Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունումՄարտի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան զինվորականեր:

Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում միայն կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Խորհրդակցության ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը: Նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում մեծ ուշադրություն է դարձվել սպայակազմի մարտական պատրաստության մակարդակի բարձրացմանը, Տ. Խաչատրյանն անդրադարձավ անցկացված պլանային և անակնկալ ստուգայցերի արդյունքներին, համաբանակային, մարտական և զորահավաքային պատրաստականության միջոցառումներին: Ներկայացվեցին ԶՈւ սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը, զորքերի ծրագրականոնադրային ապահովման գործընթացը, արձանագրված թերություններն ու դրանց շտկման համար առաջարկվող լուծումները։

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանն իր զեկույցում փաստեց, որ 2013 թվականին անցկացված ստուգումներն ու զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի հրթիռահրետանային ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առաջադրված խնդիրները: Զեկույցում ընդգծվեց, որ ենթակա անձնակազմի մարտավարական-մասնագիտական մակարդակի բարձրացման և լավագույններին խրախուսելու նպատակով հաշվետու ժամանակահատվածում առաջին անգամ զինված ուժերում անցկացվել է «Լավագույն ականանետային դասակ» մրցույթը։

Խորհրդակցության ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի վարչության պետ, գնդապետ Կ. Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Ս. Արզումանյանը, ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման  վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանը, ովքեր ներկայացրեցին ենթակա կառույցների կողմից իրականացված աշխատանքները, դրանց բարելավմանը միտված մի շարք առաջարկներ և նախաձեռնություններ։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանեց շտկման կարիք ունեցող խնդիրները, նախանշեց առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

 

 

Այս շաբաթ բորսայում 22,05 մլն դոլարի առք և վաճառք է կատարվել

դոլարՄարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,080,001 ԱՄՆ դոլար 414.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 110,247,767 ԱՄՆ դոլար 415.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,747,488 EUR 573.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,173,780 EUR 577.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 630,210,658 ՌԴ ռուբլի 11.30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 125,824,913 ՌԴ ռուբլի 11.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

ԳՆ-ն կոչ է անում պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները

հրդեհ խոտածածկ տարածքումՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին անտառային տարածքներում բռնկված հրդեհների պատճառ են հանդիսանում քաղաքացիների կողմից խոտհարքների, արոտավայրերի և ցանքատարածքների չոր խոտածածկույթի նպատակային հրկիզումները:

Հրդեհների մարման ուղղությամբ անտառպահախմբի և փրկարար ծառայությունների աշխատակիցների ներդրած ջանքերով շատ դեպքերում անհնար է լինում կանխել հրդեհների տարածումը դեպի անտառային տարածքներ և արդյունքում անտառը կրում է մեծ վնասներ:

Անհրաժեշտ ենք համարում նաև տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությունը խիստ պատասխանատվություն է սահմանել նման բնապահպանական օրինախախտումների համար, իսկ անտառին հասցված վնասի փոխհատուցման ուղղությամբ օրենքով նախատեսված են բարձր տուգանքներ:

Ելնելով ստեղծված իրավիճակից, դիմում ենք անտառամերձ համայնքների բնակչությանը՝ խստագույնս պահպանել անտառներում և անտառամերձ տարածքներում հակահրդեհային կանոնները և զերծ մնալ չոր խոտածածկույթների հրկիզման հակաօրինական գործողություններից:

Անտառային հրդեհների յուրաքանչյուր դեպքի մեղավորների բացահայտմանը հետամուտ են լինելու պատկան մարմինները և բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքի ողջ խստությամբ:

Գյումրիի աղբանոցում տեղի ունեցած պայթյունից քաղաքացի է տուժել

շտապ-օգնությունՄարտի 20-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ալբերտ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրիի քաղաքային աղբանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (այնտեղ էր գնացել ապակյա տարաներ հավաքելու):
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Նշանակում դատական դեպարտամենտում

Ռուստամ ՄախմուդյանՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեպարտամենի կայքէջից:

Ռուստամ Մախմուդյանը ծնվել է 1982թ. Օգոստոսի 20-ին

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
2002-2003թթ. ԵՊՀ իրավաբանական կլինիկա` ավագ իրավախորհրդատու
2003-2004թթ. ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժին (ստաժոր)
2004-2005թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի մասնագետ
2005-2009թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ
2009-2009թթ. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական
2009-2012թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական
2005-2012թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս (ասիստենտ)
2006թ.-մինչ օրս Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս` դասավանդում է ՀՀ վարչական իրավունք, վարչական վարույթ և հարկային վարչարարություն առարկաները
2008-2013թթ. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման բաժնի դասախոս
2009-2012թթ. Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2010-2012թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ
2012թ.-մինչ օրս ՀՀ փաստաբանական դպրոցում որպես դասախոս
2013-2014թթ. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական, շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան

ԿՐԹՈւԹՅՈւՆԸ
1988-1999թթ. Ալագյազի Ստ. Շահումյանի անվ. միջն.դպրոց (արծաթե մեդալ)
1999-2003թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (բակալավրիատ)
2003–2005թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
2005–2008թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2008թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Հեղինակ է 2 մենագրության և տասնյակ հրապարակված գիտական հոդվածների:

ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ:
2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ:

Նախորդ օրվա ընթացքում 6 ՃՏՊ է գրանցվել, 1 մարդ զոհվել է

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության` 5, մաքսանենգության 1 և խուլիգանության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակ1ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ մարտի 22-26-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

եղանակ2Երևանում մարտի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է Արագածոտնի բնակիչներին հայտնել ՀԷԿ-ի շինաշխատանքների դադարեցման մասին

mhm86308-copyՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Կարբի և Օհանավան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրել է, որ ՀՀ Արագածոտնի մարզում Արզնի-Շամիրամ արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինաշխատանքները կկասեցվեն: Արագածոտնի մարզպետը գյուղացիներին տեղեկացրել է, որ Կառավարությունը խրախուսելու է համայնքային զարգացման միայն այն ծրագրերը, որոնք գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում խոչընդոտներ չեն ստեղծում, ուստի, հաշվի առնելով ծրագրի արդյունավետության վերաբերյալ բնակիչների մտահոգությունները, որոշվել է կասեցնել արագահոս դոտացիոն ջրատարի վրա շինարարական աշխատանքները»,- ասել է Արագածոտնի մարզպետը:

Հիշեցնենք,որ «Գահա էներջի» ընկերությունը Արագածոտնի մարզի Արզնի-Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա նախատեսում է կառուցել «Շամիրամ-1» փոքր ՀԷԿ-ը: Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ վստահ են, որ ոչ թե ջրանցքն է վերակառուցվում, այլ ՓՀԷԿ է կառուցվում, ինչի արդյունքում իրենք ջուր չեն ունենա հողագործությամբ զբաղվելու համար: Մարտի 19-ին Արագածոտնի 7 համայնքների գյուղացիները փակել էին Ապարան-Երևան ավտոճանապարհը` պահանջելով դադարեցնել շինարարությունը: Բնակիչների հետ բանակցելու էր եկել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Նույն աղբյուրի համաձայն` հանդիպման արդյունքները ներկայացվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչից հետո նախագահի հանձնարարել է բնակիչներին հայտնել շինաշխատանքների դադարեցման մասին:

Միաժամանակ ՀՀ Նախագահը փոխվարչապետին հանձնարարել է համապատասխան աշխատանքներ իրականացնել տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ` ոռոգման համակարգին առնչվող մտահոգությունները քննարկելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար:

Ապարանի ջրամբարի ջրային ռեսուրսների կառավարման ընթացակարգերն ուսումնասիրելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար կստեղծվի հանձնաժողով:

 Անկախ

Բարելավվում են սոցիալական ոլորտի օրենսդրական կարգավորումները

կառավարությունՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության անդամները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է սոցիալական հարցերի ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Առաջարկվել է հանել մասնագիտական ստաժի հաշվառման պարտադիր լինելը, քանի որ այն առաջացնում է քաղաքացիների՝ իրենց իրավունքներից օգտվելու անհավասար պայմաններ: Արդյունքում՝ բոլոր քաղաքացիներն անկախ իրենց ստաժը հաշվառած լինելու հանգամանքից՝ կարող են օգտվել նշված արտոնությունից:
Առաջարկվել է նաև աշխատանքային ստաժը հաստատող վճարման կամ այլ փաստաթղթերի բացակայության դեպքում պահանջվող տեղեկատվության ստացման պարտականությունը դնել լիազոր մարմնի վրա: Սահմանվել են կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի իրավունքը, վճարումը վերակագնելու և կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձևերը, ինչպես նաև կրճատվել մի շարք բիզնես գործընթացների քայլեր և ժամկետներ:
Առաջարկվել է երեխաների հերթական թիվը որոշել ըստ երեխայի մոր ծննդաբերած երեխաների թվի՝ ընտանեկան զույգի խնամքի տակ գտնվող երեխաների թվի փոխարեն: Ներկայացված առաջարկներն ընդունվել են խորհրդի կողմից և համաձայն ընթացակարգի կներկայացվեն ՀՀ կառավարություն և Ազգային ժողով:
Առաջարկություններն անելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի, Հորդանանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի փորձը: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից ներկայացված առաջարկություններն ընդունելու արդյունքում ձեռնարկատիրության ոլորտում բիզնես գործընթացների ծախսերը կնվազեն 61.8 տոկոսով՝ 1.2մլրդ դրամով:
Անկախ

Ընթացքի մեջ են ծառերի էտման աշխատանքները

ծառերի էտ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքները:

Էտման աշխատանքներ  են իրականացվում ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում և բակային տարածքներում:

Կախված ծառի տեսակից, կատարվում է ագրոպահանջներին համապատասխան էտ՝ ապահովելով ծառերի  բնականոն աճը: Էտի շրջանակում որոշ ծառեր նաև գեղարվեստական ձևավորում են ստանում:

Էտին զուգահեռ կազմակերպվում է նաև ճյուղերի  տեսակավորում և  տեղափոխում: Մարտից մեկնարկած աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը:

Անկախ

ՙՙԺառանգության՚՚ առաջնորդը չի կարծում, որ ժողովուրդը դադարել է վստահել իրեն

Րաֆֆի ՀովհաննիսյանՙՙԺառանգություն՚՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկնաբանելով չորս խորհրդարանական ուժերի համագործակցությունը, նշեց, որ խորհրդարանական չորս ուժերը շարունակում են կառուցողական համագործակցությունը, նրանց կողմից առաջ քաշվող օրինագծերը քննարկվում են որոշակի զսպվածության ու արդյունավետության մթնոլորտում:

ՙՙՄինչեւ հիմա առաջնորդների հանդիպում տեղի չի ունեցել: Այդ հանդիպումը հարկավոր է, որպեսզի հաղթահարվեն որոշ տարաձայնություններ և, վերջապես, ասվի, որ համագործակցության ձևաչափը դուրս է եկել խորհրդարանի սահմաններից՚՚՚,,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով` այն քաղաքական ուժերը, որոնք 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծ են համարում, պետք է խոստովանեն երկրում իշխանափոխության անխուսափելիությունը: Այս պահին նման պայմանավորվածության առայժմ չեն եկել: ՙՙԺառանգությունը՚՚ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը դեմ չէ, սակայն իշխանափոխություն է պահանջում՝ սկսած Սերժ Սարգսյանից:

Անդրադառնալով ժողովրդի` իր հանդեպ ունեցած անվստահությանը` «Ժառանգության» առաջնորդը նկատեց, որ չի կարծում, թե Հայաստանի ժողովուրդը հիասթափված է իրենից, պարզապես ոմանք նախընտրում են չարախոսել՝ հիշելով 2013-ի ապրիլի 9-ի դեպքերը:

«Չեմ կարծում, որ ժողովուրդը դադարել է վստահել ինձ: Ինձ համար այս կամ այն քաղաքագետի ասածը ցուցանիշ չէ: Ես 20 տարի է քաղաքականության մեջ եմ, ես քաղաքական գործիչ եմ, որին մարդիկ չեն դադարում վստահել»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անկախ

«Վաղը «Մայդան» չենք ունենալու, բոլոր նրանք, ովքեր «Մայդան» են սպասում, կհիասթափվեն». «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնություն

դեմ եմ«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին, որ վաղվա հավաք-երքի ժամանակ ելույթ կունենան նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Հավաք-երթին կմասնակցեն նաև ոչ իշխանական չորս խմբակցությունները, որոնցից մեկական անդամ հանդես կգա ելույթով։

«Մարտի 22-ին հնարավորինս մեծ կոնսոլիդացիա է տեղի ունենալու, քանի որ նույն հարթակի վրա են հավաքվելու հանրության լայն շերտերը։ Հանրային դեմք էլ է ելույթ ունենալու, հավանաբար, դերասան Աշոտ Ադամյանը»,- ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը։

Նրա խոսքով` եթե Սահմանադրական դատարանը «կուտակայինի» մասին օրենքը սահմանադրական ճանաչի, կնշանակի` սպառվել են ինստիտուցիոնալ հարթակով հարցը լուծելու ճանապարհները։

«Մեզ մնալու է փողոցային պայքարի ճանապարհը։ Ինչ էլ անենք, անելու ենք օրենքի շրջանակներում։ Հնարավոր է, որ բոլորս մեր գումարները կանխիկացնենք բանկերից»,-ասաց Դավիթ Մանուկյանը։

Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանն էլ անդրադառնալով վարչապետի արած համագործակցության առաջարկին` նշեց, որ իրենք չեն պատրաստվում այս ընթացքում զիջումների գնալ: «Եթե անգամ դա փայլուն օրենք է, բայց հանրության կողմից չի ընդունվում, հաջողությամբ չի պսակվի։ Այնպես որ, քննարկումների գնալ չենք պատրաստվում»,- ասաց նա։

Հարցին` ինչո՞ւ են հենց Ժիրայր Սեֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը հրավիրված հավաքին, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Ժիրայր Սեֆիլյանը մարմնավորում է պայքարի մարտիկին, բացի այդ, նա այս շարժման ընթացքում մեզ ամեն ինչով աջակցել է։ Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ հռետոր է, և օրենքի վերաբերյալ ևս ասելիք ունի»։
Այն դիտարկմանը, թե հավաքին քաղաքական դեմքերի մասնակցությունը շարժման քաղաքականացման մասին չի խոսում, նախաձեռնության ներկայացուցիչները այսպես արձագանքեցին. «Մեզ ընդհանրապես չի մտահոգում, թե ինչ են խոսում, քաղաքականացվա՞ծ է շարժումը, թե՝ ոչ, մեզ համար կարևորն այն է, որ հարթակից հնչեն տարբեր մարդկանց կարծիքներ նույն մտահոգիչ հարցի շուրջ։ Վաղը «Մայդան» չենք ունենալու, բոլոր նրանք, ովքեր «Մայդան» են սպասում, կհիասթափվեն»,-ասաց Դավիթ Մանուկյանը՝ ընդգծելով, որ «Մայդան» ունենալ չեն ցանկանում, քանի որ իրենք պայքարում են կոնկրետ օրենքի դեմ, և իրենց քայլերով արդեն ցույց են տվել, որ «Մայդանի« ճանապարհով չեն էլ ուզում գնալ:

Անկախ

Քաղաքացին որսորդական հրացան է հանձնել

հրացանՈստիկանության ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 19-ին, ժամը 16.55-ին, 1961 թ. ծնված Սիմոն Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Գարնանային մաքրման աշխատանքներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

001Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում շաբաթվա բոլոր օրերը հայտարարված են սանմաքրման օրեր: Քաղաքապետարան, վարչական շրջան, համատիրություն համատեղ աշխատանքի արդյունքում մաքրվում են բակերը, ճանապարհների երթևեկելի գոտու հարակից տարածքներն ու կանաչ գոտիները: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթացող գարնանային մաքրման աշխատանքների շրջանակում մաքրվում են նաև այն վայրերը, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են  աղբավայրերի։ Սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցներին որոշ տեղերում միանում են նաև բնակիչներն ու սիրով մասնակցում մաքուր Երևան ունենալուն ուղղված քաղաքապետի նախաձեռնությանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Գագարինում գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

ձերբակալելՈստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` մարտի 19-ին, ժամը 16.20-ին, Գագարին քաղաքի Կոմիտասի փողոցի 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Վահե Խ.-ն, որը մարտի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

«Մենք բոլորս ենք պատասխանատու ջրային ռեսուրսների կառավարման անվերահսկելի վիճակի համար». Վոլոդյա Նարիմանյան

նարիմանյանՀայաստանն օգտագործում է ջրային ռեսուրսների կառավարման նույն համակարգը, ինչ Ֆրանսիան: 1980-ական թվականներին Ֆրանսիայի հարավային հատվածների ջրային ռեսուրսների հետ նույն խնդիրն առաջացավ, ինչ Արարատյան դաշտավայրում: Բայց մի քանի տարվա աշխատանքներից հետո Ֆրանսիայի հարավը եկավ ջրային ռեսուրսների բնականոն հաշվեկշռին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրների անկառավարելի վիճակից` ասաց ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը:

Նա ընդգծեց, որ այսօր բավական լուրջ աշխատանքներ են տարվում Արարատյան դաշտավայրում ապօրինի ջրօգտագործման կանխման, ապօրինի խորքային հորերի փակման կամ լուծարման ուղղությամբ: Միայն Արարատի մարզում հաշվառվել են 599 խորքային հորեր, որոնք համայնքային պատկանելության են, և որոնցից  միայն 14-ն է ձևակերպել ջրօգտագործման թույլտվություն:

Վոլոդյա Նարիմանյանի խոսքով`խորքային հորերը մեզ ժագանգություն են մնացել Խորհրդային Միությունից: Ներկայումս Արմավիրի մարզում շարունակվում են խորքային հորերի հաշվառման աշխատանքները, որպեսզի պարզվի` ո՞ր հորերն են տրվելու համայնքային օգտագործման համար, որո՞նք ենք լուծարվելու, որո՞նք են տրվելու ոռոգման համար: Այսօր արդեն իսկ ջրօգտագործողների հաշվին լուծարվել է 70 խորքային հոր:

«Մենք բոլորս ենք պատասխանատու ջրային ռեսուրսների կառավարման անվերահսկելի վիճակի համար: Անսխալական կառավարում չի լինում: Որպեսզի գնահատենք ջրային ռեսուրսների վիճակը, պետք է անցկացնենք հիդրոերկրաբանական հետազոտություն, որը թանկ հաճույք է, արժե 257 մլն դրամ: 2007-ին մենք դիմեցինք կառավարությանը` հետազոտության համար գումար հատկացնելու նպատակով: Ցավոք, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով չկարողացանք այդ ֆինանսավորումը ստանալ: Ապա դիմեցինք ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը: Վերջինիս  տրամադրած ֆինանսական միջոցներով էլ կատարվել է միայն փաստաթղթային ուսումնասիրություն»,- ասաց  Նարիմանյանը:

«Այսօրվա դրությամբ ջրային ռեսուրսների բավական կայուն զարգացած համակարգ կա». Ջրային պետական կոմիտե

SONY DSCՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կոմից 1999 թվականի մարտի 22-ը հռչակվել է Ջրի համաշխարհային օր, որի նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռել ջրային ռեսուրսների խնդիրներին: Երկիր մոլորակի 75 տոկոսը ծածկված է ջրով, որի միայն 3 տոկոսն է քաղցարահամ և միայն 2 տոկոսն է, որ մարդկանց հասանելի է: Տարեկան շրջանառությամբ երկրի մակերևույթ է դուրս գալիս 44 հազար խ/կմ  քաղցրահամ ջուր, Հայաստանի բաժինը կազմում է  46 խ/կմ   կամ 46 մլրդ խմ: 46 մլրդ խմ-ից 9.2 մլն խմ-ն վերականգնվող ջրային ռեսուրսներն են, որոնք հնարավոր է հատկացնել օգտագործման, 1.5  մլրդ խմ-ն գնում է բարդ ռազմավարական ջրային պաշարներին և 35 մլրդ խմ-ն ջրի ազգային պաշարներին:

Տարածքային կառավարման նախարարության Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այսօրվա դրությամբ ջրային ռեսուրսների բավական կայուն զարգացած համակարգ կա:

2002-ին ընդունվեց ջրային օրենսգիրքը, որը հիմք դրվեց ոլորտի բարեփոխումներին: Ստեղծվեցին ոլորտը համակարգող հիմնական կառույցները` Ջրային ռեսուրսների պետական կոմիտեն և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը:

«Ներկայումս շուրջ 91 % ջրաչափության համակարգ կա, խմելու ջրի ոլորտում 3800 կմ ջրագիծ է կառուցվել, ոռոգման ոլորտում` 900 կմ: Մեծ ուշադրություն է դարձվում նաև բնապահպանական խնդիրներին: Կոյուղու համակարգեր են կառուցվել Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, կառուցվել են 52 կմ կոյուղացանցեր: Առաջին անգամ ջրամբար է վերականգնվել, խոսքը Մարմարիկի ջրամբարի մասին է: Առաջիկայում մենք պետք է կարողանանք մեր ջրային ռեսուրսներն ամբարել: Նախատեսվում է չորս ջրամբարաշինական աշխատանքերի կառուցում, խոսքը Եղվարդի, Կապսի, Վեդիի և Սելավ-Մաստարա ջրամբարների մասին է»,- ասաց Մհեր Մկրտումյանը` հավելելով, որ առաջիկա ծրագրերն ուղղված են ջրամբարաշինական աշխատանքներին, շարունակվում են մեր բնական ջրամբարում` Սևանում, ջրի կուտակման աշխատանքները: Ծրագրով նախատեսվում է 8.8 մլրդ խմ ջուր կուտակել: Այսօր արդեն իսկ 5.5 մլն խմ կուտակվել է:

Առաջիկա 17 տարիների ընթացում 3.3 մլրդ խմ կուտակելու արդյունքում մենք կհասնենք ծրագրով նախանշված նպատակին»,- եզրափակեց Մհեր Մկրտումյանը:

Մեր երկրի տնտեսական քաղաքականությունը կարկատանային է. Արմեն Պողոսյան

Արմեն ՊողոսյանՀայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպումը նվիրեց ջրի սակագնի՝ յոթ դրամով հնարավոր թանկացմանը: Ըստ նրա՝ թանկացման հնարավոր հիմնավորումներ կան, սակայն դրանք բավարար չեն, իրականում մեզ մոտ ավանդույթ է դարձել գին վերանայելը և, հիմնականում, դեպի թանկացում:

«Հասարակական կառույցների հետ այս խնդրի շուրջ պիտի մի քանի պետական մարմիններ աշխատեն: Այս պահին իրենք պետք է նստած լինեին այստեղ, որ երկխոսություն կայանար: Մի կողմի խոսելն արդյունավետ չի կարող լինել: Բոլորս գիտենք, որ թանկացման հայտն արդեն ներկայացված է հանրային ոլորտը կարգավորող հանձնաժողովին: Ես մեր կողմում էլ եմ բազմաթիվ թերություններ տեսնում: Հասարկության մեջ ընդվզում չկա: Մեր երկրի տնտեսական քաղաքականությունը կարկատանային է: ժամանակին կնքվել է պայմանգիր, ըստ որի, հինգ տարի ջրի սակագինը պետք է բարձրանար, իսկ հետո պետք է սկսեր իջնել, այժմ կրկին առաջարկում են բարձրացնել սակագինը: Երևան Ջուրը խնդիրը սղաճի մեջ է տեսնում և հայտարարում է, թե պայմանագրի կետ չի խախտել: Նիստից առաջ մեզ հրավիրել է քննարկման, բայց դա քիչ է, պետք է լինի քննարկումների շարք», – ասաց Արմեն Պողոսյանը և հավալեց, որ իր կառույցն իր կողմից ամեն ինչ կանի, կպայքարի, որ սակագինը չբարձրանա:

Բարեգործական ակցիա՝ դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար

կարեն մկրտչյանԵրկուշաբթի՝ մարտի 24-ին, ժամը 13.00, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ցուցասրահում (Իսահակյան 36) կբացվի ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Կարեն Մկրտչյանի բուժման համար։ Ցուցադրված կլինեն բուհի ուսանողների, դասախոսների աշխատանքները։ Միջոցառման ժամանակ ցանկացողները կարող են նաև հանգանակություն կատարել:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 27-ը։

Բարեգործական ակցիան կազմակերպվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն