Գյումրին ունի երկու քաղաքապետարան. ոստիկանություն

26 019Գյումրին՝ ունենալով մեկ քաղաքապետ, փաստացի ունի երկու քաղաքապետարան. բանն այն է, որ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ իր քաղաքապետարանն է հիմնել: Այս մասին բարձրաձայնվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի Վարդան Նադարյանի  մոտ, ով աշխարհում եզակի այս երևույթն այսպես մեկնաբանեց. «Դե դուք Գյումրիով էն աստիճան տարբերվում եք, էն մշակույթի կենտրոնն եք, որ ունենալով մեկ քաղաքապետ, ունեք երկու քաղաքապետարան: Եվ դա կոնկրետ մարդկանց անդաստիարակության, անպարկեշտության, միգուցե և հոգեկան աշխարհի հետ մեծ խնդիրներ ունենալու հետևանքն է: Բայց դա քրեորեն պատժելի երևույթ չէ, նույն հաջողությամբ կարող է գրել՝ մարզպետարան, չգիտեմ ինչ, ասենք՝ Մայքլ Ջեքսոն կարող է իր օֆիսի անունը դնի: Սա հոգեբանական խնդիր է, այստեղկրիմինալ չկա: Շատ վատ երևույթ է, ամոթ երևույթ է. գյումրեցու կերպարը միշտ հայ ազգին պատիվ բերող է եղել:  Նման երևույթները, որոնք չգիտեմ ինչ-ինչ պատճառներով ծնվեցին և արմատախիլ չարվեցին, ես խոսում եմ տկարամիտ մասսաների մասին, մարդկանց, որոնք ծնված օրվանից ունեն հոգեբանական բարդույթներ, չունեն տարրական ընտանեկան դաստիարակություններ, չունեն ռեալ իրավիճակի ընկալում,  բժշկության մեջ կոչվում են երևույթներին ոչ ադեկվատ մոտեցումներ: Եվ հետևանքը՝ այդ դրսևորումներն են: Հասարակությունը՝ առողջանալով, զարգանալով, պրոգրես ապրելով, այդ ռուդիմոնտներին՝ ավելորդ մարմիններին, պետք է վանի ինքը: Ինչը վերաբերում է կոնկրետ այդ մարմինների գործունեությանը, որ դեպքերում կկատարեն հանցանքներ, զանցանքներ, ոտնձգություններ օրենքի, հասարկության, ժողովրդի հանդեպ՝ դուք կտեսնեք մեր անմիջական և հետևողական ռեակցիան: Անպատժելիության մթնոլորտ  չի կարող լինել Գյումրիում: Մենք այն պետությունը չենք, որ մեզ նման շռայլություն թույլ տանք. միգուցե երևույթներ կան այսօր, որոնց  անդրադարձը կիսատ է եղել, ապացուցողական բազաների հայթայթման հիմնավորման խնդիրներ կան, որոնք շատ դժվար են: Բայց այսօր դրանց չլինելը չի նշանակում, որ վաղը, մյուս օրը մենք դրան չենք հասնելու»:

Ոստիկանները Գյումրու քաղաքապետարանում

26 024Այսօր աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի, համատիրությունների նախագահների, ավագանու անդամների և ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ: Հանդիպումը կրում էր հարց ու պատասխանի ձևաչափ, անդրադաձեր եղան քաղաքի գրեթե բոլոր խնդիրներին:
«Ոստիկանության պետի հրամանով մենք պետք է ամեն եռամսյակը մեկ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ հավաքվելու, աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու, քննարկելու, վերլուծելու խնդիրները, աշխատելու լուծումները գտնել, ակտիվացնել համատեղ աշխատանքային պրոցեսները», – հանդիպման մասին նշեց Վարդան Նադարյանը:
Ոստիկանության վարչության պետը ներկաներին խնդրեց բարձրաձայնել ոստիկանների և նրանց աշխատանքների մասին թերացումները, և առհասարակ, իրենց հուզող հարցերը: Հանդիպման մասնակիցները հիմնականում հետաքրքրվեցին, թե ինչ նոր ծրագրերով է գնդապետ Նադարյանը եկել Գյումրի և երբ է վերականգնվելու ոստիկանի նկատմամբ հասարակության վստահությունը:
«Ասեմ այն դրույթները, որոնցով կազմակերպում եմ իմ աշխատանքը. առաջին՝ չարաբաստիկ երևույթն է վերացել, երևի թե հիմնահատակ, դա դեպքերի չգրանցելու սովետմիության միլիցիայից եկած ավանդույթ էր, որով ուզում էին քողարկել իրենց հանցավոր կապը հասարակության որոշակի տարրերի հետ, ցույց տալ իրենց աշխատանքի բարձր արդյունքը: Երկրորդը՝ որպեսզի հանցագործությունների   բացահայտման պրոցեսներում չկիրառվեն ոչ մի անօրինական մեթոդներ՝ ծեծ, ջարդ, ահաբեկում, վարկաբեկում, նվաստացում, նսեմացում: Իսպառ պիտի վերացվեն այս երևույթները ևս»:
Անդրադառնալով կատարված հանցագործությունների ոստիկանությունում չգրանցվելու փաստացի դեպքերի մասին բարձրացված հարցին, գնդապետը նշում է, թե շատ դեպքերում հանցանքը չի գրանցվում, որովհետև տուժող կողմը բողք չի ներկայացնում: Պատմում է, որ եղել են դեպքեր, երբ գողն ասել է այսինչ տնից այս-այս եմ գողացել, ոստիկանները գնացել են նշված հասցեով, տանտերն ասել է՝ ի՞նչ գողություն, իմ տնից ոչինչ չեն տարել: Դա ազգի մենթալիտետի հետ է կապում մարզային վարչության պետը:
Քաղաքապետարանի աշխատակիցները նաև տեղեկացրեցին, որ չեն կարող աշխատանք կազմակերպել Գյումրու անձնագրային վարչության հետ, քանի որ նրանք քաղաքապետարանին  Գյումրու բնակչության մասին տվյալներ չի տրամադրում: Ոստիկանության մարզային վարչության պետը խոստացավ, որ  ինֆորմացիան, որը կբավարարի քաղաքապետարանի աշխատանքին, կկարողանան ստանալ, ավելին՝ չէ:

Նոտարի թեկնածուների որակավորման ստուգում կանցկացվի

արդարադատության նախարարությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2014 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:

Նոտարի որակավորման ստուգման համար մինչև ապրիլի 7-ը  կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`

1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝

2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝

3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2014 թվականի ապրիլի 19-ին (թեստավորման փուլի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):

Նոտարի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաք-մամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին` 319-117 հեռախոսահամարով:

Մանրամասները ՀՀ ԱՆ պաշտոնական կայքում՝ http://moj.am/article/886:

 

ՀՀ ԱՆ աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կիապերի բաժին

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության 15, կողոպուտի, կաշառակերության և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հրատապ խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ

 սերգո կարապետյան   ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանի  մոտ տեղի է ունեցել  հրատապ խորհրդակցություն  հանրապետությունում սպասվող  կլիմայական  կտրուկ  փոփոխությունների վերաբերյալ։

Արարատյան  դաշտում և նրա նախալեռներում «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով  մարտի 31-ից  սպասվում  է ջերմաստիճանի անկում՝  գիշերը կդիտվի  օդում  մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին՝ 5 աստիճան ցուրտ։  Մեծ է  ցրտահարման վտանգը  հանրապետության ցածրադիր գոտում  ժամանակից շուտ ծաղկած ծիրանենիների և խաղողի  չթաղված վազերի համար։

Բերքի հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով  նախարարը հանձնարարել է փոխնախարարներին, նախարարության համապատասխան ծառայությունների մասնագետներին ապահովել՝

  • Սպասվող վտանգի մասին SMS հաղորդագրությունների   ուղարկումը երեք կապուղիներով։
  • Համապատասխան  տեղեկատվության և խորհրդատվության օպերատիվ մատուցումը  վտանգի ենթակա տարածաշրջանների  բնակիչներին  զանգվածային լրատվության  բոլոր միջոցներով։
  • Հեռուստատեսային համապատասխան  տեղեկատվության տարածումը փոխնախարարների մակարդակով։
  • Կազմել մարտի 30-ից  փոխնախարարների և նախարարության մյուս պատասխանատուների  գլխավորությամբ  խորհրդատվական խմբերի  մարզային  և համայնքային  այցելությունների  գրաֆիկ և խստորեն  ապահովել  վերջինիս  կատարումը։ Այցելություններին ընդգրկել նաև  ԳԱՄԿ-երի և մարզպետարանների պատասխանատուներին։  Այցելությունների մասին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնել նախարարին։

ԳԱՄԿ-երի տնօրեններին հանձնարարվել է մարտի 28-ից եղանակային սպասվող  փոփոխությունների  և համապատասխան խորհրդատվության  համար օգտագործել  մարզային հեռուստատեսությունների և  ռադիոյի հնարավորությունները։

Հանձնարարվել է  նախարարի տեղակալ  Գառնիկ  Պետրոսյանին մարտի 28-ին, ժամը՝ 12:00-ին  «Հայացք» մամուլի ակումբում   հանդես  գալ մամուլի  ասուլիսով  և հանգամանորեն ներկայացնել  իրավիճակն  ու հանձնարարվող խորհրդատվությունը։

Մարտի 28-ին ՀՀ գյուղատնտեսության  նախարար Սերգո  Կարապետյանը  Արարատի և Արմավիրի մարզպետարաններում կհանդիպի  այդ մարզերի  բոլոր համայնքապետերին, տեղում  կծանոթանա  սպասվող  վտանգը  դիմագրավելու հնարավորություններին,  կտա  համապատասխան  հանձնարարականներ ու խորհուրդներ։

Նույն օրը նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը  Վայոց Ձորի և  Սամվել Գալստյանը՝ Արագածոտնի  մարզպետարաններում  կհանդիպեն տվյալ մարզերի համայնքապետերի հետ։

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում սիրիահայերին օժանդակելու ուղղությամբ

նալբանդյանը կառավարության նիստումԿառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է սիրիահայերին և հատկապես Քեսաբի բնակիչներին աջակցելու քայլերին: Նշելով այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները, մասնավորապես Ազգային Ժողովի պատգամավորների ներկայացրած հարցերը ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ, Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը նույնպես ձեռնարկում է մեր հայրենակիցների հոգսերը թեթևացնելու քայլեր: Վարչապետը հերքել է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն միտքը, թե իբր կառավարության ուշադրությունը կենտրոնացած չէ սիրիահայերի խնդիրների վրա: «Ես ցանկանում եմ մեր քաղաքացիներին հավաստիացնել, որ դա ամենևին այդպես չէ, հարցը մեր մշտական ուշադրության կենտրոնում է», – շեշտել է կառավարության ղեկավարը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածը, ըստ որի ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրում իրականացնելու պահին գործող օրենսդրությունը: Կառավարության եզրակացության համաձայն գործադիրն առանձնակի կարևորում է օտարերկրյա ներդրողների համար անհրաժեշտ պայմանների և նախադրյալների ստեղծումը, գտնում, որ նախագծի ընդունումը բացասաբար կանդրադառնա այդ գործընթացի վրա, մանավանդ, որ ներդրումները վերջին տարիներին անկայուն բնույթ են կրում և հետճգնաժամային տարիներին կտրուկ նվազման միտում ունեն: Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը: Օրինագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական անձնագիր կրողների մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համանման համաձայնագրեր են ստորագրվել Հարավային Ամերիկայի մի շարք պետությունների՝ Արգենտինայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հետ:
Կառավարության որոշմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի ուսանող Հայկ Գևորգյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչև ուսումնառության ավարտը՝ 2015թ. ձմեռային զորակոչ: Հ. Գևորգյանն ավարտել է Երևանի պետհամալսարանի «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտության բակալավրիատը և մագիստրատուրան: Այժմ նա հնարավորություն է ստանում ավարտել աշխարհի առաջատար բուհերից մեկը և ստացած գիտելիքն ու հմտությունը ներդնել հայրենի երկրում:

Գյուղնախարարությունը զգուշացնում է հնարավոր ցրտահարության մասին և կոչ անում միջոցներ ձեռնարկել

ցրտահարությունՀամաձայն ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հաղորդագրության՝ առաջիկա օրերին հանրապետությունում կդիտվի ջերմաստիճանի անկում: Մարտի 30-ի լույս 31-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է օդում միչև -2 աստիճան, հողի մակերևույթին՝ -5 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճաններ կարող են գրանցվել նաև հետագա օրերի գիշերային ժամերին:

Նշված ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում Արարատյան հարթավայրում, Սյունիքի հովիտներում, նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում կարող են վնասվել ծիրանենին, սալորենին, դեղձենին, կեռասենին, բալենին և այլ կորիզավոր պտղատեսակներ, խաղողի վաղահաս սորտերի բացված բողբոջները, Տավուշում՝ դեղձենին, որոշ կորիզավորներ ինչպես նաև հոնենին:

Պտղատու այգիները ցրտահարության հնարավոր վտանգից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս դիմել ավանդական միջոցներին՝  այգիների հարակից ճանապարհների  վրա, քամու ուղղությամբ, պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի ու այլ այրվող նյութերի կույտեր և գիշերվա ժամերին, երբ  ջերմաստիճանը նվազելով սկսում է մոտենալ զրո աստիճանին՝ այրել (ծխեցնել) նշված կույտերը, ամբողջ այգին պատելով կայուն ծխածածկույթով: Սովորաբար ամենացածր ջերմաստիճանները գրանցվում են գիշերվա ժամը 4-ից մինչև առավոտյան 7-ը ընկած ժամանակահատվածում:

Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:

Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերը, սածիլները, ելակի, կարտոֆիլի բույսերը և այլն նույնպես կարող են վնասվել: Ուստի, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում կատարել ջեռուցում, իսկ դրա անհնարիության դեպքում օգտագործել լրացուցիչ ծածկոցներ՝ ապահովելով դրական ջերմաստիճանային ռեժիմ:

Հորդորում ենք գյուղացիական բոլոր տնտեսություններին՝ վստահաբար հետևել բազմամյա փորձով ապացուցված մեր խորհուրդներին, որոնք հնարավար կդարձնեն  նվազագույնի հասցնել սպասվող վտանգն ու կանխել բերքի կորուստները:

«Նախագահականից հետո կանյաչնին թիթիզություն ա». Աշոտյանի պատասխանն ընդդիմախոսներին

arm139228501468Խորհրդարանում կառավարության ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկմանը՝ եզրափակիչ ելույթում, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնավորապես անդրադաձավ երկու խիստ քննադատական ելույթներին՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթներին, իսկ ընդհանուր առամամբ հնչեցրած ելույթները գնահատեց վատ PR աշխատանք։

«Այսքանից հետո Կրթության և գիտության նախարարին մնում է մեկ հարց տալ՝ տղե´րք, ձեր PR մենեջերն ո՞վ է, հանեք գործից։ Տարրական քարոզչական ծուղակի մեջ կարելի՞ է  ընկնել, այն էլ 4 ուժերի կողմից»,-ասաց նա և կենտրոնացավ խիստ քաղաքական քննադատություն պարունակող երկու ելույթններին։


«Այդ երկուսը հաստատ միասին աշխատել են, երկուսն էլ բանիմաց են, խելացի են, բայց նրանց ամբիցիաները շատ են, քան այն աշխատանքը, որն իրենց միավորում էր։ Երկուսն էլ երևի մի քիչ  մազոխիստական զգացումներ ունեն, երեկվանից հետո ինձ կրկին խոսացնել փորձելը ոչ այլ ինչ է,  քան մազոխիզմ»,-ասաց նա և նրանց մի քանի մտքերին անդրադարձավ առանձին՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Աշոտյանը լրջանալու կարիք ունի և ԱԺ-ն «կլուբ վիսյոլիխ ու նախոդչիվիխների պոլուֆինալը» չէ։

«Կավեենը վատ խաղ չի, դա արագ կողմոնորշվելու, խելքի բան է, և ինչու չէ, նաև ուրախության,  ժպտացեք, կյանքը շատ ավելի լավ է, քան դուք պատերացում եք»,-ասաց նա և նշեց, թե ավելի լավ է « չտո, գդե, կոգդա» խաղալ, կամ կավեենի սցենարներ բեմադրել,  քան լինել  պոտենցիալ  կրիմինալ ժանրի կամ 02-ի հերոս կամ օրինակ, քաղաքական  տնփեսա սերիալի հերոս»,-ասաց նա։

Դիմելով  Նիկոլ Փաշինյանին` նախարարը նշեց, թե նրա վիճակը շատ բարդ է և ինքը հասկանում է դա։ «Իմ վիճակն էլ է բարդ։ Հիմա ձեզ շատ քննադատեմ, որոշները  կասեն` Աշոտանը իշխանություն լինելով ձեզ քննադատում է, որպեսզի ձեզանից սարքեն ընդդիմության առաջնորդ։ Գովեմ` կասեն իշխանության  պրոյեկտն է, գովում է։ Չգիտեմ` ոնց վարվեմ` «սվոյ սրոդի չուժիխ, չուժոյ սրեդի սվայիխ», ծանր է վիճակը, հասկանում եմ, բայց  իմ վիճակն էլ ծանր է, ինձ էլ հասկացեք, ոնց անեմ, որ ձեզ վնաս չտամ, բայց մի բան ասեմ էլի»,-ասաց նա։

Նախարարի այս խոսքերից հետո Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքում էր, սակայն Աշոտյանն ուշադրություն չդարձրեց և անցավ ԲՀԿ-ին։ «Ասում են` քաղաքականացվել է կրթության համակարգը, երեկ բացեցի հետաքրության համար ԲՀԿ կայքը և տպեցի վերջին համագումարի խորհրդի կազմը՝ 200 հոգի, որից 20 հոգին ներկայացնում են կրթական համարգը, ոչ թե շարքային մակարդակով, այլ ռեկտորներ,  դեկաններ, ամբիոնի վարիչներ։ Տղե´րք, եթե քաղաքականացրել ենք, քաղաքականացրել ենք միասին, եթե չենք քաղաքականացրել, ուրեմն չենք քաղաքականցրել ոչ մեկս»,-նշեց նա։

Ապա անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի ելույթին` ասաց. «Որոշ մարդիկ ինձ համեմատեցին Նապոլեոնի հետ, շնորհակալ եմ, ուզում եմ  փոխադարձ շռայլություն անել և ասել, որ բացի քաղաքական նապոլեոնիզմից կա նաև քաղաքական կլեոպատրիզմ,  գիտեք դա ինչ է, խելացի, գեղեցիկ կին, որը փորձում է տղամարդկանց  մանիպուլացիայի ենթարկելու միջոցով ղեկավարել աշխարհը։ Ինչպես ավարտեց Կլեոպատրան…չէ այնքան էր փոխել իրեն, որ ոչ մի թույն չէր ազդում, ստիպված  իրանից ավելի թունավոր բան գտավ, որպեսզի խայթի և մահանա»,-ասաց նա։

Նախարար Աշոտյանը նաև անդրադաձավ քննարկմանը` նշելով, թե այն իր գլխի մեջ չի տեղավորվում։ « Ինձ թվում էր, թե պետք է ինձ մանթռաժ գցեին, այսիքն իրական ռակուրսը հետևյալն է` 4 քաղաքական միավորում, Ժառանագությանը հանում եմ, մի քիչ էլ ինտրիգ մտցնեմ, պարոն Հակոբյան, երեք քաղաքական  միավորում ընդդեմ մի միավորի` 19 հոգանոց գործադիր մարմնի … հրաշալի խումբ է, լավ քաղաքական կուրս է, ճիշտ փոխարժեք է, լավ ցուցանիշ է։»,-ասաց նա։

Եվ ընդհանրապես, Աշոտյանի խոսով՝ «Ճաշից հետո մանանեխ պետք չէ»։  «Ճաշից հետո մանանեխ պետք չէ ժողովուրդ, բռնցքամարտից հետո ավելորդ շարժումներ պետք չէ, ես դրա  արդիական ասացվածքն եմ հորինել` նախագահականից հետո կանյաչնին թիթիզություն ա։ Էսա..»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ «տիկինի» այն հայտարարությանը, թե իրենց  քվեարկությունը կախված է այն հարցից, թե ուսման վարձերը կբարձանան թե ոչ, ասաց. «Շատ լավ է, որ քվեակությունը դրանից է կախված և ոչ թե ուրիշ բաներից։ Բարձրացնելու եք արդյոք  ուսման վարձը և այլն, եթե բարձրացնում ենք վերին շեմը, ապա ակնհայտ է, որ  վերին շեմի սահմանումից հետո  կարող է ուսման վարձերը բարձրանալ բացառապես որակի պատճառով։ Այսինքն՝ այսօրվա ուսման  վարձերը, չեմ կարծում, որ մոտ ապագայում բարձրանալու միտում ունեն»։

 

Անկախ

Քաղաքացիներն իրենց հուզող հարցերով կարող են զանգահարել գործող թեժ գծերի հեռախոսահամրներով

002Երևանի քաղաքապետարան-բնակիչ կապն առավել արդյունավետ դարձնելու, քաղաքացիներից  առաջարկություններ ստանալու, նրանց մտահոգություններին ծանոթանալու և բարձրացվող հարցերին հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են  թեժ գծի հեռախոսահամարներ:

Ըստ այդմ, յուրաքանչյուր աշխատանքային օր, առանց ընդմիջման,  ժամը 09։00-18։00, կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի 010-514-152, 010-514-187, 010-514-236 հեռախոսահամարներով:

Աշխատանքային օրերին ժամը  09։00-ից 18։00-ը  վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին ևս կարող եք ուղղել ձեզ հուզող հարցերը՝ զանգահարելով թեժ գծերի հետևյալ հեռախոսահամարներով:

  • Աջափնյակ վարչական շրջան – + (37410) 39-21-80
  • Ավան վարչական շրջան – + (37410) 62-14-12
  • Արաբկիր վարչական շրջան – + (37410) 28-44-13
  • Դավթաշեն վարչական շրջան – + (37410) 36-81-83
  • Էրեբունի վարչական շրջան – + (37410) 57-45-51
  • Կենտրոն վարչական շրջան- + (37410) 58-00-35, 58-00-53
  • Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջան – + (37410) 74-05-22
  • Նոր Նորք վարչական շրջան – + (37410) 67-16-33
  • Նորք–Մարաշ վարչական շրջան – + (37410) 65-30-82
  • Նուբարաշեն վարչական շրջան – + (37410) 47-60-40
  • Շենգավիթ վարչական շրջան – + (37410) 44-12-73,  44-14-93
  • Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջան – + (37410) 28-71-17, 28-71-35

Բացի այդ, շաբաթվա բոլոր օրերին, ընդ որում շուրջօրյա, քաղաքացիներն իրենց մտահոգող հարցերով ու առաջարկներով կարող են զանգահարել 1-08 հեռախոսահամարով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Խնդիր կա որոշներին պարկետի ներքևից բարձրացնել պարկետին» Հովհաննես Սահակյան

hovhannes-sahakyan1Կրթության մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, պատասխանելով ընդդիմախոսների ելույթներին, նշեց, որ այսօր թատրոնի միջազգային օրն է, և բեմի վրա ներկայանալու և գայթակղվելու առիթը մեծ է: “Խոսում եք իմ ընկերոջը պարկետին իջեցնելու մասին, բայց, կարծում եմ, խնդիր կա որոշներին պարկետի ներքևից բարձրացնել պարկետին, որովհետև սա Ազգային ժողով է, նորից հիշեցնեմ, ոչ թե թատերական հարթակ: Այլընտրանք ներկայացնող իմ գործընկերը խոսում է լկտիության  և ցինիզմի մասին, հերթական թատերական դրսևորումները: Երբ որ ինքը լրագրող էր աշխատում, կարծում եմ` այդ ցինիզմի և լկտիության վառ դրսևորումները զգացել է սեփական մաշկի վրա, թե ում մասին է խոսքը, թող ինքը ավելի լավ խոսա”:

Հովհաննես Սահակյանն անդրադարձավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին` նշելով, որ <<դեռևս պատանեկության տարիքում գտնվող պատգամավորը որոշակի ժամանակահատվածներում փորձում է ցիտել այս կամ այն գործչի կամ նմանվել նախ մեր  հանրապետետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նոր ԱԺ եկած Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ փորձում է ցիտել Նաիրա զոհրաբյանին: Ուստի չեմ անդրադառնում ավելի խորքային և բովանդակային խնդիրներին, դեռ երեք տարի ունի, երբ որ ավելի կայանա, դրա առիթը կունենանք>>:

 

Անկախ

Աշխատանքը պետք է բերկրանք պատճառի

ol3001395747432

Գործատուները պետք է հոգ տանեն, որ իրենցաշխատողները երջանիկ ու գոհ լինեն.չէ որ մարդու  կատարած աշխատանքի արդյունավետությունը, եթե նա գոհ է իր աշխատանքից, 20%-ով ավելանում է, ասվում է «Journal of Labor Economics»- ամսագրում հրապարակված նյութում, որտեղ նկարագրվում են առանձին փորձեր, 700 կանանց ու տղամարդկանց  մասնակցությամբ: Բոլոր փորձերը հաստատել են, աշխատանքից գոհ աշխատակիցներն իրենց առջև դրված խնդիրներն ավելի արդյունավետ են լուծում ու կատարում, քան  դժգոհ  աշխատակիցները:

 

Անկախ

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

ավտովթարՄարտի 25-ին, ժամը 23.20-ին, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ա. Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել է «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 26-ին, ժամը 14.30-ին, Երևանի Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի դիմաց իրար են բախվել «Հոնդա», «Սեատ» և «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Սեատ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 25-ին, ժամը 23.40-ին, 1955 թ. ծնված Ալվարդ Ո.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարտի 22-ին, ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

Մարտի 25-ին, ժամը 24.00-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բելինսկու փողոցում բախվել է խանութներից մեկի պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 26-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21066» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Երևանյան խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 79-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Կրթության նախարարը տարկետման հարցում համաձայն է Ռուբեն Հակոբյանի հետ

imagesԲուհերի ուսման վարձերը մոտ ապագայում չեն բարձրանա: Կրթության մասին օրինագծերի քննարկման վերաբերյալ եզրափակիչ ելույթում Ազգային Ժողովում հայտարարեց կրթության և գիտության նախարարը: «Եթե, օրինակ, լուրջ ամերիկյան ուսումնական ծրագրեր բերվեն Հայաստան, ապա բնական է, որ այդ ծրագրերի գինը ամերիկյանից պետք է մոտ չորս անգամ ավելի էժան լինի, բայց միևնույնն է, մեր երկրի պայմաններում 10-12 հազար ԱՄՆ դոլարից պակաս չի լինի: Ի՞նչ անենք, չբերե՞նք նման ծրագրեր Հայաստան, որովհետև ուսման վարձերը պետք է պահել 180 հազար դրամի մակարդակին»,-հարցրեց նախարարը:

Ըստ Արմեն Աշոտյանի, խոսքը «Քենեդի Բիզնես» ծրագիրը Հայաստան բերելու մասին է, որի շուրջ արդեն բանակցություններ են ընթանում: Ինչ վերաբերում է տարկետման իրավունքին, ապա, կրթության նախարարը համաձայն է Ժառանգության խմբակցության ղեկավար Ռուբեն հակոբյանի հետ, որ պետք է դա հանվի: Այս մասին ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունն այսօրվանից Ազգային ժողովում շրջանառության մեջ է: Այս հարցում Կրթության նախարարն ասաց, որ, որ անհրաժեշտ է քաղաքական միասնություն:

Անկախ

Որոշումը միտված է սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացմանը

կառավարությունԱյսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշել է Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2009-2013թթ. ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 2014թ. համար հաշվարկված՝ վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացնել մոտ 66 մլն դրամ:
Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված սահմանամերձ համայնքներում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2014թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով նույն որոշմամբ հատկացվել է ավելի քան 23 մլն դրամ:
Եվս մոտ 18 մլն դրամ է հատկացվել «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2014թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:
ՀՀ կառավարության՝ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության ամրապնդմանը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Գործադիրի որոշմամբ Երևանի վարչական սահմանում գտնվող 3 հեկտար անտառային հողը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրվել է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը, որը մանկապատանեկան, երիտասարդական, կամավորական, արտադպրոցական, ապաքաղաքական և ապառազմական կազմակերպություն է և նպատակ ունի դաստիարակել պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր երիտասարդ սերունդ: Վերջին տարիներին ՀԿ-ին են տրամադրվել մեկ հանգստյան տուն, խաղահրապարակ կառուցելու հողամաս, որտեղ կազմակերպությունն իրականացրել է շինարարական աշխատանքներ, ստեղծել 600 անձի հաշվարկով միջոցառումներ անցկացնելու հնարավորություն: «Մենք պետք է մեր գոհունակությունը հայտնենք այս կազմակերպությանը՝ նախկինում կատարած աշխատանքի համար, – ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Ուսումնասիրելով նրանց փորձը, այցելելով այդ ճամբարներ, տեսնում ենք, որ շատ ազգանվեր գործ են անում, ուստի վստահ ենք, որ այս որոշումը ճիշտ է»: Նոր հողատարածքի տրամադրմամբ ՀԿ-ն առավել արդյունավետ կկազմակերպի իր գործունեությունը:

Փաստաբանները համոզված են, որ Շանթ Հարությունյանի և նրա 13 ընկերների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում

Ինեսա ՊետրոսյանՇանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը նախնական կալանքից պետք է ազատվի, ոչ թե քննիչները պետք է հայտարարեն նախաքննության ավարտի և շուտով գործը դատարան ուղարկելու մասին:

«Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը սակայն անհիմն մեղադրանք է: Բացակայում է հանցակազմը, նրան կալանավորել են այն բանի համար, որ նստացույց անելիս իր խնդիրներն է բարձրաձայնել և հայտնել սադրիչների մասին: Մեղադրանքից երևում է, որ տուժող կողմը եղել է քաղաքացիական հագուստով, իսկ Շանթ Հարությունյանը չէր կարող իմանալ, որ այդ մարդը ոստիկան է: Նրան տեղափոխեցին հոգեբուժարան` այնտեղ պահելով 20 օր և շատ լավ իմանալով, որ հոգեպես առողջ է»:

Շանթ Հարությունյանի հետ կալանավորված Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանի կարծիքով` նախաքննական մարմինն անհիմն մեղադրանք է առաջադրել իր պաշտպանին: Միսակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ նյութեր օգտագործելու համար, սակայն ապացույց չկա, որ այդ նյութերը ռազմամթերք են: Բացի դրանից, նախաքննական մարմինը ազատ չէ: Տուժողները ոստիկաններն են, իսկ նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը: Հետևաբար, արդար և ազատ նախաքննության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Հովհաննես Քոչարյանը` հավելելով, որ դատարանն ինքն էլ չգիտի, թե ինչու է արդեն հինգ ամիս երկարաձգում նախնական կալանքը:

«Առաջին դեպքում Միսակ Առաքելյանի կալանքը երկարաձգելու որոշում կայացվեց այն պատճառաբանությամբ, թե բացակայում է Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննությունը: Երկրորդ դեպքում ասացին, որ գործը պետք է ուղարկել դատարան: Բայց մի՞թե գրավով ազատելու դեպքում  գործը դատարան չէր գնալու»,- ընդգծեց փաստաբանը:

Փաստաբանները համոզված են, որ Շանթ Հարությունյանի և նրա 13 ընկերների նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում:

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 12 աստիճանով

եղանակՄարտի 31-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է ջերմաստիճանի անկում` գիշերը օդում մինչև 2 աստիճան, հողի մակերևույթին` 5 աստիճան ցուրտ:

Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ամպրոպ:

Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 8-12 աստիճանով:

Երևանում`

Մարտի 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 27-ին, օրվա երկրորդ կեսին, 28-ի գիշերը, 29-30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ: Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

Հայաստանի ներդրումը միջազգային զարգացումներում

mesՀյոգոյի գործողությունների ծրագիր 2 (ՀԳԾ-2) Հայաստանի պաշտոնական առաջարկությունների ձևավորում

Մարտի 26-ին Երևանի Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ Հյոգոյի գործողությունների ծրագիր 2-ի (ՀԳԾ-2) Հայաստանի պաշտոնական առաջարկությունների ձևավորման խորհրդաժողովը:

Քննարկմանը մասնակցում էին մոտ 100 ներկայացուցիչներ՝ ՀՀ նախարարություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային և տեղական կազմակերպություններից, ԱՌՆ մարզային թիմերից, գիտական և ուսումնական հաստատություններից ու համայնքներից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը. «Հայաստանը ՄԱԿ-ի 168 երկրների շարքում միացել էր Հյոգոյի գործողությունների ծրագրին։ Վերջին տարիներին բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել` ուղղված Հայաստանում աղետների ռիսկի նվազեցմանը։ Այսօր մեր նպատակն է քննարկել և ձևավորել ՀԳԾ2-ի Հայաստանի պաշտոնական առաջարկությունների փաթեթը։ Ողջունում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում բեղմնավոր աշխատանք»:
Խորհրդաժողովի առաջին մասում ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, ՀԳԾ ազգային համակարգող, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեց ՀԳԾ հինգ գերակա ուղղություններով Հայաստանի ձեռքբերումները. «2005թ.-ին Հայաստանը ստորագրեց Հյոգոյի գործողությունների տասնամյա ծրագիրը, որի գլխավոր նպատակը պետություններում և համայնքներում աղետների պատճառած մարդկային, սոցիալական, բնապահպանական կորուստների էական նվազեցումն է»: Անդրադառնալով Արտակարգ իրավիճակների նախարարության ձեռքբերումներին՝ Ն. Գրիգորյանը շարունակեց. «2010թ.-ից արդեն առաջինը տաարածաշրջանում ստեղծեցինք Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը՝ ԱՌՆԱՊ-ը, որը գրանցվեց որպես հիմանդրամ: Շահագրգիռ բոլոր կառույցներին ներգրավելով՝ մշակեցինք ԱՌՆ ազգային ռազմավարությունը՝ գործողությունների կոնկրետ ծրագրով: 2010-2013 թթ.-ի ընթացքում ԱԻՆ կողմից մշակվել, շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանն ու իրավասու մարմինների հաստատմանն են ներկայացվել ՀՀ օրենքի ավելի քան 20, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների 200-ից ավելի նախագծեր: Այս ոլորտում Հայաստանն առաջատարի համարում ունի միջազգային կառույցներում և զգալի ներդրում ընդհանուր զարգացումներում»: Զգալի ձեռքբերումներ են գրանցվել փրկարար ծառայության, սեյսմիկ պաշտպանության, հակակարկտային ծառայության, կադրերի պատրաստման և վերապատրաստման, հանրային իրազեկման և ուսուցման ոլորտներում։ՄԱԶԾ Ճգնաժամերի կանխարգելման և վերականգնման բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանն իր ելույթում մեկ անգամ ևս հաստատեց, որ ՀԳԾ-ի նպատակն է փրկել կյանքեր: ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, ներկայացնելով ԱՌՆ ուսուցման ոլորտում տարված աշխատանքներն ու այդ ուղղությամբ մշակված առաջարկությունները, հաստատեց. «Առանց կրթության ռիսկի կանխում, կանխարգելում պարզապես չի կարող լինել: Այն այս գործընթացի անբաժանելի մասն է: Կրթությունը հանդիսանում է կանխարգելման կարևոր գործընթաց»: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, անդրադառնալով երեխաների իրազեկվածությանն ու պաշտպանվածությանը, նշեց. «ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, որպես ՄԱԿ-ի կառույց, կարևորել է ընդհանուր ԱՌՆ գործողությունների պլանը: Մանկական հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս դիմակայունության կառուցմանն ու աղետների ռիսկի նվազեցմանը։ Մեր նպատակն է` ձևավորել դիմակայուն համայնք»:

Խորհրդաժողովի երկրորդ մասում մասնակիցները բաժանվեցին 5 թեմատիկ խմբերի. կրթություն և ուսուցում, ԱՌՆ տեղեկատվության կառավարում և հանրային իրազեկում, տեղական մակարդակում ռիսկի կառավարում և դիմակայություն, ռիսկի մասնագիտական կառավարում և մասնագիտական ուսումնասիրություն, աղետների և կլիմայի փոփոխության հետևանքով տեղահանվածների խնդիրների թեմատիկ խումբ:

Խմբերի աշխատանքի արդյունքում ձևավորվեց ՀԳԾ2 Հայաստանի պաշտոնական առաջարկությունների փաթեթը, որը պետք է ներկայացվի ապրիլի 1-2-ն Ալմա Աթայում(Ղազախստան) կայանալիք ՀԳԾ-2-ի տարածաշրջանային քննարկմանը:

«Հանրությունը սպասում էր այս որոշումը», – վարչական պատասխանատվություն չկիրառելու որոշման առթիվ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը

տիգրանԳործադիրն իր այսօրվա նիստում սահմանել է, որ տրանսպորտային այն միջոցի, որի համար դրա օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011թ. հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ վերը նշված հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:

«Սա սպասված որոշում էր», – ասել է ՀՀ վարչապետը՝ ՀՀ ոստիկանության պետին հանձնարարելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջոցով ԶԼՄ-ների օգնությամբ քաղաքացիներին իրավական խորհրդատվություն տրամադրել վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
Անկախ

Կարեն Փոլադյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավար

փոլադյանՀայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2014թ. մարտի 26-ի որոշմամբ Կարեն Փոլադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար:

Կարեն Ռոբերտի Փոլադյանը ծնվել է 1977թ. նոյեմբերի 9-ին, Երևանում։
2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու։
2003-2004թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետա-իրավական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։
2004-2005թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։
2005-2007թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում՝ որպես բաժնի պետ։
2007-2012թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում` որպես դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ։
2012թ. նոյեմբերի 7-ից ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարն է։
2014թ. մարտի 26-ին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:

06.08.2007թ.-14.07.2011թ. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի առաջարկությամբ ՀՀ Նախագահի 03.08.2007թ. թիվ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի անդամ։
2006 թվականից մինչ օրս դասավանդում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի մագիստրատուրայում։

1999թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում։
1999-2001թթ. ծառայել է Զինված Ուժերում։
2003թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում։
2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։
2009թ. ավարտել է «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։
Հեղինակ է 3 գիտական հոդվածների։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Փողն այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց. Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ անդամներին

Նաիրա ԶոհրաբյանԱյսօր Ազգային ժողովում «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին»  օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարությանը առաջարկի մասին իր ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը շեղվեց բուն թեմայից և, դիմելով ՀՀԿ-ին՝ ի դեմս Արմեն Աշոտյանի, ասաց. «Ես հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինզմը և դատարկաբանությունը՝ ինտելեկտի հոմանիշը, ակնհայտ տափակախոսությունը՝ կրեատիվ լինելու հոմանիշը: Ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ ճիշտ կանեք  գոնե աշխատեք, որ ձեր և այլ կարկառուն ներկայացուցիչ օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն: Ես չեմ պնդում, որ դա պարզ տառաճանաչության ու գրագիտության պակաս է, բայց հակառակ վարկածը հերքել չեմ կարող: Էլ չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն-երբեմն արված օտարալեզու պասաժների մասին, որտեղ, օրինակ` երեք բառից բաղկացած պարզ համադասական նախադասության մեջ բառերի բոլոր տառերը կարող են գրվել սխալ: Սովորելը երբեք ուշ ու ամոթ չէ, ուսուցիչներ վարձեք, փողը այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց: Դատելով  որոշ դեպքերի խիստ կլինիկական պրոգրեսից`  նրա դեմ պատվաստումը առ այս պահը, ցավոք,  դեռևս գտնված չէ, առողջ եղեք՛՛: