«Օսկանյանն իր արտգործնախարար եղած ժամանակ տեղյակ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունից, ուր մնաց հիմա»

Karen-Avagyan-

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն ավագյաննիր ֆեյսբուքյան էջում գրել է.

“ԲՀԿ-ում էլի սկսեցին արտահայտվել ու իրենց խոսքուճառով զարմացնել 2-3-րդ էշելոնի գործիչները։ Օսկանյանի նախահամագումարյան թեզիսները առնվազն տարակուսելի են։ Նախկին արտգործնախարարը կարծում է, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանը կարող էր այլ որոշում կայացնել ու որպես գործելու ուղի առաջարկում է «մանևրել, մի բան խոստանալ», կոպիտ ասած՝ «ֆռցնել»։ Հայտարարությունը հետաքրքիր է հատկապես այն համատեքստում, որ ԲՀԿ ղեկավարը երբեք դեմ չի արտահայտվել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։ Սա հավանաբար Օսկանյանի անձնական կարծիքն է։ Այս կուսակցությունում բոլորն առանձին վերցրած ունեն անձնական կարծիք, սակայն բոլորը միասին համամիտ են ԲՀԿ նախագահի կարծիքին, որը երբեք չի հակասում հանրապետության նախագահի դիրքորոշմանը։ Պարոն Օսկանյանին հավանաբար պետք է հիշեցնել, թե մինչև սեպտեմբերի 3-ը կամ դրանից հետո ԲՀԿ-ն ինչ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ։ Եթե մոռացել է, ապա հուշենք՝ ամենաջերմ։ Ընդ որում, ավելի փաստացի այդ ամենը պարոն Օսկանյանն ու իր թիմակիցները կարող են տեսնել «Կենտրոն» հեռուստաընկերության ռեպորտաժներում։ Թեև հավանաբար պետք չէ զարմանալ Օսկանյանի նման հայտարարությունների վրա, քանի որ նա իր արտգործնախարար եղած ժամանակ տեղյակ չի եղել ՀՀ արտաքին քաղաքականությունից, ուր մնաց հիմա։

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի մանևրելու, ինչ-որ բան խոստանալու՝ Օսկանյանի ցանկություններին։ Մանևրելը, ինչ-որ բան խոստանալը, որ օսկանյանական լեզվով հնչում է որպես ֆռցնելը, բնորոշ է Օսկանյանին ու իր ընկերներին։ ՀՀ նախագահը երբեք նման քաղաքականություն չի վարել։ ՀՀ արտաքին քաղաքական գիծը շատ հստակ է, և դա է պատճառը, որ Հայաստանը բոլոր կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես վստահելի գործընկեր։ Եթե պարոն Օսկանյանն ու իր ընկերները բոլորի հետ հարաբերություններում փորձում են մանևրել, ապա դա նրանց խնդիրն է, գուցե կարելի է հասկանալ։ Մանևրեք որքան ուզում եք, սակայն զգույշ՝ չմոլորվեք։ Օսկանյանական այս ելույթը հավանաբար յուրահատուկ ռազմինկա էր ԲՀԿ դռնփակ համագումարից առաջ։ Թե ինչ պատճառներ ունի ԲՀԿ փակ դռների քաղաքականությունը, ենթադրել կարելի է”։

 

Անկախ

Մի շարք ապրանքների արտահանումը Հայաստանից Չինաստան էապես կավելացվի

g_image (1)Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին` Ճոու Լիի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչը մեր երկրի առաջնայնություններից է: Ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ»:
Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսական կապերի զարգացումը և նշել, որ դրանց ընդլայնման համար առկա է մեծ ներուժ: Այդ համատեքստում, վարչապետը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է մեծապես ավելացնել Հայաստանից կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտային ապրանքների արտահանման ծավալները Չինաստան:
Ճոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Տիգրան Սարգսյանին փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի ջերմ ողջույնները: «Դուք մեծ ջանքեր եք գործադրում հայ-չինական հարաբերությունների զարգացման համար և Չինաստանը դա բարձր է գնահատում: Հայաստանը մեր երկրի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»,- դիմելով վարչապետին՝ նշել է Ճոու Լին:
Տիգրան Սարգսյանը և Ճոու Լին կարևորել են նաև չինական ավիաընկերությունների ներգրավումը հայկական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ առումով, կողմերը անհրաժեշտ են համարել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կրթության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ մեր երկրին ցուցաբերվող օժանդակության, մասնավորապես, Երևանի ավտոբուսների և շտապ օգնության ավտոպարկերը համալրելու, ինչպես նաև հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու համար: Այդ մասին չինական կողմը հայտարարել էր վարչապետ Սարգսյանի` նախորդ տարվա սեպտեմբերին Չինաստան կատարած այցի ժամանակ:

 

Անկախ

Գարնանը Երևանում տեղի կունենա կայուն հանքարդյունաբերության հարցերին նվիրված համաժողով

g_imageՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափիին, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին: Հանդիպման նպատակն էր՝ քննարկել այս երկրների և ՀԲ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ 2014 թ. գարնանը Երևանում անցկացվելիք կայուն հանքարդյունաբերությանը նվիրված համաժողովին վերաբերող հարցեր:
ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենի խոսքով՝ համաժողովի անցկացումը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում աշխարհում, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով. ընդունվել է «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգիրք, այժմ Ազգային ժողովում է գտնվում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների կողմից մեր երկրի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար, ընդունել հրավերը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ որպես համահովանավոր աջակցել միջոցառման կազմակերպմանը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ համաժողովը թույլ կտա ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը միջազգային ասպարեզում և մասնավոր ներդրումներ ներգրավել հանքահումքային արդյունաբերությունում: Այն, մասնավորապես, պետք է անցկացվի ՀՀ կառավարության որդեգրած կանաչ տնտեսության և կայուն զարգացման սկզբունքների տրամաբանության շրջանակում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ միջոցառման կազմակերպիչների հետ քննարկել և նախապատրաստել կոնֆերանսի օրակարգը:
Իրենց խոսքում Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպաններն ընդգծել են, որ համաժողովն, ըստ էության, երկակի ուղղվածություն ունի՝ քննարկումներում ներգրավել և´ ոլորտի միջազգային ընկերություններին, և´ Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական հասարակությանը: Այս մոտեցումը հնարավորություն կտա երկխոսության դաշտ ձևավորել և հասկանալ, թե ինչպես կարելի է երկուստեք շահավետ կազմակերպել հանքարդյունահանումը: Նրանք տեղեկացրել են, որ կոնֆերանսի կազմակերպմանն աջակցում են նաև Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Հայկական զարգացման բանկը (ADB), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (OSCE), Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող երեք խոշորագույն ընկերությունները և ոչ կառավարական կազմակերպությունները: Այն նախատեսվում է անցկացնել երկու օր՝ շուրջ 70 միջազգային լավագույն փորձագետների, առաջատար ընկերությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել

14.02.49Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանն այսօր ինքնաբացարկ է հայտնել՝ իր վարույթում գտնվող Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի դեմ քրեական գործով:
Վերջինս մեղադրվում է Գյումրիի «հակամարտության» գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ  հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և  235-րդ  հոդվածի 1-ին մասով՝   շատերի կյանքի համար վտանգավոր սպանության փորձ, սպանություն, ապօրինի կերպով զենք ձեռք բերելը:
 Դատավորի ինքնաբացարկի որոշումը ենթակա չէ բողոքարկման:
Այսպես, դատավորը  քրեական գործի նյութերը հետազոտելուց հետո պարզել է, որ 11.02.2014թ. Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրված, 12.02.2014թ.  իրեն մակագրված և 13.02.2014թ. իր վարույթ ընդունված քրեական գործով տուժող Հարություն Խաչատրյանը բնակվել է Արցախ թաղամասում, որտեղ և  բնակվել  է դատավորը, այսինքն՝ եղել են հարևաններ:
«Մենք գտնվում ենք նորմալ հարաբերությունների մեջ, որին տեղյակ է նաև մեղադրվող կողմը: Նշված հանգամանքը մեղադրվողի կողմից կարող է կասկած հարուցել իմ անկողմնակալության մեջ, որի պատճառով հայտնում եմ ինքնաբացարկ»,- նշվում է դատավորի՝ ինքնաբացարկ հայտնելու  որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝  նա  2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և  իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն  Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Այնուհետեւ, ըստ մեղադրական եզրակացության, նա  ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն և ռազմամթերք:
«Փաստինֆո»

Անկախ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ձևավորվել է գեղարվեստական լուսավորությամբ (լուսանկարներ)

001 (4)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, հաշվի առնելով բազմաթիվ երևանցիների առաջարկություններն ու նաև եկեղեցու սպասավորների խնդրանքը, հաստատված նախագծի համաձայն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ապահովվել է գեղարվեստական լուսավորությամբ:

002Այժմ արդեն եկեղեցին իր ողջ հմայքով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ներկայանում է նաև գիշերային ժամերին:

003Աշխատանքներն իրականացվել են քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

 

 

Գագիկ Բեգլարյանը և Մոհամմադ Ռեյիսին քննարկելել են «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի մանրամասները

14022014ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 14-ին հանդիպել է  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ  և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Հանդիպման ընթացքում  կարևորվել են տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը,  նշվել է, որ առաջիկայում  համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու:

Անդրադառնալով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացմանը՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ Տրանսպորտի և կապի նախարարությունն անում է հնարավորինը, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ նախագիծը կյանքի կոչվի:

«Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է, այն  գտնվում է քննարկման փուլում»,-  ասել է նախարարը:

Դեսպանը նույնպես ընդգծելով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար՝ շեշտել է,   որ այն կարող է մեծապես նպաստել Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին:

 Նա հաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը:

Անկախ

Դոլարի գինը բորսայում` 412,1 դրամ

դոլարՓետրվարի 14-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.1 դրամ:

NASDAQ OMX Armenia

Մետրոպոլիտենի 3 աշխատակցի ազատել են աշխատանքից կուտակային դեմ բողոքելու համար

IMG_3122Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հաղորդագրություն տարածեց, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Անկախ-ը պարզեց, որ աշխատանքից ազատված աշխատակիցներից մեկը Անդրանիկ Գևորգյանն է, որը մեզ հայտնեց, որ իրենց աշխատանքից ազատել են աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա` գործատուի կողմից պայմանագրի խզում աշխատակցի նկատմամբ անվստահության համար:

“Հիմա ժողով ենք անում որոշելու ենք մեր անելիքները”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ամսի 12-ին Երևանի մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Անդրանիկ Գևորգյանն անձամբ աշխատողների դիմում-բողոքը հանձնեց ընդունարան: Նա բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից էր, որը նշում էր, որ աշխատողներից առանց նրանց համաձայնության աշխատավարձերի պահումը ակնհայտ իրավունքների ոտնահարում է: Նա նաև դեմ էր արտահայտվում կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչին` ասելով, որ դա մարդու իրավունքների սահմանափակում է:

Ի դեպ, պարտադիր կուտակային համակարգը չի տարածվում Անդրանիկ Գևորգյանի վրա, սակայն նա ակտիվորեն մասնակցում էր ակցիային` պաշտպանելու իր երիտասարդ գործընկերների իրավունքները և որպես գիտակից քաղաքացի իր դիրքորոշումն էր արտահայտում:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը սա ակնհայտ ճնշում է որակում աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:

Նախաձեռնությունը նաև կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ:

“Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին ցուցաբերել իրենց աջակցությունը՝ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում: Առաջարկում ենք նաև սկսել դրամական հանգանակություն այս քաղաքացիներին աջակցելու և նրանց գործերով դատական հայցերի ծախսերի հոգման համար:

Իսկ գործատուներին խնդրում ենք աջակցել այս մարդկանց աշխատանք ապահովելու հարցով, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ընտանիքի կենսական անհրաժեշտության կարիքները:”,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

ստորագրել2Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:

Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից

demՔիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին ցուցաբերել իրենց աջակցությունը՝ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում:

Առաջարկում ենք նաև սկսել դրամական հանգանակություն այս քաղաքացիներին աջակցելու և նրանց գործերով դատական հայցերի ծախսերի հոգման համար:

Իսկ գործատուներին խնդրում ենք աջակցել այս մարդկանց աշխատանք ապահովելու հարցով, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ընտանիքի կենսական անհրաժեշտության կարիքները:

Մաքսային միությանն անդամակցելու հետևանքները

ավանեսյանՀայաստանը խիստ շտապում է Մաքսային միությանն անդամակցել, այնպես, որ նույնիսկ Հայաստանում ՌԴ դեսպանն է զարմանք հայտնում: Բայց պարզվում է կամ ինչպես մեկնաբանում է ՀՀ փոխարտգործնախարարը, ռուսները ոչ թե զարմացած են, այլ հիացած Հայաստանի շտապողականությունից: Մի խոսքով, մեկնարկը տրված է ու ոչինչ չի կարող ազդել ու գոնե փոքր-ինչ դանդաղեցնել Հայաստանի սլացքը դեպի ՄՄ: Մինչդեռ ոչ փոքր ու բավական կարևոր հարցեր կան, որոնց մասին արժեր գոնե մի քիչ խորությամբ մտածել ու նոր միայն շտապել, եթե մտածելուց հետո շտապելու ցանկությունը նախկինի պես ուժգին լիներ:

Դեռևս հունվարի վերջին էր, երբ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հրապարակավ ՄՄ-ին անդամակցելու հետևանքով Հայաստանում կիրառվող մաքսային տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների վերաբերյալ հայտարարեց, որ ՄՄ անդամ 3 երկրներ եկել են փոխհամաձայնության: Օրինակ` մաքսատուրքի դրույքաչափերի կապակցությամբ, ու բնական է, որ եթե Հայաստանն անդամագրվում է Մաքսային միությանը, դժվար է ակնկալել, որ մենք կկարողանանք փոխել արդեն իսկ պայմանավորված դրույքաչափերը, որոնց մի զգալի մասը ակնհայտ բարձր է Հայաստանում կիրառվող մաքսային դրույքաչափերից:

Հետո պարզ դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով. Մաքսային միությունում, ինչպես այս առումով նշեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ապրանքների մի զգալի խմբի համար կիրառվող մաքսատուրքերի դրույքաչափերը հիմնականում ավելի բարձր են, քան Հայաստանում գործող դրույքաչափերն են: Կան նաև ապրանքներ, որոնց համար ՄՄ-ում գործող դրույքաչափերը նույնն են, ինչ Հայաստանում, կան նաև այնպիսի ապրանքների խմբեր, որոնց համար ՄՄ-ում ավելի ցածր դրույքաչափեր են գործում, քան Հայաստանում:

Ներկայացնելով պատկերը` փոխնախարարը նշեց, որ մենք տարիներ ի վեր ընդունել ենք մի մոտեցում, որով ՀՀ արտաքին առևտրային գործունեությունը հնարավորինս հստակեցված կամ պարզեցված է: Այսինքն` մենք ներմուծման պարագայում ունենք կա՛մ 0, կա՛մ 10 տոկոս մաքսատուրքեր: Մենք չունենք մաքսատուրքի տեսքով հաստատագրված վճարներ, համակցված վճարներ` տոկոս գումարած հաստատագրված վճար, չունենք քվոտավորում, չունենք սակագնային քվոտավորում և այլն:
Ի տարբերություն ՀՀ գործող օրենսդրության, ՄՄ-ում գործող մաքսային օրենսգիրքն ունի ավելի տարբերակված մոտեցումներ: Որոշ ապրանքների համար գործում են որոշակի տոկոսային դրույքաչափեր` ապրանքի մաքսային արժեք գումարած մաքսազերծման համար ինչ-որ տոկոս: Կան ապրանքներ, որոնց մաքսազերծման համար հաշվարկվում է հաստատագրված թիվ, կա տոկոս գումարած հաստատագրված գումար մոտեցումը, կամ մեկ այլ հաշվարկի մեթոդ կա` այսքան տոկոս, բայց ոչ պակաս, քան որոշակի թիվ, մաքսային քվոտաներ և այլն:

Հարց է առաջանում` այդ ապրանքների համար Հայաստանում մաքսատուրքերի բարձրացումը շահավե՞տ է, թե՞ ոչ, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել այդ բարձրացումը: Փոխնախարարը նշեց, որ կան ապրանքներ, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացնելը կստեղծի խնդիրներ և՛ արտադրության, արդյունաբերության, և՛ սպառողական գների տեսանկյունից:
«Քննարկումների արդյունքում եկել ենք այն համոզման, որ այնուամենայնիվ, չնայած սկզբունքին, որոշ ապրանքների համար պետք է արվեն որոշակի բացառություններ, և ՄՄ-ին անդամակցելուց հետո նույնիսկ այդ ապրանքները պետք է շարունակեն ունենալ Հայաստանի այսօր գործող օրենսդրությամբ սահմանված մաքսատուրքերի դրույքաչափերը»,- ասաց փոխնախարարը:

Դրանք այն զգայուն ապրանքներն են, որոնց համար ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի գտնում մաքսատուրքերը բարձրացնել, քանի որ դա մեր երկրի տնտեսության և ընդհանուր առմամբ նաև ապրանքների սպառողական գների, հետևաբար նաև մարդկանց սոցիալական վիճակի վրա կարող է խիստ բացասական ազդեցություն ունենալ:

Ըստ Մաքսային օրենսգրքի` ապրանքների անվանացանկը ներառում է 10 նիշից բաղկացած 11 հազար 353 տող ապրանքներ: Ինչպես տեղեկացրեց Գարեգին Մելքոնյանը, ապրանքների մեծ մասի` շուրջ 60 տոկոսի համար ՄՄ գործող դրույքաչափերը ավելի բարձր են, քան ՀՀ գործող դրույքաչափերը: Մոտ 14,5 տոկոսի համար ՄՄ-ում գործող դրույքաչափերն ավելի ցածր են, 17 տոկոսից քիչ ավելին նույնն է, և շուրջ 2 տոկոսն է, որ այլ մեթոդներով է հաշվարկվում` ոչ միայն տոկոսային, այլև համակցված դրույքաչափեր և այլն:
Ըստ այդմ, թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, կենցաղում ամենօրյա օգտագործվող բազմաթիվ ապրանքներ, ցորենը, բրինձը, ձեթը, բենզինը` 5 տոկոսով և այսպես շարունակ:
Սրանից հետո մամուլում, իսկ հետո նաև հանրային ու հասարակական քննարկումներում և պարզապես առօրյայում բոլորը սկսեցին խոսել սպասվող թանկացումների մասին: Բանը հասավ նրան, որ կառավարության անցյալ շաբաթվա նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ այս խնդրին և «պատվիրեց» էկոնոմիկայի նախարարին հանրությանը համոզել, որ թանկացումներն այնքան էլ «վախենալու բան չեն» և չափազանցված են:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողներին հավաստիացրեց, թե Մաքսային միության անդամակցության կապակցությամբ սպասվող գնաճի այն մեկնաբանությունները, որ տրվում են մամուլով, չեն համապատասխանում իրականությանը. նման բան չկա` իրենք այս կապակցությամբ իրենց գնահատականները տվել են շատ վաղուց` ՄՄ-ին անդամակցելու կապակցությամբ Հայաստանում սպասվող առավելագույն ինֆլյացիան կանխատեսելով առավելագույնը 1,5 տոկոս: Իսկ որպեսզի չհասկացվի, որ եթե մենք անդամակցում ենք ՄՄ-ին, ապա Հայաստանում ինֆլյացիան կլինի 1,5 տոկոս, Վահրամ Ավանեսյանը լրացուցիչ պարզաբանեց, որ եթե ՀՀ-ում ինֆլյացիան պետք է լինի 4 տոկոս, ապա կլինի +1,5 տոկոս` ՄՄ անդամակցության հետ կապված:

«Այն գնահատականները, որ մենք տալիս ենք, թե ապրանքների քանի տոկոսն են թանկանալու ՄՄ մտնելուց հետո, պետք է միշտ իմանանք, որ երբ տոկոսային հարաբերությամբ ասում ենք, որ 11 հազար ապրանքատեսակների 60 տոկոսը Մաքսային միությունում ավելի բարձր մաքսատուրք ունեն, քան ՀՀ-ում, 3 իմաստներով չի նշանակում, թե այդ 60 տոկոս ապրանքները թանկանալու են»,- նշեց նախարարը:

Այնուհետև նա պարզաբանեց, թե որոնք են այդ 3 իմաստները: Առաջին` ապրանքներից ոչ բոլորի մաքսատուրքերն են փոխվելու: Այն ապրանքների մաքսատուրքերը, որոնց ներկրումը ՀՀ կատարվում է այն երկրներից, որոնց հետ մենք ունենք ազատ առևտրի համաձայնագրեր (իսկ դրանք ԱՊՀ երկրներն են, ներառյալ Վրաստանը, իսկ ՄՄ մտնելուց հետո կմիանան նաև այլ երկրներ) և մաքսատուրքերը 0 էին, կմնան 0: Եվ այդ 60 տոկոս ապրանքների մեջ, ասաց նախարարը, մտնում են նաև այդ ապրանքները: Իհարկե` այստեղ նախարարի և փոխնախարար Գարեգին Մելքոնյանի ասածների մեջ հակասություն կա, քանի որ փոխնախարարը, որ նաև ՄՄ անդամակցության աշխատանքային խմբի համակարգող է, նշում էր, որ 60 տոկոս ապրանքատեսակների համար մաքսատուրքերի դրույքաչափերը բարձրանալու են, իսկ չբարձրացողներն այլ խմբի մեջ էին մտնում…

Երկրորդ, ըստ Վահրամ Ավանեսյանի, երբ խոսվում է 11 հազար ապրանքատեսակի մասին, ապա Հայաստանում բոլոր 11 հազար դասակարգիչներով ապրանքներ չեն ներմուծվում. ապրանքախմբերի 10-12 տոկոսը կազմում են Հայաստան ներմուծվող ապրանքների 90-95 տոկոսը:
Իսկ նախարարի ներկայացրած երրորդ պատճառը վերաբերում է այն հանգամանքին, որ ՀՀ-ն պատրաստվում է ՄՄ ներկայացնել այն ապրանքների խումբը, որոնք մեր երկրի համար ունեն սոցիալ-տնտեսական կարևոր նշանակություն, և այդ ապրանքների համար մաքսատուրքերի ավելացման հարցում ձեռք բերել բացառություններ: Խոսքն այն զգայուն ապրանքների մասին էր, որոնք նշել էր Գարեգին Մելքոնյանը:
Իսկ թե ինչ կլինի, երբ ակնկալվող բացառությունները Հայաստանը չստանա ՄՄ-ից, ու ինչ պետք է անի կառավարությունը նման սցենարների զարգացման դեպքում, պարզվեց, որ կառավարությունը տվյալ դեպքերում փոխհատուցումներ չի կիրառելու: «Համենայն դեպս, եթե ինձ հարցնեն, ապա դրա պատասխանը միանշանակ ոչ է: Բայց մի բան պետք է նկատի ունենանք` ընդհանուր եթե նայում ենք ՄՄ մտնել-չմտնելուն` այս ապրանքների թանկացումների հետ կապված ես միշտ ասել ու նորից ասում եմ` ՄՄ-ի մտնելու տնտեսական հաշվարկների տեսանկյունից, պետք է միշտ հաշվի առնել, թե չմտնելու դեպքում ինչ էր լինելու: Մենք երբևիցե չենք ասել, թե ՄՄ մտնելով պայմանավորված, ապրանքների վրա մաքսատուրքեր ավելացնելը ճիշտ բան է ՀՀ-ի համար: Դա, ընդամենը, այո, այն բացասական մասն է, որը մենք վերցնելու ենք` մտնելով ՄՄ: Բայց դա շատ ավելի ցածր բացասական էֆեկտ է, քան այն էֆեկտները, որը մենք կունենայինք ՄՄ չմտնելով»,- ասաց Վահրամ Ավանեսյանն ու որպեսզի իր խոսքերն ավելի համոզիչ լինեն, բերեց գազի գնի օրինակը…

Բայց Հայաստանին սպասվող օգուտներն ու վնասները հաշվարկել են ոչ միայն էկոնոմիկայի նախարարությունում, այլև տնտեսական լրագրողները: Իսկ այդ` ավելի մանրամասն հաշվարկները ցույց են տալիս, որ այդ ապրանքների թանկացման պատճառով մենք տարեկան կկորցնենք 140-150 միլիոն դոլար:

Սա ուշագրավ է նրանով, որ գազի թանկացումը մեզ կբերեր միայն 90 միլիոն դոլարի ֆինանսական կորուստ: Այլ կերպ ասած, որպեսզի Հայաստանի հանրությունը գազի թանկացման պատճառով 90 միլիոն դոլարի կորուստ չունենա, իշխանությունը որոշեց անդամագրվել Մաքսային միությանը: Սակայն այդ որոշմամբ իշխանությունը երաշխավորեց, որ այլ ապրանքներ գնելու համար այդ նույն հանրությունը կվճարի 140-150 միլիոն դոլար լրացուցիչ գումար, որովհետև բիզնեսում պարզագույն սկզբունք է` ապրանքի ինքնարժեքի ցանկացած փոփոխություն ուղղակիորեն փոխհատուցվում է հասարակ սպառողների` ժողովրդի գրպանից:

Ուսանողների կարծիքները՝ կրթական քաղաքականության մշակման հիմքում

կգնՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել “Հայաստանի պետական բուհերի ուսանողության մասնակցությունը Բոլոնիայի գործընթացին”  ուսումնասիրության շնորհանդեսը: Բացման խոսքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հետազոտությունը նպատակ  է ունեցել՝  գնահատել Հայաստանի պետական բուհերի ուսանողների ընդգրկվածությունը Բոլոնիայի գործընթացում, ինչպես նաև պարզել, թե ուսանողությունը  ինչպես է ընկալում բոլոնյան գործընթացի  բաղադրիչները: <<Կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման տեսանկյունից մենք շատ ենք կարևորում բոլոր շահառուների կարծիքները. հատկապես ուսանողների կարծիքները մեզ համար հետադարձ կապի լավագույն միջոցն են: Ուսումնասիրության արդյունքները հիմք են ծառայելու և հաշվի են առնվելու  հետագա կրթական քաղաքականության մշակման համար: Ուսանողների գնահատականներն ու կարծիքները, որոնք տեղ են գտել  հետազոտության մեջ համարում եմ բավական օբյեկտիվ: Թեև կա որոշակի վերապահում կրթության ոլորտի բարեփոխումների նկատմամաբ, ինչը համարում եմ բնական, սակայն ակնհայտ է նաև նրանց ցանկությունը՝ դառնալու կրթական քաղաքականության և ծրագրերի շարժիչ ուժն ու բաղկացուցիչ մասը: Այս իմաստով ներկայացվող հետազոտությունը, որը ներառում է կրթության ակադեմիական իրավիճակի գնահատականը,  մեզ համար ունի ախտորոշիչ նշանակություն”,- բացման խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ կատարված ուսումնասիրության երկրորդ հատվածը, որը վերաբերում է ուսանողների սոցիալական իրավունքներին ու խնդիրներին, կներկայացվի առաջիկայում:
Ներկայացված գնահատականներից ԿԳ նախարարը դրական ցուցիչ է համարել այն, որ շատ ուսանողներ մագիստրատուրայում ուսանելը  դիտել են կարևոր հանգամանք և այն գնահատել բակալավրիատից տարբերվող կրթական ծրագիր. “Մի քանի տարի առաջ կար ընկալում, թե մագիստրատուրան ավելորդ է: Շատ կարևոր եմ համարում նաև ուսանողների պատրաստակամությունը ներգրավվելու բուհի կառավարմանը, հատկապես բուհական բյուջեի ծախսերի թափանցիկությունն ապահավելու հարցում: Ցավոք, մտահոգիչ է օտար լեզուների իմացության մակարդակի հարցը, որը փաստվել է մի քանի այլ հետազոտություններով նույնպես: Փորձը ցույց է տալիս., որ մեր ուսանողները օտար լեզու սովորելու պահանջին լուրջ ուշադրություն են դարձնում միայն այն ժամանակ, երբ դա կիրառական նշանակություն է ունենում իրենց համար: Օրինակ. երբ գալիս է թեզի պաշտպանության պահը կամ միջազգային որևէ ծրագրի մասնակցելու ցանկություն են ունենում, սկսում են շատ արագ բարելավել լեզվի իմացության մակարդակը: Ներկայացված արդյունքները գոհացուցիչ եմ համարում հատկապես այն, որ բուհերում շատ վիճահարույց և պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ռոտացիոն համակարգը, որը ապահովում է ուսանողների տեղափոխությունը վճարովիից անվճար և հակառակ ուղղությամբ, բավական բարձր դրական գնահատականի է արժանացել՝ 80 տոկոսից ավելին համակարգն արդյունավետ է  գանահատել:Իհարկե կան նաև խնդիրներ, բայց սա վկայում է, որ համակարգի ներդնումն արդարացված է”,- նշել է նախարարը:
Հետազոտությունն  իրականացվել է 2013թ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ ԿԳՆ պատվերով՝  “Այ Փի Էս Սի” Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի կողմից: Ներկայացնելով արդյունքները՝ կենտրոնի վերլուծաբան Ս. Մանուկյանը նշել է, որ  հետազոտությանը մասնակցել են Հայաստանի պետական համալսարանների բակալավրիատում և մագիստրատուրայում առկա ուսուցմամբ սովորող Հայաստանի քաղաքացի հանդիսացող 1202 ուսանողներ, ովքեր փաստել են, որ բոլոնյան գործընթացի նկատմամբ վստահությունը մեծացել է:
Բոլոնիայի գործընթացում ընդգրկվածության կարևոր նախապայման է դիտվել  օտար լեզվի իմացությունը, կրեդիտային համակարգի ներդնումը, ինչպես նաև ռոտացիոն համակարգի արդյունավետությունն ու ուսանողական շարժունությունը:
Հետազոտության արդյունքնեով՝  բակալավրիատի ուսանողների 58.6%-ը և մագիստրատուրայի` 78.7%-ը ռուսաց լեզվի իրենց իմացությունը գնահատում են “լավ” կամ “գերազանց”, իսկ անգլերենի դեպքում դա համապատասխանաբար` 36.6% և 50.9% է:
Ռուսերենի և անգլերենի իմացությունը կտրուկ աճում է մագիստրատուրայի ավարտական կուրսում, երբ ուսանողները թեզի պատրաստման ընթացքում ինտենսիվ օգտվում են օտարալեզու գրականությունից:
Բակալավրիատի ուսանողների 30.1%-ը, իսկ մագիստրատուրայի` 52.6%-ը, համարում են, որ իրենք լավատեղյակ կամ բավարար տեղյակ են Բոլոնիայի գործընթացից, իսկ կրեդիտային համակարգից տեղեկացվածությունը գնահատում են համապատասխանաբար` 73.4%  և  82.6%-ը:
Բակալավրիատի ուսանողների 69.0%-ը տեղյակ են, թե ինչ առարկաներ են ուսանելու հաջորդ կիսամյակում, իսկ 57.9%-ը` ուսման ամբողջ ընթացքում: Մագիստրատուրայում այդ ուսանողների քանակը համապատասխանաբար` 59.1% և 55.1% է: Այդ ուսանողները սկզբունքորեն ունակ են մասնակցել իրենց անհատական ուսուցողական ծրագրերի կազմավորմանը, որը Բոլոնիայի գործընթացի բաղադրիչ է:
Մագիստրատուրայի ուսանողների 56.2%-ը համարում է, որ մագիստրատուրայի ծրագրերը որակապես տարբերվում են բակալավրիատի ծրագրերից, 75.3%-ը համարում է, որ դրանք տարբերվում են նաև մասնագիտական առումով, իսկ 45.5%-ը համարում է, որ մագիստրատուրայի դիպլոմով աշխատանք գտնելն ավելի հեշտ է:
Ինչ վերաբերում է ռոտացիոն համակարգին. համալսարաններում անվճար համակարգից վճարովի և հակառակ ուղղությամբ անցում են կատարել ուսանողների 18.0%-ը: Ուսանողների 84.6%-ը համարում է, որ վճարման համակարգի ռոտացիոն սկզբունքը “լիովին արդարացի է” կամ “ավելի շուտ արդարացի է”:
Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսանողների միջազգային փոխանակմանը մասնակ¬ցել ցանկացող ուսանողների 55.1%-ի կարծիքով՝ դրան խոչընդոտում են ֆինանսական դժվարությունները,  31.1%-ի կարծիքով` արտասահմանում ուսման մասին տեղեկությունների պակասը Հայաստանում, 25.6%-ի կարծիքով`  անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման և լրացման դժվարությունները, 23.1%-ի՝ կարծիքով ընթացակարգերի երկար տևողությունը, 21.1%-ի կարծիքով` իրենց նախընտրած դասընթացների բացակայությունը:
Նշվում է նաև, որ բուհական համակարգում անխուսափելի են վարձավճարների և աշխատավարձերի բարձրացման հետ կապված կոնֆլիկտները, քանի որ մոտակա 10 տարիների ընթացքում նվազելու է բուհական տարիքի երիտասարդների քանակը, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի քանակը չի կրճատվում և առկա է ինֆլյացիա: Այդ կոնֆլիկտները կոնստրուկտիվ հունով կարգավորելու համար առաջարկվում է թափանցիկ և ընկալելի դարձնել բուհերի բյուջեները: Այդ դրույթի հետ համաձայն են ուսանողների 47.2%-ը, հատկապես նրանք, ում համար դժվար է ուսման վարձի վճարումը:

Բելգիան օրինականացրեց մանկական էվթանազիան

11651Բելգիայի խորհրդարանն ընդունեց անբուժելի հիվանդ անչափահասների համար էվթանազիայի մասին օրենքը:

Նախագիծը պաշտպանել է 86 պատգամավոր, դեմ է արտահայտվել 44 մարդ, ձեռնպահ` 12-ը: Որոշումն ուժի մեջ կմտնի երկրի թագավորի ստորագրման պահից 10 օր անց:

Օրենքի համաձայն, անչափահասները կարող են խնդրել այն աշխարհ կամավոր հեռանալու մասին, եթե ցավն անտանելի է ու թեթևացնելու միջոցներ չկան և բժիշներն էլ հույս չեն տալիս:

Մանկական էվթանազիային դեմ  քրիստոնյա դեմոկրատները հայտարարում են, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ոչ բնակչությունից, ոչ էլ մասնագետներից նման ոչ մի հարցում մի եղել:

Դեմ քվեարկած պատգամավորները վրդովված են նվազագույն տարիքային շեմի բացակայությամբ, թե որ տարիքի երեխաները կարող են սեփական մահվան վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնել:

2002-ից Բելգիայում ընդունվեց մեծերի էվթանազիան:

Անկախ

Ոստիկանները հետապնդել և բռնել են փախչող գողին

ձերբակալությունՓետրվարի 12-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում շրջագայելիս նկատել են մի տղամարդու հետևից խուճապահար վազող մեկ այլ տղամարդու:
Ոստիկաններն անմիջապես հետապնդել են փախուստի դիմող քաղաքացուն, բռնել և բերման ենթարկել բաժին: Պարզվել է, որ նա` 1975 թ. ծնված Էդուարդ Ե.-ն, 1978 թ. ծնված Ազատ Հ.-ի խորդանոցի փականը կոտրելով`փորձել է գողություն կատարել:
Կատարվում է հետաքննություն:

 

Կինը գողացել է հայրական տանը հյուրընկալված մեկ այլ կնոջ հեռախոսը

գողությունՈստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները փետրվարի 12-ին, ժամը 15.00-ին, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ռուզաննա Ս.-ին:
Պարզվել է, որ նա փետրվարի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, գտնվելով Լոռու մարզի Ձորագետ գյուղի հայրական տանը` հափշտակել է նույն տանը հյուրընկալված, 1983 թ. ծնված Նաիրա Ա.-ի բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:

 

Նռնակի պայթուցիչ և փամփուշտներ` «Արծվի թև» հուշարձանի մոտ

նռնակ է հայտնաբերվելՓետրվարի 12-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Աշտարակ-Գյումրի ճանապարհին, «Արծվի թև» հուշարձանի մոտ, զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտ, նռնակի պայթուցիչ և «ԴՇԿ» տիպի գնդացրի փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Երևան-Իջևան ճանապարհին «Մերսեդես»-ներ են բախվել

ավտովթարՓետրվարի 12-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Մերսեդես C-500» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես Սպրինտեր»-ի 2 ուղևորները և «Մերսեդես C-500»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: