Երիտասարդ քանդակագործները գոհ են, որ գոնե գերեզմանաքարերի պատվեր են ստանում

Harut

Հարութ Կարապետյան

Երիտասարդ քանդակագործներ Հարութ Կարապետյանն ու Մելիք Շահնազարյանը դեռևս պատանեկան տարիքում նույն արվեստի դպրոցն էին հաճախում: Հետո ընդունվեցին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, ապա ուսումը շարունակեցին Գեղարվեստի պետական ակադեմիայում: Այսօր էլ միասին են աշխատում:
Ուսանողական տարիներին ստացած գիտելիքներից շատ գոհ են, իսկ ակադեմիայի դասախոս, քանդակի ամբիոնի վարիչ, հայտնի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի դերն իրենց կյանքում ճակատագրի պարգև են համարում:

Melik

Մելիք Շահնազարյան

2000-ի սկզբներին, ավարտելով ուսումը, նրանք էլ շատերի պես կկանգնեին անորոշության առջև, եթե իրենց սիրելի վարպետի կողմից չներգրավվեին քանդակի գործերում: Տղաները հիշում են՝ նրա հետ արած առաջին գործը Կանադայի հայկական եկեղեցիներից մեկի հարթաքանդակներն էին: Հետո վարպետը նրանց Դանիա տարավ՝ մասնավոր նախագծի վրա աշխատելու: Ցավոք, դա արտերկրում աշխատելու նրանց առաջին և առայժմ միակ օրինակն է:
Նրանց բախտը մեկ այլ հարցում էլ է բերել. հնարավորություն են ունեցել աշխատելու անվանի հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հետ` Սպիտակի հրապարակի նախագծման ժամանակ, Միացյալ Նահանգներում բնակվող անվանի հայ քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանի, Թամանյանի արձանի հեղինակ, հայտնի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի և այլ մեծերի հետ:
«Հակառակ դեպքում, մենք էլ երևի կահույքի ցեխերում բանվորություն կանեինք, կահույք կհավաքեինք, ոսկերչությամբ կզբաղվեինք, կանեինք մեր մասնագիտության հետ կապ չունեցող գործեր կամ էլ ընդհանրապես ոչինչ չէինք անի, ինչպես մեր ընկերներից շատերը»,- ասում է Հարութը:

524698_4541883515388_1588874609_n

Գետիկ Բաղդասարյանի հետ

Երիտասարդ քանդակագործները Նկարիչների միության անդամ են և մասնակցում են Հայաստանում անցկացվող բոլոր ցուցահանդեսներին՝ հանրապետական, երիտասարդական, մասնավոր, անհատական: Այսուհանդերձ, նրանք էլ այսօր կանգնած են լուրջ խնդիրների առջև: Անգամ այդ ցուցահանդեսներից այնքան են հոգնել, որ այլևս չեն ուզում մասնակցել, քանի որ դրանք որևէ արդյունք չեն տալիս:

315975_543509445691929_615584305_n

Հարութ Կարապետյանի գործերից

«Դեռ մի բան էլ գլխացավանք են,- ասում է Հարութը,- ծանր-ծանր քարերը շալակում-տանում ենք, հետո ծանր-ծանր հետ բերում: Ոչ մի արձագանք, անգամ ամենատարրական բանը, որ միությունը պետք է կազմակերպի` քննարկումներ, դա էլ չի արվում»:
Երիտասարդ քանդակագործների խոսքով՝ միությունում լճացած վիճակ է, երիտասարդների համար էլ որևէ հետաքրքիր, օգտակար և նոր բան չկա:
Մի խնդիր էլ կա: Ասում են, որ անկախությունից հետո միություն ընդունվելը շատ է հեշտացել, ով ասես դարձել է միության անդամ: Հանրապետական ցուցահանդեսների աշխատանքներն էլ ժյուրիի կազմը չի ընտրում, բոլոր անդամներն իրավունք ունեն ներկայացնելու իրենց գործերը: «Եվ այդ ցուցահանդեսներին մի էնպիսի ռաբիզ մթնոլորտ է տիրում, որ մարդիկ ուղղակի զզվում են՝ մտնեն: Լավ գործերն էլ խառնվում են վատերին, չեն երևում: Շատերն են մեզ բողոքել, որ մակարդակն ահավոր է: Ճիշտ է, տարվա վերջում Նկարիչների միությունը հանդես է գալիս հաշվետվությամբ և ներկայացնում մի հսկայական ցուցակ, թե ինչեր են արվել, ինչ ցուցահանդեսներ են կազմակերպվել և այլն, բայց թե ինչ են տվել այդ ցուցահանդեսները, հայտնի չէ: Գոնե մի քննարկում արվե՞լ է: Ոչ»:

«Այսինքն, «պտիչկա» դնելու համար է, ինչպես մեր պետությունում շատ բան»,-ավելացնում է Մելիքը:

Հարութ Կարապետյանի գործերից

Հարութ Կարապետյանի գործերից

Որպես արվեստագետի համար լուրջ խնդիր` նրանք առանձնացնում են նաև արվեստաբանների հետ շփման բացակայությունը և նշում, որ Նկարիչների միության կողմից կազմակերպվող ցուցահանդեսների շրջանակներում չեն կազմակերպվում քննարկումներ արվեստաբանների և արվեստագետների միջև: Իսկ արվեստաբաններին անհատապես դիմելու դեպքում էլ` մերժում են ստանում. «Իրենց պիտի գնաս խնդրես, որ գան գործերդ նայեն, կարծիք հայտնեն»,- ասում է Մելիքը:
«Երբ ասում ես՝ կարծիք հայտնեք, ասում են՝ մեզ ոչ ոք չի վճարում դրա համար: Բայց չէ՞ որ մեզ էլ մեր քանդակների համար ոչ ոք չի վճարում: Հիմա շատերն իրենց աշխատանքներով գիրք են տպում և արվեստաբաններին փող տալիս, որ իրենց մասին գրեն: Եվ արվեստաբաններն էնպիսի բաներ են գրում, որ քեզ թվում է՝ հանճարի հետ գործ ունես: Բայց մեզ փողով կարծիք պետք չի: Ընդհակառակը, մեզ պետք է, որ մեր գործերը նաև քննադատեն, որպեսզի մենք շտկենք թերությունները, զարգանանք, հակառակ դեպքում` կճահճանանք: Բոլորը գալիս, ասում են՝ վա՜յ, ինչ հրաշալի գործեր են, ու գնում: Երևի պատճառն այն է, որ այս դաշտը փոքր է, բոլորն իրար ճանաչում են, չեն ուզում վատ բան ասել, որովհետև շատերը քննադատությունից նեղանում են: Մի անգամ մենք մեզանից ավելի երիտասարդ քանդակագործների ասացինք, որ ասենք` այս պահը լավ չի, մեզանից նեղացան, էլ բարև չեն տալիս»,- ասում է Հարութը:

քանդակագործԵրիտասարդ քանդակագործներն ապրուստի խնդիրը լուծելու համար ստիպված են լինում ընդունել պատվերներ, որոնք այնքան էլ արվեստի հետ կապ չունեն: Մեր զրույցի պահին, օրինակ, Մելիքն ու Հարութը մի գործ էին քանդակում. պարզվեց՝ գերեզմանաքար է: Ասում են, որ անգամ ամենահայտնի քանդակագործներն են գերեզմանաքարերի պատվերներ վերցնում: Այլ տարբերակ չկա, քանի որ Սովետն այլևս անցյալում է, երբ պետությունը յուրաքանչյուր արվեստագետի պատվեր էր տալիս և պարտադիր գնում նրա աշխատանքը, իսկ մեր օրերում արվեստի գործեր գնելը կա՛մ հասանելի չէ, կա՛մ էլ մարդիկ դրա պահանջը չունեն:

Տղաները գոհ են, որ դեռ սա էլ կա: Ճիշտ է՝ գերեզմանաքարեր քանդակելն իրենց համար արվեստ չէ, բայց գոնե մասնագիտական գործ է, շատերը նաև դրանից են զրկված:

Անկախ ամեն ինչից, նրանք անընդհատ ստեղծագործում են: Հենց պատվերով աշխատանքն ավարտվում է, անցնում են արդեն հոգեհարազատ գործին, և քանդակների հավաքածուն հետզհետե մեծանում է:

10173545_410098242468173_8053636455497656139_nՀարութն իր Զեյթունի բնակարանը վաճառել է, սեփական տուն գնել Առինջ գյուղում, որպեսզի առանձին արվեստանոց ունենա: Այստեղ էլ ծանոթանում եմ նրա աշխատանքներին: Որոշ գործեր էլ Մելիքինն են, որը, բացի քանդակներից, նաև գրաֆիկական աշխատանքներ է ստեղծում: Տղաների գործերով իսկապես կարելի է հիանալ. գեղեցիկ են, խորիմաստ ու ամենակարևորը՝ ինքնատիպ:
Սակայն այդ աշխատանքներով նրանք ապրել չեն կարող, քանի որ այն, ինչ ստեղծում են արվեստի մղումով, չի վաճառվում: «Նախ թանկ ենք գնահատում, ասենք՝ երեք հազար դոլարից սկսած, իսկ Հայաստանում գնող չկա, կամ էլ ցանկացողների համար գինն անհասանելի է»:

Մելիք Շահնազարյանի գործերից

Մելիք Շահնազարյանի գործերից

Ասում են, որ ցուցահանդեսների ժամանակ միշտ նույն մարդիկ են գալիս, կողմնակի ոչ ոք չկա, համատարած անտարբերություն է: «Իսկ եթե, ասենք, Կասկադում մի նոր քանդակ են բերում, մարդիկ վազում են տեսնելու և հիացած ասում են՝ շատ լավն է: Բայց Կասկադում բոլորը չէ, որ արվեստի գործեր են: Կան շատ վատ գործեր, իսկ մեզ մոտ կան վարպետներ, որոնք հազար անգամ ավելի լավ գործեր են ստեղծում, ուղղակի մերոնց գործերի նկատմամբ հետաքրքրություն չկա»:

Ի՞նչ է պետք երիտասարդ քանդակագործին ստեղծագործելու և իր ստեղծագործությամբ նաև ապրուստի խնդիրը լուծելու համար: «Ստեղծագործելու պայմաններ, հասարակության կողմից ընկալում, արվեստի նկատմամբ անտարբերության վերացում, ցուցադրվելու հնարավորություն երկրի ներսում և դրսում, շփում այլ արվեստագետների հետ, արվեստաբանների հետ քննարկումներ և այլն»,- թվարկում են նրանք:

1424524_333869633424368_121013923_nԳուցե այս շարքին ավելացնենք նաև ամենակարևորը՝ Հայաստանում սոցիալական բեռի թեթևացում, որպեսզի մարդիկ, հացի խնդիր լուծելուց բացի, մտածեն նաև հոգևոր պահանջմունքները բավարարելու մասին, քանի որ մենք՝ հայերս, անկախ ամեն ինչից, արվեստասեր ժողովուրդ ենք:

Չնայած այս ամենին՝ երիտասարդ արվեստագետները չեն մտածում Հայաստանից հեռանալու մասին, մտածում են միայն համաշխարհայի արվեստի հետ շփվելու և հետ վերադառնալու մասին: «Պետք է մնաս քո երկրում, ստեղծագործես ու պայքարես»,- ասում է Հարութը:
«Մի խոսք էլ կա. միջակություններն իրենց ճանապարհը գտնում են, իսկ տաղանդավորներին օգնել է պետք: Մենք դեռևս քարի հետ ենք պայքարում»,-ծիծաղելով ավելացնում է Մելիքը ու շարունակում հղկել նորածին երեխան գրկին կնոջ կերպարանքով գերեզմանաքարը:

 

Անի Գասպարյան

Անկախ 

Զոհված զինվորի ընտանիքը բնակվում է կիսախարխուլ տնակում

New PictureԳյումրու տնակային ավանների վաղուց շարքից դուրս եկած տնակներում ավելի քան քառորդ դար բնակվում են հարյուրավոր ընտանիքներ, ովքեր ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակաների հերթացուցակներում: Տասնյակ ընտանիքների հերթացուցակներում չհաշվառելու պատճառներից մեկն էլ այն է, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարաններ չեն կորցրել: Նրանց թվում տասնյակ ընտանիքներ էլ երկրաշարժի պահին բնակվել են վարձով: Թեև այդ ընտանիքներից շատերն իրենց նախկին աշխատավայրերում ընդգրկված են եղել բնակարանային հերթացուցակներում, սակայն նրանց բնակարաններ ստանալու իրավունքները չեն պահպանվել: Պետության կողմից այսպիսի կարգավիճակ ունեցող ընտանիքների կացարանային պայմանների բարելավման որևէ ծրագիր գոյություն չունի:

Ներկայացվող տեսանյութը Արցախում, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, զորացրվելուց ընդամենը 15 օր առաջ, թշնամու դիպուկահարի կրակոցից զոհված զինվորի ընտանիքի բնակարանային ծանր պայմանների մասին է:

Անկախ

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագետները կայցելեն «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» համալսարաններ

expertsԱպրիլի 21-ին կմեկնարկեն փորձագիտական խմբերի այցերը  Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային  համալսարաններ:

Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի  ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ):

Սա հավատարմագրման գործընթացի երկրորդ փուլն է: Մինչ այս,     փորձագիտական  այցին ընդառաջ, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի, բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները  ներկայացրել են ՈԱԱԿ, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել են  այն:

Այցից հետո  փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը, որի  հիման վրա հավատարմագրման հանձնաժողովն որոշում կկայացնի:

Ձևավորված փորձագիտական 2 առանձին խմբերը, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ են իրականացնելու հիշյալ բուհերում մինչև  ապրիլի 26-ը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ ուսանող և մեկ միջազգային փորձագետ:

Միջազգային փորձագետները Բելգիայից են:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր  Անդրե Գովերթը Բելգիայի ՔեյՀո Սինթ Լիեվեն (KaHo Sint-Lieven)  համալսարանի պրոֆեսոր է, ղեկավարել է  համալսարանի որակի ապահովման և կրթական ծրագրերի վերահսկման բաժինը: Բազմաթիվ գիտական հոդվածների և հրատարակությունների հեղինակ է: Որպես փորձագետ կամ փորձագիտական խմբի ղեկավար աշխատել է Բելգիայում, Խորվաթիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր , պրոֆեսոր  Ժան Կորնելիսը  Բրյուսելի ազատ համալսարանի  (Vrije Universiteit Brussel)  միջազգային համագործակցության գծով փոխռեկտորն է: Կորնելիսը 470-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է,  նաև 4 պատենտների համահեղինակ է:

Փորձագետների խումբը ապրիլի 21-23-ը կայցելի «Հայբուսակ» համալսարանի երևանյան գրասենյակ, իսկ ապրիլի 25-26-ին`Գյումրիի մասնաճյուղ:

Փորձագետների երկրորդ խումբը ապրիլի 21-23-ին կայցելի «Մխիթար Գոշ» համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, իսկ ապրիլի 25-26-ին`երևանյան գրասենյակ:

Բուհերում փորձագետները առանձին-առանձին հանդիպում-քննարկումներ կունենան բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև ուսանողների, շրջանավարտների, ինքնավերլուծություն կատարած խմբի հետ:

«Հայրենանվեր մարդ, բարեխիղճ արտադրող». Հանրային խորհուրդը ցավակցագիր է հղել Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ

հրանտ վարդանյանՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից ցավակցագիր է հղել գործարար Հրանտ Վարդանյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է.

«Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր, գործարար աշխարհի ամենաակնառու ներկայացուցիչ Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ ու ցավ է բոլորիս համար:

Որպես հայրենական արտադրության ջատագով և հայկական լուրջ բրենդի հիմնադիր՝ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ վերականգնելով հայկական արտադրության ավանդույթները, մարդկանց վստահությունը և հայկական ապրանքատեսակը մրցունակ դարձնելով ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս:

Նա իսկապես հայրենանվեր մարդ էր, բարեխիղճ արտադրող՝ արժանի մեծ հարգանքի և երախտիքի, որի գործունեությունը պետք է օրինակ և ուղենիշ դառնա գործարար աշխարհում՝ մասնավորապես հայրենական ապրանք արտադրողների համար:

Իմ և Հանրային խորհրդի անունից խորապես ցավակցում եմ Հրանտ Վարդանյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին, կիսում նրանց վիշտը:

Լիահույս եմ, որ նրա գործն արժանի շարունակություն կունենա»:

 

Անկախ

 

 

Վճարովի ավտոկայանատեղերի համար չվճարելու դեպքում ԴԱՀԿ-ն է անցնում գործի

New parking rules entered into force from 1 July in ArmeniaԵրևանում «կարմիր գծանշումներ» վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված խնդիրները դրանց ներդրման օրվանից տարբեր ու տարաբնույթ դժգոհությունների և բողոքների տեղիք են տվել: Վերջերս էլ «Անկախը» բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստացել այդ ավտոկայանատեղերում ավտոմեքենաները կայանելու դիմաց վճարումները կատարելու կամ դրանից հրաժարվելու դեպքում վճարման պարտադրանքի կապակցությամբ:

Մեզ բողոքում են, որ անգամ այն դեպքում, երբ իրենք համաձայն չեն այդ կայանատեղերում իրենց կայանելու համար արձանագրված ժամանակին, հետևաբար նաև գանձվելիք գումարի մեծությանը և ուշացնում են վճարումը բողոքելու կամ դատարան դիմելու մտադրությամբ, միևնույն է, իրենցից բռնագանձում են վճարվելիք գումարները. ԴԱՀԿ-ի միջոցով արգելք է դրվում, օրինակ, իրենց հաշվի կամ աշխատավարձի վրա:

«Ես կայանել եմ «Անի» հյուրանոցի մոտ շուրջ 1.5 ժամ, բայց ինձ ուղարկված թղթով նշվում է, թե 10-15 րոպե եմ կայանել, հետո կցված ինչ-որ նկարներ են ուղարկել, որ տուգանվել եմ, բայց այդ լուսանկարների որակն այնքան վատ է, որ չի երևում անգամ` ի՞մ մեքենան է լուսանկարված, թե՞ մեկ այլ… Պատրաստվում էի տուգանքի կապակցությամբ դիմել դատարան, մեկ էլ իմացա, որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել բանկային հաշվիս վրա»,- պատմեց Վ.Ի.-ն:

Մեզ դիմած քաղաքացիները ԴԱՀԿ-ի «գործին խառնվելը» պայմանավորում են կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղերը շահագործող ընկերության տիրոջ անձի հետ, որը, ըստ շրջանառվող լուրերի, ամենասերտ կապեր ունի ԴԱՀԿ-ի հետ: Ընդ որում` մեզ բողոքող քաղաքացիներից մեկն էլ նշում էր, որ ինքը տուգանվել է 5000 դրամի չափով, բայց իր հաշվից 10 000 դրամի վրա է կալանք դրված, պատճառաբանել են, որ 5000 դրամն էլ ԴԱՀԿ-ին վճարվելիք գումարն է կատարած գործողությունների դիմաց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այս կապակցությամբ ասաց` զարմանալի է, որ մարդիկ օրենքով նախատեսված կարգով ու ժամկետներում չեն բողոքում, բայց հետո սկսում են դժգոհել, այնինչ կարող են ուղղակի ներկայանալ քաղաքապետարանի` նշանակված տուգանքների քննարկման համար հրավիրված նիստերին ու իրենց բողոքները կամ դժգոհությունները բարձրաձայնել:

վճարովի ավտոկայանատեղի (3)Երևանի քաղաքապետարանին ևս մեկ անգամ զարմանք չպատճառելու համար որոշեցինք օգտվել խորհրդից և բարձրաձայնել մեր ասելիքը` խնդրեցինք պարզաբանել, թե ինչ սկզբունքներով է կատարվում գումարը հարկադիր գանձելու գործընթացը, ինչ հիմքերով ու մեխանիզմներով է տեղի ունենում վճարովի ավտոկայանատեղերից օգտվելու համար վճարվելիք գումարների հարկադիր գանձումը և ինչ հավելյալ գումարներ է գանձում ԴԱՀԿ-ն:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը պարզաբանեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Մի խոսքով`օրենքն այս դեպքում կարմիր գծանշումները շահագործող տնտեսվարողի, տուգանող մարմնի ու ԴԱՀԿ-ի օգտին է «արտահայտվում»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո` տասն օրվա ընթացքում:
Այսինքն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու պահից 10 օր անց դառնում է անբողոքարկելի և կարող է ներկայացվել հարկադիր կատարման կայացման պահից եռամսյա ժամկետում:
Իսկ դրանից հետո եռամսյա ժամկետում արդեն դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, եթե այդ ընթացքում տուգանքը չի մուծվում:

Ի՞նչ 5000 դրամ է մնում ԴԱՀԿ-ին

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է ԴԱՀԿ-ն նշանակված տույժ-տուգանքով սահմանված գումարից ավելի` 5000 դրամ գումար պահում, ապա քաղաքապետարանից նշում են, որ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարվում է ոչ թե վճարովի ավտոկայանատեղերից օգտվելու համար վճարվելիք գումարների հարկադիր գանձում, այլ իրականացվում է նշված տեղական տուրքը վճարած չլինելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված 5.000 ՀՀ դրամ վարչական տույժի գումարի գանձում: Այս դեպքում արդեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը սահմանում է, թե ինչ գումարներն են դրանք. «կատարողական գործողությունների կատարման կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցներ»: Փաստորեն, նույն օրենքի մեկ այլ` 67-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից. մինչև 10.000 դրամի չափով` պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:

Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացվելուց հետո ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից ձեռնարկվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներ համապատասխան գումարի գանձումն ապահովելու նպատակով: Այսինքն` կարող է կալանք դրվել ինչպես հաշվի, այնպես էլ աշխատավարձի վրա, նաև կարող է տվյալ անձի գույքը բռնագանձվել…

Ստացվում է, որ եթե արդեն որևէ քաղաքացու տուգանել են, ու նա չի պատրաստվում վճարել այն, այլ ցանկանում է իրեն նշանակված տույժ-տուգանքի վերաբերյալ որոշումը բողոքարկել դատարանում, ապա պետք է իմանա, որ առաջին հերթին պարտավոր է 10-օրյա ժամկետում բողոքարկել այդ որոշումը: Հակառակ դեպքում դատարանը չի ընդունի քաղաքացու փաստարկը, թե չի իմացել 10-օրյա ժամկետում իրեն նշանակված տուգանքը կամ տույժը բողոքարկելու դրույթի մասին: Որովհետև օրենքի կամ իրավանորմի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Եվ օրենքն այդ դեպքում կլինի «կարմիր գծերը» շահագործողի օգտին:

 

Դեմ ենք ծաղիկները տրորելուն. «Դեմ եմ»-ը ծաղիկներ է տնկել նախագահականի մոտ.NEWS.am

դեմ եմԿուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն ապրիլի 20-ին, ծաղիկներ են տնկել Բաղրամյան 26-ի հարակից տարածքում` վերականգնելով ապրիլի 18-ի ակցիայի ժամանակ տրորված ծաղիկները, հաղորդում է  NEWS.am-ը :

«Մենք դեմ ենք ծաղիկները տրորելուն: Մեր այսօրվա ակցան նպատակ ուներ վերականգնելու այն, ինչ մենք պատահաբար փչացրել էինք նախորդ ակցիայի ժամանակ: «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը նաեւ գործով ենք ապացուցում այս փոքրիկ ակցիայի միջոցով»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Լեւոն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ վարչական պատասխանատվության ենթարկվելու մտավախությունից չէ, որ իրենք որոշել են ծաղիկներ տնկել, այլ պարզապես ցանկացել են փչացած ծաղիկները վերականգնել: Ակցիայի մեկ այլ մասնակցի՝ Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ այս քայլով իրենք ցանկանում են իշխանությանը ցույց տալ, որ իրենք կարող են վերականգնել նաեւ իրենց «տրորված» իրավունքները: «Մենք ենք մեր երկրի, մեր քաղաքի ամեն ծառ ու թփի տերը: Մեր պայքարի առաջին եւ գլխավոր կանոնը մաքրությունն ու պարզությունն է, եւ այս ընթացքում ամեն ինչ արել ենք օրենքի սահմաններում եւ այդպես էլ շարունակելու ենք»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին «Դեմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել նախագահական նստավայրի մոտ` նախագահից պահանջելով իրագործել ՍԴ ապրիլի 2-ի որոշումը: Ակցիային միացավ նաեւ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը խոստացավ, որ իրենք մինչեւ հունիսի վերջ կկայացնեն որոշում, որը երկուստեք ընդունելի կլինի:

Հիշեցնենք, ապրիլի 2-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի մի շարք դրույթներ, այդ թվում՝ պարտադիր բաղադրիչը, եւ մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին եւ կառավարությանը՝ վիճահարույց օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները փոփոխության ենթարկելու համար։ Որոշումից մեկ օր անց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ օրենքը գործելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, եւ մինչեւ այդ գործատուները շարունակելու են աշխատավարձերից պարտադիր 5% պահումները կատարել:

Լուսանկարները՝ «Դեմ եմ»-ի ֆեյսբուքյան էջից

 

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին

6160Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 6170ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին:
Անկախ

Տոն է՝ Մայր Բնության գունագեղության ու ծաղկունքի Հայ արիները նշեցին Զատիկը եւ Աստվածամայր Անահիտի Հրաշագործության տոնը

Ardzani masunqnerԱպրիլի 20-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Մեծամորի (Մեծամոր – Մեծ Մոր – Աստվածամոր – Մայր Անահիտի) պատմա–հավատամքային տարածքում նշեցին ավանդական Զատիկի տոնը:

Ապրիլի 20-ին կայացավ նաեւ Գարնանային օրահավասարը՝ Լուսնի լրման օրվա կիզակետը:

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները կատարել են ծիսական արարողություն եւ փառաբանել Մայր Անահիտին, որ իր Աստվածային էությամբ ու գործառույթով ապահովում է բնության գունագեղությունն ու ծաղկունքը: Մայր Անահիտը նաեւ բերքատվության ու ամենայն բերրիության, պտղաբերումի եւ մայրանալու Աստվածուհին է, եւ հայ արիներն ու ազգայնականները Աստվածամորն են դիմել՝ բազմազավակ ու բարգավաճ ընտանիքներ ունենալու ակնկալությամբ:

անահիտԶատիկի տոնը հայ արիական տոնացույցով նշվում է նաեւ որպես Մայր Անահիտի Հրաշագործության տոն:

Հայ արիներն ու ազգայնականները ծիսական արարողությունից ու ձոնակերտ փառաբանումներից հետո վառեցին նաեւ ծիսական կրակը եւ շուրջըպար բռնելով՝ հիմներգեր հղեցին ի փառս Աստվածամայր Անահիտի, Հայ Աստվածների ու Տիեզերքի Արարչի:

Այնուհետեւ երկնային արեգակի երկրային խորհրդանիշ կրակի վրայից թռչելուվ՝ երազանքներ պահեցին, որից հետո կազմակերպվեց գույնզգույն ներկված ու խորհրդանիշներով պատկերազարդ ձվերով տոնական ձվախաղ: Հաղթող ընտանիքը (ընդհանուր հաղթած-հավաքած ձվերի քանակովի) ստացավ Մայր Անահիստի կավե արձանիկը, ինչն ուղեկցվեց քրմական ծեսոով:

Հայոց Ամանորից հետո Զատիկը գարնան գունագեղության հաստատումն է արձանագրում, երբ բնության գույները զատվում են միմյանցից ու ցուցադրում արարչակերտ բնաշխարհի շքեղությունը: Հայ արիներն ու ազգայնականները գինեձոներ պարգեւեցին բնությանը ու նույն բնակարգով փառաբանեցին նաեւ հայ ազգի բնածին արմատը, հայի ու Հայքի հետագա բարգավաճմումն ու ծաղկունքը:

Այդ օրը հայ արիներն ու ազգայնականները մեկ անգամ եւս բարձրաձայնեցին Անահիտ Աստվածուհու պղնձաձույլ արձաններից մեկի գլուխն ու ձեռքի մի մասը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ դա անգամ պետական մակարդակով բարդ խնդիր է, բայց Հայաստանի իշխանությունները պետք է  գործընթաց սկսեն, որպեսզի նաեւ լուծումներ առաջարկվեն: Պետք է հետեւողականություն դրսեւորել նաեւ այն առումով, որ հուշարձանի մասունքներն այդ թանգարանում դադարեն համարվել պարսկական կամ հունական:

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվակա կենտրոն

20.04.2014թ. Երեւան–Մեծամոր

 Անկախ

Մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը.Ա1+

հրանտ վարդանյանԺամը 0.10-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Գրանտ Հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանը։ «Նաիրի»  կենտրոնում նրա մոտ սրտի կանգ են գրանցել, մինչ այդ բժիշկները մոտ մեկուկես ժամ պայքարել են նրա կյանքի համար։ Ինչպես «Ա1+»–ին  հայտնեց կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, ջանքերն ապարդյուն են անցել, քանի որ շտապօգնության աշխատակիցներն արդեն գործարարի մոտ սրտի կանգ էին ախտորոշել։ Դեռեւս մահվան այլ պատճառ հայտնի չէ։ Գործարարն ընդամենը վաթսունհինգ տարեկան էր։Անկախի աշխատակազմը կիսում է այս խորը վիշտը Հրանտ Վարդանյանի հարազատների հետ:

Անկախ

Առաջիկայում սպասվում են կարճատև անձրևներ

 եղանակը հայաստանում    ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
ապրիլի 20-22-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ապրիլի 21-22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:

Ապրիլի 3-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն  էապես չի փոխվի:
Երևանում՝

Ապրիլի 20-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու և Տավուշի մարզեր

Սերժ Սարգսյան,Լոռի,Տավուշի մարզեր

 

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր:

Լոռու մարզում Հանրապետության Նախագահն այցելել է Թեղուտի հանքավայր՝ շրջել պղինձ-մոլիբդենային այդ հանքավայրի տարածքում, ծանոթացել Թեղուտի լեռնահանքային համալիրի տնտեսությանը, որից հետո այցելել է հանքահարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել իրականացված ներդրումներին և ֆաբրիկայի արտադրական հզորություններին: Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել տեղի համայնքներից ընկերությունում աշխատող մարդկանց հետ: «Վալլեքս» խմբի կողմից ստեղծված «Թեղուտ» ընկերության վարչական համալիրում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին, որին մասնակցել են նաև Շնող և Թեղուտ համայնքների ղեկավարներն ու ավագանին:

Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի համատեքստում բնապահպանական տեսանկյունից առավել կարևոր խնդիրներից մեկն անտառային ֆոնդին հասցվելիք վնասի փոխհատուցումն է՝ ընկերությունը, պատասխանատուների հավաստմամբ, մշակել է անտառապատման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է անտառապատման իրականացում Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքով հատման ենթակա անտառի կրկնակի գումարային մակերեսով՝ 714 հա տարածքներում: Ընկերությունը պատասխանատվություն է ստանձնել այդ տարածքներում ոչ միայն բուն ծառատունկի, այլև տնկված ծառերի նկատմամբ խնամքի համար՝ մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի այդ տարածքները տեղափոխել անտառի կատեգորիա: Անտառապատում իրականացնող մասնագիտացված կազմակերպություններն ընտրվում են մրցույթով:

Ծրագրի շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ անցած ժամանակահատվածում անտառահատում իրականացվել է շուրջ 149 հա գումարային մակերեսով տարածքներում: Զուգահեռաբար ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն, Արջուտ համայնքների վարչական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 378.5 հա գումարային մակերեսով տարածքներում:

Զեկուցվել է նաև, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր և հուշարձաններ, որոնց պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով մշակվել, ՀՀ մշակույթի նախարարության հետ համաձայնեցվել և իրականացվում է «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր»: Ընկերության ֆինանսավորմամբ հնագիտական ուսումնասիրություններ, պեղումներ և ծրագրով սահմանված այլ աշխատանքներ են իրականացվել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և այլ մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

Ներկայացվել է «Թեղուտ» ընկերության սոցիալական քաղաքականությունը ևս: Ընդգծվել է, որ Լոռու մարզում սոցիալական աջակցության և այլ բարեգործական ծրագրերը ճշգրիտ հասցեավորելու և համակարգելու, այդ գործընթացներում հասարակության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով «Վալլեքս» խմբի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մանես» բարեգործական հիմնադրամը, որը համակարգում է ընկերության սոցիալական քաղաքականությունը: Լոռու մարզում ընկերության սոցիալական ծրագրերի գերակշիռ մասն իրականացվում է այդ հիմնադրամի միջոցով: Ընդհանուր առմամբ, 2008-2013թթ. ընկերությունը և «Մանես» բարեգործական հիմնադրամը Թեղուտ և Շնող համայնքներին՝ համայնքների զարգացման նպատակով, հատկացրել են շուրջ 116.7 մլն դրամ ֆինանսական ծավալով օժանդակություն: Հիմնադրման օրվանից հիմնադրամն իրականացրել է ավելի քան մեկ միլիարդ ՀՀ դրամ ֆինանսական ծավալով սոցիալական ծրագրեր:

Պատասխանատուների հավաստմամբ, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը մեծ նշանակություն ունի նաև համայնքների տնտեսական կյանքում: Մասնավորապես նշվել է, որ հանդիսանալով համայնքներում գտնվող միակ արդյունաբերական ձեռնարկությունն ու խոշորագույն գործատուն, ընկերությունն ունի մոտ 1.200 աշխատող, այդ թվում՝ մոտ 150 աշխատող՝ Թեղուտից, 230 աշխատող՝ Շնողից, 430 աշխատող՝ Ալավերդուց: 2014թ. մարտի դրությամբ ընկերության աշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը կազմել է 295 հազար ՀՀ դրամ:

 

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում ԿԲ կազմակերպած տնտեսական աճի հեռանկարները երկարաժամկետ հատվածում թեմայով սեմինարին:

 

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն, որտեղ նրան ներկայացրել են կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքն ու շահագործումից հետո ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված ծրագրերը: Նշվել է, որ նախկին ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող այդ կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն 2015թ. սկզբին: Պատասխանատուների հավաստմամբ, ներկայումս իրականացվում են կենտրոնի ներքին հարդարման, արտաքին ցանցերի, ճանապարհների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Ուսումնական կենտրոնում տեղադրվելու են բարձրորակ ինժեներական համակարգեր և սարքավորումներ:

Ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված ծրագրերի վերաբերյալ նշվել է, որ կենտրոնում իրականացվելու են ՊԵԿ համակարգի աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման, վերապատրաստման, այցելուների հանգստի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համաժողովների անցկացման, մասնագիտական փորձի փոխանակման ծրագրեր:

 Անկախ

ՌԴ մայրաքաղաքում անցկացվող «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնում ՀՀ ոստիկանության ներակայացուցիչները հաղթող են ճանաչվել

գավաթ, դիպլոմԱպրիլի 16-ից 20-ը ՌԴ մայրաքաղաքում անց է կացվում դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային 16-րդ փառատոնը։
Հեղինակավոր փառատոնի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը, որը ներկայացված էր «Կեղտոտ փողեր» անվանակարգում:
Քիչ առաջ Մոսկվայից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ներկայացրած աշխատանքը «Կեղտոտ փողեր» անվանակարգում, որի մասնակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլև 4 տասնյակից ավելի երկրների մի շարք հեռուստաընկերություններ, ճանաչվել է հաղթող` նվաճելով դիպլոմն ու գավաթը:
Այս հաղթանակը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության հերթական եւ կարեւորագույն ձեռքբերումներից Էր, ինչպես ստեղծագործական հաջողության ու նվաճման, այնպես Էլ գաղափարախոսկան եւ քարոզչական աշխատանքների առումով:
Բարի վերադարձ և նորանոր հաղթանակներ ցանկանանք մեր գործընկերներին` ՀՀ ոստիկանության գործունեության լուսաբանման, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանման գործում իրավապահների դերի արժևորման, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:

Անկախ

Ֆրանսիական դասական երաժշտությունից մինչև ժամանակակից երգեր՝ երևանցի պատանիների կատարմամբ

004

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ  Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցներում շարունակվում են Ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված փառատոնի ավարտական համերգ-ներկայացումները։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ «Ֆրանսիական ներկապնակ» խորագրով համերգին։

Արամ Սուքիասյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի ամսվա ընթացքում կազմակերպվող համերգները յուրօրինակ ստուգատես են մշակութային կրթօջախների համար։ Քաղաքապետի տեղակալը նաև հավելել է, որ դպրոցների այսպիսի արձագանքը Ֆրանկոֆոնիայի ամսվան վկայում է, որ Ֆրանկոֆոն քաղաքների ասոցիացիային Երևանի անդամակցությունը ամուր հիմքերի վրա է։

Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի ամփոփիչ համերգի ծրագրում ընդգրկված էին բարոկկոյից մոդեռն ժամանակաշրջանների ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, փոփ և այլ ժանրերի կատարումներ, երաժշտական պարային ներկայացումներ և այլն։ Համերգին մասնակցել են նաև դպրոցի՝ միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիր աշակերտները։

Անկախ

 

 

 

Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական խնդիր չկա. փորձագետ

Ջոնի Մելիքյան«Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու Հայաստան այցից հետո պարզ դարձավ, որ ոչ մի քաղաքական խնդիր չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Վրաստանի հարցերով փորքագետ Ջոնի Մելիքյանը` նշելով, որ հայերը վիզային ռեժիմի խնդիր չեն ունենալու և կկարողանան հեշտությամբ գնալ Վրաստան:

Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում հարևան երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին: Նախ` նա առանձրացրեց խտրականության դեմ օրենքը, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:  Այդ օրենքին դեմ է դուրս եկել Վրաստանի Ուղղափառ եկեղեցին, որը մեծ կշիռ ունի այդ երկրում. եկեղեցու և պետության միջև կա կնքված սահմանադրական պայմանագիր, որով պետությունը ճանաչում է ուղղափառ եկեղեցու ուրույն դերակատարությունը երկրի ներքին կյանքում:  Ըստ եկեղեցու` այդ օրենքի ընդունումը հարվածելու է ավանդական ընտանիքներին: Սակայն,  Վրաստանի կառավարությունը  կարծես թե գտել է ելքը:  «Նոր Սահմանադրության մեջ մի կետ կմտցվի, որով կհաստատվի, որ ամուսնությունը միայն տղամարդու և կնոջ միջև կարող է լինել»,- ասաց Ջոնի Մելիքյանը:

Վերջին շրջանի հետաքրքրական իրադարձություններից վրացագետն առանձնացրեց ռուս-վրացական հանդիպումը, որը երկու անգամ հետաձգվել էր ուկրաինական դեպքերի պատճառով:

Ջոնի Մելիքյանը խոսեց նաև ապրիլի 14-ին տեղի ունեցած Եվրամիության արտգործնախարարների հանդիպման մասին, որտեղ հայտարարվեց, որ Վրաստանն ու Մոլդովան կարող են ժամանակին դառնալ Եվրամիության երկրներ: «Այս պահի դրությամբ՝ Վրաստանը պատրաստվում է հունիսին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»,- նշեց  Ջոնի Մելիքյանը:

 

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ

ՊԲ,պն ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից Անկախին հայտնում են, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Անկախ

 

 

Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ ծառ են հատում (տեսանյութ)

IMG_5745ծառՍայաթ- Նովա փողոցում ծառահատում է իրականացվում: Քաղաքացին Անկախին է ուղարկել տեսանյութ և լուսանկարներ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ
ծառահատում իրականացնում:

Ինտերպոլի կողմից հետախուզվողը ոստիկանություն է ներկայացել

ձերբակալելԱպրիլի 18-ին, ժամը15.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել ԱՄՆ Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2012 թ. օգոստոսի 21-ից ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 1349, 1956 հոդվածների (առողջապահական ոլորտում խարդախություն, դավադրություն, փողերի լվացում կատարելը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1983 թ. ծնված Անուշ Ս.-ն:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և ՀՀ գլխավոր դատախազին:

 

Կողոպուտ Հալաբյան փողոցում

ոստիկանություն3Ապրիլի 18-ին, ժամը 16.30-ին, 54-ամյա մի տղամարդ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ առավոտյան ժամը 08.45-ին Հալաբյան փողոցի 44 հասցեի մոտ բացահայտ հափշտակել են իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակների անձրևային թարթիչներն ու դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1979 թ. ծնված Հրաչյա Խ.-ն, որը նույն օրը, ժամը17.00-ին, Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 8 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարածը:
Ձեռնարկվում են միջոցառումներ թարթիչները հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Երևանի արվեստի կրթօջախներում ևս ֆրանկոֆոնիայի ամփոփիչ միջոցառումներ են

001Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում ունկնդրել է ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված ավարտական համերգը։

Ֆրանսախոսության ամիս հայտարարված օրերին դպրոցը մասնակցել է «Ֆրանսիական երաժշտությունը և հայկական ազգային նվագարանները», «Ռամոյից Ռավել» խորագրերով և այլ համերգներով։ Ամփոփիչ միջոցառմանը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի ուսուցիչները և սաները ներկայացրել են «Մուլեն Ռուժ» խորագրով ջազային ներկայացմամբ, որին մասնակցել են կրթօջախի ջազ-էստրադայի բաժնի աշակերտները, ինչպես նաև ուսուցիչները և դպրոցին կից «Գլորիա» պարային խումբը։

Հիշեցնենք, որ հանրակրթական դպրոցներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումներն ավարտվել են ապրիլի 16-ին՝ Սիամանթոյի անվան հ. 162 դպրոցի աշակերտների ներկայացմամբ։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կրակոցներ՝ գերեզմանատանը

կրակոց1Ապրիլի 18-ին, ժամը 16.40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ անհայտ անձը ժամը 16.00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատանը հրազենով մի քանի անգամ կրակել է Արթուր Բ.-ի ոտքերին` պատճառելով վնասվածքներ:
Վերջինիս «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 7 պարկուճ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: