Հուշատախտակի բացման արարողություն Թբիլիսիում

97. Memorial opening ceremony in Tbilisi 14.03.2014Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. Մեծ է Րաֆֆու ավանդը հայ գրականության մեջ, դեռ դպրոցական տարիներից մեզանից յուրաքանչյուրը հիշում է ազգային-հայրենասիրական գաղափարներով տոգորված և անհատի քաղաքացիական պարտքի գաղափարն առաջ քաշող նրա ստեղծագործությունները՝ Սամվելը, Խաչագողի հիշատակարանը, Խենթը և այլն: Խորը և համակողմանիորեն ըմբռնելով ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները՝ Րաֆֆին կերտել է հերոսների այնպիսի կերպարներ, որոնք ոգեշնչող օրինակներ են դարձել հայ երիտասարդության բազում սերունդների համար: Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու կերպարներին տալիս են հասարակական լայն արձագանք՝  գրողին բերելով հռչակ ոչ միայն հայրենիքում, այլ նաև Վրաստանում, ուր երկար տարիներ բնակվել է մեծ բանաստեղծը:

Դեսպան Մանուկյանը կարևորեց Րաֆֆու հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում և իր գոհունակությունը հայտնեց վրաց իշխանություններին, և մասնավորապես Թբիլիսիի քաղաքային իշխանություններին՝ նման նախաձեռնություններին աջակցություն տրամադրելու փաստի կապակցությամբ:

Բարձր գնահատանքի խոսքով հանդես եկան Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Մամուկա Քացարավան, Վրաստանի գրողների միության նախագահ Մակվալա Գոնաշվիլին, Թբիլիսիի հայերի միություն կազմակերպության ղեկավար Միքայել Թադևոսովը և գրող-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին, Վրաստանի ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ներկայացուցիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, Վրաստան թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը, վրացի և հայ մշակութային ու հասարակական գործիչներ:

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

ավտովթարՄարտի 13-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Մալաթիայի փողոցի թիվ 86 հասցեի դիմաց անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1927 թ. ծնված Ռաֆիկ Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.30-ին, ոստիկանություն է ներկայացել 1984 թ. ծնված Ոսկան Ո.-ն և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Մարտի 13-ին, ժամը 03.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Չարենցի փողոցի թիվ 113 շենքի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 06.30-ին, բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 09.30-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հովսեփյան փողոցում գտնվող շինկազմակերպության տարածքում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Անդրանիկ Ս.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 06.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 82 շենքի մոտ բախվել է մեկ այլ «Մերսեդես-Բենց»-ի, ինչի հետևանքով երկու վարորդները և առաջին ավտոմեքենայի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մարտի 13-ին, ժամը 15.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և երկրորդ ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Վոլգոգրադի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով

ձերբակալվել էՄարտի 14-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Կամո Ա.-ին, որը 2013 թ. հունիսի 5-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ փաստաթղթերի ձեռք բերելու մեղադրանքով:

 

Սուտ մատնության համար հետախուզվող կնոջը բերման են ենթարկել օդանավակայանից

ձերբակալելՄարտի 14-ին, ժամը 02.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1982 թ. ծնված Հեղինե Վ.-ին, որը 2013 թ. օգոստոսի 28-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:

 

«Վեստա» խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ» ընկերությունն անբարեխիղճ մրցակցության համար տուգանվել 15 մլն դրամի չափով

վեստաԱյս  կամ այն հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչ հանդիսանալու մասին հայտարարությունները միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը:

Հատկապես կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում ընկերությունները գովազդում են, որ իրենք հանդիսանում են որևէ հայտնի բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն  է իրականացրել այս ոլորտում և պարզել, որ նման հայտարարությունները հաճախ անհիմն են: Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ի դիտակետում է հայտնվել կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» խանութը: Վերջինս գովազդում է, որ հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Մասթըրքուք», «Զելմեր», «Արդո», «Ֆուջիթսու», «Ֆիշեր», «Ֆագոր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված նաև «Վեստայի» վաճառակետերում:

ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել վերոնշյալը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Վեստա»  խանութները ներկայացնող «Փրիթի Ուեյ»  ընկերությունը Հանձնաժողովին է ներկայացրել միայն մի քանի ընկերությունների կողմից տրված սերտիֆիկատներ: Սակայն ուսումնասիրությունից պարզվել է, որ  այս   սերտիֆիկատները կարող են վկայել միայն գործընկեր կազմակերպությունների միջև առկա որոշակի առևտրային հարաբերությունների մասին, սակայն չեն կարող հաստատել «պաշտոնական ներկայացուցիչ»  լինելու հանգամանքը:

Հանձնաժողովը այս  և այլ փաստերի հիման վրա ևս հաստատված է համարում այն հանգամանքը, որ նման կերպ «Վեստա» խանութը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը լինելու հանգամանքը այս դեպքում դիտվում է որպես հասարակության մոլորեցում:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ տնտեսվարողները պարտավոր են իրացվող ապրանքի վերաբերյալ սպառողին տրամադրել հավաստի և ամբողջական տեղեկատվություն:

Օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար հանձնաժողովը որոշեց ընկերությանը տուգանել 15 մլն դրամի չափով և հանձնարարել անհապաղ վերացնել խախտումները:

 

«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները նախազգուշացում են ստացել ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար

Արտակ ՇաբոյանԲազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:

Պարզվել է, որ ընկերությունները ինտերնետ ծառայությունների ոլորտում անբարեխիղճ մրցակցություն են դրսևորել: Մասնավորապես, վերոնշյալ ընկերություններն  իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:

ՏՄՊՊՀ դիտարկմամբ` կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում: Այսինքն, մոդեմը ձեռք բերելիս՝ քաղաքացիները տեղեկացված չեն այս պայմանների մասին: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է:  Արդյունքում  վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ  իրենց կողմից որևէ  ծառայություն չի մատուցվել: Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ ընկերությունների այս գործելաոճն անարդար է, քանի որ քաղաքացիները չեն ստանում ինտերնետ ծառայություն և ստիպված են դրա համար վճարել: Բացի այդ, դա հակաօրինական է:

«Համաձայն  էլոկտրոնային հաղորդակցության մասին օրենսդրության պահանջների` երբ ինտերնետային ծառայությունները կասեցվում են, ապա պետք է կասեցվի նաև վճարների հաշվարկումը: Այս հարցը մենք քննարկել ենք երեք խոշոր օպերատորների հետ: Որոշակի պատճառաբանություններ ներկայացվել են, սակայն մեր կարծիքով` դրանք հիմնավոր չեն: Հաշվի առնելով, որ խնդիրն առաջին անգամ է բարձրաձայնվում, համընդհանուր բնույթ է կրում, խնդիրը առավելապես վերաբերվում է քաղաքացիների և ընկերությունների միջև պայմանագրային հարաբերություններին, հանձնաժողովը որոշեց այս անգամ խստորեն զգուշացնել այս ընկերություններին և հանձնարարել փոխել նման գործելաոճը»,- ասաց Արտակ Շաբոյանը:

 

Աղետի գոտու բնակարանաշինության վերսկսման ժամկետը դեռևս մնում է անհայտ

գյումրի«Շիրակ կենտրոնը» դեռևս նախորդ ամիս, Գյումրիում ավելի քան մեկ տարի ընդհատված բնակարանաշինության վերսկսման կոնկրետ ժամկետի պարզաբանման խնդրով «Ի վերջո ե՞րբ է վերսկսվելու բնակարանային շինարարությունը Գյումրիում»  խորագրով հրապարակային հարցում էր հղել ՀՀ բարձրագույն իշխանություններին, որում մասնավորապես ասված էր.

«Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար.
դեռևս նախորդ տարի, Ձեր իսկ կողմից տրված խոստումների համաձայն, Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքների համար պետք է կառուցվեր և շահագործվեր ընդամենը 430 բնակարան: Սակայն ինչպես գիտենք, անցյալ տարի այդպես էլ բնակարանային շինարարությունը չվերսկսվեց: Համաձայնե՛ք, որ «դառը ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից»: Ի վերջո, եթե 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից ի վեր աղետյալներին պարբերաբար, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում չտրվեին սին խոստումներ, թե. «երկու տարվա», «հինգ տարվա», «երեք տարվա» ընթացքում կկառուցվեն պահանջվող քանակությամբ բնակարաններն ու կհատկացվեն անօթևան ընտանիքներին, ապա հաստատ նրանցից շատերն իրենց «գլխի ճարը կտեսնեին», կամ գոնե այդ մարդիկ իրենց վագոն-տնակների հարևանությամբ ինչ-որ մի քարե կացարան կկառուցեին:

Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար.
դիմում ենք Ձեզ, ակնկալելով ինչպես մեզ, այնպես էլ հարյուրավոր անօթևան ընտանիքների համար ավելի քան կարևոր՝ Գյումրիում բնակարանաշինության վերսկսման և շահագործման հնարավորինս ճշգրիտ ժամկետների մասին տեղեկատվության հրապարակում»:

«Շիրակ կենտրոնը» ՀՀ քաղշիննախարարությունից ստացել է աղետի գոտու հարյուրավոր ընտանիքներին հուզուղ մեր հարցման պատասխանը: Առաջ անցնելով նշենք, որ այն թեև բավականին ուշագրավ թվային տվյալներ է պարունակում, որում նշված է բնակարանաշինության ծրագրի ավարտման ժամկետը, սակայն չի նշված վերսկսմանը կոնկրետ օրն ու ամիսը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, մենք այն՝ ՀՀ քաղաքաշինության տեղակալ Ա.Կարապետյանի կողմից ստորագրված պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ի պատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին ուղղված Ձեր՝ 2014 թվականի փետրվարի 20-ի հարցման, Գյումրի քաղաքում բնակարանային շինարարության վերսկսման և շահագործման ժամկետների վերաբերյալ հայտնում եմ.

աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում 2009 թվականից մինչև օրս՝

  • կառուցվել և անօթևան ընտանիքներին բաշխվել են 3783 բնակարաններ (բնակելի տներ),
  • 382 ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն,
  • նախատեսվում է կառուցել ևս 1288 բնակարաններ (բնակելի տներ), որոնցից 608-ը՝ լրացուցիչ կառուցվողներ են:

Արդյունքում ծրագրի իրականացմամբ կլուծվեն մոտ 5500 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները:

Նախարարությունը գնահատում է հանձնաժողովի աշխատանքներին Ձեր ակտիվ և գործուն աջակցությունը, ինչպես նաև, առհասարակ, անօթևանների խնդիրներին Ձեր կողմից ցուցաբերած հետևողական մոտեցումը: Մասնակցելով հանձնաժողովի գրեթե բոլոր նիստերին, Դուք քաջատեղյակ եք ծրագրի չափանիշներին, որոնցից ամենակարևորները՝ երկրաշարժի հետևանքով բնակարան կորցնելու, հերթացուցակում սահմանված կարգով հաշվառված լինելու և անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերը ներկայացնելու հանգամանքներն են: Հետևաբար Ձեր նամակում մատնանշած՝ դեռևս անօթևանի կարգավիճակում գտնվող և վերը նշված չափանիշներին չհամապատասխանող ընտանիքների բնակապահովման հարցը չի կարող դիտարկվել այս ծրագրի շրջանակներում:

Ինչպես Ձեզ հայտնի է, ՀՀ կառավարությունն՝ ընդառաջելով քաղաքացիներին, անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2 անգամ երկարաձգել է, ինչի արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել շահառուների ցուցակների ճշգրտման , որն էլ իր հերթին հանգեցրեց շինարարության ժամկետների ձգձգման:

Ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն առաջացավ լրացուցիչ 608 բնակարանի (բնակելի տան) կառուցման, այդ թվում 430 բնակարան Գյումրի քաղաքում:

Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության կողմից 2013 թվականի ապրիլի 4-ի N 263 գրությամբ նախարարություն է ներկայացվել ժամանակացույց, որի համաձայն վերը նշված 430 բնակարանների շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականի տարեվերջին:

Մտահոգ լինելով շինարարության ժամկետների ձգձգման խնդրով՝ դրա կարգավորման նպատակով ներկայումս ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Փորձել են գողանալ ոռոգման ջրի խողովակները

խողովակՄարտի 12-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Քարահունջ գյուղի հարակից տարածքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, 1990 թ. ծնված Արմեն Ղ.-ին, 1992 թ. ծնված Վիտալի Ղ.-ին, 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ին և 1969 թ. ծնված Սամվել Ա.-ին:
Պարզվել է, որ նրանք ապամոնտաժել և փորձել են գողանալ ոռոգման ջրի 200 մմ տրամագծով, 5 մ երկարությամբ 8 խողովակ:
Նյութական վնասը կազմում է 100.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:

Քաղաքացին ոստիկանությանն է հանձնել որսորդական հրացան

հրացանՄարտի 12-ին, ժամը 12.00-ին, 1979 թ. ծնված Ալիկ Տ.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է «MC-2112» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

4 մարդ գազային թունավորմամբ հիվանանոց է տեղափոխվել

շտապ-օգնությունՄարտի 12-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1992 թ. ծնված Վազգեն Մ.-ն, 1941 թ. ծնված Վազգեն Մ.-ն, 1973 թ. ծնված Թագուհի Մ.-ն և 1994 թ. ծնված Դավիթ Մ.-ն: Նրանք հիվանդանոցում հայտնել են, որ թունավորումը ստացել են իրենց բնակարանում` գազի արտահոսքի հետևանքով:
Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

 

Վրաերթ կատարած տաքսու վարորդը հայտնաբերվեց

վրաերթՄարտի 12-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ, աջ կողամատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1954 թ. ծնված Աշոտ Ղ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևանի Արա Գեղեցիկի փողոցում` տաքսի ծառայության վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1958 թ. ծնված Գագիկ Ե.-ն` «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:

Փրկարարները բացել են դուռը և պարզել, որ տանը մնացած երեխաները քնած են

փրկարարՄարտի 14-ին, ժամը 03.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոց­ներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  ՃԿԿ  օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են 1930 թ. ծնված Ս. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

Մարտի 13-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 24 շենքի բնակարաններից մեկում երեխաները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին (8 ամսական և 8 տարեկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. երեխաները ներսում քնած են եղել:

Ինչ են հուշում բանկերն ու նրանց տոկոսադրույքները շարքային քաղաքացիներին

դոլար-դրամՆախորդ շաբաթ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե որոշ բանկերում դրամով ավանդներ ընդունում են մինչև 1 մլն դրամի դեպքում` 12 տոկոս տարեկան տոկոսադրույքի շրջանակներում, իսկ 1 մլն-ից ավելի գումար ավանդ դնելու դեպքում` ավելի բարձր տոկոսադրույքներով: Իսկ արտարժույթով, մասնավորապես` ռուսական ռուբլով ու ԱՄն դոլարով ավանդների համար տոկոսադրույքները դրանից անհամեմատ ավելի ցածր են` 4, 5 կամ 6 տոկոս, նայած բանկի: Սրանից փոքր-ինչ ավելի ցածր տոկոսադրույքներ են սահմանված եվրոյով ավանդների համար:

Հասկանալու համար, թե ինչ է սա կամ ինչ կարող է ցույց տալ, պետք է նախ հասկանանք, թե ինչ է ավանդը, և ինչպես է ազդում տնտեսության վրա: Ավանդները ընտանիքների կամ մարդկանց կողմից խնայված միջոցներն են: Մարդիկ իրենց վաստակած եկամտի մի մասը չեն ծախսում ու խնայում են: Տնտեսագիտական իմաստով, խնայողութուն է համարվում չծախսված փողի` դրամատներում կամ ֆինանսական հիմնարկներում պահելը: Այդ խնայողությունները մեծ նշանակություն ունեն տնտեսության համար:

Բանկերը, ֆինանսական հաստատությունները մարդկանց ու ընտանիքների կողմից խնայված փողերը տոկոսով վերցնում են ու դրանք տալիս գործարար հատվածին ավելի բարձր տոկոսադրույքներով` արդյունքում շահելով տոկոսադրույքների տարբերությունը: Այսինքն` խնայողութունները գործիք են, որը ծառայում է գործարար հատվածին ներդրումների պահանջի բավարարման ժամանակ:

Սովորաբար, որքան ավանդների ժամկետները երկար են լինում, այնքան տոկոսադրույքները բարձր են լինում: Բայց եթե կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքներն են իջեցվում, դա կարող է նաև նշանակել, որ բանկերում մտածում են, թե դրամը կարժեզրկվի, հիմնականում արտարժույթի պահանջարկ կլինի: Եթե օրինակ` դոլարով ու դրամով ավանդների տոկոսադրույքների միջև այդպիսի մեծ տարբերություն է լինում, նշանակում է, որ բանկը կանխատեսում է, որ դրամն արժեզրկվելու է, այսինքն` արտարժույթը` ռուբլին, դոլարը կամ եվրոն, ավելի կայուն է, ուստի եթե ինքը բարձր տոկոսադրույքով դրամ վերցնի մարդկանցից, ապա դրամի արժեզրկվելուց հետո ավելի քիչ կվճարի:
Ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքների տարբերության համար, սակայն, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն այլ պատճառներ է մատնանշում` դրամային իրացվելիության խնդիր կա, բանկերը միշտ էլ այդ խնդիրն ունեն:

«Նախ` արժութային նորմատիվ կա, որը պետք է պահպանել, և մեր վիճակում, երբ ժողովուրդը նախընտրում է դոլարով պահել իր միջոցները, բանկերը պետք է այդ տեխնիկական խնդիրը լուծելու համար բարձր դիրք ապահովեն դրամի համար: Բացի այդ, կա պահուստառման նորմատիվ, որի դեպքում, եթե արտարժույթով ես ներգրավում միջոցները, կրկնապատիկ ավելի բարձր է, քան երբ դրամով ես ներգրավում: Այսինքն` դոլար ներգրավելը բանկերի վրա թանկ է նստում, քան դրամը, դրա համար բանկերը ցածր տոկոս են տալիս,- նշեց Բագրատ Ասատրյանը:- Եվ պարտադիր չէ, որ դրամով ու արտարժույթով ներգրավվող ավանդների տոկոսագումարների տարբերությունն անպայման մատնանշի դրամի արժեզրկում»:
Երևույթներ, որոնք դրամի արժեզրկում են «գուժում»

Ամեն դեպքում, ուշադրություն դարձնենք այլ հանգամանքների վրա: Մարտի 3-ին ՀՀ Կենտրոնական բանկը ստիպված է եղել ավելի քան 15 մլն դոլարի ինտերվենցիա իրականացնել ֆոնդային բորսայում դրամի կտրուկ արժեզրկումը թույլ չտալու համար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկանքների` դրամի կայունությունն ապահովելու նպատակով փետրվար ամսին էլ ԿԲ-ն շուկա է նետել ավելի քան 61 մլն դոլար կանխիկ փող: Իսկ միայն մարտ ամսի առաջին շաբաթվա ընթացքում` մոտ 25 մլն դոլար: Նման ծավալներով արտարժույթի ներարկումներ ԿԲ-ն անում էր այն ժամանակ, երբ Հայաստանում կիրառվում էր ոչ թե լողացող, այլ ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, և արտարժույթի փոխարժեքը որոշվում էր ոչ թե շուկայում, այլ ԿԲ առանձնասենյակներում:

«Առէքսիմբանկի» աշխատակիցներից մեկը մեզ ներկայացրեց տիրող իրավիճակը: Ըստ նրա` այժմ արտարժութային ավանդների տոկոսադրույքներն անհամեմատ ավելի ցածր են, քան դրամային ավանդներինը գրեթե բոլոր բանկերում` շուկայի թելադրած օբյեկտիվ պատճառներից ելնելով: Այդ առումով երկու հիմնական գործոն է արձանագրվում: Նախ` բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում, և դրամով միջոցներ են ներգրավվում, որովհետև արժեզրկումից հետո արդեն ավելի քիչ են վճարելու: Երկրորդ` ԿԲ-ն ճնշում է գործադրում բանկերի վրա արհեստական ձևով` բարձր տոկոսադրույքներով դրամային մասսա գրավելու միջոցով, որպեսզի դրամը պահանջարկված լինի ու չարժեզրկվի:
Մյուս կողմից` ավանդների տոկոսադրույքների այս տարբերությունը մի շարք զուտ տնտեսագիտական օբյեկտիվ պատճառներ ունի: Այսօրվա դրությամբ, ինչպես փաստում են տարբեր բանկերի տարբեր աշխատակիցներ անհատական զրույցների ժամանակ, բանկերի հաճախորդների կողմից միջոցների պահանջարկ չկա: Գործարարները խուսափում են բանկերից վարկեր վերցնելուց, որովհետեւ տնտեսությունը կանխատեսելի չէ, հնարավոր չէ վստահ լինել, որ դրական զարգացումներ կլինեն ու վարկ վերցնողը կկարողանա մարել իր պարտավորությունները: Եվ քանի որ, ինչպես նշեցինք, բանկերն ավանդ են ներգրավում հետագայում ավելի բարձր տոկոսներով որպես վարկեր տնտեսության մեջ ներգրավելու ու տոկոսադրույքների տարբերության վրա շահույթ ունենալու նպատակով, և քանի որ գործարար ակտիվությունը Հայաստանում աննախադեպ նվազել է, արդեն տնտեսությունից համապատասխան պահանջարկ չի ձևավորվում: Ուստի, բանկին ձեռնտու չէ անկանխատեսելի` խիստ ռիսկային բարձր տոկոսներով ավանդներ ներգրավել` չիմանալով` կարո՞ղ է այն տեղաբաշխել վարկառուների միջոցով, թե՞ ստիպված կլինի դրանց համար բարձր տոկոսներ վճարել ավանդատուներին` չունենալով դրա դիմաց համապատասխան շահույթ:

Ի դեպ, արտարժութային ավանդների տոկոսադրույքների կտրուկ նվազումը բազմաթիվ մասնագետներ բացատրում են նաև նրանով, որ, Ուկրաինայում ծավալվող իրադարձություններով պայմանավորված` բանկերը սկսել են նաև զգուշանալ տնտեսական հետևանքներից: Այնպես որ, հայաստանյան բանկերը գոնե իրենց ավանդների տոկոսադրույքներով հուշում կամ զգուշացնում են դրամի անկայունության և արտարժույթի կայունության մասին: Ի դեպ, այս բոլոր դրսևորումներից հետո` 2-3 օր առաջ արդեն դոլարը դրամի նկատմամբ 2-3 դրամով թանկացել էր:

Անկախ

Հրդեհ Սիլիկյան թաղամասում

հրդեհՄարտի 14-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 67 տան մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«1-04» ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազի արտահոսքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.20-ին, մարվել` 09.22-ին:

Գազատար խողովակի հարևանությամբ գտնվող էլ. սյան վրա այրվել է մոտ 4 գմ մալուխ և խոտածածկ տարածք (3 քմ):

Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է

մերկասառույցՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի 14-ին՝ ժամը  09.30–ի  դրությամբ, Կոտայքի ավտոճանապարհներին տեղ – տեղ առկա է մերկասառույց:

Թալինի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Լաչինի   տարածաշրջաններում  տեղում է  թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:

 

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է դատական կաշառքի սակագները.hetq.am

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույը, որտեղ անդրադարձել է դատական կաշառքի սակագներին,հաղորդում է  hetq.am-ը:

«Մեր կողմից անցկացված հարցումների արդյունքում պարզվ ել են դատական համակարգում առկա հետևյալ կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը և տրման ձևերը:
Տարբերակ 1. Կաշառքը տրվում է առաջին ատյանի դատավորին, որը պատասխանատվություն է ստանձնում միայն իր կողմից կայացված վճռի համար: Այս դեպքում հաջորդ յուրաքանչյուր ատյանում «կաշառատուն» ինքն է պարտավոր «համաձայնեցնել» գործի ելքը՝ նոր գործարք կնքելով այդ ատյանի դատավորի կամ դատավորների հետ:
Տարբերակ 2. Դատավորը ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն՝ երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև:
Դատական կաշառքի սակագներ
 
Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Ընդհանուր առմամբ հարցվածների մեծ մասի պնդմամբ կաշառքի սակագները տատնվում են հետևյալ միջակայքերում.
  •  առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար,
  •  վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար,
  • Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
Տարբերակ 3. Գործին մասնակցող անձը միանգամից կապի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որևէ անդամի հետ: Այս դեպքում գործն ի սկզբանե վերահսկվում և հրանգավորվում է անմիջապես Վճռաբեկ դատարանի անդամի կողմից:
Տարբերակ 4. Երկու դատական ատյաններում հաջողության չհասած կողմը վճռաբեկ դատարանի հետ համաձայնության գալով, հասնում է դատական ակտի բեկանմանը և փոփոխմանը»,- գրել է ՄԻՊ-ը: Մանրամասները` զեկույցում:

Էդվարդ Նալբանդյանի և Լորան Ֆաբիուսի հանդիպումը

Էդվարդ Նալբանդյան,Լորան ՖաբիուսԱշխատանքային այցելությամբ մարտի 13-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը քննարկեցին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։

Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անդրադարձան տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ  Հայաստանում արդեն գործում են ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները։

Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված Հայաստան – Եվրոպական Միություն հռչակագրի լույսի ներքո՝ անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին։

Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգարավվածությունը, կարևորեց նրանց միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձ կատարեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործանթըացին։

Անկախ

Քաղաքապետը ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի մշակութային միջոցառմանը

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, սր Երևանի քաղաքապետ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ԲՈՒՀ-ի ռեկտոր, Երևանի ավագանու անդամ Հովհաննես Թոքմաջյանի հրավերով ներկա է գտնվել «Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառմանը: Մշակութային միջոցառման շրջանակում ներկաներին երգերի և պարերի իրենց կատարումներով ողջունել են Ռոստովի համալսարանի ուսանողները:

Երևանի և Ռոստովի բուհերի ռեկտորներն իրենց ողջույնի խոսքում ընդգծել են, որ երկու համալսարանների միջև հաստատված համագործակցությունն արդեն շուրջ յոթ տարվա պատմություն ունի և այն իսկապես արդյունավետ է ու տարեցտարի ավելի է ամրապնդվում: Փոխայցերից ու համատեղ փոխշահավետ ծրագրերից զատ, երկու համալսարանները նաև գործակցության այլ ձևաչափերով ևս սերտորեն համագործակցում են, որոնցից մեկն էլ այս օրերին անցկացվող Ռոստովի պետական շինարարական համալսարանի օրերն են Հայաստանում: Նույն ձևաչափով Ռոստովում ևս կազմակերպվում են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի օրեր:

 Անկախ

Անչափահաս իրավախախտների հետ աշխատանք տարվում է

իրավախախտներՈստիկանության ուշադրության կենտրոնում հայտնված անչափահասների հետ աշխատող համայնքային վերականգնողական կենտրոնները 2014 թ. հունվարից այլևս չեն գործում, քանի որ միջազգային ֆինանսավորումն ավարտվել է և դեռևս պետական աջակցություն չի ցուցաբերվել:

Դիտարկմամբ`:

ՙՙՎերականգնողական կենտրոնները, որոնք գործել են 2006 թվականից, 94 տոկոս արդյունավետություն են ցուցաբերել պետությունը, հասկանալով կենտրոնների կարևորությունը, պետք է աջակցի ոչ միայն դրանց պահպանմանը, այլ նաև հետագա զարգացմանը: Այս կենտրոններն արդեն կայացած են որոշակի ոլորտներում, կարելի է զարգացնել և ներդրվող պրոբացիոն ծառայության համակարգում էլ աշխատանքներ իրականացնել՝  և ոչ միայն անչափահասների հետ՚՚,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպության հայկական գրասենյակի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը:

Հայ օգնության ֆոնդի  ՙՙՀՕՖ՚՚ՙՙԵրեխաների աջակցության կենտրոնի՚՚ գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով իրենց վերականգնողական կենտրոնները նույնպես արդյունավետության բարձր ցուցանիշ են ունեցել: 3 տարիների ընթացքում իրենք աշխատել են մոտ 1000 երեխաների հետ՝ թե՛ արդեն հաշվառված, թե՛ դեռեւս չհաշվառված:

Ոստիկանությունն արդեն 2.5 ամիս է՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատում է առանց վերականգնողական կենտրոնների աջակցության: Ոստիկանությունն այսօր ստեղծված իրավիճակը կառավարում է, անկախ կենտրոնների առկայության՝ անչափահաս իրավախախտների հետ աշխատանք տարվում է:

Չնայած ֆինանսավորման դադարեցմանը՝ վերականգնողական մի քանի կենտրոններ շարունակում են աշխատել կամավորական հիմունքներով, իսկ Կապանում և Ճամբարակում համայնքային աջակցություն է ցուցաբերվել:

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանի համոզմամբ նախարարությունը Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի եւ ոստիկանության հետ համատեղ քննարկումներ է կազմակերպել՝ կենտրոնների ֆինանսավորման շարունակականության հնարավոր տարբերակներ գտնելու նպատակով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Բակո Սահակյանը ցավակցագիր է հղել Արցախյան շարժման առաջամարտիկ Ռոլես Աղաջանյանի մահվան կապակցությամբ

152733Երեկ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ, ՀՀ 1990-1995 թվականների Գերագույն խորհրդի եւ ԼՂՀ առաջին եւ երրորդ գումարման խորհրդարանների պատգամավոր Ռոլես Աղաջանյանը։

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին, որտեղ մասնավորապես նշված է. «Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի արժանավոր զավակ, հասարակական եւ քաղաքական գործիչ Ռոլես Գեորգիի Աղաջանյանի ողբերգական մահվան մասին:

Ռոլես Աղաջանյանը Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, կանգնած է եղել մեր գոյապայքարի ակունքներում եւ ծանրակշիռ ավանդ է ունեցել մեր ժողովրդի՝ ազատության հասնելու նվիրական ձգտումների իրականացման գործում, ակտիվորեն մասնակցել է մեզ պարտադրված պատերազմին, հաղթանակների եւ անկախ պետականության կերտմանը:

Նա եղել է հարազատ ժողովրդին նվիրված անձնավորություն, համեստ, բարի եւ հավատարիմ ընկեր:

Հայրենիքն արժանվույնս է գնահատել Ռոլես Աղաջանյանի վաստակը` պարգեւատրելով նրան պետական բարձր պարգեւներով:

Անդառնալի կորստի այս ծանր պահին ԼՂՀ իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում տոկունություն եւ ոգու կորով:

Ռոլես Աղաջանյանի հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում»:

Նախագահի հրամանագրով Ռոլես Աղաջանյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվել է պետական հանձնաժողով, որը գլխավորում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: