Քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում

մակՀոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ բաց քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, անդամ պետությունների եւ տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Քննարկումներին մասնակցեցին ու ելույթով հանդես եկան նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով ողջունեց այդ օրն անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւը, որը կոչ է անում ապահովել կանանց մասնակցությունը խաղաղաշինության գործընթացներում: Դեսպան Նազարյանը նշեց է, որ կարեւորում է այս թեմայի շուրջ քննարկումը, քանի որ Հայաստանին պարտադրված պատերազմի ու ագրեսիայի արդյունքում երկիրը հյուրընկալել է մեծ թվով կին փախստականների: Դեսպանը հավելեց, որ կանանց ու աղջիկների վրա անհավասարաչափ է բաշխվում հակամարտության զրկանքներն ու հետեւանքները, այդ իսկ պատճառով նրանք երաշխավորված դերակատարում պետք է ունենան խաղաղությանը միտված բանակցություններում:

Քննարկման մասնակցող պատվիրակությունները կանանց առաջխաղացման համատեքստում անդրադարձ կատարեցին նաեւ հակամարտություններից տուժած իրավիճակներում իրավունքի գերակայության եւ անցումային արդարադատությանն առնչվող հարցերին:

Մարտավարական դաշտում դժբախտ պատահարից ժամկետային զինծառայող է մահացել

պնՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 18.10.2013թ., ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Փաստի առթիվ  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Սպասվում է փոփոխական եղանակ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 20-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-21-ին կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում՝
Հոկտեմբերի 17-18-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Երևանի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան      26.80C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան         -0.70C (1948 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան     13.40C

Փոխվարչապետը հանդիպումներ ունեցավ Լիոնում

3675_bՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Փարիզից մեկնեց Լիոն, որտեղ հանդիպում ունեցավ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի եւ Ռոն Ալպի տարածաշրջանի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ:

Լիոնի քաղաքապետի հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Լիոնի գործընկեր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կողմերը քննարկեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի համայնքների միջեւ համագործակցության ներկա մակարդակին եւ դրա զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ Երեւանի եւ Լիոնի միջեւ արդեն 20-ամյա փոխգործակցությանը: Նշվեց, որ քաղաքների միջեւ ձեւավորվել են գործակցության ավանդույթներ, սակայն միաժամանակ առկա է նաեւ հարաբերութունների զարգացման մեծ ներուժ: Զրուցակիցները գոհունակությամբ նկատեցին, որ պարբերաբար փոխայցելություններն ու հանդիպումները օգնում են գործակցության նոր ուղղություններ բացահայտել:

Փոխվարչապետը շփումների ակտիվացման եւ կապերի խորացման տեսակետից արդյունավետ հարթակ համարեց նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը հավակնում է դառնալ ավանդական եւ կարող է ծառայել որպես գործուն մեխանիզմ` այս ձեւաչափով փոխգործակցության համակարգման համար:

Հանդիպմանը գործընկեր քաղաքների ղեկավարները նաեւ անդրադարձան այն ծրագրերին եւ մտադրություններին, որոնք նախատեսում են կյանքի կոչել:

Հանդիպումից հետո Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբի անունից՝ ի պատիվ ՀՀ պատվիրակության, տրվեց պաշտոնական ճաշ:

Փոխվարչապետի հաջորդ հանդիպումը Ռոն Ալպ տարածաշրջանի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանի հետ էր: Ա. Գեւորգյանը նախ շնորհակալություն հայտնեց համաժողովը հյուրընկալելու համար` ընդգծելով, որ դրա անցկացումը հենց այստեղ պատահական չէ, քանի որ Ռոն Ալպի հետ բավականին ընդգրկուն փոխգործակցություն է առկա:

Ռոն Ալպը գործընկեր է ընտրել «Հայաստանի համայնքների միությանը»` այսպիսով համագործակցություն սկսելով Հայաստանի ամբողջ տարածքում: Փոխվարչապետը նկատեց, որ փոխգործակցության երկու հիմնական ուղղությունները` տարածքային զարգացման եւ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցություն, առաջնահերթ են ՀՀ կառավարության համար եւ ընկած են առաջիկա բարեփոխումների հիմքում: Նա ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է այդ աշխատանքների շարունակումը եւ ողջունում է նոր փաստաթղթով այդ գործակցությունն ամրապնդելու մտադրությունը:

Պրն Քեյրանն իր հերթին ընդգծեց, որ մտադիր են զարգացնել եւ ընդլայնել սկիզբ դրված համագործակցությունը եւ ակնկալում են, որ հետագա տարիներին այն արդեն ավելի շոշափելի արդյունքներ կարձանագրի:

Պրն Քեյրանի խնդրանքով փոխվարչապետն անդրադարձավ նաեւ առաջիկայում նախատեսվող բարեփոխումներին` նկատելով, որ այդ տեսանկյունից ֆրանսիական կողմի աջակցությունն ու փորձն օգտակար կարող են լինել դրանց հաջող իրականացման համար:

Փոխվարչապետն այնուհետեւ մասնակցեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի պատվիրակների եւ հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ պաշտոնական արարողությանը, որի ժամանակ հանդես եկավ ելույթով` անդրադառնալով Հայաստանում ապակենտրոնացված կառավարման ուղղությամբ կատարված եւ կատարվող աշխատանքներին, այս ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն ու, մասնավորապես, Ռոն Ալպի հետ ձեւավորված փոխգործակցությանը:

Պաշտոնական ելույթներից հետո «Հայաստանի համայնքների միության» եւ Ռոն Ալպի տարածաշրջանի միջեւ ստորագրվեց համագործակցության նորացված համաձայնագիրը, որով Հայաստանի համայնքների եւ Ռոն Ալպի միջեւ փոխգործակցությունն ավելի կընդլայվի եւ  համակարգված բնույթ կստանա:

Ստորգարումից հետո ՀՀ պատվիրակությունը ներկա գտնվեց մշակութային միջացառմանը, որին մասնակացում էին նաեւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այսօր Գրենոբլում նաեւ համագործակցության նորացված համաձայնագիր են ստորագրել ՀՀ Գեղարքունիքի մարզն ու Ֆրանսիայի Իզերի նահանգը:

Հոկտեմբերի 16-ին Վալանսում աշխատանքները կսկսի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը:
Հասարակայնության հետ կապերի բաժին

«Բարև Երևան».Երևանի թիվ 66 դպրոցի տնօրենն ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից

Անահիտ-Բախշյան14 հոկտեմբերի 2013, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում  որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել: Տիկին Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հասարակությանը պատշաճ կերպով իրազեկել հետևյալի մասին.

 

1.            Վերջին անգամ  ո՞ւմ կողմից, ե՞րբ և ի՞նչ նպատակով են իրականացվել  ստուգումներն  այդ դպրոցում,

2.            ի՞նչ խախտումներ են արձանագրվել  դպրոցում,

3.            ստուգման արդյունքները որտե՞ղ են քննարկվել և  վերլուծվել,

4.            ո՞ւմ կողմից է ստորագրվել ստուգման ակտը,

5.            տնօրենը  ստորագրե՞լ է ակտը,

6.            վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել տնօրենն աշխատանքից»:

 

Տիկին Բախշյանը խնդրել է նաև  տրամադրել Երևանի թ. 66 դպրոցի տնօրենի ազատման հրամանը:

 

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

10761_am_3ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովին և փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին:

Աշխատանքային հանդիպման առանցքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների օրակարգն էր: Կողմերը համաձայնության են եկել օրակարգային հարցերի իրականացմանն ուղղված քայլերի շուրջ:
ՌԴ կողմը, բացի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովից, ներկայացնում էին փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը, պաշտոնատար այլ անձինք: Տիգրան Սարգսյանի գլխավորած աշխատանքային խմբում ընդգրկված էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, պաշտոնատար այլ անձինք:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունում հանդիպումից հետո կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Մաքսային միության միջև կնքված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը:
ՀՀ վարչապետն այցելել է նաև Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցական համալիր, այնուհետև եղել Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում տեղակայված Հայաստանի մշտական տաղավարում, ծանոթացել տաղավարի աշխատանքներին, ներկայացված ընկերությունների գործունեությանը:

Ինը ավտոպատահար`տասնհինգ վիրավոր

ավտոպատահարՎրաերթ Երևան-Զովունի ճանապարհին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ուսահոդի քերծված վերք» վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14-ամյա պատանի:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.40-ի սահմաններում,   «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևան-Զովունի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել պատանուն և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Պատահար Սևան-Մարտունի ճանապարհին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար  են բախվել «ՎԱԶ-21011»   և   «Մերսեդես-Բենց S 420»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց S 420»-ի վարորդը, «ՎԱԶ-21011»-ի ուղևորը և ճանապարհահատվածում գտնվող հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«Մերսեդես-Բենց»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի

Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի սկզբնամասում «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

«ՎԱԶ-2106»-ը բախվել է փայտե սյանը

Հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ի սահմաններում,  Երևանի Իսրայել Օրու փողոցի թիվ 1 տան մոտ «ՎԱԶ-2106»   մակնիշի ավտոմեքենան բախվել է փայտե սյանը, ինչի հետևանքով վարորդը  և  ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վրաերթ Շահումյան փողոցում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շահումյանի 16-րդ փողոցի թիվ 74 տան մոտ վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

«Տոյոտա Պրադո»-ն բախվել է էլեկտրասյանը

Հոկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո»  մակնիշի  ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի մոտ  բախվել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Աղջիկները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 6-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Շևրոլե-Ավիո»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը  Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15, 13 և 10-ամյա աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա

Հոկտեմբերի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի տոնակատարությունը Լոնդոնում

522. Celebration of the Independence day of Armenia in London 23.09.2013Սեպտեմբերի 21-ին Լոնդոնի Գրինֆորդի քաղաքային սրահում Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհուրդը (ԲՀՀԵԽ)՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպել էր տոնական երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։

Երեկոյի ընթացքում Լոնդոնի շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացրին համերգային ծրագիր, որի ընթացքում հանդես եկան երաժշտական կատարումներով եւ ասմունքով։

Միջոցառմանը ելույթ ունեցան ԲՀՀԵԽ ատենապետ Արա Փալամուդյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ բրիտանական խորհրդարանի պատգամավոր Սթիվեն Փաունդը:

Հանդիսության շրջանակներում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի գործադիր վարչության ատենապետ Վիգեն Հալաջյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Ազատություն ռադիոկայանի հարցին

Տիգրան ԲալայանՀարց. Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին։ Ո՞րն է Հայաստանի մոտեցումը այդ կապակցությամբ։

Պատասխան. Հայաստանը ողջունում է Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են  ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն։

Գյումու «Սամարիթեր» հիվանդանոցում ներդվում է վիրաբուժական-վերականգնողական բաժանմունք

IMG_1044“Այսօր կան գործառույթներ, որոնք խիստ անհրաժեշտ են մեր համաքաղաքացիների համար, սակայն իրազեկության աստիճանը բավական ցածր է”, – այսպիսի տողերով սկսվեց իր խոսքը Գյումրու “Սամարիթեր” հիվանդանոցի գործադիր տնօրեն Ռաֆայել Խաչատրյանը: Խոսքը վերաբերում է հիվանդանոցի ներկա կարգավիճակի և նորաբաց բաժանմունքների մասին հանրության իրազեկության պակասին:

IMG_1042Հիվանդանոցը հիմնադրվել է 1989թ.` երկրաշարժից հետո համարվել է քաղաքում գործող մեծ հիվանդանոցային համալիրի իրավահաջորդը և գերմանացիների կողմից, Հայաստանում երկրաշարժի հետևանքները վերացնող կազմակերպություններից մեկի կողմից վերականգնվեց մոսկովյան շրջկումի համար կառուցված շենքը, հագեցվեց բժշկական գործիքներով, գույքով և հիվանդանոցն, ի պատիվ գերմանացիների, կոչվեց “Սամարիթեր”: “Բայց հիվանդանոցը պետական համակարգի մեջ է գտնվում և գերմանական կողմի հետ կապեր չկա. նրանք աշխատում են միայն թեժ կետերում: Տարիների ընթացքում հիվանդանոցում ձևավորվեցին մասնագիտացված բաժանմունքներ: Առողջապահության բնագավառի օպիմիզացիայի արդյունքում “Գյումրի” բժշկական համալիրի կազմ տեղափոխվեցին “Սամարիթեր” հիվանդանոցի թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքները, իրենց հետ զուգահեռ նաև վերակենդանացման բաժանմունքը: Եվ “Սամարիթեր” հիվանդանոցում մնացին միայն ընդհանուր և հեմոդիալիզի բաժանմունքները: Դա կառավարության հատուկ որոշման հետևանք էր:

