Սպասվում են տեղումներ ու ջերմաստիճանի բարձրացում

եղանակՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում`
ապրիլի 11-ին, 13-14-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում,15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 11-ից 14-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: 

Երևանում՝

Ապրիլի 11-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-15-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Երևանի  ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
– Օդի առավելագույն ջերմաստիճան      27.20C (1998 թ.)
– Օդի նվազագույն ջերմաստիճան          -7.40C (1997 թ.)
– Օդի միջին օրական ջերմաստիճան      12.50C

Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհահատվածում

ԱվտովթարԱպրիլի 11-ին, ժամը 04.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածում (83-րդ կմ) «Օպել» մակնիշի Լ6549 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից ձորակը: Զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքան:

Անկախ

Ինչո՞ւ ՀՅԴ-ն չի մասնակցել ոչ իշխանական ուժերի առաջնորդների հանդիպմանը. պարզաբանում է Աղվան Վարդանյանը.NEWS.am

Աղվան ՎարդանյանՀՅԴ օրակարգում ոչ իշխանական կուսակցությունների ղեկավարների հանդիպում չի եղել, այդ պատճառով չեն մասնակցել այսօր՝ ապրիլի 10-ի երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Այս փուլում նման հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ-ի օրակարգում չկա: Քառյակի բոլոր քննարկումների ժամանակ ՀՅԴ-ն արտահայտել է իր ամբողջական տեսակետը: Մեզ համար քաղաքական թիմի եւ ղեկավարի մոտեցումները չեն տարբերակվում»,-ասել է Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ տեղյակ են եղել, որ այսօր հնարավոր է երեք կուսակցությունների ղեկավարները հանդիպեն:

Ավելի վաղԱնկախը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 10-ին, կայացել է Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: ՀՅԴ-ից հանդիպմանը ոչ ոք չի մասնակցել:

Կուսակցությունների առաջնորդներին ուղեկցել են երկուական ներկայացուցիչներ: Ըստ այդմ, Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցել են Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Լեւոն Զուրաբյանն ու Ստեփան Դեմիրճյանը, իսկ Գագիկ Ծառուկյանին՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը:

ԲՀԿ մամուլի քարտուղար Իվերտա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել «մասնավոր տարածքում»:

Մեկնարկում է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 2014թ. առաջնությունը

open gameԱրդեն չորրորդ անգամ մեկնարկում է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծմանՀայաստանի բաց առաջնությունը, որի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) և «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Այս տարի նախագծին է միացել նաև «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը` որպես գլխավոր հովանավոր:

 

Առաջնության նպատակն է զարգացնել խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ստեղծել նոր բիզնես միջավայր, ունենալ ոլորտում “Made in Armenia” բրենդ և դուրս գալ միջազգային շուկա: Առաջնությունը միտված է նաև բացահայտելու տաղանդավոր երիտասարդների և վերջիններիս խրախուսելու շարունակել իրենց գործունեությունը խաղերի ոլորտում:

«2011 թվականին, երբ առաջին անգամ կազմակերպում էինք առաջնությունը, ներկայացված էր 25 նախագիծ, 2012-ին նախագծերը 40-ն էին,  իսկ 2013-ին ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր 50-ի: 2013 թվականի առաջնության հաղթող խաղը` «FastFood»-ը, այժմ ունի մինչև 100.000 բեռնում: Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ առաջնությունը զարգացում է ապրում, և այս տարվա համար կարող ենք ավելի հավակնոտ նպատակներ մեր առջև դնել և իրականացնել: Նախատեսում ենք, որ 2014-ին ունենալու ենք մասնակիցների թվի մոտ 30% աճ»,- ասաց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

 

«Ուրախ ենք արդեն չորրորդ տարին անընդմեջ համագործակցել ԻՏՁՄ-ի հետ` աջակցելու հետաքրքիր գաղափարների և նախագծերի իրագործմանը: «Բաց Խաղ»  առաջնությունն արդեն դարձել է բարի ավանդույթ, և տարեցտարի ավելացող մասնակիցների թիվը վկայում է, որ խաղերի նախագծումն իսկապես դինամիկ զարգացող ոլորտ է, և Հայաստանում մեծ պոտենցիալ ունի: »,- ասաց Օրանժ Արմենիայի հովանավորության նախագծերի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը:

 

«Հանդիսանալով առցանց խաղային լուծումների լավագույն մատակարար`«ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերությունը չափազանց կարևորում է «Բաց խաղ» առաջնությունը: Համակարգչային և բջջային խաղերի ոլորտն արդեն իր հաստատուն դերն ունի տեխնոլոգիական ոլորտում, այդ իսկ պատճառով շատ ուրախ ենք համագործակցել ԻՏՁՄ և «Օրանժ Արմենիայի» հետ` աջակցելու նոր ու հետաքրքիր գաղափարների իրագործմանը»,- ասաց «ՍոֆթՔոնսթրաքթ» ընկերության գլխավոր տնօրեն Հարություն Համբարձումյանը:

 

«Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնությունն անցկացվելու է 4 փուլով: Փուլ առ փուլ մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը և խաղերի ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն պատրաստի խաղեր: Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Օրանժ Արմենիա, Plexonic, Triada, Frismos, Zoom Graphics, HitBits ընկերություններից:

 

Մասնակիցները մրցելու են 8 անվանակարգերում՝ Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն (Junior), Ժողովրդական մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 3.000.000 դրամ:

 

«Բաց Խաղ» առաջնությունը չունի տարիքային կամ նախագծերի տիպերի և տեխնիկական հնարավորությունների սահմանափակում: Գրանցվելու համար հարկավոր է այցելել www.opengame.am կայք և առցանց լրացնել մասնակցության հայտը կամ բեռնել այն և լրացնելուց հետո ուղարկել [email protected] էլ. հասցեին, նամակի վերնագրի տողում նշելով` “Open Game” contest application:

 

Գրանցումը բաց է մինչև 2014թ. հոկտեմբերի 12-ը, սակայն բոլոր այն մասնակիցները, ովքեր կգրանցվեն մինչև հունիսի 15-ը, հնարավորություն կունենան ստանալու ժյուրիի խորհրդատվական աջակցությունը, ինչպես նաև մասնակցելու մասնագիտացված դասընթացների և ԻՏՁՄ կողմից կազմակերպվող ոլորտային միջոցառումների:

 

-վերջ-

 

 

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության մասին

 

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: ԻՏՁՄ-ն ստեղծվել է ոլորտի ձեռնարկությունների շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման նպատակով:

 

Իր գործունեության շրջանակներում ԻՏՁՄ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ` ուղղված ՏՀՏ ոլորտի համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծմանը, այդ թվում` DigiTec Expo ամենամյա ՏՀՏ/ԲՏ միջազգային ցուցահանդեսը, DigiTec բիզնես ֆորումը, ՏՀՏ լիդերների հանդիպում-ֆորումը, Բիզնես Ինովացիոն ֆորումը, DigiCamp ամառային տեխնոլոգիական ճամբարը, «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնությունը և Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման Ծրագրիը /ԱրմՌոբոտիքս/:

 

 Անկախ

Այսօր կայացել է ՀԱԿ-ի,ԲՀԿ-ի և ՙՙԺառանգություն՚՚ կուսակցությունների առաջին դեմքերի հանդիպումը

լևոն, գագիկ, րաֆֆիԱյսօր, ապրիլի 10-ին կայացել է , Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ` ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Հադիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցեր:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ժառանգություն» կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ մամլո հաղորդագրություն

Անկախ

 

«Երկուշաբթի օրը մենք կորոշենք, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետը». Էդ. Շարմազանով

շարմազարովՀայաստանի նոր վարչապետի անունը հայտնի կլինի երկուշաբթի` ապրիլի 14-ին: Ապրիլի 10-ի երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադարձ է եղել ներքաղաքական խնդիրներին: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ գործադիրի նիստի ընթացքում Հանրապետության նախագահը ներկայացրել է երեք կուսակցությունների` ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի հետ անցկացված կոնսուլտացիաների ընթացքը: ՙՙԵրկուշաբթի օրը տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի, իսկ այնուհետև խորհրդի նիստ, որտեղ էլ մենք կորոշենք, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետը՚՚,-նշեց ՀՀԿ խոսնակը:

Նրա խոսքով, քանի դեռ կուսակցությունը պաշտոնապես որևէ որոշում չի կայացրել, կոռեկտ չի համարում նշել, թե ում թեկնածությունն է քննարկվել կամ ում անուններն են քննարկվում: Ըստ Էդուարդ Շարմազանովի, գործադիր մարմնի նիստին մասնակցել է արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՙՙԹե ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն նեկայացրել են նախագահի հետ կոնսուլտացիաների վերաբերյալ իրենց կարծիքները, ավելացնելու բան չունեմ՚՚,-ասաց Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ մինչև երկուշաբթի այդ երեք կուսակցությունների ղեկավարների հետ կլինեն հանդիպումներ, և երկուշաբթի երեկոյան կներկայացվի վերջնական որոշումը:

Ինչ վերաբերում է հարցին, թե վարչապետի պաշտոնի համար ավելի շատ շրջանառվում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը, Էդուարդ Շարմազանով ասաց, որ շրջանառվող լուրերին մեկնաբանություններ չի տա` կրկնելով, որ քանի դեռ չկա կուսակցության վերջնական որոշում, ինքը զերծ կմնա կարծիք հայտնելուց: ՙՙՆախորդ անգամ ի պատասխան հարցի` արդյոք քննարկվել է կուսակցական պատկանելությունը կամ անուն ազգանուն, ասել եմ, որ ոչ անուն ազգանուն, ոչ կուսակցական պատկանելություն չի քննարկվել, և քանի դեռ չկա, կուսակացական քննարկումները չեն ավարտվել, չկա վերջնական որոշում, փակագծերը չեմ բացի՚՚:

Հարցին, եթե Հովիկ Աբրահամյանը նշանակվի վարչապետի պաշտոնում, ո՞վ կլինի Խորհրդարանի նախագահը, ՀՀԿ խոսնակն ասաց. ՙՙԵթե-ներով հարցին չեմ պատասխանի, Կիկոսի մահի վարկածներով չեմ առաջնորդվի, գուշակություններով երբեք հայտնի չեմ եղել՚՚:

Անկախ

 

 

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում շարունակվում է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակԱյս պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում շարունակվում է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարում է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը մեկնարկել է 20:15 րոպեին, դեռ շարունակվում է: Կուսակցության մամուլի սրահում աշխատում են մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ակնկալվում է, որ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույց կտա ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նա կտեղեկացնի` վարչապետի հարցով` կուսակցության գործադիր մարմնի կայացրած որոշման մասին:

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ. Կենտրոնական դեպոզիատարիայի ապօրինի գործողությունների դեմ նամակ-պահանջի ձևանմուշ

դեմ եմՕրերս շատ քաղաքացիներ սկսել են ստանալ նամակներ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից այն մաիսն, որ նրանց փոխարեն ծրագրային մոդուլի միջոցով ընտրվել է կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:

Մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ Կենտրոնական դեպոզիտարիայի այս քայլերն ապօրինի են: Ուստի կոչ ենք անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր Կենտրոնական դեպոզիտարիայից ստացել են նամակ իրենց փոխարեն ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրելու վերաբերյալ, ստորև ներկայացված ձևանմուշով անհապաղ Հայփոստով հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակ ուղարկեն միաժամանակ և Կենտրոնական դեպոզիատրիային և «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ին:

Ձևանմուշ PDF, Ձևանմուշ DOC

Նամակով մենք պահանջելու ենք անհապաղ անվավեր ճանաչել մեր փոխարեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու Կենտրոնական դեպոզիտարիայի առոչինչ գործարքն ու վերադարձնել մեզնից գանձված գումարները մեզ: Հակառակ դեպքում յուրաքանչյուրս կարող ենք օգտվել դատական պաշտպանության մեր իրավունքից:

Հասցեներ՝

  1. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ,
    Տնօրեն`պրն. Վահան Ստեփանյանին
  2. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ,
    Գլխավոր տնօրեն` պարոն Կոնստանտին Սարոյանին

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Այսօր ժամը 20:00-ին նախատեսված ՀՀԿ գործադիր մարմնի նիստը մեկնարկեց

հհկ ՀՀԿ կուսակցության կենտրոնական գրասենյակ են ժամանել գործադիր մարմնի մի շարք անդամներ, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Գագիկ Մինասյանը, Հրանուշ Հակոբյանը, պատգամավոր Կարեն Կարապետյանը: Ինչպես արդեն հայտնի է, սպասվում է, որ այսօրվա գործադիր մարմնի նիստում հայտնի կդառնա Հայաստանի նոր` 14-րդ վարչապետի անունը:

Նշեմ, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել անցած հինգշաբթի` ապրիլի 3-ին, Կառավարության հերթական նիստից հետո, երեկոյան տեղի ունեցած Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում, իսկ հաջորդ օրը Նախագահ Սարգսյանը ընդունել էր կառավարության հրաժարականը: Սահմանարդրությամբ ամրագրված է, որ Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` տասնօրյա ժամկետում: Մայր օրենքի նույն հոդվածի համաձայն` Կառավարության կաբինետը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

 

Անկախ

Կարգապահական տույժեր. մեկ լիցենզիայի դադարեցում, 10-ը նախազգուշացում

կգնՀՀ կրթության և գիտության նախարարությունում  այսօր կայացել է Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ԿԳՆ աշխատակազմի ղեկավար, լիցենզավորման հանձնաժողովի նախագահ Մհեր Ղազարյանը: Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված են եղել հարցեր, որոնք վերաբերել են ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամաններով ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ուսումնասիրությունների  արդյունքներին, ինչպես նաև ուսումնական հաստատությունների հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով լիցենզիաների տրամադրման հայտերին: ԿԳՆ Լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանը ներկայացրել է   ՀՀ 12 ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում  կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված եզրակացությունները: Հանձնաժողովը բուհերի ղեկավար ներկայացուցիչների հետ քննարկել է արձանագրված թերացումները:  Հիմք ընդունելով  արձանագրված խախտումները՝  կրթական ծրագրերի լիցենզավորման հանձնաժողովը որոշել է  ՀՀ ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանին առաջարկություն ներկայացնել 11 բարձրագույն ուսումնական հաստատությունների նկատմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման համար կիրառել կարգապահական տույժեր: Մասնավորապես դադարեցնել  Լևոն Օրբելու անվան համալսարանի բարձրագույն կրթական ծրագրի լիցենզիայի գործողությունը, իսկ Երևանի “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարանի, Երևանի “Գալիք” համալսարանի, Երևանի գյուղատնտեսական համալսարանի, “Մարտիգ” արտաքին տնտեսական կապերի համալսարանի, Երևանի “Մեսրոպ Մաշտոցի անվան” համալսարանի, Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Հրազդանի հումանիտար ինստիտուտի, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի, Երևանի մշակույթի համալսարանի, Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ նախազգուշացում:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև մի շարք կազմակերպությունների կրթական ծրագրերի լիցենզիաներ տրամադրելու հայտերը:

Բարեկարգման ծրագրերի շրջանակում շուրջ 25 հեկտարով կավելանա մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը

007Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2014թ.-ին մայրաքաղաքում նախատեսվող որոշ այգի-պուրակների վերակառուցման նախագծերը, որոնք կյանքի կկոչվեն, ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ ներդրումների միջոցով: Երևանի զարգացման քառամյա ծրագրով ու ընթացիկ տարվա աշխատանքներով նախատեսված հանգստի գոտիների կառուցմամբ հարմարավետ միջավայր կապահովվի երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար. «Երևանի քաղաքապետարանի պատվերով նախատեսված այս ծրագրերի կյանքի կոչմամբ մենք լուծում ենք կանաչ տարածքների ընդլայնման, պահպանման ու թարմացման, ինչպես նաև անմխիթար վիճակում գտնվող այգիների բարեկարգման խնդիրը: Սա, ըստ էության, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրերի հաջորդական իրականացումն է նաև, որոնք, էլ ավելի ընդլայնելով ծավալներն ու շրջանակները, հետզհետե կյանքի են կոչվում: Հարկ եմ համարում նաև նկատել, որ մենք այս ուղղությամբ նաև ծրագրային առաջանցիկ  աճ ենք գրանցել, ինչն իր հերթին հնարավորություն է ընձեռում հաջորդող տարիներին չնախատեսված այլ տարածքներ ներառել բարեկարգման ծրագրերում, որոնք նույնպես ուղղված կլինեն մայրաքաղաքի զարգացմանը»,- ընդգծել է Սիրեկան Օհանյանը:

«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը նշել է, որ արդեն իսկ մեկնարկել են Կիրովի անվան մանկական զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրումների հաշվին, վարձակալի կողմից, ինչն, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Ծրագրի արդյունքում հանգստի այս գոտին  բնակիչներին կներկայանա նորովի և ապահովված կլինի լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. «Համալիր ծրագրի արդյունքում, պահպանելով բարեկարգման բոլոր բաղադրիչները, խնդիր է դրված արդիականացնել մանկական ատրակցիոնները, ոռոգման համակարգը, ինչն իր հերթին հնարավորություն կտա թարմացնելու ծառուղիներն ու սիզամարգերը: Ճարտարապետական նոր լուծումներով էլ կարդիականացվեն այգում առկա և ներկայումս գործող օբյեկտներն ու շինությունները»,- նշել է Սիրեկան Օհանյանը:

Անդրադառնալով Գլխավոր պողոտայի Վերնիսաժին և Մալիբու սրճարանին հարակից հանգստի գոտիների բարեկարգման նախագծերին՝ Սիրեկան Օհանյանը նշել է, որ վերը նշված զբոսայգիների վերակառուցումը ևս անհրաժեշտություն էր. «Սարյան – Մաշտոց, ինչպես նաև Նալբանդյան – Հանրապետության փողոցներին հարակից հատվածներում գտնվող 1970-ական թվականներին շահագործման հանձնված հանգստի այս գոտիներն արդեն տասնամյակներ շարունակ կորցրել էին իրենց նպատակային նշանակությունը: Բարեկարգման ծրագրի շրջանակում կցուցաբերվի համալիր մոտեցում, և այգիները կվերագտնեն իրենց երբեմնի հմայքը: Հարկ է նշել, որ այգիների նախկին նախագծային լուծումներն ու կանաչ տարածքները պահպանվելու են: Կարդիականացվեն առկա ջրավազաններն ու շատրվանային համալիրները, կավելանան սիզամարգերը, կտնկվեն Երևանի բնակլիմայական պայմաններին համապատասխանող ծառատեսակներ:  Կարող եմ վստահեցնել, որ արդյունքում այդ գոտիները կդառնան ավելի բարեկարգ և ավելի կանաչապատ՝ ապահովելով հարմարավետ նոր միջավայր»,- նշել է Սիրեկան Օհանյանը:

Ընթացիկ տարում կավարտվի նաև Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման ծրագիրը: Շուրջ 7 հա կազմող տարածքում ևս կստեղծվեն հանգստի հարմարավետ պայմաններ: Կարդիականացվեն արտաքին լուսավորության և ոռոգման համակարգերը: Պանթեոնի հարակից այգու տարածքը, որն այսօր գտնվում է ոչ բարվոք վիճակում, ամբողջությամբ կվերակառուցվի ու կդառնա քաղաքային նշանակության լիարժեք հանգստի գոտի:

Սիրեկան Օհանյանը ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի ծրագրերով Ստեփանակերտում վերակառուցվող Ազատամարտիկների այգու նախագիծը: Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագիրն, ըստ էության, գործընկեր քաղաք Երևանի նվերն է ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին: Վերակառուցման ծրագրի արդյունքում ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ազատամարտիկների այգին կներկայանա նորովի ու նոր հնարավորություններով:

Բանախոսի ներկայացմամբ՝ հանգստի գոտիներից  բացի, Երևանի զարգացման ծրագրերում առանձնակի կարևորվել է նաև նոր շրջանցիկ ճանապարհների կառուցումը, որոնք ուղղված են մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմանը. «Նմանատիպ ծրագրերից է Իսակովի և Արշակունյաց պողոտաները միմյանց կապող նոր ճանապարհի կառուցումը, որն, ըստ էության, Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու տրամաբանական շարունակությունն է դառնալու»,- նշել է «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը:

Ընդհանուր առմամբ, 2014թ.-ին նախատեսված այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման ծրագրի արդյունքում ընթացիկ տարում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հա տարածքով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Փոքրիկները հոգ են տանում, որ մայրիկները չհղիանան

shutterstock_42478147Անքուն գիշերների պատճառով տառապող երիտասարդ մայրիկներին երբեմն թվում է, թե երեխան  նպատակադրվել է իրեն խանգարել` ցանկացած գնով: Պարզվում է, դա իրոք այդպես է:

-Կրծքով կերակրելն այդ թվում է ու  ծննդաբերությունից հետո առաջին 6 ամիսների համար այն բնական հակաբեղմնավորիչ է: Այդ շրջանում կանանց մոտ նաև դաշտանադադար է լինում:

Հայտնի կենսաբանը մի տեսություն է առաջ քաշել, որի համաձայն, գիշերները երեխայի արթնանալն ու լացը կապված են էվոլյուցիոն մարտավարության հետ, որը ստիպում է մայրերին անընդհատ կրծքով կերակրել երեխային, ինչն իր հերթին զգալիորեն նվազեցնում է հղիանալու հավանականությունը: Այսինքն, մոտ ժամանակներում փոքրիկը եղբայրներ ու քույրեր դեռ չի ունենա, կենսական պաշարների համար մրցակիցներ չեն լինի ու կենդանի մնալու շանսերը կմեծանան:

Հարվարդի համալսարանից Դևիդ Հեկգը կարծում է, որ մորն անընդհատ կերակրել ստիպելով, երեխան, փաստորեն էականորեն ուժգնացնում է հակաբեղմնավորման մեխանիզմը: Եղբայրների ու քույրերի ծնվելը կարճատև դադարից հետո, իսկապես էլ հիմնականում կապված է մանկական մահացության բարձր տկոսի հետ: Դրա համար էլ էվոլյուցիոն զարգացման ընթացքում նոր մեխանիզմ է զարգացել. փոքրիկը մորը չի թողնում քնի, ստիպելով իրեն կրծքով կերակրել:

Գիտնականի հաշվարկների համաձայն, երեխաները հաճախ գիշերն արթնանում են ծնունդից 6 ամիս հետո, այսինք, այն ժամանակաշրջանում, երբ մոր մոտ կրկին վերականգնվում է   պտղաբերությունը:

Անկախ

Դավիթ Մուրադյանը նշանակվել է ԵԹԿՊԻ ռեկտորի պաշտոնակատար

կգն2ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել, համաձայն որի` 2014 թվականի ապրիլի 11-ից “Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Մուրադյանը` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Դոլարի գինը բորսայում` 415,65 դրամ

դոլարԱպրիլի 10-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 415.7 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.65 դրամ:

 

NASDAQ OMX Armenia

Արսեն Խոջոյանն Իջևանի հիվանդանոցում 5 րոպե է մնացել

արսեն խոջայանՄեկամսյա գերությունից այսօր հայկական կողմին հանձնված 23-ամյա Արսեն Խոջոյանն այս պահին Իջևանի բժշկական կենտրոնում չէ: «Անկախ»-ի թղթակցին քիչ առաջ Իջևանի հիվանդանոցի տեղեկատու բուժքույրը հայտնել է, որ 14:30 –ի սահմաններում  Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանին բերել են իրենց բուժկենտրոն, ապա հինգ րոպե անց տարել:

«Ես ոչ մի բան չգիտեմ Արսեն Խոջոյանի մասին, չեմ տեսել, ընդամենը 5 րոպե մնաց այստեղ»,-կտրուկ պատասխանել է տեղեկատու բուժքույրը:

Չի տեսել, բայց ասաց, որ Արսեն Խոջոյանը ոտքի վրա է եղել, նրան պատգարակի վրա չեն հիվանադանոց տարել: Իջևանի առողջապահական կենտրոնի տեղեկատու բուժքույրն ասել է, որ տղայի վիճակի մասին ոչինչ ասել չի կարող:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմն այսօր երիտասարդին հայկական կողմին է հանձնել, նրա ընտանիքի անդամներն էլ Իջևանի հիվանդանոց են շտապում, որտեղ հույս ունեն տեսնել Արսենին:

«Ասել են` խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ». Արսեն Խոջոյանի մայրը որդու վերադարձի մասին

արսեն խոջայանՄոտ մեկ ժամ առաջ Կարմիր խաչի հայկական գրասենյակից զանգահարել են մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և գերեվարված Արսեն Խոջոյանի ընտանիքին և հայտնել, որ նրանց 23-ամյա որդուն արդեն հանձնել են հայկական կողմին:

«Զանգեցին, ասացին, որ տանում են հիվանդանոց` բուժզննության: Չգիտեմ` ինչ անեմ, ահավոր խառնված եմ, չգիտեմ` գնամ, մնամ: Վեշս կապած ա, ես ու Արսենի հորեղբորորդին` Արմենը, այս պահին Բերդի ավտոկայանում ենք, մեքենա ենք ուզում վարձել, հասնել Իջևան, հիմա Արսենիս էնտեղ են տանում, հետո տեղափոխելու են Երևան: Արսենի հայրիկին չուզեցինք տանենք, շատ հուզված ա»,-«Անկախ»-ի թղթակցի հետ զրույցում արցունքախառն ձայնով ասել է Արսենի մայրը` տիկին Սվետլանան: Նա նաև ասել է, որ իրենց տեղեկություններով Արսենի վիճակն ընդհանուր լավ է:

«Ասել  են`  խելքը տեղն ա, չեմ համբերում, հասնեմ, ձայնը լսեմ»,-նշեց տիկին Սվետլանան:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

« Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության»:

Ավելի արդյունավետ կկիրառվի գործուն զղջալու ինստիտուտը

նախարարներՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Նիստում գործադիրը հավանություն է տվել ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որը մշակվել է ի կատարումն Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկության: ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում կառուցակարգ առ այն, որ կուսակցության ներկայացրած հաշիվները չի վերանայի նույն կուսակցության ներկայացրած աուդիտորը: ԳՐԵԿՈ-ն Հայաստանի իշխանությանը կոչ է արել մինչև 2014թ. հունիսի 30-ը վերանայել համապատասխան նորմերի բովանդակությունը: Եվ ահա ՀՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվում է ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Սույն մասում նշված աուդիտորների վերահսկողական իրավասությունը չի տարածվում իրենց նշանակած խմբակցությունների մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ»:
Կառավարության հավանությունն է ստացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու ևս մի օրինագիծ, որը նույնպես առաջարկվել է ԳՐԵԿՈ-ի կողմից: Հաշվի առնելով քաղաքական ֆինանսական բնույթի իրավախախտման առանձնահատկություններն ու բացահայտման բարդությունը և դրանով պայմանավորված մեկ տարվա վաղեմության ժամկետ նախատեսելու աննպատակահարմարությունը, առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվության ենթարկվելու երկու տարվա վաղեմության ժամկետ:
Նիստում հավանություն է տրվել «Այլընրանքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագծին, որի ընդունմամբ կհստակեցվի այլընտրանքային ծառայության դիմումի ներկայացման ժամկետի և դրա քննարկման արդյունքով զորակոչիկի կարգավիճակը: Դա էլ իր հերթին կնպաստի այլընտրանքային ծառայության կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը:
Նիստում հավանության է արժանացել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով հաշվի առնելով գործուն զղջալու ինստիտուտի կիրառման սահմանները հստակեցնելու պահանջը, ինչպես նաև այս խնդրի առնչությամբ առկա միջազգային փորձը՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներում ամրագրել որոշակի և անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք համակցությամբ բավարար են գործուն զղջալու պաշտպանության միջոցի կիրառության համար: Օրինագծի ընդունման դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասություն ունեցող մարմինը հնարավորություն կունենա առևտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծել հստակեցված չափանիշների հիման վրա. դա իր հերթին կնպաստի նշված իրավիճակներում գործուն զղջալու ինստիտուտի արդյունավետ կիրառությանը:
Կառավարությունն իր որոշումներով անհետաձգելի է համարել վերը նշված օրենքների նախագծերը, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Կառավարության հակակոռուպցիոն նոր ծրագրի առաջնահերթ իրականացման ոլորտներն են լինելու կրթությունը, առողջապահությունը, պետեկամուտների հավաքագրումը, ոստիկանությունը

վաչե գաբրիելյանԱյսօր ՀՀ կառավարությունն իր նիստում ընդունված որոշմամբ հաստատել է «Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը: Հայեցակարգը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ կառավարության իրականացրած քաղաքականության շարունակականությունն ապահովող փաստաթուղթ է:
Հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընգրկվել են ՀՀ կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներ: Հայեցակարգի նախագիծը նաև քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմի հետ:
Հայեցակարգով, մասնավորապես, նախատեսվում է միջազգային չափանիշերին համապատասխան փոփոխել կոռուպցիայի դեմ պայքարի գործող ինստիտուցիոնալ համակարգը: Հայեցակարգի հիման վրա ընդունվող իրավական ակտերով նախատեսվում է վերանայել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ձևավորման սկզբունքները, գործառույթները, գործունեության կարգը, ինչպես նաև ձևավորել մշտապես գործող, անկախ փորձագիտական հանձնախումբ, որն ապահովելու է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործառույթների արդյունավետ իրականացումը:
Հայեցակարգը միտված է բարձրացնելու հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ, ձևավորելու բարեխիղճ և պատասխանատու հանրային ծառայություն, ինչպես նաև ապահովելու կառավարման թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը:
Հայեցակարգի դրույթներն իրացվելու են դրա հիման վրա ՀՀ կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան ընդունվող հակակոռուպցիոն ռազմավարության և ոլորտային ծրագրերի միջոցով:
ՀՀ կառավորության որոշման համաձայն՝ մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանը պետք է ներկայացվի քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մշակված հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որում, որպես հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ, նախատեսվելու են հետևյալ չորս բնագավառները՝ կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:
Հայեցակարգի մշակման փուլում փորձագիտական աջակցություն են տրամադրել մի շարք միջազգային կառույցներ, մասնավորապես՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Նշված կառույցների փորձագետների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում մասնավորապես քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականության նպատակները, խնդիրները, հայեցակարգային լուծումները, արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման նախադրյալները, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման համար թիրախավորված ոլորտների ընտրության չափանիշները:

Կբարելավվեն քրեակատարողական հիմնարկների պայմանները

նիստՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, լրացուցիչ 875 մլն դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջիկա մայիս ամսին բնակեցվելիք 400 ազատազրկվածի համար նախատեսված մասնաշենքից զատ այս տարի կառուցվի նույնքան տարողությամբ ևս մեկ մասնաշենք: Ներկայումս քրեակատարողական հիմնարկները շարունակում են գերբեռնված մնալ: 2006 թվականից կառուցվող «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 800 ազատազրկվածի պահման համար նախատեսված 4 նոր մասնաշենքի կառուցումը հրատապ խնդիր է, որը մասնակիորեն կլուծվի կառավարության սույն որոշման իրագործմամբ:
Նիստում հաստատվել է ճանապարհային ոստիկանության արձանագրած խախտումների համար վարչական տուգանքի գանձման, գրանցման-քննական ծառայությունների դիմաց վճարման և այլ վճարովի ծառայություններից ստացված միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը: ՀՀ ոստիկանապետին թույլատրվել է, մասնավորապես, դրամաշնորհներ հատկացնել «Լուսանշան» ՊՈԱԿ-ին և ոստիկանության վետերանների և աշխատակիցների աջակցության «Վահան» բարեգործական հիմնադրամին, իրականացնել գնումներ, այդ թվում՝ ձեռք բերել 14 պարեկային և 37 հատուկ մասնագիտացված ավտոմեքենաներ:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արշակունյաց 2ա և Իսահակյան 28 հասցեներում գտնվող շենքերից անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տարածքներ են հանձնվել «Տնտեսական լրագրողների ակումբ», «Մամուլի ազգային ակումբ», «Սեր, ընտանիք», «ՀՀ պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում», «Աջակցություն բարեփոխումներին» (10 տարով), «Հայկական կարմիր խաչի ընկերություն», «Ֆեմիդա» և «Հակաստվեր» հասարակական կազմակերպություններին:
Կառավարության այլ որոշումներով տարածքներ են հանձնվել «Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը, Շիրակի մարզի Ախուրիկի գյուղական համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով: Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամասում գտնվող կաթսայատան սարքավորումները և արտաքին ջերմացանցը նվիրաբերվել են Սպիտակի քաղաքային համայնքին՝ ջերմոցային տնտեսություն հիմնելու պայմանով:
Կառավարությունը ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/1 հասցեում գտնվող 927.7 քառ. մետր մակերեսով գույքը և համապատասխան հողատարածքը ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Ասպար ԱՐՄՍ» ՍՊԸ-ին: Ակնկալվում է, որ գործարքի շնորհիվ կմեծանա գույքի օգտագործման արդյունավետությունը, կավելանա պետբյուջեի մուտքը:
Գործադիրը որոշել է 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած ևս 6 ընտանիքի սեփականաշնորհել տարբեր հանրակացարաններում զբաղեցրած բնակելի տարածքները: