Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

պարտատոմսերՄայիսի 5-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52045158 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 2102 մլն դրամ, որից մրցակցային` 1942 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 160 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 462 298 426 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.0656 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.0941 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ և գանձապետական պահառուն:

Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը շարունակում է ընդլայնվել

ֆիննախՀՀ ֆինանսների նախարարության պետական վճարումների էլեկտրոնային e-payments.am համակարգի ծառայություններն այժմ հասանելի են նաև Մոբի դրամի միջոցով:

e-payments համակարգը հնարավորություն է տալիս քաղաքացիներին առցանց եղանակով առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու անհրաժեշտ վճարումներ կատարել, այդ թվում՝ վճարել պետական տուրքերը, տեղական տուրքերը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները, համայնքային վճարումները, վարչական տուգանքները:

Անհատ ձեռներեցները, մանր և միջին ձեռնարկատերերը այս համակարգի միջոցով կարող են կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները:

«Եթե բանկային համակարգի միջոցով վճարումներ կատարելու պարագայում դրանք 1-2 բանկային օրում են հաշվեգրվում պետական բյուջե, ապա e-payments.am–ը հնարավորություն է տալիս մեկ ակնթարթում ապահովել գումարների հաշվեգրումը գանձապետական հաշիվների վրա»,-նշում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների առցանց համակարգին նախորդ ամիս միացել էր  նաև Telcell-ը, որի միջոցով արդեն իսկ իրականացվել է թվով 3483 գործարք:

Գործընթացը շարունակական է: e-payments պետական վճարումների առցանց համակարգին միանալու համար պայմանագիր է կնքվել «ԲՏԱԲանկ» ՓԲԸ-ի հետ:

 

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Պարտքի պատճառով տնակների հոսանքազրկումը կրում է համատարած բնույթ

«Շիրակ կենտրոնի» գրասենյակ գրեթե ամեն օր միջին հաշվով 3-4 անօթևան ընտանիք է դիմում՝ իրենց հոսանքազրկված տնակների էլեկտրաէներգիայի պարտքերը փակելու և հոսանքի մատակարարման վերականգնմանն օգնելու խնդրանքով:
Նրանց մեծ մասն այդ պարտքերը կուտակել են ձմռան ամիսներին, երբ վառելիք չունենալու պատճառով տնակները ջեռուցել են էլեկտրասալիկներով: Ցավոք, «Շիրակ կենտրոնը» ոչ միշտ է կարողանում այդ հարցում աջակցել սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին, որոնցից շատերն առանց լույսի են մնացել նույնիսկ 3-4 ամիս: Ներկայացվող տեսանյութը երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող , փոքրիկ տնակում պատսպարված միայնակ կնոջ մասին է: Նրա տնակը չորրորդ ամիսն է՝ պարտքի պատճառով մնում է հոսանքազրկված:

Աշխատանքային այց Վայոց ձոր

arm-6712-IMG_0016Մայիսի 3-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Տեղում մարզի կրթական խնդիրները քննարկելու և կատարված աշխատանքներին  ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԳ նախարարը նախ  այցելել է Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ապա մարզի կրթական հաստատությունների տնօրենների հետ խորհրդակցություն անցկացրել մարզպետարանում, իսկ վերջում շրջել Վայքի նոր հիմնանորգված ավագ դպրոցում:
Եղեգնաձոր քաղաքի թիվ 5 մանկապարտեզը, որտեղ ՀՀ ԿԳ նախարարի առաջին կանգառն էր, Համաշխարհային բանկի “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային ծրագրով նախակրթարան էր հիմնվել: Ավելի քան  50 տարի չնորոգված մանկապարտեզի մի հատվածում այժմ գործում է   նախակրթարանը՝ հիմնովին նորոգված և կահավորված  ժամանակից կրթության կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր չափանիշներով: Նախակրթարան նախադպրոցական տարիքի 30 երեխա է հաճախում: Նախարարը զրուցել է մանկավարժների ու նախակրթարանի սաների ծնողների հետ:
Առիթն օգտագործելով՝ մանկապարտեզի տնօրեն Գոհար Պողոսյանը նախարար Ա. Աշոտյանին ներկայացրել է կրթական հաստատության խնդիրները՝ թեև ԿԳՆ վարկային ծրագրով  ջեռուցում ապահովված է ամբողջ շենքի համար, սակայն տանիքն ու շենքի մնացած հատվածը նորոգման կարիք ունեն:
Մանկապարտեզում աշխատող մանկավարժներն էլ հարց են բարձրացրել՝ ինչո՞ւ իրենց պետությունը չի ներառում մանկավարժների և պետծառայողների համար նախատեսված սոցիալական ապահովության փաթեթում. “Դուք համարվում եք համայնքային աշխատողներ: Այս պահին օրենքը Ձեր վրա չի տարածվում, բայց ես հույս ունեմ՝ մեր պետությունը մի օր հնարավորություն կունենա Ձեզ ևս ներառել սոցփաթեթի ծրագրում”,- նշել է ՀՀ ԿԳ  նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ ՀԲ վարկային ծրագրով վերջին 4 տարում Հայաստանի ավելի քան 220 համայքներում հիմնվել են նոր նախակրթարաններ. “Ծրագիրը շարունակվում է, եթե մարզում դեռևս կա նախակրթարանների պահանջարկ, ապա մենք պատրաստ ենք նոր համայքներ ևս ներառել  նոր նախկրթարանների ծրագրում”,- ասել է Ա. Աշոտյանը: Նախարարի խոսքով մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանում նախադպրոցական տարիքի երեխաների ներգրավվածությունը նախակրթական հաստատություներում  մոտ 50 տոկոս էր կազմում, այժմ այդ ցուցանիշը հասել է 70 տոկոսի: “Այս ծրագրի արդյունքում նախակրթարաններ են բացվել ոչ միայն մանկապարտեզներում, այլ դպրոցներում. այն գյուղական համայնքերը, որտեղ նախկինում երբևէ մանկապարտեզներ չեն եղել, նախակրթարանները գործում են դպրոցների այդ նպատակով առանձնացված հարկաբաժիններում”,- ասել է Ա. Աշոտյանն ու հույս է հայտնել, որ 2017-ին երբ ծրագիրը կհատի վերջնագիծը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը նախակրթարաններում կհասնի ավելի քան 90 տոկոսի:
Նախարար Ա. Աշոտյանի հաջորդ կանգառը մարզպետարանում էր, որտեղ նա հանդիպում է ունեցել մարզի դպրոցների տնօրենների հետ և Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ համատեղ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Դպրոցների ծանրաբեռնվածություն, կրթական ծրագրերի բովանդակություն, “Կայուն դպրոցական սնունդ” ծրագրի կազմակերպում. սրանք այն հարցերն էին, որոնց անդրադարձան մարզպետարանի խորհրդակցության ժամանակ:
Անդրադառնալով դպրոցների ծանրաբեռնվածության խնդրին՝ նախարարը նշել է, որ այս խնդիրը պայմանավորված չէ բացառապես դպրոցների ենթակառուցվածքներով. “Իհարկե խնդիրն ունի նաև օբյեկտիվ հիմքեր՝ կապված ժողովրդագրական խնդիրներով: Բայց ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է երկու՝ իրար կողքի գտնվող դպրոցներից մեկը լինել գերբեռնված, մյուսը ՝ թերբեռնված, երբ նրանք երկուսն էլ ֆինանսավորման նույն մեխանիզմով են գոյատևում: Դա նշանակում է, որ ծնողներն իրենց երեխաներին տանում են այն դպրոց, որն ավելի մեծ վարկանիշ ունի, որտեղ կրթության որակն ավելի բարձր է”, – խորհրդակցության ժամանակ նշել է նախարարը : Նախարարի խոսքով բոլորովին այլ է խնդիրը գյուղական դպրոցներում, որտեղ առաջնայինը ժողովրդագրական իրավիճակն է. “Պետությունը մաքսիմալ զերծ է մնալու դպրոցներ փակելու քայլից՝ սա քաղաքական մոտեցում է: Բայց առանձին դեպքերում մենք նման դպրոցներում ունենք մի իրավիճակ, երբ պետությունը մեկ երեխայի կրթության համար վճարում է չափազանց բարձր գին՝ դրա դիմաց ստանալով  կրթության ոչ համարժեք որակ”,- նշել է նախարարը:

Նա հանձնարարել է նախարարության աշխատակիցներին տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ ավագ և հիմնական դպրոցների աշակերտական համակազմի բեռնվածության և դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ:
Անդրադառնալով “Կայուն դպրոցական սնունդ ծրագրին”՝ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Վայոց ձորի մարզն այստեղ առաջատարներից է: Նախարարը, կարևորելով ծրագրի իրագործման արդյունավետությունը, նշել է, որ քննարկվում է և՛ տաք, և՛ սառը սնունդի տարբերակը. “Դպրոցն ինքը պետք է ընտրի, թե որ տարբերակն է ավելի նպատակահարմար: Պետությունը հետևողական և խիստ է լինելու, որ այս ծրագիրը հնարավորինս արդյունավետ կազմակրպվի: Մենք նպատակ ենք դնում, որ կրտսեր դպրոցի երեխան սնունդ ստանա”,- ասել է Ա. Աշոտյանը: Անդրադառնալով կրթական ծրագրերին ու չափորոշիչներին, նախարարը մտահոգիչ է համարել, որ ներկայումս հումանիտար և հասարակագիտական առարկաների ավելացման պատճառով, խորհրդային տարրների համեմատությամբ, բնագիտական առարկաների ծավալը դպրոցական դասացուցակում նվազել է մոտավորապես 30-40 տոկոսոով. “Սա շատ լուրջ մարտահրավեր է, որի հետևանքը մենք հետագայում զգալու ենք տնտեսության վրա: Հետագա տարիներին մենք փորձելու ենք այս անհամաչափությունը վերացնել՝ վերանայելով ծրագրերը”,- նշել է նախարարը:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի այցն ավարտվել է  Վայքի ավագ դպրոց այցելությամբ: Նախարար Ա.Աշոտյանն ու մարզպետ Է. Ղազարյանը ծանոթացել են հիմնանորոգումից հետո դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին՝ վերազինված համակարգչային դասարան, կրակային վարժասարքով հագեցած նախնական զինվորական պատրաստության կաբինետ: Ավագ դպորցը, որտեղ երկու տարի առաջ պայմանները խիստ անմխիթար էին, այժմ ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ որակյալ ժամանակակից կրթություն կազմակերպելու համար: Վայքի ավագ դպրոցը նորոգվել է պետական բյուջեի միջոցներով: ՀՀ ԿԳ նախարարը լրագրողների հետ հարցուպատսախանի ժամանակ շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն կարևորում է մարզերում և մայրաքաղաքում կրթության հավասար պայմանների ապահովումը:

Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով. ՀՀ վարչապետ

11274_am_6Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Արարատի մարզի Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է համայնքների գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին՝ ծանոթացել նրանց հուզող խնդիրներին և պատասխանել հետաքրքրող տարբեր հարցերի:
Դիմելով գյուղացիներին՝ վարչապետը նշել է, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: «Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է: Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու՝ ինչպիսի խնդիրներ կան»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով՝ կառավարության գործելաոճը «խոստում և իրականացում» սկզբունքի ներքո է լինելու: Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղացին ևս պետք է ընդունի, որ առկա խնդիրների լուծման համար ժամանակ և ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ: «Միաժամանակ, յուրաքանչյուր համայնք պետք է իմանա, թե հստակ ժամանակացույցով երբ է իրականացվելու տվյալ ծրագիրը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ֆինանսական ռեսուրսներ հայթայթենք՝ խնդիրներին լուծումներ տալու համար»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով ցրտահարության պատճառած վնասներին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի, կիսով չափ՝ ոռոգման ջրի վարձը, իրականացվում են նաև վարկերի տոկոսադրույքների մարման ժամկետների երկարաձգման աշխատանքներ, պարարտանյութի, դիզվառելիքի և սերմացուի սուբսիդավորման ծրագրեր:
Խոսելով կառավարության առաջիկա ծրագրերի վերաբերյալ՝ վարչապետը նշել է, որ դրանք ուղղվելու են մարզերում կոոպերացիաների, ենթակառուցվածքների զարգացմանը: Քննարկվելու է գյուղացիներին երկար ժամկետայնությամբ և ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման ուղղությամբ ծրագրերի իրականացման հարցը:
Վերին Արտաշատ և Նորաշեն համայնքների բնակիչները վարչապետի հետ զրույցում բարձրացրել են նաև ամբուլատորիայի, ոռոգման ջրի համակարգի վերակառուցման և ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին առնչվող հարցեր: Հովիկ Աբրահամյանը խոստացել է քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:
Միաժամանակ, վարչապետը խոստացել է հանձնարարել կառավարության անդամներին՝ քննարկել խաղողի մթերման գնի բարձրացման հարցը վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
Համայնքների բնակիչները շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

կրթաթոշակՀայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2014-2015թթ. նոր ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ
ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ): Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունը դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։ Տե՜ս http://www.aefweb.org/scholarships/?page_id=909

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել կայքից, և 2014 մայիսի 12-ից մինչև հունիսի 13-ը (10:00-ից մինչև 13:00-ը )  կամ  ներկայացնել  ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ ( Մաշտոցի 13, Դերասանիտուն)  կամ  օն-լայն ուղարկել [email protected] հասցեին:

Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 10:00-ից մինչև 13:00-ը (374 10) 53-14-85 (զանգեն միայն ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  և ոչ թե ծնողները )   կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստով:

Դիմումները ևս պետք է  ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ առավոտյան 10:00-իցմինչև 13:00-ը :

 

Հավատարմագրում. Փորձագետները կայցելեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

տնտեսագիտականՀավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկում է փորձագիտական խմբի այցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Մայիսի 5-14-ը փորձագիտական խումբը կայցելի ՀՊՏՀ Երևանյան կրթահամալիր, Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղեր,  որտեղ  ուսումնասիրություններ կկատարի`հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա: Խումբը հանդիպում-քննարկումներ  կունենա  բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ:

Մինչ այս բուհն արդեն ներկայացրել է ինքնավերլուծություն ըստ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) մշակած ձևաչափի, փորձագիտական խումբն էլ ուսումնասիրել է այն:

Այցից հետո  փորձագիտական խումբը կամփոփի այցելության արդյունքները, խմբի ղեկավարը վերջնական զեկույց կներկայացնի, որի հիման վրա էլ կկազմվի բուհի հետագա բարելավման պլանը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Հանձնաժողովի ղեկավարն է ՀԱԱՀ ամբիոնի վարիչ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Ամիրյանը: Միջազգային փորձագետը Լեհաստանից է.   տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միեչիսլավ Սոխան Լեհաստանի հավատարմագրման հանձնաժողովի փոխնախագահն է:

Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Եթե իշխանությունը վատն է, պետք է փոխել, ոչ թե թողնել ու հեռանալ հայրենիքից. Արտակ Մովսիսյան

Արտակ Մովսիսյան

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչությանը

Վերջերս կայացավ Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր  թագուհիներ» գրքի շնորհանդեսը: Այս առիթով «Անկախը» զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտակ Մովսիսյանի հետ:

– Պարոն Մովսիսյան, երբ մարդիկ լսում են «10 հայ ականավոր թագուհիներ», սովորաբար հաջորդում է հարցը` ի՞նչ է, մենք այնքան թագուհի ունեցե՞լ ենք, որ դրանց թվում էլ ականավորներ լինեն: Ձեր գիրքն այս հարցին ի՞նչ պատասխան է տալիս:

– Իսկապես, անգամ պատահել է, որ պատմության ֆակուլտետն ավարտած մարդիկ, որ թվում է, թե պետք է իրազեկ լինեն, նման հարց են տվել: Ցավոք սրտի, թագուհիների թեման մեզ մոտ անարդարացիորեն վատ է ներկայացված: Մեզ անվանապես հայտնի է 65 թագուհի: Գրքի վերջում ամբողջական ցանկը ներկայացված է:
Իհարկե, ունենք նաև տեղեկություններ այլ թագուհիների մասին, որոնց անունները չեն պահպանվել: Օրինակ` գիտենք, որ Արտավազդ Երկրորդի կինը նրա հետ գերի տարվեց Եգիպտոս, ամուսնու հետ վեհանձն պահվածք դրսևորեց, և միասին էլ մահապատժի ենթարկվեցին: Սակայն նրա անունը հայտնի չէ:
Սա մեր ազգային, պետական, հասարակական անփույթ վերաբերմունքն է անցյալի նկատմամբ: Հայ կնոջ կերպարը պատմության մեջ շատ վատ է ներկայացված:
Այսօր երկու ծայրահեղությունների առաջ ենք կանգնած. մի կողմից` արևելյան, չադրայավոր, ազատությունից զուրկ կնոջ կերպարը և մյուս կողմից` արևմտյան, բարոյական սահմաններից դուրս ազատություններով կնոջ կերպարը: Մարդիկ մտածում են այս երկուսի միջև ընտրելու մասին, այն դեպքում, երբ ունենք մերը` ազատ, պարկեշտ, առաքինի և հասարակությունում ու ընտանիքում իր տեղն ունեցող կնոջ կերպարը: Մեզ պետք է այդ կնոջ կերպարը վերականգնել, և այդ առումով թագուհիների կերպարները կարևոր նշանակություն կարող են ունենալ:

– Ի՞նչ դեր է ունեցել հայ կինը պատմության և հայ իրականության մեջ:

– Կնոջ դերը հայ իրականությունում միշտ մեծ է եղել` նախաքրիստոնեական ժամանակներից սկսած: Ապացույցը մեր դիցարանն է, որտեղ բոլոր աստվածուհիներն այնքան սիրված են եղել, որ նրանց պաշտամունքը շարունակվել է անգամ քրիստոնեության օրոք: Օրինակ` Վարդավառը, որ Աստղիկ դիցուհու տոնն է եղել:
Եթե փորձենք ընդհանուր հայացք գցել մեր պատմության վրա, կտեսնենք, որ մինչև XIV դարը ներառյալ, երբ թագավորություններ ու իշխանություններ ենք ունեցել և օտար տիրապետությունների ազդեցությունը չկա, կնոջ դերը մեծ է: Այս առումով բոլորին խորհուրդ կտամ կարդալ Վարդան Հացունու «Հայուհին պատմության առջև» գիրքը:
Ստրկացված, չադրայով կնոջ կերպարն աղերս չունի հայ կնոջ կերպարի հետ: Որպես ապացույց ուսումնասիրեք մանրանկարները, բոլոր տեղերում կանայք պայծառ կերպարներ են` դեմքը բաց, որոշ տեղերում` նաև թևերը բաց:

գիրք– Պարոն Մովսիսյան, կներկայացնե՞ք, թե ինչպես առաջացավ նման աշխատություն ստեղծելու մտահղացումը:

– Դեռ ուսանողական տարիներից նման միտք եղել է: Երբ ուզում ես որպես կատարելատիպ ներկայացնել անցյալի քաղաքական գործիչներին, ո՞ւմ պետք է ընտրես: Այս մատենաշարի իմ նախորդ գրքում` «10 հայ ականավոր արքաներ», ես առանձնացրել և հրատարակել եմ 10 ականավոր թագավորների: Բնականաբար, այդ ժամանակ մտածում ես նաև թագուհիների` պետության մեջ բարձրագույն դիրք զբաղեցնող կնոջ մասին:
2009-ին «Զանգակ» հրատարակչության հետ սկսեցինք գիտահանրամատչելի հայագիտական հրատարակությունների շարք: Առաջինը «10 հայ ականավոր արքաներ» գիրքն էր, որը բավականին մեծ հաջողություն ունեցավ և այնքան լավ արձագանքներ, որ հրատարակչության նախաձեռնությամբ 2012-ին այն հրատարակվեց հայերեն, ռուսերեն և անգլերեն: Այդ շարքից 2011-ին հրատարակվել էր «Արևմտյան Հայաստանի 10 ուխտավայրեր» գիրքը:
Քանի որ արքաների գիրքն այդքան լավ արձագանք գտավ, որոշեցի իրականացնել դեռ ուսանողական տարիներից եղած մտադրությունս ու անդրադառնալ թագուհիներին: Ընտրվեց տասը թագուհի, բայց որպեսզի մյուս թագուհիների մասին էլ հնարավորինս շատ տեղեկություններ լինեին, այսպես կառուցեցինք գիրքը. ամեն բաժին մի թագուհու անուն է կրում, բայց ներկայացված են նյութեր այդ թագուհուց առաջ և հետո եղած տվյալ արքայատոհմի բոլոր հայտնի թագուհիների մասին:
Գրքի նպատակն է հանրությանն ավելի լայնորեն ծանոթացնել մեր թագուհիներին, նաև թագուհիների թեման մտցնել շրջանառության մեջ: Սա առիթ կլինի, որ նրանց վերաբերյալ ավելի շատ ուսումնասիրություններ և քննարկումներ լինեն, դրանով իսկ սա կարևոր քայլ կլինի հայ կնոջ պատմական կերպարի վերականգնման ճանապարհին:

– Ընթերցողը գրքից ի՞նչ դաս կքաղի:

– Նախ` կծանոթանա մեր թագուհիների սքանչելի կերպարներին, կհասկանա, թե ինչպիսին է եղել հայոց թագուհին (գրքի վերջում մեկտեղված են մատենագրության մեջ հայոց թագուհիներին տրված գնահատականները): Ինչ էլ քաղի` մեծ օգուտ է, քանի որ հպարտության արժանի թագուհիներ ենք ունեցել: Ամեն հայ աղջկա մեջ մեր թագուհիների կերպարից ինչ էլ մտնի` ազգովին շահելու ենք:

– Ինչո՞վ կպայմանավորեք, որ նման ականավոր թագուհիներ ունենք, սակայն թե՛ դպրոցական դասագրքերում, թե՛ առօրյայում նրանք անտեսված են:

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչությանը

Լուսանկարը` «Զանգակ» հրատարակչությանը

– Մեր անփութության պատճառով է: Միայն թագուհիների մասին չէ, մենք ունենք շատ-շատ մեծ արժեքներ, որոնք չենք գնահատում: Ընդհանրապես մենք տառապում ենք թերարժեքության և գերարժեքության բարդույթներով, որոնք հավասարապես վնաս են պատճառում. եղած արժեքներին տեր չենք կանգնում և ընկնում երկու ծայրահեղության մեջ: Շատ եմ առիթ ունեցել ասելու` մենք ունեցել ենք թագուհիներ, որպիսիք ամեն երկիր պատիվ կհամարեր ունենալ: Օրինակ` Զաբել թագուհին` Լևոն Երկրորդի դուստրը: Սիրված ու պաշտամունքի հասցված անձնավորություն է: Իր միջոցներով հիմնած և ժողովրդի համար անվճար գործող հիվանդանոցում ինքն էր խնամում անտեր հիվանդներին: Եթե այսօրվա որևէ զարգացած երկիր նման թագուհի ունեցած լիներ, տասնյակ գրքեր կհրապարակեին նրա մասին, ֆիլմեր կնկարեին, գիտաժողովներ կկազմակերպեին: Իսկ մեզ մոտ այդ թագուհու մասին գրեթե ոչինչ չգիտենք:
Մեկ այլ օրինակ. դասագրքերում էլ գրվում է, որ Հաղպատն ու Սանահինը կառուցել է Խոսրովանույշ թագուհին` Աշոտ Երրորդ Ողորմածի կինը, Հաղպատ գնացող ամեն անձ կարող է անցնել Խոսրովանույշի քանդակի կողքով ու չիմանալ, որ դա թագուհու քանդակն է, գոնե մի վահանակ չկա դրված:
Ոչ մի բան չի խանգարում, որ դասագրքերում փոքրիկ հատվածներ ներառենք նաև թագուհիների արած գործերի մասին:
Սա բոլորիս մեղքն է: Մենք թերանում ենք, հետո դժգոհում հայի բախտից:

– Շնորհանդեսի ժամանակ կարծիք հնչեց, որ տղամադիկ են գրել պատմությունը և կանանց դուրս են թողել պատմությունից: Նման պայմաններում դժվար չէ՞ր նյութեր հավաքել գրքի համար` նվիրված միայն կանանց:

– Ժողովրդական խոսքն էլ ասում է`տղամարդը տան դրսի պատն է, կինը` ներսի: Երբ տանը դրսից ես նայում, դրսի պատն է երևում, բայց, անշուշտ, եթե ներսի պատերը չլինեն` տունը տուն չի լինի: Պատմիչները վկայություններ են թողել երկրի կարևորագույն դեպքերի մասին, որոնք միշտ կապվել են թագավորի անվան հետ: Այն դեպքում, երբ թագավորը չկա` թագուհին է դառնում երկրի առաջին դեմքը: Օրինակ, երբ Արշակ Երկրորդը գերվեց, Փառանձեմ թագուհին դարձավ առաջին դեմքը, և նրա մասին բազմաթիվ վկայություններ կան:
Անշուշտ, դժվարություններ ունեցել ենք նյութի հետ կապված, քանի որ այն շատ չէ, բայց քիչ էլ չէ: Պարզապես եղած նյութը պետք է հավաքել և ճիշտ մատուցել:

– Ինչպիսի՞ն է եղել հանրության արձագանքը գրքին:

– Օր չի լինում, որ մի քանի ջերմ արձագանք չլինի. դրսում են մոտենում, ծանոթները զանգում են, համացանցում եղան շատ բուռն արձագանքներ: Դեռ բացասական արձագանք չի եղել: Եղել են հետաքրքիր դիտարկումներ, թե օրինակ` այս թագուհու մասին այս առումով կարելի էր ավելի մանրամասն գրել:
Գիրքը նաև հարուստ պատկերազարդված է, տեղադրվել են բարձրաշխարհիկ հայ տիկնանց զարդերի պատկերները` գտնված Հայկական բարձրավանդակից: Նպատակս էր նաև նպաստել ոսկերչական մշակույթի վերականգնմանը: Սա ևս դիտարժան է դարձնում գիրքը:

– Գիրքն այլ լեզուներով հրատարկվելո՞ւ է:

– Կարծում եմ` այո: Հրատարակչության տնօրենն էլ տպավորված է արձագանքներով: Կարծում եմ, որ սա էլ «10 հայ ականավոր արքաների» նման եռալեզու հրատարակություն կունենա:

– Հաջորդիվ ընթերցողին ի՞նչ եք ներկայացնելու, շարքը շարունակվելո՞ւ է:

– Հաջորդ նպատակը հայկական 10 արքայատոհմերը ներկայացնելն է:
20 տարուց ավելի է, հռչակել ենք անկախություն, բայց մեր պետությունը շատ առումներով կայացած չէ: Կայացած պետություն ստեղծելու համար պիտի պատրաստ սերունդ ունենալ: Եթե աճող սերնդին ճիշտ գաղափարներով չսնենք` վաղը մեր պետությունն ավելի անկատար կլինի: Ճիշտ արժեհամակարգով դաստիարակված հայ մարդը երբեք իր ազգային արժեքները չի ստորադասի: Շարքը` թագուհիներ, թագավորներ, արքայատոհմեր, նպաստում են պետականության գաղափարն ամրապնդելուն:
Տխուր վիճակագրություն ունենք. 1990-ականներին, երբ երկրի վիճակը վատացավ, 3 մլն-ից մեկ մլն-ը լքեց երկիրը: Մի՞թե ծնողներիդ թողնում ու հեռանում ես, եթե նրանց վիճակը վատ է: Մեղադրանք չէ սա, քավ լիցի: Սա ուղղակի տխուր փաստ է: Աստված չանի, եթե վաղն էլի վատանա, հարց է, թե եղած բնակչության որ մասը ևս կթողնի կհեռանա: Հասկանում եմ, սոցիալ-տնտեսական շատ խնդիրներ կան, բայց կա նաև անհատի խնդիրը, եթե անհատը որոշակի արժեհամակարգի կրող է, կարող է դիմակայել ծանր պայմաններին: Եթե իշխանությունը վատն է, պետք է փոխել, ոչ թե թողնել ու հեռանալ հայրենիքից: Ճիշտ արժեհամակարգով դաստիարակված անձն այդպես կմտածի:

Եվրոպայի մահմեդակաները պահանջում են իսլամը ճանաչել պաշտոնական կրոն

Վիենայում Ժողովրդավար ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի կողմից անցկացվել է  «Իրավապահական քայլերը իսլամաֆոբիայի հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարում» թեմայով կոնֆերանս: Հաշվի առնելով Եվրոպայում իսլամաֆոբիայի հետևանքով հանցագործությունների թվի աճը՝ կոնֆերանսի մասնակիցները քննարկել են համապատասխան օրինագծի ընդունման հարցը, որը կերաշխավորի իսլամԵվրոպայում ապրող  մահմեդակաների իրավահավասարությունը և կկանխի նրանց նկատմամբ ատելության պատճառով տեղի ունեցող հանցագործությունները:

Կրոնի հարցերով ավստրիական վարչության ղեկավար Ֆուադ Սանաչը նշել է, որ  մահմեդակաների նկատմամբ թշնամական վերաբերմունքի պատճառը այն է, որ իսլամը իրավաբանորեն չի ճանաչվում որպես կրոն: Այսինքն առաջ է քաշվում եվրոպական բոլոր երկրներում իսլամը պաշտոնական կրոն ճանաչելու հարցը:
Անկախ

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իրան

 Էդվարդ Նալբանդյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Զավադ Զարիֆի հրավերով,  մայիսի 5-6-ը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան։

Այցելության ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Իրանի օրենսդիր և գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացացուչների հետ։

Հակառակորդն այսօր կրակ է բացել Այգեպարի ուղղությամբ՝ գյուղում ակտիվություն նկատելով (լուսանկարներ)

10176128_736817146340877_6655964378780594212_nԱյսօր առավոտյան հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ:

Այգեպարի բնակիչ Դավիթ Արզումանյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ կրակահերթերն ինտենսիվ բնույթ չեն կրել, տևել են մոտ 20 րոպե: <<Երևի տեսել են, որ դպրոցի մոտ մեծ թվով մարդիկ են հավաքված, լրագրողների մեծ խումբ կար Այգեպարում, դրա համար կրակել են>>,-նշել է նա:

10253760_736817026340889_8986482983837033394_nԱյս անգամ հակառակորդը զերծ է մնացել խոշոր տրամաչափի զինատեսակներ օգտագործելուց, կրակել է ավտոմատից: Այս պահին, գյուղում խաղաղ է: <<Էնա վեր վախենք, Երևան կքյնանք, էլի>>,-ի պատասխան հարցի՝ ասել է այգեպարցի Առաքել Անիկյանը, որն իր համագյուղացիների հետ այդ պահին թղթախաղով է զբաղված եղել՝ ուշադրություն չդարձնելով ընդամենը մի քանի մետր այն կողմ ադրբեջանական դավադիր դիրքապահներին:

10171284_736817073007551_6885695130341321589_nԻսկ մոտ երկու շաբաթ առաջ տեղի ունեցած գնդակոծության հետևանքով տուժել են Այգեպարի գրեթե բոլոր տները:

10267768_736817176340874_3310733751287014833_nՏիկին Զալվարդն իր երկամյա թոռնիկի հետ հյուրասենյակում նստած հեռուստացույց դիտելիս է եղել, երբ հակառակորդի կրակահերթերը պատշգամբից մտել են խոհանոց, խոհանոցից՝ հյուրասենյակ ու նստածների դիմացով անցել, մտել միջանցքի պատի մեջ:

Տավուշցիներին, սակայն, տագնապի մեջ են պահում ոչ միայն անկանխատեսելի գնդակոծություններն, այլև Իջևանին ու Երևանին կապող միակ բարեկարգ հանրապետական նշանակության Պառավաքար-Վազաշեն ճանապարհի վերևի սարին դիրքավորված ադրբեջանական դիրքապահները:

Չնայած դրան՝ տավուշցիները շարունակում են երթևեկել այդ ճանապարհով: <<Եթե չգնանք-գանք, կգան ճամփեն վեր կունեն, պետք ա գործի ճանապարհը, այլընտրանք չկա>>,-կարծում են տավուշցի վարորդները:

10343539_736816259674299_6843693007739807670_nՆրանք անծանոթ երթևեկողներին ճանապարհվելուց առաջ նախապատրաստում ու կողմնորոշում են՝ Պառավաքարն անցար՝ երկրորդ ոլորանն ա, մի վեց հարյուր մետր տեղ ա, արագ կքշես…

 

Անկախ

Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում

պն,զորամասՄայիսի 3-ին ՀՀ  պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ հյուսիս-արևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում:

Պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջայց է կատարել զորամասի տարածքում, հետևել զորամասի առօրյային, մարտական պատրաստության միջոցառումների կատարմանը: Սեյրան Օհանյանը ծանոթացել է նաև զորամասի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասի առանձնահատուկ ուսումնասնյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը:

Այցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ և սահմանել դրանց կատարման հստակ ժամանակացույց:

Անկախ

Ալեքսանդր Թամանյանի ցուցահանդեսը` Վարդենիս քաղաքում

Ալեքսանդր ԹամանյանԱպրիլի 29-ից սկսած` Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի տանն անց է կացվում Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործությունների ցուցահանդես:

Կազմակերպիչն ականավոր ճարտարապետի ծոռն է` Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են ոչ միայն Թամանյանի ճարտարապետական նախագծերը, այլև աշխատանքային գործիքներ, կենսագրական լուսանկարներ և այլն: Ցուցահանդեսն ուղեկցվել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանի` Թամանյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմով:

Հայաստանի հեռավոր այս քաղաքում մեծ ճարտարապետի կյանքի ու ստեղծագործության լուսաբանումը ճանաչողական, ուսուցողական, ինչպես նաև սահմանամերձ քաղաքի մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակ ունի:

Ցուցահանդեսի ամենաակտիվ այցելուներն են դպրոցահասակ երեխաները, որոնց համար այս ցուցահանդեը ճարտարապետին բացահայտելու հիանալի հնարավորություն է:

Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը խորին շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին` հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները քաղաքում շարունակական կլինեն, քանի որ մշակութային կյանքը չպետք է կենտրոնանա միայն մայրաքաղաքում, այլ պետք է ներառի նաև հեռավոր շրջանները` զարգացնելով նաև մարզային ու համայնքային մշակութային կյանքը:

Ցուցահանդեսի փակումը տեղի կունենա վաղը` մայիս 4-ին:

 

Անկախ

 

 

 

Գողություն` տատիկի ննջասենյակից

գողությունՄայիսի 2-ին, ժամը14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1925 թ. ծնված Փիրուզ Ս.-ն և հայտնել, որ աղջիկը կոտրում է տղայի տան դուռը:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ թոռը կամ դուստրը մտել են իր ննջասենյակ և գողացել իրեն պատկանող 400.000 դրամը և 200 ԱՄՆ դոլարը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը բերման է ենթարկվել կնոջ թոռը և խոստովանել, որ ինքն է գողացել նշված գումարները:
Կատարվում է հետաքննություն:

 

Անկախ

Գաբրիել Ղազարյանը` սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

загруженное (1)ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 3-ին, հրամանագիր է ստորագրել` Գաբրիել Ղազարյանին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար նշանակելու մասին:

 

Անկախ

Պայթյուն գազալցակայանում

պայթյունՄայիսի 2-ին, ժամը 16.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 1/6 հասցեում գտնվող գազի լցակայանից, ձախ դաստակի պատռած վերքով, բուժօգնության է տեղափոխվել նույն լցակայանի լիցքավորող, 1985 թ. ծնված Կարեն Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.20-ին, նշված գազալցակայանում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ խողովակը պայթել և վնասել է լիցքավորողի ձախ դաստակը և ավտոմեքենայի հետնամասը:
Կատարվում է նախաքննություն:

Դանակը երեխայի պարանոցին պահելով` սպառնացել է, որ իրեն մոտենալու դեպքում երեխային կսպանի և կնետի ձորը

ոստիկանություն3Մայիսի 1-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքից Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի, 1969 թ. ծնված Կամո Ս.-ն (հոգեկան հիվանդ) իր ազգականի 2 տարեկան որդուն գրկելով` կանգնել է Ծովասար գյուղում գտնվող ձորի եզրին և ձեռքին եղած դանակը երեխայի պարանոցին մոտեցնելով` սպառնացել, որ իրեն մոտենալու դեպքում երեխային կսպանի և կնետի ձորը:

Կամո Ս.-ի գործողությունները կանխվել են ոստիկանության ծառայողների կողմից:
Դանակն առգրավված է:
Նշանակվել է փորձաքննություն:

Կամո Ս.-ն բերման է ենթարկվել բաժին` հոգեբուժական հիմնարկ տեղափոխվելու համար:
Կատարվում է նախաքննություն:

 

Անկախ

Բանդայի նոր գործը՝ դատարանում

03.05.14«Տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով» ստեղծված բանդայի գործով ավարտվել է նախաքննությունը և ուղարկվել դատարան:
Գործով մեղադրյալներն ընդհանուր առմամբ 9-ն են, որոնցից 4-ին՝ ի թիվս այլ մեղադրանքների, առաջադրվել է բանդիտիզմի մեղադրանք, մասնավորապես, մեկ մեղադրյալի` բանդա ստեղծելու ու  ղեկավարելու, ևս երեքին՝ բանդայում մասնակցության մեղադրանքներ:
Այսպես, ըստ մեղադրանքի՝ 27-ամյա Ռաֆայելը Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով ստեղծել և անձամբ ղեկավարել է կազմակերպված զինված խումբ՝ բանդա: Դրա  կազմում, ըստ մեղադրական եզրակացության, նա  2012 թվականի սեպտեմբերին ընդգրկել է Տիգրանին, հետագայում նաեւ` Հայկին ու Կարենին։
«Ռաֆայելի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած բանդայի անդամները՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայելի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի ու դրանց աշխատակիցների նկատմամբ վազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12 մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկավաղ հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121»  մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Կազմակերպված զինված խմբի հարձակումները չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ «բանդայի անդամներից Կարենը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն»: Դատելով մեղադրական եզրակացությունից՝ խմբի մյուս անդամները սպանության դիտավորություն չեն ունեցել:
Ըստ գործի նյութերի՝ բանդայի անդամ Տիգրանը բանկերից մեկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից գումարներ հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել կնոջ` հիշյալ բանկի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտայի հետ, ով ի պաշտոնե վերապահված գործառույթներից ելնելով՝ հասանելիություն է ունեցել ավանդատուների բանկային տվյալներին։
«Հանցավոր մտադրության համաձայն՝ Տիգրանն էդիտայի հետ խմբով, նախնական համաձայնությամբ՝ 2012 թվականի հուլիսի 31-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 309.477.642 ՀՀ դրամին համարժեք 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Մնացականն օժանդակել է 2012 թվականի նոյեմբերի 19-ից 2013 թվականի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում էդիտայի և վերջինիս ամուսնու՝ Տիգրանի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 46.788.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարի և 5.970.000 ՀՀ դրամի հափշտակությանր, ինչպես նաև 2012 թվականի դեկտեմբեր ամսին ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա՝ ապօրինի իրացրել է զենք և ռազմամթերք:
Գոհարը, առաջադրված մեղադրանքի համաձայն, եւս օգնել է էդիտային և վերջինիս ամուսնուն ավանդատուների հաշվեհամարներից գումարների հափշտակությանը, բայց արդեն 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Հափշտակված գումարը կազմում է 73.169.992 ՀՀ դրամին համարժեք 119.900 ԱՄՆ դոլար և 23.923.795 ՀՀ դրամ։
Վահեն մեղադրվում է այն բանի համար, որ ամուսիններին 2013 թվականի մարտի 14-ին օժանդակելու մեջ, որի արդյունքում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 12.428.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար։
Մառլենը, ըստ մեղադրանքի, Էդիտային եւ նրա ամուսնուն օժանդակել է 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի ապրիլի 30-ն ընկած ամանակահատվածում՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների աշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 65.858.153 ՀՀ դրամին համարժեք 147.740 ԱՄՆ դոլարի և 5.505.000 ՀՀ դրամի հափշտակությանը:
Այսպիսով՝ Ռաֆայելին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով՝ բանդա ստեղծելը, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առողջությանը ծանր վնաս պատճառելով՝ ավազակություն, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով՝ ավազակություն:
Տիգրանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, որ կատարվել է համակարգչային տեխնիկայի  օգտագործմամբ, 222-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բանդայում մասնակցությունը, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հայկին մեղադրանք է առաջադրվել 222-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Կարենին՝ 222-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ ավազակությամբ կամ բանդիտիզմով սպանություն:
Մնացականը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակել, 235-րդ հոդվածի 1-ին մասով, Էդիտան` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գոհարը` 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Վահեն և Մառլենը՝ 38-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետով:
Առաջին 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երեք մեղադրյալի նկատմամբ՝ չհեռանալու ստորագրությունը:
«Փաստինֆո»

 

Հայաստանում մամուլի ազատությունը չափից ավելի շատ է. Աստղիկ Ավետիսյան

Վարդուհի Սիմոնյան, Աստղիկ ԱվետիսյանԱյսօր Մամուլի ազատության օրն է: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեցին ոլորտում երկար տարիների փորձ ունեցող կինովավերագրող, լրագրող Վարդուհի Սիմոնյանը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ-ի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:  ՙՙՍա միակ օրն է, երբ համերաշխության կոչ ենք անում և խոսում այն խնդիրներից, որոնք առկա են ոլորտում: Հայաստանում մամուլի ազատությունը չափից ավելի շատ է, այն առումով, որ լրագրողների մեծամասնությունը չճշտված փաստարկների հիման վրա հանդես են գալիս որակումներով և հոդվածաշարերով: Ուրեմն խնդիր կա նաև այդ ազատությանը սահմաններ դնելու՚՚,-ասաց Աստղիկ Ավետիսյանը:

DSC08730Ըստ նրա` հեռուստատեսությունը խնդիրների առումով տարբերվում է, քան որ այն պատկերային լրատվության միջոց է և կադրը, որ եթեր է դուրս գալիս կարող է հետաքրքիր զարգացում տալ` առանց խոսքի մեկ ամբողջ պատմություն դառնալ: ՙՙԴա նշանակում է , որ հեռուստատեսությունում աշխատող լրագրողները փաստարկված լրագրության կողմնակից են, այլ բան է իրադարձությունը միակողմանի ներկայցնելու հարցը՚՚,-նշեց Աստղիկ Ավետիսյանը:

 

Ի նշան գործընկերների հետ համերաշխության` Վարդուհի Սիմոնյանը հրաժարվեց նստել բանախոսի համար հատկացված տեղում և խորքային մեկնաբանություններ տվեց ոլորտում առկա խնդիրներին: Նա նշեց, որ ամբողջ աշխարհում զանգվածային լրատվական միջոցները կատարում են կառավարությունը վերահսկողի դեր, սակայն Հայաստանում այդ սկզբունքը համարյա թե չի գործում, ինչը ապացուցում է այն փաստը, որ բոլոր լրատավամիջոցներում խոսվում է վարկաբեկված այս կամ այն քաղաքական գործչի մասին, սակայն նրանք, այնուամենայնիվ, շարունակում են իրենց գործունեությունը: ՙՙՄենք սոցիոլոգիական գործիքներ ենք կիրառում և Հայաստանում առաջին անգամ հատ-հատ ուսումնասիրելու ենք ծրագրերը: Մենք կատարում ենք պրոֆեսիոնալ սոցիոլոգիական հարցումներ, տալու ենք դրանց մեդիա անալիզները, որ, ի վերջո, այնպիսի ծրագրեր իրականացվեն, որ հանրությանը օգուտ լինի: Եթե հանրությունը օգուտ չի ստանում ծրագրերից, մենք կպահանջենք կառավարությունից պատասխանել, թե ինչու են բյուջեի ֆինանսներով սնուցում տվյալ ծրագիրը՚՚:

Վարդուհի Սիմոնյանը ընդգծեց, որ ԶԼՄ-ի դաշտում որակյալ աշխատանք կատարելու համար անհրաժեշտ են լավ մասնագետներ, սակայն այդ մասնագետներին ձևավորելու առաքելությունը հայաստանյան բուհերը շատ դժվարությամբ և թերի են կատարում:

Անկախ