Շատերի կողմից թյուր կարծիք կար, որ “Սամարիթեր” հիվանդանոցը ևս լիկվիդացվել և տեղափոխվում է բժշկական կենտրոն: Դա այդպես չէ, նույն որոշման համաձայն, օպտիմիզացիայի ծրագրի վերջում, մեր հիվանդանոցում հեմոդիալիզի բաժանմունքից զատ պետք է կառուցվեր վերականգնողական բաժանմունք: Եվ հիվանդանոցը կունենար “Սամարիթեր վերականգնողական կենտրոն” ՓԲԸ անվանումը: Այն այսօր կա: Մենք փորձեցինք առողջապահության վարչության հետ մտածել այնպիսի ծրագրեր, որոնք այս կամ այն առումով մեր մարզում չկան կամ կան` ոչ լիարժեք ձևով: Դրանցից են` պլաստիկ, վերականգնողական վիրաբուժությունը, որն այսօր իրականացվում է, ուրոլոգիական վիրահատությունը, այն, իհարկե, մարզում կա”, – ասում է Ռ.Խաչատրյանը:

Այսինքն, ընտրվել են այն բուժման տեսակները, որոնց համար տեղի բնակիչները գնում են Երևան: Իսկ այս ամենի համար հրավիրվել են լավագույն մասնագետները, շատերը աշխատում են Աշոցքի հիվանդանոցում, որը ևս մեծ համբավ ունեցող բուժհաստատություն է: Այս բժիշկները վիրահատություններին զուգընթաց նաև տեղում կադրեր են պատրաստելու:

“Քանի որ մեր վերականգնողական և վիրաբուժական բաժանմունքները նոր են` տարվա կեսին սկսեցին ձևավորվել, դա ֆինանսական, բյուջետային այնպիսի խնդիր էր, որ պետական պատվերի իջեցումն առողջապահության նախարարության համար դժվարություններ էր առաջացնում: Մենք գրություններ ունենք ուղղված առողջապահության նախարարին` պետական պատվեր իջեցնելու համար: Խոստացել են դա իրականացնել 2014 թվականի հունվարից: Առայժմ` վճարովի է”, – ավելացրեց հիվանդանոցի տնօրենը:

Իսկ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննիես Հովհաննիսյանն էլ հիշյալ բաժանմունքների բացումը կարևորելով` նշեց. “Ցանկացած վիրահատություն իր հետ կարող է ունենալ հետվիրահատական բարդույթններ. մարդը կարող է առողջանալ, բայց հնարավոր է լինեն հետվիրահատական կոպիտ սպիներ, ճողվածքներ, այլ տարատեսակ բարդություններ, որոնք էլի վիրահատության կարիք ունենան: Նման բաժանմունք ունենալը, որի նախադեպն ամբողջ հանրապետությունում չի եղել, կարծում եմ, մեծ համարձակություն է տնօրենի կողմից:

Մարզում բոլոր վիրաբուժական հաստատությունները կենտրոնացնել մեկ տեղ, կարծում եմ, սխալ է և պետք է ալտերնատիվ տարբերակ լինի: Սա ռազմավարություն է. մեր նման փոքր պետությունն իր պաշարում փոխարինման ամեն ինչ պետք է ունենա: Սա ճոխություն չէ, այլ արդարացված ծառայություն է”:

Հիմա “Սամարիթեր” հիվանդանոցը կատարում է վիրահատության անհրաժեշտություն ունեցող հիվանդների հավաքագրում, որպեսզի բժիշկներին հրավիրեն:

 

Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ միտված ՏԻՄ-երի ամրապնդմանն ու հնարավորությունների ավելացմանը

 3687Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:

Քննարկվել են համայնքների ֆինանսավորման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական եկամուտների հավաքագրման մեխանիզմների արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր՝ միտված տեղական ինքնակառավարման մարմինների ամրապնդմանն ու հնարավորությունների ավելացմանը:

Ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում բռնկված հրդեհը օգոստոսի 17-ից չեն կարողանում մարել

2Կասպից ծովի Բուլլա կղզում գտնվող ադրբեջանական “Բուլլա-դենիզ” նավթահորում օգոստոսի 17-ից բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել մարել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը, կրակի մարման ուղղությամբ տարվող աշխատանքները դեռևս շարուրնակվում են: Այդ աշխատանքներին մասնակցում են Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) պատկանող 11 նավ, ինչպես նաև ԱԻՆ-ի ուժերը:

“Բուլլա-դենիզ” հանքահորի թիվ 90 հորատանցքում հրդեհը ծագել է 5868 մ խորության վրա հորատման աշխատանքներ կատարելու ժամանակ: Օգոստոսի 17-ին տեղի է ունեցել գազի բաց արտահոսք, որից հետո հրդեհ է բռնկվել: Վթարի պատճառով նավթահանքի ծովային հարթակից էվակուացվել են 62 աշխատակիցներ, սարքավորումների մի մասը: Զոհեր չկան:

Դեռևս օգոստոսի 26-ին SOCAR-ի փոխնախագահ Խալիք Մամեդովը հայտարարել էր, որ կրակի մարման ուղղությամբ ակտիվ տեխնիկական աշխատանքներ են տարվում, ինչը, փաստորեն, նրանց չի հաջողվել:

“Բուլլա-դենիզ”-ը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 80 կմ հեռավորության վրա:

Տաթևի եկեղեցի տանող ճանապարհին օտարերկրացի զբոսաշրջիկ է վրաերթի ենթարկվել

վրաերթՕգոստոսի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում,  Տաթև գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին  «Նիսսան Պատրուլ»  մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս   դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից,  մտել Տաթևի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհ և վրաերթի ենթարկել օտարերկրյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ

7959_bԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Հ. Հովհաննիսյանի կողմից ՃՈ տեսուչ Ռ.Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Հ. Հովհաննիսյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Մասնավորապես, քրեական գործի նյութերով պարզվել է, որ Հ. Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող հայրական տունը ՀՀ ոստիկանության ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռ.Վարդանյանի հորը վաճառելու կապակցությամբ գույքային վեճ է ունեցել Վարդանյանների հետ: Դրանով պայմանավորված՝ տևական ժամանակ նա հետապնդել է Ռ.Վարդանյանին՝ նրա դեմ բազմաթիվ բողոքներ հասցեագրելով պետական տարբեր ատյաններ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանը 2013թ. մարտի 10-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ կենտրոնական բանկի մոտ, ականատես լինելով, որ Ռոբերտ Վարդանյանի վարած «1103» կողային տարբերանիշով ՃՈ ավտոմեքենան կանգնեցրել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի պահանջները խախտած քաղաքացու ավտոմեքենան, տեսախցիկով նկարահանելով մոտեցել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմող՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Վանիկ Ղազարյանին և իրավախախտում կատարած ավտոմեքենայի վարորդին ու պարզաբանումներ կատարելով` ճշտել, որ վերջինս տրանսպորտային միջոցն իսկապես վարել է անվտանգության ամրագոտին չամրակցված վիճակում։

Այնուհետև ՃՈ ավտոմեքենայից հեռանալու ընթացքում, ըստ քրեական գործի նյութերի, Հրանտ Հովհաննիսյանն իրեն հայհոյելու ակնհայտ սուտ պատրվակով պարզաբանում է պահանջել ՃՈ ավտոմեքենայի ղեկի մոտ նստած Ռոբերտ Վարդանյանից, ով սադրանքից խուսափելու նպատակով խնդրել է չխանգարել ծառայությանը, անգամ` փակել է ավտոմեքենայի պատուհանը, սակայն Հրանտ Հովհաննիսյանն անգամ նման պայմաններում հայտարարել է, թե վերջինս հարվածել է իրեն, որպիսի գործողությունները իբր տեսաձայնագրել է։

Դրանից հետո, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, Հրանտ Հովհաննիսյանն հանցագործություն չկատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով 2013թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որով Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է ծանր հանցագործության` բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ իր վարած ավտոմեքենան կանգնեցնելուց հետո իրեն հայհոյելու և դեմքին հարվածելու մեջ, որպիսի կադրեր նրա իսկ ներկայացրած տեսագրությունը չի պարունակում:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

«Բարին հաղթել է». Հայդուկ Շամլեան

images (4)«Սիրտն ու հոգին նա նվիրում է բոլորին: Մարդկային եւ բարոյական հոգատարություն է: Մեծատառով մարդ է, հայրենասեր: Իբրեւ գրող իր ստեղծագործություններում հազար ու մի պատգամ կա, հոգեւոր ուղղվածություն, խորհուրդ,  կա կոչ, դեպի համախմբվածություն: Ուշացած հայրենասիրական կենացները թող իրականություն դառնան եւ մենք անցնենք գործնականի»,-այսօր մեզ հետ զրույցում Հայդուկ Շամլեանի «Շ» գրքի շնորհանդեսի մասին նշեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը:

«Մենք 1000 տարվա ծանոթներ ենք, գիրքը շատ հարազատ է: Այն Շուշիում ապրող մարդկանց եւ երեխաների համար է: Նրանք ունեին առաքելություն, եւ դա հենց Շուշիում էր, նրանք ապրում ու արարում էին»:

Գիրքը նվիրված է Շուշիին՝ նրա բոլոր կողմերով հանդերձ: Հայդուկ Շամլյանը փորձել է ներկայացնել այդ գողտրիկ քաղաքն իր լուսավոր իրականության մեջ: Հայդուկ Շամլյանը մասնագիտությամբ իրավաբան է, նաև հրապարակագիր: Ունի հրապարակված երեք գրքեր, որոնցից երկուսը բանաստեղծությունների ժողովածուներ են, դրանցից մեկը հրատարակվել է Ստեփանակերտում: Հայդուկ եւ Աիդա Շամլյանները դեռևս 2004թ.-ին այցելել են Արցախ և սիրահարվել այդ հողին ու ջրին: Աիդա Շամլյանի նախաձեռնությամբ Շուշիում հիմնադրվել է «Արամ Մանուկյան» ճամբարը, որոնց մասնակից երեխաների թիվը տարեցտարի աճում է՝ հասնելով 400-ի:

Գրող Հայդուկ Շամլեանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր «Շ» գրքից 600 օրինակ կա.

«Շուշի քաղաքը վատ վիճակի մեջ էր, ուրվականների եւ փլատակների քաղաք էր: Ես զորեղ կերպով զգացի նրա հմայքն ու գեղեցկությունը, այդ երեւույթական խավարից այն կողմ կար ներքին գեղեցկություն: Նա արցախյան պատերազմի խորհրդանիշ էր հանդիսանում, հաղթանակի հանգրվանն էր: Թուրքերն էլ երեւի զգացել էին այդ քաղաքի առանձնահատկությունը: Բոլորը կարծում էին, թե սեւ, մռայլ, մթին գիրք պետք է գրեմ, բայց առանց խաբկանքի եմ գրել: Տիրապետողը լույսն էր, հավատը, ապահովությունն եւ վստահությունը: Մարդկային ձեւով է մաքրվել Շուշին, մեկ թուրք անգամ այնտեղ գոյություն չունի: Բարին հաղթել է»:

Նարեկ Հարթունյանի խոսքով Հայդուկն առաջին հերթին բանաստեղծ է, իբրեւ մարդ շնորհված է բացառիկ առավելություններով: Ունի մեծ սեր, իսկ ընտանիքը ամենավեհն է: Խստապահանջ է, պարկեշտ, բարի, վեհ: Կանադայում ամբողջ տարին աշխատելով, իրենց չարչարանքի արդյունքը բերում ու նվիրում են Շուշիի բնակիչներին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Գյումրու տնակներում կյանքն անտանելի է

Գյումրիում քառորդ դար է, ինչ հարյուրավոր ընտանիքներ բնակվում են ժամանակավոր կացարաններ կոչվող վագոն-տնակներում:  Դրանք վաղուց շարքից դուրս են եկել և պարզապես բնակության համար ոչ պիտանի են դարձել: Վագոն-տնակներում սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան:

«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրու առավել մեծ տնակային ավաններից մեկում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա,  երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող, Մանուկյան ամուսինների կացարանային պայմանների  մասին է:

http://www.youtube.com/watch?v=AM_45hq0aKw&feature=share&list=UU_PWSsLkNmJPh0HBwFfJvtQ

Ֆրանսիայի գլխավոր ոստիկանապետը երաշխավորում է, որ Փարիզը ապահով է զբոսաշրջիկների համար

Paris-Eiffeli-tornՖրանսիայի արտաքին գործերի նախարար Մանուել Վալը երաշխավորել է, որ լույսերի քաղաքը պայքարում է զբոսաշրջիկներին թիրախ դարձրած գրպանահատների և մանր հանցագործների դեմ:

Ֆրանսիայի գլխավոր ոստիկանապետը ուրբաթ օրը շրջել է ամենահայտնի վայրերում՝ սկսած Լուվրի թանգարանից մինչև Էյֆելյան աշտարակ զբոսաշրջիկների նկատմամբ բարյացկամբ վերաբերմունք ապահովելու ծրագիրը ստուգելու համար, ինչպես նաև հայտարարելու, որ Փարիզը ապահով քաղաք է:

Ֆրանսիայի մայրաքաղաքը վերջերս վատ համբավ էր ձեռք բերել զբոսաշրջիկների նկատմամբ իրականացաված մանր հանցագործությունների աճի պատճառով: Լուվրի թանգարանը ապրիլին նույնիսկ մեկ օր փակ էր մնացել, քանի որ գրպանահատների պատճառով բարկացած աշխատակիցները հրաժարվել էին աշխատել:

Սրան ի պատասխան՝ Վալը հայտնի տեսարժան վայրերում ավելացրել էր ևս 200 ոստիկան և վեց լեզուներով անվտանգության հսկիչներ:

Պետական բյուջեի կիսամյակային ծրագիրը կատարվել է 47.2 մլրդ դրամ հավելուրդով

Պետական բյուջե2013 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 505.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 458.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6%‑ով և 90.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Արդյունքում ձևավորվել է շուրջ 47.2 մլրդ դրամ հավելուրդ՝ նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 3.4 մլրդ դրամով:

 

2012 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 20.4%‑ով կամ շուրջ 85.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:  Հարկային եկամուտների և պետական տուրքի գծով կիսամյակային ծրագիրը կատարվել է 101.9 տոկոսով: Այս ուղղությամբ պետական բյուջեն համալրվել է 479.6 մլրդ դրամով, ինչը 83.6 մլրդ դրամով գերազանցում է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Չնայած ծախսերի արձանագրված շուրջ 91 տոկոս կատարողականին՝ պետական մարմինների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները ֆինանսավորվել են ամբողջությամբ և ժամանակին:”Ծախսերի ծրագրային ցուցանիշից շեղումը օրինաչափ երևույթ է, ինչը բնորոշ է բոլոր երկրներին: Ծախսի համար նախատեսված ծրագրային ցուցանիշը տվյալ ծրագրի համար օգտագործվելիք միջոցների առավելագույն չափաքանակն է, որը, պայմանավորված տարբեր գործոններով` տնտեսումներ, ծրագրի կատարման ժամկետների կամ ծավալների փոփոխություններ և այլն, տրամաբանորեն կարող է փոփոխվել, ընդ որում՝ միայն նվազման ուղղությամբ”,- պարզաբանում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

Ծախսային ծրագրից շեղումները, որոնք գործնականում արձանագրվել են գրեթե բոլոր ծախսատեսակների գծով, Ա. Ջանջուղազյանի հավաստմամբ, ունեն իրենց բացատրությունները, օրինակ՝ աշխատավարձերի դեպքում շեղումը բացատրվում է այն հանգամանքով, որ փաստացի աշխատողների թվաքանակը ավելի պակաս է եղել հաստիքացուցակով նախատեսվածից, պետական գնումների ոլորտում դրանք կարող են  պայմանավորված լինել տնտեսումներով, ծրագրի կատարման ժամկետների կամ ծավալների փոփոխությամբ և այլն:

Անդրադառնալով պետական պարտքի սպասարկման հարցին՝ գլխավոր գանձնապետն ընդգծեց, որ պարտքը սպասարկվում է ժամանակին և ամբողջ ծավալով, և որևէ մտահոգություն այս տեսանկյունից մենք չունենք. Հայաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով շարունակում է դասվել աշխարհի նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքին: Ընդ որում, կարող ենք նշել, որ այստեղ նույնպես, կիսամյակի տվյալներով, առկա են խնայողություններ, քանի որ փաստացի արձանագրվել է  պետական պարտքի տոկոսադրույքների սպասարկման 95.6 տոկոս կատարողական՝ հիմնականում պայմանավորված միջազգային շուկայում Libor-ի  տոկոսադրույքով և պետական պարտատոմսերի հետգնման ծավալներով:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

 

 

 

 

 

 



[1] Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Դոլարը բարձրանում է

դոլարՕգոստոսի 2-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.12 դրամ մեկԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.35 դրամ:

 

“Երևանյան ամառ” ծրագրի շրջանակում կանցկացվեն նաև մարզամշակութային տարաբնույթ միջոցառումներ

002Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի ակտիվացման նպատակով աշխատանքներ են տարվում մարզադպրոցների շենքային և նյութատեխնիկական պայմանների բարելավման ուղղությամբ: Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ձևավոր չմշկասահքի մանկապատանեկան մարզադպրոցի պայմաններին ծանոթանալու նպատակով  մարզադպրոց է այցելել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով և ծանոթանալով մարզադպրոցի պայմաններին` վերջինս նշել է, որ առաջնահերթ  քայլեր են ձեռնարկվելու մարզադպրոցի սահադաշտը սառցույցի շերտով ապահովելու  ուղղությամբ: Ըստ այդմ  նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակից գեներատորներ, որոնք և՛ էներգախնայող են, և՛ առավել արդյունավետ: Կանցկացվի նաև սառեցման համակարգի նոր խողովակաշար:

“Վերջին 20 տարիներին պարբերաբար փորձ արվել է պահպանել և թարմացնել գեղասահքի այս դպրոցը, սակայն առանց սառույցի որևէ քայլ չի կարող արդյունավետ լինել, ուստի այսօր քայլեր են  ձեռնարկվում նախ սառույցը վերականգնելու ուղղությամբ: Միայն ձմեռային պայմանները բավարար չեն գեղասահքի վիճակը բարելավելու համար,  մարզիկներին ամենօրյա պարապմունքներ են հարկավոր: Ի թիվս երևանցիների կողմից սպասված այլ նախաձեռնությունների, մարզադպրոցի վերականգնումը ևս Երևանի քաղաքապետարանի նվերը կլինի գեղասահքով բոլոր հետաքրքրվողներին”,- նշել է Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ մայրաքաղաքի ամառային մշակութային կյանքի ակտիվացման ուղղությամբ մի շարք միջոցառումներ են նախատեսված Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից  31-ն անցկացվելիք “Երևանյան ամառ”ծրագրի շրջանակում: Միջոցառումներ են նախատեսված Կարապի լճին հարակից տարածքում,  Ջրաշխարհում, Կենդանաբանական այգում, ինչպես նաև վարչական շրջանների հրապարակներում և բակային տարածքներում: Հատուկ, երկարացված ժամանակացույցով կաշխատեն նաև երևանյան թանգարանները:

“Սովորաբար կարծիք կա, որ ամռանը Երևան քաղաքում պասիվ շրջան է, որովհետև շատերը մեկնում են հանգստի, սակայն պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ,  այդ թվում՝ սփյուռքահայեր են արտերկրից ժամանում: Ցավոք,  այդ շրջանում ոչ բոլոր մշակութային օջախներն են գործում: Հենց այդ բացը լրացնելուն են   միտված մեր ծրագրերը: Այս միջոցառումներին կմասնակցեն նաև մի շարք մասնավոր ընկերություններ, որոնք, իրավամբ, հետաքրքրված են Երևան քաղաքի մարզամշակութային կյանքով”, – ընդգծել է Երևանի քաղաքապետի տեղակալը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն