Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Քրիստինեն բնակարանը մաքրելու ընթացքում 800.000 դրամի ոսկեղեն է գողացել
Փետրվարի 10-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 1 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ն.-ին:
Պարզվել է, որ նա Ա.-ի բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ 2013 թ. նոյեմբերից մինչև ս/թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողունը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Արթիկում և Իջևանում կամավոր զենք են հանձնել
Փետրվարի 9-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արթիկի բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Սենիկ Գ.-ն և կամավոր հանձնել ինքնաշեն ատրճանակ, «ՈւԶՌԳՄ» տեսակի 1 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, 7,62 մմ տրամաչափի 28 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 9-ին, ժամը 15.30-ին, 1973 թ. ծնված Հարություն Թ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, գնդացրի ժապավեն` 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտով, ինքնաձիքի 5,45 մմ տրամաչափի 147 փամփուշտ և ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Օշական գյուղում իրար են բախվել «Նիսան» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ
Կոպենհագենի կեդանաբանական այգում հանդիսատեսի աչքի առաջ ընձուղտին սպանել և կերակրել են առյուծներին
Կոպենհագենում կենդանաբանական այգու աշխատակիցները փոքրիկ ընձուղտի նկատմամբ հաշվեհարդար կազմակերպեցին: Առողջ երիտասարդ կենդանուն հանդիսատեսի աչքի առաջ գնդակահարեցին և առյուծներին կերակրեցին: Դա արվեց հակառակ աշխարհով մեկ տարածված դժգոհության և ընձուղտին պահելու այլ կենդանաբանական այգիների առաջարկներին:
Փրկել մեկուկես տարեկանՄարիուս անունով ընձուղտին առաջարկել էր Մեծ Բրիտանիայի Յորքշիր քաղաքի կենդանաբանական այգին,սակայն Կոպենհագենի գործընկերները որոշեցին , որ ավելի հեշտ է սպանել կենդանուն: Բացի դրանից նրանք հանդիսատեսի համար, որոնց մեջ կային նաև երեխաներ, մի ամբողջ ներկայացում կազմակերպեցին: Բոլորը տեսան, թե ինչպես ընձուղտի մարմինը բաժանեցին և կերակրեցին առյուծներին, գրում է բրիտանական Sun հրատարակությունը:
Դանիայի մայրաքաղաքում որոշեցին ազատվել կենդանուց, քանի որ ծնվել էր խառնարյուն և բազմացնելու համար պիտանի չէր: Ամբողջ աշխարհով դանիացիների և կենդանապաշտպանների ընդզումը առաջացել էր ոչ թե կայացած որոշումից, այլ դաժան հաշվեհարդարի տեսարանից:
Այգու գիտական տնօրենը հայտնել էր, որ-“Տվյալ ընձուղտի գեները ներկայացված են մեր բազմացման ծրագրում: Նա տեղ չունի մեր այգում ապրող հոտում: Ընձուղտների բազմացման եվրոպական ծրագիրը համաձայնել է, որ նրան քնեցնենք”: Սակայն այգու աշխատողները հրաժարվել են քնեցումից, պատճառաբանելով, որ թմրեցնող դեղը կարող է փչացնել միսը, որով նրանք նախատեսել էին կերակրել վագրերին և առյուծներին: Հանդիսատեսին համոզել էին, որ ընձուղտը չի հասցրել հասականալ թե իր հետ ինչ է կատարվում, նրան զբաղեցրել էին սիրելի ուտելիքով և կրակել էին:
Յորքշիրի կենդանաբանական այգին նշել էր, որ ցնցված են իրենց գործընկերների որոշումից, նրանք հայտնել էին , որ ունեն ընձուղտների ժամանակակից ախոռ և կարող են ընդունել լրացուցիչ կենդանու:
Մարիուսին փրկել չկարողացավ նաև այն փաստը, որ կենդանիների պաշտպանները նրան փրկելու համար հավաքել էին 27 հազար ստորագրություն: Պետք է նկատել, որ Կոպենհագենի կենդանաբանական այգում սա սովորական երևույթ է: Նմանատիպ պատճառով այնտեղ քնեցրել են արջերի, վագրերի և զեբրերի:
Հաշվետվություններ են տալիս ստորաբաժանումները
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաստատվեցին ԱՆ կենտրոնական ապարատի և առանձնացված ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը։ Նախարարին կներկայացվեն 2013թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև 2014թ. ծրագրերը։
«Այն ստորաբաժանումները, որոնք 2013թ. հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով, իրենց առջև դրված ծրագրերն արդյունավետ են իրականացրել, անշուշտ, կխրախուսվեն, իսկ իրենց պարտականությունները թերի կատարողները կենթարկվեն համարժեք պատասխանատվության»,-ընդգծեց Դերենիկ Դումանյանը։
Հաստատվեց նաև նախարարին կից կոլեգիայի նիստերի ժամանակացույցը։ 2014-ին ևս կոլեգիայում կքննարկվեն համակարգի առանձին ոլորտներին վերաբերող արդի խնդիրները։ Օրակարգային թեմաները հաստատվել են ինչպես կոլեգիայի անդամների, այնպես էլ առողջապահության մարզային կազմակերպիչների առաջարկները հաշվի առնելով։ Միաժամանակ ամփոփվում է անցած տարի կայացած կոլեգիայի նիստերում քննարկված հարցերի առթիվ ընդունված որոշումների կատարման ընթացքը։
Առաջիկա 5 օրերին տեղումներ չեն սպասվում
Փետրվարի 11-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 12-ի գիշերը նույնքան կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա` 3-4 աստիճանով:

• Օդի առավելագույն ջերմաստիճան 15.50C (1979թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -23.60C (1972թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -2.80C
Վարչական դատարանից երկու ամիս է չեն տեղեկացնում` Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչների հայցը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ
Պարզվում է` Սայաթ-Նովա 10 շենքի բակում` նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ շինության հովանավորները ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն են: Այդ մասին պարզել են շենքի բնակիչները : Նրանք նաև պարզել են, որ շինարարությունն իրականացնող ընկերության` «Լարկո Գրուպ»-ի գրանցված նախագահի անունը` ամերիկաբնակ Աբել Հախվերդյան:
«Մենք լրիվ «անտեր» վիճակում ենք, ոչ ոք չի այցելում շենքերի բակեր`ծանոթանալու խնդրին: Վերջին անգամ Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից են բնակիչների ահազանգով եկել, բայց վստահեցրել են, որ շինարարությունն իրականացվում է օրենքով, իսկ փորձաքննությունների կարիք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Ալբերտ Կանդալյանը` հավելելով, որ, թեև պայքարը քաղաքական չէ, սակայն սկզբում իրենց կողքին էին նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, բայց հիմա նրանք էլ չկան:
Վարչական դատարան դիմելուց անցել է արդեն երկու ամիս, բայց դատարանից նույնիսկ չեն տեղեկացրել` բնակիչները հայցը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ: Բնակիչները պատրաստ են հասնել մինչև Եվրադատարան: Դիմելու են և պարտավորեցնեն կառուցապատողին սեփական ձեռքերով քանդել այդ շինությունը;
Բնակիչների խոսքով` կառուցվող ապօրինի շինությունն ուղակիորեն ազդում է հարակից շենքերի սեյսմակայունության վրա: Բակում լարվածությունը գնալով նորանոր երանգներ է ստանում: «Փողոցը փլվեց, մարդ չեկավ, բնակարանների պատերը ճաքեր տվեցին, դարձյալ մարդ չեկավ»,- ասացին բնակիչները:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում միայն իրավական երաշխիքները բավարար չեն». Հովհաննես Մարգարյան
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի շուրջ պետք է լրացուցիչ երաշխիքներ ամրագրել, միայն իրավական երաշխիքները բավարար չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, միևնույն ժամանակ դժվարացավ ասել` ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը օրենքի վերաբերերյալ:
«Իրավական երաշխիքները բավարար չեն: Իրավական կարգավորման խնդիր ունենք հենց երաշխիքների հարցում, չէ՞ որ քաղաքացիներն արդարացի օրինակ են բերում, թե ի՞նչ տեղի ունեցավ 1990-աններին իրենց ավանդների հետ: Մենք լուրջ և խորապես պետք է քննարկենք այդ օրենքը, պետք է հստակեցնենք մեր մոտեցումները: Որքանո՞վ էր ճիշտ պահումները սկսել 5, այլ ոչ 2%-ից»,- ասաց Հովհաննես Մարգարյանը, ով, ի դեպ, կողմ է քվեարկել համակարգի ներդրմանը:
Անդրադառնալով դեռ 2004-ից օրենքի շուրջ ծավալված քննարկումներին՝ Հովհաննես Մարգարյանը նշեց, որ այդ ժամանակվանից մինչ այսօր մի շարք փոփոխություններ են կատարվել, բայց կիրառության մեջ օրենքը տարբեր խնդիրներ է առաջացնում: Իսկ իշխանությունների նկատմամբ միշտ էլ վստահության պակաս եղել է և այսօր էլ կա:
«Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետևողականություն չցուցաբերենք այդ վստահությունն ավելացնելու համար: Այսօր ոչ թե կենցաղային վստահության խնդիր է, այլ ավելի խորն է գնացել»,-ասաց նա:
Վերհիշելով ԽՍՀՄ տարիների ավանդները՝ պատգամավորը նշեց, որ ի տարբերություն ԽՍՀՄ ավանդների, այսօր ուզում են ներդնել կուտակային համակարգ պարտադիր բաղադրիչով:
«Անկախ Հայաստանում իրավահաջորդ չկար, ով ԽՍՀՄ ավանդների պարտքերին տեր կկանգներ: Այս դեպքում էլ 40 տարի հետո ես չգիտեմ` ի՞նչ իրավական կարգավիճակ կունենա իմ երկիրը կամ արդյո՞ք այն պատրաստ է ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում ունենալ բավարար իրավական հիմքեր և տեր կանգնել իմ գումարներին»,- ասաց նա:
Հարցին` ինչպես վարվել այն գործատուների հետ, որոնք, այդուհանդերձ, պահումներ են անում, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մի բան պարզ է, չվճարած գումարների դիմաց որևէ մեկին չեն տուգանելու»:
Ի լրումն”Տնօրեն Մախսուդը և պահակ Արմենը ընկել են ավտոյուղի ցիստեռնի մեջ և խեղդվել”հրապարակման
Ինչպես Անկախը տեղեկացրել էր` փետրվարի 7-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հիմնարկության տարածքում տնօրենն ու պահակը փորձանմուշ վերցնելու նպատակով բացել էին 20 տ տարողությամբ մետաղյա տարան` լցված մոտ 1 տ օգտագործված յուղով, որի ընթացքում, չպարզված պայմաններում, նրանք ընկել էին տարայի մեջ և խեղդվել:
Պարզվել են մահացածների տվյալները` 1978 թ. ծնված Մաղսուդ Ռաստգարնահանդի, 1986 թ. ծնված Արմեն Սարգսյան:
Փաստի առթիվ 07.02.2014 թ. ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Մահվան ելքով վրաերթ Ապարան քաղաքում
Ռուսաստանը Հայաստանին. Կա՛մ բաժանվում ենք, կա’մ մտնում ես «չուլան»
Հայաստանը կարող էր խուսափել Մաքսային միությանն անդամակցելուց, եթե խանդ չառաջացներ Ռուսաստանի մեջ: Հայաստանը պետք է շարունակեր վարել կոմպլեմենտար քաղաքականություն` կամուրջ հանդիսանալով երկու կառույցների` Մաքսային միության և Եվրամիության միջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները կարելի է բաժանել երեք փուլի: Առաջին փուլը 1990-ական թվականներն են, երբ հայ-ռուսական հարաբերությունները կրում էին ռազմավարական բնույթ: Երկրորդ փուլը 2000-ական թվականներն էին, երբ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացան:
«Ես համոզված եմ, որ 10-ը տարի առաջ Հայաստանն ընդունում էր Ռուսաստանի` ռազմավարական գործընկեր լինելու փաստը, սակայն փորձում էր հարաբերություններն ընդլայնել արևմտյան երկրների հետ: Ռուսաստանը շատ բացասական էր վերաբերվում Ասոցացման համաձայնագրին, որի արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում առաջացավ խորը կասկած: Դրա համար անցած տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր հայտարարել, որ միանում է Մաքսային միությանը, որպեսզի չկորցնի իր ռազմավարական գործընկերոջը»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի` ստեղծված իրադրությունում Հայաստանն ու Ռուսաստանը, ասես, ամուսիններ լինեն և, քանի որ Հայաստանը որոշել էր դավաճանել Ռուսաստանին, վերջինս էլ հարցը դրեց այսպես. կա՛մ բաժանվում ենք, կամ մտնում ես «չուլան»:
«Այսօր Հայաստանը մտել է «չուլան» և փորձում է ամեն ինչ անել՝ ապացուցելու համար, որ հավատարիմ է Ռուսաստանին: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ Հայաստանը չընտրեր ո՛չ Եվրոպական Միությունը, ո՛չ Մաքսային Միությունը և հավասարակշռություն պահպաներ»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Պարենային օգնություն հայաստանաբնակ սիրիահայությանը
«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին՝ շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը և մասնավորապես հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին:
«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ սկսած ժամը 12:00-18:00, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է պարենային սննդամթերքի օգնություն: Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար 17/6 հասցեում:
Օգնությունը կրելու է շարունակական բնույթ, ուստի ցուցակներում չներառված սիրիահայերը օգնություն ստանալու համար կարող են գրանցվել «Օգնիր Եղբորդ» հիմնադրամի գրասենյակ՝ Հանրապետության 30, ամեն օր ժամը 12.:00-ից մինչև 16:00:
ՀԱԿ 9 ակտիվիստներ բերման են ենթարկվել. Փաստինֆո
Գիշերը Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից ոստիկանություն բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ, ովքեր պատրաստվում էին մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա անցկացնել:
«Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունում:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ 9 անձի նկատմամբ կատարվել է վարչական բերում, կազմվել վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն՝ նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172. 2-րդ հոդվածով՝ Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը, որից հետո նրանք ազատ են արձակվել:
«Ճանապարհային ոստիկանները հաճախ կեղծում են մեքենայի արագությունը». Էդուարդ Հովհաննիսյան
Ավտովարորդների կողմից տրվող դիմում-բողոքների և դրանց շուրջ ծավալվող դատական գործերի մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ճանապարհային ոստիկանները շատ հաճախ կարողանում են կեղծել մեքենայի արագությունը: «Երբեմն վարորդը վստահ է լինում, որ չի գերազանցել թույլատրելի արագությունը, իսկ ոստիկանը նրան ցույց է տալիս սարքի գրանցած թիվը, որը շփոթության մեջ է գցում անգամ վարորդին: Երբ վարորդը չի տիրապետում կանոններին, չի կարող իրեն պաշտպանել, բայց, պետք է նկատել, որ նախորդ տարիների հետ համեմատած փոխվել է իրավիճակը: Դրան մեծապես նպաստում է տեսախցիկների առկայությունը, որ վարորդներն ավելի զգոն լինեն և հետևեն կանոններին»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Ըստ բանախոսի` նման խնդիրներից խուսափելու համար կա միայն մեկ լուծում. վարորդները չպետք է հրաժարվեն ստորագրել ոստիկանի ներկայացրած թղթերը: Եթե նրանք վստահ են, որ խախտում չեն կատարել, բայց ոստիկանը խախտում է գրանցել, պետք է պահանջեն գործին կցել նաև տեսագրությունը:
«Նման կերպ հնարավոր է շահել դատական այն գործերը, որտեղ ոստիկանը խախտում է գրանցել, բայց չի ցանկանում ներկայացնել տեսագրություն` ասելով, որ այն ջնջվել է»,- ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանը նաև նշեց, որ մարդիկ կան, որ տարիներ առաջ լիազորագրերով վաճառել են իրենց մեքենաները, բայց դեռ նրանց վրա տուգանքներ են գալիս, ինչը ևս մտահոգում է վարորդներին:
«Տաքսու վարորդները, օրինակ, բողոքում են, որ դիմում են ապահովագրական ընկերություններին, սակայն իրենց չեն ապահովագրում: Մենք հորդորում ենք վարորդներին, որպեսզի բողոքների դեպքում մեզ ոչ թե ուղղակի ահազանգեն, այլ դիմեն գրավոր, որպեսզի մենք կարողանանք գործին ընթացք տալ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ դատական գործերի մեծ մասը իրենք շահում են:
Տեղաբաշխվել են 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր
Փետրվարի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3910B148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարությունից Անկախին տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 917 մլն դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները:
Դանակահարված տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է
Փետրվարի 8-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի թափանցող վերք, կրծքավանդակի հետին պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Նորքի 5-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 30-40 տարեկան տղամարդ` ալկոհոլ օգտագործած վիճակում,:
Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Փետրվարի 9-ին, ժամը 09.40-ին, նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Պարզվել է, որ նա 1978 թ. ծնված Վարդան Մանուկյանն է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 8-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Վ. Մանուկյանին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1976 թ. ծնված Ակսել Ն.-ն:
Ժամը 12.30-ին Ակսել Ն.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:
3 օրում գողության 70 դեպք է արձանագրվել, 36-ը բացահայտվել է
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, գողության 70 դեպքից` 36-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը, խարդախության` 19, յուրացման 2 և մաքսանենգության 9 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 2, գողության` 5, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման և խարդախության 1-ական դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 22-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դաղստանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով
Ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքում հայտնաբերլ և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Վարդան Ս.-ին, որը 2011 թ. հոկտեմբերի 5-ից ՌԴ Դաղստանի Հանրապետության Դերբենտսկի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտ կատարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ Վարդան Ս.-ն ձերբակալված է: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:



