Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝
Մայիսի 7-11-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 7-8-ը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում` 
7-11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Երևանի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան 32.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 3.60C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 15.70C

Սեյրան Օհանյանը սերժանտ Արտավազդ Հակոբյանին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու կապակցությամբ պարգևատրել է

SIP_0778 copyՄայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության և ՀՀ ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը,  պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականեր և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Խորհրդակցության ընթացքում զեկույց-հաշվետվություններով հանդես են եկել ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը և ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը: Զեկույցներում ներկայացվել են ենթակա զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, զինծառայողների պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Վերհանելով շտկման կարիք ունեցող հարցերը, խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Խորհրդակցության ընթացքում Սեյրան Օհանյանը ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Արտավազդ Հակոբյանին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու կապակցությամբ պարգևատրել է պատվոգրով և արժեքավոր նվերով: Արտավազդ Հակոբյանը 16,23 վայրկյանում «Խեցգետին» դիրքում որովայնի վրա է պահել 113կգ 150գ կշռաքարեր` դառնալով Գինեսի համաշխարհային ռեկորդակիր:

Անկախ

«ՋՈՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ»

05-06-2014 Jon KirakosyanՊետական, քաղաքական ու հասարակական գործիչ Ջոն Կիրակոսյանի ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր ԵՊՀ-ում անցկացվեց հոբելյանական նիստ և բացվեց նրա անվան լսարան:

Միջոցառման նախաձեռնողը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավարությունն էր, լսարանն էլ գտնվում է հենց այդ ֆակուլտետում: Ականավոր գործչին հիշելու, դիվանագիտության զարգացման մեջ նրա ներդրման, գիտական մեծածավալ աշխատությունների մասին խոսելու էին եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, գիտնականներ, ուսանողներ և ուրիշներ:  «Ջոն Կիրակոսյանն այն մարդկանցից է, որոնցով բնորոշվում ու գույն է ստանում դարաշրջանը: Նրա թողած հետքը մեր պատմագիտության մեջ հաստատուն է ոչ միայն այն պատճառով, որ նա դիվանագետ էր, հասարակական-քաղաքական գործիչ ու գիտնական, այլև այն պատճառով, որ մեծ հայրենասեր էր, շատ ակտիվ քաղաքացի և պարզապես մեծ հայ: Նա խիզախ էր երևի ամեն ինչում, բայց նախևառաջ գիտության ու քաղաքականության մեջ»,- նշեց Արամ Սիմոնյանը՝ խոսելով գործչի մասին:

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ջոն Կիրակոսյան արևելագետ-պատմաբանը, դիվանագետը, գործիչը և պարզապես հայն ու անհատը:  «Նա Հայաստանում պատրաստված միջազգայնագետների առաջին սերնդից էր, ով կարողացավ ապացուցել, որ նույնիսկ Խորհրդային միության կազմում հնարավոր է մշակել ու վարել հայաստանակենտրոն և հայակենտրոն արտաքին քաղաքականություն: Այսօր կարող են վստահաբար պնդել, որ Խորհրդային միությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման խնդիրը գիտականորեն հիմնավորեց և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգ ընդգրկելու առաջին հաջողված փորձն արեց Ջոն Կիրակոսյանը»,- ասաց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով ևս ներկա էր միջոցառմանը, նշեց, որ Ջոն Կիրակոսյանը մի անհատ էր, որի մեծությունը հիմնավորման կարիք չունի. «Դա հիմնավորվում է նրա կյանքով ու այն ժառանգությամբ, որ նա թողել է: Եվ պատահական չէ, որ լավագույն գործիչները ԱԳՆ-ում պարգևատրվում են Ջոն Կիրակոսյանի մեդալով»:

Օրերս ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և «Գիտություն» հրատարակչությունը լույս են ընծայել Ջոն Կիրակոսյանի երկերի ժողովածուն, որը նվիրված է նրա ծննդյան հոբելյանին և Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ժողովածուն կազմել և խմբագրել է նրա որդին՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: «Այս գրքում փորձեցի ամփոփել նրա աշխատություններն ու երկերը: Սա ընտրանի է ոչ միայն նրա գիտական հոդվածների, այլև գործունեության: Կան հոդվածներ, որոնք չեն տպագրվել Հայաստանի այն ժամանակվա մամուլում, այլ նույնիսկ Ջոն Սահակյան կեղծանունով Սփյուռքի կոմիտեի միջոցով ուղարկվել են արտերկիր»,- տեղեկացրեց Արման Կիրակոսյանը:

Նշենք, որ այսուհետ ապագա քաղաքագետներն ու միջազգայնագետները դասեր կանցկացնեն նաև Ջոն Կիրակոսյանի անունը կրող լսարանում, որը կահավորված է ժամանակակից գույքով ու տեխնիկայով: Հատուկ գրապահարանում ներկայացված են նաև նրա` տարբեր տարիներին տպագրված աշխատությունները:

 

Դոլարի գինը բորսայում` 413,25 դրամ

դոլարՄայիսի 6-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4 600 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.25 դրամ:

NASDAQ OMX Armenia

Ռուսական զորքի խաթեր Գյումրիում փողոցներ են փակում

գյումրի զորահանդեսՄայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակի կապակցությամբ, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ զորահանդես է կայանալու  :

Ասում են միջոցառումը նախաձեռնել են ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունները, եւ զորահանդեսին էլ մասնակցելու են Գյումրիում տեղակայված հայկական ու ռուսական զորամասերը: Երեկվանից սկսվել են զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Այդ կապակցությամբ, 4 օր շարունակ կաթվածահար է լինելու քաղաքի կենտրոնական հրապարակի եւ այնտեղ մտնող փողոցների երթեւեկությունը:
26 010 (1)Մայիսի 5-8, ամեն օր, երեկոյան 17:00-19:00-ն Վարդանանց հրապարակն ու 9 փողոցները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, անգամ հրապարակից հեռացվում են քաղաքապետարանի աշխատակիցների մեքենաները: Հետիոտներին նույնպես ոստիկանները փորձում են դուրս բերել այդ հատվածներից: Հրապարակի քարե գորգին նստարաններ են տեղադրված, որտեղից հիմնականում զինվորականների ընտանիքների անդամներն այս օրերին հետեւում են նրանց փորձերին:
Զինվորականները շարային քայլվածքով անցնում են ամբողջ հրապարակը, հետո անցնում է ռազմական ծանր տեխնիկան՝ մի քանի մեքենա: Թե կոնկրետ ինչ տեխնիկա է ցուցադրվելու զորահանդեսին, կամ ովքեր են հյուրընկալվելու, կազմակերպիչներն ու Գյումրու քաղաքապետարանը  հստակ տվյալներ չեն հրապարակում, սահմանափակվելով միայն ասելով.”գալու են բարձրաստիճան զինվորականներ”:
գյումրի զորահանդեսԱյս փորձերի կապակցությամբ որոշակի անհարմարություններ են ստեղծվել Գյումրու կենտրոնում ապրողների եւ օբյեկտների աշխատանքների համար: Նրանք ստիպված շուտ են ավարտում աշխատանքները, առեւտրի օբյեկտների մի մասը ժամը 17-ից փակվում են: Իսկ հարակից փողոցների բնակչիներն այս ժամանակահատվածում գտնվում են գերու կարգավիճում. ՚Լավ է, որ նման միջոցառումները մեր քաղաքում են անցկացնում, բայց ավելի ճիշտ չէ՞ր լինի զինվորներին քայլել սովորեցնել զորամասերի շարահրապարակներում, ոչ թե գլխավոր հրապարակում: Մեր՝ Սերգո Համբարձումյանի փողոցը բոլոր կողմերից փակել են. համ Հաղթանակի պողոտան է փակ, համ հրապարակը, համ էլ Ս.Համբարձումյանը, որ հանկարծ մարդ վատանա, շտապօգնությունը ոտքով է գալու՞՚, – archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց Ս.Համբարձումյան փողոցի բնակչուհիներից մեկը: Մեկ ուրիշն էլ նշեց, թե գոնե թողնեն էրեխեքը նայեն ՚Հո իրանց չեն ուտե՞: Դուք գիտեք, որ քաղաքի կենտրոնում կապրինք շատ լավ է՞: Մարդուն էլ արգելեն սեփական տնից դուրս գալ, ինչ է թե հրապարակում պաշտոնական միջոցառում է՚:
Հավելենք, որ մայիսինյան այս զորահանդեսի պատվին արդեն թարմացվել են քաղաքի կենտրոնական հատվածների գծանշումները, կարգի է բերվել ՚Մայր Հայաստան՚ հուշահամալիրի տարածքը, քաղաքի տարբեր հատվածներում ծածանվում են ՀՀ եւ ՌԴ պետական դրոշները:

Անկախ

Դեռ վաղ է խոսել ռուսական գազը իրանականով փոխելու մասին.իրանագետ

Ռուդիկ ՅարալյանԷդուարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Իրան ցույց է տալիս, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունների հեռանկարները գնալով մեծանում են: Այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ հայտարարեց իրանագետ Ռուդիկ Յարալյանը: «Այս այցը պատահական չէր Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալու նախաշեմին: Իրանը դրանով վերահաստատում է Միության անդամների նկատմամբ իր վերաբերմունքը»,-ասաց նա, հավելելով. «Երևում է , որ Իրանը Հայաստանին դիտում է որպես տարանցիկ Ռուսաստանի և Եվրոպայի հետ համագործության հարցում»,-նշեց իրանագետը: Բացի տնտեսական շահից, Հայաստանը ձեռնտու է դաշնակից է Իրանի համար քաղաքական դիրքորոշման տեսակետից:

 

Իրանը մոտ ժամանակում պատրաստվում է ավելի ընդլայնել տնտեսական հարաբերությունները. «Համագործակցության ավանդական ոլորտներ են դարձել  տրանսպորտային փոխադրումները և բանկերի գործարքները»,-ասաց Յարալյանը: Դեռևս հարաբերությունները արդյունք չեն տալիս առևտրաին ոլորտում և երկու երկների պետական բյուջեները ոչ մի շահույթ չեն ստացել դրանից:

 

Իրանագետը գտնում է, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը նոր հեռանկարներ է բացում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Իրան-Հայաստան երկաթգծի առումով: «Սակայն դեռ վաղաժամ է խոսել ռուսական գազը իրանականով փոխելու մասին», -ասաց իրանագետը:

Անկախ

11-րդ «Ոսկե ծիրան»-ը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին

ոսկե ծիրան«Ոսկե ծիրան» կինոփառատոնը այս տարի կնվիրվի Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակին: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին փառատոնի կազմակերպիչները: «Ե՛վ բացումը, և՛ փակումը լինելու է մեծ ռեժիսորի ֆիլմերով»,-ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն

Հարություն Խաչատրյանը:

 

Տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև` կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա»  կինոթատրոնում ներկայացված կլինի Փարաջանովին նվիրված  լուսանկարչական ցուցահանդես:

«Զբոսաշրջիկների մեծամասնությունը Հայաստան է գալիս հուլիսին, որ ֆիլմեր նայի, որովհետև Արցախ արդեն գնացել են, Գառնի, Գեղարդ նույնպես ու գալիս են Հայաստան, որ ֆիլմեր նայեն: Իսկ ընդհանրապես, նպատակ ունենք, որ հայկական կինոն դուրս գա և պատմի Հայաստանի մասին»,- ասաց Հարություն Խաչատրյանը:

 

Ըստ «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի
փառատոնի ծրագրերը նույնն են՝ չորս մրցութային ծրագիր, ինչպես նաեւ արտամրցութայինները: Փառատոնը կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարժամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից: Արտամրցութային ծրագրերը բազմազան են. առանձնակի նշանակություն և կարևորություն ունեն «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը:

1500 հայտ է ներկայացվել՝ թվով 101 երկրներից. «Անգամ ամենաէկզոտիկ երկրներից են հայտեր ներկայացվել: Ամենաշատ ֆիլմեր եկել են Գերմանիայից` 141 ֆիլմ ու Ռուսաստանից, հետո հաջորդում են Իտալիան, Ֆրանսիան, Իրանը և Հայաստանը` 59»,- ասաց Ստամբոլցյանը:

Անկախ

Բնապահպանները ակնկալիքներ չունեն նոր նախարարից

Արթուր Գրիգորյան«Վարդան Այվազյան, Արամ Հարությունյան… մեկը մեկից անորակ բնապահպանության նախարարներ  են եղել: Մենք ոչ մի ակնկալիք չունենք նոր նախարար Արամայիս Գրիգորյանից,»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյան, հավելելով, որ նոր նախարարը, որը  Արարատի նախկին մարզպետն էր, գործարար է և ընդհանրապես կապ չունի բնապահպանության ոլորտի հետ:

 

Արթուր Գրիգորյանը նշեց, որ բնապահպանները արդեն կտրուկ քայլերի են դիմելու քանի որ իրենց օրինական պահանջները Բնապահպանության նախարարությունը չի իրականացնում: «Մենք կհամագործակցենք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ֆինանսավորում են բնապահպանության նախարարության ծրագրերը, և կպահանջենք սանկցիաներ կիրառել և փակել նրանց ֆինանսական խողովակները: Դրանից հետո, կարծում եմ նրանք կհասկանան, որ արդեն անցել են ամեն ինչ սահմանը»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

 

Բնապահպանները պահանջում են, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջուրը քվոտավորվի, Արփա–Սևան ջրատար թունելի վերանորոգման աշխատանքները վերջապես ավարտվեն, կառուցել Եղվարդի ջրամբարը և այլն:

Արթուր Գրիգորյանը հայտարարեց նաև, որ Թեղուտի նախաձեռնությունը ձեռք է բերել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Թեղուտում անօրինական է և քրեական գործեր հարուցելու արժանի:
«Թող սա դիտվի որպես հաղորդում հանցագործության մասին, որում ներգրավված են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածը»,- ասաց բնապահպանը:

 

Բնապահպանական խնդիրների անդրադարձավ նաև Ինգա Զարաֆյանը, նա   նշեց, որ Բնապահպանության նախարարությունը ոչ մի անգամ պաշտպան չի եղել Սևանա լճին, չնայած այն ուղղակի գտնվում է նախարարության պաշտպանության ներքո. «Այսպիսի վերաբերմունքը մեր ազգային հարստությանը կարելի է ասել մեր ռեսուրսներն ավերածության է տանում, մենք ավերում ենք մեր ջրային ռեսուրսները, և դրա վառ ապացույցը Արարատյան դաշտի աղետալի վիճակն է, ինչին հասցրեց հասնել նախորդ կառավարությունը»

Անկախ

Համագործակցությունն առավել արդյունավետ կդառնա

IMG_1524ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանին և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանին։

Հյուրերը նախարարին հակիրճ ներկայացրեցին 25 տարվա ընթացքում կազմակերպության կողմից Հայաստանում, մասնավորապես` առողջապահության ոլորտում իրականացրած ծրագրերը։ Նշվեց, որ Վորլդ Վիժնը մշտապես համագործակցել է նախարարության հետ, իսկ վերջին տարիներին աջակցել է մոր և մանկան առողջությանը և երեխաների սնուցմանն ուղղված ծրագրերին, առողջապահության այլընտրանքային աղբյուրների գնահատման և մի շարք այլ հարցերում։ Վորլդ Վիժն Հայաստանն այժմ աշխատում է 6 մարզի ավելի քան 200 համայնքում` աջակցելով խոցելի խմբում գտնվող ավելի քան 33 հազար երեխայի։

Անդրադարձ կատարվեց նաև սկրինինգային, կրթական և իրազեկման ծրագրերին, ինչպես նաև վերջերս ավարտված «Երեխայի առողջության պետական հավաստագրի գնահատում» ծրագրին, որի արդյունքներն առաջիկայում կներկայացվեն նախարարին։

Արմեն Մուրադյանը նշեց, որ որոշակիորեն ծանոթ է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի գործունեությանն առողջապահության ոլորտում և բարձր գնահատեց հատկապես մանկական մահացության նվազեցմանը միտված ծրագրերը։

«Մոր և մանկան առողջության պահպանումը ՀՀ նոր կառավարության համար ևս կմնա գերակա խնդիր։ Այնպես որ, ձեր հետագա աջակցությունը շոշափելի կլինի»,-ասաց նախարարը։

Երկուստեք կարևորվեցին նաև երկրում առողջ ապրելակերպի ներդրմանն ուղղված միջոցառումներն ու առաջիկա ծրագրերը։

«Առողջ ապրելակերպի ներդրումը հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի բաղադրիչներից մեկն է, և մենք ջանքեր չպիտի խնայենք մեր ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող այդ ծրագրի իրականացման գործում։ Այս ոլորտում ես ակնկալում եմ հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների գործուն աջակցությունը։ Մենք միասին պիտի կարողանանք հասնել այն բանին, որ ծխելը և խմիչքի չարաշահումն ընկալվեն որպես ամոթալի երևույթներ»,-ասաց նախարար Մուրադյանը։

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը ռազմավարության վերանայման փուլում է, ինչը հնարավորություն է տալիս առողջապահական ծրագրերն առավել համահունչ դարձնել երկրի կարիքներին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ քննարկումների արդյունքում հստակեցնել համագործակցության եզրերը։

Վարչապետը հանդիպել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

հովիկ աբրահամյան-գարեգին բՎարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցության ակտիվացումը:
Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել. «Գիտենք, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի կարողանաք մեր ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ արդյունքներ արձանագրել»:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարության առաջիկա գործունեությունն ուղղվելու է տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, իսկ այդ նպատակով իրականացվելու են հստակ ծրագրեր:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանը, վանական համալիրների վերակառուցման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին և այլ խնդիրների:

Հրանտ Բագրատյանի առաջադրումը՝ քաղաքական ռոմանտիզմ.Կարեն Քոչարյան

   կարեն քոչարյան«Այս կառավարությունը պրագմատիկ կառավարություն է լինելու. «պրագմատիկ»  բառն, իհարկե, ավանսով եմ օգտագործում, պարզապես տեսնելով որոշ քաղաքական գործիչների գործունեությունը՝ կարծում եմ  կարող եմ այս բառը կիրառել: Սա կապված չէ նրա հետ, որ, օրինակ, կոռուպցիան կվերանա և այլն, այլ իմաստն այն է, որ այս կառավարությունը ավելի մոտ է իրականությանը, «կպած գետնին». այն իրական է նվազագույնը  վերջին 20 տարում գործող համակարգի համար»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

  Ըստ Քոչարյանի՝ երբ լսել է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետ  նշանակվելու մասին լուրը, նշել է, որ նա ամենաներդաշնակ թեկնածուն է գործող համակարգի համար:

Այն պնդմանը, թե շատ է շահարկվում նոր կառավարության կազմում Ռոբերտ Քոչարյանի «մարդկանց» նշանակման հանգամանքը, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ի ՞նչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանի մարդիկ: Այդ մարդիկ վերջին վեց տարում անգործ չեն եղել. նրանք կամ ՀՀԿ-ի անդամ կամ կառավարության ներկայացուցիչներ են եղել: Հանրապետական կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է և նշե՛ք մեկ անուն,  որ ՀՀԿ-ից չէ»:

Սպորտի նախարարի պաշտոնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի սպորտային բաժնի պետ Գաբրիել Ղազարյանի նշանակումը մեկնաբանելով՝ Կարեն Քոչարյանը նշեց. «սա ուրիշ պատմություն է. դա մտնում էր այն փաթեթի մեջ, որի շուրջ համաձայնության են եկել ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն: Երկրորդ անգամ Հովիկ Աբրահամյանի հետ Գագիկ Ծառուկյանի նախագահական գնալը նշանակում էր պայմանավորվածություն՝ ոչ թե կոալիցիա մտնելու, այլ որոշակի փաթեթի շուրջ, որի մեջ էլ մտնում էր հենց սպորտի նախարարի նշանակումը»:

ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու մասին քաղտեխնոլոգը հումորով պատասխանեց. «Լավ ասացվածք կա. մեռելների մասին կամ լավ կամ՝ ոչինչ. ես գերադասում եմ ոչինչը»:

«Հրաշալի քառյակի» քայլերի մասին խոսելով՝ Քոչարյանը մերժեց «Հրաշալի քառյակի» տանուլ տալու գաղափարը և նշեց, որ այդ քառյակից նվազագույնը եռյակը չի մասնակցել ԱԺ նախագահի ընտրություններին՝ բոյկոտել է, ինչը նորմալ է, իսկ Հրանտ Բագրատյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրումը մեկնաբանելով՝ նշեց, որ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը պետք է պրագմատիկ լինի: «Ես չեմ մեղադրում Հրանտ Բագրատյանին ինքնաառաջադրման համար, բայց նրա առջադրումը որակում եմ որպես  քաղաքական ռոմանտիզմ: Սրանով մթնոլորտ չեն փոխում, եթե շանս չունեն»,- նշեց Կարեն Քոչարյանը:

Անկախ

«Անկախ»-ի այն հարցին, որ հնարավո ՞ր է արդյոք կառավարության ապագա ծրագրի շուրջ չորս քաղաքական ուժերի համագործակցությունը, Քոչարյանը նշեց, որ այս անգամ անպայման կփորձեն ինչ-որ բան, և այստեղ ԲՀԿ-ն ավելի ճկուն կլինի՝ հենվելով Գալուստ Սահակյանի ընտրության փորձի վրա՝ համոզելու մյուս քաղաքական ուժերին, որ ինչ-որ ընդհանուր բան արվի, որպեսզի միայն ԲՀԿ-ի անունը չհնչի, քանի որ կա ԲՀԿ-ի «փչանալու» վտանգը:

Կիրլյան էֆեկտ կամ ինչ է կիրլյանագիրը

կիրլյանՍեմյոն Դավիդովիչ Կիրլյանը (1898-1978) սովետական ֆիզիոթերապևտ, գյուտարար ու հետազոտող է: Իր կնոջ` Վալենտինա Խրիսանֆովնայի հետ մշակել է տարբեր բնույթի օբյեկտների լուսանկարահանման նոր` գազապարպման մեթոդը, որը հնարավորություն է տալիս տեսնելու, հետևելու ատոմների կամ մոլեկուլների լուսարձակումը: Ներկայումս այդ մեթոդը լուսանկարչության նոր տեսակի հիմքն է դարձել, որն ընդունված է անվանել գազապարպման եղանակով լուսանկարչություն, իսկ միջոցը` «Կիրլյանի մեթոդով գազապարպմամբ լուսանկարում», կրճատ` «կիրլյանագրաֆիա» կամ պարզապես «կիրլյան էֆեկտ»:

Կենսագրությունը
Սեմյոն Դավիդովիչ Կիրլիանը կամ Կիրլյանը ծնվել է 1898 թ. փետրվարի 20-ին Եկատերինոդարում` հայ բազմազավակ ընտանիքում: Մայրը Եվա Կիրլյանն էր (օրիորդական ազգանունը` Նազարովա), հայրը` Դավիդ Կիրլյանը: Ընտանիքում 9 երեխա կար: Կրտսեր եղբայրը` Միխայիլը, ջութակահար է, պրոֆեսոր, Կրասնոդարի երաժշտական դպրոցի տնօրեն:
Կրթություն ստանալու հնարավորություն չունենալով` Սեմյոնը ստիպված էր վաղ տարիքից աշխատել կառավարիչ, դեկորատոր, դաշնամուր լարող, սակայն ամենից շատ նրան գրավում էր էլեկտրամեխանիկի մասնագիտությունը:
1923-ին նա ամուսնանում է հոգևորականի դստեր` Վալենտինա Խրիսանֆովնա Լոտոցկայայի հետ, որը լրագրող էր, դասատու: Նա ամուսնու հավատարիմ ընկերն ու օգնականը դարձավ:
Կիրլյանն աչքի էր ընկնում անսովոր աշխատունակությամբ, կարդում ու վերընթերցում էր գիտական ու կիրառական հարցերի վերաբերյալ մեծ քանակությամբ գրականություն, որոնք հետաքրքրում էին իրեն: Ապրում էր իր աշխատանքով ու փորձեր կատարում գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներում` ամեն ինչ վերլուծելով ու չընդունելով դրանք որպես դոգմա:
Կիրլյանը մի շարք օգտակար գյուտերի հեղինակ է: Օրինակ` քաղաքային տպարանն օգտագործում էր նրա պատրաստած էլեկտրավառարանը շարվածքի ձուլվածք ստանալու համար, իսկ ալրաղաց գործարանում հացահատիկը մաքրող մագնիսական սարքավորում էր ստեղծել: Շատ հեռանկարային էր մթերքների պահածոյացման արտադրությունում ջերմամշակման սարքավորում ստեղծելու գաղափարը:
1939-ին Կիրլյանն ընդունվեց քաղաքային հիվանդանոց որպես էլեկտրասարքեր նորոգող վարպետ: Նորոգելով խափանված ֆիզիոթերապևտիկ սարքը, որում բարձր հաճախականություն էր գործի դրվում, նա ուշադրություն դարձրեց էլեկտրոդների միջև առաջացած տարօրինակ վարդագույն լուսավորմանը: Կիրլյանը որոշեց ֆոտոժապավենի վրա գրանցել այդ լուսարձակումը: Առաջին առարկան, որ «լուսանկարվել» է այդ մեթոդով, մետաղադրամն էր: Գյուտարարը դրամին միացրեց մի էլեկտրոդը, վրայից դրեց ժապավենն ու ծածկեց երկրորդ էլեկտրոդով, ապա միացրեց բարձր հաճախականությամբ հոսանքը: Պատկերի վրա տեսավ, թե ինչպես է դրամի եզրերից պարպում կատարվում: Կիրլյանը սկսեց տարբեր իրեր տեղադրել այդ դաշտում` առանց լուսանկարչական սարքի լուսանկարելով նաև ծառերի ու սեփական ձեռքերի անսովոր լուսարձակումը: Իր ուսումնասիրությունների հիման վրա նա մի օրինաչափություն նկատեց. բարձր հաճախականության դաշտում հայտնված յուրաքանչյուր կենդանի օբյեկտի լուսարձակման պատկերը կախված է լուսանկարվող օբյեկտի վիճակից: Օրինակ` մի պատկեր էր ստացվում, երբ տերևը նոր էր պոկած լինում ծառից, ու մեկ այլ պատկեր էր ստացվում, ասենք, մեկ ժամ հետո: Էականորեն տարբեր էին առողջ մարդու ու հիվանդ կամ պարզապես հոգնած մարդու ձեռքի լուսարձակումները: Ուսումնասիրության ընթացքում գիտնական ամուսինները հայտնաբերեցին մեկ այլ հետաքրքրական փաստ. պարպման գործընթացը կախված է ոչ միայն օբյեկտի առողջական, այլև զգայական վճակից:
1949-ին նրանց հաջողվեց արտոնագրել իրենց բազմամյա ջանքերի պտուղը` «Կիրլյան» սարքը, որը Գյուտերի ու հայտնագործությունների պետկոմիտեում արտոնագրվեց և իսկույն էլ գաղտնագրվեց: Կիրլյան ամուսինների մշակումները պաշտպանված են հեղինակային 21 իրավունքով:
Նրանք բազմիցս են արտասահմանյան լաբորատորիաներում, ինստիտուտներում աշխատելու Kirlian photograph of two apple halvesհրավերներ ստացել, բայց քանի որ նրանց ելքի անցագիր տալն արգելված էր, գիտնական ամուսինները սահմանափակվում էին գործնական նամակագրությամբ: Արխիվներում պահպանվել են նամակներ աշխարհի 130 քաղաքներից:
Պետական հիմնարկներից ոչ մի աջակցություն և գյուտերի համար որևէ վարձատրություն չստանալով անգամ` նրանք աշխատում էին` չխնայելով իրենց ու փորձեր կատարում, ինչպես Ս. Կիրլյանն է գրել, «ավելի խորը թափանցելու այդ ածանոթ աշխարհը` հանուն Երկրի ու մարդկության բարօրության»:
Գյուտարար ամուսինների չքավորության մասին են վկայում օրագրերում արված բազմաթիվ գրառումներ: Ահա դրանցից մեկը:
Հանրապետական նշանակության անհատական թոշակի որոշման մերժումից հետո Վալենտինա Կիրլյանը 1968-ի մարտի 7-ին գրում է.«Եվ այսպես, հանրապետական թոշակի հույսը տապալվեց: Մերժում: Կնշանակի կրկին կարիք: Կրկին առանց շալվարի, կոստյումի ու վերնաշապիկի: Մինչդեռ ամեն ինչ արդեն մաշվել է: Թավշե բաճկոնի թևքերն արդեն քրքրվել են, կարճացել կարկատաններից: Մոխրագույն միակ շալվարը, հետքերից ու ժամանակից մաշված, ամոթ է անգամ վերարկուի տակից հագնելը: Իսկ շուռ տված վերարկուն, որ արդեն խունացել է արևից, քամուց ու անձրևից, անորոշ գույնի է դարձել: Ոչինչ, բայց Սենան արդեն 8-րդ տասնամյակն է ոտք դրել, պետք է, չէ՞, մի կարգին շոր լինի, չէ՞ որ հարգարժան մարդիկ են նրա մոտ խորհրդի գալիս: Իսկ ես… ես չունեմ գոնե մի, մի այնպիսի շոր, որ չամաչեմ, ամբողջը հնոտիք է: Նորը կարելու կամ գնելու դրամ չկա: Աղետ է: Լույսի ոչ մի շող: Իսկ փորձերը դադարեցնելը կամ չանելն անհնար է: Կյանքը կարճ է, քիչ է մնացել, այնքան քիչ: Իսկ գաղափարները` անհատնում: Պետք է շտապել ու հայտ ներկայացնել: Եթե ուշացնենք, մեզ հետ գերեզման կտանենք: Չնայած դա քչերին է հետաքրքրում: Մեզ բալաստի պես դուրս են գցել, պետության մեջ չկա մի կազմակերպություն, որ մեզ փոխարինի, վերցնի իր վրա բևեռայնացման ու ներդրման նոր սարքավորման մշակումն ու մեթոդիկայի կատարելագործումը: Առաքելությունը, հույսը կտրվեց: Մենք մինչև մահ չենք կարող դուրս գալ այդ նյութական նեղությունից: Անթափանց լույս է: Անհուսություն»:
Իսկ մի օր անց նույն օրագրի էջերում կրկին ստեղծագործական պլանների ոգեշնչված նկարագրություններ են:
1957-ին լույս տեսավ Կիրլյանի` «Պարպումների հրաշալի աշխարհում» գրքույկը, որը գիտական աշխարհում իսկական ցնցում էր:
Այդ գյուտի առիթով բարձրացած ալիքը տարածվեց մամուլում: Այն ժամանակ` 60-ականների կեսերին, այդ գյուտն ասես կոչված էր հաստատելու «սոցիալիստական շինարարության հաջողությունները»: Չնայած այդ աշխուժությանը` ամուսինները հաճախ էին իրենց անպետք ու անօգնական զգում: Ահա մի գրառում` արված 1966-ին Կիրլյանի օրագրում. «17 տարվա ընթացքում պաշտոնական նամակագրություն կա նախարարությունների, կոմիտեների, գիտահետազոտական ինստիտուտների միջև` մեր մեթոդիկայի մշակման համար հատուկ լաբորատորիա ստղծելու համար: Սակայն մինչ օրս, 1949-ից սկսած, այդ լաբորատորիայի հարցը մնում է օդում կախված վիճակում ու ոչ ոք չի փորձում ղեկավարել այն, մինչդեռ Ֆրանսիայում (մենք պատահական իմացանք) արդեն մեթոդը մշակվել է, ու կենսաբաններն այն գործնականում կիրառում են: Հետաքրքիր է` սրանից օգուտ երբևէ կլինի՞, թե՞ ոչ, այն արդեն մեր շնչին է նստած»:
Մի անգամ մի գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները Կիրլյան ամուսիններին երկու արտաքուստ միանման տերև բերեցին: Ամուսինները տերևները տեղադրեցին բարձր լարվածության դաշտում ու, ի զարմանս շատերի, ստացան տարբեր պատկերներ: Աշխատակիցները խոստովանեցին, որ մի տերևը վերցված է հիվանդ բույսից: Իսկ հետո հանգեցին այն եզրակացության, որ նոր մեթոդով կարելի է հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերել և ոչ միայն բույսերի, այլև մարդու մոտ, կարելի է վաղ ախտորոշում անել, օբյեկտիվ գնահատել քիմիական դեղամիջոցների թերապևտիկ ազդեցությունը:
1971-ին ծանր հիվանդությունից հետո վախճանվեց կինը` Վալենտինա Խրիսանֆովնան: Եվ չնայած այդ ծանր կորստին ու վատառողջությանը` Կիրլյանը շարունակեց իր կյանքի գործը` աշխատելով ավարտել սկսած հետազոտությունները: Եվ միայն 1974-ին նա արժանացավ ՌՍՖՍՀ վաստակավոր գյուտարարի կոչման: Կյանքի վերջին տարիներին Կիրլյանին Կրասնոդարի «Սատուրն» գիտաարտադրական ընկերության հատուկ լաբորատորիայի վարիչի պաշտոն տվեցին:
Կիրլյանը վախճանվեց 1978 թ. ապրիլի 4-ին:
Կրասնոդարում` Ստավորոպոլսկայա փողոցում, Կիրլյան ամուսիններին նվիրված հուշատախտակ է տեղադրվել, իսկ Դինսկոյ ավանում թանգարան կա:

Կիրլյանի շարադրանքից
«Մտահղացումն իրականացնելու համար նոր գիտելիքներ էին պահանջվում: Հարկ եղավ ուսումնասիրել էլեկտրոնային օպտիկան, ծանոթանալ օպտիկական լուսանկարչությանը, գծապատկեր գծապատկերի հետևից կազմել: Ցավոք, առաջին փորձերը ոչ թե «աստղաբույլ» էին, այլ մատների կմախք: Ես անգամ մտածեցի` գուցե «ռենտգեն» պատկեր է ստացվել: Սակայն փորձերը շարունակվեցին: Դեպի «աստղեր» տանող ճանապարհն անցնում էր փշերի, այրվածքների, հուսահատության ու անկանխատեսելի արդյունքների միջով: Դա ձերդ գերազանցություն Պատահականությունը չէր, այլ երկար ու համառ աշխատանքի արդյունք: Անծանոթ աշխարհ ներթափանցելու տքնանք, ուր մարդու առողջության ու երկարակեցության թանկագին բանաձևերն են թաղված»:
Կիրլյանի օրագրից
«Մարդու մաշկի մեջ յուրօրինակ կենսամեխանիզմներ են կան, որոնք կատարում են բարդ ֆունկցիաներ ներքին օրգանների հետ կապված նյարդային համակարգի միջոցով: Կարծում ենք, որ նորմալ ու հիվանդագին վիճակի մաշկածածկույթի էլեկտրական վիճակի պատկերների համեմատական աղյուսակ ունենալու դեպքում մեր մեթոդը կարելի է ախտորոշման նպատակով կիրառել բժշկության ու անասնաբուծության մեջ»:
Հետագայում Կիրլյանի էֆեկտը կիրառություն գտավ հոգեկան հիվանդությունների ախտորոշման, դեղորայքի արդյունավետությունը պարզելու, օպերատորների հոգնածությունը, մարզիկների գերբեռնվածությունը հայտնաբերելու, գյուղատնտեսության մեջ շատ սերմերի ծլունակությունը որոշելու համար: Այն կիրառվում է նաև մեքենաշինության մեջ մետաղում առկա արատը հայտնաբերելու նպատակով, քրեագիտության, պարահոգեբանության, պաշտպանական արդյունաբերության ու այլ բնագավառներում:
Սեմյոն Կիրլյանի մահից հետո Կրասնոդարի երկրագիտական թանգարանում Կիրլյանի ուշագրավ ժառանգությունը պահ տալու համար տեղ չգտնվեց, նրա գործը շարունակող չկա: Եվ միայն շատ փաստաթղթեր ու գրառումներ հաջողվել է պահպանել Ելենա Կորոբովայի էնտուզիազմի շնորհիվ:

Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը

պորտուգալիայի դեսպանՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Պորտուգալիայի հետ միջպետական կապերի խորացմամբ ու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ: «Մեր ցանկությունն է, որպեսզի Պորտուգալիան ունենա իր հաստատուն տեղը Հայաստանի բարեկամների շարքում: Վստահ եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ ամեն ինչ անելու եք»,-դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Զրուցակիցների համոզմամբ, հայ-պորտուգալական երկկողմ հարաբերությունների և բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման համար մեծ ներուժ, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր պայմանները կան:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Պորտուգալիայի դեսպանը երկուստեք կարևորել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչին, նրանց համոզմամբ, զգալիորեն կարող են նպաստել բարձրաստիճան փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը:

Դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու և երկու բարեկամ երկրների միջև ակտիվ համագործակցություն զարգացնելու համար:

«Իշխանության և ընդդիմադիր հարթակի մի մեծ հատված գտնվում է Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան խնամիական ընտանիքի ձեռքում»

Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան«Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ գալիք ընտրություններում հաջողությունը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը` բոլորին հասկացնելով, որ ինքը լրջորեն է պատրաստվում գալիք ընտրություննների և մտադրություն ունի հաղթելու:

Բնական է, երբ ԲՀԿ-ի առաջնորդն իր կուսակցությանը հաղթանակ է ցանկանում, բայց անբնական է, երբ նրա այս հայտարարությունը անպատասխան է մնում Հանրապետական կուսակցության փոխնախագահ, վարչապետ, Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի կողմից, ով վայրկյանների ընթացքում պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին, բայց Գագիկ Ծառուկյանին չի պատասխանում:
Ա. Կամ Հովիկ Աբրահամյանը լուրջ չի վերաբերում Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությանը.
Բ. Հովիկ Աբրահամյանի սրտով էլ է, որ հաղթանակը շրջանցի Մելիք-Ադամյան փողոցը.

Գ. Հովիկ Աբրահամյանի համար միևնույնն է` որ փողոցով կանցնի հաղթանակը, քանզի Մելիք-Ադամյանի հաջողության դեպքում ինքն է դառնում վարչապետ, իսկ անհաջողության դեպքում` իշխանությունը կանցնի իր խնամուն:

Հայաստանում ձևավորվել է քաղաքական հետաքրքիր մի իրավիճակ, երբ իշխանության մի մեծ հատվածը և փաստացի ընդդիմադիր հարթակի մի մեծ հատվածը գտնվում է մեկ` Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան խնամիական ընտանիքի ձեռքում:

Ճիշտ է, քաղաքականությունը ընտանեկան կապեր չի ճանաչում, բայց այս ընտանիքը մի բան պետք է հստակ հասկանա. այս ամենը գիտի անգամ հասարակ քաղաքացին, ով այսօր լավ չի ապրում և սպասում է բարեփոխումների, իսկ եթե այդ բարեփոխումները չլինեն և ժողովրդի վիճակը չբարելավի, գոնե այս պահին Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու պատասխան տալ, իսկ դա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը ստիպված է լինելու քննադատել Հովիկ Աբրահամյանին, քանզի Տիգրան Սարգսյանն այլևս չկա և սեփական մեղքը այլոց վրա բարդելու մոտիվը վերանում է»:

 

Անկախ

Մոսկվայի իրավապահները նրան հետախուզում էին կաշառք տալու մեղադրանքով

ձերբակալությունՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 5-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Ավետիք Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 17-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /կաշառք տալը/ մեղադրանքով:

Դանակի հարվածներ` վիճաբանության ժամանակ

դանակահարությունՄայիսի 5-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի 1-ին ջոկի ծառայողները Թումանյան փողոցում գործող տաքսի ծառայության գրասենյակի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Խ.-ին, որը նշված վայրում վիճաբանելով 1986 թ. ծնված Վալերիկ Կ.-ի հետ` դանակով հարվածներ է հասցրել նրան` ոտքերի շրջանում պատճառելով վնասվածքներ:
Վալերիկ Կ.-ին ոստիկանության ծառայողները տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Քննությունը վարում է ոստիկանության քննչական բաժանմունքը:

Մահվան ելքով պատահար Արտաշատ-Երևան ճանապարհին

ավտովթարՄայիսի 6-ին, ժամը 04.10-ի սահմաններում, Արտաշատ-Երևան գյուղամիջյան ճանապարհին` Դալար գյուղի հատվածում, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշներին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ուղևորներից մեկը` 1989 թ. ծնված Նվեր Դավթյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մայիսի 5-ից 6-ը)

ՀՀ-ոստիկանություն2Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, մաքսանենգության 1 և խարդախության 8 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 7 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վերանորոգվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերը

001Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի  մուտքերի նորոգման նախորդ տարիներին մեկնարկած ծրագիրը շարունակվում է նաև այս տարի: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ 2014 թվականին ևս գործընթացին կցուցաբերվի համալիր մոտեցում: Կնորոգվեն ոչ թե միայն շենքերի մուտքերը, այլև շքամուտքերն ամբողջությամբ: Քաղաքապետարան – վարչական շրջան – համատիրություն եռակողմ ծրագրի արդյունքում նորոգված շքամուտքերի թիվը մինչև տարեվերջ կավելանա ևս 727-ով: Ներկայում ծրագրում ներառված նորոգման ենթակա շքամուտքերից  57- ում աշխատանքներն ավարտվել են, 76-ում` ընթացքի մեջ են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն