դոլարՀուլիսի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:
Ավտոմեքենան ընկել է ձորն ու այրվել. ուղևորուհիներից մեկը մահացել է
Հուլիսի 30-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին ավտոմեքենա է վթարվել և այրվում է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 30-ին, ժամը 04.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Սևակ Պ.-ի վարած «Հյունդաի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել հանդիպակաց ուղեմաս, կոտրել երկաթյա արգելապատնեշն ու ընկել ճանապարհի աջ կողմում գտնվող ձորը:
Պատահարի հետևանքով ավտոմեքենան հրդեհվել է: Ուղևորուհիներից մեկը` 1984 թ. ծնված Ռոզա Արծրունին, տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս ուղևորուհի Շողիկ Հ.-ն և ուղևոր Բարսեղ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 29-ից 30-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 2-ը, խարդախության 11 դեպքից՝ 10-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը, դրամանենգության՝ 3, խուլիգանության՝ 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2 և գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Սա որ թիվն է, որ պետք է նկուղներում թաքնվենք». սահմանամերձ Բերքաբեր գյուղը կրկին գնդակոծվել է
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը շարունակվում են կրակի ենթարկվել: Այս անգամ հակառակորդի թիրախում է հայտնվել Բերքաբեր գյուղը, որը ադրբեջանական դիրքերից ընդամենը 600 մետր հեռավորության վրա է գտնվում:
Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը Անկախ-ի թղթակցին հայտնեց, որ կրակոցները հնչել են երեկ երեկոյան, երբ գյուղի բնակիչները զբաղված էին անասնապահությամբ և իրենց հողերի մշակմամբ. դա տևել է մինչև ուշ գիշեր և վերսկսվել առավոտյան ժամը 4-ից մինչև ինն անց կես: Պարոն Մադաթյանի խոսքով` հակառակորդի կողմից կրակոցներ հաճախ են հնչում, սակայն այս կարգի վաղուց չէր եղել:
«Նույն 90-ականների պատերազմի նման է, ուղղակի այն տարբերությամբ, որ նրանք կրակում էին, մենք` ոչ: Կրակում են այգիների, պատուհանների, ժողովրդի վրա: Գիշերը շատ երեխաների գյուղից հեռացրել են: Ողջ ժողովուրդը վախեցած է. չեմ հասկանում` սա որ թիվն է, որ պետք է նկուղներում թաքնվենք: Այսպիսի խայտառակ վիճակ է», – նշեց գյուղապետը:
Նա ընդգծեց, որ կորպուսից իրեն հայտնել են, որ զինվորները իրենց դիրքերում կանգնած են, նորմալ պահում են սահմանը. «Բայց, դե, փաստը մնում է սա, որ կրակոցներ լինում են»:
Կողոպտչի և տուժող կնոջ հերթական հանդիպման տրամաբանական վախճանը
Հուլիսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Ռուզաննա Ս.-ի պարանոցի ոսկյա շղթան բացահայտ հափշտակելու մասին:
Հուլիսի 29-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ռուզաննա Ս.-ն և հայտնել, որ Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկում ինքը տեսել է իր ոսկյա շղթան գողացողին և հետապնդում է նրան:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի և Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` Հ. Քոչարի փողոցի թիվ 21 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Երեմ Հ.-ն, որին այլ բան չէր մնում, քան խոստովանել, որ հուլիսի 17-ին ինքն է հափշտակել Ռուզաննա Ս.-ի պարանոցի ոսկյա շղթան:
Կատարվում է քննություն:
Քննարկվել են Երևանի ու Կարրարայի միջև կրթամշակութային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության առաջարկներով Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի հետ է հանդիպել Իտալիայի Կարրարա քաղաքի կրթական հաստատությունների ներկայացուցիչների պատվիրակությունը։ Հնադիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին։
Երևանի քաղաքապետի անունից ողջունելով հյուրերին և կարևորելով հանդիպումը՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է. «Կարրարան Երևանի առաջին քույր քաղաքն է. մեր բարեկամության վկայությունը՝ ձեր քաղաքից նվեր ստացած «Բարեկամության ձեռքեր» մարմարե հուշարձանը, 1964 թվականից ի վեր մեր քաղաքացիներին ու հյուրերին ծանուցում է այդ մասին։ 1973 թվականին ստորագրված փաստաթղթով հաստատված բարեկամությունը, ուրախ ենք, որ հատկապես Հայաստանի անկախացումից հետո ամրապնդման միտումներ ունի։ Դա արտահայտվում է ձեր այցերով, նաև «Էրեբունի-Երևան» տոնակատարություններին ձեր պարբերական ներկայությամբ և, համոզված եմ, առավել գործնական ձևաչափ կունենանք, ահա, ձեր այս այցով»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլին ևս հույս է հայտնել, որ նմանօրինակ կոնկրետ նախաձեռնությունները կամուրջներ կդառնան ամուր համագործակցության համար։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Կարրարայի քաղաքապետ Անջելո Զուբբանիի ջերմ ողջույները՝ պատվիրակության անդամ Ռիկարդո Կանեզին ընդգծել է, որ մշակութային, կրթական, ինչպես նաև տնտեսական ու միջավայրի պահպանության և այլ ոլորտներում հնարավոր համագործակցության առաջարկների նախադրյալներն այցից առաջ քննարկվել են Կարրարայի քաղաքապետի հետ. «Կարրարան Երևանի համեմատ փոքր քաղաք է, որտեղ որոշ չափանիշներ կան, որոնք բնորոշ են մեծ քաղաքներին։ Կարրարայում է գտնվում Իտալիայի Գեղեցիկ արվեստների ամենակարևոր երեք ինստիտուտներից մեկը, որը միջազգային համբավ ունի։ Կարրարան նաև մարմարի արդյունահանման ու մշակման աշխարհի կարևոր կենտրոններից է, այնպես որ, կարծում ենք, համագործակցության ուղղությունները բազմաբնույթ կարող են լինել: Կարրարայի քաղաքապետի անունից եմ ասում՝ համագործակցությունը զարգացնելու և որոշակի ծրագրերով ամրապնդելու, հին բարեկամությանը հարիր գործընկերություն նախաձեռնելու մեծ ցանկություն կա»,- ներկայացրել է Ռիկարդո Կանեզին։
Կրթամշակութային համագործակցության առաջարկին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը պատվիրակությանն առաջարկել է գործակցություն նախաձեռնել Երևանի Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրի հետ՝ հիմք ըմդունելով դպրոցի մասնագիտական ուղղվածությունը։
Կողմերը պայմանավորվել են համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկելու և ծրագրեր մշակելու նպատակով կիրառել հնարավոր բոլոր միջոցները։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նախագահն ընդունել է Կանադայի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար Ջեյսոն Քենիին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության նախարար և Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիին:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն հարցերի նկատմամբ առանձնակի ուշադրությամբ և ակտիվ գործունեությամբ առանձնացող Ջեյսոն Քենին մշտապես սպասված և ցանկալի հյուր է Հայաստանում: Սերժ Սարգսյանի համոզմամբ, անկեղծ և հետևողական աշխատանքով նախարար Ջեյսոն Քենին նաև իր ուրույն նպաստն է բերում հայ-կանադական բարեկամության ամրապնդմանը, ինչի համար Նախագահը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին և վստահեցրել, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու և ամրապնդելու Կանադայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել հայ-կանադական միջպետական հարաբերությունների ներկայիս մակարդակը, որի հիմքում, զրուցակիցների համոզմամբ, նաև երկու ժողովուրդների քրիստոնեական արժեհամակարգի ընդհանրություններն են:
Ջեյսոն Քենին նշել է, որ իրականացել է իր մեծ ցանկությունը՝ այցելելու Հայաստան, որը ոչ միայն ներկայիս Հայաստանի Հանրապետությանը, այլև ընդհանրապես, բազմադարյա պատմություն ունեցող Հայաստանի և հայ ժողովրդի հարուստ մշակույթին և հոգևոր արժեքներին ծանոթանալու, հաղորդակից լինելու հրաշալի հնարավորություն է: Նա ընդգծել է, որ այս այցը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, առևտրատնտեսական կապերը խթանելու պատրաստակամության վկայությունն է:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կանադայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելու համար: Այս հարցում Սերժ Սարգսյանն ընդգծել է Ջեյսոն Քենիի անձնական մեծ ներդրումը ևս: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել կանադահայ համայնքի նկատմամբ այդ երկրում ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին և միջազգային արդի զարգացումներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու մի շարք հարցերի վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումներին:
Իրանում ամենաշատը ցորեն արտադրում է Խուզեստան նահանգը
Իրանի պետական առևտրային ընկերության ղեկավար Աբաս Ախունդին հայտնել է, որ նախորդ ամիսների ընթացքում ցորեն է մթերվել Իրանի հետևյալ նահանգներից` Խուզեստան (966 հազար տոննա), Ֆարս (777 հազար տոննա), Գոլեսթան (593 հազար տոննա), Քերմանշահ (548 հազար տոննա):

«Քուրդիստան, Համադան, Խորասան-Ռեզավի, Արևմտյան Ադրբեջան, Լուրիստան և Արդեբիլ նահանգներից գնված ցորենի ծավալը գերազանցել է 200 հազար տոննան»,- ասել է Աբաս Ախունդին:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանի արտգործնախարարը կոչ է անում դադարեցնել հարձակումները Գազայում
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Մալայզիայի արտաքին գործերի նախարար Անիֆա Ամանի հետ:
Զրույցի ընթացքում Զարիֆն կարևորել է Պաղեստինի անպաշտպան բնակչության դեմ կատաղի հարձակումները դադարեցնելու համար սիոնիտական վարչակարգի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև դժվարին կացությունում հայտնված ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը:
«Գազայի ժողովրդին կոտորելու սիոնիստների հանդուգն քայլն իսլամական աշխարհի պառակտման պատճառով է կատարվում: Արևմուտքում լայն տարածում ստացած «քողարկված» գրաքննությունը թույլ չի տալիս արևմտյան ժողովուրդներին իրազեկել Գազայում կատարվող ողբերգության մասին, սակայն այդ ոճրագործություններն այնքան ահավոր են, որ նույնիսկ եթե դրանց մի փոքր մասն արտացոլվի արևմտյան զանգվածային լրատվամիջոցներում, ապա կցնցի ամբողջ աշխարհը»,- նշել է Մուհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտգործնախարարը կոչ է արել իսլամական երկրներին ջանքեր գործադրել Գազայի ժողովրդին օժանդակելու ուղղությամբ:
Անիֆա Ամանը, անդրադառնալով Գազայի տառապյալ, սակայն դիմացկուն ժողովրդի խնդիրներին, հայտնել է է, որ այն ինքնապաշտպանության համար զինելու կարիք ունի։
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հինգ երկիր պատրաստ է ներդրումներ կատարել Իրանում
Իրանի ազատ առևտրային գոտու գերագույն խորհրդի փոխնախագահ Մուհամմադ Մոեզոդին հայտնել է, որ Իրանը վերջին ամիսների ընթացքում բանակցում է Ավստրիայի, Չինաստանի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների հետ` երկրի ազատ առևտրային գոտում ներդրումներ կատարելու ուղղությամբ:
«Իրանն օտարերկրյա ներդրողներին հատուկ պայմաններ է առաջարկում: Օրինակ, 20 տարով ազատում է հարկերից, տրամադրում է մուտքի ազատ արտոնագիր` ամեն կերպ խրախուսելով կատարել ներդրումներ Իրանում»,- ասել է Մուհամմադ Մոեզոդին:
Վերջին ամիսների ընթացքում Իրանում նկատվում է արտաքին կապիտալի խոշոր ներհոսք` մեծամասամբ օտարերկյա ներդրումների տեսքով, մակրոտնտեսական կայունացում, ներդրումային կարգի բարելավում, առաջընթաց միջուկային բանակցություններում:
2013-ի հուլիսին Իրանի էկոնոմիկայի փոխնախարար Բեհրուզ Ալիշիրին հայտարարել էր, որ երկիրը փորձելու է գրավել օտարերկրյա ներդրողների ուշադրությունը` նրանց համար հատուկ պայմաններ ստեղծելով:
«Իրանն իր տնտեսական խնդիրները լուծելու համար կարիք ունի, որպեսզի արտաքին և ներքին ներդրողները միասին կատարեն 300 մլրդ դոլարի ներդրումներ»,- նշել էր Իրանի էկոնոմիկայի փոխնախարարը:
Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավումն ուղղակի կերպով անդրդառնում են երկրի տնտեսության վրա:
Սպասվում է, որ եթե այսպես շարունակվի, 2015-ին Իրանի տնտեությունում 2,9 տոկոսով աճ կգրանցվի:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Միասնական Հայաստանի ժողով է պետք. մասնավոր, կուսակցական կոչերը խայտառակություն են, ամբողջականները՝ փրկություն. Աշոտ Մանուչարյան
“Աշխարհում իրավիճակը գնալով վատթարանում է, ճգնաժամը` խորանում. սա մեկնաբանվեց որպես ֆինանսատնտեսական համակարգի ժգնաժամ, հետո պարզվեց որ սա ամբողջական է, համակարգային և բխում է մարդկության որդեգրած արժեհամակարգից”,´ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների մասին խոսելիս նշեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա` այս ամենի արտաքին քաղաքական դրսևորումներին էլ ակատես ենք լինում: Մի կողմից` քաղաքական և ռազմաքաղաքական բնագավառներում լուրջ առճակատումներ են տեղի ունենում` կապված թվում է Ուկրաինայի հետ. «Ասում եմ «թվում է», քանի որ խորքային իմաստով Ուկրաինա գոյություն չունի. Ռուսաստանն էլ հանդես է գալիս որպես հրապարակ, որը թույլ է տալիս կոնսոլիդացնել այն ուժերը, որոնք փորձելու են պահպանել առկա աշխարհակարգը, մյուս կողմից` փորձ է արվում փոխելու այս աշխարհակարգը: Մենք այս տենդենցների բախման հետևանքով անընդհատ ճգնաժամերի մեջ ենք լինելու, մինչև այս բախումը չբերի կամ աշխարհակարգի կպահպանմանը կամ նորի ծնունդին, որը դեռ ոչ ոք չի պատկերացնում` ինչ կլինի։
Մարդկության և ամեն ժողովրդի առջև ըստ Աշոտ Մանուչարյանի նման պայմաններում 2 հարց է դրված:
Ի՞նչ է կատարվում
Մեր դեպքում ի՞նչ է կատարվում և ի՞նչ անել հարցի պատասխանը առարկայական բնույթ է ստացել: Հայաստանը կարող է հայտնվել կամ քաոսի շրջանում կամ մի միջազգային ուժ մյուսին հարված հասցնելու նպատակով զորքեր կարող է մտցնել` փակելով Կովկասյան միջանցքը։ Այսինք Ուկրաինական ժգնաժամի պայմաններում` Ռուսաստանին ամենաէֆֆեկտիվ պատասխանը ՝ Ղարաբաղյան ճակատում կամ այլ պատրվակով զորք մտցնելն է ու Կովկասյան ճակատը փակելը։ Դա կբերի լուրջ խնդիրների հակառակորդների համար:
Ի ՞նչ անել
«Բանն այն է, որ այն գործիքը, որով, թվում էր, մարդկությունը կարգավորում է իր գործերը՝ պետություններն ու միջազգային կառույցները, մարդկանց չեն ծառայում. դրանք մարդկանց դեմ են, այլ ուժերի են ծառայում»,-նկատեց Աշոտ Մանուչարյանը:
Պետություններն, ըստ նրա, շատ անգամ ոչ թե իրենց ժողովուրդների կամքն են կատարում, այլ անում են ուրիշ բան` ուրիշների կողմից են թելադրվում, մենք դա չենք տեսնում։ Ըստ բանախոսի` սա մենք մեկնաբանում ենք որպես մեր թալանչի օլիգարխիայի գործողություններ. ներքին օլիգարխիան, սակայն, իրականում սպասարկում է համաշխարհային օլօգարխիայի շահերը և նրանց գործողություններն էլ չի բխում իրենց ժողովուրդների շահերից: Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ևս կապ չունի ուկրաինական ժողովրդի շահերի հետ։
Իսկ բանախոսի կարծիքով ժամանակակից աշխարհում կա միտում փոխելու այս համակարգը, փորձ է արվում այլևս ծառայեցնելու պետությունը ժողովրդի կամքին, իսկ սրա օրինակը մենք, ըստ Աշոտ Մանուչարյանի, ունենք: Խոսքը 1988-99 թվականների մասին է, երբ մենք տեսել ենք ելքը, ունեցել ենք այդ վերելքը, ժողովուրդն էր ձևավորել իր համակարգը և այդ պետությունում չկար ոչ մի կաշառակեր, աշխարհն էլ այսօր դրան է գնում։
Ժողովուրդները պետք է ըստ նրա ինքնուրույն քաղաքականություն վարեն, պետությունները չպետք է խոչընդոտեն ազգերի ազատ զարգացմանը և այս համատեքստում մենք անգնահատելի գանձ ունենք, որը և՛ մերն է և՛ աշխարհինը։ Խոսքը մեր ողբերգության հետևանքով աշխարհասփյուռ հայերի մասին է. պետք է կարողանանք ամեն տեղ ներկայացնել հայությանը։ Ուկրաինայի ճգնաժամում էլ պետք էր օգտագործել մեր ներուժն ու հայերի միջոցով խնդրի լուծումը մեր ձեռքը վերցնել:
“Այսօր միասնական չենք, չունենք սեփական նպատակ, կամք ու միտք»,-նշեց Աշոտ Մանուչարյանը՝ ավելացնելով. «Միասնական Հայաստանի ժողով է պետք, մասնավոր, կուսակցական կոչերը խայտառակություն են, ամբողջականը՝ փրկություն»։
Հուլիսի 31-ին տեղի կունենա Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 10-րդ բանակումի հանդիսավոր բացումը
Հանրապետության հրապարակում վաղը` հուլիսի 31-ին տեղի կունենա Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 10-րդ բանակումի հանդիսավոր բացումը: Այն կտևի հուլիսի 31-ից օգոստոսի 9-ը: Բանակումին մասնակցելու են 728 Հ.Մ.Ը.Մ.-ականներ աշխարհի 17 երկրից` Հայաստան, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Քուվեյթ , Իրաք, Ֆրանսիա, Անգլիա և այլն: Բանակումի նշանաբանն է «Արագածեն Արարատ, տեր ենք մեր դատին»:
«Այս տարի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բանակումն իր դռներն է բացել օտարազգիների համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (Հ.Մ.Ը.Մ. ՀԱՍԿ) կենտրոնական վարչության ատենապետ Բագրատ Եսայանը: Կառույցն արդեն 25 տարի է , ինչ գործում է Հայաստանում, ինչը, ըստ Եսայանի, մեծ ձեռքբերում է, քանի որ շատ քիչ կազմակերպություններ կարող են հպարտանալ նման պատմությամբ:
Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության ատենադպիր Կարպիս Գապասագալյանը նշեց, որ նման բանակումները կազմակերպվում են քառամյա պարբերականությամբ և մշտապես հանդիսանում են օգտակար նախաձեռնություն աշխարհասփյուռ Հ.Մ.Ը.Մ.-ականներին մեկ գաղափարի շուրջ համախմբելու համար: Տասնօրյա այս բանակումի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի պատմամշակութային արժեքներին, իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմի նահատակների հիշատակին, կհամալրեն սկաուտական գիտելիքներն ու կամրապնդեն իրենց սկաուտական երդումը:
1997 թվականից Հայաստանի ազգային սկաուտական շարժումը ճանաչվեց ՀԱՇ Համաշխարհային բյուրոյի կողմից և դարձավ շարժման լիիրավ անդամ;
Սկաուտները բանակումի 10 օրերի ընթացքում այցելություններ կկատարեն Հայաստանի պատմամշակութային կենտրոններ` Գոշավանք, Հաղարծին, Աmբերդ, կլինի լեռնագնացության պարապմունք, կայցելեն Վանաձորի զորամաս:
Օգոստոսի 9-ին տեղի կունենա փակման պաշտոնական արարողությունը Բյուրականի բանակավայրում:
Մանկատան շրջանավարտներն, ովքեր այսօր ունեն անմարդկային կենցաղ, երևանցիներն են ու Ձեր ընտրողները: Նրանք Ձեր կարիքն ունեն
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:
Հարգելի պարոն Մարգարյան,
Ս.թ. հուլիսի 29-ին լրատվությամբ տարածվել է մի քանի տեսանյութ, որտեղ
նկարագրվում են լամպերի գործարանի հանրակացարանում ապրող մանկատների նախկին
շրջանավարտների ստացած իբրև թե «բնակարաններում» առկա անմարդկային ու
ահավոր պայմանների մասին «Գետո մանկատան սաների համար 29.07.2014»,
Մեկ ամիս `առանց ջրի (տեսություն)
www.a1plus.am
«Մեզ էլ մեջը սեփականաշնորհել են» (տեսանյութ)
www.a1plus.am
Իհարկե այս փաստն արձանագրվել է Վերահսկիչ պալատի 2008 թվականի տարեկան
զեկույցում, բայց դրանից ոչինչ ի փոխվել, այն պաշտոնյաները, ովքեր բառի
բուն իմաստով լափել են մանկատան շրջանավարտների համար բնակարան հատկացնելու
ծրագրով նախատեսված պետական և կարծեմ նաև, միջազգային վարկային գումարները,
կարող է այս պահին շարունակում են աշխատել սոցապ նախարարությունում:
Այսինքն որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել այդ գողության համար:
Ինչևէ, խնդիրն հիմա նրանում է, որ պետք է քայլեր ձեռնարկել այս մարդկանց
վիճակը մի փոքր բարելավելու ուղղությամբ: Նրանք նույնպես երևանցիներ են և
Ձեր ընտրողները:
Խնդրում ու հավատում եմ, որ Դուք անպայման կարձագանքեք և անհրաժեշտ
միջոցները կձեռնարկեք նրանց կենցաղը բարելավելու համար:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ
Քառիշխանություն՝ «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարում
Մարտունիում անցկացվող «Սևանա լիճ» անվանումը կրող շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրի հինգ մրցամարտից չորսը խաղաղելք ունեցավ:Հրանտ Մելքումյանը միավորը բաժանեց Զավեն Անդրիասյանի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Ռոբերտ Հովհաննիսյանի, Հովհաննես Գաբուզյանը ուկրաինացի Յուրի Կուզուբովի, Հնդկաստանի ներկայացուցիչ Սանտոշ Վիդիթին՝ ռուսաստանցի Սանան Սյուգիրովի հետ:
Իսկ ահա, ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևը սպիտակներով առավելության հասավ ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի նկատմամբ:
2-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանն, ռուսաստանցիներ Սանան Սյուգիրովն ու Վլադիմիր Ֆեդոսեևը:
Չինաստանում ահաբեկչական հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Չինաստանի նահանգներից մեկում դանակներով և կացիններով զինված ավազակախումբը հարձակվել է խաղաղ բնակիչների, ոստիկանական բաժանմունքի, կառավարության շենքերի վրա, ինչպես նաև ջարդել մեքենաներ:
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Չինաստանի Սինցզյան ույղուրական ինքնավար մարզում:
Ոստիկանության սպաները կրակել և սպանել են ամբողխից մի քանի տասնյակ մարդու: Երեսունմեկ մեքենաներ են ջարդվել, որոնցից վեցը ամբողջովին հրդեհվել են:
Դեռևս պարզ չէ, թե քանի մարդ է զոհվել և վիրավորվել ահաբեկչության ընթացքում:
Դեկտեմբերին այս շրջանում ինը մարդ հարձակվել էին ոստիկանության բաժանմունքի վրա պայթուցիկներ նետել և հրդեհել ոստիկանության մեքենաներ: Ոստիկանությունը կրակել և սպանել էր հարձակվողներից ութին:
Այս շրջանում այլ հարձակումներ ևս գրանցվել են վերջին ամիսների ընթացքում:
Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը ձերբակալված է, նրա տունը` շրջափակված
Ադրբեջանում այսօր՝ տեղի ժամանակով 11:45-ին, իր տան մոտ ձերբակալվել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն,
իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Այս մասին տեղեկացրել է նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսովը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:
“Լեյլան դուրս էր եկել տանից և պատրաստվում էր համաժողովի գնալ: Հենց բակում նրա մեքենայի վրա հարձակում է կատարվել: Մեքենան կանգնեցրել են և ներս խուժել քաղաքացիական հագուստով 3 անձիք: Հեռախոսազանգերին չեն պատասխանել ո´չ Լեյլան, ո´չ էլ վարորդը: Դատելով ամեն ինչից՝ նրանք եղել են Գլխավոր դատախազության աշխատակիցները”,-գրել է Արիֆ Յունուսովը:
Իր հերթին, հանրային պաշտպան Յուսիֆ Ագաևը հայտարարել է, որ չի կարողանում զանգարահարել քննիչ Իբրահիմ Լեմբերանսկիին, որպեսզի պարզի ձերբակալման պատճառը:
Մոտ ժամը 12-ին Արիֆ Յունուսովը հայտնել է, որ 6 անձիք թակում են իր բնակարանի դուռը՝ սպառնալով կոտրել մետաղական դուռը: Հեռախոսազանգերին Յունուսովը չի պատասխանում:
ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հոր է լուծարվել
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյուանվետ օգտագործման և խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու և լուծումներ տալու նպատակով:

Ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են սկսվել, ինչի արդյունքում հնարավոր կլինի տարեկան խնայել ավելի քան 2.5մլն խ/մ ջուր: Լուծարման աշխատանքին տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Առայսօր ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ կառավարության միջոցներով լուծարվել և կոնսերվացվել է 45 խորքային հոր, գումարային 310լ/վ ջրթողունակությամբ, իսկ տնտեսվարողների միջոցներով՝ 47 խորքային հոր, 920լ/վ ջրթողունակությամբ:
https://www.youtube.com/watch?v=43crWeB5zMc&feature=youtu.be
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կենիչիրո Սասամեի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Կենիչիրո Սասամեի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով հայ-ճապոնական հարաբերությունների բարձր մակարդակը՝ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարեսկզբին Երևանում Ճապոնիայի դեսպանատան բացումը նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին և կնպաստի Երևանի ու Տոկիոյի, ինչպես նաև ճապոնական այլ քաղաքների միջև կապերի հաստատմանը:
«Երևանն այսօր ակտիվորեն համագործակցում է աշխարհի մի շարք խոշոր քաղաքների հետ և մենք պատրաստակամ ենք համագործակցություն հաստատել նաև Տոկիոյի հետ: Համոզված եմ, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները շատ են և, ըստ այդմ, համագործակցության հեռանկարներն իրոք փոխշահավետ կարող են լինել», – ընդգծել է քաղաքապետն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանն անդամակցում է «Քաղաքապետերը հանուն խաղաղության» կազմակերպությանը, որը նախագահում է Հիրոշիմայի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող զբոսայգում տեղադրված Հիրոշիմա քաղաքից բերված «Խաղաղության քար» հուշաքարը ևս մեկ ապացույցն է նրա, որ Երևանն իրոք պատրաստ է ճապոնական քաղաքների հետ համագործակցություն ծավալելուն։
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության, ինչպես նաև համագործակցության պատրաստակամության համար և կիսվելով Երևանի մասին իր տպավորություններով` Կենիչիրո Սասամեն վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել և օժանդակել երկու մայրաքաղաքների միջև կապերի հաստատմանն ու խորացմանը, նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանատան բացումից հետո այդ ուղղությամբ աշխատանքներն առավել ակտիվ կլինեն ու կտեղափոխվեն գործնական փուլ:
Քաղաքապետը Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Տոկիոյի և ճապոնական այլ քաղաքների հետ համագործակցության հաստատման և ամրապնդման հարցում Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոտարները ևս կկարողանան իրականացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները
ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը:
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարևորել է վերապատրաստման դասընթացը և նշել, որ անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելուց և վկայական ստանալուց հետո նոտարները ևս կկարողանան իրականացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները: «Պետռեգիստրն այսօր իր աշխատանքը կատարում է բավականին բարձր մակարդակով. աշխատեք պահել այդ նշաձողը»,- ասել է Արսեն Մկրտչյանը:
Դասընթացին ներկայացվում են անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ գրանցելու քայլերը, իրավաբանական անձի վերակազմակերպմանն առնչվող գործողությունները:
Մինչև տարեվերջ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր նոտարները կմասնակցեն ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի կողմից իրականացվող այդ դասընթացներին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նարեկ Մակարյանը՝ համաեվրոպական ուսանողական խաղերի ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկու
Ռոտերդամում անցկացվող համաեվրոպական ուսանողական մարզական 2-րդ խաղերին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) տղաների ֆուտզալի հավաքականը 24 թիմերի միջև պայքարում գրավեց 14-րդ տեղը։
Տնտեսագիտական համալսարանի թիմը 9-16-րդ տեղերի համար պայքարում չեխական Օստրավայի համալսարանի թիմին զիջել էր 6:8 հաշվով, ապա 13-16-րդ տեղերի համար պայքարում 13:6 հաշվով առավելության հասել Կիպրոսի տեխնոլոգիական համալսարանի նկատմամբ: Հուլիսի 29-ին մեր տղաները 13-14-րդ տեղերը վիճարկեցին գերմանական Մունստերի համալսարանի ընտրանու հետ՝ խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 10:10: Հաղթողը որոշվեց հետխաղյա տուգանային հարվածներով, որտեղ առավելության հասան գերմանացիները՝ գրավելով 13-րդ տեղը:
Հայաստանյան թիմը ներկայացնող Նարեկ Մակարյանը ճանաչվեց ֆուտզալի առաջնության լավագույն ռմբարկու։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տղաների ֆուտզալի հավաքականն առաջին անգամ էր մասնակցում նման մրցաշարի։ Անցկացարծ 6 հանդիպումերում հայ ուսանողները գրանցեցին 2-ական հաղթանակ և ոչ-ոքի, նույնքան էլ՝ պարտություն կրեցին:
ՀՊՏՀ թիմն այսօր վերադառնալու է Հայաստան։
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիա









