Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ոստիկանների վետերանների խորհրդի անդամների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում` հուլիսի 22-ին, ժամը 06.00-ին, «Հաղթանակ» զբոսայգուց բերման են ենթարկվել 1996 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և նույն թվականին ծնված Ռաֆայել Մ.-ն:
Նոր և անհավանական դրվագներ գեղեցկության սրահի վարսահարդար կնոջ գործունեությունից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է դոլարի առք և վաճառք
Համշենահայերն իրենց իրական ծագման հարցում կասկածների ու որոնումների մեջ են
Համշենահայերի շրջանում իրենց` հայ չլինելու գաղափարի տարածումը Թուրքիայի կողմից հետևողականորեն շարունակվում է:
Թուրքիայի Հոպա քաղաքից Հայաստան ժամանած համշենահայեր Ասլան Ջանջը և Ռեմզի Գեդիքը այսօր լրագրողների հետ զրուցեցին համշենահայերին հուզող խնդիրների, ինչպես նաև վերջերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Հոպայում ծրագրած միջոցառման չկայանալու պատճառների մասին։
Համշենահայերի՝ Հայաստան ժամանելու նպատակը զբոսաջրջությունն է, համշենահայերի ու հայերի միջև մշակութային, պատմական առնչություններին անմիջականորեն ծանոթանալը։
Ասլան Գանջը, ով աշխատում է Հոպայի քաղաքապետարանում, Հայաստանում է արդեն 3-րդ անգամ։ Այս անգամ եկել է գնացքով, ընկերների հետ, որոնց թվում է նաև Հոպայում ծնված Ռեմզի Գեդիքը:
Համշենահայերը, նրանց տեղեկացմամբ, հիմնականում թեյի մշակմամբ են զբաղվում, աշխատում տրանսպորտի, առևտրի ոլորտներում, զբաղվում անասնապահությամբ, թեև մի ժամանակ անասնապահությունը համշենահայերի շրջանում ավելի տարածված էր: Բանախոսների տվյալներով` Թուրքիայում շուրջ 35-40հզ. համշենահայ է ապրում, սակայն համշենահայերենը մոռացության է մատնվում և ոչ բոլոր հայերն են խոսում հայերենով:
Համշենահայերը կարևորեցին սակայն Թուրքիայում համշենահայերի մշակութային և այլ ավանդույթների, լեզվի պահպանման խնդիրը հանձն առած “Ստամբուլի “Հատիկ” կազմակերպության դերը, որն արդեն 2-րդ անգամ փառատոն է կազմակերպում, նախաձեռնում այլ միջոցառումներ: Մոտ ամիսներին կհրատարակվի նաև առաջին համշենակայկական` “Գոր” (համշենահայերեն` հավաքական աշխատանք) ամսագիրը Թուրքիայում:
Ասլան Ջանջը նշեց, որ համշենահայերի շրջանում նրանց` հայ չլինելու գաղափարի տարածումը Թուրքիայի կողմից հետևողականորեն շարունակվում է, օրինակ` Թուրքիայի պատմաբան Քիրզիօղլուն անընդհատ տարածում է, որ համշենահայերը ծագել են օղուզական ցեղերից, “և սա բնականաբար իր ազդեցությունն է ունենում նաև բնակչության շրջանում, որոնումների մեջ են ընկնում, կասկածներ ունենում իրենց ծագման հարցում, սակայն համշենահայ երիտասարդները, ստանալով կրթություն, ուսումնասիրում են խնդիրը, հետաքրքրվում իրենց իրական արմատներով”,-նշեց Ասլան Ջանջը :
Ցեղասպանության հարցում մոտեցումը միանշանակ է. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և ոչ միայն հայերի, այլ նաև ասորիների, հույների և այլն: Ըստ նրանց` այս պետք է լուծվի երկու պետությունների միջև:
“Անկախ”-ի այն հարցին, թե համշենահայերն ինչպե՞ս են անվանում իրենց զավակներին, կա՞ն ավանդական հայկական անուններ, բանախոսները պատասխանեցին, որ 17-18րդ դարում համշենահայերի իսլամացման հետևանքը թուրքական անուններն են, բացառությամբ որոշ համշենահայերի, որ իրենց զավակներին կոչում են հայկական անուններով` Արեվ և այլն:
Ինչ վերաբերում է վերջերս Հոպայում տեղի ունեցած միջադեպին, ապա համշենահայերը տեղեկացրին, որ “Իրանի իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորմանը հարող կազմակերպության ներկայացուցիչները Հոպայում Ռամադանի կապակցությամբ “Իֆթարի” (սուրբ) սեղան բացելու ցանկության են ունեցել, սակայն բնակչությունը, տեղյակ լինելով, որ այդ կազմակերպության ներկայացուցիչները կապ ունեն իսլամական ծայրահեղական կազմակերպության հետ, կանխել են այդ նախաձեռնությունը:
Օգոստոսի 1-ից սպառողական ապրանքները կթանկանան
«Անգամ զարգացած երկրներում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, էլեկտրաէներգիայի 10 տոկոս թանկացումը իր հետևանքները կունենար, և 0.5-1 տոկոս գնաճ տեղի կունենար: Հայաստանում անհամաչափ բարձրացումներ տեղի կունենան. բացահայտ գնաճը կկազմի 3 տոկոս, ոչ տեսանելին ` 5», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը` խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո հավանական գնաճից:
«Օրինակ, դիտարկենք, հացի արտադրամասերը, նրանք միշտ նույն քանակով են հաց թխում և նույն քանակությամբ ալյուր օգտագործում: Անտեսանելի գնաճը այստեղ այսպես է տեղի ունենում. 250 գրամանոց հացը դառնում է 200 գրամ, սակայն սպառողի համար սա աննկատ է մնում, քանի որ սովորաբար հացերը վաճառվում են առանց փաթեթավորման , որի վրա գրված կլիներ քաշը», – նշեց նա:
Նման քայլեր կիրառվում են նաև թթվասերի սպառման ժամանակ. 450 գրամանոց թթվասերը վերածվում է 400 գրամի, սակայն առաջին հայացքից դա չի երևում. Տարան նույնն է մնում: Սակայն պիտակի վրա գրվում է, որ պարունակությունը 400 գրամ է, այսինքն` արտադրողին տուգանել հնարավոր չէ: Ըստ Պիպոյանի` սա ընդունված մարքեթինգային հնարք է, որն ընդունված է ամբողջ աշխարհում:
Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի թանկացումը մեծ ռիսկեր է ստեղծելու սննդի պահպանման պայմանների առումով: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ գիշերները խանութներում սառնարանները անջատվեն էլեկտրաէներգիան խնայելու համար, իսկ հաջորդ առավոտյան սննդի անվտանգությանը այլևս վստահել հնարավոր չի լինի:
Անդրադառնալով վերջերս ձմերուկից թունավորումներին, Պիպոյանը նշեց, որ այդպես էլ չհրապարակվեց` արդյոք ձմերուկը ներկրված էր, թե տեղական. «Սխալ է ասելը, թե այլ երկրներից ներկրված ապրանքները վտանգավոր են, իսկ մեր ապրանքները` ոչ: Հայաստանում առայսօր հաստատված չէ բուսական ծագմամբ մթերքների անվտանգության ստուգման կարգը», – ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը` միևնույն ժամանակ ընդգծելով, որ Սննդամթերքի անվտանգության ծառայության հավաստիացումները, թե ներկրված ձմերուկները «մաքուր» են, քանի որ մանրամասն ստուգվում են սահմանին, միանգամայն անհիմն են:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է մայրաքաղաքի «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանի հանդիսավոր բացմանը
Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում մի քանի ամիս տևած աշխատանքների արդյունքում թարմացվել և արդիականացվել է «Ծարավաղբյուր» ջրահավաք կայանը, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
1963 թվականին կառուցված «Ծարավաղբյուր» ջրահավաք կառույցը՝ իր պոմպակայանով և քլորակայանով, մայրաքաղաքը սնուցող 10 աղբյուրներից մեկն է, և այս սանիտարական գոտում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ իրականացվել էին դեռևս 70-80-ական թվականներին: Տարոն Մարգարյանը քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և «Երևան Ջուր» ՓԲԸ տնօրեն Գոռ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է կատարված աշխատանքներին ու կայանը սպասարկող անձնակազմի համար ստեղծված պայմաններին: Քաղաքապետին ներկայացնելով կատարված աշխատանքների ծավալները՝ «Երևան Ջուր» ընկերության տնօրենը նշել է, որ սանիտարական գոտու վերանորոգումն իսկապես անհրաժեշտություն էր: Տարիների ընթացքում խիստ անհրաժեշտություն էր ծագել վերանորոգել ջրհավաք կառույցները, ջրագծերը, ընդունիչ խցերը, սպասարկման ճանապարհը, քլորատունը, ինչպես նաև ապահովել տարածքի գիշերային լուսավորությունը:
«Վերանորոգման ծրագրի շրջանակում ամբողջովին վերակառուցվել են դրենաժային 3 համակարգերը, ինչի արդյունքում ջրամատակարարումը դարձել է ավելի հուսալի, իսկ ջրի որակը՝ ավելի ապահով: Միևնույն ժամանակ մոտ 15լ/վրկ. ավելացել է սպառողներին մատակարարվող ջրի քանակը: Վերակառուցվել են գործող ջրահավաք խցերն ու կառուցվել է ևս մեկը: Նոր կառուցված խցից ջուրը հիմնական ջրատարին հասցնելու համար կառուցվել է 500 մմ տրամագծով 400 գծամետր մետաղական խողովակաշար: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում վերանորոգվել են նաև էլեկտրաենթակայանը, պահակատունը, սանիտարական գոտին սպասարկող ճանապարհը»,- նշել է Գոռ Գրիգորյանը:
Պատասխանատուները քաղաքապետին նաև զեկուցել են, որ ներկայում այստեղից ինքնահոս եղանակով վայրկյանում 275 լիտր ջուր է մղվում դեպի Ծիծեռնակաբերդի օրվա կարգավորիչ ջրամբար, որտեղից այն մատակարարվում է Կենտրոն վարչական շրջանին՝ մասնավորապես Կիլիկիա թաղամասին, մասամբ նաև՝ Շենգավիթ վարչական շրջանին:
Ծանոթանալով կատարված աշխատանքներին ու ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավման ուղղությամբ, որպեսզի արդեն առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովվի ողջ Երևանում. «Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում առկա հիմնախնդիրների շարքում առաջնահերթ կարգավորում են ենթադրում նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացումն ու զարգացումը: Եվ այս տեսանկյունից մեր կողմից առանձնակի կարևորվում և խրախուսվում են բոլոր այն նախաձեռնումները, որոնք ուղղված են այդ նպատակին: Մայրաքաղաքը սնուցող ջրատարների և աղբյուրների վերակառուցման ծրագրի շրջանակում լուծվեց ևս մեկ շատ կարևոր խնդիր, որի արդյունքում մայրաքաղաքի որոշ տարածքների բնակիչների ջրամատակարարումը ևս դարձավ ավելի հուսալի, իսկ ջրի որակը՝ ավելի ապահով: Երևանի ջրամատակարարման որակի ապահովմանը զուգահեռ, պետք է հետևողական աշխատանք տարվի նաև մայրաքաղաքում 24-ժամյա ջրամատակարարման ապահովման ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել երևանցիներին որակյալ ջրամատակարարում ապահովելուն ուղղված ընկերության կողմից իրականացվող ծրագրերի կյանքի կոչմանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ընկել է բեռնատարում բարձած խոտի դեզի վրայից
Հուլիսի 22-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գոտկային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Լյովա Բ.-ն և հայտնել, որ վնասվածքն ստացել է խոտի դեզից վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «Կալի հողեր» կոչվող հանդամասում «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով խոտ տեղափոխելիս` բարձված խոտի դեզը քանդվելու և վրայից ընկնելու հետևանքով:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունք:
PayPal-ն արդեն հասանելի է Հայաստանում
PayPal («ՓեյՓալ») հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է փոխարինել idram-ի («Իդրամ»), ինչպես նաև հեշտությամբ կանխիկացնել «ԻԴՐԱՄ»-ի մասնաճյուղերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «ԻԴՐԱՄ» ընկերության զարգացման բաժնի ղեկավար Նարեկ Վարդանյանը:
PayPal -ն էլեկտրոնային վճարումների և դրամական փոխանցումների ոլորտում համաշխարհային առաջատարներից է: Համակարգն ունի շուրջ 100 միլիոն ակտիվ օգտատեր, գործում է աշխարհի 190 երկրներում, աշխատում է 25 արտարժույթներով:
«Այսօր կարողացանք մատուցել մի ծառայություն, որի շնորհիվ «PayPal»-ի հաշվին եղած գումարն արդեն հնարավոր է փոխարկել «ԻԴՐԱՄ»-ի, ինչպես նաև՝ կանխիկացնել ԻԴՐԱՄ մասնաճյուղերում: Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է նշել միայն անուն-ազգանունը և անձնագրային տվյալները, ինչից հետո օգտատերը կարող է գալ ու իր գումարը ստանալ մեր տասնչորս մասնաճյուղերից մեկում: Հաշիվ բացելու կարիք այլևս չկա», – նշեց Նարեկ Վարդանյանը:
Արդեն գործում է մասնագիտացված paypal.idram.am կայքը, որտեղ նշելով ստացողի անունը` վայրկյանների ընթացքում հնարավոր է իրակացնել PayPal-ի կանխիկացման գործարքը: Շուտով հնարավոր կլինի նաև հակառակ գործընթացը` PayPal դրամապանակի լիցքավորում idram հաշվից:
Բացի PayPal-ից, Իդրամի միջոցով հասանելի են նաև Google Wallet և WebMoney վճարային համակարգերը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաները տարին մոտ 25%-ով աճ են գրանցում, իսկ եթե չլինեին սահմանափակող որոշ խնդիրներ, ոլորտում ավելի մեծ աճ կգրանցվեր: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ այդ խնդիրների թվում էր նաև էլեկտրոնային առևտուրը. «Մաքսային օրենսգրքում նախատեսված են որոշ փոփոխություններ, որոնց շնոհիվ կհեշտացվի փոքր ծավալի տեղափոխումների մաքսազերծումը: Հուսով եմ, որ այդ փոփոխություները կընդունվեն այս տարի արդեն: Մեր որոշ բանկեր «Visa inpair» համակարգ են գնել, որը հեշտացնում է դրսի գնորդների այստեղ առևտուր անելը: Բայց շատ կարևոր էր Հայաստանից վաճառողների համար «PayPal»-ի նման նորարարության գործարկումը»,-ասում է Կարեն Վարդանյանը:
Ըստ նրա տվյալների` Հայաստանում մոտ 1500 մարդ է առցանց աշխատում է և իր մտավոր կարողությունները վաճառում: Նախկինում նման մարդկանց համար դժվար էր իրենց դրամի կանխիկացումը. տարբեր բանկերից կանխիկացնելով՝ նրանք ամեն տեղ որոշակի տոկոսներ էին կորցնում: «ԻԴՐԱՄ»-ի կողմից այս համակարգի ներդրումը կօգնի խուսափել դրամական կորուստներից: Բացի այդ, սա խրախուսում է նաև փոքր և միջին ձեռնարկատերերին մուտք գործել առցանց միջավայր:
«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթն առաջին անգամ Երևանը կներկայացնեն նաև հաշմանդամ մարզիկներ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հանդիպել է ՀՀ նախագահի մրցանակի «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի Երևանը ներկայացնող հաշմանդամ մարզիկներին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բարի երթ մաղթել նրանց այդ մարզական ստուգատեսում: Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը, ի թիվս այլ ծրագրերի, այսուհետ ևս հնարավորին նպաստելու է հաշմանդամ մարզիկների ակտիվ ներգրավվածությանը մարզական միջոցառումներին: Հաշմանդամ մարզիկները քաղաքապետի տեղակալին վստահեցրել են, որ հավուր պատշաճի են պատրաստվել մրցումներին, ներդնելու են ողջ կարողությունները հաջողության հասնելու համար և խնդրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել իրենց երախտագիտությունը մշտական աջակցության, ինչպես նաև տվյալ մրցաշարին մասնակցելու անհրաժեշտ գույքով, մարզական հանդերձանքով և հաշմանդամասայլակներով ապահովելու համար: «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթում Երևանը կներկայացնի հաշմանդամություն ունեցող անձանց երևանաբնակ 5 ընտանիք և մեկական ընտանիք Չարենցավանից և Վարդենիսից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
Վագոն-տնակներում բնակվողները խրոնիկական հիվանդություններ են ձեռք բերել (տեսանյութ)
Գյումրու վագոն-տնակներում, ուր ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան, երկարատև բնակվողները խրոնիկական մի շարք հիվանդություններ են ձեռք բերել:
«Շիրակ կենտրոնի» հերթական տեսանյութը Գյումրու տնակային ավաններից մեկում ամուսնու վաղաժամ մահից հետո միայնակ երկու մանկահասակ երեխաների հետ խոնավությունից բորբոսնած պատերով կացարանում բնակվող երիտասարդ կնոջ մասին է:
Այցելության օրը երեխաների մայրը նոր էր վերադարձել հիվանդանոցից:
Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Ընդերքի մասին ՀՀ օրենսգիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Անասնաբուժության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքները:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 22-ից 23-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 19-ը, խարդախության` 11 դեպքից 10-ը, կաշառակերության՝ 2, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության և դրամանենգության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
4 ժամում` 22 անսթափ վարորդ
Հայաստանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ
Աշխատանքային այցելությամբ Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվեց հայ-իտալական օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների։
ԵՄ-ում Իտալիայի նախագահության համատեքստում մտքեր փոխանակվեցին Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ։
ՎԱՇԽԱՌՈՒԹՅՈՒՆ. ՈՉ ԹԵ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Գումարը, գույքը կամ, այսպես ասած, կապիտալը տնօրինելը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացուն: Նա է որոշում` իր գումարը պահել տանը` բարձի տա՞կ, բանկո՞ւմ, թե՞ տալ տոկոսով:
Գումարը տոկոսով տալու դեպքում ոչ բոլոր քաղաքացիներն են հաջողում «չենթարկվել» քրեական պատախանատվության: Եթե տոկոսի գումարը ՀՀ Կենտրոնական բանկի բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցում է, ապա դա ոչ թե դիմացինին օգնելու ցանկություն է, այլ` վաշխառություն: ՀՀ քրեական օրենսգիրքը խիստ է հատկապես վաշխառություն իրականացրած անձանց նկատմամբ: Վաշխառություն կատարած անձանց սպառնում է ազատազրկում մինչև 4 տարի ժամկետով:
ՊԱՐՏՔՈՎ ԳՈՒՄԱՐ` ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ
2009-ի ապրիլի սկիզբն էր: Քաղաքացի Հովհաննես Բ.-ն առևտրային գործունեություն ծավալելու համար որոշում է պարտքով գումար ճարել: Օրերն անցնում էին, բայց Հովհաննեսը նպատակասլաց էր, ու ցանկանում էր, որ ձեռնարկված գործը չձախողի… Այդ նպատակով Հովհաննեսը Սվետլանա Ս.-ի և Ռոբերտ Թ.-ի միջոցով ծանոթանում է Սուսաննա Պ.-ի հետ: Կնոջ հետ Հովհաննեսը երկար է շփվում: «Պայմանավորվածության» համաձայն` Հովհաննեսն ամսական 6 տոկոս հավելավճար տալու պայմանով տիկնոջից վերցնում է 51.000 ԱՄՆ դոլար:
Գործի գլուխ կանգնած կինը գումարը հեշտությամբ է տալիս, բայց երաշխիքներ է ուզում: Ի վերջո, որպես գումարի վերադարձման երաշխիք` Հովհաննեսը, իբր, ձևական առուծախի պայմանագրով Սուսաննա Պ.-ին է հանձնում իր հորը` Նավասարդ Բ.-ին պատկանող առանձնատունը, որ գտնվում է Կոտայքի մարզի գյուղերից մեկում:
2009-ի ապրիլի վերջն էր. նոտարական վավերացմամբ առուծախի պայմանագրով վերոհիշյալ տունը Սուսաննա Պ.- ի անվամբ գրանցելուց հետո վերջինս Երևան քաղաքի նոտարական գրասենյակներից մեկի մոտ Հովհաննես Բ.-ին է տալիս 51.000 ԱՄՆ դոլար գումար և նույն պահին էլ ստանում երկու ամսվա տոկոսագումարի հավելավճարը:
Հովհաննեսը դեռ չգիտեր, որ տոկոսով գումար վերցնելն ու բիզնես հիմնելը չիրագործվող երազանքի պես մի բան է: Պայմանավորվել էր ընկերոջ հետ, ընկերոջն էր վստահել ու գումարը տվել նրան` շենք-շինությունում տարածք վարձակալելու, վերանորոգելու, պետական ռեգիստրի գործակալությունում հիմնարկ գրանցելու և այլ ծախսեր իրականացնելու նպատակով: Ըստ ժողովրդական ասացվածքի` ընկերոջ հետ կերուխում են անում, բայց գործով չեն զբաղվում:
Հովհաննեսն իրեն մի քանի ամիս շռայլություններ էր թույլ տալիս, բայց ամեն ինչ դեռ նոր էր սկսվում: Ապագա գործարարն իր ծանոթ Սվետլանա Ս.-ի և Ռոբերտ Թ.-ի միջոցով Սուսաննա Պ.-ին է փոխանցում հաջորդ ամիսների հավելավճարների ընդամենը մի մասը:
Դրանից հետո Հովհաննեսը չի կարողանում վերադարձնել պարտքով վերցրած գումարը և վճարել հավելավճարները: Փորձում է այլ անձից դարձյալ փոխարինաբար գումար վերցնել և մարել կնոջ պարտքի գումարը: Այդ նպատակով դարձյալ դիմում է իր ծանոթ Ռոբերտ Թ.-ին, որը Արմինե Ա.-ի միջոցով ծանոթանում է տոկոսով գումար տվող Օֆելյա Խ.-ի հետ: Վերջինս համաձայնում է Հովհաննեսի հորը փաստացի պատկանող և Սուսաննա Պ.-ի անվամբ գրանցված տունը, դարձյալ ձևական առուծախի պայմանագրով, իր անվամբ վերաձևակերպելուց հետո, ամսական 10 տոկոս հավելավճարով տալ 40.000 ԱՄՆ դոլար: Օֆելյա Խ.-ի առաջադրած պայմանի համաձայն՝ Հովհաննեսը երկու ամիս հետո պետք է վերադարձներ ամբողջ, այսպես ասած, մայր գումարը և խոստացած երկու ամսվա հավելավճարը:
Մղձավանջ թվացող գործարքից անցել էր 1 տարի և մի քանի ամիս:
Նոտարական գրասենյակներից մեկի մոտ Հովհաննեսի համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում Սուսաննա Պ.-ի և Օֆելյա Խ.-ի միջև կնքվել է տան առուծախի ձևական պայմանագիր, որի հիման վրա իր հորը սեփականության իրավունքով պատկանող առանձնատունը 18.000.000 ՀՀ դրամի դիմաց վերաձևակերպվել է Օֆելյա Խ.-ի անվամբ: Հովհաննես Բ.-ի և Օֆելյա Խ.-ի պայմանավորվածության համաձայն` 18.000.000 դրամի մեջ ներառվել է ամբողջ գումարը և երկու ամսվա հավելավճարները: Դրանից հետո, Հովհաննեսը չի կարողանում Օֆելյա Խ.-ին վճարել ինչպես պարտքի գումարը, այնպես էլ հավելավճարները, որի պատճառով 2010 թ. մայիսին վերջինս հայցադիմում է ներկայացնում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` տան առուծախի պայմանագրի հիման վրա անշարժ գույքը Հովհաննես Բ.-ին ապօրինի տիրապետումից ազատելու պահանջով:
ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արագացված կարգով կատարում է, այսպես ասած, քաղաքացիական գործով դատավարությունը: Գործով տուժող կինը՝ Օֆելյա Խ.-ն, հաղթում է դատը: Դատարանը որոշում է առանձնատնից վտարել Հովհաննես Բ.-ին և իր հորը:
Շատ չանցած, տուժողի հաղորդման հիման վրա, նախապատրաստված նյութերով՝ հարուցվում է քրեական գործ, և դատարանը ըստ ընդդատյա վարույթն ուղարկում է նախաքննական մարմին:
Իր ծուղակը գցող կնոջը ոչ հաճելի իրադարձություններ էին սպասվում: Շուտով վարույթն իրականացնող անձինք նրան՝ Օֆելյա Խ.-ին, գործով մեղադրյալ ներգրավելու մասին որոշում են կայացնում և մեղադրանք առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (վաշխառություն, որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ) հատկանիշներով նախատեսված արարքի կատարման համար:
Նախաքննական մարմինը հիմնավորել է. քաղաքացի Հովհաննես Բ.-ին պարտք տված առանձնապես խոշոր չափերի գումարի դիմաց Օֆելյա Խ.-ից ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալու նպատակով, Հովհաննես Բ.-ի հորը սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի գյուղերից մեկում գտնվող առանձնատունը ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում, ձևական առուծախի պայմանագրով, ձևակերպել է իր անվամբ, ապա դատարանի վճռի հիման վրա նրանց վտարել տանից, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Դատաքննության փուլում Օֆելյա Խ.-ն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա ցուցմունք է տալիս, որ 2009թ. ապրիլին ինքը վաճառել է Երևան քաղաքի իր բնակարանը և գումարը դրել բանկում: Իր բարեկամներին ասել է, որ եթե քաղաքամերձ վայրում հարմար բնակարան լինի, իր ունեցած գումարի սահմաններում, իրեն տեղյակ պահեն: Իր խնդրանքից շատ չանցած՝ փեսան իրեն ասել է՝ տուն է գտել: Պայմանավորվել են, և ինքը Ռոբերտ Թ.-ն, Արմինե Ա.-ի, ևս մեկ անձի հետ (ում չի ճանաչում) և իր փեսայի հետ գնացել է տունը տեսնելու: Հիշում է, որ երբ մտել են տուն, նա խոհանոցում տեսել է մի տարեց կնոջ և մի աղջկա, որոնք ոչ մի կերպ չեն արձագանքել: Իր հարցին, թե ովքեր են, Ռոբերտը պատասխանել է, որ իր մտերիմներն են, որ տունը գնեն` նրանք անմիջապես դուրս կգան, պրոբլեմ չեն ստեղծի:
Օֆելյա Խ.-ն նաև ասել է, թե իրեն ասել էին, որ Ռոբերտը զբաղվում է մեքենաների ներկրմամբ, մաքսատանը հարցեր ունի լուծելու, այդ պատճառով է տունն ավելի մատչելի գնով վաճառում: Բացի այդ, ինքը գիտեր, որ տների գներն ընկել են: Հետագայում պարզվել է, որ ինքը նախապես պայմանավորվել էր նոտարի հետ: Ոմն Սերոբ ներկայացել է որպես տանտեր, որը լիազորագրով պետք է վաճառեր: Ինքը նոտարին հարցրել է, թե, արդյոք լիազորագիրը ճիշտ է, ինչին վերջինս պատասխանել է, որ ամեն ինչ կարգին է: Եվ իր փեսան ու վերոնշյալ թվարկված անձինք առանձնատունը լիազորագրի հիման վրա վաճառել են իրեն:
Օֆելյա Խ.-ն չի ընդունել վաշխառություն կատարելու հանգամանքը և պնդել է, որ բնակարանը գնել է:
ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է
Ամբաստանյալ Օֆելյա Խ.-ին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված հետևյալ ապացույցներով.
Տուժողը ցուցմունք է տվել այն մասին, որ իր որդին որոշել է զբաղվել առևտրային գործունեությամբ, որի իրագործման համար իրեն գումար է անհրաժեշտ եղել: Համաձայնության գալով 2009-ի ապրիլին ընտանիքի անդամների հետ, գնացել են նոտարական գրասենյակ, որտեղ ծանոթացել են գումար տվող Սուսաննա Պ.-ի և Ռոբերտ Թ.-ի հետ: Ինքը նոտարին հարցրել է, թե արդյոք վտանգ չկա: Իրեն ասել են, որ ոչ մի վտանգ չկա, ձևական առուվաճառքի պայմանագիր է կնքվում: Ստորագրել է և քանի որ շտապում էր, գնացել է աշխատանքի: Կարճ ժամանակ անց լսել է, որ որդին չի կարողանում տոկոսները տալ: Ինքը նրան ասել է, որ գնա Սուսաննային և Ռոբերտին խնդրի, որ մի քիչ ժամանակ տան: Անասուններին կվաճառեին, բարեկամներին կդիմեին, կօգնեին: Բավական ժամանակ անց Օֆելյա Խ.-ն սկսել է տոկոսներ պահանջել: Հետո իմացել են, որ ուզում է իրենց վտարել տնից: Հարկադիր կատարողները եկել են իրենց տուն և իրենց սեփական տնից հանել-գցել են դուրս:
Օֆելյա Խ.-ի նպատակը իրենց տունը վերավաճառել և մեծ գումար աշխատելն է եղել: Իրենք երբեք տունը վաճառելու մտադրություն չեն ունեցել:
Իսկ իրենց տունն արժեր 200.000 դոլարից ոչ պակաս: Այդ տարիներին այդքան արժեր:
ՎՃԻՌ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտել և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարել, որ ամբաստանյալ Օֆելյա Խ.-ն կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներին, և արարքի որակումը ճիշտ է:
Ամբաստանյալ Օֆելյա Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակելիս, դատարանը հաշվի է առել նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչպես նաև հանցավորի անձը:
Որպես ամբաստանյալ նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չի եղել, նրա խնամքին է գտնվում հիվանդ մայրը:
Դատարանը վճռել է Օֆելյա Խ.-ին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել ազատազրկման երկու տարի ժամկետով:
Ասենք, որ սույն վճիռը բողոքարկվել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Սակայն բողոքը մերժվել է: Հերթը բարձրագույն դատական ատյանինն է՝ վճռաբեկ դատարանինը:
Այժմ, երբ դատական գործերը ավարտված են, եկե՛ք կառուցենք Ցեղասպանության հուշահամալիրը
Հուլիսի 15-ին ԱՄՆ Դաշնային վերաքննիչ դատարանը հաստատեց առաջին ատյանի դատարանի 2011 թվականի վճիռը՝ հրահանգելով, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին» վերադարձվեն այն շենքերը, որոնք նախատեսված էին Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր կառուցելու համար Վաշինգտոնում:
Վերաքննիչ դատարանի դատավորներ Գառլանդը, Ուիլկինսը և Գինսբուրգն ահա այսպես ամփոփեցին դատական գործերի և հակընդդեմ հայցերի շարքը, որ վիճարկող կողմերը ներկայացրել էին վերջին յոթ տարիների ընթացքում.
Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը, այդ թվում` Հրայր Հովնանյանը և Ջերարդ Գաֆեսճյանը, «ապահովել էին խոշոր ֆինանսական ներդրումներ և ստեղծել շահույթ չհետապնդող ընկերություն` «Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրը»: Նրանք նաև համաձայնության էին եկել և գնել մի պատմական շենք թանգարանի համար` Սպիտակ տնից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա: Սակայն տարիներն անցնում էին, իսկ նրանք չէին կարողանում համաձայնության գալ շատ հարցերի շուրջ: Առաջխաղացումը դանդաղում էր, լարվածությունը՝ աճում: Աննշան հաջողություններ ձեռք բերվեցին: Ի վերջո, ծրագրի գլխավոր հիմնադիրներից և բարերարներից մեկը՝ հանգուցյալ Ջերարդ Գաֆեսճյանը, որոշեց հեռանալ խմբից և հրաժարական տվեց Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրի նախագահի իր պաշտոնից: Պառակտումը հեռու էր բարեկամական լինելուց: Եվ այսպես, սկսվեց իրադարձությունների մի երկար շղթա, որի գագաթնակետն այս խճճված դատավարությունն է: Մի քանի տարվա դատական վեճերից հետո կողմերն ի վերջո դիմեցին շրջանային դատարան: Բացի մի հարցից, բոլոր մյուս պահանջները համարվեցին չապացուցված: Դատաքննություններից հետո առաջ եկան բազմաթիվ խնդիրներ, և առաջին ատյանի դատարանի բազմաթիվ որոշումներից հետո դրանք բողոքարկվեցին մաս-մաս, իսկ հիմա բողոքարկման մասնատված գործերը համախմբվել և ներկայացվել են մեզ որոշում կայացնելու համար»:
Իրենց կայացրած որոշման վերջին էջում վերաքննիչ դատարանի դատավորները հիասթափություն և անհանգստություն էին արտահայտել անիմաստ դատավարությունների շարքի համար: Ցասումով լցված նրանք գրել էին.
«Այս իրավական ոդիսականը երկարաշունչ էր: Այն սկսվեց որպես մեկ եզակի դատավարություն` չվճարված մուրհակները հավաքելու համար, և արագորեն վերածվեց իրավական վեճերի ճահճի: Ավելի քան յոթ տարիների ընթացքում իրավաբանական ծառայությունների համար միլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո, կողմերի հսկայածավալ աշխատանքն իրենց երազած թանգարանն իրագործելու համար, թվում է թե ապարդյուն էր, որը շատ ցավալի է: Ինչ էլ որ լինի հետագայում, մենք հուսով ենք, որ այսօրվա մեր որոշումը կարող է առնվազն վերջակետ դնել այս ձգձգված դատական վիճաբանությանը»:
Անցյալ շաբաթ ես բազմաթիվ էլեկտրոնային նամակներ եմ ստացել ընթերցողներից, որոնք ցավով նշում էին այն փաստը, որ երկու հայտնի հայկական կազմակերպությունները բազմամիլիոն դոլարներ վատնեցին միմյանց դեմ դատական քաշքշուկներում, փոխարեն իրենց վեճը լուծեին դատարանից դուրս և կառուցեին Ցեղասպանության թանգարանը, որը նախատեսված էր ավարտին հասցնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակից շատ առաջ: Ցավոք, թանգարանի բացումը, որը գտնվելու էր Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռու, կարող է ընդհանրապես չկայանալ…
Շատ ցավալի է, որ երկու կողմերն էլ մերժել էին երրորդ կողմերի բոլոր առաջարկները` միջնորդելու նրանց վեճը: Դատական հայցերի վրա վատնված միլիոնավոր դոլարները կարող էին օգնել Ցեղասպանության թարգարանի ֆինանսավորմանը: Սա ևս մեկ ցավալի օրինակ է, թե ինչպես են հայերը ոտնահարում իրենց սեփական շահերը:
Դեռևս կարող է հրաշք տեղի ունենա… Թեև պարոն Գաֆեսճյանը վախճանվել է անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն նա բազմիցս հայտարարել էր, որ իր ջերմ փափագն է եղել կառուցել Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրն Ամերիկայի մայրաքաղաքում: Աշխարհասփյուռ ողջ հայությունը ցանկանում է, որ նրա ժառանգորդները և «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուները հարգեն Ջերարդ Գաֆեսճյանի նվիրվածությունն այս վեհ գաղափարին և իրականացնեն նրա անմար երազը:
Հայաստանի ղեկավարները, Սփյուռքի կազմակերպությունների առաջնորդները և համայնքի անդամները պետք է տեղեկացնեն «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուներին, որ իրենք լիովին պատրաստ են ամեն տեսակ աջակցություն ցուցաբերելու, որպեսզի իրականություն դառնա պարոն Գաֆեսճյանի երազանքը: Թանգարանը պետք է հավերժական հարգանքի տուրք լինի Ջերարդ Գաֆեսճյանին, ով տասնյակ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել մարդասիրական ծրագրերի համար Հայաստանում և Միացյալ Նահանգներում:
Այժմ, երբ այս տհաճ դատական գործն արդեն ետևում է, ժամանակն է ամերիկահայ համայնքի համար` «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուների հետ միասնաբար, համախմբվել և ստեղծել համահայկական հանձնախումբ, ներառյալ Հայկական համագումարը, և սկսել այս հույժ կարեոր կառույցի ձեռնարկումը Վաշինգտոնում:
Ցեղասպանության թանգարանը միլիոնավոր այցելուների հավերժ կհիշեցնի ոչ միայն սարսափելի ողբերգության մասին, որ պատուհասել էր հայ ժողովրդին 1915 թվականին, այլև, որն ավելի կարևոր է՝ նրա աննկուն ոգու գոյատևման և բագավաճման մասին: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի թանգարանը անվանել «Ցեղասպանությունից Հայ ժողովրդի վերապրումի հուշահամալիր»:
Եթե «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուները և ամերիկահայ համայնքը կիսեն այս տեսլականը, ապա հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ Հայոց հուշահամալիրի ապագա տարածքում 2015 թվականի ապրիլի 24-ին…
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝
Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով, 23-25-ին կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում 7-8 աստիճանով:


• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1983թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 27.20C
Ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում (լրացված)
Հուլիսի 22-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդ` Ա. Խ.-ը (ծնվ. 1967թ.-ին ) տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը (ծնվ. 1961թ.-ին) , Ա. Բ.-ը ( ծնվ. 1961թ.) և Գ. Ա.-ը ( ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխվել են «Զվարթնոց» օդանավակայան և հոսպիտալացվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցի խաչմերուկում
Հուլիսի 22-ին, ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցի խաչմերուկում մարդատար ավտոբուսը բախվել է սյանը կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Բոգդան» մակնիշի, 3489L պետհամարանիշի N 267 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է «Մերսեդեսին» E 320 մակնիշի 34 AS 555 վարորդ Տիգրան Վարդապետյան, ավտոմեքենային, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակի սյանը, ինչից Ս. Մ.-ը ծնվ. 1963թ. Ա. Խ.-ը ծնվ. 1998թ. Լ. Հ.-ը ծնվ. 1959թ. Ա. Հ. ծնվ. 1959թ. տեղափոխվել են 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 5 ուղևոր տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Գյուղատնտեսության նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ այսօր սկսվել է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք համայնքի «Արաքս-2» նորաստեղծ պանրագործարանից, ուր մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ նախարարը ծանոթացել է ընկերության գործունեությանը: Այստեղ տարեկան շուրջ 2 հազար տոննա կաթ է վերամշակվում, արտադրվում 6-8 տեսակի պանիր, իրացման խնդիրներ չկան: Ըստ գործարանի տնօրեն Արթուր Մովսիսյանի՝ ներկայումս ընկերությունն ընդարձակվելու փուլում է, որի ավարտից հետո, 2015 թվականին, արտադրանքի ծավալի և աշխատատեղերի ավելացումից զատ, հնարավորություն կստեղծվի թողարկել նաև թթու կաթնամթերք: Նախարարն այցելել է նաև պանրագործարանի նոր կառուցվող մասնաշենք:
Այցելությունը շարունակվել է Վարդենիս, Գեղամաբակ, Շատվան, Շատջրեք և Ջաղացաձոր համայնքների դաշտերում, ուր նախարարը հավաստիացել է, որ սպասվող բերքը բարձր է լինելու: Առանձին դաշտերից անգամ ռեկորդային՝ 600 ցենտներ կարտոֆիլ, 80-90 ցենտների հասնող հացահատիկի բերք է սպասվում: Իսկ ընդհանուր առմամբ մարզը հողերի օգտագործման ցուցանիշով հանրապետության առաջատարն է: Այն այս տարի հասել է շուրջ 93%-ի: Գրեթե 2000 հեկտարով ավելացել են մշակվող հողատարածքները, որից 700 հեկտար կարտոֆիլի, 1000 հեկտար հացահատիկի դաշտերը:
Այցի վերջին կանգառը Մեծ Մասրիկ համայնքում էր, ուր նախարարը ծանոթացել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանականերում ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվի աշխատանքներին: Երկու տարվա կենսագրություն և 350 անդամ ունեցող կոոպերատիվն արդեն որոշակի արտադրական հաջողություններ ու առաջընթաց ունի: Մասնավորապես, անասնագլխաքանակն ավելացել է 20%-ով, մեկ կովի կաթնատվությունը 1800-ից հասել է 2250 լիտրի: Ջրարբիացվել է 510 հեկտար արոտավայր, կառուցվել 2,5 կիլոմետր ջրատար: Կոոպերատիվին հատկացվել է 11 միավոր գյուղտեխնիկա: Արտադրական հաջողությունները նոր հեռանկարներ են հուշում կոոպերատիվի անդամներին, որոնք խնդրել են նախարարին աջակցել տեղում կաթի վերամշակման փոքր արտադրություն ստեղծելու գործում:
Նախարարը նշել է, որ ծրագրի երկրորդ փուլը հնարավորություն է տալիս նաև տեղերում ստեղծել փոքր արտադրություններ և վերջինիս շրջանակներում էլ, կոոպերատիվի արտադրության ծավալների և անդամների թվի ավելացման պարագայում , հնարավոր է առաջիկայում վերանայել բարձրացված խնդիրը:
Զրույցի ընթացքում նախարարը նշել է, որ նշված ծրագրով Գեղարքունիքի մարզում ստեղծվել և գործում են 20 նման կոոպերատիվներ: Իրականացվող ծրագրերի արդյունքում բարելավվող արոտավայրերը կհասնեն 16 300 հեկտարի, համայնքներին տրամադրվող գյուղտեխնիկան՝ 260 միավորի: Մինչ օրս այս ծրագրով մարզին հատկացվել է 165 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 30 տրակտոր:
Սերգո Կարապետյանն անդրադարձել է պետական օժանդակության մյուս ծրագրերին և նշել, որ այն շարունակվելու է մյուս տարի ևս :
ՀՀ գյուղատնտեսության նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին




