Մայիսի 26-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 1969 թ. ծնված Արմեն Ս.-ն և hայտնել, որ Մայիսյան գյուղի իր տնից գողացել են համակարգիչ, կենցաղային իրեր և շինարարական գործիքներ` պատճառելով 700.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանները պարզվել են, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Դավիթ Վ.-ն:
Գողոնն առգրավված է:
Դավիթ Վ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Դոլարը՝413.75 դրամ
Պարգևատրվել են ռազմաուսումնական հաստատութունների կուրսանտները
Մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է վերջերս ՌԴ-ում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաբանակային օլիմպիադայի շրջանակում մաթեմատիկա, ինֆորմատիկա և ռազմական անգլերեն առարկայական առաջնություններին մասնակցած ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտներին:
Ընդունելությանը ներկա էին նաև օլիմպիադայում Հայաստանի ռազմաուսումնական հաստատությունները ներկայացրած թիմերի ղեկավարները` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դասախոսներ, գնդապետ Մնացական Խաչատրյանը և մայոր Դավիթ Սոֆյանը:
Հայ կուրսանտները հայրենիք են վերադարձել բարձր ցուցանիշներով. մաթեմատիկայի առարկայական օլիմպիադայի թիմային հաշվարկում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը: Թիմի ներկայացուցիչ, ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացի կուրսանտ, ԵՊՀ մեխանիկական մաթեմատիկայի մագիստրատուրայի շրջանավարտ Արտաշես Բեգլարյանը անհատական հաշվարկում նույնպես զբաղեցրել է երկրորդ տեղը: Գրանցած հաջողությունների և հայոց բանակի սպայի վարկը միջազգային օլիմպիադայում բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Արտաշես Բեգլարյանին պարգևատրել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Ռազմական ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացի կուրսանտներ Սիփան Գրիգորյանը, Սահրադ Աբրահամյանը, ինչպես նաև ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտ Դավիթ Մելյանը պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են պատվոգրերի:
Պաշտպանության նախարարը, շնորհավորելով օլիմպիականներին, ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի զինծառայողները պատվով են կատարում ոչ միայն իրենց առջև դրված մարտական խնդիրները, այլև կարողանում են հարկ եղած դեպքում միջազգային ասպարեզում փայլուն կերպով հանդես գալ մասնագիտական իմացությամբ և բարձր պահել հայ սպայի պատիվը:
Մայիսի 30-ին մեկնարկում է Cartoon Non-Stop համերգային ծրագիրը
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Cartoon Non-Stop բացառիկ համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն ամենահայտնի և սիրված մուլտֆիլմերի երաժշտությունները։
Cartoon Non-Stop-ը դեռ 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած Hollywood Non-Stop համերգաշարի շարունակությունն է։ «Եթե Hollywood Non-Stop-ը նպատակ ուներ դասական երաժշտության ոլորտում ներգրավել երիտասարդներին, ապա նոր ծրագրով մեր թիրախը երեխաներն են։ Բոլոր այն երեխաները, որ կգան համերգին իրենց ծնողների հետ, կհեռանան արդեն պատկերացում կազմելով, թե ինչ է սիմֆոնիկ երաժշտությունը »,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ծրագրում ներառված են այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիլմերի երաժշտություններ, ինչպիսիք են «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկարը», «Շրեկը». «Ալադդինը» և այլն։ Սերգեյ Սմբատյանը խոստացավ, որ կլինեն նաև հետաքրքիր անակնկալներ։ «Բոլորը հոլիվուդյան արտադրության ֆիլմերից են։ Երաժշտության ընտրությունը շատ բարդ գործընթաց էր, քանի որ կան շատ հրաշալի մուլտֆիլմեր, որ հարուստ չեն բազմերանգ սիմֆոնիկ երաժտությամբ, և հակառակը. կան շատ գեղեցիկ երաժշտություն ունեցող մուլտֆիլմեր, որոնք, անձամբ ես, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հասկանում»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։ Մուլտֆիլմերի ընտրությունը կատարվել է նաև սոցցանցերում տեղադրված հարցման արդյունքում։
Այս անգամ ևս կատարումները կուղեկցվեն համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆֆեկտներով։
Դիրիժորը հայտնեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում այս տարի արդեն հայկական ֆիլմերը պրոպագանդող համերգային ծրագիր անցկացնելու ուղղությամբ։
ՀՊԵՆ –ի տնօրեն Սոնա Տեր-Հովակիմյանը հայտնեց, որ մայիսի 31-ին ՝ ժամը 14։00-ին տեղի կունենա մեկ լրացուցիչ՝ բարեգործական համերգ, որին ներկա կգտնվեն այն երեխաները, որոնք ի վիճակի չեն ներկա գտնվելու մյուս համերգներին։
Հրավիրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը,լուսանկարներ
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօրվա նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը: Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարբեր համայնքների հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:
Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ երեկ կայացել է նաև տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողով, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար:
«Ողջունելի է, որ հանձնախմբերը տարածքներում համախմբել են տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև այդ աշխատանքներում ներգրավել են օտարազգի գիտնականների, պետական-քաղաքական գործիչների: Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում հոգևոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական և հասարակական կազմակերպությունները: Այս գործում մեծ ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները՝ հանրությանն իրազեկելու առումով:
Խիստ կարևորում եմ լոբբիստական և իրազեկման կառույցների դերը, ինչպես նաև տեղական վարչակարգերի հետ բազմաբնույթ աշխատանքների իրականացման նպատակով համագործակցության սերտացումը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացվում հայ իրավաբանների կողմից՝ անդրադառնալով անհատական, համայնքային և համազգային խնդիրներին:
Այս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման և Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները: Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից:
Հարգելի՛ գործընկերներ,
Ավելորդ եմ համարում մանրամասնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհուրդը յուրաքանչյուր հայի համար: Մեծ եղեռնը և՛ հավաքական, և՛ անհատական ողբերգություն է. չէ որ գրեթե յուրաքանչյուրը հայ սեփական ընտանիքի ողբերգությամբ է ծանոթ ցեղասպանությանը: Հարյուրամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական և քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարևոր է: Ահա թե, ինչու եմ համարում, որ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր պատասխանատվության զգացումն ու չափաբաժինը հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների հաջող անցկացման և միջազգային իրազեկման նոր մակարդակ ապահովելու գործում:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, և՛ համայն հայության, և՛ համայն մարդկության համար: 1915թ. ապրիլի 24-ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման և հայրենազրկման սկիզբն է, իհարկե, հաշվի առնելով, որ այս ամսաթիվը և տարեթիվը խորհրդանշական է, այլև, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, 20-րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպը:
Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ: Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք յուրահատուկ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մենք ևս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչել և դատապարտել այս աննախադեպ ոճիրը:
Մենք, որպես պետություն և որպես ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այնպես էլ աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության դեմ:
Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տասնամյակներ շարունակ պարզ, հասկանալի ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունների դեմ թուրքական պետության պաշտոնական դիրքորոշումը վերջնականապես ձախողվել է՝ առաջացնելով բազում հարցեր պաշտոնական դիրքորոշման նկատմամբ թերահավատ թուրք երիտասարդության շրջանում, և այդ շարքերն օրեցօր ստվարանում են. հազարավոր թուրքեր պահանջում են սեփական կառավարությունից ճշմարտության բացահայտում և արդարություն: Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ են կոչերն ուղղված ժամանակակից Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնելու անհեռանկարային ժխտողական քաղաքականությանը: Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն:
Այս հանգամանքը և փաստերի անառարկելիությունը ստիպում են Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել: Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը, նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին: Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ:
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրավերներ եմ ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին 2015թ. ընթացքում և հատկապես ապրիլի 24-ին այցելելու Հայաստան` մեզ հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու Ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ և արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլև վերածննդի ճանապարհը բռնեց: Մենք ոչ միայն վերապրեցինք, այլև կարողացանք համախմբվել և ուղի հարթել դեպի անկախ պետականություն` ազատ Հայաստան:
Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց Ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում: Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք և վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը: Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին և տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար` Հայաստանում և Սփյուռքում: Բավական է գնալ Սփյուռքի ցանկացած համայնք և հարցնել` ինչպե՞ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ: Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին:
Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին:
Հարգելի՛ գործընկերներ,
Թող որևէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է: Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու և արդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է: Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով և մեր առջև դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն և առավել համախմբված Սփյուռք ունենալու մեր ծրագրերով: Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան և ազդարարելու ենք հանուն արդարության վերականգման պայքարի մի նոր փուլ:
Մենք կարևոր ուղերձ ունենք համայն աշխարհին. մենք նոր թափով, եռանդով ու վճռականությամբ ենք շարունակելու մարդկության դեմ ուղղված հանցագործության` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար մղվող մեր պայքարը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ընդգծելով, որ հաշված ամիսներ են մնացել մինչև 2015թ., Նախագահն առաջարկել է այս ներկայացուցչական հանդիպումն առավելագույնս արդյունավետ օգտագործել կառուցողական մտքերի փոխանակման և օգտակար առաջարկությունների ներկայացման համար:
Ատրճանակ` «Մերսեդես-Բենց»-ի վարորդի նստելատեղի տակից
Մայիսի 26-ին, ժամը 16.20-ին, Արարատի մարզի Ոսկետափ գյուղից ոստիկանության Արարատի բաժին է բերվել 1983 թ. ծնված Նորիկ Ի.-ն` իր վարած «Մերսեդես-Բենց Ե-200» մակնիշի ավտոմեքենայով:
Մեքենայի զննությամբ վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել է օդամղիչ ատրճանակ, իսկ բեռնախցիկից` ավտոմեքենայի ռուսական պետհամարանիշեր:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Երևան-Բաթումի գնացքի տոմսերն արդեն վաճառքում են
“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող “Արմենիա” ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ www.ukzhd.am:
Երևանից Բաթումի ուղևորության տևողությունը կազմում է 15 ժամ 50 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 40 րոպե:
Անցած տարվա հետ համեմատ ՀԿԵ-ի գնային քաղաքականությունը էական փոփոխություններ չի կրել:
Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:
Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով, 2008 թվականի հետ համեմատ 2013 թվականին “Արմենիա” ֆիրմային գնացքի ուղևորների թիվը աճել է 532%-ով՝ 8,6 հազարից մինչև 46 հազար:
Հիշեցնենք, որ ապրիլին ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքին շնորհել է “ֆիրմային” կարգավիճակը և “Արմենիա” անվանումը:
Եթե աշխատաշուկան չի մոտենում բուհին, տեղի է ունենում հակառակը
Հայաստանյան մի քանի խոշոր բուհեր միավորվում են՝ աշխատաշուկան համալսարաններին մոտեցնելու համար:
ԵՊՀ-ում անցկացվեց «Աշխատաշուկայի և բարձրագույն կրթության արդի փոխգործակցության խնդիրները» խորագրով հանրապետական գիտագործնական հանդիպում:
Հանդիպմանը մասնակցում էին հայաստանյան մի շարք բուհերի՝ կարիերայի հարցերով պատասխանատու կառույցների ղեկավարներ, բիզնես միությունների և պետական կառույցների ներկայացուցիչներ: Հավաքի նպատակն էր աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության հարցերի վերաբերյալ միջբուհական փոխգործակցության հեռանկարների ձեռքբերման և համալսարան-ձեռնարկություն համագործակցության խնդիրների քննարկումը: «Տասը տարուց ավելի է՝ սրա մասին արդեն խոսում ենք, փորձում ենք ելքեր գտնել բուհ-ձեռնարկություններ փոխգործակցության զարգացման համար: 21-րդ դարի կրթությունն առանց դրա չի կարող գոյատևել: Լավ հասկանում ենք, որ աշխատաշուկան մեր հանրապետությունում դեռևս լավ զարգացած չէ, բայց մենք էլ մեղքի մեր բաժինն ունենք: Անհրաժեշտ է, որ գործարար աշխարհը բուհերին օգնի ոչ այնքան նյութապես, որքան մեթոդական առումով, ձեռք մեկնեն նոր մասնագիտություններ ներմուծելու հարցում, օգնեն դրանցով համապատասխան մասնագետներ պատրաստելու գործում և այլն»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Մայր բուհի ռեկտորը, սակայն, նշում է, որ շատ դեպքերում հենց բուհերը հետաքրքրություն չեն ցուցաբերում գործարար ոլորտի հետ համագործակցելու ուղղությամբ: Հետևաբար քիչ ուշադրության են արժանանում միջմասնագիտական մասնագիտությունները, մինչդեռ այսօրվա աշխատաշուկան պահանջում է այնպիսի մասնագետներ, որոնք երկու և ավելի մասնագիտությունների են տիրապետում:
«Այս տարվանից փորձ ենք անում փոխել աշխատաշուկայի կարգավորման պետական քաղաքականությունը: Այսօր մեր բնակչության 1/3-ն աղքատ է, աշխատաշուկայում պահանջարկ-առաջարկի լուրջ անհամապատասխանություն կա, գործազրկության մակարդակը տատանվում է 17-18%-ի սահմաններում, իսկ երիտասարդների գործազրկության մակարդակը վաղուց հատել է 20%-ը, որը վտանգավոր ցուցանիշ է»,- հանդիպման ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը՝ հավելելով, սակայն, որ մյուս կողմից էլ աշխատաշուկայում կա որակյալ մասնագետների պակաս, որը չի հաջողվում համալրել:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ հյուրերին ներկայացրեց, թե վերջին տարիներին ԵՊՀ-ն ինչ աշխատանք է կատարել աշխատաշուկան բուհին մոտեցնելու ուղղությամբ: «ԵՊՀ գիտխորհրդի կողմից ընդունվել է ձեռնարկությունների հետ համագործակցության հայեցակարգ, ստեղծել ենք նաև գիտխորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցությունն ապահովող մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է ռեկտորը, իսկ քարտուղարությունն իրականացնում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: Ունենք նաև այլ ստորաբաժանումներ, որոնք գործի բերումով համագործակցում են ձեռնարկությունների հետ»,- նշեց պարոն Մարկոսյանը՝ տեղեկացնելով, որ ԵՊՀ-ում և մի շարք այլ բուհերում «TEMPUS» ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ձեռարկությունների հետ համագործակցության պորտալ:
Մեկ այլ ծրագրի շրջանակում էլ ստեղծվելու է շրջանավարտների տվյալների բազա, որից գործատուները հնարավորություն կունենան ընտրելու իրենց անհրաժեշտ մասնագետներին:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև քննարկում. հավաքվածներից մի քանիսը ներկայացրին իրենց մտահոգությունները, բացերը, որոնք թույլ չեն տալիս զարգացնել նշված համագործակցությունը, ինչպես նաև առաջարկեցին կոնկրետ քայլեր:
Վերջում հայաստանյան 9 բուհերի՝ ԵՊՀ-ի, Երևանի պետական տնտեսագիտական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի Վ. Բրյուսով անվան պետական լեզվաբանական, Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանների՝ կարիերայի հարցերը համակարգող կառույցների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: «Համագործակցության հիմնական շրջանակներն են ամենամյա հանրապետական միջբուհական աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը, գիտաժողովների, սեմինարների, խորհրդակցությունների իրականացումը, տեղեկատվության փոխանակումը և այլ ծրագրերի մշակումը: Քանի որ նախաձեռնողը ԵՊՀ-ն էր, այս տարվա աշխատանքի հանրապետական տոնավաճառը կանցկացվի մեզ մոտ»,- նշեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
Գևորգ Չավուշի թանգարանի աշտարակին արծվի քանդակ է տեղադրվել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդիների հետ միասին մասնակցել է Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված արարողությանը: Տասնամյակների պատմություն ունեցող այս ավանդույթը մեկ հարկի ներքո էր հավաքել տարբեր սերունդների հարյուրավոր մարդկանց, ովքեր եկել էին Աշնակ՝ ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու քաջ ֆիդայապետի հիշատակին, այլև մասնակցելու բոլոր այն ֆիդայիների ոգեկոչման արարողությանը, ովքեր Չավուշի նման իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու սեփական ժողովրդի փրկության:
Մինչ ավանդատոնի բուն միջոցառումների մեկնարկը, Տարոն Մարգարյանը նախ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում, Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հուշարձանին: Այնուհետ քաղաքապետն աշնակցիների և Աշնակ այցելած հարյուրավոր հայորդիների հետ միասին շարժվել է դեպի Գևորգ Չավուշի թանգարան: Հատկանշական է, որ այս տարի ֆիդայական ավանդատոնին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Գևորգ Չավուշի թանգարանի՝ «ֆիդայատան» աշտարակին տեղադրվել է Հայոց արծվի քանդակը: Ճարտարապետ Լևոն Մկրտչյանի նախագծով և քանդակագործ Գևորգ Գևորգյանի կողմից իրականացված արծվի քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ներկաները նշում էին, որ տարիներ անց կյանքի կոչելով թանգարանի շենքի հեղինակ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի՝ հայացքը դեպի Էրգիր ուղղած, թռիչքի պատրաստ արծիվի քանդակը թանգարանի աշտարակին տեղադրելու մտահղացումը, ըստ էության, ավարտուն տեսք է հաղորդվել ազգային ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չավուշի թանգարանին:
Շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին նախաձեռնության համար՝ տոնախմբության մասնակիցները նաև ընդգծել են, որ արծվի քանդակի տեղադրումը կիսատ գործն ավարտին հասցնելու պարտքի կատարում էր նախնիների հոգու առջև, ինչն իր հերթին նաև սերունդների հայեցի դաստիարակության խորհուրդ է կրում իր մեջ: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է դրել հերոս ֆիդայու զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։ Շնորհավորելով տոնի մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է այն հանգամանքը, որ տարեցտարի ընդլայնվում է տոնախմբության՝ տարբեր սերունդների մասնակիցների թիվը. «Հատկապես մշեցիների և սասունցիների կողմից մայիսի 27-ին մեծ ֆիդայապետ Գևորգ Չավուշի մահվան օրը որպես ոգեկոչման տոն նշելը երկար տարիներ ավանդույթ է եղել: Սա պատմության այն եզակի դեպքերից է, երբ հերոսի մահվան օրը վերածվում է իսկական տոնի և համազգային տոնախմբության: Ու հատկապես վերջին 2-3 տարիներին առավել վերաիմաստավորված է նշվում այս տոնը, ինչի վառ ապացույցն է նաև հազարավոր մարդկանց այցելությունը Աշնակ: Այս օրը առիթ է մեկ անգամ ևս հիշելու և գնահատելու իսկապես հերոս ֆիդայապետին ու նրա հերոսական մահվան օրինակով հայրենասիրության իսկական դասեր առնելու, առավել ևս, որ ճակատագրի բերումով Գևորգ Չավուշի մահվան օրը մեր պատմության մեկ այլ հերոսական էջի՝ Սարդարապատի ճակատամարտի նախօրեին է: Ինձ համար հատկապես շատ ուրախալի է, որ տոնախմբությանը տարեցտարի ավելի ու ավելի շատ երիտասարդներ, նաև դպրոցականներ են մասնակցում, ինչի արդյունքում, համոզված եմ, Չավուշի ու մեր մյուս հերոսների հայրենասիրական ոգին փոխանցվում է նաև նրանց, ինչը նրանք հաստատապես կփոխանցեն նաև մեր հետագա սերունդներին: Այս տարի նաև իրականացրեցինք Գևորգ Չավուշի թանգարանի հիմնադիրների երազանքը, որը թանգարանը կառուցելիս կիսատ էր մնացել: Մեր մեծանուն ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, ով նաև այս թանգարանի ճարտարապետն է եղել, ի սկզբանե նպատակ է ունեցել շենքի աշտարակին տեղադրել նաև հայացքը Էրգրին հառած ու թռիչքի պատրաստ արծվի քանդակ: Եվ ահա այսօր, ի ուրախություն բոլորիս, մենք իրականացրինք այդ մտահաղացումը և արծիվն, ինչպես տեսնում եք, իր տեղում է: Ու տա՛ Աստված, որ շուտ գա այն օրը, երբ մեր անկոտրում կամքի խորհրդանիշ արծիվը իրոք կթռչի դեպի Էրգիր՝ հետ նվաճելով մեր պապենական հողն ու ջուրը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Մինչև ուշ երեկո համերգային ծրագրով ուղեկցվող տոնախմբության շրջանակում աշնակցիներին ու Աշնակ այցելած հայորդիներին ազգային, հայրենասիրական երգ ու պարով ողջունել են մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԱՄՆ դեսպանությունն ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ներկայացնում են «Անսահման հիփ-հոփ» մրցույթը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ վերջերս հայտարարեց «Անսահման հիփ-հոփ» մրցույթի մեկնարկի մասին, որն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության հիփ-հոփ պարերի Sea2Sea տարածաշրջանային նախագծի շրջանակում: Հայաստանում մրցույթի մասնակցության հայտ են ներկայացրել 16-26 տարեկան շուրջ 84 ՀՀ քաղաքացի, ովքեր հիփ-հոփի սիրահար են (breakin’, poppin’, lockin’ կամ այլ պարային ոճեր):
Մայիսի 23-28-ը Միացյալ Նահանգներից Հայաստան է ժամանել Soul Street Dance Company պարային քառյակը, ովքեր ընդգրկված են մրցույթի ժյուրիի կազմում և անցկացնում են վարպետության դասեր տեղի հիփ-հոփ պարողների ու Թումոյի սաների համար: Soul Street Dance Company-ին նաև կընտրի այս ոճի լավագույն պարողներին, ովքեր կմասնակցեն հուլիսին Բաթումում (Վրաստան) կայանալիք տարածաշրջանային պարի ակադեմիային:
Մայիսի 28-ի գալա ներկայացմանը մասնակցելու համար նախընտրական փուլեր տեղի ունեցան Երևանում մայիսի 23-ին, իսկ մայիսի 24-ին՝ Վայքում և Չարենցավանում: Հայտագրված մասնակիցները մրցեցին հիփ-հոփ պարային ոճում, և այդ երեք քաղաքներից ժյուրին ընտրեց 19 լավագույն պարողներին, ովքեր հրավիրվեցին Երևան մասնակցելու Soul Street Dance Company-ի վարպետության դասերին և նախապատրաստվելու մայիսի 28-ին Թումո պլազայում կայանալիք գալա ներկայացմանը: Այս եզրափակիչ միջոցառման ընթացքում Soul Street Dance Company պարային քառյակը Հայաստանի լավագույն հիփ-հոփ պարողների հետ միասին կներկայանա հանդիսատեսին, ընդ որում որոշ կատարումներ կընթանան Թումոյի մի խումբ սաների կողմից մշակված հիփ-հոփ երաժշտության ուղեկցությամբ:
Եզրափակիչ ներկայացումից հետո Soul Street Dance Company-ի կողմից կընտրվի տեղացի պարողների մի խումբ, ովքեր, որպես երիտասարդական դեսպաններ, տարածաշրջանի մյուս ներկայացուցիչների հետ միասին, հուլիսին հանդես կգան Բաթումում:
Սեյրան Օհանյանը զորամաս է այցելել
Մայիսի 27-ին, վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել է զորամասի սպառազինությունների վերանորոգման արտադրամասում ընթացող
աշխատանքներին, զրուցել է զորամասի անձնակազմի հետ, ծանոթացել առկա խնդիրներին: Նախարարին է ներկայացվել նաև զորամասում տարածքում ընթացող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքը:
Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ:
Տնամերձ հողամասից հայտնաբերվել է կանեփի 49 թուփ
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1979 թ. ծնված Ռ. Խ.-ի տանը և օժանդակ շինություններում: Արդյունքում` տնամերձ հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի բույսի 49 կանաչ թուփ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:
Խուզարկություն` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները Հատուկ քննչական ծառայությունում քննվող առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1956 թ. ծնված Կոմիսար Պ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է «ԱԿ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 20 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 13 պարկուճ, «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ և իտալական արտադրության «C-1863» գրառումով գազային ատրճանակ:
Հայտնաբերվածի առնչությամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Գորիսում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում են
Մայիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին:
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 26-ին Էյներ Խ.-ն և Գոռ Հ.-ն ներկայացել են ոստիկանության Գորիսի բաժին և կատարվածի մասին տվել բացատրություններ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Հովիկ Աբրահամյանն ընդունել է անվանի դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին: Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը: «Գիտեմ, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների և հասարակության լայն շրջանակների մոտ: Ուրախ եմ, որ Ձեր ստեղծագործությունների հիմքում դնում եք հայ ժողովրդի ազգային մոտեցումներն ու այդպիսով բարձր պահում մեր ազգի պատիվը ողջ աշխարհում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հորդորել է անվանի դիզայներին ոչ միայն հաճախակի այցելել Հայաստան, այլև հայրենիքում հիմնել դպրոց, արվեստանոց և ծավալել բիզնես գործունեություն: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Մայքլ Արամին՝ նրա բոլոր նախաձեռնություններում:
Հայազգի դիզայները շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ջերմ ընդունելության, ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու, հնչեցված առաջարկների համար: Մայքլ Արամը սիրով պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությունը շարունակել նաև հայրենիքում և հույս հայտնել, որ դա կնպաստի իր արվեստի տարածմանը հայրենակիցների շրջանում:
Հանդիպման վերջում վարչապետը և Մայքլ Արամը միմյանց հուշանվերներ են հանձնել:
***
Մայքլ Արամ Վոլոհոջյանի բարձրաճաշակ արտադրանքը՝ սպասքից մինչև կահույք, վաճառվում է աշխարհի տարբեր ցուցասրահներում և մասնագիտացված 600 խանութներում: Անվանի դիզայների բազմաթիվ հեղինակավոր մրցանակներից է Eellis Island շքանշանը, որը նա ստացել է 2011 թվականին՝ ԱՄՆ-ի մշակույթում ունցած նշանակալի ավանդի համար:
Հայաստանում շոգ ամառ չի սպասվում. Գագիկ Սուրենյան
«Մայիսին օդի միջին ջերմաստիճանը եղել է 16 աստիճան , տեղումները՝ 40 մմ ս.ս, իսկ հունիսի համար կանխատեսվում է 21 աստիճան և տեղումների մակարդակը՝ 21 մմ ս.ս.», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով մայիս ամիսը և, կանխատեսելով եղանակային պայմանները հունիս ամսվա համար, ասաց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը։
Նա նշեց, որ այս տարի բավականին շոգ մայիս եղավ, այն շատ չորային էր, չկային տեղումներ և նույնիսկ դիտվել է նորմայից շատ բարձր ջերմաստիճան։ Մեղրիում դիտվեց անգամ մինչև 37 աստիճան ջերմություն։ Եթե անցյալ տարի մայիսի 27-ի Արագածի բարձր լեռնային օդերևութաբանական կայանում ձյան ծածկը կազմում էր 1մ 2 սմ, ապա այս տարի ձյան ծածկը արդեն բացակայում է։ Ջրամբարների լցվածությունը շարունակում է շատ քիչ մնալ։
Սևանա լճի մակարդակը 1900.47մ է, 0 մ փոփոխություն՝ նախորդ տարվա համեմատությամբ:
Մայիսի 10-ից հետո եղանակը փոխվել է ներթափանցած սևծովյան ցիկլոնների ազդեցության հետևանքով տեղումներ սկսվեցին հանրապետությունում:
Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ մինչև մայիսի 29-ը հանրապետության որոշ շրջաններում զգալի տեղումներ կլինեն, երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ և քամու ուժգնացում, 30-ին և 31-ին տեղումները կպահպանվեն հիմնականում լեռնային շրջաններում։
Հունիս ամիսը ամբողջ հանրապետությունում օդի ջերմաստիճանը կանխատեսված է նորմայից 1 աստիճան ցածր կլինի և տեղումների քանակը նորմայից ավել։ Հատկապես տաք կլինի հունիսի առաջին տասնօրյակը օդի ջերմասռիճանը Արարատյան դաշտում, Սյունիքի, Տավուշի հովիտներում կբարձրանա մինչև 34-35 աստիճան, իսկ հունիսի երկրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը համեմատաբար ցածր կլինի։ Ակնկալվում է բավականին խոնավ հունիս։
«Կանխատեսումներ ամբողջ ամռան համար դեռ պատրաստ չեն, սակայն վստահ կարող եմ ասել, որ շոգ ամառ Հայաստանի Հանրապետությունում չի սպասվում», -եզրափակեց Սուրենյանը։
Հովիկ Աբրահամյանն ընդունել է անվանի դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին: Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը: «Գիտեմ, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների և հասարակության լայն շրջանակների մոտ: Ուրախ եմ, որ Ձեր ստեղծագործությունների հիմքում դնում եք հայ ժողովրդի ազգային մոտեցումներն ու այդպիսով բարձր պահում մեր ազգի պատիվը ողջ աշխարհում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հորդորել է անվանի դիզայներին ոչ միայն հաճախակի այցելել Հայաստան, այլև հայրենիքում հիմնել դպրոց, արվեստանոց և ծավալել բիզնես գործունեություն: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Մայքլ Արամին՝ նրա բոլոր նախաձեռնություններում:
Հայազգի դիզայները շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ջերմ ընդունելության, ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու, հնչեցված առաջարկների համար: Մայքլ Արամը սիրով պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությունը շարունակել նաև հայրենիքում և հույս հայտնել, որ դա կնպաստի իր արվեստի տարածմանը հայրենակիցների շրջանում:
Հանդիպման վերջում վարչապետը և Մայքլ Արամը միմյանց հուշանվերներ են հանձնել:
Մայքլ Արամ Վոլոհոջյանի բարձրաճաշակ արտադրանքը՝ սպասքից մինչև կահույք, վաճառվում է աշխարհի տարբեր ցուցասրահներում և մասնագիտացված 600 խանութներում: Անվանի դիզայների բազմաթիվ հեղինակավոր մրցանակներից է Eellis Island շքանշանը, որը նա ստացել է 2011 թվականին՝ ԱՄՆ-ի մշակույթում ունցած նշանակալի ավանդի համար:
Երկու խենթ երիտասարդի գաղափարը կարող է փոխել ամառային Երևանի ժամանցային մշակույթը
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երկու երիտասարդ՝ Տաթևն ու Գևորգը, հաճախելով երևանյան կինոթատրոններ, մի օր հասկացան, որ իրենց ինչ-որ նոր բան է հարկավոր: Հատկապես ամռանը փակ կինոթատրոններն այնքան էլ չեն ձգում, իսկ սրճարանային ժամանցն արդեն սպառել է իրեն: Ուրեմն, ի՞նչ կուզենային, որ լիներ նոր, հաճելի, ոչ ստանդարտ ու միաժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալի. բացօթյա կինոթատրոն: Երևանյան երեկոները ժամանցով լցնելու հիանալի տարբերակ: Սակայն Երևանում բացօթյա կինոթատրոններ չկան:
Երիտասարդների ցանկությունն աստիճանաբար վերածվեց գաղափարն իրագործելու ցանկության: Սակայն չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր հենց իրենք կնախաձեռնեն ու կիրականացնեն դա:
«Cornpop cinema». բացօթյա այս կինոթատրոնը հունիսի 1-ից երևանցիներին կհյուրընկալի մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող բլրի լանջին՝ առաջարկելով տարբեր ֆիլմեր՝ թեմատիկ, դասական, հին ու նոր, սիրված ու գնահատված, կլինեն նաև մուլտֆիլմեր երեխաների համար, ինչպես նաև` ֆիլմեր օտար լեզուներով արտերկրի հյուրերի կամ սփյուռքահայերի համար:
Կինոթատրոնի նպատակն ամենավերջին ֆիլմերի ցուցադրությունը չի լինելու, այլ հաճելի ժամանցի ապահովումն ու կինոթատրոն հաճախելու մշակույթի վերականգնումը:
«Cornpop cinema»-ի ֆեյսբուքյան էջում նախապես տեղադրվելու է ֆիլմերի ցանկ, և մարդկանց կողմից ամենաշատ հավանությանն առաջացած ֆիլմերն էլ ընտրվելու են ցուցադրության համար:
«Cornpop cinema»-ի առանձնահատկություններից մեկն էլ լինելու է մատչելիությունը: Այս կինոթատրոնից օգտվելու հնարավորություն պետք է ունենան բոլոր ցանկացողները: Նախաձեռնության հեղինակներն իրավացիորեն նշում են, որ եթե մարդ ուզում է Երևանում ամառային երեկոներին դուրս գալ տնից և ժամանակ անցկացնել, չի կարող առանց կլորիկ գումար ծախսելու վերադառնալ, քանի որ ազատ զբոսայգիները խիստ սահմանափակ են, սրճարանները՝ թանկ: Ուստի իրենց կինոթատրոնի մուտքը սահմանել են ընդամենը 1000 դրամ, իսկ դրա դիմաց այցելուներին մի քանի անգամ ավելի մեծ ծառայություն են մատուցելու:
Տոմսերի փոխարեն այցելուն ստանալու է հատուկ ապարանջան, որն ամրացնելու է թևին՝ դրանով տարբերվելով որպես «օրինական ֆիլմ դիտող», քանի որ տարածքը շուրջ 2000 քմ է:
Այս կինոթատրոնը տարբերվելու է նաև նրանով, որ մարդիկ ֆիլմը կարող են դիտել սեփական ավտոմեքենաների մեջ նստած, ինչն ընդունված բան է արտերկրում:
Կինոդիտման համար նախատեսված էկրանն ամենախոշորն է լինելու Հայաստանում: Տեխնիկական մասի առումով էլ շեշտը դրված է բարձր որակի ապահովման վրա:
Ի դեպ, վճարած գումարով այցելուն ապահովվելու է նաև տաք ծածկոցով և բարձով, որպեսզի առավել հարմարավետ ու հաճելի անցնի կինոդիտումը:
Կինոդիտման տարածքում լինելու է նաև մի հին «Երազ» մակնիշի ավտոմեքենա: Այդ անսարք ու կիսախարխուլ ավտոմեքենան, որը երիտասարդները գտել են քաղաքից դուրս գտնվող մի վայրում, այժմ ներկվել ու յուրօրինակ տեսք է ստացել, քանի որ կարևոր առաքելություն ունի. այն ծառայելու է որպես սննդի փոքրիկ կետ, որտեղից այցելուները կարող են գնել զովացուցիչ ըմպելիքներ, պոպկոռն, քաղցրավենիք և այլն: Ավտոմեքենա-կրպակն արդեն անուն էլ ունի` «hripsikimot»:
Կինոթատրոնը կգործի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի վերջը:
Նախաձեռնության հեղինակներից Տաթև Մխիթարյանը Մոսկվայից է վերադարձել Երևան: Նա 9 տարեկան էր, երբ 1996 թ. ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Չնայած հաջողությամբ ավարտում է դպրոցը, ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, իսկ համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցնում Ռուսաստանի ամենախոշոր կինոմատակարար և ֆիլմարտադրության ոլորտի առաջատար կինոընկերությունում՝ «Централ Партнершип»-ում, Հայաստանը ձգում էր: Նա ցանկացած հնարավորության դեպքում գալիս էր Երևան, իսկ Մոսկվա վերադառնալիս մի լավ սթրես ապրում: Ի վերջո, 2011 թ. որոշում է դուրս գալ աշխատանքից և տեղափոխվել Հայաստան՝ չմտածելով, անգամ, թե ինչով պետք է զբաղվի այստեղ:
Աշխատանք, իհարկե, գտնում է, բայց որոշ ժամանակ անց, երբ ձանձրանում է և փորձում որևէ այլ հետաքրքիր բան գտնել, պարզվում է, որ Հայաստանում դա այնքան էլ հեշտ չէ. ինչպես ասում են՝ գործը թափված չէր: Իսկ երիտասարդ, զարգացած, եռանդով ու էնտուզիազմով լի աղջկա համար ոչնչով զբաղվելն անհնարին էր:
Եվ երբ երկու տարի առաջ ծանոթանում է Գևորգի՝ հիմա արդեն գործընկերոջ հետ, նրան հանգիստ չի տալիս Երևանում հետաքրքիր ժամանցի կենտրոն, հատկապես բացօթյա կինոթատրոն ստեղծելու գաղափարը, որով անչափ ոգևորված ու տարված էր նաև Գևորգ Մարգարյանը` DJ Guevo-ն: «Սակայն դրա համար մեծ միջոցներ էին հարկավոր, որը մենք չունեինք,- խոստովանում է նա,- և սկսեցինք մեր ընկերներին, ծանոթներին խառնել, հարցուփորձ անել, թե որտեղից կարող ենք ձեռք բերել տեխնիկա կամ ֆինանսներ: Հետո որոշեցինք վարձակալել: Մեզ խորհուրդ տվեցին դիմել Մարզահամերգային համալիրի ղեկավարությանը: Հիմա համագործակցում ենք, վարձակալում ենք համալիրի տարածքի մի մասն ու տեխնիկան»:
Երիտասարդները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությունը կհաջողվի, քանի որ Հայաստանում արդեն ձևավորվել է մի խավ, որին դա կարող է հետաքրքրել, մանավանդ որ աշխարհի զարգացած երկրներում այն վաղուց արդեն նորույթ չէ:
Սակայն նրանք այսօր ավելի շատ գործում են էնտուզիազմով և իրենց գաղափարը չեն դիտում որպես շահույթ հետապնդող բիզնես, թեև այն հետագայում կարող է նաև այդպիսին լինել: Առայժմ միայն ծախսեր են անում: Իսկ թե երբ կկարողանան շահույթ ստանալ, առայժմ չեն կարող ասել:
Բայց երբ պատմում են իրենց արկածների մասին վարկային կազմակերպություններում ու բանկերում, թե ինչպես են բոլորից մերժում ստացել, երբ ցանկացել են բիզնես վարկ ձեռք բերել նախաձեռնության իրականացման համար, միանգամից հառնում է հայաստանյան տխուր իրականությունը: «Մենք հասկացանք, որ եթե մարդ ուզում է Հայաստանում ինչ-որ նոր բան ստեղծել զրոյից, որը կարող է նպաստել նաև բնակչության զարգացմանը, ապա կանգնում է մի շարք խնդիրների առջև և ուղղակի կարող է հուսահատվել ու հրաժարվել իր բիզնես նախագծից,- ասում է Գևորգը:
Բարեբախտաբար, այս երիտասարդներն այնքան լավատես են ու այնքան դրական էներգիայով լի, որ այդ մերժումներից հետո թևաթափ չեն լինում ու չեն հրաժարվում իրենց գաղափարից, չնայած, ի վերջո, ստիպված են լինում իրենց ունեցվածքը գրավ դնել գումար ձեռք բերելու և ծախսերը հոգալու համար:
Իսկ Տաթևը Մոսկվա վերադառնալու մասին արդեն չի էլ մտածում: Նա ընդմիշտ կապվել է Հայաստանին:
Անի Գասպարյան
Էդմոն Մարուքյան. Դատարանը հիմնականում որոշ փաստաբանների համար դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց . Փաստինֆո
Վերջերս հանրության դատին է հանձնվել ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որում կան նաև դատական համակարգին վրաբերող դրույթներ:
Դրանց վերաբերյալ «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին անդամ Էդմոն Մարուքյանը հետ:
– Ինչո՞վ էր վատ եռաստիճան դատական համակարգը և ինչքանո՞վ արդարացված կլինի վերադարձը երկաստիճան համակարգին:
-Ճիշտն ասած՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ամբողջությամբ չի բացահայտում, թե ի՞նչ համակարգ է առաջարկվում: Ուղղակի տարբերակներ են քննարկվում: Եվ ինձ համար անհայտ է մնում, թե երկաստիճան համակարգ ասելով մենք ի՞նչ ենք հասկանում: Եթե խոսքն ուղղակի վճռաբեկ դատարանը վերացնելու մասին է, ես կարծում եմ, որ ավելի լուրջ հիմնավորումներ պետք է բերվեն:
Այս փուլում ես հասկանում եմ, որ այսօրվա եղած եռաստիճան դատական համակարգն իրեն չի արդարացնում, և մենք ունենք կրկնություններ: Հայաստանի Հանրապետությունը, լինելով ոչ հարուստ երկիր, չի կարող իրեն թույլ տալ պետության վրա շատ թանկ նստող արդարադատության համակարգում ունենալ կրկնություններ: Ի՞նչ է սա նշանակում: Օրինակ, երբ գործը քննում է վերաքննիչ դատարանը, սակայն այն քննում է վճռաբեկության կանոններով, որից հետո դու նորից իրավունք ունես վճռաբեկ բողոք բերելու, և հնարավոր է, որ նույն գործը նորից քննության առարկա դառնա հիմա էլ վճռաբեկ դատարանում՝ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն արդեն իսկ գործը քննել է վճռաբեկության կանոններով: Նմանատիպ օրինակները շատ են: Ըստ էության, ես առաջին հերթին ավելի շատ խնդիր տեսնում եմ վերաքննիչ դատարանում:
Հիմնական արդարադատությունն իրականացվում է, բնականաբար, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում: Դրանից հետո մենք ունենք վերաքննիչ դատարան: Եթե ես հետ գնամ իմ երկու տարի առաջվա պրակտիկային, քրեական գործերով չեմ հիշում ռեալ քննություններ: Վերաքննիչ դատարանում դրանք հիմնականում ձևական բնույթ էին կրում: Ավելին՝ չի եղել դեպք, երբ ես չբողոքարկեմ կալանքների հետ կապված որոշումները, և չունեմ մի դեպք, որ վերաքննիչ դատարանը որևէ կերպ ըստ էության դրան անդրադառնա և առաջին ատյանի որոշումը վերանայի իր որոշումով: Այսինքն՝ եղել են «copy/paste» որոշումներ, այն է՝ խափանման միջոցը կալանք կիրառելու երկամսյա այդ որոշումները միշտ թողնվել են նույնը:
Հիմա այս մակարդակում պահել մի ամբողջ դատական համակարգ ու ասել, որ մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, բնականաբար, ճիշտ չէ: Մենք չենք կարող ասել, որ մեր քաղաքացիների վճարած հարկերն այս մասով ճիշտ են ծախսվում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ, այո՛, պետք է վերանայվի այս համակարգը, բայց թե ի՞նչ ձևով, քննարկման ենթակա հարցեր են՝ պետք է կրճատվեն ատյաննները եռաստիճանից երկաստիճանի, թե՞ եռաստիճանը պահպանել, բայց հստակեցնել նրանց գործառույթները, լիազորությունների շրջանակը:
Մյուս խնդիրը վերաբերում է այն երկար քննարկվող վեճին, որ վճռաբեկ դատարանը փաստերի՞ դատարան է, թե՞ իրավունքի, վերաքննիչ դատարանը փաստերի և իրավունքի՞ դատարան է, թե՞ ..: Այս հարցերը պետք է հստակեցվեն: Տարբեր մոտեցումներ կան:
Առաջին մոտեցումը հետևյալն է. վճռաբեկ դատարանը չպետք է ընդունի շատ գործեր և նրա կայացրած որոշումները պետք է լինեն այնպիսի որոշումներ, որ երկրի ամբողջ իրավաբանական համայնքը դրանց ծանոթ լինի: Հիմա վճռաբեկ դատարանը տարեկան այնքան շատ որոշումներ է կայացնում, որ ասել, թե բոլորը կարդում են այդ որոշումները, բնականաբար, սխալ կլինի: Այսինքն՝ մենք իրավունքի դատարան ունենալու տեսլականը, թե նա ամեն գործ չպետք է վերցնի ու քննի, այդպես էլ կյանքի չկոչեցինք:
Նաև խնդիր է, որ վճռաբեկ դատարանի հետ կապված տարբեր պատկերացումներ կան: Որոշ շրջանակներ պատկերացնում են, որ վճռաբեկ դատարանը պետք է իրականացնի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի ֆունկցիան: Մինչդեռ՝ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք առանձին Սահմանադրական դատարան, իսկ ԱՄՆ-ում Գերագույն դատարանը և՛ ամենաբարձր դատական ատյանն է, և՛ սահմանադրական արդարադատություն է իրականացնում: Այստեղ բերել և փորձը կիրառել, նույնականացնել, չի ստացվի և չստացվեց:
Այս առումով մենք ունենք լուրջ խնդիրներ: Վերաքննիչ դատարանը պետք է պահպաներ այն մակարդակում իր դիրքը, որ լիներ փաստերի դատարան, այսինքն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննարկված փաստերը նորից կարող էին վերանայվել և քննարկվել վերաքննիչ դատարանում, իսկ վճռաբեկ դատարանը իրավունքի դատարանի իր առաքելությունն իրականացներ, օրենքի միատեսակ կիրառությունն ապահովվեր: Բայց հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ ամեն ինչ խառնված է:
Իմ դժգոհությունն առաջին հերթին վերաքննիչ դատարանից է, որովհետև բազմաթիվ գործերով, բազմաթիվ դեպքերով ես հասկացել եմ, որ դատական համակարգի մի հատվածը ինչ-որ անիմաստ թղթաբանություն է, որտեղ արդարադատություն չի իրականացվում: Հատուկենտ գործեր ես գիտեմ, որ վերաքննիչ դատարանում վերանայվել են: Ո՞րն է այդ դատարանի միսսիան:
Եթե նայենք սպառման առումով, հիմնականում որոշ փաստաբանների համար դա դարձել է ներպետական ատյանը սպառելու հերթական միջոց՝ սպառել ատյանները. առաջին ատյանից հետո անպայման գնալ վերաքննիչ, հետո գործը պարտադիր բերել վճռաբեկ, որ մերժվեն բոլոր որոշումներով, որովհետև որևէ մեկը որևէ բան չի էլ ակնկալում, և գործը հասցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ասել, որ ես սպառել եմ ներպետական իրավական պաշտպանության բոլոր միջոցները:
Սրանք խնդիրներ են, որոնք նաև, կարծում եմ, թե ուղղակի, թե անուղղակի տողատակերով արծարծվել են այս հայեցակարգում: Բայց, թե ինչ լուծումներ կտան, դա քննարկման առարկա է: Ամեն իրավաբան իր տեսլականն ունի, թե ինչպիսին պետք է լինի դատական համակարգը:
– Հայեցակարգում տեղական դատարանների մասին միտք է առաջ քաշվում: Դրանք հատուկ, մասնագիտացված գործառույթներով պետք է օժտված լինեն մինչդատական վարույթում դատական հսկողությունն ապահովելու համար: Նպատակը առաջին ատյանի դատարանները բեռնաթափելն է: Դուք դրան ինչպե՞ս եք վերաբերվում:
– Ըստ էության, խնդիր չեմ տեսնում: Հնարավոր է նման բան կազմակերպել՝ և բավականին արդյունավետ ձևով: Գաղափարը բավականին երկար ժամանակ քննարկվում է: Նորույթ չի ինձ համար: Խոսքը մինչդատական վարույթի հետ կապված բազմաթիվ հարցերի մասին է, երբ դատարանը հսկողություն է իրականացնում: Այս մասով գոնե կարելի է առանձնացնել և այդ գործառույթը, տալ, պայմանական ասված, տեղական դատարանին: Ասենք անձի նամակագրության, անձնական հեռախոսազրույցների գաղտնիության իրավունքի հետ կապված բազմաթիվ միջնորդություններ են լինում, և դատարանը պետք է քննարկի, որոշումներ կայացնի: Մյուսը՝ խափանման միջոցների, խուզարկությունների հետ կապված:
Այսինքն՝ մի ամբողջ ոլորտ, որ կարելի է կարգավորել տեղական դատարանների միջոցով և այս բեռը վերցնել ընդհանուր իրավասության դատարանների վրայից: Թողնել, որ ընդհանուր իրավասության դատարանը զբաղվի ընդհանուր արդարադատությամբ՝ ըստ էության գործերը քննելով, իսկ մինչդատական վարույթի վերահսկողությունը հանձնել տեղական դատարաններին:
Իմ պատկերացմամբ, այդ տեղական դատարաններն առանձնացված են լինելու առաջին ատյանի դատարանների մեջ:
Հակահիգիենիկ պայմաններով շինություն, որտեղից անհրաժեշտ է օր առաջ դուրս բերել անօթևան ընտանիքներին
«Շիրակ կենտրոնը» նախկինում բազմիցս ահազանգել է Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին Լենտեքստիլի գործարանային կիսաքանդ հանրակացարանում տիրող վիճակի մասին:
Այսօր հրատապ անհրաժեշտություն է հակահիգիենիկ պայմաններով այդ շինությունից այնտեղ պատսպարված անօթևան ընտանիքներին օր առաջ դուրս բերելը, թեկուզև նրանց տրամադրելով այլ ժամանակավոր կացարաններ, իսկ այդ նախկին գործարանային հանրակացարանը պետք է հողին հավասարեցվի: Նախկին գործարանային հանրակացարան կոչվող շինությունում բնակվող անօթևան ընտանիքներն ու հատկապես երեխաները պարբերաբար տառապում են վարակիչ հիվանդություններով: Խնդիրն այն է, որ այդ շինությունը զուրկ է կոմունալ-կենցաղային բոլոր պայմաններից, այդ թվում՝ կոյուղուց, ջրից, և անգամ կտուրից: Բնակիչները որպես աղբանոց և զուգարան օգտագործում են նույն շինության և նույնիսկ նույն հարկի լքված սենյակներն ու շենքի քանդված մասը: Այդ շենքի կացարանային պայմանների մասին առավել մանրամասն ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում, առանց մեկնաբանության:
