Կութի գյուղապետի ընտրություններն անվավեր են ճանաչվել

Ընտրություններ (1)Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2014թ. հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկությունը նշանակված է 2014 թ. հունիսի 29-ին` թեկնածուների նույն կազմով:

 

Գորիսի քաղաքապետի թեկնածուների նախընտրական հիմնադրամների փաստաթղթերում խախտումներ չեն արձանագրվել

կըհԱյսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ս.թ. հունիսի 8-ին Գորիսում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի տեղեկանքը:

Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:

 ԿԸՀ մամուլի ծառայություն

Տրետուք գյուղի բնակիչները նախագահից պահանջում են արդարության վերականգնում

IMG_4320Գեղարքունիքի մարզի Տրետուք համայնքի մի խումբ գյուղացիներ այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ իրենց բողոքն ու վրդովմունքն արտահայտելու հունիսի 8-ին Տրետուքում անցկացված համայնքի ղեկավարի ընտրության արդյունքների վերաբերյալ:

Գյուղացիները ցույց տվեցին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով փաստաթուղթը, որտեղ նշված է, որ համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Երանոսյանը հաղթել է ընտրություններում. նրա օգտին քվեարկել է շուրջ 170 ընտրողներից 80-ը, իսկ հակառակորդ թեկնածուի՝ գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանի օգտին՝ 63-ը: 28 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Բողոքի ակցիա իրականացնողները, սակայն, Հովհաննես Երանոսյանի կողմնակիցներին էին:

Բանն այն է, որ այսօր՝ հունիսի 10-ին, ընտրության արդյունքները Ալիկ Եղիազարյանի կողմից բողոքարկվել են, և վերահաշվարկի արդյունքում ընտրության պատկերը փոխվել է. Ալիկ Եղիազարյանի օգտին քվեարկել է 89 ընտրող, Հովհաննես Երանոսյանի օգտին՝ 81:

Գյուղացիները վրդովված հայտարարում էին, որ մինչև նախագահականից իրենց պահանջը բավարարող պատասխան չստանան, չեն հեռանա: Իսկ պահանջը մեկն է՝ արդարության վերականգնում: Նրանց խոսքով՝ վերահաշվարկի ժամանակ վավեր են համարվել առանց գրչի նշագրման քվեաթերթիկներ, որի արդյունքում էլ պարտված թեկնածուն մի քանի ձայնով առաջ է անցել ու ճանաչվել հաղթող: Վերահաշվարկին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նույնպես ներկա է եղել: Հովհաննես Երանոսյանի կողմնակիցներն իրենց հերթին են դիմում գրել՝ վերահաշվարկի արդյունքները բեկանելու նպատակով:

Տրետուքցիները Անկախ-ին հայտնեցին, որ հակառակորդ թեկնածուն՝ գործող գյուղապետ Ալիկ Եղիազարյանը, ԲՀԿ-ի ներկայացուցիչ է, սակայն որոշ լրատվամիջոցների հայտնել է, թե իբր հանրապետական է: Գյուղացիները տարակուսած են՝ միգուցե հենց նոր է ճամբարը փոխել: Մինչդեռ իրենց թեկնածուն՝ Հովհաննես Երանոսյանը, իսկապես հանրապետական է և համայնքի ղեկավարի նախորդ ընտրության ժամանակ նույնպես հանդես է եկել որպես հանրապետական՝ մի քանի ձայնով ընդամենը զիջելով Ալիկ Եղիազարյանին:

«Գործող գյուղապետը նաև հին գյուղապետի՝ 30 տարվա գահակալի եղբոր որդին է: Հո ժառանգական չի՞ էդ պաշտոնը»-ասում է գյուղացիներից մեկը:

«Ընտրությունների ավարտից առաջ իրենց մարդիկ եկան, լցվեցին ընտրատեղամաս և սկսեցին աղմուկ հանել, թե իրենց քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվել: Որտեղի՞ց նման բան իմացան, եթե ընտրությունը չէր վերջացել,-ասում է մեկ ուրիշը,-սկսեցին շանտաժ անել, չէին թողնում, որ քվեատուփը  ընտրատեղամասից հանեն, ասում էին՝ մեր թեկնածուն ա հաղթել»:

Իսկ թե ինչու է գյուղի այս հատվածը իր ձայնը որոշել տալ ոչ թե գործող գյուղապետին, այլ Հովհաննես Երանոսյանին, գյուղացիները  բացատրեցին. «Հովհաննեսը մեր գյուղացին է, մեր կողքին է ապրում, մեզ լավ աչքով է նայում, մեզ ձեռնտու է: Ալիկը գյուղում չի ապրում, կինն ու երեխան Երևանում են, ինքն էլ շաբաթվա հինգ օրն այնտեղ է, շաբաթ կիրակի էլ կողքի գյուղում՝  իր հայրական տանը: Եթե ինքը գիշերը չպիտի քնի Տրետուքում, էս ժողովրդին պաշտպանի, ինչի՞ համար է ընտրվել: Գիշերը թուրքը սարից որ իջնի, մենք իրեն չենք գտնի»,-ասում են սահմանամերձ գյուղի բնակիչները:

Նրանք նաև նշում են, որ գյուղում ցանկացած խնդրի դեպքում Հովհաննես Երանոսյանը բոլորի կողքին է. «Ինչ խնդիր, որ լինում է, մեզ աջակցում է: Երեխա է ծնվում, մարդ է հիվանդանում, ինքը բոլորին հասնում է, տանում հիվանդանոց, իր տեխնիկան է տրամադրում գյուղացիներին: Գործող գյուղապետին ոչ ոք չի էլ տեսնում: Մենակ ընտրություններից մի ամիս առաջ կարող ա գա, ամեքին մի մեշոկ պեսոկ տա կամ չտա, մի ստից բանով օգնի, խափի կամ էլ ասի՝ արի գնանք, քո համար վարկ վերցնենք»,-ասում է երիտասարդներից մեկը:

Հովհաննես Երանոսյանի կողմնակիցները նաև նշում են, որ երբ նախորդ ընտրությունների ժամանակ իրենց հակառակորդ թեկնածուն մի քանի ձայնով՝ այն էլ կասկածելի, հաղթել է, իրենք նրան շնորհավորել են. «Հիմա էլ թող ինքը մեզ շնորհավորեր, խի՞ էսքան բանը սարքեց,-տարակուսում են նրանք:

Բողոքի դուրս ելած գյուղացիներից չորսին ընդունել էին նախագահական նստավայրում: Մոտ մեկ ժամ անց նրանք վերադարձան, քիչ անց գյուղացիներին մոտեցավ նաև նախագահի վերահսկողական ծառայության նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը: Նա ասաց, որ բանավոր լսել է գյուղի բնակիչների բողոքը և հայտնել իր վերադասին: Սակայն, նրա խոսքով՝ նախագահի աշխատակազմն իրավասու չէ վիճարկելու ընտրությունների արդյունքները, քանի որ ԿԸՀ-ն սահմանված կարգով պետք է  քննարկի համայնքի բնակիչների դիմումը, որը նրանք այսօր ներկայացրել են:

Գյուղացիները, սակայն, մտադիր չէին հեռանալ նախագահի նստավայրի մոտից: Նրանք բորբոքված հայտարարեցին, որ հարցը փակված է, քանի որ այսօր իրենց Սևանում հայտնել են բողոքարկման արդյունքների մասին, ըստ որի համայնքի ղեկավարը Ալիկ Եղիազարյանն է, իսկ վերջինս էլ արդեն գյուղում հրավառություններ է անում և իր թիմակիցների հետ տոնում իր կեղծված հաղթանակը. «Մեր իրավունքները ոտնահարվել են, մենք էստեղից չենք գնա, մինչ մեր պահանջները չբավարարվեն»,-հայտարարեց գյուղի բնակիչ, 7 երեխաների հայր Սերգեյ Քոչարյանը, որն, ի դեպ, փախստական է և այդ գյուղում է հայտնվել Ադրբեջանից բռնագաղթվելու հետևանքով,-եթե Ալիկ Եղիազարյանը կրկին դառնա գյուղապետ, մենք՝ գյուղի փախստականներս, պահանջելու ենք, որ մեզ երրորդ երկիր ուղարկեն»:

Սերգեյ Քոչարյանի խոսքով՝ գյուղապետ Ալիկ Եղիազարյանն իր 3 հեկտար հողը «ռեկետով» վերցրել է, իրեն էլ ծեծի ենթարկել. «Ես հիմա մտածում եմ՝ էս պահին իմ ընտանիքի հետ ինչ ա կատարվում, ո՞վ ա գնացել, որ վախացնի: Բոլորին վախացում են, երեխեքին ասել ենք՝ տներից դուրս չգաք»:

Գյուղացիներն ասում են, որ գյուղը բաժանվել է երկու մասի, և եթե կրկին գյուղապետ դառնա Ալիկ Եղիազարյանը, ապա իրենց լուրջ խնդիրներ են սպասվում:

 

Անկախ

Այսօր որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են

Ընտրություններ (1)Այսօր`  2014թ. հունիսի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են ընթանում հանրապետության թվով 59 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 31-ում` ավագանու անդամի ընտրություններ:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` առավոտյան 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 73 ընտրական տեղամասերը:

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությունն ընթանում է բնականոն հունով:

 

Թուրքիայում ընտրական տեղամաս ներխուժամ «Femen»-ի ակտիվիստներին ազատազրկում է սպառնում

femen   Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային «Femen» կազմակերպությունը մարտի 30-ին ակցիա էր կազմակերպել Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների ժամանակ: «Femen»-ի երկու ակտիվիստ ներխուժել էին Ուսքյուդարի Բուրհանիյե տարրական դպրոցում տեղակայված ընտրատեղամաս, որտեղ անցած տարիներին իր քաղաքացիական պարտքն էր կատարել վարչապետ Թայիփ Էրդողանը: Կանայք անմիջապետ հանել էին իրենց վերնազգեստները, նրանց մարմններին գրված էին եղել «Ban Erdoğan» արտահայտությունը:

Ահա պարզ է դարձել, որ թուրքական պետական դատախազությունը հայց է ներկայացրել ակտիվիստ կանանց դեմ՝ նրանց մեղադրելով «հրապարակավ անամոթ պահվածք ցուցաբերելու մեջ»: «Femen»-ի ակտիվիստների համար պահանջվել է 1-ից 3 տարվա ազատազրկում:

 Անկախ

66 թեկնածուներ կպայքարեն 40 համայնքների ղեկավարի աթոռի համար

կըհ2014թ. հունիսի 8-ին թվով 59 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ինքնաբացարկի դիմում կարող էին ներկայացնել մինչև ս.թ մայիսի 29-ը` ժամը 18.00-ն:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար առաջադրված 99 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 33-ը. գրանցվել է համայնքի ղեկավարի 66 թեկնածու:

Ավագանու անդամի թեկնածու առաջադրված 207 քաղաքացիներց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 19-ը. գրանցվել է ավագանու անդամի 188 թեկնածու: Այսպիսով` 2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 17-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 20-ում` 2 թեկնածու և 3-ում` 3 թեկնածու:

2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպություն` ընդհանուր առմամբ 126 դիտորդով:

 

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Հայաստանի որոշ համայնքներում շուտով տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու

Ընտրություններ (1)2014թ. հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55  համայնքներում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի և 30-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 89 քաղաքացի, որոնցից 9-ը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. գրանցվել է համայնքի ղեկավարի 80 թեկնածու:

Ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 201 քաղաքացի: Սահմանված ժամկետում ինքնաբացարկի դիմում է ներկայացվել  ավագանու անդամի 5 թեկնածուի կողմից. գրանցվել է ավագանու անդամի 196 թեկնածու:

Համայնքի ղեկավարի գրանցված 80 թեկնածուներից 7-ը, իսկ ավագանու անդամի գրանցված 196 թեկնածուներից 42-ը իգական սեռի ներկայացուցիչներ են: Համայնքի ղեկավարի 80 թեկնածուներից 22-ը մինչև 40 տարեկան են, 51-ը` 40-60 տարեկան և 7-ը` 60 և ավելի: Ավագանու անդամի 196 թեկնածուներից 83-ը մինչև 40 տարեկան են, 94-ը` 40-60 տարեկան և 19-ը` 60 և ավելի:

2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածն սկսվում է մայիսի 21-ից:

 Անկախ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում

download (1)Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում 2014 թվականի հունիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 30-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 21-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 5-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 4-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 4-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 4-ական:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում կազմել է արձանագրություններ`  Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորներ Դավիթ Հարությունյանի  և Կարեն Ճշմարիտյանի մանդատները համապատասխանաբար ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Գագիկ Վաղինակի Մելիքյանին և Վահրամ Պատվականի Մկրտչյանին տալու վերաբերյալ:

 

ՀՅԴ Հայ դատի մի պատվիրակություն որպես դիտորդ Վանում հետևել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին

Մարտի 27- 31-ը Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորութեամբ եռանդամ պատվիրակությունը Վանում որպես դիտորդ մասնակցել է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

Պատվիրակության մաս էին կազմում Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Վերա Յագուպյանը և Հայ դատի Պելճիքայի հանձնախմբի ատենապետ Պետիկ Պետրոսյանը։ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը որպես դիտորդ մասնակցության հրավեր էր ստացել Թուրքիայի Խաղաղություն և Ժողովրդավարություն կուսակցության (BDP) Եվրոպայի ներկայացուցչությունից։

Դիտորդական պատվիրակություններ կային նաև Ֆրանսայից, Իտալիայից և Գերմանիայից։

Ընտրության նախօրեին, ՀՅԴ Հայ դատի պատվիրակությունը Վանում այցելեց պետական, ընտրական և կուսակցական կենտրոններ, հանդիպումներ ունեցավ թեկնածուների և հասարական կազմակերպությունների հետ, մասնակցեց ընտրական հավաքներին։ Ընտրության օրը՝ մարտ 30-ին, պատվիրակությունն ամբողջ օրը շրջեց տարբեր ընտրատեղամասերում և ականատես եղավ ընտրությունների ընթացքին։

AYKESDAN-1024x643

Վանի պատմական Այգեստան շրջանի BDP-ի կենտրոնատեղի, Թուրքիայի խորհրդարանի անդամ Յոզտալ Յուչերի հետ

Մարտ 31-ին պատվիրակությունը հրապարակեց իր եզրակացությունը, որ պիտի տրամադրվի նաև եվրոպական համապատասխան կազմակերպություններին։ Եզրակացության մեջ հատուկ նշում  կա իշխող AKP կուսակցության, գործակատարների և ընտրական հանձնաժողովների պատասախանատուների կատարած լուրջ օրինախախտումների մասին: Վան քաղաքի, ինչպես նաև նահանգի 13 շրջաններից 11-ում ընտրվեցին BDP կուսակցութեան պաշտպանած թեկնածուները:

Շարունակությունը կարդացեք այստեղ`

Թուրքիայի երբեմնի հայկական քաղաքներում ո՞վ հաղթեց ՏԻՄ ընտրություններում

արևմտյան հայաստանՄինչ Թուրքիայում քննարկվում են օրերս կայացած ՏԻՄ ընտրություններն ու դրանց արդյունքները, «Ակօս»-ը որոշել է այս թեմային անդրադառնալ մեկ այլ տեսանկյունից: «Ակօս»-ը փորձել է ներկայացնել, թե մինչև 1915 թվականը Թուրքիայում հայերով բնակեցված քաղաքներում այսօր որ կուսակցությունները ինչքան ձայն են հավաքել: Ուսումնասիրության արդյունքնում պարզվել է, որ ժամանակին հայաբնակ քաղաքները այսօր ընտրել են հիմնականում ԱԶ և ԱՇ կուսակցություններին:

Քոզան-(Սիս, Ադանա) ԱՇԿ 47%, ԱԶԿ 42%

Կիլիկիայի սրտում տեղակայված Քոզանի վիլայեթի վարչական կենտրոն հանդիսացող Սիսը հայ թագավորների մայրաքաղաքն էր: 1914 թվականին այստեղ ապրող 8 հազար բնակիչներից 5600-ը հայեր էին: 1902 թվականին Սսի 7 հայկական դպրոցներում 641 աշակերտ էր սովորում:

Թալաս (Կայսերի) ԱԶԿ 47%, ԱՇԿ 41%

Կայսերիից 5 կմ հարավ-արևելքում տեղակայված Թալաս քաղաքում 20-րդ դարասկզբին 1894 հայ էր բնակվում՝ կազմելով բնակչության 42 տոկոսը: Չնայած ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների՝ այսօր քաղաքում դեռ շատ բան է հիշեցնում երբեմնի հայկական անցյալի մասին:

Շապինգարահիսար (Գիրեսուն) ԱԶԿ 41%, ԱՇԿ 32%

17-րդ դարասկզբին այս քաղաքում 1600 հայկական տուն կար: Հայերը բավական բարեկեցիկ էին ապրում և զարմանալի չէ, որ 1895 թվականին 5 հազար հայի սպանությունից հետո թուրքերի սահմանափակ ունեցվածքը մեծապես ավելացավ: Այնուհանդերձ, մինչ Առաջին համաշխարհային պատերազմը այստեղ դեռևս 4918 հայ էր ապրում՝ կազմելով բնակչության մեծամասնությունը:

Մելիքղազի (Գերմիր/Կայսերի) ԱԶԿ 61%, ԱՇԿ 25%

Գերմիրը 365 հոգանոց հայկական բնակչություն ունեցող մարդաշատ մի քաղաք էր: Հիասքանչ գմբեթով Սուրբ Ստեփանոսի եկեղեցին տարածաշրջանի ամենահին կառույցներից էր: Գյուղի բնակիչները, հայտնի լինելով որպես հմուտ վաճառականներ, առևտուր էին անում ողջ Անատոլիայի հետ:

Քեմալիյե (Ագն/ Էրզինջան) ԱԶԿ 52%,  ԱՇԿ 43%

Քեմալիյում՝ 7700 հայ և 6 հազար թուրք բնակիչ ունեցող քաղաքում, 20-րդ դարասկզբին մոտ 300 վաճառական կար: Գյուղատնտեսության համար հարմար տարածքների բացակայությունն ու շուկաներում տեղական արհեստի գործերի սակավությունը պատճառ էին դարձել, որպեսզի հայերը զբաղվեն առևտրով և ֆինանսական գործերով:

 

 

Բայբուրդ ԱԶԿ 52%, ԱՇԿ 38%

Բաբերդ/Բայբուրդում 3500 հայ, 2200 թուրք և 500 հույն էր բնակվում: Քաղաքում մեծ և փոքր մոտ 400 արհեստավոր էր գործում՝ կտորի ներկարարներ, մոմագործներ, մետաքսյա և բրդյա գորգագործներ, զինագործներ, ոսկերիչներ և այլն: Բացի 3 կրթօջախներից, որտեղ 420 աշակերտ էր սովորում, ավանի կենտրոնում հայերին պատկանող բազմաթիվ կրոնական կառույցներ կային:

Էլյազըգ (Հարփութ) ԱԶԿ 55%, ԱՇԿ 29%

Հարփութում 39 հազար 788 հայ էր ապրում: Այստեղ կար 67 եկեղեցի, 9 վանական համալիր և երկու դպրոց, որտեղ սովորում էր 8660 աշակերտ:

 Անկախ

Թուրքիայի յոթ քաղաքներում ընտրությունների արդյունքները կարող են փոխվել

hashvark    Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ Թուրքիայի մի քանի քաղաքներում հնարավոր է փոխվեն ընտրությունների արդյունքները: Այդ քաղաքների թվում են Ստամբուլը, Անկարան, Ադանան, Իզմիրը, Ֆանլըուրֆան, Վանը և Քյութահյան: Ընդ որում, ձայների վերահաշվարկի պահանջ է ներկայացրել ինչպես ընդդիմադիր ԺՀ կուսակցությունը, այնպես էլ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն հաղթած ԱԶ կուսակցությունը:
Նշենք, որ Ստամբուլում և Անկարայում հաղթել է ԱԶԿ-ն, Իզմիրում ԺՀԿ-ն, Վանում ԽԺԿ-ն, իսկ Ադանայում ԱՇԿ-ն: Ընտրության արդյունքների դեմ բողոքի առաջին ցույցերը արդեն տեղի են ունեցել Անկարայում, հուզումներ նկատվում են երկրի նաև այլ  շրջաններում:

Ռոուհանին շնորհավորել է Էրդողանին

ՌոուհանիԻրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ շնորհավորելով նրան ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Ռոուհանին կարևորել է, որ բնակչության ակտիվ է մասնակցել ընտրություններին: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ մահմեդական երկրում ժողովրդավարությունը հաղթել է:

ԻԻՀ նախագահը նաև նշել է, որ իր երկրի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի հետ երկկողմանի կապերը ամրապնդելուն:

Էրդողանն իր հերթին  շնորհակալկություն է հայտնել  Հասան Ռոուհանիին, նաև նշել, որ այս ընտրությունները պատասխանն էին այն թյուր քննադատությունների, թե Անկարան խախտում է մարդու իրավունքները և ժողովրդավարական նորմերը:

Անկախ

 

Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

օլանդԵրեկ տեղական ընտրություններում ունեցած ձախողումից հետո Ֆրանսիայի սոցիալիստ վարչապետը իր ամոբղջ կառավարության հետ միասին հրաժարական է ներկայացրել:

Անցած երեկոյան սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը, որի անունը կապվում է 75 տոկոս եկամտահարկի հաստատման հետ, ընդունել է իր սխալը և հայտնել, որ իր առաջնային խնդիրը հարկերի նվազեցումն է:

Կառավարության հրաժարականը մեծ հարված էր նախագահի համար, որը 2012թ-ին ընտրվել էր հինգ տարի ժամկետով: Նա իր ղեկավարման առաջին երկու տարիների ընթացքում ճանաչվել էր երկրի վերջին շրջանի պատմության ամենավատահամբավ նախագահը:

Հեռուստատեսությամբ հանրությանը ուղղված իր ելույթում Օլանդը հայտնել էր, որ իր գլխավոր խնդիրը այժմ տնտեսության զարգացումն է:

Նա նաև խոստացել է նվազեցնել հարկերը՝ ավելացնելով, որ Ֆրանսիան պետք է համոզի ԵՄ-ի իր գործընկերներին հաշվի առնել երկրի տնտեսական վիճակը Բրյուսելի նկատմամբ իր պարտականությունները կատարելիս:

Օլանդը նաև հաստատել է կառավարության ծախսերից 50 միլիարդ եվրո կրճատելու ծրագիրը:

Օլանդը վարչապետ Այրոյի փոխարեն նշանակել է ներքին գործերի նախարար Մանուել Վալսին, որը ներգաղթի դեմ խիստ հայացքներ ունի:

Անկախ

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների քվեաթերթիկները հայտնաբերվել են աղբարկղում

քվեաթերթիկներԹուրքիայի Օսմանիե շրջանում մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքացիները որոշ աղբարկղերում քվեաթերթիկներով լի տոպրակներ են հայտնաբերել՝ այդ մասին հայտնելով ոստիկանությանը: Պարզվել է, որ այդ քվեաթերթիկները դուրս են հանվել շրջանի 6 ընտրատեղամասերից այրելու նպատակով: Օգտագործված քվեաթերթիկները իրենցից ներկայացրել են ԺՀԿ և ԱԶՇ կուսակցություններին տրված ձայները: “Դողան”լրատվական գործակալության հաղորդմամբ՝  ԺՀԿ-ի թեկնածու Ալպեր Օները և ԱՇԿ-ի թեկնածու Մուհամեդ Քայան բողոք են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով և գլխավոր դատախազություն: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

 Անկախ

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները այս անգամ արյունալի էին. գրանցվել է 9-րդ զոհը

saadet    Թուրքիայի Սիիրտի շրջանում «Երջանկություն» կուսակցությունից քաղաքապետի պաշտոնին առաջադրված թեկնածու Բեհմեն Այդընը իր տան առաջ ենթարկվել է զինված հարձակման, ինչ արդյունքում սպանվել է: Նրա հետ եղած ևս 5 հոգի վիրավորվել է: Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոց: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ ոստիկանությունը սկսել է հանցագործների որոնողական աշխատանքները:

Նշենք, որ Այդընի երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Սիիրտի Թիլո ավանում հավաքել էր 382 քվե՝ հետ մնալով ԱԶԿ-ի թեկնածու Մեսուտ Մեմդուհօղլուից: Հայտնի է նաև, որ երեկ Այդընի ձայների հաշվարկման ժամանակ վիճաբանության մեջ է մտել որոշ մարդկանց հետ:
Այսպիսով,  Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները այս անգամ արյունալի էին: Երկու օրվա ընթացքում տարբեր հանգամանքներում արդեն 9 մարդ է մահացել:

 

Անկախ

Էրդողանի հաղթական ուղերձը քաղաքացիներին

Էրդողան Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրություններին հետևել է Անկարայում՝ ԱԶ կուսակցության կենտրոնական գրասենյակում: Երբ պարզ դարձավ, որ նրա կուսակցությունը հերթական անգամ հաղթանակ է տանում, Էրդողանը իր կնոջ, որդու և դստեր հետ դուրս եկավ պատշգամբ՝ ավանդական հետընտրական ուղերձ հղելով քաղաքացիներին:ՙՙԵղբայրներս, դուք տեր կանգնեցիք նոր Թուրքիայի անկախության պայքարին, ձեզ շնորհակալություն եմ հայտնում: Դուք տեր կանգնեցիք մեծ Թուրքիայի իդեալներին, նպատակներին, յուրաքանչյուրիդ շնորհակալություն եմ ասում: Դուք առաջին հերթին տեր կանգնեցիք ձեր կամքին, ապագային, քաղաքականությանը, կուսակցությանն ու վարչապետին, բոլորիդ հայտնում եմ իր երախտագիտությունը: Այսօր ժողովուրդը մի ուղերձ հղեց Թուրքիային և աշխարհին: Ի՞նչ ասաց: Մենք այստեղ ենք: Թուրք ժողովուրդը մնայուն է: Մենք այս երկրի տերերն ենք: Ժողովուրդը անկոտրելի է, Թուրքիան՝ անպարտ: Եղբայրներս, այսօր պարտվեղ մեծամտությունը, այսօր պարտվեց հպարտությունը՚՚,-ասել է Էրդողանը իր հաղթական ուղերձում:

Անկախ

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում կրկին հաղթեց Թայիփ Էրդողանի կուսակցությունը

erdogan  Թուրքիայում գրեթե ավարտվել է երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփումը: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ այս պահին արդեն բացվել է քվեատուփերի 97,67 տոկոսը: Նախնական արդյունքները, որոնք այլևս էական փոփոխություն չեն կրի, հետևյալն են՝

Իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն (AKP) – 45,56 %

Քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցություն (CHP) – 27,91%

Ազգայնամոլական Ազգայնական շարժում կուսակցություն (MHP) – 15,16%

Քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն (BDP) – 4,01%

Այլ  –7,36%

Ինչ վերաբերում է խոշոր քաղաքներին, ապա այնտեղ ևս առաջատարը ԱԶԿ-ն է: Անկարայում այս պահին բացված 99,67 տոկոս քվեատուփերի արդյունքների համաձայն՝ 44,75 տոկոսով առջևում ԱԶԿ-ի թեկնածու Մելիհ Գյոքչեքն է, որից 43,8 տոկոս ձայներով հետ է մնում ԺՀԿ-ի թեկնածու Մանսուր Յավաշը: ԱԶԿ-ին հաջողվեց հաղթել ամենակարևոր մրցավազքում: 47,96 տոկոս ձայներով Ստամբուլի քաղաքապետ վերընտրվեց Քադիր Թոփբաշը՝ հետևում թողնելով իր ամենաուժեղ մրցակցին՝ ԺՀԿ թեկնածու Մուստաֆա Սարըգյուլին, որը հավաքեց 39,99 տոկոս ձայներ: ԺՀԿ-ին հաջողվեց հաղթել միայն Իզմիրում, որտեղ նրա թեկնածուն` Ազիզ Քոջաօղլուն,  հավաքեց 49,51 տոկոս ձայներ: ԱԶԿ-ն հաղթեց նաև Անթալիայում, Բուրսայում, Դենիզլիում, Էրզրումում, Կայսերիում, Քոնիայում, Տրաբզոնում, Սամսունում, Սաքարիայում, Քոջաելիում, Մալաթիայում, Քահրամանմարաշում, Գազիանթեփում, Որդուում, Շանլըուրֆայում, Բալըքեսիրում, ԺՀԿ-ի թեկնածուները հաղթեցին Մուղլայում, Թեքիրդաղում, Այդընում, Էսքիշեհիրում, Հաթայում: Մերսինում, Ադանայում, Մանիսայում հաղթեց ԱԶՇ-ն: Քրդական ԽԺԿ-ն էլ կարողացավ հաղթել Վանում, Դիարբեքիրում, իսկ քուրդ թեկնածու Ահմեդ Թյուրքը դարձավ Մարդինի քաղաքապետ:

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայում ավելի կարևոր է ոչ թե ընտրությունը, այլ հաշվարկը. Արտակ Շաքարյան

Արտակ-ՇաքարյանցԹուրքագետ Արտակ Շաքարյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու հնարավոր զարգացումները՝ Քեսաբյան դեպքերի ու հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների կոնտեքստում: Ըստ նրա՝ Էրդողանի կուսակցության հաղթանակը ՏԻՄ ընտրություններում նրան հաղթական ոգի է պարգևել:

«Էրդողանը հաղթական ոգով սկսելու է պայքարը նախագահական ընտրություններին ընդառաջ: Իհարկե, երկու ընտրությունների մեջ սկսզբունքային տարբերություն կա: Եթե ՏԻՄ-ի դեպքում ընտրում էին ԱԶԿ կուսակցությունը, ապա հիմա ընտրելու են Էրդողանի անձը: Իհարկե, այս ընտրությունները ցույց տվեցին, որ Թուրքիայում ավելի կարևոր է ոչ թե ընտրությունը, այլ հաշվարկը: Ընտրության արդյունքների հրապարակման ժամանակ եղան հոսանքի մի քանի անջատումներ և ամեն անջատումից հետո ակնհայտ տարբերություններ նկատվեցին թվերի մեջ», – ասաց Արտակ Շաքարյանը և հավելեց, որ միջազգային հանրությունը դեռ գնահատական չի տվել այս ընտրություններին:

«Չգիտեմ, թե ինչ արձագանք կտա արևմտյան աշխարհը, բայց հուսով եմ, որ այս ընտրությունները հետքայլ կորակվեն: Ակնհայտ է, որ այս ընտրություններով էլ ավելի բարդացավ Թուրքիայի՝ Եվրամիությանն  անդամակցելու հարցը, քանի որ եղան նաև սպանություններ ու ձերբակալություններ: Սակայն նկատեմ, որ սա Էրդողանին ամենաքիչն է հուզում հիմա: Նրա առջև դրված է միայն մեկ խոշոր նպատակ՝ կանի ամեն ինչ, որ պահպանի նախագահի աթոռը մինչև 2023 թվականը: Մնացյալը դեռևս երկրորդական է», – շեշտեց թուրքագետը:

Թուրքիայում ամփոփում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Թուրքիայում ամփոփում են ՏԻՄ ընտրությունների արդյունքները        Թուրքիայում հաշված ժամեր առաջ ավարտվել են ՏԻՄ ընտրությունները և այժմ ընթանում է ձայների հաշվարկման գործընթացը: Եվ այսպես նախնական արդյունքներն հետևյալն են՝

Իշխող Արդարություն և զարգացում կուսակցություն (AKP) – 48,25 %

Քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցություն (CHP) – 23,86%
Ազգայնամոլական Ազգայնական շարժում կուսակցություն (MHP) – 13,84%
Քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն (BDP) – 7,45%
Ինչպես և սպասվում էր, հիմնական մրցակցությունը ծավալվել է Ստամբուլում, որտեղ այդ պահին 44,98 տոկոսով առաջատարը ԺՀԿ-ի թեկնածու Մուստաֆա Սարըգյուլն է, նրանից շատ քիչ է հետ մնում ԱԶԿ-ի թեկնածու Քդիր Փոփբաշը՝ 44,65 տոկոս: Անկարայում 45 տոկսով հաղթում է ԱԶԿ-ն, իսկ
Իզմիրում 55 տոկսով առջևում ԺՀԿ-ն է:

Գնահատելով նախնական արդյունքները՝ կարող ենք փաստել, որ ԱԶԿ-ն չի կրի բոլորի կողմից սպասված պարտությունը, իսկ ԺՀԿ-ն նախորդ ընտրությունների համեմատ փոքր-ինչ կբարելավի իր դիրքերը:

 Անկախ

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների պատճառով ութ մարդ զոհվել է

թուրքիաՍիրիայի սահմանակից թուրքական Հաթայ գավառում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ է մահացել ևս 13-ը վիրավորվել են: Վիճաբանությունը առաջացել էր ավագանու թեկնածուների պատճառով: Գավառի ղեկավարը ծեծկռտուքի վայր է ուղարկել ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանում:

Փորձագետները կարծում են, որ կիրակի օրը, մարտի   30 -ին Թուրքիայում տեղի ունեցող ընտրությունները փորձ են խորհրդարանի և երկրի նախագահի ընտրությունների համար: Թուրքիայի բնակչության  52 միլիոն քաղաքացի ունի ընտրելու իրավունք, հաղորդում է   “Интерфакс“-ի վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

Անկախ