«Վեչ գային ա կըղնըցնըմ, վեչ էլ ԱՊՊԱ եմ անըմ…». տավուշցի Դարչոն՝ իր ավանակի մասին

10588988_781491505206774_2084535961_nՏավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Դարչո Իսրայելյանն այն եզակի բնակիչներից է, որոնց համար փոխադրամիջոցը շարունակում է մնալ ավանակը: <<Վեչ գային ա կղնըցնըմ, վեչ տեխասմոտր եմ անըմ, վեչ էլ ԱՊՊԱ, վեչ էլ արագաչափն ա ազդըմ, վեչ էլ բենզին ա պետք, վեչ էլ` պրավա: 7 տարի ա` մեզ ծառայըմ ա>>,-իր հավատարիմ բարեկամի մասին հիացմունքով է պատմում տավուշցի Դարչոն:

Նա 1992-ի թեժ կռիվների ժամանակ նախկին Թովուզ, այժմ` Տավուշ գյուղում բարեկամի տանը օղի թորելիս հակառակորդի գնդակից վիրավորում է ստացել, ինչի հետևանքով ձախ աչքը վնասվել է: Այդ օրվանից Դարչոն կիսով չափ կորցրել է տեսողությունը: Բազմազավակ հայրը շատ կատակասեր է ու կազմակերպված: <<Ամեն օր ես իմ պլանը կազմըմ եմ, առավոտ 6–ին իշով քյնալ դեմ փետի, հետո 10–ին կյամ տուն, քյընամ խաղողի բաղը, տենամ` ինչ կա չկա, սրկսեմ, հետո իմ իշով բերած փետը կտրտեմ, հետո էլ քյնամ գյուղամեջ զրից անեմ դեսից -դենից: Պարտադիր ծրագիր ա , եթե չըլի, օրըս կկորչի>>:

Նա ասում է, որ երբեմն քանի որ ընտանիքը սերիալ է դիտում, չի հասցնում լուրեը դիտել, բայց մեծ մասամբ աշխարհի անցուդարձին Դարչոն տեղեկանում է հենց հեռուստատեսութունից: Դարչո Իսրայելյանը օրինակելի կերպար է բոլոր նրանց համար, որոնք գյուղում, հողին մոտ, չեն գտել ճիշտ ապրելու բանաձևը: Հողի մշակը զարմանում է բոլոր այն մարդկանց վրա, որոնք վարկեր են վերցրել ու չեն կարողանում տակից դուրս գալ: <<Ես երբեք վարկ բառը գիդըմ չեմ ինչն ա, մենք մեր պահուստային փողն ունենըմ ենք>>:

Վերջերս Դարչոյի համագյուղացիներից մեկը սրտի լուրջ խնդիր է ունեցել, նրան օգնելու համար գյուղացիները գումար են հավաքել: Դարչոն, գումարով չի կարողացել օգնել, փոխարենը մի քանի օր հարևանի անասունները տարել է հանդ` արածացնելու` այդպիսով իր օգնությունը ցուցաբերելով համագյուղացուն: Հիմա էլ, երբ ակտիվացել են սահմանային միջադեպերը, և թեև հակառակորդը լրջորեն վնասել է նրա առողջությունը, Դարչոն էլի հաստատակամ է` անհրաժեշտության դեպքում կգնա դիրքեր` զինվորների հետ պաշտապնելու հայրենի գյուղը:

Դարչոն ձմեռվա վառիլքն արդեն իր եզակի փոխադրամիջոցով բերել, կտրտել, դարսել է: Գյուղում նրա բարձած ֆայտոնը կարելի է տեսնել ներքևից վերև բարձրանալիս: Կատակով ավելացնում է` <<եթե վերևի քոլիցը փետը պիրեմ, լավ չի ըլի, արգելակները չեն պահի>>:

Դարչոն բոլոր ծույլերին իր նոր դևիզն է փոխանցում` <<աշխատանքը ոչ միայն գեղեցկացնում, այլև պնդացնում ա, մի ալարեք, հող մշակեք>>:

 

Անկախ

Հնդկական տաճարը բանկային հաշվի վրա 2տ ոսկի է փոխանցել

3813619-390x290Հնդկական Գերագույն աստված Վիշնուին նվիրված Թիրումալի Վենկատեշվարի տաճարը կառավարող կոմիտեն  Հնդկաստանի պետական բանկում կրոնական հաստատության հաշվի վրա է փոխանցել 1800 կգ ոսկի: Հիմա տաճարի հաշվի վրա արդեն 5 տ ազնիվ մետաղ կա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վերջին 2 տարում սա առաջին նմանօրինակ ներդրումն է , քանի որ Հնդկաստանի պահուստային բանկն արգելել է մյուս ֆինանսական կազմակերպություններին ոսկի ընդունել` հանրապետությունում առևտրային բալասում դեֆիցիտի աճի հետ կապված:

Այս տաճարը տեղակայված է Անդհրա-Պրադեշ նահանգի Թիրուպատի քաղաքում ու  տարածաշրջանում ամենահարգվածն է համարվում: Այստեղ ուխտագնացներն ամեն ամիս 100 կգ ոսկի են բերում ու 120 կգ արծաթ: Իսկ մեծ տոների ժամանակ` ավելի շատ, քանի որ  Թիրուպատի է ժամանում  շուրջ կես մլն մարդ:

Երկրի հարավի  հինդուիստական տաճարները թանկարժեք մետաղների հսկայական պաշարներ ունեն: Դրանք այնտեղ պահպանվում են հնագույն ժամանակներից, քանի որ տվյալ տարածաշրջանները մահմեդական զավթիչների գրոհներից զերծ են մնացել: Այդ պաշարները գնալով ավելանում են առատ  նվիրաբերությունների շնորհիվ ու գանձարանների թաքստոցների հայտնաբերման արդյունքում:

2013-ին հնդկական ծագումով ամերիկացի Տամալինգ Ռաջուն Թիրումալիի տաճարին նվիրաբերեց 160 մն ռուփի (շուրջ 3 մլն  ԱՄՆ դոլար): Հնդիկի խնդրանքով, այդ գումարը ծախսվելու է 35 կգ քաշով ոսկյա  ծաղկաշղթա պատրաստելու համար, իսկ մնացած գումարը` ուխտագնացների համար անվճար սննդի կետ բացելունպատակով:

2011-ին Փադմանափասվամի տաճարում, որը Կերալ նահանգից հարավ է գտնվում, հայտնաբերել են 15 մլրդ դոլարի հնագույն թանկարժեք իրեր ու զարդեր:

Փորձագետների գնահատմամբ,  երկրի բնակիչների տներում ու կրոնական տաճարներում  պահվում է առնվազն 20 հազար տ ոսկի:

ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին եւ մեր զինվորներին սատարելու հարցում

779608455Հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր եւ դիվերսիոն գործողություններ իրականացնել, տարբեր տրամաչափի զենքերից պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել աշխարհաքաղաքական նոր իրողություններից եւ նման արկածախնդիր հարձակումներով ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Ադրբեջանի ղեկավարության` իրավիճակին ոչ համարժեք եւ անպատասխանատու կեցվածքը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության` հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին:

Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրված պատասխան գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր եւ վիրավորներ: Մեր հայրենիքի սահմաններին կանգնած զինվորներն ապացուցեցին, որ մշտապես համարժեք պատասխանով Ադրբեջանին թույլ չեն տալու ռազմական գերակշռության հասնել: Այդ սադրանքների ընթացքում հայ զինվորը ցույց տվեց իր մարտական բարձր պատրաստականությունն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենքի պաշտպանության գործին:

Մեր ժողովրդի հետ սգում ենք զոհված հերոսների կորուստը եւ ցավակցում նրանց հարազատներին ու մտերիմներին: Նրանց անունն ու սխրանքը վառ պահելը ամենքիս խնդիրն է:

Ստեղծված իրավիճակում բացառիկ կարեւորելով հայ հանրության համախմբվածությունը Հայաստանի զինված ուժերի շուրջ՝ ՀՀ ԱԺ խմբակցությունները կոչ են անում.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին` գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապատեության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի քննության եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող հայտարարությունների եւ գործողությունների բացառման ուղղությամբ:

Միջազգային կազմակերպություններին եւ պետություններին` հրաժարվել ընդհանուր գնահատականներից, կողմերի միջեւ հավասարություն դնող մոտեցումից եւ դատապարտել Ադրբեջանի` խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված նախահարձակ ու սադրիչ գործողությունները: Դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքներին:

Միաժամանակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը: Հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցել եւ ապացուցելու են, որ պատրաստ են ապահովել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:

ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին եւ մեր զինվորներին սատարելու հարցում:

«Հայաստանի Հանրապետական» խմբակցություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցություն
«Օրինաց Երկիր» խմբակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն
«Ժառանգություն» խմբակցություն

Անկախ

Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների հետ մասնակցել է բակի բացմանը

002Նոր Նորք վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման այս տարվա ծրագրով իրականացված բակերի բարեկարգման, ինչպես նաև խաղահրապարկների կառուցման աշխատանքներին:

Վարչական շրջանի ղեկավարի և բնակիչների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է 5-րդ զանգվածի Գալշոյան 8 հասցեում գտնվող բակի բացմանը և  ծանոթացել կատարված աշխատանքներին: Ի դեպ, բնակիչների համար օրը կրկնակի տոնական էր. բակը նշել է շենքերի կառուցման 40 ամյակը: Տարածքը հիմնովին բարեկարգվել և ապահովվել է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, այդ թվում՝ ինչպես փոքրերի, այնպես էլ մեծահասակների համար: Բակում տեղադրվել են նստարաններ, կառուցվել է փոքրիկ շատրվան: Բակի հարակից շինությունների պատերն էլ ամբողջությամբ նկարազարդվել և ձևավորվել են:

003Շնորհակալություն ու գոհունակություն հայտնելով Տարոն Մարգարյանին բակը բարեկարգելու, ինչպես նաև վարչական շրջանի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և ծրագրերի իրականացման հարցում ցուցաբերվող հետևողականության համար՝ բնակիչները նշել են, որ մայրաքաղաքի հատկապես ծայրամասային վարչական շրջաններում վերջին երկու տարվա ընթացքում փոփոխություններն անզեն աչքով անգամ նկատելի են, ինչը խոսում է քաղաքապետի՝ Երևանի համաչափ զարգացման մասին խոստումը կատարելու մասին: Բնակիչները նաև նկատել են, որ բակը ոչ միայն գեղեցիկ է՝ այլև իսկապես հարմարավետ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է բնակիչներին, ապա շնորհակալություն հայտնել քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար՝ հորդորելով է սրտացավ և հոգատար լինել բակերի պահպանման հարցում, նաև վստահեցրել, որ քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով ծրագրերը լինելու են շարունակական:

«Մայրաքաղաքի համաչափ զարգացման 2014 թվականի ծրագրերով Նոր Նորք վարչական շրջանում նախատեսվում է կառուցապատել և բարեկարգել  47 բակային տարածք: Բակերի ընտրությունը կատարվում է ելնելով այն հանգամանքից, թե որքանով են տվյալ տարածքները ազատ և որքանով է հնարավոր բարեկարգման աշխատանքների իրականացումը: Վերջին 25 տարիների ընթացքում շատ բակեր մեր բնակիչների կողմից  պարզապես զավթվել էին, որոշ դեպքերում էլ ամբողջությամբ ավտոտնակներով էին զբաղեցված: Բակերը իրենց նպատակային նշանակությանը ծառայեցնելու նպատակով մենք պարբերաբար բանակցում ենք բնակիչների հետ և հենց նրանց իսկ ուժերով տարածքներն ազատում, ինչից հետո միայն կարողանում ենք տվյալ հատվածներում բարեկարգման աշխատանքներ իրականացնել:  Երևանի քաղաքապետարանը պատրաստ է բարեկարգել բոլոր բակերը, սակայն բնակիչներն այդ հարցում ևս պետք է իրենց մասնակցությունն ունենան» ,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր Նորք վարչական շրջանի ծրագրերով բարեկարգման աշխատանքներ են ընթանում ևս 42 բակային տարածքում, որտեղ կասֆալտապատվի 14850 քմ և կսալիկապատկվի 6500 քմ տարածք: Բարեկարգման աշխատանքներին զուգահեռ՝ բակային տարածքներում իրականացվում են նաև   կանաչապատման, ինչպես նաև լուսավորության ցանցի ընդլայնման  աշխատանքներ:

Շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածի 2-րդ շրջանի թիվ 5 շենքի հարակից տարածք, որտեղ ծանոթացել է խաղահրապարակ կառուցելու աշխատանքներին: Մարզասարքերից և խաղային ատրակցիոններից բացի տարածքում կառուցվել է նաև լողավազան՝ ավառային շոգ օրերին երեխաների հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով: Բակում վերականգնվում է նաև  ֆուտբոլի խաղադաշտը:

Պատասխանատուները, քաղաքապետին ներկայացնելով արդեն իսկ կատարված աշխատանքները, նշել են, որ դրանք կավարտվեն մինչև սեպտեմբեր:   Տարոն Մարգարյանը զրուցել է նաև հարակից շենքերի բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկները, պատասխանել հուզող բոլոր հարցերին:

 

Անկախ

Հայաստանի վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի պետական խորհրդի նախագահին

08.05.51Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային կորուստների և ավերածությունների կապակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ:
Մենք կիսում ենք Ձեր վիշտը և մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն և տոկունություն»
, – նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում:
Անկախ

Բնապահպանության նախարարը ցավակցական հեռագիր է հղել Կարեն Շահինյանի մահվան կապակցությամբ

1992 Karen

«Նշանակալի է Կարեն Շահինյանի ներդրումը հայրենի բնաշխարհի կենսաբազմազանության պահպանման գործում: Լինելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական գերատեսչության առաջին ղեկավար կազմի ներկայացուցիչը՝Կ. Շահինյանն իր հարուստ գիտելիքները և փորձը ներդրել է պետության առաջ ծառացած բնապահպանական խնդիրների լուծման կարևոր գործում:

Մեծ և ուսանելի է նաև նրա թողած գիտական ժառանգությունը, ինչը դեռ սերունդներ կկրթի: Կարեն Շահինյանն իր մարդկային բարձր հատկանիշներով, հարուստ գիտելիքներով և աշխատասիրությամբ մեծ հարգանք է վայելում իր գործընկերների, գիտնականներիև հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների մոտ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Կարեն Շահինյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ցավակցական հեռագրում:

ՕԵԿ-ը կրկին խախտում է օրենքը. ՀԱԱՀ լրատվության բաժնի հաղորդումը

ՕԵԿ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանին  ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շինության տանիքը “Օրինաց Երկիր” կուսակցության կողմից ապամոնտաժելու կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի    7-ին և 21-ին կայացրել է որոշումներ` արգելելով “Օրինաց Երկիր” կուսակցությանն  իրականացնել որևէ շինարարական աշխատանքներ, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի իր կողմից քանդված տանիքի վերականգնումը: Սակայն ՕԵԿ-ը ոչ միայն անտեսել է դատարանի որոշումը, այլ նաև մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն` չունենալով նախագիծ և շինթույլտվություն: Համալսարանն այդ մասին իրազեկել է բոլոր պատկան մարմիններին: Սակայն գործուն միջամտություն իրականացվել է միայն Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, որը իրականցրել է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ և կազմել արձանագրություն: Մյուս բոլոր պատկան մարմինների կողմից որևէ արդյունավետ միջամտություն չի իրականացվել:

Օգոստոսի 3-ին  Երևան քաղաքի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները փաստի առթիվ կազմել էին արձանագրություն և ակտավորել նրանց երկրորդ անգամ, որի արդյունքում կուսակցությունը դադարեցրել էր շինարարական աշխատանքները: Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ին Օրինաց Երկիր կուսակցությունը չհարգելով պատկան մարմինների որոշումները վերսկսել է շինարարական աշխատանքները:

Ապօրինի ձկնորսություն Եղեգիս գետից

ձկնորսություն
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  ԹԱՇԴՊՎ, Վայոց Ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները օգոստոսի 4-ին, ժամը 17.15-ին, Շատին գյուղի վարչական տարածքով հոսող Եղեգիս գետի ափից, էլեկտրահարման եղանակով, ապօրինի ձկնորսություն կատարելիս, հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Նարեկ Գ.-ին և 1985 թ. ծնված Կարո Ս.-ին:
Էլեկտրահարման եղանակով որսած 64 ձկները, ձկնորսական ցանցը, էլեկտրահարման հարմարանքը, 187 մ էլեկտրական հոսանքի մալուխն առգրավված են:
Կատարվում է հետաքննություն:

Վարչապետն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կենտրոն

11466_am_2

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպության՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ու երիտասարդների ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոն:
Հովիկ Աբրահամյանը շրջել է հաշմանդամ երեխաների կենտրոնի սենյակներով, ծանոթացել ստեղծված պայմաններին և հնարավորություններին, զրուցել երիտասարդների հետ: Ապա վարչապետը հանդիպել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Դրանք վերաբերում էին կենտրոնի տարածքի ընդլայնմանը, շահառուների տեղափոխման համար ևս մեկ տրանսպորտային միջոցի տրամադրմանը, երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, շենքի վերանորոգմանը, կոմունալ և պահպանման ծախսերի փոխհատուցմանը և այլն: Անհատապես լսելով բոլոր ծնողներին՝ կառավարության ղեկավարը խոստացել է լուծում տալ բարձրացված հարցերին և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

11466_am_1 11466_am_3 11466_am_4 11466_am_5 11466_am_6

 

 

 

 

 

Այցի ավարտին հաշմանդամ երիտասարդներից մեկը վարչապետ Աբրահամյանին է հանձնել իր կողմից պատրաստված կավե հուշանվերը:
1999 թ. ստեղծված այս կենտրոնի առաքելությունն է նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների կրթական, առողջապահական ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը՝ ուսուցման, խորհրդատվության և բուժծառայությունների տրամադրման միջոցով: Կենտրոնի 65 շահառուն մասնագիտական որոշակի հմտություններ է ձեռք բերում արվեստի տարբեր խմբակներում և օգտվում հոգեբանի, լոգոպեդի, սոցիալական աշխատողի, էրգոթերապիստի, հատուկ մանկավարժի ծառայություններից: Երեխաների տեղափոխումը տանից կենտրոն և հակառակ ուղղությամբ իրականացվում է «Փրկություն» ՀԿ-ի մեկ միկրոավտոբուսով: Կենտրոնի 24 աշխատակցի աշխատավարձը համաֆինանսավորման սկզբունքով վճարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 1999 թվականից Շենգավիթ համայնքի թաղապետարանը, իսկ 2012 թվականից՝ Երևանի քաղաքապետարանը «Փրկություն» ՀԿ-ին անհատույց հատկացրել են 900 քմ տարածք ծրագրերն իրականացնելու համար:

Երկրի անվտանգության համար պատասխանատու է ոչ միայն զինվորը, այլև մենք. Ռուբեն Բաբայան

Ռուբեն Բաբայան1«Սահմանում լարված իրավիճակ ստեղծելով` ադրբեջանցիները ցանկանում էին դիվիդենտներ շահել, բայց ստացվեց հակառակը` հայկական կողմը շահեց դիվիդենտներ: Այս օրերի արդյունքում` հայերի ռազմական հոգին բարձրացավ, հայրենասիրական զգացմունքները սրվեցին, հաղթողի հոգեբանությունը արթնացավ», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  հոգեբան Սամվել Խուդոյանը:  Նա ընդգծեց, որ ադրբեջանական հասարակությունում վախ ու խուճապ սկսվեց, քանի որ նրանք հասկացան, որ հաղթելու հույս չունեն:

Սամվել Խուդոյանը նշեց, որ ուսումնասիրել է ադրբեջանական բլոգները և  սոցցանցերը, որոնք հաստատում են նրա կարծիքը. «51 զոհի մասին էին գրել, և այդ 51 զոհի տակ մեկնաբանություն էր գրած, որ 51 զոհ երևի կտան Բաքուն գրավելիս, իրենք լուրջ էին ընդունել` «Բաքուն չենք տա, երբեք հնարավոր չէ», այսինքն`լուրջ էին ընդունել.  դա նշանակում է`  լուրջ տագնապի վիճակ են»:

Հոգեբանը շեշտեց, որ թեև պատերազմի վտանգ միշտ էլ  կա, բայց դրա հավանականությունը շատ քիչ է, քանի որ կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, նշեց, որ այս իրադարձությունները լուրջ վերլուծությունների առիթ պետք է լինեն  թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Թուրքիան հայտնեց իր աջակցությունը Ադրբեջանին և նշեց, որ պատրաստ է ռազմական օգնություն ցույց տալ: Ի տարբերություն Թուրքիայի, Ռուսաստանը չաջակցեց կողմերից ոչ մեկին:

«Ռուսաստանը ակնհայտորեն ցանկանում է խաղաղապահ զորքեր տեղակայել ԼՂՀ-ում: Սրա համար Ռուսաստանին պետք է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը, որը ստանալը դժվար է: Այստեղ Հայաստանի և Ադրբեջանի շահերը համընկնում են. մենք կկորցնենք Ղարաբաղը, իսկ Ադրբեջանը կկորցնի այն երբևէ ունենալու հույսը», – ասաց նա` ընդգծելով, որ այս ամենը ցույց տվեց` հույսներս պետք է  դնենք միայն մեզ վրա. «Դրական փաստ է այն,  որ հասարակությունն ու բանակը ընկալվեցին որպես մեկ ընդհանրություն: Մենք հասկացանք, որ երկրի անվտանգության համար պատասխանատու է ոչ միայն զինվորը, այլ նաև մենք՝ բոլորս»:

Անկախ

Հայկ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Վարչապետի որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։
***

Հայկ Հարությունյան

 


Հայկ Հարությունյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ. 9 օգոստոսի, ք. Երևան

Կրթություն 
1998 -2002 թթ. – Անանիա Շիրակացու անվան ճեմարան
2002-2004 թթ. – Ռիջենթս Սքուլ (Թայլանդ), միջազգային բակալավրի դիպլոմ
2004-2007 թթ. – Լանկաստերի համալսարան (Միացյալ Թագավորություն), քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրիատ
2007-2009 թթ. – Քեմբրիջի համալսարան (Միացյալ Թագավորություն), միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա
2012-2014 թթ. – Սկոլկովո մենեջմենթի դպրոց (Ռուսաստան)

Աշխատանքային գործունեություն
2007-2010 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչություն, փոխգործակցության սպա
2010-2011 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմ, շտաբային սպա
2011 թ.- «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
2011-2014 թթ. – «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2012-2013 թթ. – «Արմաունթ Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
2014 թ. – «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
2014 թ. օգոստոսի 5-ից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, կապիտան: 2010 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Վազգեն Սարգսյանի մեդալով: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի, գերմաներենի:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

Օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ

ՊԲ,պնԱնցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց:
Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

 

Օգոստոսի 7-ին լրանում է ասորիների ցեղասպանության 100-ամյակը

Ռազմիկ ԽոսրոևՕգոստոսի 7-ին լրանում է ասորիների ցեղասպանության 100-ամյակը: Այս օրերին ասորական  համայնքների եկեղեցիներում պատարագներ են մատուցվում զոհերի հիշատակին:

«Շատ քչերը գիտեն, որ Թուրքիայում 850 հազար քրիստոնյա ասորի են սպանել նույն միջոցներով, ինչ հայերին: Այս տարի ամբողջ աշխարհում նշվում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցը: Շատ երկրներ, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ուռճացնում են իրենց տված զոհերի մասին վիճակագրական տվյալները, այն դեպքում, որ ամենաշատ զոհեր այդ տարիներին տվել են հայերը և ասորիները. սպանվել է 1,5 մլն հայ և 850 հազար ասորի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աթուր» կազմակերպության անդամ Ռազմիկ Խոսրոևը: Նա նշեց, որ, եթե հայերի ցեղասպանությունը Թուրքիայում 20-ական թվականներին ավարտվեց, ապա ասորիների ցեղասպանությունը շարունակվում է: 1933թ.-ին Սեմել գյուղում անգլիացիների դրդմամբ դաժանաբար սպանվեց 300 հազար ասորի.«Այն, ինչ կատարվում է Մոսուլում` պատմական Նինվեի տարածքում, սարսափելի է: Իսլամիստները ասորիներին առաջարկել են կա՛մ դավանափոխ լինել, կա՛մ էլ մեծ հարկեր վճարել: Ասորիները ստիպված լքում են այն տարածքները, որտեղ ապրել են անհիշելի ժամանակներից», – նշեց Խոսրոևը:

Ամբողջ աշխարհում,  եղած տվյալների համաձայն, ապրում է մոտ 2,5 միլիոն ասորի: Սադամ Հուսեյնի օրոք միայն Իրաքում կար 2 մլն ասորի, ովքեր մշակութային բարձր վերելքի էին հասել, վերականգնել հին տաճարներ:  Ասորիների ցեղասպանությունը ընդունել են մի քանի երկրներ, որոնց շարքում են Շվեդիան, որտեղ մեծ համայնք կա, Ավստրալիան և «Ցեղասպանությունների միջազգային ասոցիացիան»:

Ռազմիկ Խոսրոևը ընդգծեց, որ  Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել ասորիների ցեղասպանությունը, և անցած տարի էլ մերժել է համապատասխան օրենքը`  պատճառաբանելով, թե ձևակերպումն է սխալ:

Հայաստանում ասորիները քաղաքական խնդիրներ չունեն. նրանց հիմնական խնդիրները կրթամշակութային են. «Փորձել մեղադրել պետությանը չի կարելի, ընդհակառակը` ամբողջ կրթական համակարգը` ասորական լեզվի դասավանդումը, բոլորը վճարվում է և գտնվում է պետական հոգածության տակ: Արդեն 15 տարուց ավելի է՝ մեր դպրոցներում սովորում են գրել, կարդալ, պատմություն: Վերջին 15 տարում կրթական համակարգը բավականին զարգացել է», – ասաց Ռազմիկ Խոսրոևը:

Հայաստանի արևելքի ասորական կաթողիկոսության Սուրբ առաքելական եկեղեցու հոգևոր հայր Նիկադիմ Մուխանաևը պատմեց, որ ինքն ընդամենը մեկ տարի առաջ Իրաքում ուսանում էր, իսկ այսօր իր հայրենակիցներին վտարում են այնտեղից: Վերջին 2000 տարվա ընթացքում առաջին անգամ նախորդ երկու կիրակիներին Մոսուլում չեն հնչել եկեղեցու զանգերի ղողանջները. «Կոչ ենք անում գերտերություններին բացել աչքերը ու տեսնել. թե ինչ է կատարվում աշխարհում: Մեր հույսը միայն Աստծո վրա է, և աղոթում ենք, որ Աստված գթությամբ լցնի վայրագների հոգիները»,- ասաց նա:

 Անկախ

Հանրապետությունում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը

հացահատիկային մշակաբույսեր

Հանրապետության տարածքում գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի մասով ընթանում են բերքահավաքի աշխատանքները։

2014թ. հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել է՝ 187,8 հազար հեկտար, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը  9,5 հազար հեկտարով։ Օգոստոսի 5-ի դրությամբ,  օպերատիվ տվյալներով,  հնձվել է շուրջ 89 հազար հեկտար հացահատիկ ապահովելով շուրջ 282 հազար տոննա համախառն բերք։

Արարատի և Արմավիրի մարզերում կատարված հացահատիկային մշակաբույսերի 13600 հա ցանքատարածության վրա բերքահավաքն գրեթե ավարտվել է, օպերատիվ տվյալներով ապահովելով համապատասխանաբար 44,3 և 38,8 ց/հա միջին բերքատվություն, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը։

Հանրապետության մյուս մարզերում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է

Համաշխարհային  բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների  կառավարման  և  մրցունակության»  ծրագրի  գյուղի  զարգացման  մասնագետ  և  թիմի  ղեկավար  Նիկոլաս  Ահուիսուսիին,  Բանկի  կայուն ռազմավարության  դեպարտամենտի գյուղատնտեսության     արտադրության  տնտեսագետ   Բեքզոդ  Շամսիևին  և    Համաշխարհային բանկի հայաստանյան  գրասենյակի  պատասխանատու  Արուսյակ Ալավերդյանին:

Հանդիպման  նպատակն  իրականացվող  ծրագրի ընթացքի  դիտարկումների  արդյունքներին ու նոր ծրագրի թիրախային առաջարկներինծանոթանալն է:

“Բարձր եմ  գնահատում Համաշխարհային բանկի՝ ոլորտին ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես,  արոտավայրերի բարելավման  առաջին  ծրագրի շրջանակներում, ինչը  նպաստել է  հանրապետությունում անասնագլխաքանակի աճին և   ֆերմերների եկամուտների ավելացմանը:  

Հույս ունեմ, որ երկրորդ ծրագիրը ևս արդյունավետ կլինի և կապահովի շղթայի ամբողջականությունը“,-ողջունելով հյուրերին նշել է նախարարը:

Նիկոլաս  Ահուիսուսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար  և տեղեկացրել է նախարարին, որ  դրական  միտումները կայուն  նախադրյալներ  են ապահովում «Համայնքների   գյուղատնտեսական  ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ  ծրագիրն իրականացնելու համար:  Նա նաև  նշել է,  որ  Բեքզոդ  Շամսիևը  հանդիսանալու  է «Համայնքների գյուղատնտեսական  ռեսուրսների  կառավարման  և մրցունակության» երկրորդ ծրագրի համակարգողը:

Երկրորդ  ծրագրիրը կընդգրկի հետևյալ բաղադրիչները՝  նոր  համայնքների ներգրավում, զարգացման արժեշղթայի բոլոր օղակների հստակեցում,ինչպես նաև աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝   Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գործում:

Նախարարը գոհունակություն է հայտնել  նոր ծրագրի մեկնարկի առթիվ և  ներկայացրել է առաջարկներ, որոնք ցանկալի կլիներ  ընդգրկելծրագրում: “Հանրապետությունում զգալիորեն ավելացել է գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը և ստեղծվել են մսի ևմսամթերքի արտահանման իրատեսական  նախադրյալներ, անհրաժեշտ է ծրագրի միջոցներով կառուցել մի քանի  սպանդանոց, կաթի վերամշակման արտադրամասեր,  կերարտադրության  բարձր մակարդակ ապահովելու և կերային բազան ավելացնելու համար  ձեռքբերել հացահատիկահավաք կոմբայններ, ինչպես նաև վերամշակող  արդյունաբերության բնագավառում ներդնել նորտեխնոլոգիաներ“,- նշել է նախարարը:

ՀԲի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել  քննարկել  վերոգրյալ  առաջարկներն ու հնարավորինս օժանդակել նոր ծրագրումդրանք  ընդգրկելու գործում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Սաուդյան Արաբիայում սահմանափակել են օտարերկրացի կանանց հետ ամուսնությունները

pic_234b42a8570940f901401c28f9c8fd88Սաուդյան Արաբիայի իշխանությունները մի շարք սահմանափակումներ են մտցրել օտարերկրացի կանանց հետ ամուսնության հարցում, հաղորդում է  տեղի «Մեքքա»  թերթը: Սաուդացիներին հիմա արգելվում է ամուսնանալ Չադի, Պակիստանի, Մյանմարի ու Բանգլադեշի քաղաքացուհիների հետ: Ոստիկանության տվյալների համաձայն, այդ կանանց թիվը Սաուդյան Արաբիայում գերազանցում է  կես մլն-ն ու շարունակում է աճել:

Նոր օրենքներ են սահմանվել նաև օտարերկրացի կանանց հետ ամուսնության կարգում. փեսացուն պետք է առնվազն 25 տարեկան լինի, իսկ եթե նրա առաջին կինը թագավորության հպատակ է. ապա երկրորդ անգամ ամուսնանալու համար նա լուրջ պատճառներ պիտի ունենա, ասենք, նման միություն կարող է լինել, եթե առաջին կինն անբուժելի հիվանդ է քաղցկեղով, Պարկինսոնի կամ էլ անպտղության հիվանդություն ունի: Իսկ եթե կինն է դիմել ամուսնալուծվելու, ապա սաուդացի տղամարդը կարող է նորից ամուսնանալ ոչ շուտ,  քան ամուսնալուծությունից կես տարի անց:

Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է, որտեղ կառավարման համակարգը շարիաթների օրենքների վրա է հիմնված: Յուրաքանչյուր սաուդացու կյանքը խիստ կանոնակարգված է.արգելված են ալկոհոլն ու թմրանյութերը, իսկ արտամուսնական սեռական կապերի համար նույնիսկ հնարավոր է զրկվի կյանքից:

ԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում հարգել հրադադարի պայմանագիրը

մակԳլխավոր քարտուղարը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային այլ գործընկերների կողմից արտահայտված խոր մտահոգությունը կապված շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության և ուժի կիրառման կտրուկ ավելացման հետ։ Սա վերջին օրերին հանգեցրել է մարդկային կյանքերի բազմաթիվ կորուստների և վիրավորների։ Նա կոչ է անում բոլոր կողմերին՝ հարգել հրադադարի պայմանագիրը, զերծ մնալ բռնության հետագա ծավալումից և լծվել լարվածության անհապաղ թուլացման ու երկխոսության՝ հետամուտ լինելով քաղաքական արագ և խաղաղ կարգավորման։

Գլխավոր քարտուղարն իր լիակատար զորակցությունն է արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի և բոլոր կողմերի ջանքերին՝ ուղղված այս վտանգավոր իրավիճակի հանգուցալուծմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 4-ից 5-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 11-ը, որսագողության` 1, խարդախության, ապօրինի ծառահատման և  յուրացման  2-ական  դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից  բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային  16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը՝  ստացել   տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Սերժ Սարգսյանը դեսպաններ նշանակելու մասին որոշում է կայացրել

սերժ սարգսյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Ավետ Ադոնցին ազատել Բելգիայի Թագավորությունում և, համատեղության կարգով, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից:

Մեկ այլ հրամանագրով Ավետ Ադոնցը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ):

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Թաթուլ Մարգարյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բրյուսել):

Վերջինս համատեղության կարգով, նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):

Իրադրությունն առաջնագծում

կրակոցՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կործանիչ հարված հասցնել հակառակորդի ցանկացած նահահարձակ գործողության:

Անկախ