Երթևեկության կազմակերպման նոր կարգ` Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա և հարակից փողոցներում

1393065550,648Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ 2013 թվականին ճանապարհային ոստիկանությունում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ (հանձնաժողովում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի, ճարտարագիտական համալսարանի, Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլես» հասարակական կազմակերպության և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներ) 2014 թ. փետրվարի 24-ից Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա կատարվելու է երթևեկության շարքերի փոփոխություն: Ներկայիս 7 շարքի (մի կողմից` 4, մյուսից` 3) փոխարեն երթևեկությունը դառնում է երկկողմանի` 4 շարքով: Կամրջից դեպի Արգիշտի փողոց` աջ լրացուցիչ սեկցիան դառնում է երկշարք և միշտ բաց, Մաշտոցի պողոտայից դեպի Արգիշտի փողոց` ձախ երթևեկությունը փակվում է և թույլատրվում է կատարել հետադարձ, Արգիշտի-Մաշտոց խաչմերուկից ձախ` երթևեկությունը փակվում է և Արգիշտի փողոցից դեպի Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկի հատվածը դառնում է 5 շարք, որից 2-ը հասնում է Իտալիայի փողոց, իսկ աջ` Գրիգոր Լուսավորիչ` 3 շարքով, նախկին 2-ի փոխարեն:
Ուրուգվայի փողոցից Արգիշտի փողոց, աջ երթևեկելի մասից, նախկինում թույլատրվող միայն աջը փոխվում է ուղիղ և աջ:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին վերստին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 

Քաղաքական ռեսուրսի մսխո՞ւմ, թե կապիտալի կուտակում

tig

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ համախմբման հնարավորությանը.

“ԱԺ ոչ իշխանական ուժերի քննարկումները` կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի շուրջ դեռևս արդյունք չեն տալիս, իսկ օրինագիծը ԱԺ օրակարգ մտցնելու ժամկետների հարցը մնում է անորոշ:

Ոչ պաշտոնական մակարդակում, կոնսեսուսի չկայացման տարբեր վարկածներ են շրջանառվում: Դրանցից ամենաքննարկվողը կառավարությանն անվստահություն հայտնելու ճանապարհով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` իշխանություն վերադարձի վարկածն է` վարչապետի տեսքով, որին ոչ իշխանական ուժերից առնվազն «Ժառանգությունը» ընդդիմանում է. ըստ մամուլի հրապարակումների:

Ինչևէ, մամուլում շրջանառվող վարկածներից սահուն անցում կատարենք առկա իրավիճակին և հիմնական դիտարկումներին. կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթացը նախևառաջ ենթադրում է անհրաժեշտ փաստերի հավաքագրում: Փողոցում հանդիպած յուրաքանչյուր 2-րդ կամ 3-րդ քաղաքացին կդժգոհի կառավարությունից` համարելով, որ այն պետք է փոխվի, սակայն երբ դրա մասին բարձրաձայնում են քաղաքական ուժերը և նպատակ ունեն իմպիչմենտի գործընթաց սկսել, պետք է դրա համար լուրջ փաստական բազա ապահովել: Թե ինչ փաստերի կամ վերլուծությունների են տիրապետում ԱԺ ոչ իշխանական ուժերը, պարզ կդառնա, երբ նրանք ի վերջո համաձայնության գան և խորհրդարանում կառավարության նկատամբ անվստահության գործընթաց նախաձեռնեն:

Երկրորդ, որքան էլ ոչ իշխանական ուժերը արտաքուստ փորձեն ցույց տալ, թե երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ կարող են միավորվել, այսպիսի իրավիճակներում նրանք 4-ն էլ առաջին հերթին փորձում են հասկանալ, թե ի՞նչ շահ և ակնկալիքներ ունեն պրոցեսից մյուս 3 մասնակիցները. մի պահ մոռանանք այն, որ առանց բացառությունների, քաղաքական բոլոր ուժերը իրենց միակ ֆունկցիան հռչակում են «ժողովրդին ծառայելը»: Դիցուք, ոչ իշխանական ուժերին հաջողվի այնպիսի ճնշում ապահովել իշխող մեծամասնության նկատմամբ, որի պայմաններում կառավարությունը հրաժարական տա: Արդյո՞ք այս պայմաններում ոչ իշխանական ուժերը համաձայնության կգա՞ն կոալիցիոն կառավարություն կազմելու հարցում. հաշվի առնելով կոալիցիոն կառավարության հիմնական թեկնածուի` ԲՀԿ-ի վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը, ապա` ոչ: Ստացվում է, որ նոր ձևավորվելիք կառավարությունում ՀՀԿ-ՕԵԿ համամասնությունը կպահպանվի, լավագույն դեպքում ՀՀԿ-ական 1-2 նախարարի փոխարեն կնշանակվեն ոչ ՀՀԿ-ականներ, սակայն պաշտոնյաներ, ովքեր առաջին իսկ ազդանշանի դեպքում կուսակցական կրծքանշաններ կկրեն:

Եվ այստեղ առաջ կգա հերթական հարցադրումը. ինչի՞ն է ծառայելու կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը, միայն անձերի փոփոխությա՞նը, բարոյական հաղթանակի՞ն, թե…

Երրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լավ, թե վատ, քաղաքական, թե ապաքաղաքական պրոցեսների արդյունքում իշխանության դիրքերը բավականին կայուն են թվում, ակնհայտ է, որ ԱԺ ոչ իշխանական ուժերի գերակա նպատակը` «պատգամավորներ պոկել» իշխող մեծամասնությունից ու անհրաժեշտ ձայներ ապահովել իմպիչմենթի գործընթացը հաջողելու համար, մնում է անհնար:

Ենթադրվում է, որ այս իրավիճակում ԱԺ ոչ իշխանական ուժերը դեռևս հաշվարկում են, թե այս կամ այն սցենարի դեպքում, որքան քաղաքական ռեսուրս կծախսվի և ի՞նչ քաղաքական կապիտալ կարելի կլինի ձեռք բերել:

Զուտ քաղաքական պրոցեսի շարունակականության, և, առհասարակ, քաղաքական ակտիվ պայքար ի ցույց դնելու տեսանկյունից, գործընթացը կարելի է արդարացված համարել, ի վերջո, նրանք մինչ 2017-18 թվականների ընտրական ցիկլ պետք է «մարզավիճակ պահպանեն»` ընտրություններին ներկայանալով որպես ակտիվ ու «առողջ օրգանիզմ»:

Մյուս կողմից, ԱԺ ոչ իշխանական ուժերը պետք է հաշվարկեն այն հետևանքները, որին կհանգեցնի անպտուղ պայքարը կառավարության փոփոխության հարցում ու ըստ այդմ` հիասթափությունը համակիրների ու հասարակության շրջանում:

Վերջիվերջո, դժվար է տասնամյակներով պայքարել լոզունգներով, երբեմն կոշտ-կտրուկ հայտարարություններով` գրանցել նվազագույն արդյունք, իսկ ընտրական գործընթացներում լուրջ ակնկալիքներ ունենալ: Մանավանդ, որ 2013 թվականի կայացած նախագահական ընտրություններում ԱԺ ոչ իշխանական ուժերից 3-ը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ն արդեն իսկ անհրաժեշտ չափաքանակի հիասթափություն են ապահովել իրենց ընտրազանգվածների համար”,-գրել է նա:

 

Անկախ

Արտագնա աշխատանքի դառը պտուղները. գյումրեցի ընտանիքը զրկվեց հորից

download (2)Գյումրեցի շատ ընտանիքներ տարիներ ի վեր իրենց կենսական գոյությունը պահպանում են արտագնա աշխատանքից ստացած գումարներով: Այդպիսին էր նաև Հովհաննեսի ընտանիքը:

Լինելով տան հայրը՝  նա մոտ մեկուկես տասնամյակ առաջ ինքն էլ բռնեց արտագնա աշխատանք ուղին: Ընտանիքն ապրում է տնակում, երկրաշարժից տուժած է, անօթևան: Երեխաները մեծացել են, ամուսնացել՝ իրենց ընտանիքները կազմել:

Ամուսնանալուց հետո որդին ևս մեկնել էր Յակուտիա` հոր հետ արտագնա աշխատանքի: Լինում էին տարիներ, երբ ֆինանսական վիճակը թույլ չէր տալիս ընտանիքի տղամարդկանց գոնե տարեվերջին վերադառնալ տուն. աշխատած գումարը հազիվ էր բավարարում ընտանիքի գոյությունը Հայաստանում պահելու և իրենց այնտեղ ապրելու համար:

Անցած տարի՝ գարնանը, որդին վերադարձավ Գյումրի և հայտարարեց, որ այլևս չի գնալու Ռուսաստանում աշխատելու: Զրույցներից մեկի ժամանակ տեղեկացա, որ Հայաստան է վերադարձել մեջքի հիվանդության պատճառով. նրա առողջական վիճակը վատացել էր հոդերի բորբոքման հետևանքով: Ասում էր՝ ավելի լավ է այստեղ տաքսի վարի և օրական 500-1000 դրամ ունենա, քան այնտեղ իր կյանքի գնով` 1000 ռուբլի:

Հայրը շատ հազվադեպ էր լինում Հայաստանում, նախընտրում էր, որ այդ գումարով որդին վերադառնա տուն՝ փոքր երեխաներին ու կնոջը տեսության, ինքն արդեն բավական տարիք ուներ ու երեխաների կարոտին կդիմանար:

Դեկտեմբերին ընտանիքը տեղեկանում է, որ Հովհաննեսի առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, բայց փող չունի, որ տուն գա: Երկար ժամանակ տարբեր դռներ թակելուց հետո որդին տոկոսով գումար է վերցնում, ուղարկում Յակուտիա և հորը տեղափոխում Գյումրի: Մոտ մեկ ամիս այստեղ գտնվելու օրերին Հովհաննեսը ոչինչ չէր ուտում, չէր շարժվում, անգամ չէր խոսում: Մի քանի օր առաջ տեղափոխեցին հիվանդանոց: Պարզվեց` «թոքերն ու սիրտը ջրի մեջ են», և ապրելու շանսեր չկան: Գիշերը Հովհաննեսը հիվանդանոցում մահացել էր:
Ահա թե ինչպես են այս և նրանց ճակատագիրն ունեցող հազարավոր ընտանիքներ կրում և շարունակում են կրել արտագնա աշխատանքի հետքերը:

Այս ընտանիքի հետ կատարվածը բացառիկ օրինակ չէ, գրեթե ամեն ամիս, իսկ երբեմն էլ ամիսը մի քանի անգամ Գյումրիում լսում ենք` այսինչը, որ աշխատանքի էր մեկնել Ռուսաստան, այնտեղ մահացել է: Մեկի մահվան պատճառ նշվում է ինֆարկտը, մյուսինը՝ քաղցկեղը, մեկ ուրիշինը՝ ինքնասպանությունը և այլն: Բայց կա նաև սրա առավել վատ շարունակությունը. նրանցից շատերի ընտանիքներն ի վիճակի չեն լինում դիակը տեղափոխել հայրենիք: Ոմանք էլ, մի քանի տարի մնալով Ռուսաստանում, այնտեղ ընտանիք են կազմում և կապերը խզում հայաստանյան ընտանիքի հետ:

Արտագնա աշխատանքն ընտանիքների համար դառնում է նաև վշտի ու կորստի պատճառ: Մինչդեռ, հայրենի կառավարությունը, հատկապես մարզերում, աշխատատեղեր ստեղծելու անգամ հեռահար գաղափարներ չունեն: Ասում են՝ հզոր պետության հիմքում առողջ ընտանիքն է, այս պարագայում ի՞նչ պետություն է Հայաստանը:

Մարիամ Խալաթյան

«Չեմ բացառում, որ Հայաստանում ևս Մայդան կայանա, ինչն անկասկած կբերի վատ հետևանքների». Արմենակ Դովլաթյան

Արմենակ ԴովլաթյանԿանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Ուկրաինայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները` նշեց, որ Ուկրաինայում ավարտվում է ընդհանուր գործընթացի միայն մի մասը: Հիմա շատ բան կախված է նրանից, թե ի՞նչ որոշումներ կընդունվեն Խարկովում:

Արմենակ Դովլաթյանի խոսքով՝ Ուկրաինայում, քաղաքական գործընթացներին զուգահեռ տնտեսական շահերի պայքար է ընթանում: Ուկրաինայում տարվող քաղաքականությունը տնտեսական խոշոր շահերի է սպասարկում, և հիմա որոշվում է դրանում տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի սահմանի հարցը։

«Կարող է տարօրինակ թվալ, բայց Եվրամիությանն ու ԱՄՆ-ին ձեռնտու է  Եվրասիական միության ստեղծումը, քանի որ միանգամայն հնարավոր է, որ նրանք պարզապես իրենց կապիտալով կներխուժեն  այդ տարածք և նվաճեն ռուսական շուկան։

Կան որոշ նախադրյալներ, որ հենց դա է այսօր տեղի ունենում։ Եվ հնարավոր է, որ Ուկրաինան այդ գործընթացի մի մասն է»,- ասաց Արմենակ Դովլաթյանը:

Ինչ վերաբերում է Յուլյա Տիմոշենկոյի՝ Մայդանի առաջնորդ դառնալու հավանականությանը, Արմենակ Դովլաթյանի խոսքով` ուկրաինացի ժողովուրդը նրան միանշանակորեն չի ընդունում, քանի որ հիշում է, որ Տիմոշենկոն ևս ժամանակին խառնված էր կոռուպցիոն պատմությունների մեջ:
«Եթե հայաստանյան իշխանությունները խելամիտ լինեն, մեզ մոտ կարող են բավական հետաքրքրական իրադարձություններ տեղի ունենալ: Չեմ բացառում, որ Հայաստանում ևս Մայդան կայանա, ինչն անկասկած կբերի վատ հետևանքների: Մարդկանց համբերությունը մի օր կարող է հատվել»,- ասաց Արմենակ Դովլաթյանը:

Անկախ

Տեղի ունեցավ Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացումը

նյութի նկարԱյսօր տեղի ունեցավ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի և Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսի Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտի համագործակցության արդյունքում հիմնված Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատության պաշտոնական բացման արարողությունը:

Բացմանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Վիգեն Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը գտնվում է բարեփոխումների շատ հավակնոտ շրջանում, և իրենց պետք են լավ կառավարիչներ:

«Մենք մեծ ծրագիր ենք սկսում, և մոտ 8 ունկնդիր մյուս տարի հնարավորություն կունենան անվճար ուսումնական պրակտիկա անցնել Սիանս Պո քաղաքագիտության ինստիտուտում»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն նշեց, որ Սիանս Պո Արմենիա ուսումնական կառույցի ստեղծմամբ համագործակցության մի նոր փուլ է սկսվում: Անրի Ռենոն հույս հայտնեց, որ ընտրված ուսանողները հնարավորություն կունենան հետագայում ավելի լավ մասնագետներ դառնալ:

«Հիմա դուք արդեն պետք է սկսեք խաղալ, գնդակը ձեր դաշտում է»,- ասաց դեսպանը:

Սիանս Պո Արմենիան ՀՀ հանրային ծառայողներին, մասնավոր հատվածի աշխատակիցներին, տարբեր բուհերի շրջանավարտներին (մագիստրոսի որակավորմամբ) լրացուցիչ կրթություն է առաջարկում: Ուսումն արժեքն է տարեկան 900 000 դրամ: Ավարտելով Սիանս Պո Արմենիա ուսումնական հաստատությունը` ուսանողները հնարավորություն են ստանում կրթությունը շարունակել հենց Սիանս Պո-ում:

Անկախ

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց

ՊԲ,պնԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից Անկախին հատնեցին, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Անկախ

 

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում. եռօրյա ամփոփում

ՀՀ-ոստիկանություն2

Փետրվարի 21-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Հայկավան գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Է.-ին, որը 2008 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի, գողության և անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքներով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Փետրվարի 20-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Ելենա Պ.-ին, որը հունվարի 4-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 20-ին, ժամը 13.10-ին, Բավրայի սահմանակետից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արազ Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 30-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն են կատարել Նորքի 7-րդ զանգվածի մի բնակչի բնակարանում, որտեղից հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 282, 7,62 մմ տրամաչափի` 60, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ, 1 պլաստմասե սրվակ` մոխրագույն ավազանման նյութով, 1 հրապատիճ պայթուցիչ, 3 քուղ` 16 սմ, 18 սմ և 12,5 սմ երկարությամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Տանտերը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունի և Նոր Արեշի 36-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Մայակովսկի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆոլqսվագեն» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Զառիթափ-Բարձրունի ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի. Առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 19.50-ին, «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 20-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արևշատ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 20-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, ուղեղի սալջարդ, աջ ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1-ամյա տղա:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.05-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու և կնոջ ու 1-ամյա տղայի: Վարորդը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Փետրվարի 21-ին, ժամը 09.45-ին, 1963 թ. Ծնված Թամամ Խ.-ն ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է ականանետի նռնակ, ծխարձակիչ, «ԱԿՍ» ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և ձեռքի գնդացրի փամփշտաշղթա:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***
Փետրվարի 21-ին, ժամը 12.40-ին, 1960 թ. ծնված Ռոբերտ Շ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

 

Անկախ

Անօթևան ընտանիքներ, որոնք երբեք բնակարան չեն տեսել. տեսանյութ

fPwfMnYdI7Qg1Eu9OqJqnnvVZr

Գյումրու տնակային ավանները գնալով մեկուսանում և վերածվում են առանձին համայնքների՝ համայնքի ներսում:

Տնակային ավաններում մեր երկարատև դիտարկումները ցույց են տալիս, որ դրանցում

ծնված ու մեծացած երիտասարդներից շատերը ամուսնանում և կազմելով նոր ընտանիք, բաժանվում են

տնակներում բնակվող իրենց հայրական ընտանիքներից ՝ տեղափոխվելով կրկին տնակ:
Եվ բազմաթիվ են այն երիտասարդ ընտանիքները, որոնք երբեք բնակարանի երես չեն

տեսել և ունեն մտավախություն, որ ինչպես իրենք, այնպես էլ իրենց երեխաները ծնվելով տնակներում, հետագայում

մեծանալու, ամուսնանալու ու բնակվելու են նույնպես տնակներում:

«Շիրակ կենտրոնի» ներկայացվող տեսանյութը նման ճակատագիր ունեցող երիտասարդ ամուսինների մասին է: Նրանք, բնականաբար, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակումընդգրկված չեն և հույս անգամ չունեն, որ երբևէ բնակարան

կունենան:

 

«Լեռ-Էքս» ՍՊԸ-ն սկսել է է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը. ահազանգում են բնակիչները

նկարՍյունիքի մարզի Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն հերիք չէ, որ 2010-ին առանց նախագծի և բնապահպանական փորձաքննություն անցկացնելու կառուցել էր պոչամբար, որի պոչհանքները երեք տարի շարունակ լցվում են Գեղի գետը: Հիմա էլ նույն տրամաբանությամբ սկսել է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը:
Դեռևս անցած տարվա հունիս ամսին բնապահպաններն ահազանգել էինք «Լեռ-Էքս» ընկերության կատարած օրինախախտումների մասին, որոնց այդպես էլ պետական լիազոր մարմինները համապատասխան արձագանք չտվեցին:

Երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գրքի համաձայն` Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի կենտրոնական տեղամասի մանրազնին հետախուզված միակ հանքային գոտու հաշվարկված և հաստատված պաշարների քանակը կազմել. հանքաքարերինը` 3983 հազար տոննա, մոլիբդենինը` 6677 տոննա, պղնձինը` 17387 տոննա: Հարակից տարրերի պաշարների քանակները կազմել են` ռենիումինը` 988,3 կգ, ոսկունը` 1925,9 կգ, արծաթինը`27,815 տոննա, ծծմբինը` 31450 տոննա (ծծմբի միջին պարունակությունը հանքաքարերում կազմում է 1,14%):

Հանքավայրի տարածքը, որը պարունակում է վերոնշյալ բոլոր տարրերը և մետաղները փոշիացված վիճակում, շրջակա միջավայրի և առողջության համար բարձր ռիսկեր է ներկայացնում: Հանքավայրի վտանգավորության աստիճանը հասնում է 3-րդ աստիճանի:

Գնալով հսկայական չափեր են ընդունում հանքարդյունաբերության հետևանքով բնությանը հասցված վնասները: Պոչհանքերի թունավոր արտանետումների պատճառով օր օրի ավելանում է մեռյալ գետերի թիվը: Այս առումով ծայրահեղ ծանր վիճակում են հատկապես Սյունիքի և Լոռու գետերը:

 

Անկախ

Օլեքսանդրա Մատվիյչուկը կոչ արեց քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ

unnamed«Մենք հրավիրում ենք Ուկրաինա՝ Կիև և շրջաններ, բոլոր միջազգային կազմակերպություններին, բոլոր երկրների Ազգային ժողովի ներկայացուցչիներին և խնդրում ենք Եվրոպային քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ»,-այսօր  «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման  ժամանակ ասաց Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող Օլեքսանդրա Մատվիյչուկը:

Նրա համոզմամբ Ուկրաինայի ընդդիմությունը երբեք չի ղեկավարել մայդանը: Այն տարբեր գաղափարական խմբերի ապակենտրոնացված հավաք է. «Եթե նախկինում Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին մայդանի զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից մենք ենք զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են»:

Լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունի պնդմամբ  Ուկրաինայում իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, այլ կերպ այս իրավիճակը չի անվանվի, նրա խսքով ըստ Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից մեկի՝ Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել՝ ընդդիմության կոչերից ելնելով:

Դմիտրո Կրիկունի կարծիքով՝ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում իշխանության ձեռքում չեն գտնվում, և այդ առումով իրավիճակն Ուկրաինայում բարվոք է: Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին՝ լրագրողներին, չբնորոշել իրադրությունը սուր արտահայտություններով, ինչպիսին է «քաղաքացիական պատերազմը».

«Կիևում և այլ քաղաքներում հիմա ժողովուրդն ընդդիմանում է կառավարությանը, իշխանությունն էլ դիմում է ուժային գործողությունների և հանցավոր խմբերի, որոնք պաշտպանում են իշխանությանը, այսպիսին է իրադրությունը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

2014-2017 թվականներին Շիրակի մարզում երկու նոր արգելավայր կհիմնվի

նյութի նկարՀՀ Շիրակի մարզի 2014-2017թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում ընդգրկված է նաև Շիրակի մարզում երկու նոր արգելավայրերի ստեղծման ծրագիրը, որը նախատեսվում է իրագործել 2014-2017 թվականներին:

Արգելավայրերից մեկը կհիմնվի Մանթաշի ջամբարի և համանուն գետի ջրհավաք ավազանում: Արգելավայրն ընդգրկելու է շուրջ 5000 հա տարածք: Արգելավայրի ստեղծման համար հատկացվելու է 51 միլիոն դրամ:

Մյուս արգելավայրը կհիմնվի Ջաջուռի լեռնանցքում և հարակից տարածքներում: Բացի այդ, ծրագրով նախատեսվում է հիմնել ռեկրեացիոն գոտիներ և էկոտուրիզմի կազմակերպման կենտրոն: Այս օբյեկտների կառուցման համար համար կտրամադրվի 80 միլիոն դրամ: Շիրակում արգելավայրերի ստեղծման նպատակը տեղի կեսաբազմազանության պահպանումն է:

Նշենք, որ Շիրակի մարզում կան շուրջ 40 հազվագյուտ  և  անհետացող բուսատեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Շիրակի մարզում բնակվում են նաև կենդանիների և թռչունների որոշ հազվագյուտ տեսակներ: Հազվագյուտբուսատեսակների, կենդանատեսակների և թռչնատեսկաների պահպանության գործում իր մեծ նշանակություն է ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը, որը, թեև բավարար չէ վերջիններիս պահպանության համար:

 

Անկախ

Օբամա- Դալայ- լամա հանդիպումից Պեկինը դժգոհ է

o_808588Պաշտոնական Պեկինը դժգոհ է Բարաք Օբամայի ու Դալայ-Լամայ բանակցություններից: Դրա առնչությամբ, չինական իշխանությունները ՆԳՆ են կանչել ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար Դենիել Կրիտենբրիգին:

Այնտեղ դիվանագետին նկատողություն են արել այն բանի համար, որ Ամերիկայի նախագահի ու ողջ աշխարհի բուդդայականների հոգևոր առաջնորդի հանդիպումն այնուամենայնիվ կայացավ: Գերատեսչությունում բանակցություններն անվանել են երկրի ներքին գործերին միջամտություն: ԱՄՆ-ը խոստացել է, որ չի աջակցի Տիբեթում  անջատողական տրամադրություններին,սակայն հանդիպումը ոչ այլ ինչ էր, քան այդ խոսքի դրժում, նշել են չինացի դիվանագետները: Պաշտոնական Պեկինի ու Դալայ-լամայի դիրքորոշումների հակադրությունը մարդու իրավունքների իրավիճակից չեն, պարզաբանել է իր դիրքորոշումը գեևատեսչությունը:

Տիբեթը Չինաստանի լիիրավ ու անքակտելի մասն է կազմում ու դրա համար էլ Տիբեթը գտնվում է ՉԺՀ-ի կառավարման ներքո, ասվում է Չինաստանի  ԱԳ նախարարի հայտարարության մեջ:

Անկախ

«Դ!ԵՄ ԵՄ» -ը հրավիրում է Մաշտոցի պուրակ հանրային քննարկման

1465328_1375893052658276_921135042_n

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը տեղեկացնում է, որ այսօր` ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենան արդեն ավանդույթ դարձած «Դ!ԵՄ ԵՄ» թիմի հանրային քննարկումները:

Քիչ ուշացումով քննարկմանը կմիանան ՀՀ տարբեր մարզերից ժամանած “Հարավկովկասյան երկաթուղիների” աշխատակիցներ, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունն ու բողոքը արտահայտել գնալով ավելի մեծացող ճնշումների դեմ:

 «Դ!ԵՄ ԵՄ»-ը նշում է, որ վերջին շրջանում Հարավկովկասյան երկաթուղիների աշխատակիցների վրա մեծացել է անուղղակի ճնշումը կենսաթոշակային ֆոնդերի ընտրության հետ կապված, որը գնալով վերածվում է կարծես թե թաղային մակարդակի խոսակցությունների, ուլտիմատումների և սպառնալիքների:
“Որոշ աշխատակիցներ, արդեն իսկ չդիմանալով ճնշումներին, ստիպված ընտրել են ֆոնդեր, իսկ որոշ համարձակներ, որոնք դեռ կարողանում են պայքարել իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար, այսօր մեզանից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեն”,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական ժամանակ». Արտաշես Գեղամյանը բավական անհարմար վիճակում է հայտնվել

72406

Հայկական Ժամանակ-ը գրում է.

«Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ԽՎ վերջին նիստերից մեկում բավական անհարմար վիճակում է հայտնվել:

Գեղամյանը, որ վերջին շրջանում սովորաբար անբաժան է իր ipad-ից, ԵԱՀԿ ԽՎ նիստերի ժամանակ դրանով տեսագրում է իր ելույթները, որոնք հետո փոխանցում է պետական լրատվամիջոցներին: Եվ ահա նիստերից մեկում, երբ նա սկսել է իր ելույթը, սարքը խափանվել է։ Գեղամյանի ռուսերեն ելույթի ժամանակ եվրոպացի պատգամավորները ցուցադրաբար նետել են ականջակալներն ու հեռացել, ռուս պատգամավորները կիսահեգնական տոնով սկսել են «բալետ» անել Գեղամյանին՝ «давай, давай, Армения», իսկ ադրբեջանական պատվիրակության ղեկավար` Միլի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան կողքից հուշել է « ipad-դդ միացրու, րոպներդ գնում են:

Սույն դառը փորձից հետո Գեղամյանն այժմ ԵԱՀԿ նիստերին գնալիս 2 օպերատոր է տանում՝ Հ1– ից և իր կուսակցությունից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Անկախ

«168 ժամ». Ո՞վ է մեղավոր, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ

Capture765865«Ո՞վ է մեղավոր, որ խորհրդարանական չորս ոչ իշխանական խմբակցությունները չեն կարողանում համաձայնության գալ կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծն Աժ օրակարգ մտցնելու հարցում։
Կա տեսակետ, որ դրան դեմ են ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների գործարարները, ովքեր չեն ցանկանում թշնամանալ կառավարության հետ և վտանգի տակ դնել իրենց բիզնեսը։

Բայց կա նաև տեղեկություն, թե պատճառը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դրսևորած արմատական կեցվածքն է։ Արմատական՝ այն իմաստով, որ նա առաջարկում է քննարկել ոչ թե կառավարությանն անվստահություն հայտնելու, այլ նախագահին իմպիչմենթ հայտնելու հարցը։ Այս պահանջը շատ ծանր վիճակի մեջ է դնում ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, որոնք սարսափում են նախագահի պաշտոնանկության մասին ցանկացած հարցից։

Եթե դա իսկապես այդպես լիներ, Ռուբեն Հակոբյանի մոտեցումը կարելի էր համարել սկզբունքային, բայց Հակոբյանը հրաժարվում է հաստատել այդ մասին տեղեկությունները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Անկախ

«Հրապարակ».Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանա. բյուջեն կալանքի տակ է

77440Հրապարակը գրում է.

«Ըստ պաշտոնական հաղորդագրության, կալանքի տակ է առնվել ոչ միայն Վանաձոր համայնքի գույքը, այլ նաև անշարժ ու շարժական գույքը։ Նույն այդ հաղորդագրության մեջ ասվում է, թե դատարանն այս որոշումը կայացնելիս խախտել է Վանաձորի ավագանու իրավունքները՝ նրան գործի քննությանը մասնակից չդարձնելով։

Փաստորեն ստացվում է, որ ավագանու իրավունքները հիմա են խախտվել, այլ ոչ թե այն ժամանակ, երբ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, երաշխավոր էր կանգնում էլիտար շենքը կառուցող ընկերությանը, որով պարտավորվում էին կամ բնակարան հատկացնել, կամ փոխհատուցել բնակարանի գումարը։ Այն ժամանակ ևս ավագանին որևէ կապ չի ունեցել ու նույնիսկ մեծ հաշվով տեղյակ էլ չի եղել։

Ավագանու անդամ Արամ Խաչատրյանը, ի տարբերություն ավագանու որոշ անդամների, չխուսափեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը, նախ իր դժգոհությունը հայտնելով այն փաստից, թե ինչու է ինքը որպես ավագանու անդամ բյուջեի կալանքի մասին իմանում մամուլից, և հետո, ինչու չի ծանուցվել ԴԱՀԿ-ից ու քաղաքապետարանից, երբ բյուջեի փաստացի տնօրինողը համայնքի ավագանին է, ոչ թե քաղաքապետարանը։ «Փաստորեն ստացվում է, որ հիմա, երբ բյուջեն կալանքի տակ է, թե քաղաքապետարանի աշխատակիցները ու թե դրա ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցները առաջին հերթին աշխատավարձ չեն կարող ստանալ, և հետո բանկային որևէ փոխանցում չի իրականացվի»,-ասաց նա։

Անդրադառնալով քաղաքապետի՝ երաշխավոր կանգնելու որոշմանը, այն որակեց միանձնյա որոշում ու նշեց, «Էս դեպքում քաղաքապետարանը պարզապես պարտավոր է վճարել բնակչի փոխհատուցումը, բայց առաջին հերթին դա պետք է անի շինարարությունն իրականացնող ընկերությունը, հետո նոր քաղաքապետարանը, էսօր, փաստորեն, միանձնյա որոշման պատճառով ողջ համայնքի հարցն ա տուժում»։

Եվ հավելեց, որ քաղաքապետը դեռ այն ժամանակ իրավունք չուներ առանց ավագանու նիստի նման որոշում կայացներ ու երաշխավոր կանգներ, իսկ հիմա թող գնան ու վճարեն»։

Մանրամասները՝ Հրապարակ-ի այսօրվա համարում։

 

Անկախ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Վորլդ Վիժն կազմակերպությունը կհամագործակցեն Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ

download (1)ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից «Անկախին» հայտնում են, որ փետրվարի 21-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Վորլդ Վիժն հայաստանյան գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման համաձայնագիր, որի նպատակն է աջակցել Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի ամրապնդմանը: «Համաձայնագրի շրջանակներում գործընկերները կհամապատասխանեցնեն իրենց մոտեցումները մի շարք հարցերի շուրջ,- ասվում է մասնավորապես մամլո հաղորդագրության մեջ.- ներառյալ երեխաների խնամքը, գիշերօթիկ խնամքի հաստատությունների վերակազմակերպումը համայնքային ծառայությունների, մոր և մանկան առողջության խնամքը, ինչպես նաև Հայաստանում ներառական կրթության համակարգի զարգացումը, աղետների ռիսկերի նվազեցումն ու հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ դրական վերաբերմունքի խթանումը»:

Անկախ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

imagesՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունից «Անկախին» տեղեկացնում են, որ փետրվարի 22–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները   բաց են:

 Անկախ

 

Հ

Փրկարարները բացել են փակ դուռը

downloadՓետրվարի 22-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները օգնել են քաղաքացուն բացել բնակարանի դուռը:

***

Փետրվարի 22-ին, ժամը 02.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, իսկ բանալին գտնվում է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 22-ին, ժամը 00.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 88ա շենքի բնակարաններից մեկում 13 տարեկան երեխան չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. Երեխան ներսում քնած է եղել:

***

Փետրվարի 21-ին, ժամը 22.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Փետրվարի 21-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 32 ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:***

Փետրվարի 21-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, և բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: