Հարություն Խաչատրյանի ֆիլմի համաշխարհային պրեմիրեան Նյոնի ՄԿՓ-ում

Հարություն-ԽաչատրյանՀարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի առաջին ֆիլմի՝ «Հայկ.փախուստ»-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel»  կինոփառատոնում՝ ապրիլի 30-ին: Ֆիլմն ընդգրկված է փառատոնի միջազգային մրցութային անվանկարգում:

«Vision du Reel»-ը վավերագրական կինոյի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակավոր փառատոներից մեկն է, որը հիմնադրվել է  1969 թ-ին: Փառատոնը նպատակ ունի իր հիմնական և արտամրցութային ծրագրերում ընդգրկել հեղինակային վավերագրական կինոյի նմուշներ և խթանել դրանց տարածմանը: Փառատոնի կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հենց հեղինակային վավերագրական կինոն է, որը հեռուստատեսային մշակույթի գերիշխման դարաշրջանում օրեցօր ետին պլան է մղվում:

Հարություն Խաչատրյանն առաջին անգամ չէ, որ մասնակցում է Նյոնի վավերագրական ֆիլմերի փառատոնին. «Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին՝ նույն փառատոնում արժանացել է ժյուրի հատուկ հիշատակմանը,  իսկ «Սպիտակ քաղաք»  ֆիլմը 1989թ-ին արժանացել է  «Արծաթե սեստերցի»  հեղինակավոր մրցանակին:

«Vision du Reel»  45-րդ կինոփառատոնը  տեղի կունենա ապրլի 25-ից մայիսի 3-ը:

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ

ՀՀ գյուղատնեսության նախարարի այցը Սյունիքի մարզ   Երեկ աշխատանքային այցով Սյունիքի մարզում  էր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքում, ծանոթացել ֆերմեր Սեյրան Առաքելյանի տավարաբուծական ֆերմայի հիմքի վրա գործող  կաթի վերամշակման արտադրամասի  գործունեությանը, զրուցել աշխատակիցների հետ:

Այստեղ արտադրվում  են  Լոռի և Չանախ պանիրներ, կարագ, օրական վերամշակվում  է  ինչպես սեփական արտադրության, այնպես էլ համայնքից  մթերվող  մեկ տոննա կաթ : Առաջիկայում  նախատեսվում է  կաթի վերամշակման ծավալները հասցնել  2-3 տոննայի, ընդլայնել  արտադրանքի տեսականին:

Այնուհետև  նախարարն այցելել է Կապանի տարածաշրջանի Սյունիք համայնքում կառուցվող հատիկային կերերի  մթերման , պահեստավորման և լիարժեք համակցված կերերի արտադրության  ձեռնարկություն: Գերմանական սարքավորումներով հագեցած այս ձեռնարկությունը, որ   շարք կմտնի մինչև տարեվերջ, կարտադրի տարեկան 2500 տոննա  եվրոպական չափանիշներին համապատասխանող համակցված կերեր բոլոր սեռահասակային խմբի կենդանիների համար, ամբողջությամբ բավարարելով վերջինիս պահանջարկը մարզում  և մեծապես նպաստելով  մարզի անասնապահության զարգացմանը:

Այցելության հաջորդ կանգառը Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղն էր, ուր նախարարը ծանոթացել է խոզաբուծական ժամանակակից համալիրի շինարարության ընթացքին: Այն կգործարկվի մինչև տարեվերջ, կունենանա 200 գլուխ մայրակազմ և տարեկան կարտադրի 300 տոննա միս: Ամբողջությամբ մեքենայացված գործընթացներ ( կերի արտադրությունից մինչև սպանդանոց ) ունեցող համալիրի սարքավորումները  ներկրվել են Ավստրիայից: Շուտով եվրոպական երկրներից կներկրվի նաև լավագույն ցեղատեսակների մայրական կազմը:  Համալիրը աշխատանքով կապահովի ավելի քան 30  մարդու: Նման տեխնոլոգիաներով խոզաբուծական համալիր Հայաստանում  կգործարկվի առաջին անգամ:

Օրվա երկրորդ կեսին Սերգո Կարապետյանը  մասնակցել է մարզխորհդի նիստին, իր ելույթում ամփոփիչ անդրադարձ կատարել 2013 թվականին, հաջողված ու արդյունավետ  համարել այն հանրապետության  և Սյունիքի մարզի համար , խոսել պետական օժանդակման  այն  ծրագրերի մասին,  որոնց, ինչպես նաև մեր գյուղացիների ջանադիր աշխատանքի շնորհիվ է հնարավոր եղել ապահովել նման արդյունքները:

Նախարարը լավատեսորեն է արտահայտվել ընթացիկ տարվա խնդիրների  իրականացման մասին, նշելով պետական օժանդակման ծրագրերի շարունակելիությունը, որով գյուղացին կրկին հնարավորություն  ունի  մատչելի գներով ձեռք  բերել բարձրորակ սերմացու, պարարտանյութ ու  դիզելային վառելանյութ: Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրել է  գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների  ավելացման անհրաժեշտությանը, հաշվի առնելով մարզում առկա ներուժը, ինչպես նաև մարզի ռազմավարական նշանակությունը:  Առանձնապես կարևորվել է  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագիրը, որով մարզի  մի շարք   համայնքներում հիմնադրված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվները կարճ ժամանակում  հասել են որոշակի հաջողությունների: Ընթացիկ տարում նախատեսվում է խնայված միջոցների հաշվին  մարզի ևս  7    համայնքներ ընդգրկել  նշված ծրագրում, նման համայնքների թիվը հասցնելով 18-ի:

Հանդիպման ավարտին  նախորդ տարվա լավ աշխատանքի ու բարձր արդյունքների համար նախարարը  «Գյուղատնտեսության նվաճումների» ոսկե մեդալներով պարգևատրել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության  պետ Սամվել Թանգյանին և Մեղրու տարածաշրջանի Ալվանք համայնքից այգեգործ Ալեքսան Հովհաննիսյանին: Մարզի գյուղատնտեսության ևս 9 առաջավորներ արժանացել են գյուղատնտեսության նախարարության  շնորհակալագրերի:

Անկախ

ՀԽ հայտարարությունը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի պահպանման հարցի վերաբերյալ

arm138805273927ՀՀ Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը ս.թ. մարտի 25-ին մասնակցել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած քննարկմանը` «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային (կլոր) համալիրի պահպանման հարցի վերաբերյալ:

Գրիգոր Ազիզյանը գոհունակությամբ հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողական և փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվել է օդանավակայանի հետագա զարգացման ծրագիրը «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանմամբ իրականացնելու հնարավորությունը:

Այդ առումով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի ճարտարապետ-կոնստրուկտորները նույնպես մասնակցեն կոնցեսիոների կողմից նոր նախագծի մշակման աշխատանքներին` համատեղ քննարկելով կլոր շենքի պահպանման բոլոր հնարավորությունները:

Հանրային խորհուրդը շարունակելու է հետևել գործընթացին և պատրաստակամ է կոնցեսիոների հետ քննարկելու համալիրի պահպանման և հետագա շահագործման հետ կապված խնդիրները:

Հանրային խորհուրդը ՀՀ մշակույթի նախարարության համապաատասխան կառույցին առաջարկում է քննարկել ՀԽ դիրքորոշման մեջ ամրագրված այն դրույթը, որը վերաբերում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությանը:

Հանրային խորհուրդը շնորհակալություն է հայտնում բոլոր այն մասնագետներին, քաղաքացիներին ու շահագրգիռ անձանց, որոնց ջանքերով նաև ձևավորվեց «Զվարթնոց»-ի կլոր շենքի պահպանման վերաբերյալ հանրային կուռ կարծիք:

Հանրային խորհուրդը բարձր է գնահատում ՀՀ կառավարության և կոնցեսիոների պատրաստակամությունը` հաշվի նստել հանրային կարծիքի հետ և քննարկել օդանավակայանի հետագա զարգացման այնպիսի ծրագիր, որը չի սպառնա «Զվարթնոց»-ի կլոր շենքին:

 

ՀՀ Հանրային խորհուրդ
26.03.2014 թ.

Անկախ

«Մարտի 28-ին սպասվող «Ժառանգության» հանրահավաքի հիմնական նպատակը միասնական հրապարակի կայացումն է». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան«Ժառանգություն»  կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ մարտի 28-ին Ազատության հրապարակում կանցկացվի   կուսակցության հանրահավաքը, որի հիմնական նպատակը միասնական հրապարակի կայացումն է: «Քաղաքացիական և քաղաքական բոլոր խմբերի միավորումը մեկ միասնական օրակարգի շուրջ կբերի նոր քաղաքականության իրականացման և վերջ կդնի այս հակասահմանադրական վիճակին, որը շարունակվում է տասնամյակներ և անտեսանելիորեն մսխում ժողովդրի իրավունքները»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը` հավելելով, որ, պատահական չէ, որ վերջին տարիներին այս միտումների հետևանքով մեծացել են արտագաղթի չափերը, ժողովրդի անպաշտպանության աստիճանը, որը համակել է բոլորին` թե’ աղքատներին, թե’ միջին խավին, անգամ հարուստներին:

Նա նշեց, որ միասնական հրապարակի կայացման համար իրենք առաջին հերթին անհրաժեշտ են համարում բոլոր ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի կոնսուլտացիաները բարձր մակարդակով, այն է`առաջնորդների մակարդակով, ինչպես նշել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն չորս ուժերի մասնակցությամբ, այլ պետք է ընդգրկի նաև քաղաքացիական հասարակությանը:

«Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են ավելի արագ կայացնել այդ հրապարակը. մենք տեսնում ենք, որ Հայաստանն այլևս չի կարողանում հավասարակշռություն պահել միջազգային ասպարեզում: Մինչ օրս օդում կախված են մնացել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և այլն: Հենց այս շրջանում, երբ Հայաստանի արտաքին քաղաքական բալանսում նման փոփոխություններ են տեղի ունենում, ծագել են այնպիսի ռիսկային խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, Ղրիմի ճանաչման հարցը: Այս ռիսկային խնդիրները կարող են ազդել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների վրա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

 

«ՀՀ, ԼՂՀ և դրսի մեր քաղաքական իշխանությունները պետք է նստեն ու քննարկեն, թե ուր են գնալու քեսաբցիները» . Ժիրայր Լիպարիտյան

ժիրայր-լիպարիտյան1991-1997թթ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Քեսաբի հայաթափմանը` նկատեց, որ Սիրիայում հայ քաղաքական իշխանությունները նվազեցնում են սիրիական իրավիճակի վտանգները:

«Սիրիական պատերազմի պատճառով միլիոնավոր մարդիկ կորցրել են իրենց տները: Այսօր շատ բարդ պատերազմ է ընթանում: Արդեն որերորդ անգամն է մեր ժողովրդի մի մասնիկը ստիպված է լքել իր տարածքը: Սիրիայում և՛ ներքին, և՛ ազգային, և՛ կրոնական, և՛ պետական հարցերի բախում է, տարածաշրջանային ուժերի և մեծ տերությունների մրցակցություն, ինչի հետևանքով Մերձավոր Արևելքի երկրների հայ համայնքների ներկայացուցիչները գաղթական են դառնում» ,- ասաց Ժիրայր Լիպարիտյանը:
Ըստ բանախոսի` մեր քաղաքական իշխանությունները, որոնք քաղաքական պատասխանատվություն ունեն Մերձավոր Արևելքում, ինչպես Կիլիկիո կաթողիկոսությունը,  ձգտում են նվազեցնել առկա վտանգները, փափագում են, որ հայ համայնքը մնա այնտեղ, նրանց ներկայացմամբ` վտանգ չկա, ինչի հետևանքով բնակչությունն անընդհատ անակնկալի է գալիս և անպատրաստ է: Նա նկատեց, որ, եթե հայերը պատրաստ լինեին, Քեսաբից դուրս կգային փաստաթղթերով, իսկ հիմա առանց փաստաթղթերի են:

«Պետք է անպայման գերազգային ձևով մեր քաղաքական իշխանությունները թե’ Հայաստանում, թե’ Լեռնային Ղարաբաղում, և թե’ դրսում նստեն և քննարկեն այն հարցը, թե ուր են գնալու քեսաբցիները: Այստեղ ինստիտուցիոնալ մտածելակերպ է անհրաժեշտ: Տեղի քաղաքական կուսակցությունները ցանկանում են հավատալ, որ ճիշտ գործ են անում, բայց դա վտանգավոր է, իրենք էլ պետք է գերազգային ձևով մտածեն»,- ասաց Ժիրայր Լիպարիտյանը` հավելելով, որ պետությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ տեղեհանված հայերը ցանկանան վերադառնալ Հայաստան:

Հարցին` որն է լավագույն տարբերակը տեղահանված հայերի համար, բանախոսը պատասխանեց. «Լավագույն տարբերակն այն կլիներ, որ ժողովուրդը վերադառնար Հայաստան կամ Լեռնային Ղարաբաղ, խնդիրն այն է` հնարավոր կլինի, թե ոչ»:

 

 

ԴՕՐԻԱՆ. «Իսկ ո՞վ ասաց, թե մի կերպարը բացահայտելուց հետո, մեկ այլ կերպար չեմ ստեղծել»

DORIAN 2Վերջին ամիսներին (կամ գուցե ավելի երկար ժամանակ) գրող-բլոգեր Դօրիանը (իսկական անունը` Գրիգոր Մուրադյան) լռում էր: Ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղվում:

Դօրիանը սիրով համաձայնեց պատասխանել «Անկախի» հարցերին:

– Դօրիան, վերջին ժամանակներս կրկին լռում ես, ինչո՞ւ
– Եզակի երևույթ է, չէ՞, երբ ասելու բան չունեն ու լռում են: Երբ կատարած աշխատանք եմ ունենում, ներկայացնում եմ, երբ հարցեր են տալիս` պատասխանում եմ: Դրանից ավելի ի՞նչ ասեմ: Ամիսներ առաջ Ֆեյսբուքում գրել էի, որ մեր օրերում լռությունը ոչ թե ոսկի է, այլ հարստացված ուրան: Մարդիկ սկսել են այնքա՜ն շատ խոսել, ամեն առիթն անգամ օգտագործում են: Վերջերս գրանցվեցի Ask.fm կայքում: Այդ կայքն ամեն օր իր օգտվողներին մեկ հարց է տալիս, և բոլորն այդ հարցին են պատասխանում: Հրաշալի միտք է: Ինչքա՞ն կարելի է սպասել, մինչև մի կինո ցուցադրեն, Եվրատեսիլի մասնակցին ընտրեն, Յանուկովիչը գրիչը կոտրի… Գրանցվում ես այնտեղ ու ամեն օր խոսելու թեմա ունես: Սեփական մտորումներն այլևս պետք չեն, քեզ ոչինչ կարող է չհուզել, չհետաքրքրել, կա օրվա հարցն ու դրա պատասխանները: Ահա և մարդկության առաջ դրված բոլոր խնդիրները: Մյուս խնդիրները քո անձնականն են, ու, բնականաբար, պետք է անձնական տարածքդ զբաղեցնեն: Գրականությունն իմ անձնական տարածք տանող միակ դուռն է, որ բոլորի առաջ բաց եմ թողել: Մյուս դռները հիմնականում փակ են:

– Ինչպե՞ս ես:
– Ինձ բավարարված եմ զգում: Կարծում եմ՝ դժգոհություններս մեծ մասամբ շատ մտածելու հետևանք են: Ժամանակի սղությունից եմ դժգոհ, քիչ բան եմ հասցնում անել: Երևի վերջ, ուրիշ դժգոհություններ չունեմ, ուրեմն ամեն ինչ կարգին է:

– Գրականությունն էլ չի՞ հետաքրքրում:
– Հեշտ եմ ինձ համար նոր հետաքրքրություններ գտնում, փոխում սովորություններս: Բայց գրականությունն ինձ համար ոչ միայն հետաքրքրություն ու սովորություն է: Չգիտեմ, թե ինչպես են անվանում այն, ինչ մազերիդ նման է՝ կարող ես տարբեր գույներով ներկել, կտրել, սափրել, բայց միևնույն է, այն նորից հայտնվում է ու նորից առաջվա գույնն ունի: Գրականությունը, որպես ոլորտ, ինձ միշտ էլ քիչ է հետաքրքրել, բայց ընթերցանությունն ու գրելը բնազդային մակարդակում են գտնվում, անգամ եթե դադարեմ ուսումնասիրել այդ բնազդները, դրանք չեն կարող վերանալ: Նույնն է, թե մոծակը թռչի աչքիդ ուղղությամբ ու աչքը չփակվի նախքան մոծակի՝ այնտեղ հայտնվելը: Չէ՞ որ դա տեղի է ունենում միլիվայրկյանների ընթացքում, նախքան քո կամքի արտահայտվելը: Նմանապես նաև ստեղծագործությունը: Այդ պրոցեսը հնարավոր կլիներ կանխել միայն այն դեպքում, եթե դա կամքի արտահայտում լիներ: Մինչդեռ գործնականում ստեղծագործությունը կամքի արտահայտում չէ, կամքի արտահայտում է միայն այդ գործընթացի արդյունքում գոյացածը նյութականացնելը: Ինչով և ես շարունակում եմ զբաղվել:

– Գրախանութներից մեկում հարցրի` Դօրիանի ստեղծագործություններից ունե՞ք, գրավաճառուհին ասաց` վերջացել է և մատնանշեց «Իսկ գիշերվանից հետո շուշաններ» վեպը:
– Գիրքն առայժմ կա, այն «անխիղճ» տպաքանակ ուներ, և դեռ որոշ ժամանակ կլինի գրախանութներում: Այդ հարցով ընկերս է զբաղվում, ամենայն հավանականությամբ, ալարել է ճշտել վաճառքի մասին տվյալները և էլի գրքեր հանձնել: Այնուամենայնիվ գիրքն անվճար տեղադրված է համացանցում, կա Երևանում Մոսկվայի տան գրադարանում, որտեղից նույնպես հնարավոր է անվճար վերցնել ու կարդալ: Ես չեմ պատրաստվում նույն գիրքը ևս մեկ անգամ տպագրել, նրանք, ովքեր զուտ հետաքրքրությունից դրդված են ցանկանում կարդալ, կարող են աչքի անցկացնել անվճար տարբերակները, իսկ մնացած գրքերը թողնեն այն մարդկանց, ում համար դրանք ունենալն իսկապես կարևոր է:

– Դօրիան, հիմա որ մի քանի տարի հետ ես նայում, ի՞նչ ես կարծում, ճի՞շտ էր բացահայտվելը:
– Իսկ ո՞վ ասաց, թե մի կերպարը բացահայտելուց հետո, ես մեկ այլ կերպար չեմ ստեղծել: Բացահայտումս բոլոր առումներով շահավետ էր: Նախկինում այդ շահն այլ էր, այսօր ես այլ շահ եմ տեսնում դրանում: Այժմ ինձ թվում է, որ դա նախ և առաջ կատարելագործվելու հսկայական ստիմուլ տվեց ինձ, օգնեց հասկանալ, թե ինչ տրանսֆորմացիաների եմ ընդունակ, ինչ մետամորֆոզների, որքան չօգտագործվող ներուժ ունեմ: Անցած երկու տարվա ընթացքում ես կարծես տասը տարով առաջ ընկա: Ինչպես այժմ մոդայիկ է ասել, պարադիգմայի հսկայական շարժ տեղի ունեցավ: Դա դրական փորձ էր: Ճիշտ ժամանակին, թեկուզ շոշափելի կորուստների գնով, որևէ բանից հրաժարվելն ու այլ՝ ավելի հեռանկարային ընտրություն կայացնելը հերոսական արարք է: Նայեք այս օրերի Ուկրաինային:

– «Հոգու մերկապարում» ի՞նչ նորություններ կան:
– Իմ կայքը վաղուց արդեն այդպես չի կոչվում: Ինչևէ: Dorian.am-ը փակել եմ: Ստեղծել եմ «Իմ գրադարակը», որտեղ հավաքված են ստեղծագործություններս, անվճար տեղադրել եմ համացանցում ու քաշվել մի կողմ: Գործում եմ «ստեղծագործություն արա, գցիր ջուրը» սկզբունքով: Մարդիկ իրենք էլ շատ հեշտ գտնում են ընթերցելու եղանակը, իրար են ուղարկում աշխատանքս, տեղադրում են ֆորումներում, բլոգներում և սոցիալական ցանցերում: Եթե տարիներ առաջ տարածմամբ ստիպված էի ինքս զբաղվել, այժմ միայն հրապարակում եմ գրադարակում, որտեղ անգամ սոցիալական ցանցերի կոճակներ չկան, և ընթերցողներս իրենք են պատճենում, իրար փոխանցում: Այժմ ես ինձ կարող եմ թույլ տալ նաև դրանով չզբաղվել, ու դա ճոխություն եմ համարում:

– Կարծես մեր երկրում գրական զարթոնք է, մարդիկ վերադառնում են դեպի գիրքը:
– Որևէ զարթոնք մեր երկրում չկա: Այն, ինչ տեղի է ունենում գրականության մեջ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը, աշխուժությունը մյուս ոլորտներում, ընդամենը կենտրոնացված սոցիալական ցանցի առկայության արդյունքն է: Իսկ սոցիալական ցանցերում ապակենտրոնացում է սկսվել, մարդիկ խումբ-խումբ առանձնանում են և որպես շփման հիմնական հարթակ ընտրում են տարբեր սոցիալական ցանցեր: Շուտով գիրք վաճառողների համար ավելի դժվար կլինի Սիրուշոյի երկրպագուներին գրավել և ստիպել գնել իրենց արտադրանքը: Շուկայի ընդլայնումը կպահանջի այնպիսի ներդրումներ, որոնք Հայաստանում գիրք վաճառելով անհնար կլինի արդարացնել: Հրատարակիչները կտարվեն մեծ շուկաների որոնումներով, շեշտը չեն դնի ներքին շուկայի վրա ու զարթոնքի այդ պատրանքն արագ կվերանա: Հետագայում մեզ կուրախացնեն դրսում ինչ-որ մեկի գիրքը տպագրելով, դրսից բերած որևէ մրցանակով ու նման բաներով: Մեր ժողովուրդը հակված է դա առաջընթաց համարել, մեծ մասին դա միանշանակ կբավարարի: Ներքին խմորումների բացակայության պատճառով առաջացող տոտալ դեգրադացիան որևէ մեկին չի անհանգստացնի: Այդ առումով Հայաստանը շատ ոլորտներում է հաջողություններ գրանցում:

– Քո ո՞ր ստեղծագործությամբ կարող ես գրողին հատուկ հպարտություն ապրել:
– Միշտ էլ սիրել եմ իմ վերջին ստեղծագործությունը: Այսօր դա «Իմ երկու հայրը» պատմվածքն է: Այնտեղ ես համեմատաբար ավելի նման եմ այն գրողին, որը կցանկանամ լինել: Հետո այն դրական է գնահատվել գրականության հետ ավելի սերտ կապված մարդկանց կողմից: Անկախ իր թեմայից, այն չի ընդունվել՝ իբրև պրովոկացիա: Այնտեղ ես տողատակով չեմ խոսել, բայց և այնպես կարողացել եմ ընթերցողի ուշադրությունը շեղել հասարակական այդքան ակտուալ թեմայից ու սևեռել դեպի հերոսների ներաշխարհը, նրանց խնդիրներին: Դա ստեղծագործության ֆոների հետ խաղալու փորձ էր ինձ համար, որ հաջողված եմ համարում, շարունակում եմ զարգացնել միտքը, ինչն իր ազդեցությունն է ունենում այն աշխատանքի վրա, որով զբաղված եմ այժմ:

– Գրականության մեջ ժանրերը էական չեն,- սիրում էր ասել Հեմինգուեյը: Հնարավո՞ր է, որ առաջիկայում գրական այլ ժանրերի ստեղծագործություններիդ հանդիպենք:
– Ինձ չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, թե որ ժանրով եմ ստեղծագործում: Ժանրերը, կարծում եմ, անհրաժեշտ պայմանականություն են ընդամենը: Ինձ համար, օրինակ, «Լոլիտան» և «Մատանիների տիրակալը» միևնույն ժանրի գրքեր են: Երկու գրքում էլ հերոսներն անվերջ ինչ-որ տեղ են գնում, ու դա ձանձրալի է: Այս օրինաչափությամբ կարելի է միլիոնավոր ժանրեր հորինել: Գրադարանի դարակները դասավորելու համար դա հարմար չէր լինի, բայց առցանց գրադարաններում, ընդունված ժանրերի հետ մեկտեղ, արդեն իսկ օգտագործվում են նաև հազարավոր այլ ժանրեր՝ «պիտակներ», որոնք օգնում են ավելի ճշգրիտ դասակարգել գրքերը (նաև ֆիլմերը, խաղերը և այլն), գտնել իրար նման գրքեր: Ամերիկյան հեռուստատեսությամբ, օրինակ, ցուցադրվում է «Գրիմմ» հեռուստասերիալը, որի հերոսները փնտրում են տարբեր հանցագործությունների մեղավորներին: Ինչ-որ մեկը կասի՝ դետեկտիվ է: Լավ: Իսկ եթե հանցագործները մոգական արարածնե՞ր են… Կամ Լարս ֆոն Թրիերը, որ իր նոր ֆիլմն անվանել է պոռնոդրամա, ու մարդիկ քննարկում էին՝ կա՞ նման ժանր, թե ոչ: Պարզ է դառնում, չէ՞, որ «պիտակները» հաղթում են ժանրերին, ծիծաղելի է անգամ մտածել՝ այս կամ այն ժանրը գոյություն ունի, թե ոչ: Հետևաբար, իմ յուրաքանչյուր ստեղծագործություն այլ ժանրերի կարելի է վերագրել:

– Հետևո՞ւմ ես լրատվությանը: Ի՞նչ կարծիք ունես այսօր տիրող հասարակական, սոցիալական քննարկումների մասին:
– Հայաստանյան լրատվությանը հիմնականում չեմ հետևում, եթե չհաշվենք ֆեյսբուքյան ընկերներիս տեղադրած հղումները: Կարծում եմ՝ Հայաստանում տարին 6 անգամ են լուրեր լինում, կարելի է և չհետևել: Ի՞նչ լրատվության մասին է խոսքը, եթե թեման պիտի լինի ինչ-որ խանութ կամ ԱԺ-ում հնչած հայհոյանք: Ֆեյսբուքում կարդում եմ վերնագրերը ու համոզված եմ, որ դա մեր լրատվական դաշտի արտադրանքի 98%-ն է: Հետևում եմ տեխնոլոգիական, արվեստին, գիտությանը վերաբերող նորություններին: Բայց, ցավոք, Հայաստանում այդ թեմաներով նորություններ չկան, հիմնականում կիսատ-պռատ թարգմանություններ են:

– Հիմա է՞լ ես զգուշանում հասարակությունից:
– Այո՛: Վերջին անգամ անցած շաբաթ եմ տնից դուրս եկել: Հիմնականում փակված եմ տանը:

 

Մարտի 27-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև ցույց տեղի կունենա` ի նշան բողոքի ընդդեմ Թուրքիայի գործողություններին Քեսաբում

աղբալյան միությունՀայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։ Քեսաբի և շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից ներթափանցած խմբավ…որումների հարձակման արդյունքում պղծվել է Քեսաբի հայոց եկեղեցին, կողոպտվել են տներ, մոտ 400 հայ ընտանիք տեղահան է եղել Քեսաբից և ապաստանել Լաթակիայում: Քեսաբի հայ բնակչությունը 1909թ-ից և 1915թ-ից հետո, այս էլ երրորդ անգամ ենթարկվում է Թուրքիայի կողմից սանձազերծված տեղահանության: Թուրքիայի կողմից քեսաբահայությանն ուղղված հերթական հարվածը, կրկին տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առջև: Միջազգային հանրություն, որն իր կրավորական կեցվածքով և թողտվությամբ խրախուսում է Թուրքիայի այսօրինակ ոճրագործությունները և ցեղասպան քաղաքականությունը հայության նկատմամբ: Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից կատարել իր իրական առաքելությունը, դատապարտել և կանխել Թուրքիայի քողարկված ագրեսիան և միջոցներ ձեռնարկել քեսաբցիների իրենց բնակության մշտական վայր վերադարձի ուղղությամբ։ Որպես հայ երիտասարդ մենք զորակցություն ենք հայտնում սիրիահայությանը և հաստատակամություն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու և նեցուկ կանգնելու մեր հայրենակիցներին։

Միաժամանակ կոչ ենք անում երիտասարդությանն ու քաղաքական ուժերի երիտասարդական թևերին, միանալ սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջև անցկացվելիք բողոքի ցույցին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն ՀՅԴ Երիտասարդական միություն

Վիճաբանել են էլեկտրասյանը գովազդային թերթիկ փակցնելու պատճառով

ոստիկանություն3Մարտի 24-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 9/44 հասցեից բերման են ենթարկել միմյանց հետ վիճաբանող 3 երիտասարդների` 1995 թ. ծնված Արտյոմ Ա.-ին, 1996 թ. ծնված Էդուարդ Գ.-ին և1990 թ. ծնված Հարություն Հ.-ին:
Արտյոմ Ա.-ն բացատրություն է տվել, որ նշված հասցեում գտնվող խանութի դիմացի էլեկտրասյան վրա գովազդային թերթիկ փակցնելիս խանութից դուրս է եկել մի երիտասարդ, վիճաբանել իր հետ և բռունցքով հարվածելով իր գլխին` պատճառել մարմնական վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Տոնավաճառի տաղավարներից մեկից պլանշետ էր գողացել

պլանշետՄարտի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում 2 անգամ դատապարտված, 1964 թ. ծնված Վարդան Գ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մալաթիա թաղամասի տոնավաճառի տաղավարներից մեկի սեղանից գողացել է 1983 թ. ծնված Արթուր Ռ.-ին պատկանող պլանշետը:
Կատարվում է հետաքննություն:

Ջահի գողը հայտնաբերվել է

ձերբակալելՄարտի 24-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների փողոցի թիվ 31 տան մոտից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արթուր Ֆ.-ին:
Պարզվել է, որ նա գողացել է Վիլնյուսի փողոցի թիվ 35/10 հասցեում գտնվող առանձնատան մուտքի դռան աջակողմյան պատին ամրացված էլեկտրական ջահը` ավտոմատ անջատիչով:
Կատարվում է հետաքննություն:

Գյումրիում 5 ծառ են ապօրինի հատել

ծառահատումՄարտի 24-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գերցենի փողոցի թիվ 1/Ա տան հարակից հողատարածքում ծառեր են հատել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է հատված 5 ծառ:
Ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ժամը 20.30-ին նշված հասցեից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Սամվել Տ.-ն:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

8 քաղաքացիներ կամավոր զենք-զինամթերք են հանձնել

զենք-զինամթերքՈստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 17.00-ին, 1984 թ. ծնված Լևոն Վ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 91 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Մարտի 24-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Անահիտ Հ.-ն և կամովոր հանձնել տարբեր տրամաչափի 36 փամփուշտ, նռնակ` առանց պայթուցիչի և փամփուշտատուփ:
Նշված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 10.30-ին, 1946 թ. ծնված Հովհաննես Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 13.35-ին, 1951 թ. ծնված Վոլոդյա Վ.-ն կամովոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 14.30-ին, 1960 թ. ծնված Արամայիս Խ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 90 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի և նռնակի 2 պայթուցիչներ` կոռոզիայի ենթարկված վիճակում:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 16.00-ին, 1969 թ. ծնված Արթուր Խ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի նռնակներ` առանց պայթուցիչների, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 12, 5.45 մմ տրամաչափի` 11, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 79 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 20.50-ին, 1965 թ. ծնված Մարիետա Ե.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 39 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 24-ին, ժամը 14.30-ին, 1967 թ. ծնված Մնացական Վ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 104 փամփուշտ և ծխարձակիչ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Բեռնասայլակի գողին բերման են ենթարկել

ձերբակալությունՄարտի 23-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 9-րդ զանգվածի Այգեգործների փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Ալբերտ Հ.-ին:
Պարզվել է, որ նա Այգեգործների փողոցի թիվ 21 տան բակից գողացել է 1976 թ. ծնված Արթուր Վ.-ի բեռնասայլակը:
Կատարվում է հետաքննություն:

Նոր Նորք վարչական շրջանում կբարեկարգվի հերթական զբոսայգին

012014թ. ընթացքում մայրաքաղաքի բարեկարգ այգիների շարքը կհամալրի նաև Գայի պողոտայի և Ջրաշխարհի հարևանությամբ գտնվող զբոսայգին: Դեռևս 2013թ. հոկտեմբերին Երևան քաղաքի ավագանին հավանություն էր տվել ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանի առաջարկությանը՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող  զբոսայգու 5.637  հա մակերեսով հատվածը բարեկարգելու և կանաչապատելու վերաբերյալ: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում այգում նախատեսվում է կառուցել ամֆիթատրոն, կանաչ լաբիրինթոս ու գեղեցիկ զբոսուղիներ: Կմաքրվեն և կվերանորոգվեն նաև այգում տեղակայված հուշարձաններն ու արդեն գոյություն ունեցող կառուցվածքները: Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի լիարժեք հանգստի կազմակերպման համար զբոսայգում կտեղադրվեն թեթև կոնստրուկցիաներով զրուցարաններ, կկահավորվեն մանկական խաղահրապարակներ, թենիսի հարթակ, ինչպես նաև շատրվան և ցայտաղբյուրներ: Վերակառուցված այգին հարմարեցված կլինի նաև հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար: Նախագիծը կյանքի կոչելու համար այգում ոչ միայն ծառեր չեն հատվելու, այլև նախատեսվում են լրացուցիչ ծառատունկ և կանաչապատման աշխատանքներ: Զբոսայգու մշակվող բարեկարգման և կանաչապատման նախագծանախահաշվային փաստաթղթերն, ի դեպ, պատրաստվում են Ճարտարապետաշինարարական համալսարանի կողմից՝ որպես նվեր համայնքին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներումՄարտի 25-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան-Եղեգնաձոր (Մ-2) ավտոճանապարհի 94-րդ կմ-ի մոտ գտնվող «Մոխրոտ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 18 հա, Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին` մոտ 4 հա, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում՝ մոտ 4 հա խոտածածկ տարածք և մասամբ 300 ծառ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կորյունի փողոցի սկզբնամասում` մոտ 5000 քմ, Կենտրոն թաղամասի թիվ 76 շենքի մոտակայքում` 7000 քմ խոտածածկույթ և 5 ծառ, Չարենցավան քաղաքի Նելտոնյան փողոցի «Ձուլակենտրոն» գործարանի տարածքում` մոտ 1 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում` մոտ 1500 քմ, Վայոց ձորի մարզի Թոռ գյուղի «Լվիս» կոչվող հանդամասում` մոտ 19 հա, Մալիշկա գյուղի շուկայի մոտակայքում` մոտ 1000 քմ, Գնիշիկ և Խաչիկ գյուղերի միջև ընկած «Թիադարա» կոչվող հանդամասում` մոտ 50 հա, «Նորավանք» տանող ճանապարհի մոտակայքում՝ մոտ 7000 քմ խոտածածկ տարածք:

Երևանի Կուրղինյան փողոցի մոտակայքում` Դալմայի այգիներում, այրվել է մոտ 1000 քմ բուսածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Անկախ

Դիլիջանում կմեկնարկի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» ինտելեկտուալ խաղի միջազգային մրցաշարը

գավաթ«Դիլիջանյան խաղեր» միջազգային ինտելեկտուալ փառատոնի շրջանակում մարտի 28-30-ը Դիլիջանում տեղի է ունենալու «Ինչ, որտեղ, երբ» խաղի «Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014» միջազգային մրցաշարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն թիմերը:

Ինտելեկտուալ խաղի ամենամյա այս մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կողմից:

Անկախ

Մարդատար տաքսի մեքենաների անվճար կայանատեղերի թիվը կհասնի 75-ի

տաքսիներԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչության պետը Անկախին տեղեկացրեց, որ հաշվի առնելով մարդատար տաքսի մեքենաների պահանջարկի  ու տաքսի ծառայությունների թվաքանակի աճը, ինչպես նաև  «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության խնդրանքը Երևանի քաղաքապետարանին նոր կայանատեղեր կահավորելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որում ընգրկվել են  քաղաքապետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» միության նախագահը: Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը հանձնաժողովի ամփոփիչ նիստին նշել է, որ վարչական շրջաններն իրենց հերթին ներկայացրել են  նոր կայանատեղերի կազմակերպման առաջարկներ: Համատեղ ուսումնասիրությունների արդյունքում նախնական հայտով ներկայացված  90 կայանատեղերից   հանձնախմբի վերլուծությունների արդյունքում, ըստ  նպատակահարմարության,  ընտրվել  է  35-ը, ինչը հաստատվել է Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ: Կայանատեղերի  կահավորման աշխատանքները քաղաքի առանձին հատվածներում ավարտվել են, մյուսներում մեկնարկային փուլում են: «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը վարորդների անունից շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` խնդրին ականջալուր լինելու և օպերատիվ արձագանքելու համար: Այսպիսով, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընդհանուր առմամբ կգործեն մարդատար տաքսի ավտոմեքենաների թվով 75 կայանատեղեր:

 

 Անկախ

որոնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Վրեժ Վաղինակի Խաչատրյանը

Վրեժ Վաղինակի ԽաչատրյանՈստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը, որը ս/թ. մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում, դուրս է եկել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության 13 նրբանցքի 3-րդ տնից իր՝ Հաղթանակի փողոցի 6 տուն գնալու նպատակով, և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:
Հագին եղել է կապույտ կտորից բաճկոն, բրդյա սև վերնազգեստ, շագանակագույն անդրավարտիք, ձմեռային շագանակագույն կոշիկներ, կրում է սև կտորից գլխարկ՝ կեպի։
Արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165 սմ, նիհար կազմվածքով, ալեխառն մազերով, ներքին ատամնաշարերր՝ պրոթեզ։
Հիվանդության պատճառով խոսում է կցկտուր, իր մասին տեղեկություն չի կարող հայտնել, տառապում է «սկլերոզ» հիվանդությամբ։
Վրեժ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել հետևյալ հեոախոսահամարներով՝ կոդ՝/ 010/ 59 06 14, կոդ /0222/ 2 22 02, 2 11 07, 102։

Անկախ