյանը կարևորել է տեղեկատվական կենտրոնների հիմնադրման անհրաժեշտությամբ պայմանավորված ներկայում ընթացող աշխատանքները, այդ թվում նաև էկոնոմիկայի նախարարության հետ քննարկումները։ Քաղաքապետի տեղակալի հավաստմամբ՝ Երևանը զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն կունենա մինչև այս տարեվերջ։ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել նաև զբոսաշրջիկների համար անհրաժեշտ քարտեզների, քարտեզ-ուղեցույցների մշակմանն ու տպագրմանը, քանի որ օր օրի փոխվող Երևանի մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացնելու անհրաժեշտություն  կա։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ զուգարանների խնդրի լուծման շուրջ ևս քաղաքապետարանը ծրագիր ունի. ներկայում կտեղադրվի առայժմ 2 զուգարան, իսկ խնդիրը մեղմելու նպատակով կառուցվելիք այգիները նախագծելիս դրանք պարտադիր բաղկացուցիչ պայման են լինելու։

Հանրակրթական ոլորտի եռամսյակային աշխատանքներն ամփոփելով՝ Արամ Սուքիասյանն անդրադարձել է հատկապես մանկապարտեզներին ուղղված ծրագրերին և հանրակրթական դպրոցներում ներառական կրթությանը։ Ներկայում Երևանի դպրոցներում ներառական կրթության ծրագրով 175 աշակերտ է  սովորում։

Այս տարի մանկապարտեզների գույքի ձեռքբերման ծրագրին համայնքային բյուջեից 300 մլն դրամ է ուղղվել։ Արամ Սուքիասյանի խոսքով՝ ևս 3 տարում նման հատկացումների շնորհիվ հնարավոր կլինի մանկապարտեզների գույքն ամբողջությամբ նորացնել։ Որպես մանկապարտեզների մշտադիտարկման կարևորագույն ուղղություն՝ քաղաքապետի տեղակալը նշել է հատկապես մատակարարվող սննդի որակը։

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ առանձնակի ուշադրություն է դարձվում մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացին, և վերջին շրջանի խիստ ուսումնասիրությունների արդյունքում նաև մի քանի կարգապահական տույժերի ենթարկելու փաստերը առնվազն կարող ենք որակել որպես սթափության կոչեր բոլորի համար: Եվ այսօր արձանագրում ենք, որ անհամեմատ ավելի պատշաճ է կատարվում սննդի մատակարարումը մանկապարտեզներին։ Երեխաների սննդի որակի հետ կապված ամեն ինչ կանոնակարգված է»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։

Կենդանաբանական այգին այս տարեշրջանին պատրաստվում է մի շարք նորույթներով. շուտով մի քանի ազատավանդակներ են շահագործման հանձնվելու, ինչպես նաև այգին համալրվելու է նոր կենդանատեսակներով։ Կենդանաբանական այգում ևս մի քանի նոր ազատավանդակների կառուցման համար մրցույթ է հայտարարվել։

«Կենդանաբանական այգում նաև ներկայացված է լինելու այգու զարգացման եռամյա ծրագիրը, թե ի՛նչ ծրագրով է առաջնորդվում Երևանի քաղաքապետարանը Կենդանաբանական այգու պարագայում»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Հունիսի մեկին բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու Կենդանաբանական այգում, Երևանի տարբեր մանկական այգիներում, Ազատության հրապարակում։

Արդեն երրորդ տարին է՝ Երևանում նշվում է Ջազի միջազգային օրը։ Այս տարի ևս ապրիլի 30-ին Կասկադում մեծ միջոցառում է կազմակերպվելու։  Արամ Սուքիասյանը նշել է, որ ջազի սիրահարներին աննախադեպ համերգ է սպասվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող կատարողների մասնակցությամբ։ Համերգը նաև հեռարձակվելու է ուղիղ եթերում։

Թեև վերջին զանգի օրը դեռ հստակ չէ, բայց քաղաքապետարանի ծրագրած բացօթյա միջոցառման վայրն ու բովանդակությունն արդեն որոշված է։

«Հույս ունեմ, որ մեր աշակերտները կնախընտրեն բացօթյա տոնական միջոցառումը և հնարավորինս կխուսափեն այլընտրաքային «ռեստորան» տարբերակից։ Կոչ եմ անում ծնողներին, մանկավարժներին՝ երեխաներին ուղղորդել Ազատության հրապարակի միջոցառմանը՝ հիրավի տոնակատարությամբ նշելու Վերջին զանգը»,- ասել է Արամ Սուքիասյանը։

Մայիսի 5-25-ը տեղի է ունենալու Երևանի երաժշտական դպրոցների ստուգատես մրցույթը, որը, ինչպես յուրաքանչյուր տարի, նախորդում է հունիսի 6-ից անցկացվող Արամ Խաչատրյանին նվիրված միջազգային փառատոնին։

Արամ Սուքիասյանն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվող սպորտային ծրագրային միջոցառումներին. դրանք ընթանում են ժամանակացույցի համաձայն։

«Այդ միջոցառումներից ոչ բոլորն են համաքաղաքային հնչեղության։ Մենք կարևորում ենք նաև լոկալ՝ բակային պայմաններում անցկացվող մարզական, մրցութային միջոցառումները, որ այս առումով ևս հասարակությունը առավել ակտիվ լինի»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալը սպորտային և կրթական առումով հատկանշել է Երևանում այս տարի բացված ևս 2 շախմատի դպրոցները՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում։

«Կարծում եմ, այդպիսով մեր երեխաները ևս մեկ միջավայր ունեն՝ տրամաբանական այս խաղին մասնակից լինելով իրենց ավելի բարեկիրթ դրսևորելու»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Երեխաների իրավունքների պաշտպանության միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը համագործակցում է ՀՀ Ոստիկանության և ՀՀ սոցապ նախարարության հետ։ Արամ Սուքիասյանը համագործակցությունն արդյունավետ է գնահատում։  Ոլորտին անդրադառնալով՝ քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանում շատացել են որդեգրման հայտ ներկայացնեղ ընտանիքները։ Օրինակ,  անցած եռամսյակում արդեն 6 երեխա է որդեգրվել։

Այս տարի ևս օգոստոսին անցկացվելու է «Երևանյան ամառ» տարբեր ոլորտների միջոցառումներ ընդգրկող ծրագիրը։ Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ» ծրագրի մշակութային ենթածրագրով, ի թիվս այլ նախաձեռնությունների, մեկ ամիս շարունակ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին 3 թանգարաններ և մի շարք թատրոններ անվճար այցելելու հնարավորություն է ընձեռելու։

 Անկախ

Վերջին զանգի ինտիմ լուսանկարով որոնում են աշակերտուհուն

400-2Թաթարստանի հասարակայանությունը պահանջում է գտնել անչափահաս աղջկան, որը խցիկի առջև լուսանկարվել է գրեթե մերկ:

2013-ի մայիսի 25-ին Թաթարստանում վերջին զանգը հանգիստ է անցել,սակայն տոնական զբոսանքից հետո  սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ Նաբերեժնի Չելնովից:

Լուսանկարներում սպիտակ ժապավենով աղջիկը սպիտակեղենով է, ձեռքում սեղմում է աշակերտական հագուստը և ժպտալով նայում անհայտ լուսանկարչի կողմը:

Քաղաքապետարանն արդեն սկսել է աղջկա որոնումները և հայտնել են, որ չէին կամենա այդ ցնցող միջադեպն արձագանք ունենար:

Քաղաքի ադմինիստրացիայից հայտնել են, որ միջադեպը մանրամասն մեկնաբանել չեն պատրաստվում.”Հասկանալի է, որ նման պահվածքն անբարոյական է,  ու այդ հարցը կլուծենք աղջկա ծնողների հետ”:

Հայտնի է, որ աղջկա մասին տեղեկություն արդեն  կա:

2012-ին նման սկանդալ էր Պավլոդարում: 17-ամյա Նաստյա Ֆոմենկոն վերջին զանգին ներկայացավ կիսաթափանցիկ զգեստով:

Հիմա նա սովորում է Լվովի համալսարանի լեհական բանասիրության  ֆակուլտետում:

Վերջին դաս. ավանդական շոուի փոխարեն շրջանավարտներն իրենց գիտելիքներն են ցուցադրում

վերջին դասՀանրապետության բոլոր դպրոցներում այսօր ուսումնական տարվա վերջին դասն է. 9-րդ դասարանցիները մնաս բարով են ասում  հիմնական դպրոցին և մուտք գործում ավագ դպրոց, իսկ 12-րդ դասարանցիներն էլ` հասուն կյանք:

Այսօր Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի 41 սաները ևս վերջին դասին մնաս բարով ասացին իրենց դպրոցին: Նրանց վերջին դասը, սակայն, տարբերվում էր նրանից, ինչ սովոր ենք տեսնել վերջինզանգյան բեմից:

Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցը հայագիտական թեքում ունի և այստեղ արդեն մեկ տարի 8-րդ և 9-րդ դասարաններում ուսանում են «Հայ մշակույթի պատմություն» առարկան: Դպրոցի շրջանավարտները վերջին դասն օգտագործեցին` ցույց տալու, թե ինչ են հասցրել սովորել մեկ տարվա ընթացքում:

Դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն ասում է, որ դպրոցը կրթելու առաքելություն ունի, աշակերտն էլ`գիտելիքը սերտելու, ուստի վերջին դասը պետք է ճիշտ օգտագործել և ցույց տալ, թե դպրոցից ինչ գիտելիքներով են հեռանում. «Սա իսկապես վերջին դաս էր, որ չվերածվեց շոուի»:

Մեկժամյա միջոցառման ընթացքում աշակերտները հարց ու պատասխանի, բեմադրությունների, երգ ու պարի միջոցով անդրադարձան հայոց պատմությանը, գրականությանը, երգարվեստին, մանրանկարչությանն ու կերպարվեստին, ճարտարապետությանը, հայոց եկեղեցու պատմությանը:

Միջոցառման ավարտին Ռաֆայել Իշխանյանի այրի Բյուրակն  Չերազ-Անդրեասյանն ասաց, որ  թիվ 153 դպրոցն իսկապես Ռաֆայել Իշխանյանի երազած դպրոցն է: «Այս վայրէջքները վերջանալու են և մենք վերելք ենք ունենալու ու դառնալու ենք արևելքի լույսը: Կարծում էի, որ մեր ժողովրդի մեջ ինչ-որ ոգի մահացել է, բայց դա այդպես չէ»,- ասաց նա:

 «Անկախ»-ը ներկայացնում է մի քանի դրվագ միջոցառումից` տեսանյութերի տեսքով: