Կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) հերթական նիստը:
ՏՏԶԱԽ նախորդ նիստի հանձնարականների կատարման ընթացքի մասին զեկուցմանը ծանոթանալուց հետո խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը:
Նիստում արծարծվել են ՏՏ ոլորտում դրամաշնորհային ծրագրերի, կրթական ծրագրերում մասնավոր ներդրումների՝ ԱԱՀ-ով հարկման նպատակահարմարության, ինչպես նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հարկման ինստիտուտին և հարկային վարչարարությանը վերաբերող հարցեր: Այս առնչությամբ առաջարկվել է խնդիրների լուծումը դիտարկել օրենսդրական փոփոխության ձևաչափի շրջանակում: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ համակողմանիորեն քննարկել հարցերը և ներկայացնել լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ:

Մեկ այլ հարցով քննարկվել է ՏՏ լաբորատորիաներում, ինկուբատորներում, ակսելերատորներում և այլ կենտրոններում անվճար ու վճարովի հիմունքներով ուսանողական պրակտիկայի կազմակերպման հարցը: Առաջարկվել է աշխատանքային/հարկային օրենսդրությամբ հստակ սահմանել ուսանող-փորձնակների կարգավիճակը և համապատասխան կարգավորումներ նախատեսել նրանց պայմանագրում՝ սուբյեկտիվ մեկնաբանություններից խուսափելու համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ11440_am_8 11440_am_4

Տեղեկատվական անվտանգության լուծումներից մինչև ինժեներական ծրագրային ապահովում` ԴիջիԹեք Բիզնես Ֆորումում

Forum _ Phot 3Հունիսի 20-21-ը ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին կմասնակցեն և տեխնոլոգիական լուծումներ կներկայացնեն ռուսական խոշորագույն  կազմակերպություններ:

Գործարար համայնքը, տեխնոլոգիական նորություններով հետաքրքրվողները կծանոթանան «ԱՌինտեգ» ընկերության ծառայություններին, որը համակարգերի ինտեգրմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից է Ռուսաստանում, ինչպես նաև հանդիսանում է ֆորումի հովանավորներից: Ընկերությունը տրամադրում է տեղեկատվության անվտանգության ապահովման արտադրանք և աջակցում է իր հաճախորդներին ձևավորելու ժամանակակից ՏՏ – ենթակառուցվածք նորագույն տեխնոլոգիաների, հուսալի ծրագրային և ապարատային ապահովման միջոցով:

Բիզնես ֆորումին իր ծառայությունները կներկայացնի նաև «Ասկոն» ընկերությունը, որը զբաղվում է ինժեներական ծրագրային ապահովման մշակմամբ և արտադրական ոլորտի ինտեգրատոր է: Ընկերությունը կոմպլեքսային ավտոմատացման ծառայություններ է մատուցում, որոնք ուղղված են լուծելու հետևյալ խնդիրները` ինժեներական նախագծերի փաստաթղթերի նախապատրաստում և թողարկում, բիզնես գործընթացների զարգացում և ինժեներական տվյալների կառավարում:

Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ»  ընկերությունը: 

Ֆորումի մուտքն ազատ է:

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին

տտՀայաստանի Հանրապետության նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներին:
Ողջունելով ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներին՝ կառավարության ղեկավարն իր խոսքում նշել է. «Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար, քանի որ մենք շարունակելու ենք ավելի զարգացնել և ամրապնդել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ մեր համագործակցությունը: Ես համոզմունք ունեմ, որ դա շատ կարևոր է մեր երկրի, տնտեսության, քաղաքացիական հասարակության համար: Սա երրորդ աշխատանքային օրն է իմ նշանակվելուց հետո, և կարևորելով այս ոլորտի ապագան և կառավարության հետ համագործակցությունը՝ ես տրամադրված եմ ավելի ակտիվացնելու մեր հանդիպումներն ու քննարկումները, լսելու ձեր մտահոգությունները և առաջարկությունները: Իմ մոտեցումը լինելու է գործնական. ոչ միայն այս ոլորտի, այլև բոլոր ոլորտների հետ մեր բոլոր պայմանավորվածությունները լինելու են խոսք և պատասխանատվություն: Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը և առաջարկությունները»:
Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը հակիրճ ներկայացրել է մինչ օրս կառավարության և ՏՏ ոլորտի միջև ծավալված համագործակցությունը և իրականացված ծրագրերը. ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ նպատակով իրականացվել են մի շարք ծրագրեր, գործում է ՀՀ վարչապետին կից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ, արդեն ավանդույթ են դարձել պարբերական հանդիպումները և քննարկումները տարբեր ձևաչափերով: Մասնավորապես նման համագործակցության վերջին արդյունքը ՏՏ ոլորտում նոր ստեղծվող ձեռնարկությունների արտոնությունների տրամադրման նախագիծն էր, որը կառավարությունն ուղարկել է ԱԺ՝ նպատակ ունենալով առանձնահատուկ պայմաններ ստեղծել տեխնոլոգիական ձեռնարկատիրության խթանման համար:
ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով և անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Մասնավորապես, մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ ՀՀ վարչապետը ներկաների հետ քննարկել է պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման արդյունքում ստեղծված իրավիճակը և կարևորել երկխոսության ձևաչափի շրջանակում հարցերի շարունակական քննարկումը: Վարչապետը կարևորել է կադրերի պատրաստման խնդիրը՝ այն համարելով առանցքային ոլորտի հետագա զարգացման համար:
Անդրադարձ է արվել նաև մարզերում ՏՏ բնագավառի զարգացմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել այս հանդիպումները՝ համագործակցության և երկխոսության ճանապարհով ցանկալի արդյունքների հասնելու համար:

Նոր օրինագիծը «սպառնում» է դրական ազդել ՏՏ ոլորտի զարգացման վրա

Անցյալ շաբաթ կառավարությունն աննախադեպ քայլ արեց` հավանության արժանացրեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՏՏ ոլորտի մինչև 15 աշխատակից ունեցող և սկսնակ ձեռնարկություններին պետական աջակցություն ու հարկային արտոնությունների տրամադրում:

Հայաստանում առաջին անգամ հարկային ռադիկալ արտոնություն է սահմանվում

վահրամ ավանեսյանԸստ նոր օրինագծի` ՏՏ ոլորտում սկսնակ ձեռնարկություններին, որոնք ունեն ոչ ավելի, քան 15 աշխատող, տրամադրվելու է պետական աջակցություն երկու ուղղությամբ: «Մեկը վերաբերում է պետական աջակցության ծրագրերին: Ներառվում են նաև ներդրումային ծրագրերը` դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն, միասնական վենչուրային հիմնադրամի կողմից ներդրումային ծրագրեր: Երկրորդը վերաբերում է հարկային արտոնություններին` ՏՏ սկսնակ ձեռնարկությունները կստանան շահութահարկի արտոնություն, շահութահարկը սահմանվելու է 0 տոկոս, նաև եկամտահարկի արտոնություն, որի համար սահմանվելու է 10 տոկոս ֆիքսված դրույքաչափ»,- հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Հարկային արտոնությունները տրվելու են 3 տարով: Օրինագիծը նույնպես ժամանակավոր է, նախատեսված է, որ պետք է գործի մինչև 2020 թ.: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը նոր օրինագծի կապակցությամբ նշեց, որ այն 7- 8 տարի առաջ` 2000-ականների սկզբներին պետք է ընդունված լիներ, երբ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների «բում» էր, և ՏՏ ոլորտում Հայաստանը հիմա ավելի լուրջ արդյունքների հասած կլիներ: Թեև ուշացումով, բայց օրինագիծն արդեն շրջանառության մեջ է, ու վերջնական ընդունումից հետո միայն կերևա, թե ինչպես կաշխատի:
«Սա ոլորտի համար ամենակարևոր բաներից մեկն է: Ոլորտի աճը երկու հիմնական հանգամանքից է կախված`մեկը որակյալ մասնագետների առկայությունն է, և երկրորդը ձեռներեցներն են, այսինքն` որոնք կազմակերպում են պատվերների հոսքը: Եվ առաջարկված օրենքն ուղղված է ձեռներեցներին խրախուսելուն, որպեսզի նոր ձեռներեցներ ի հայտ գան: Ու Karen-Vardanyanդա շատ կարևոր է»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Այս նոր օրինագծից կառավարության ակնկալիքն այն է, որ Հայաստանում ՏՏ ձեռնարկությունները դինամիկ աճ ապրեն: Սակայն ՏՏ ընկերությունների համար համաշխարհային մրցակցությունը շատ խիստ է: Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ տարբեր երկրներ աջակցության ու արտոնությունների տարբեր սխեմաներ են կիրառում, որպեսզի այս ոլորտում իրենց երկիրը համարվի գրավիչ: Հայաստանում այս նախաձեռնությամբ ակնկալվում է, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում տարեկան ստեղծվեն 40-60 սկսնակ ձեռնարկություններ ու գործունեություն ծավալեն: Դրանց հիմնական նպատակը լինելու է այս ոլորտում ինտելեկտուալ սեփականության ապրանքների ստեղծումը:

«Ակնկալում ենք նաև, որ այստեղ լինելու են այն ձեռնարկությունները, որոնք ՀՀ-ն կնախընտրեն այլ պետություններից, ու որոնցում կաշխատեն հիմնականում հայաստանցի աշխատողներ: Մենք չենք կարծում, որ Հայաստանում ֆորմալ գործող ձեռնարկությունները հնարավորություն կունենան այս արտոնություններից օգտվելու»,- ասաց նախարարը: Նա նշեց նաև մի կարևոր հանգամանք. ՏՏ ոլորտի արտադրանքը բնույթով շարժունակ է, արագ տեղաշարժվում է երկրից երկիր, և ամենակարևորն այն է, որ գործունեության 3 տարիների ընթացքում այդպիսի նորաստեղծ ձեռնարկությունները կա՛մ ցույց են տալիս արդյունք, կա՛մ ոչ:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տեխնոլոգիական ձեռներեցությունը թե՛ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, թե՛ ՀՆԱ-ի աճի կարևոր գործիքներից է, դա է վկայում Իսրայելի, Հոլանդիայի, Սինգապուրի փորձը:
«Ես կարծում եմ, որ կստեղծվեն ոչ թե տարեկան 40-60 ձեռնարկություններ, այլ ավելի շատ: Միգուցե առաջին տարին 40-50 կլինեն: Բայց ես կարծում եմ, որ 1-2 տարի հետո տարեկան մոտ 100 նորաստեղծ ձեռնարկություններ առաջ կգան»,- նշեց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ իրենց վերաբերմունքը այս օրինագծի վերաբերյալ շատ դրական է, մնում է սպասել, որ երիտասարդները նպատակ դնեն իրենց առջև, ձեռնարկություններ ստեղծեն, կարողանան լուծումներ գտնել, այդ լուծումները ճիշտ ներկայացնել, ճիշտ վաճառել:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այս պահին իր զարգացածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը ՏՏ համաշխարհային քարտեզի վրա իր առանձնահատկություններով, իր հարաբերական առավելություններով գրավի իր հատուկ տեղը»,- կառավարությունում օրինագծի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա կարծիքով` օրենքի այս նախագիծը, այլ գործիքակազմի հետ միասին այդպիսի նախադրյալներ է ստեղծում: Վարչապետը մասնավորապես հիշատակեց վենչուրային հիմնադրամը, որի միջոցները նույնպես կարող են ուղղվել սկսնակ ձեռնարկությունների ֆինանսավորմանը: «Մենք այսօր, ձեզ հետ միասին, բացառիկ հնարավորություն ենք ստեղծում այդ ոլորտի համար` ազատելով բոլոր տիպի հարկերից, թողնելով միայն եկամտահարկ` ֆիքսված 10 տոկոսով, ազատելով շահութահարկից: Դա լրջագույն խթան է լինելու start up-ների համար: Այս ոլորտում, կարծում եմ, կապահովվի նաև նոր առաջընթաց»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

Նոր օրինագծի թեր ու դեմ կողմերը

ITԻհարկե, այս դաշտում ռադիկալ փոփոխություններ են նախատեսվում, որ անկասկած դրական են, եթե կիրառվեն: Այս կարգի փոփոխություններով զարգացել է, օրինակ, Հնդկաստանի Բանգալորի գոտին, Հնդկաստանի ազատ տնտեսական գոտին, որտեղ վերջին 10 տարիներին ՏՏ ընկերությունների բում է:

«20-25 տոկոս եկամտահարկը փաստորեն իջնում է 10 տոկոսի, 25 տոկոս շահութահարկը զրոյացվում է, դա աննախադեպ բան է»,- ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Բացի հարկային արտոնություններից, ոլորտի սկսնակ ձռնարկություններին նախատեսվում է տրամադրել նաև նյութատեխնիկական և ֆինանսական աջակցություն: Վահրամ Ավանեսյանն ասաց, որ կառավարության որոշմամբ հաստատված ծրագիր կլինի, որի համաձայն` կտրամադրվեն դրամաշնորհներ: Բացի այդ, կառավարությունն այսօր էլ իրականացնում է դոնորական մի շարք ծրագրեր, որոնցում նույնպես կան դրամաշնորհների տրամադրման գործիքներ: Այսօր ստեղծված է նաև վենչուրային հիմնադրամ, և ակնկալվում է, որ այդ հիմնադրամը ևս հետաքրքրված է լինելու այս ձեռնարկություններում ներդրումներ կատարելու հարցում: Դա, իր հերթին, խթան կարող է դառնալ կրթական, ֆինանսական, տնտեսական սեկտորների համար, քանի որ երբ մի ոլորտում ներդրումներ անելը դառնում է գրավիչ, միայն վենչուրային հիմնադրամները չէ, որ կարող են ակտիվ լինել, կարող են նաև ներդրումային հիմնադրամներ ձևավորվել, բանկերը ևս կարող են ակտիվանալ այս ոլորտում:

Տնտեսագիտական տեսանկյունից արտոնություն տալ մի հատվածի, նշանակում է այդ հատվածը դնել ջերմոցային պայմանների մեջ: Բայց քանի որ սա համակարգային` ենթակառուցվածքային ոլորտ է, կարող է նաև խթանել ավանդական հատվածներին: ՏՏ ոորտի ծառայությունների գները կիջնեն, քանի որ եթե հարկերը նվազեցվում կամ զրոյացվում են, շահույթները չեն հարկվում կամ քիչ են հարկվում, ոլորտի ծառայությունները պետք է էժանանան:

Այսօր այս ոլորտում զբաղվածների թիվը մոտ 4-5 հազար է: Ատոմ Մարգարյանը կարծում է, որ առաջիկա 2-3 տարիներին այդ թիվը կարող է եռապատկվել, եթե խաղի կանոնները չփոխվեն, եթե այս որոշումն ու փոփոխությունը կոնյուկտուրային չեն: Որովհետև կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ակտիվ բողոքողները հիմնականում բարձր տեխնոլոգիական սեկտորի ներկայացուցիչներն են, որոնք նույնիսկ սպառնում են, թե կհեռանան Հայաստանից:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե նոր օրինագիծը «Դեմ եմ կուտակայինին» շարժման մասնակիցների ֆինանսական կորուստները փոխատուցելու և նրանց «կողմ» դարձնելու միտում ունի, էկոնոմիկայի նախարարը նշեց. «Եթե իսկապես հնարավոր է որևէ նախաձեռնություն, որով «Դեմ եմ» շարժումը «կողմ» լինի, ապա ես կարող եմ պնդել, որ, այո, դրա համար ենք անում: Իսկ եթե ավելի լայն տեսանկյունով նայենք հարցին, ապա չեմ կարծում, թե այստեղ լինելու է այդ հնարավորությունը, որ ՏՏ ոլորտի այսօրվա աշխատողները, որոնք բարձր աշխատավարձեր ունեն ու աշխատում են տարբեր ընկերություններում, միանգամից սկսելու են իրենց ընկերությունները ստեղծել»,- ասաց Վահրամ Ավանեսյանը` ակնարկելով, որ այս քայլը «դեմ եմ»-ին «կողմ» դարձնելու համար չէ այնուամենայնիվ:

Շատ դժվար է ՏՏ ոլորտը վերահսկել այնպես, ինչպես ավանդական ոլորտները, ուստի այս ոլորտում ստվերը բավական մեծ ծավալներ ունի: Այս փոփոխությունների արդյունքում հավանական է, որ մի զգալի հատված դուրս կգա ստվերից: Ի վերջո, ստվերում գործելն իր բացասական կողմերն ունի. ստվերում գործողները չեն կարող լեգալ վարկային ռեսուրսներ ներգրավել, լեգալ իրավական պաշտպանություն ունենալ և այլն:
Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ Հայաստանի ՏՏ ոլորտում կան այնպիսի խմբեր, որոնք այսօր ոչ ֆորմալ դաշտում են գործում, իրենց արտադրանքը ստեղծելու համար գործում են այն երկրներում, որտեղ այս դաշտում համապատասխան արտոնություններ կան: Ուստի, այս նոր օրինագծով այդ խնդիրը ևս լուծելու հնարավորություն կլինի:

Մի քանի հարցեր, այնուամենայնիվ, առաջանում են: Իսկ եթե արդեն իսկ գործող խոշոր ընկերությունները տրոհվեն ու հարկային արտոնություններից օգտվելու համար վերաձևակերպվե՞ն որպես սկսնակ ձեռնարկատերեր: Ինչպե՞ս են բացառվելու աութսորսինգն ու մանր` նորաստեղծ ընկերությունների միջոցով խոշոր ընկերությունների համար «հարցեր» լուծելու երևույթները:
«Այս ընկերությունները պետք է ստանան հավաստագիր, որը տրամադրվելու է ստեղծված հանձնաժողովի կողմից, որտեղ լինելու են 3 պետական ներկայացուցիչներ և 2 տվյալ ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Բացի դրանից` այս ընկերությունները պետք է հայտարարագրեն, որ չեն ստեղծվում այլ ընկերության տրոհման ճանապարհով»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Օրենքով նախատեսված է նաև այս ոլորտում գործող ձեռնարկությունների ռեգիստր, բացի այդ, լինելու է ռեեստր, որտեղ հնարավոր կլինի տեսնել այն աշխատողներին, որոնք աշխատում են և՛ այս ձեռնարկությունների համար, և՛ այս արտոնություններից չօգտվող ձեռնարկությունների համար:

Վարչապետը համոզված է, որ ՏՏ ոլորտին արտոնություն տրամադրելու օրինագիծը նոր առաջընթաց կապահովի

տիգրան սարգսյանՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և աջակցության համակարգի ձևավորման և կիրառման հետ կապված հարաբերությունները:
Դեռևս 2000 թվականին Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչված այս ոլորտը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: 2008-2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ:
Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մրցունակությունը բարձրացնելու նպատակով են մշակվել սույն օրենքի, ինչպես նաև «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը: Նախատեսվում է ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը էապես կնպաստի նոր ընկերությունների ձևավորմանը, աշխատատեղերի ավելացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է օրենքի նախագիծը ներկայացնել լրատվամիջոցներին, որպեսզի ՏՏ ոլորտի աշխատողները մանրամասն ծանոթանան փաստաթղթին, մանավանդ, որ գաղափարը ծնվել է անցած տարվա դեկտեմբերին, երբ Դիլիջանում կայացած համաժողովում քննարկվում էր ինովացիոն զարգացումների թեման: «Այն ժամանակ, երբ մենք այս գաղափարը հնչեցրինք՝ խոստացանք, որ կարճ ժամանակահատվածում կպատրաստենք օրենքի նախագիծ և այն կներկայացնենք հանրության դատին, – հավելել է վարչապետը: – Ուզում եմ շեշտել, որ այս խնդիրը քննարկվել է նաև ՀՀ նախագահի մոտ և արժանացել նախագահի հավանությանը, քանի որ այս որոշումն ունի քաղաքական բովանդակություն: ՏՏ ոլորտն այս պահին իր զարգացվածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը հստակորեն ՏՏ համաշխարհային քարտեզի վրա իր առանձնահատկությամբ, հարաբերական առավելությամբ գրավի իր հատուկ տեղը: Այս օրենքի նախագիծը, մեր կարծիքով, այդպիսի նախադրյալներ ստեղծում է նաև այլ գործիքակազմի հետ միասին: Մասնավորապես, ցանկանում եմ հիշատակել Վենչուրային հիմնադրամը, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ ստեղծելու են մասնավոր ընկերությունները: Այդ հիմնադրամի միջոցները նույնպես կարող են ուղղվել Start-up բիզնեսների ֆինանսավորմանը: Այն, որ մենք այսօր բացառիկ հնարավորություն ենք ստեղծում ոլորտի համար, ազատելով բոլոր տեսակի հարկերից՝ թողնելով միայն 10 տոկոսով ամրագրված եկամտահարկ, ազատելով շահութարկից, լրջագույն խթան է լինելու Start-up-երի համար և այս ոլորտում, կարծում եմ, կապահովի նոր առաջընթաց: Նաև համաձայն եմ այն առաջարկի հետ, որ օրենքի նախագիծը մենք համարենք անհետաձգելի, քանի որ այն սպասված է նաև ՏՏ ոլորտի կողմից»:
ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 1.5 տոկոս: Քննարկելով նախաձեռնությունը, գործադիրն առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում ԱԺ քննարկմանը օրենսդրական փոփոխությունների իր փաթեթը ներկայացնելուց հետո: Կառավարությունը հանգամանորեն հիմնավորել է սույն եզրակացությունը: «Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ մեզ առաջարկություններ է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, – հարցի վերաբերյալ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Ազգային Ժողովում առաջարկություններ են հնչեցրել նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները, ում նույնպես պետք է այս քննարկմանը մասնակից դարձնել, որպեսզի մեր ընդունած տարբերակը ընդունելի լինի ոչ միայն կառավարության, այլև առաջին հերթին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև այն կուսակցությունների համար, որոնք նույնպես տվյալ ոլորտի վերաբերյալ նախաձեռնություններ ունեն»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր

կառավարությունՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Այնուհետև քննարկվել են ՀՀ պետական գնումների համակարգին առնչվող հարցերը և դրամաշնորհային ծրագրերով ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրները: Վերջինիս կապակցությամբ վարչապետը հանձնարարել է հրավիրել խորհրդակցություն և գտնել լուծումներ:
Զեկուցվել է նաև Հայաստանում ռոբոտաշինության խմբակների ստեղծման և զարգացման` «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի ընթացքը: Տեղեկացվել է, որ հանրապետությունում արդեն իսկ ստեղծվել են 60 խմբակներ, որոնց թիվն առաջիկայում նախատեսվում է եռապատկել: Նշվել է, որ խմբակների գործունեությունը կնպաստի աշխատաշուկա հազարավոր երիտասարդների ներգրավմանը: Մասնավոր հատվածը դիմել է կառավարությանը դրամական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, ինչն արժանացել է Տիգրան Սարգսյանի հավանությանը: Նախատեսվում է ծրագրին ներգրավել նաև տարբեր դոնորների:
Օրակարգային հաջորդ հարցով առաջարկվել է օրենքի բոլոր նախագծերը RSS ֆորմատով տեղադրել ՀՀ արդարադատության նախարարության վեբ կայքում: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ քննարկել հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Նիստում քննարկվել են նաև նվազագույն աշխատավարձին, երաշխիքային սպասարկման ժամանակ գործող մաքսային ընթացակարգերին և ՀՀ-ում «Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների թեստավորման և հավաստագրման կենտրոնների ստեղծման և գործարկման ծրագրին առնչվող հարցեր:
Ամփոփելով խորհրդի նիստի արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տեղեկատվական տոխնոլոգիաների զարգացման խորհուրդն իր մեջ ներառում է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Դրա նպատակն է, որպեսզի մենք իրական հատվածից ստանանք ազդակներ, թե որոնք են ՏՏ ոլորտին մտահոգող խնդիրները, տեսնենք՝ ինչպիսի խոչընդոտներ կան, որպեսզի կառավարությունն օպերատիվ արձագանքի, գտնի լուծումներ, ու ոլորտը զարգանա: Հարցերի ճնշող մեծամասնությունը ստանում է լուծումներ»: 
Վարչապետը հորդորել է ՏՏ բնագավառի ներկայացուցիչներին՝ կառավարությանը մշտապես ներկայացնել բոլոր խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու և ծրագրեր իրականացնելու համար:
Անկախ

«Apple» ընկերությունը մտադիր է Թուրքիայում արտադրություն սկսել

apple«Apple» ընկերությունը մտադիր է աքսեսուարների արտադրություն սկսել Թուրքիայում: Այս մասին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը նախագահ Աբդուլահ Գյուլի հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Սաբահի» հաղորդմամբ՝ Քուքը նշել է, թե ապրիլ ամսին «Apple»-ը Ստամբուլում կբացի աշխահրի ամենամեծ վաճառքի կենտրոնը: Երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ ներդրումների հնարավորությունը երկրի ՏՏ ոլորտի զարգացման մեջ:

Անկախ

Խորհրդարանի ճաղավանդակներից մկներ են կախել,տեսանյութ

ԱԺ«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության անդամները նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ի սահմանում, Ազգային ժողովի ճաղավանդակներից համակարգչային մկներ և ստեղնաշար են կախել` ի նշան բողոքի: Ակցիան կազմակերպել են ՏՏ ոլորտի ներկայացուցիչները:

«Մենք չենք լռելու ու շարունակելու ենք պայքարել ու պատգամավորներին էլ հորդորում ենք իրենց գործն անեն, ու եթե լինի էլի արտահերթ նիստ, բոյկոտ չանեն»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Լևոնը, որն աշխատում է Mentor Graphics-ում:

Ոստիկանները փորձել են միջամտել և թույլ չտալ մկները տեղադրել ԱԺ դարպասի մոտ, սակայն ծրագրավորողները թողել են մկներն այնտեղ ու հեռացել:


Հիշեցնենք, որ նոր օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և տարիներ անց տոկոսներով կտրամադրվեն որպես կենսաթոշակ: Շարունակություն` սկզբնաղբյուր կայքում: