Կրկեսն ինքն է այցելել երեխաներին

կրկեսԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ՝  քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ է մատուցվել մայրաքաղաքի 5 վարչական շրջանների փոքրիկ բնակիչներին: «Երևան Սիթի տուր»-ի ավտոբուսով մայրաքաղաքի շրջիկ կրկեսն  ինքն է այցելել  երեխաներին և, կրկեսային բարդ ու հետաքրիր համարներով, հաճելի անակնկալ մատուցել նրանց: Ծաղրածուներն ու ակրոբատները, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաներն ու կրկեսի այլ արտիստներն իրենց բարդ հնարքներով և գեղեցիկ կատարումներով ոգևորել են փոքրիկներին ու ինքնատիպ երանգ ավելացրել գարնանային արևոտ օրվան:

Բացօթյա կրկեսային ներկայացմանը ներկա ծնողներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Երևանի քաղաքապետին՝ մատուցած հաճելի անակնկալի համար:

Անկախ

 

Հայաստանցի Անժելիկա Մելիքսիզյանի մղձավանջը Թուրքիայում

 Անժելիկա Մելիքսիզյան   13 տարի Թուրքիայում ապրող հայաստանցի Անժելիկա Մելիքսիզյանը «Ակօս»-ի լրագրողին պատմել է, թե այս տարիների ընթացքում ինչ ճնշումների ու խտրականության  է ենթարկվել միայն այն պատճառով, որ հայ է: Կինը երեք տարի առաջ ամուսնանալով ամուսնու և որդու հետ Ստամբուլից տեղափոխվել է Անթալիա, որտեղ էլ սկսվել են նրա մղձավանջները: «Որդիս Անթալիայի լիցեյներից մեկում է սովորում: Սկզբնական շրջանում ամեն ինչ լավ էր, սակայն հետո սկսեց ասել, որ չի ուզում դպրոց գնալ: Պատմում էր, որ պատմության ուսուցիչը մյուս երեխաներին անընդհատ իր դեմ է հրահրում, ինչի արդյունքում դասընկերները նրան ծեծել էին: Ես գնացի դպրոց և խոսելով ուսուցչի հետ՝ խնդրեցի, որ այսպիսի դեպքերը կանխվեն: Հետո որդուս դպրոցի զուգարանում ծեծեցին: Մենք էլ այլևս չկարողացանք դիմանալ և ստիպված որդուս Հայաստան ուղարկեցի»,-պատմում է Անժելիկան:

Կինը նշել է նաև, որ աշխատավայրում ևս ենթարկվել է շրջապատի ճնշումներին: «Անթալիայի կենտրոնում գտնվող մի ոսկերչի արհեստանոցում եմ աշխատում: Ամենփոքր խնդիր ծագելիս էլ ինձ ասում են՝ հայ ես, վեր կաց գնա քո երկիրը, սա քո հողը չէ: Արդյունքում ստիպված եղա աշխատանքից էլ դուրս գալ: Մենք այստեղ շատ միայնակ ենք»,-նշում է հայաստանցի կինը, որը շարունակում է ապրել Անթալիայում:

Անկախ

 

Մոսկվայում տեղի է ունեցել Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը

նալբանդյան,մամեդյարովԱպրիլի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Ինչպես հաղորդում է “Թրենդ” լրատվական գործակալությունը, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պապովից (Ռուսաստան), Ժակ Ֆորից (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքից (ԱՄՆ) մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Համանախագահները կրկին կոչ են արել արտգործնախարարներին շարունակել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված աշխատանքը: Ըստ գործակալության՝ Նրանք քննարկել են մոտ ապագայում նախագահների մակարդակով հանդիպան հնարավորությունը և ընդգծել են հիմնական հարցերի վերաբերյալ հետագա առաջընթացի ձեռքբերման արդիականությունը:

 

Անկախ

ԶորավարժությունՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ

զորավարժությունԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ապրիլի 4-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անց է կացվել մարտական  հրաձգությամբ ուղեկցվող գնդային մարտավարական զորավարժություն: Պայմանական մարտադաշտում տեղի ունեցող գործողություններին հետևում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը,հանրապետության ուժային կառույցների ղեկավարները, պաշտպանության բանակի և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները:

Չորս փուլովանցկացված գնդային  մարտավարական  զորավարժության ողջ ընթացքում, սկսած ռազմերթից, մինչև կենտրոնացումը հավաքման շրջանում,անցումը պետական սահմանի պահպանության,պաշտպանական մարտի նախապատրաստումը, իսկ վերջում արդեն հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում պաշտպանական մարտի վարումն ու անցումը հակագրոհի, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստականություն՝ հաջողությամբ կատարելով իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները:

 

 

 Անկախ

 

 

Մահվան ելքով պատահար Երևանի Իսակովի պողոտայում. վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

ավտովթարԱպրիլի 4-ին, ժամը 02.00-ին, ՌԴ քաղաքացի, 1989 թ. ծնված Դմիտրի Սիդորենկոյի վարած «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է պողոտայի կենտրոնով անցնող բետոնյա պատնեշին և կողաշրջվել:
Պատահարի հետևանքով վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներ են ստացել: «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Դ. Սիդորենկոն մահացել է:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

ՊԲ,պն  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 30-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին` խիստ անհրաժեշտության դեպքում ձեռնարկելով նաև պատասխան քայլեր:

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մարմնամարզիկների ու նրանց մարզիչների հետ

տարոն, մարզիկներ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն, օլիմպիական չեմպիոն և Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած մարզիկներին ու նրանց մարզիչներին: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց այս տարվա մարտի 26-28-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար. «Մեզանից յուրաքանչյուրին անսահման ուրախություն ու ոգևորություն է հաղորդում միջազգային ասպարեզներում մեր մարզիկների յուրաքանչյուր նվաճում ու հաղթանակ: Առավել ևս, երբ տվյալ մարզաձևում մենք արդեն իսկ ունեցել ենք լեգենդար մարզիկներ, ովքեր մեկընդմիշտ ամրագրել են Հայաստանի համբավն այդ մարզաձևում, մեր սպասելիքներն ու ակնկալիքները միշտ էլ կրկնապատիկ են: Եվ այս տեսանկյունից մարմնամարզությունը իրոք բացառություն չէ, հատկապես հաշվի առնելով, որ մանկապատանեկան մեր մարզադպրոցը ղեկավարում է հենց այդ լեգենդներից մեկը՝ Դուք, պարոն Ազարյան: Եվ շնորհավորելով բոլորիս աշխարհի առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների կապակցությամբ, մաղթում եմ, որ Ձե՛ր գլխավորությամբ մեր թիմի մարզիկները մշտապես հաղթող ճանաչվեն ու դառնան Ձեր արժանի հետևորդը՝ նվաճելով նաև օլիմպիական չեմպիոնի պատվաբեր կոչումը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար Ալբերտ Ազարյանն իր հերթին նկատել է, որ այդ հաղթանակների կերտման հարցում շատ որոշակի է նաև Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներդրումը, քանզի համայնքային ենթակայության մարզադպրոցի հանդեպ մշտապես առկա է ուշադրությունն ու հատուկ վերաբերմունքը. «Քաթարում գրանցած մեր հաղթանակներն իրոք որ փայլուն էին, քանի որ կանոնակարգով նախատեսված 6 մրցաձևերից մեզ հաջողվեց հաղթել 3-ում: Ընդ որում, մասնակիցների թվում և՛ օլիմպիական չեմպիոն կար, և՛ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններ: 4-րդ մարզաձևում էլ նվաճեցինք արծաթե մեդալ, ինչը ևս հաջողություն է: Ինչևէ, ուզում եմ Ձեզ վստահեցնել, պարոն քաղաքապետ, որ մենք լի ենք վճռականությամբ և կշարունակենք անել հնարավորը, որպեսզի մշտապես բարձր պահենք թե՛ մեր երկրի և թե՛ մեր սիրելի Երևանի պատիվը», – նշել է Ալբերտ Ազարյանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի աջակցել մարզադպրոցին՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ:

 Անկախ

Թուրքիան սկսում է ներկայանալ որպես հակամարտության ակտիվ կողմ.. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-ՇահնազարյանՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն հավաստիացնում է, որ Արևմուտք-Ռուսաստան հակասության ոլորտում բավական նոր իրադարձություններ են տեղի ունեցել, հակամարտության կետ է դարձել նաև Սև ծովը.՛՛Կարճ ասած՝ եղել են աշխարհաքաղաքական փոփոխություններ, որ հակասության մեջ են ներգրավել նաև Հարավային Կովկասը: Այս պահին Կովկասը դառնում է մի տարածաշրջան, որը կոնֆլիկտի կենտրոնում է , ուստի մեզնից պահանջվում է ճկունություն ու ներգրավվածություն: Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, որ մի կողմ քաշվել այլևս անհնար է: Այս դեպքում Հայաստանը, փաստորեն, պաշտպանեց Ռուսաստանին՛՛, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը և հավելեց, որ վերջին օրերին տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ. ՛՛Նախ նկատի ունեմ ԱԳՆ նախարարների հանդիպումը, որ ևս մեկ անգամ ցույց տվեց՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ արևմուտքը ձգտում են են Ղարաբաղը դուրս պահել կոնֆլիկտի ոլորտից, նրանց իդեաներն այստեղ համընկնում են, բայց իրերի տրամաբանությունը կարող է նաև փոխվել և Արցախը, որպես Կովկասի անվտանգության երաշխիք, կարող է շատ գայթակղիչ դառնալ կողմերից որևէ մեկի համար: Սակայն սա ապագայի տեսլական է, իսկ այժմ Մոսկվան ու Վաշինգտոնը զերծ են մնում նման քայլերից: Երկրորդ կարևոր իրադարձությունը Էրդողանի այցն էր Ադրբեջան: Թուրքիայի վարչապետը Ադրբեջանում հայտարեց, թե երբեք չի փոխի դիրքորոշումը Արցախի մասին: Այսպիսով՝ Թուրքիան սկսում է ներկայանալ որպես հակամարտության ակտիվ կողմ, որ անթաքույց օժանդակում է Ադրբեջանին՛՛, – եզրափակեց քաղաքագետը:

Անկախ

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը Սիրիայի Քեսաբ բնակավայրում հայերի և ալևիների դեմ իրականացվող ոճրագործությունը դատապարտելու մասին

գիտաժողովՀամայն հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ բնակավայրում մարտի 21-ից իրականացվող ոճրագործությունների կապակցությամբ:

Երևանի պետական համալսարանը դատապարտում է ահաբեկչական խմբավորումների և նրանց աջակցող թուրքական իշխանությունների կողմից Քեսաբի հայերի ու սիրիացի խաղաղ բնակչության դեմ իրականացվող գործողությունները, ինչի արդյունքում ավերվում են բնակավայրեր, տարհանվում են անմեղ մարդիկ, թալանվում է նրանց գույքը, պղծվում են հայկական եկեղեցիները: Մեր զորակցությունն ենք հայտնում Սիրիայում շարունակվող անարդար պատերազմի, մասնավորապես Քեսաբի ցավալի իրադարձությունների արդյունքում ծանր տառապանքներ կրած սիրիացի ու սիրիահայ ազգաբնակչությանը:

Թուրքիայի իշխանությունների կողմից ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող ակնհայտ աջակցությունն ու այլևայլ աղաղակող փաստերն անհերքելի վկայություներն են այն բանի, որ հայատյաց քաղաքականությունը շարունակում է մնալ ցեղասպան պետության համբավ ունեցող Թուրքիայի քաղաքական օրակարգում: Քեսաբի ցավալի իրադարձությունները ցույց են տալիս թուրքական իշխանությունների հայասպան, ցեղասպան, ոճրագործ ու թալանչի պատկերի անփոփոխ լինելը. ողբերգական է հիրավի, որ Օսմանյան կայսրության, իսկ ապա հանրապետական Թուրքիայի ղեկավարումը մշտապես գտնվել և այսօր էլ գտնվում է ազգայնամոլների ձեռքին:

Երևանի պետական համալսարանը կոչ է անում հայաստանյան հասարակությանը և համայն հայությանը միավորվել սիրիահայությանն օգնելու գաղափարի շուրջ: Կոչ ենք անում նաև ողջ միջազգային հանրությանը դատապարտելու Թուրքիայի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությունը և գործադրելու քաղաքական, տնտեսական, դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցները թուրքական իշխանությունների մարդատյաց քաղաքականության առաջն առնելու համար:

 

Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդ

Երկու միլիոն արժողության տեխնիկա գողացողը հայտնաբերվել և ձերբակալվել է

ձերբակալությունՓետրվարի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել 1965 թ. ծնված Զարե Ա.-ն և հաղորդում տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ Լենինգրադյան փողոցում գտնվող ՍՊԸ պատուհանը բացելով` գողացել են համակարգիչ, պատճենահանող սարք, տպիչ և նոութբուք` պատճառելով 2.000.000 դրամի վնաս:
Ապրիլի 2-ին ոստիկանության Մաշտոցի և Արաբկիրի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1994 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը նույն օրը, ժամը 18.45-ին, Շիրակի փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Նարեկ Պ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Սպանության փորձ հյուրանոցային համալիրի մոտ. ոստիկանության ծառայողների լայնածավալ միջոցառումները շարունակվում են

 ԱշոտԱպրիլի 3-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ապրիլի 1-ին, ժամը 23.50-ի սահմաններում, 1971 թ. ծնված Աշոտ Ա.-ն Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիրի մուտքի մոտ, սպանելու դիտավորությամբ, ձեռքին եղած ատրճանակից 3-4 կրակոց է արձակել նույն համալիրի սեփականատեր, 1965 թ. ծնված Անդրանիկ Խ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ գնդակները նպատակին չեն ծառայել, ինչից հետո Անդրանիկ Խ.-ն իրեն օրինական պատկանող «Սայգա-ՄԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից ինքնապաշտպանական կրակոցներ է արձակել օդ և մուտքի բետոնե հենասյանը: Աշոտ Ա.-ն, իր հետ եկած տարբեր մակնիշի 5 ավտոմեքենաների և դեռևս չպարզված ուղևորների հետ միասին, դիմել է փախուստի:
Դեպքի վայրի զննության ժամանակ Անդրանիկ Խ.-ն ներկայացրել է 7.62 մմ տրամաչափի 4 և «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճ` հայտարարելով, որ 7.62 մմ տրամաչափի 4 պարկուճներն իր կողմից են արձակվել, իսկ «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճները` Աշոտ Ա.-ի կողմից:
Նույն օրը, ժամը17.00-ին, Անդրանիկ Խ.-ից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ կատարվածից հետո գտնվելով հոգեկան ծանր վիճակում` դեպքի մասին անմիջապես ոստիկանություն չի դիմել:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումները` ապրիլի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի մի բնակարանից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Աշոտ Ա.-ին բերման են ենթարկվել քրեական հետախուզության գլխավոր վարչության:
Նույն օրը ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողները նույն գործի շրջանակներում` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն են կատարել Գետահովիտ գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Յուրիկ Մ.-ի տանը, որի տանիքի մուտքից, ստվարաթղթե արկղի միջից, հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ» տիպի 1 նռնակ` պայթուցիչով:
Նույն օրը, նույն միջոցառման շրջանակներում, ոստիկանության ծառայողները խուզարկություններ են կատարել նաև նույն գյուղի բնակիչներ, 1972 թ. ծված Արտակ Ղ.-ի, 1964 թ. ծնված Մասիս Ա.-ի և 1979 թ. ծնված Վահագն Ա.-ի տներում:
Արտակ Ղ.-ի տնից հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, «Բայկալ» տիպի հրացան և 16 մմ տրամաչափի 8 փամփուշտ, Մասիս Ա.-ի տնից` «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի մեկփողանի ակոսավոր հրազեն, լուսացրող հրթիռանետ ատրճանակ և փաթաթված վիճակում կրակատար քուղ, իսկ Վահագն Ա.-ի տան մոտ կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է էլեկտրապարպիչ /էլեկտրաշոկ/ և ռետինե մահակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում ունեցած պարտքերի մասին

րաֆֆի հովհաննիսյանԱյսօր Գյումրիում հավաք էր հրավիրել “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թատերական հրապարակում գյումրեցիները ունկնդրեցին նախագահի թեկնածուի ելույթը, նրան կրկին սատարելու խոստումներ տվեցին:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց առաջիկայում կատարվելիք քայլերի մասին, Գյումրիում իր հաղթանակի ու պարտքի զգացումի մասին: “Ես ձեր առջև պարտք ունեմ, ու դա ոնց եմ մարելու, չգիտեմ: Ներողություն հայրենակիցներ, մեղքը իմ վզին, որ ես չկարողացա իմ բոլոր համսետ ուժերով հանդերձ` այդ 77 տոկոսը պահել”:

Անդրադառնալով վարչապետի հրաժարականին նշեց. “Դա ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված էժան իշխանական քայլ էր, ոչ ավելին: Այդ մարդուն փոխելով ոչ մի բան Գյումրիում, Շիրակում, Հայաստանում չի փոխվելու, քանի ամբողջ համակարգը մնում է նույնը, փտած` վերից վար”:

Հովհաննիսյանն ասում է` չկա փրկիչ ու փրկարար, այլ ժողովուրդը պետք է բարձրացնի իր ձայնը, տեր կանգնի իր քվեին:

“Եթե այս տարի լուծում չլինի, ես հրապարակավ հայտարարում եմ` պայթյուն է լինելու”:

Անկախ

Պատգամավորները Գյումրիում քննարկեցին բժիշկների մասնագիտական հարցերը

գյումրիԱյսօր Գյումրիում կայացան ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի արտախորհրդարանական լսումներ`

ՀՀ-ում “Բժշկական շարունակական մասնագիտական զարգացման” համակարգի ներդրման անհրաժեշտության վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին Շիրակի և Լոռու մարզերի բուժաշխատողներ, պատգամավորներ, մարզպետարանների ներկայացուցիչներ, հկ-ներ և այլք:

Ելույթներով հանդես եկան հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, առողջապահության նախարարության աշխատակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը, անկախ փորձագետ Մուրադ Կիրակոսյանը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առողջապահության ծրագրերի ղեկավար Գևորգ Յաղջյանը:

Հանդիպումը կայացավ “Գյումրի” բժշկական կենտրոնում:

 

“Հիմնական նպատակը նա է, որ կարողանանք էլ ավելի բարելավել բժշկական ծառայությունների որակը, որը կատարվում է ոչ միայն բուժսարքավորումների և շենքային պայմանների բարելավման, այլև մասնագիտական զարգացման միջոցով: Որպեսզի կարողանանք ունենալ որակյալ բժշկական ծառայություններ, մենք պետք է մեր բուժաշխատողներին մշտական զարգացման ծրագրերի մեջ ընդգրկենք, որպեսզի նրանք չշարունակեն սրանից 30 տարի առաջվա գիտելիքները կիրառել առանց նոր մոտեցումների կիրառմամբ”, – լրագրողների հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

 

Վերջինիս գնահատմամբ այս նախագիծը` բժշկական շարունակական մասնագիտական զարգացման համակարգի ներդրման վերաբերյալ օրենդրությունը վերամշակելու մասին հնարավորություն է տալու, որպեսզի մարդիկ առանց աշխատատեղը, բնակավայրը լքելու`մարզային կառույցների և հասարակական մասնագիտական կազմակերպությունների միջոցով կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին և նմանատիպ միջոցառումների ժամանակ հինգ տարվա ընթացքում  հավաքեն որոշակի կերդիտներ և ներկայացնելով համապատասխան կառույցին` օնլայն ստանալ իրենց հավաստագիրը, որով կարող են աշխատել հինգ տարի:

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նշեց. “Վերջապես ինստիտուտ ավարտելուց, դիպլոմ ստանալուց հետո յուրաքանչյուրը պետք է մտածի նեղ մասնագիտություն ձեռք բերելու մասին”:

Լսումներից հետո հանձնաժողովը օրենքի նախագիծը կներկայացնի ԱԺ-ի հաստատմանը և կփորձի խնդիրը կարգավորել օրենքի ուժով:

 Անկախ

Տեղի է ունեցել Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

11207_am_2Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:

Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյանն օրը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո:
Տարվա ընթացքում ավարտին կհասցվեն Սյունիքի մարզում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները, տուն-թանգարանի բակում կբացվի նաև մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
Կտպագրվի Համո Սահյանի քառահատորյակը, կանցկացվի Սահյանին նվիրված ասմունքի փառատոն, հանրապետության գրադարաններում և մշակութային կենտրոններում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ: Կնկարահանվի Համո Սահյանին նվիրված վավերագրական ֆիլմ:
Ներկայացված միջոցառումների ծրագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Անկախ

Հանրային խորհուրդի կոչը աշխարհի 67 երկրներում գործող հանրային և հասարակական խորհուրդներին

հանրային խորհուրդՀայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը կոչով դիմել է աշխարհի 67 երկրներում գործող հանրային և հասարակական խորհուրդներին (որոնք ՀՀ Հանրային խորհրդի հետ միասին միավորված են միջազգային մեկ կառույցում)՝ կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

Հարգելի գործընկերներ

 

Սիրիայում արդեն երրորդ տարին տևող հակամարտության ընթացքում այնտեղ բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունները՝ այդ թվում նաև սիրիահայությունը, ինչպես նաև Քեսաբի հայերը, ենթարկվել են աննախադեպ հալածանքների` մասսայական սպանությունների ու տեղահանության: Դա լրջագույն մարտահրավեր է միջազգային հանրությանը, բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների պաշտպանության հիմնարար սկզբունքներին:

Մարտի երկրորդ կեսին Թուրքիայի տարածքից Սիրիա թափանցած ծայրահեղական զինյալ գրոհայինների հարձակման հետևանքով Քեսաբի հազարավոր հայեր ստիպված են եղել թողնելու հայրենի բնակավայրը և դառնալ փախստականներ: Կան լուրջ վկայություններ, որ Քեսաբի՝ որպես հարձակման թիրախի ընտրության մեջ իրենց դերն են ունեցել Թուրքիայի իշխանությունները, որոնք նաև այլ օժանդակություն են ցույց տվել գրոհայիններին:

Քեսաբում բնակվող հայերը 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայերի նկատմամբ թուրքական կառավարության կողմից իրականացված ցեղասպանության և աքսորի հետևանքով վերապրածներն ու նրանց հետնորդներն են:

ՀՀ Հանրային խորհուրդը դատապարտում է քեսաբահայության տեղահանության փաստը և կոչ անում բոլոր կողմերին վճռական գործողություններ իրականացնել Սիրիայի հակամարտության շուտափույթ խաղաղ հանգուցալուծման, փախստականների վերադարձի և խաղաղ բնակչության նկատմամբ գործած հանցագործությունների հետաքննության ու մեղավորների պատժման ուղղությամբ:

Հանրային խորհուրդը կոչ է անում Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (AICESIS) իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում` դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը:

Միայն վճռական գործողությունների միջոցով միջազգային հանրությունը կարող է նպաստել 21-րդ դարում մարդու և ազգային փոքրամասնությունների պաշտպանության մեխանիզմների գերակայության վրա հիմնված համակեցության հաստատմանը:

 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայ-ամերիկյան հանդիպում ՀՀ ԱԳՆ-ում

129.Discussion at the MFA 04.02.2014 Ապրիլի 3-4-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ 2008թ հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի» իրականացման ընթացքի գնահատման հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ և ԱՄՆ գերատեսչական կառույցների ներկայացուցիչները:

Երկօրյա հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկեցին միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում համագործակցության ամրապնդման հետագա միջոցները:

Կողմերը տեղեկատվություն փոխանակեցին արդի միջուկային մաքսանենգության սպառնալիքների և միտումների վերաբերյալ ու քննարկեցին միջուկային հայտնաբերման, միջուկային քրեագիտության, իրավական հետազոտությունների և այլ գործիքների կիրառումը:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ հայկական կողմը բարձր գնահատեց ԱՄՆ աջակցությունը և կարևորեց հետագա համագործակցության շարունակումը: Միացյալ Նահանգների պատվիրակության ղեկավարն իր հերթին  գոհունակություն արտահայտեց կատարված աշխատանքներից և արձանագրված առաջընթացից: Կողմերը նախանշեցին նաև ապագա քայլերը:

Անկախ

Դ!ԵՄ ԵՄ – *ՇՏԱՊ* Դիմումների ձևեր. ԹԱՐՄԱՑՎԱԾ

դեմ եմՇտապելով րոպե առաջ հանրությանը տրամադրել դիումի ձևանմուշները, դրանցում թույլ էինք տվել որոշ վրիպումներ: Արդեն, նաև ձեր օգնությամբ, բոլոր թերությունները շտկված են և ձեզ ենք հանձնում ձևանմուշների վերջնական տարբերակները: Հայցում ենք ձեր ըմբռնումը և ներողամտությունը:

 

ՀՀ սահմանադրական դատարանը իր 2014թ.-ի ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք իրավանորմեր: Իսկ 6-րդ կետով սահմանեց, որ  նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում: Ըստ նույն որոշման 8-րդ կետի, վերոհիշյալ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Որոշման 7-րդ կետով ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, որպեսզի  ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը` իրենց իրավասության շրջանակներում նշյալ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնեն նշված որոշման պահանջներին։ Սակայն նշված ժամանակը օրենքի վերամշակման և ակնհայտ հակասահմանադրական իրավանորմերի կասեցումը ապահովելու փոխարեն` պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ սատարելու են օրենքի գործունեությանը մինչև նշված վերջնաժամկետը:

Ի պատասխան այս ոչ իրավաչափ դիրքորոշման, «Դ!ԵՄ ԵՄ» թիմը պատրաստել է դիմում-նամակի ձևանմուշ` ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԲ նախագահին և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին ուղղելու նպատակով` պահանջելով  նրանցից հետևել ՀՀ ՍԴ 2014թ. ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի դիրքորոշմանը:

Ստորև ներկայացված է նշված ձևանմուշի հղումը, որը պետք է մեկական օրինակով ուղարկել նշված հասցեատերերից յուրաքանչյուրին:

Ձևանմուշ

Հասցեներ՝

  1. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ,
    Տնօրեն`պրն. Վահան Ստեփանյանին
  2. Մելիք Ադամյան 1, Երևան, 0010
    ՀՀ Ֆինանսների նախարարություն,
    Նախարար` պրն. Դավիթ Սարգսյանին
  3. Վազգեն Սարգսյան 6, Երևան, 0010
    ՀՀ կենտրոնական բանկ,
    Նախագահ պրն. Արթուր Ջավադյանին

Վերը նշվածին զուգահեռ առաջարկում ենք նաև դիմումի ձև` ուղղված գործատուին, որի հիման վրա գործատուն հիմք կունենա դիմելու ՀՀ Ֆինանսների Նախարարություն` պահանջելով փոխել ամսական հաշվետվության ձևը, հնարավորություն տալով ապահովել աշխատակիցների կամարտահայտությունը:

Աշխատակցի դիմումը Գործատուին (Ձևանմուշ)

Գործատուի դիմումը ՀՀ Ֆինանսների նախարարին (Ձևանմուշ), Կրկնօրինակը`ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահին

/ՀՀ ԿԱ ՊԵԿ  հասցեն`Մովսես Խորենացու 7, Երևան, 0015/

 

Հ.Գ. Նամակները մեկական օրինակով ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԿԲ, «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ և գործատուին պետք է ուղարկել Հայփոստի պատվիրված նամակի միջոցով` հնարավորինս սեղմ ժամկետներում:

Հայփոստի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 8:00-19:00 և շաբաթ օրը ժամը 8:00-18:00:

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

5917

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության Նախագահին զեկուցել է Կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, ինչպես նաև ս.թ. ապրիլի 3-ին Մոսկվայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունված համատեղ հայտարարության մասին՝ Սիրիայում շարունակվող ճգնաժամի և երկրի հյուս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:

Անկախ