2014 թ. 3 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 442 միավոր հրազեն, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 211 միավորով : Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 13 միավոր միավոր օդամղիչ ու գազային հրազեն:
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված 442 միավոր հրազենից 27-ը` առգրավվել է, 41-ը՝ հայտնաբերվել, իսկ 374-ը` հանձնվել կամավոր:
Նշված 442 միավոր հրազենից 24-ը եղել է ատրճանակ, 50-ը` ինքնաշեն ատրճանակ , 19-ը` ինքնաշեն կրակող սարք, 22-ը` ինքնաձիգ, 4-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 310-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի հրացաններ, 11-ը` գործարանային եւ ինքնաշեն տարբեր տեսակի նռնականետ, 2-ը` գնդացիր:
Միաժամանակ հայտնաբերվել կամ առգրավվել է տարբեր տրամաչափի փամփուշտ 35843, 16.0 մետր դետոնացիոն քուղ, 82 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 164 նռնակ, 11 միավոր ինքնաշեն նռնակ, նռնակի 250 պայթուցիչ, 47 հատ պայթուցիկ սարք, 6.8 կգ պայթուցիկ նյութ, 22 հատ ական եւ արկ, 68 հատ ճայթիչ եւ այլն:
Հաշվետու ժամանակահատվածում Երեւան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 31 միավոր հրազեն:
Համաձայն ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի 2.1.1 կետի պահանջների` ապրիլի 3-ից մայիսի 3-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ոստիկանության տարածքային մարմինների ուժերով Հայաստանի Հանրապետության տարածքում անց է կացվելու օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2014» միջոցառման 1-ին փուլը:
10 վարորդ` ոչ սթափ վիճակում, 4 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 45 վարորդ փաստաթղթեր չի ներկայացրել
Ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 56 տրանսպորտային միջոց. 10 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 45 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:
Մայրաքաղաքը կկահավորվի նոր նստարաններով ու աղբամաններով
Հաստատված հայեցակարգի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են Երևանի արտաքին տեսքի բարեկարգմանն ու ձևավորմանն ուղղված աշխատանքները: 2014թ-ի ծրագրով այս տարի ևս բոլոր վարչական շրջանները կկահավորվեն հարմարավետ նստարաններով ու աղբամաններով: Մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած նորաոճ նստարանները կտեղադրվեն այգիներում, պուրակներում ու հանգստի այլ գոտիներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից սկիզբ առած այս գործընթացը մեծ սիրով ընդունվեց ինչպես երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի կողմից: Հարկ է նշել, որ 2012 և 2013 թվականների ընթացքում մայրաքաղաքը կահավորվել է նմանատիպ շուրջ 1200 նստարաններով ու ավելի քան 850 աղբամաններով: Մինչ ընթացիկ տարվա վերոնշյալ ծրագրի մեկնարկը այս օրերին թարմացվում են նախորդ տարիներին մայրաքաղաքում տեղադրված նստարանները: Համաձայն պայմանագրային պարտավորության, նստարաններն արտադրող ընկերությունն իր հաշվին, լաքապատման և ներկման միջոցով, վերականգնում է նստարանների արտաքին մաշված շերտերն ու կողային հատվածները: Ընկերության կողմից համանման աշխատանքներ են տարվում նաև նորաոճ աղբամանների թարմացման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«ՀԿԵ» ՓԲԸ մեկնաբանությունները Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողների ապրիլի 25-ին կազմակերպված ակցիայի վերաբերյալ
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողների կողմից 25.04.2014 թ. երկաթուղու աշխատանքի մասնակի խափանման հետ կապված «Հարավկովկասյան երկաթոիղի» ՓԲԸ-ն նպատակահարմար է գտնում որոշ պարզաբանումներ ներկայացնել հանրությանը:
Այս չթույլատված ակցիայի շրջանակներում աշխատողների նախաձեռնող խումբը պահանջել է աշխատավարձերի բարձրացում: Նրանք պնդում են, որ փետրվար-մարտ ամիսներին նրանց աշխատավարձը կրճատվել է, ինչպես նաև պահանջում են աշխատանքային պայմանների բարելավվմանը:
Առաջին հերթին հարկ ենք համարում նշել, որ 2014 թվականի մարտին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարների աշխատավարձերի աճը փետրվարի նկատմամբ կազմել է 51%: Այսպիսով, մեքենավարի աշխատավարձը կազմեց 280 000 դրամ, ինչն իր հերթին 18%-ով գերազանցում է 2013 թվականի մարտի ցուցանիշը:
Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում ընդգծել, որ 2014 թվականի առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է աշխատանքի ծավալների անկում 11,5%-ով, ինչը պայմանավորված է բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ: Դա իր հերթին բերեց նման իրավիճակին, երբ Գյումրու երկաթուղային հանգույցի 10 լոկոմոտիվային բրիգադները պահանջված չեն՝ համապատասխան աշխատանքի բացակայության պայմաններում:
Չնայած նման հանգամանքներին՝ Հարավկովկասյան երկաթուղին՝ լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն, չի դիմում աշխատողների կրճատման քայլերին, ընտրելով անձնակազմի պահպանման ուղին, և սպասելով ամառային սեզոնին նկատվող փոխադրումների աճին:
Հաշվի առնելով, որ 2013 թվականի և 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նկատվում է բեռնափոխադրումների հետ կապված աշխատանքի ծավալների կրճատում, Ընկերությունը որոշում է ընդունել կրճատել պարգևավճարները՝ աշխատողների թվի կրճատումից խուսափելու նպատալով: Օրինակ, ՀԿԵ-ի կենտրոնական վարչության անձնակազմին պարգևատումներ չեն վճարվում 2014 թվականի սկզբից:
Իսկ Գյումրու երկաթուղայի հանգույցում մարտ ամսվա արդյունքներով վճարված պարգևները կազմել են՝
- 0%՝ լոկոմոտիվային, վագոնավերանորոգման դեպոյի, ուղեմասի, գծային-կայարանային միավորման ղեկավարների, մասնագետների ու աշխատողների համար,
- 10%՝ լոկոմոտիվների ընթացիկ նորոգման ու տեխսպասարկման հետ կապված անձնակազմի համար,
- 12,5%՝ լոկոմոտիվների տեխսպասարկման կետում, օժանդակ տնտեսությունում, լոկոմոտիվային դեպոյի շահագործման, պահեստավորման արտադրամասում աշխատող անձնակազմի համար,
- 7,5%՝ վագոնավերանորոգման դեպոյի վագոնահավաք, անիվային, օժանդակ կետերի, անիվների վերանորոգման, ավտոմատ միացման արտադրամասերի աշխատողների համար:
Աշխատանքի պայմանների բարելավվման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ 2013 թվականին ավարտված վերանորոգումից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոն ժամանակակից մեքենաշինական համալիր է հանդիսանում: Շահագործման արտադրամասում ձևավորված են տեխկիկական ուսուցման սենյակներ, որոնք համալրված են անհրաժեշտ դասագրքերով և սարքավորումներով: Այսպիսով, լոկոմոտիվային բրիգադները հնարավորություն ունեն բարձրացնել մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:
Լիովին արդիականացված է բուժզննման կետը, ստեղծված են պայմաններ լոկոմոտիվային բրիգադների յուրաքանչյուր անդամի բժշկական սպասարկման համար:
Կոչ ենք անում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին տարաբնույթ խնդիրներ ունենալու պարագայում սեփական կարծիքը ղեկավարությանը ներկայացնելու համար դիմել ավելի զուսպ և երկաթուղայիններին ավելի արժանի մեթոդներին: Միայն նման ճանապարհով մենք կարող ենք համատեղ միջոցներով հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք ժամանակավոր բնույթ են կրում:
«Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն և 7 ոսկերչական ընկերություններ ստորագրեցին նոր տնտեսական գոտու պայմանագրեր
Այսօր «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում Ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն ՝ ի դեմս գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանի, և 7 ոսկերչական ընկերություններ կնքեցին համագործակցության պայմանագիր: Ստորագրման արարողությանը ներկա էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը:
Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ հանդիսացող «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն պարտավորվում է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի համար ամրագրված գործառույթները, այն է՝ սահմանված կարգով նախաձեռնել և ապահովել ազատ տնտեսական գոտում համապատասխան ենթակառուցվածքների ապահովումը և կառավարումը: Շահագործող կազմակերպությունն իր հերթին հայտնում է իր պատրաստակամությունն ազատ տնտեսական գոտում վարձակալել տարածք՝ ոսկերչության, ադամանդագործության և ժամագործության ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:
Պայմանագրեր ստորագրեցին ռուսաստանաբնակ Եկատերինա Գևորգյանին պատկանող ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, «Թանկարժեք» (Ռուսաստան), «Դուրուս» (ԱՄՆ), «Ալեքս» (Ալժիր), «Գոլդեն սոլուշնս» (Հորդանան), «Գոլդ Լիս» (ԱՄՆ), «Պեռլի» ընկերությունները: Նշված կազմակերպությունների արտահանման շուկաների աշխարհագրությունը ներառում է ՌԴ-ն, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Պակիստանը, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հոնկոնգը, Թաիլանդը, Ավստրալիան, Բրազիլիան, Բելգիան, Չեխիան, Հորդանանը և այլն:
Բացի վերոնշյալ ըկերություններից, մոտ օրերս կկնքվի պայմանագիր ևս մեկ ընկերության հետ, որն իր գործունեությունը կծավալի ադամանդագործության ոլորտում: Արդյունքում կստեղծվեն մոտ 100 աշխատատեղեր:
«Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը տեղեկացրեց, որ մայիս ամսին իրենք պատրաստվում են ոսկերչական ըկերությունների մի մեծ խմբի հետ ևս պայմանագրեր կնքել: Ապա կսկսվեն տարածքների պատրաստման համապատասխան տեխնիկայի և ինֆրաստրուկտուրաների ձեռքբերման աշխատանքները:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն էլ նշեց, որ «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» կազմակերության ներուժը շատ մեծ է, քանի որ այն համախմբում է աշխարհի բոլոր հայ ոսկերիչներին: Նոր ստեղծվող ազատ տնտեսական գոտին կդառնա ոսկերիչների համար ազատ գոտի, որտեղ կկարողանան ստեղծագործել և իրենց արտադրանքն արտահանել:
Անդրադառնալով արտահանման հիմնական շուկաներին՝ Տիգրան Հարությունյանը նշեց, որ մեր հիմնական շուկան Ռուսաստանն է, դրա համար էլ իրենք կարևորում են Մաքսային միությանն անդամակցությունը:
Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել
Ֆրանսիական Պլեսի Ռոբինսոն քաղաքի քաղաքապետարանի հարակից այգում, ի նշան քույր քաղաքների միջև բարեկամության, խաչքար է տեղադրվել: Տուֆակերտ խաչքարը Երևանի քաղաքապետարանի նվերն է քույր քաղաքին: Խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի պատվիրակության անդամները՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկն ու տեղական իշխանության այլ ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցել են նաև հարակից մի քանի քաղաքների քաղաքապետեր, Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ, նաև՝ Անդրանիկ Օզանյանի թոռնուհին: Հանդիսավոր արարողության մասնակիցները նշել են, որ այս միջոցառումը հերթական ապացույցն է երկու քաղաքների տարեցտարի ամրապնդվող բարեկամության: Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հրաշալի նվերի համար. «Ցավոք, մինչ այժմ մեր քաղաքում խաչքար չկար, և ես ուրախ եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նվերը լրացրեց այդ բացն ու մենք արդեն խաչքար ունենք, որը ոչ միայն հոգևոր, այլև մշակութային մեծ արժեք է»,- նշել է Ֆիլիպ Պեմեզեկը:
Ի դեպ, Պլեսի Ռոբինսոնն աշխարհի այն եզակի քաղաքներից մեկն է, որի քաղաքապետարանի առջև մշտապես ծածանվելու են Ֆրանսիայի ու Հայաստանի դրոշները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այսօր ԱԺ-ն խորհրդարանի նոր նախագահ կընտրի (ուղիղ եթեր)
Այսօր մեկնարկում է 5-րդ գումարման ԱԺ հերթական քառօրյան: Այսօր, բացի օրակարգային հարցերի քննարկումից, կընտրվի նաև ԱԺ նոր նախագահը:
Իշխող ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի`վարչապետ նշանակվելուց հետո ԱԺ նախագահի աթոռը թափուր էր մնացել:
Փրկարարները բացել են փակ դուռը
Անգլերենի դասընթաց ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների համար
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական ջոկատի անդամների համար Բրիտանական խորհուրդը կանցկացնի անգլերեն լեզվի դասընթացներ:
Անգլերենի իմացությունը ՄԱԿ-ի միջազգային որոնափրկարարական խորհրդատվական խմբի չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական թիմ ունենալու հիմնական նախապայմաններից է: Դասընթացները կմեկնարկեն մայիսին և կտևեն վեց ամիս: ՀՀ ԱԻՆ միջազգային փրկարարական ջոկատի անդամները կմասնակցեն 120 ժամ տևողությամբ ընդհանուր անգլերենի դասընթացի:
Նախորդ տարի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ Բրիտանական խորհուրդն անգլերեն լեզվի դասընթացներ է անցկացրել ՀՀ ռազմական կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար, իսկ ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ` ականազերծողների համար:
Դասընթացների նպատակն է անգլերեն լեզվի իմացության բարձրացման շնորհիվ նպաստել նրանց ներգրավմանը միջազգային ծրագրերում:
Բրիտանական խորհուրդն անգլերենի ուսուցման ոլորտում ունի ավելի քան 70 տարվա փորձառություն: Հայաստանում Բրիտանական խորհուրդն անգլերենի դասընթացներ է անցկացնում ընկերությունների, կրթական հաստատությունների և պետական կազմակերպությունների համար: 56 երկրում գործող 128 ուսումնական կենտրոնների շնորհիվ Բրիտանական խորհուրդը հայտնի է անգլերեն լեզվի ուսուցման իր նյութերով, փորձով ու վարկանիշով:
Վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Դավիթ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի և համագործակցության համար:
«Համոզված եմ, որ պարոն Խաչատրյանի գիտելիքներն ու փորձը կնպաստեն, որպեսզի մենք շարունակենք այն բարեփոխումները, որոնք իրականացվում են: Այս համակարգում մենք փորձելու ենք լուրջ կառուցվածքային փոփոխություններ կատարել: Ունենք լուրջ մարտահրավերներ և ես համոզված եմ, որ բոլորս միասին դրանք հաղթահարելու ենք»,– ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում հավաքվել է պրոֆեսիոնալ թիմ և համոզմունք հայտնել, որ նորանշանակ նախարարի առջև դրված խնդիրները կիրականացվեն:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Գագիկ Խաչատրյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Dasaran.am կրթական ծրագիրը կնպաստի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը
«Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Ստեփանակերտ, որտեղ իրականացրեց տեղի դպրոցների շուրջ 150 ներկայացուցիչների վերապատրաստման աշխատանքները: Աշխատանքները միտված էին օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Dasaran.am ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:
Լեռնային Ղարաբաղի դպրոցների ինտգերումը «Dasaran.am» կրթական ծրագրին ոչ միայն հասանելի կդարձնի հարթակի բոլոր կրթական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի աշակերտներին, այլև էապես կխթանի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցականների միջև շփումների և կապերի ակտիվացումը՝ նպաստելով միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը:
Հիշեցնենք նաև, որ ս.թ. ապրիլի 18-ին «Նոր Սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահ Սուրեն Ալոյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի միջև ստերագրվեց համագործակցության հուշագիր, համաձայն որի ԼՂՀ դպրոցները նույնպես կմիանան «Dasaran.am» կրթական ծրագրին:
Կրթական ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով թույլ է տալիս բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը: Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս կայքի միջոցով հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաև տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին: Այն ապահովում է նաև ուսուցիչների և ծնողների անմիջական կապը, իսկ կրթության պատասխանատուներին հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով վերահսկել կրթական գործընթացները դպրոցներում:
Կրթական հարթակի գլխավոր նպատակներից է նաև նպաստել ԼՂՀ-ում և Հայաստանում կրթության որակի բարձրացմանը: Այդ նպատակով կիրառվում են կրթելու նորարարական մեթոդներ՝ էլեկտրոնային ինտելեկտուալ և զարգացնող խաղեր, որոնք ինտերակտիվ մեթոդով երեխաներին օգնում են սովորել հայոց լեզու և գրականություն, պատմություն, աշխարհագրություն, ծանոթացնում են նրանց հայկական մշակույթին, սովորեցնում են պահպանել բնությունը և շրջակա միջավայրը, պատմամշակութային արժեքները և այլն: Միմյանց միջև մրցակցությունը խթանելու միջոցով սովորելը ապահովում է առավել արդյունավետ և հիմնավոր կրթություն: Բացի այդ կազմակերպվում են տարաբնույթ օլիմպիադաներ և մրցույթներ, որոնք նույնպես խթանում են երեխաների՝ գիտելիք ստանալու ձգտումը: Գործում է նաև հատուկ աշակերտների համար ստեղծված սոցիալական ցանց, որն օգնում է դպրոցականների միջև կապերի ակտիվացմանը՝ անկախ նրանց բնակության վայրից և զերծ է դպրոցականների համար վնասակար տեղեկատվությունից:
Փորձագետներն ուսումնասիրություն կատարեցին երկու բուհերում
Ավարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական երկու խմբերի այցելությունը Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ:
Այցելության 6 օրերի ընթացքում` ապրիլի 21-26-ը, փորձագետները հանդիպում-քննարկումներ ունեցան բուհերի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, ուսանողների, բուհերի շրջանավարտների, ինչպես նաև պոտենցիալ գործատուների հետ:
Մինչ այցելությունը բուհերը ներկայացրել էին ինքնավերլուծություն`ըստ «Որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) ներկայացրած չափանիշների: Այցելության ընթացքում հարց ու պատասխանի միջոցով փորձագետները պարզեցին նաև առանձին խմբերի կարծիքը առաջադրված հարցերի շուրջ:
Փորձագիտական խմբերում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Միջազգային փորձագետները Բելգիայից էին:
Այցից հետո փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկման արդյունքները: Խմբի ղեկավարը կամփոփի դրանք ու կներկայացնի վերջնական զեկույցը: Բուհը, զեկույցի և կից խորհրդատվության հիման վրա, պետք է մշակի իր հետագա բարելավման պլանը, որի իրագործումը սահմանված ժամկետում կնպաստի կրթության որակի բարձրացմանը:
Գործընթացի ավարտական փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշման հրապարակումը:
Կայուն ֆինանսական համակարգ . ԿԲ-ն դրական է գնահատում 2013 թ. գործունեությունը
Արդեն մի քանի տարի է` երկրի ֆինանսական համակարգը հնարավոր է դառնում պահել կայուն, իսկ ռիսկերը կառավարելի: Սակայն սա չի նշանակում, որ համակարգում խնդիրներ չկան կամ այն զերծ է արտաքին ռիսկերի ներգործությունից:
Ամփոփենք նախորդ տարվա արդյունքները: Երկրի ֆինանսական համակարգը գրեթե բոլոր ցուցանիշներով աճ է արձանագրել` միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը հնարավոր ռիսկերին դիմակայելու համար։ Էապես աճել է ֆինանսական միջնորդության մակարդակը, որը չափվում է վարկեր-ՀՆԱ և ակտիվներ-ՀՆԱ ցուցանիշներով: Տարվա ընթացքում աճ է արձանագրվել ինչպես արտահանման, այնպես էլ տրանսֆերտների ոլորտում: Ինչ վերաբերում է արտահանման ծավալներին, ապա դրանց աճը դրական ազդեցություն է ունեցել արտահանող ձեռնարկությունների վարկունակության վրա, իսկ մասնավոր տրանսֆերտների և գործոնային եկամտի աճի արդյունքում պահպանվել է դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների վարկունակությունը:
Շարունակում են աճել նաև դրամական փոխանցումները, որոնք դրական ազդեցություն ունեն ֆինանսական կայունության ապահովման վրա: Սակայն տրանսֆերտների կտրուկ անկման պարագայում, ըստ ԿԲ-ի աշխատակիցների դիտարկումների, հնարավոր է, որ որոշակիորեն աճի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող էական ազդեցություն թողնել երկրի ֆինանսական կայունության վրա: Մեր երկրի բանկային համակարգին չի կարող սպառնալ նաև ֆինանսական կայունության և վարկերի ծավալների նվազեցում գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության և ցրտահարության հետևանքով: ԿԲ ֆինանսական կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի մեկնաբանմամբ` այդ հանգամանքը կարող է որոշակիորեն ազդել մասնավոր հատվածի վարկային ռիսկերի բարձրացման վրա, բայց ոչ ընդհանուր ֆինանսական համակարգի, քանի որ գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում բավական փոքր է:
Ֆինանսական հաստատություններում բավական մեծացել է վարկային ռիսկը, ինչը, սակայն, այլ երկրների համեմատ կառավարելի և ցածր մակարդակում է: Բանկային համակարգը բավական իրացվելի է և կապիտալացված շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար։ Նախորդ տարվա համեմատ` բանկային համակարգի վարկերի աճի տեմպը դանդաղել է, ինչի արդյունքում ավանդների առաջանցիկ միտումների պահպանման պայմաններում էապես ավելացել է բանկային համակարգի իրացվելիությունը։
Եթե մի քանի տարի առաջ, որպես ֆինանսական կառույց, էական տեղ էին զբաղեցնում առևտրային բանկերը, ապա դրանց տեսակարար կշիռը համեմատաբար նվազել է` տեղը զիջելով վարկային և այլ կազմակերպություններին:
Միջնորդության մակարդակի բարձրացման շարունակականությունն Անդրանիկ Գրիգորյանը վերագրում է ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը: 2013 թ. բանկային համակարգի վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 40 տոկոս, իսկ առհասարակ ֆինանսական համակարգում այն կգերազանցի 46 տոկոսը, ինչը, ըստ բանախոսի, վերջին տարիների համար բավական մեծ ձեռքբերում է:
Այն գործոնները, որոնք կարող են ազդել ՀՀ տնտեսության և ֆինանսական կայունության վրա, առաջվա պես արտաքին են, այսինքն` համաշխարհային գործընթացներն են: Համաշխարհային տնտեսական աճի վերականգնումն արագացել է միայն տարվա երկրորդ կեսին, որը հիմնականում պայմանավորված է եղել ԱՄՆ-ի դրական մակրոտնտեսական զարգացումներով: Տնտեսական աճի դանդաղելու միտումը շարունակել է պահպանվել զարգացող երկրներում` նպաստելով մի շարք բորսայական ապրանքատեսակների պահանջարկի և գների ցածր մակարդակի պահպանմանը: Թեպետ այդ երկրներում տնտեսական աճի խթանմանն ուղղված աշխատանքներ են տարվել, ՀՀ հիմնական առևտրային գործընկեր որոշ ԵՄ երկրներում և ՌԴ -ում տնտեսական աճը սպասվածից ավելի թույլ է եղել:
Մեր երկրի տնտեսական աճի տեմպի վրա բացասաբար են ազդել մի շարք գործոններ, մասնավորապես, միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների և գների համեմատաբար ցածր մակարդակը, արդյունաբերության ճյուղի ոչ բավարար աճը, շինարարության ճյուղի ցածր ծավալները:
Դանդաղել է նաև բանկային համակարգի վարկերի աճի տեմպը: Բանկերում ակտիվների շուրջ 60 տոկոսը կազմում են վարկերը, որոնք համեմատաբար աճել են թե՛ բացարձակ մեծությամբ, թե՛ ՀՆԱ-ի մեջ: Նույն արդյունքներն են ցույց տրվել նաև բանկային համակարգի տնտեսությունից ներգրավված ավանդների շրջանում: Վերջին տարիների ընթացքում դրանց տեսակարար կշիռը ևս աճել է, ինչը, մի կողմից, պայմանավորված է համակարգի նկատմամբ վստահության մեծացմամբ, մյուս կողմից` հաճախորդների սպասարկման հնարավորությունների և ունակությունների բարձրացմամբ:
Ինչպիսի՞ն է չաշխատող վարկերի տեսակարար կշիռը: ԱՊՀ երկրների համեմատ` Հայաստանի բանկային համակարգի չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում բավական ցածր է, ինչը, ըստ ԿԲ ներկայացուցչի, ֆինանսական համակարգի կայունության արդյունք է: Ինչ վերաբերում է վարկերի ժամկետայնության կառուցվածքին, ապա այս առումով ևս միտումները գոհացնող են: Մինչև 1 տարով վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկերի թվում էականորեն նվազել է: Մեծացել է երակարաժամկետ վարկավորումների ծավալը, որը ներառում է տարատեսակ վարկեր, այդ թվում` հիփոթեկային, բիզնես, սպառողական և այլն: Արձանագրվել է բանկային համակարգի շահութաբերության մակարդակի նվազում, ինչը մասամբ պայմանավորված է տոկոսային սպրեդի (վարկերի և տոկոսադրույքների տարբերություն) նվազմամբ: Այսինքն` վարկերի և ավանդների տոկոսադրույքների տարբերությունն էականորեն նվազել է:
Լ.Ն
Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը
Այսօր` ապրիլի 27-ին Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը: Հոբելանյական միջոցառումների մեկնարկը տրվեց բանաստեղծի ծննդավայրում` Գյումրիում` այսպիսով ազդարարելով «Շիրազյան տարվա» սկիզբը:
Միջոցառումների մեկնարկը տրվեց Շիրազի հուշատուն-թանգարանի բակում ծաղիկներ դնելով, որին մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այնուհետև տեղի ունեցավ մեծանուն բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և իր խոսքում նշեց, որ նման մեծանուն բանաստեղծի ծննդավայրում ապրելն արդեն մեծ պատիվ է յուրաքանչյուր գյումրեցու համար: Քաղաքապետը խոսեց նաև մեծ գյումրեցու թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես նաև պատմեց դրվագներ վերջինիս կյանքից:
Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև հոբելյանական հիշատակի երեկոների անցկացում Գյումրիում և Երեւանում, Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների մրցույթի կազմակերպում և այլն:
Միջոցառմանը ներկա էին նաև Հովհաննես Շիրազի զավակներ Աստղիկ և Վանանդ Շիրազները:
Վահրամ Մկրտչյանը նույնպես դարձավ ՀՀԿ պատգամավոր.aysor.am
Խորհրդարանի Հանրապետական խմբակցությունը նոր պատգամավոր կունենա: Այս խմբակցությունը կհամալրի կուսակցության համամասնական ցուցակի 115-րդ տեղը զբաղեցնող Վահրամ Մկրտչյանը, որը կփոխարինի նույն խմբակցության արդեն նախկին պատգամավոր Կարեն Ճշմարիտյանին,հաղորդում է aysor.am-ը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի, Կարեն Ճշմարիտյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Հարությունյանի փոխարեն պատգամավորական մանդատ ստանալու հնարավորություն էր ստացել ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը, իսկ Հովիկ Աբրահամյանի փոխարեն՝ Լեռնիկ Ալեքսանյանը:
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանի բարձրացում սպասվում է
Ապրիլի 28-30-ին, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 1-ի ցերեկը առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է, 2-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Ապրիլի 28-30-ին ,մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Մուսա լեռան 40 օրը» ներկայացմանը
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի բոլոր աշխատակիցները, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ դիտելու «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումը: Ֆրանց Վերֆելի համանուն վեպի մոտիվներով բեմադրված ներկայացմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մինչ ներկայացման սկիզբը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի ավագանու անդամ, Հայոց Ցեղասպասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հանդես են եկել ելույթներով:
Հանդիսատեսին ուղղված իր խոսքում Արամ Սուքիասյանը, կարևորելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, մասնավորապես նշել է, որ, այսպիսով, ըստ էության, Երևանի քաղաքապետարանը տալիս է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մեկնարկը և որ մինչև 2015-ի ապրիլի 24-ը քաղաքապետարանը կնախաձեռնի ու կիրականացնի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման բազում ծրագրեր:
Հայկ Դեմոյանն էլ իր հերթին նկատել է, որ քաղաքապետի այս նախաձեռնությունը բավականին խորհրդանշական է, քանզի աշխարհի շուրջ 40 լեզուներով թարգմանված «Մուսա լեռան 40 օրը» վեպը ներկայացնում է ոչ միայն Օսմանյան Թուրքիայի վայրագ կերպարը, այլև լավագույնս ի ցույց է դնում նաև պատվախնդիր, մարտնչող ու չծնկող հայի տեսակը, որն իր կամային բարձր հատկանիշներով կարողացել է պարտության մատնել թրքական կանոնավոր բանակի զորամիավորումներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ընդմիշտ կապրի սերունդների սրտում». Հանրային խորհուրդ
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.
“Հայ մշակույթը հրաժեշտ տվեց մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկին՝ ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին:
Մեծ է նրա ավանդը հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի կերտման, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի կայացման և զարգացման գործում:
Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ընդմիշտ կապրի սերունդների սրտում և կոգեշնչի երիտասարդ ստեղծագործողներին:
Իմ և Հանրային խորհրդի անունից ցավակցում եմ մեծ երաժշտի ընտանիքին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին”:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս-Անջելես քաղաքում մահացել է ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: Նա հուլիսի 29-ին կդառնար 86 տարեկան:
ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Խաչատրյանը ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախարար
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 124-րդ կետը՝ որոշում եմ.
Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:
Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար:






