Երևանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանց ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նույն ժամանակ ՀՅԴ Նիկոլ Աղբալյան երիտասարդական միության ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել ԱԳՆ դիմաց` կոչ անելով ՄԽ համանախագահներին իրավաչափ գնահատական տալ Ադրբեջանի քայլերին:
Զենք-զինամթերք` ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 10.00-ին, 1961 թ. ծնված Եղիշե Բ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
ԱԺ մեծամասնությունը չցանկացավ բացահայտել գազի գաղտնիքը, իրենք գիտեն` ինչ են անում
ԱԺ նիստը սկսվելուն պես քվեարկության դրվեց խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, Ժառանգություն) նախաձեռնությամբ գազի պարտքի առաջացման և գազի գնագոյացման խնդիրները բացահայտելու նպատակով ԱԺ հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Մինչ այդ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` կոչ անելով մեծամասնությանը կողմ քվեարկել իրենց առաջարկին և միասին պարզել այս գործարքի հիմքերն ու պատճառները. “Երկու օր շարունակ քննարկվում է այս հարցը, որովհետև հասարակական լուրջ հնչեղցություն ունի: Ցավոք, հիմանկան հարցադրումները, թե ինչպես է գոյացել 300 միլիոն դոլար պարտքը և ինչպես է գոյացել սպառողին հասնող 380 դոլարին համարժեք գինը, մնացին առանց պարզաբանումների: Դեմ քվերակելով այս նախագծին` դուք ուղղակիորեն և անուղղակիորեն պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա` թաքցնելու այս մութ գործարքը”,-ասաց նա:
Այնուհետև նույն կոչով մեծամասնությանը դիմեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը. “Սա հնարավորւթյուն է ՀՀ կառաավարությանը, գործող իշխանությունների ցույց տալու, որ պետականության նկատմամբ պետք է վերաբերվել պատշաճ”:
Ընդդիմադիրներին արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. “Հիմնականում զազրախոսություն, հանցանքի մեջ մեղադրանքներ, առավել ևս հիմա էլ սկսել են մեր փոխարեն մտածել: Մենք գիտենք, թե ինչ ենք անում: Կոչ եմ անում դեմ քվերակել”,-իր ոճի մեջ մնալով` հայտարարեց նա:
Նախագիծը դրվեց քվեարկության և 44 կողմ, 58 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությանմբ չընդունվեց:
Հիշեցնենք, որ քառօրյայի նախորդ երկու օրերին ոչ իշխանական խմբակցությունների պատգամավորները փորձում էին համոզել մեծամասնությանը` ընդունել հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկը և միասին հասկանալ երեք պարզ հարցի պատասխան, որը իսկական հանելուկի է վերածել գազի շուրջ ստեղծված իրավիճակը:
Դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն է կատարվում
Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1957 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 1999 թ. ծնված Շ. Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք:
Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին և պատճառել ֆիզիկական ցավ:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ա. Աշոտյան. «Գիտական աստիճանաշնորհման համակարգը գնում է խստացման »
Կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհդի նիստ, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ծրագրի խորհրդում ներգրավված երիտասարդ գիտնականները նախարարին են ներկայացրել նոր առաջարկներ՝ գիտական դրամաշնորհների մրցույթներում նոր ուղղություններ ներառելու վերաբերյալ: Մասնավորապես երիտասարդ գիտնականներն առաջարկ են ներկայացրել մրցութային հայտերի մեջ գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերման, ինչպես նաև գիտական գրքերի հրատարակության պահանջ դնել: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ առաջարկն ընդունելի է որպես գիտական ծրագրի բաղադրիչ և իրականացման տարբերակները պետք է մշակվեն ՝հաշվի առնելով օրենսդրության պահանջները: Արմեն Աշոտյանը հանձնարարել է՝ գիտական գրքերի հրատարակման մրցույթներում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ անպայման ներառել նաև Հայոց ցեղասպանության մասին գիտական ուսումնասիրություններ: Կարևորվել է նաև գիտական խմբերի միջև համագործակցության խթանման նպատակով համատեղ ծրագրային մրցույթների կազմակերպումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև գիտական համաժողովների մասնակցությանը, ցիտման բարձր ինդեքս ունեցող միջազգային գիտական ամսագրերում տպագրմանն ու ԵԳԱԾ կայքի զարգացմանն առնչվող հարցերի:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է երիտասարդ գիտնականերին, որ նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն այժմ սկսել է գիտական աստիճանաշնորհման կարգի փոփոխության գործընթաց և ակնկալում է նաև ծրագրի շահառուների առաջարկություններն ու դիտողությունները:
“Մենք հիմա սկսում ենք գիտական աստիճանաշնորհման համակարգի փոփոխություններ և խնդրում եմ ուղարկել Ձեր առաջարկություններն ու դիտողությունները՝ գործող կարգի վերաբերյալ: Մեր քաղաքականությունը միտված է գիտական աստիճանաշնորհման համակարգը տանել դեպի խստացում, միաժամանակ հստակեցնել թեկնածուական և դոկտորական աշխատանքների պահանջները, որպեսզի մասնագիտական խորհուրդները և ԲՈՀ-ը հանդես գան ավելի շատ որպես “օպերացիոն”, քան որոշում կայացնող մարմիններ: Որակի չափանիշները պետք է փորձենք դնել անկախ մարմինների վրա, որոնց գնահատականը պետք է լինի չափելի: Այն ասպիրանտը, ով կունենա թեկնածու դառնալու ցանկություն, գալով խորհուրդ, պետք է հստակ ապահովի սահմանված պահանջները և անցնի այնպիսի ճանապարհ, որպեսզի որևէ մեկի մտքով անգամ չանցնի վիճարկել գիտական աշխատանքի որակը”,- դիմելով ներկաներին ասել է նախարար Ա. Աշոտյանը՝ հավելելով, որ խստացվել են նաև ԲՈՀ-ի ցանկում ներառվող գիտական ամսագրերի համար սահմանված չափանիշները:
Ամփոփվեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքները
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում Հայաստանում եվրամիության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ամփոփեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացումը» եռամյա ծրագրի առաջին փուլի արդյունքները:
Ծրագրի համակարգող Վարյա Մերուժանյանն ամփոփելով ծրագրի առաջին տարվա արդյունքները՝ նշեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի նվազեցնել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների և նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը՝ հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով, ինչպես նաև միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուրսների արդյունավետ կիրառման միջոցով նպաստել համայնքների զարգացմանը:
«Ծրագրի իրականացման առաջին տարում չորս թիրախային մարզերում 50 դեպք վարողներ ստացել են համապատասխան ռեսուրսներ՝ միգրանտների կարիքները բացահայտելու, գնահատելու և դրանց արձագանքելու համար: Արդյունքում, մոտ 1000 միգրանտ ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման աշխատանքներում: Մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների 80 ներկայացուցիչներ ստացել են անհրաժեշտ կարողություներ 10 համայնքային և միջհամայնքային սոցիալական ծրագրեր մշակելու և իրականացնելու համար: Այս տարի նախատեսվում է չորս թիրախային մարզերի 190 բժիշկների և 380 միգրանտների ընտանիքների համար անցկացնել խնամք կազմակեպելու դասընթացներ, ինչպես նաև կազմակերպել հանրային իրազեկման արշավներ: Բացի այդ, թիրախային մարզերում կստեղծվեն 4 մարզային կենտրոններ, որոնք կաշխատեն զարգացնել և ամրապնդել համայնքների և Սփյուռքի կազմակերպությունների հետ կապը՝ նպաստելով թիրախային մարզերի զարգացմանը»,- ասաց Վարյա Մերուժանյանը:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետա Արենսը իր ելույթում նշեց, որ ՄԱԿ-ն ամենաբարձր մակարդակով համագործակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ: «Հարց է առաջանում, ի՞նչ ընդհանրություն ունի «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման ծրագիրը» ՄԱԿ-ի այն գործակալության հետ, որը մանկական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ է գործունեություն ծավալում: Իրականում, այս ծրագիրն ուղիղ կապ ունի երեխաների հետ: Եթե ծրագրի շրջանակներում անհատական սոցիալական աջակցության ծրագրեր մշակվեն սոցիալապես անապահով ընտանքիների համար և իրագործվեն, կլուծվեն նաև այդ ընտանիքների երեխաների սոցիալական խնդիրները»,- ասաց Հենրիետա Արենսը:
Հիշեցնենք, որ մոտ 1 մլն արժողությամբ եռամյա ծրագիրն իրականացվում է 2012-ի դեկտեմբերի 21-ից և կավարտվի 2015-ի դեկտեմբերի 25-ին:
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Կապանի, Նոյեմբերյանի, Գորիս–Կապան ավտոճանապարհներին, ինչպես նաև Տավուշի (Բերդ – Ճամբարակ) ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
ՀՀտրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Մարդկային ճակատագրեր՝ տնակային ավաններում
Գյումրու վաղուց շարքից դուրս եկած և ապրելու համար այլևս ոչ պիտանի դարձած վագոն-տնակներում կյանքն անօթևան ընտանքների համար մի իսկական գոյապայքարի է վերածվում հատկապես Շիրակին բնորոշ ցրտաշունչ ձմռան ամիսներին:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկրորդ տարին է՝ տնակային ավաններում, սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին ձմռան ամիսներին ցուցաբերում է հիմնականում արտերկրում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ ձեռք բերված օգնություն՝ վառելափայտ, հագուստ և սնունդ: Ցավոք, տնակային ավաններում հաճախակի ենք հանդիպում նաև ծնողազուրկ ու հիմնականում տարեց տատ ու պապերի խնամքի ներքո բնակվող երեխաների:
Ներկայացվող տեսանութը ևս իր 13-ամյա թոռնուհու հետ սոցիալական ծանր պայմաններում բնակվող, երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող տարեց կնոջ ապրելակերպի ու «Շիրակ կենտրոնի» կողմից նրանց ցուցաբերած աջակցության մասին է:
ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացն սկսվել է
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Այս մասին Անկախին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից:
Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցրի պարզաբանման համար դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով:
Բարելավվում են ձեռնարկատիրության ոլորտի օրենսդրական կարգավորումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է ձեռնարկատիրության ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Մասնավորապես, առաջարկվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպչի, օղու ներմուծման և թանկարժեք մետաղների հարգորոշման և հարգադրոշման գործունեությամբ զբաղվելու լիցենզիաները փոխարինել լիազոր մարմնին պարտադիր ծանուցելու պահանջով: Մեկ այլ առաջարկով կրճատվել են երկակի նշանակության ապրանքների արտահանման և ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման համար տրվող թույլտվությունների ժամկետները, պարզեցվել են ընթացակարգերը: Առաջարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներդնել թույլտվությունների տրամադրման համար դիմումներն ու ծանուցումները էլեկտրոնային համակարգի միջոցով առցանց ներկայացնելու համակարգ:
Ներկայացրել է նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը, համաձայն որի «արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ» նախադասությունը փոխարինվել է «արգելվում է հեռուստատեսությամբ կամ ռադիոյով 1 եթերային ժամի ընթացքում 14 րոպեից ավելի տևողությամբ գովազդ հեռարձակելը» նախադասությամբ, ինչը նշանակում է, որ 1 ժամվա ընթացքում գովազդի տևողությունը կսահմանափակվի 14 րոպեով:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն առաջարկել է նաև հստակեցնել ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը, մասնավորապես՝ սահմանել գնահատման չափանիշները, հստակեցնել ժամկետները, մրցույթի հայտի ձևը:
Առաջարկությունները ներկայացնելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի, Հորդանանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի փորձը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից ներկայացված առաջարկություններով ձեռնարկատիրության ոլորտում բիզնես գործընթացների ծախսերը նվազում են 1 մլդ դրամով:
Անկախ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջամտում է արցախյան հակամարտությանը
Ուշագրավ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաժամանակյա լսումներ է անցկացնում հայերի և ադրբեջանցիների կողմից ներկայացված երկու հակադիր հայցերով: Արդյոք սա լոկ զուգադիպությո՞ւն է, թե՞ փորձ դատարանի կողմից միջամտելու մի կնճռոտ հարցի, որը քաղաքական գործիչներին չի հաջողվում լուծել ավելի քան 25 տարի:
Այս շաբաթ ՄԻԵԴ-ը լսելու է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը` քննության առնելով Մինաս Սարգսյանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, որով նա պնդում է, որ բռնի արտաքսվել է Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տանից, որը կործանվել էր 1992 թվականի հունիսին ադրբեջանական բանակի կողմից: Սարգսյանի գործն առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2006 թվականի օգոստոսի 11-ին: Հետաքրքրական է, որ Եվրադատարանը հայկական և ադրբեջանական բողոքների վերաբերյալ լսումներն անցկացրել է միևնույն օրը. 2010 թվականի սեպտեմբերի 15-ի առավոտյան դատարանը լսել է «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործը, իսկ նույն օրվա երկրորդ կեսին` «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը:
2011 թվականի դեկտեմբերի 14-ի նախնական որոշմամբ ՄԻԵԴ-ը Սարգսյանի բողոքը համարեց մասամբ ընդունելի: Դատարանը մերժեց Ադրբեջանի փաստարկը, թե գործը պետք է կարճել, քանի որ դրանում ընդգրկված դեպքերը տեղի են ունեցել մինչ Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի վավերացումը 2002 թվականին: Ցավոք, հայցվոր Մինաս Սարգսյանը մահացել է 2009 թվականին, բայց նրա երկու երեխաները շարունակում են դատական գործընթացը: ՄԻԵԴ-ը կզբաղվի Սարգսյանի գործի քննությամբ ըստ էության 2014 թվականի փետրվարի 5-ին:
Երկու շաբաթ առաջ ՄԻԵԴ-ը լսեց «Չիգարովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» հակադիր գործը, որով վեց ադրբեջանցի քրդեր բողոք էին ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության: Նրանք պնդում էին, որ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ իրենց տներն ու ունեցվածքին Լաչինի շրջանում սկսած 1992 թվականի մայիսի 17-ից, ստիպված լինելով հեռանալ Արցախյան պատերազմի պատճառով:
Ադբեջանական բողոքն ընդդեմ Հայաստանի առաջին անգամ ներկայացվել է ՄԻԵԴ 2005 թվականի ապրիլի 6-ին: 2011 թվականի դեկտեմբերի 14-ին նախնական որոշմամբ ՄԻԵԴ-ը համաձայնեց գործը քննության վերցնել, համարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն խոչընդոտում Եվրադատարանին զբաղվել այս վիճելի հարցով: ՄԻԵԴ-ը հերթական նիստն անցկացրեց 2014 թվականի հունվարի 22-ին` քննության առնելով հետևյալ հարցերը.
1. Արդյոք Հայաստանն ո՞ւնի իսկական հակակշիռ Արցախի տարածքների վրա:
2. Ադրբեջանցի վեց քաղաքացիները ունե՞ն բավարար փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրանց ինքնությունն ու սեփականության իրավունքը հայցով ներկայացված գույքի նկատմամբ:
3. Պե՞տք է արդյոք ադրբեջանցի հայցվորները սպառեին բոլոր տեղական դատական ատյանները (ՄԻԵԴ-ի պահանջը) հայց ներկայացնելով Արցախի դատարաններ մինչ ՄԻԵԴ բողոք ներկայացնելը, նկատի ունենալով մանավանդ այն բարդությունը, որ Արցախը չճանաչված պետություն է:
Ահա որոշ մտորումներ ՄԻԵԴ-ի վճռորոշ դերի մասին այս երկու հակասական բնույթ ունեցող գործերում.
1. Երկու բողոքներն էլ ՄԻԵԴ են ներկայացվել գրեթե տասը տարի առաջ և պարունակում են մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներ, որոնք տեղի են ունեցել երկու տասնամյակ առաջ: Քանի որ հայ հայցվորը և ադրբեջանցի վեց հայցվորներից մեկը մահացել են անցած տարիներին, նրանցից ոչ մեկն այլևս չի տեսնի Եվրոպական դատարանից ակնկալվող արդարությունը: Ինչպես հայտնի ասացվածքում` «Արդարության ուշացումը`արդարության մերժում է»…
2. ՄԻԵԴ-ի ակնհայտ փորձը` միաժամանակյա քայլեր ձեռնարկելու այս երկու առանձին, բայց հակադիր գործերի վերաբերյալ ցույց է տալիս, որ Եվրադատարանը փորձում է լուծել ոչ միայն այս երկու բողոքները, այլ նաև հող նախապատրաստել արցախյան հակամարտության լուծման համար, առնվազն փախստականների` իրենց տները վերադառնալու իրավունքի մասով:
Նկատի ունենալով ՄԻԵԴ-ի մինչ օրս անաչառ վերաբերմունքը հայկական և ադրբեջանական հայցվորների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ Եվրադատարանն ի վերջո վճիռ կկայացնի հօգուտ երկու գործերի, դրանով իսկ դուռ բացելով երկու կողմերի փախստականների հազարավոր լրացուցիչ բողոքների առջև, որոնք նույն բախտին են արժանացել Արցախյան պատերազմի ընթացքում: Քանի որ Եվրախորհրդի անդամ բոլոր պետությունները պարտավոր են կատարել ՄԻԵԴ-ի որոշումները, Եվրադատարանը կարող է սահմանել, որ այդ փախստականներին թույլատրեն վերադառնալ իրենց հայրենի տները, այսպիսով մասնակի մարդասիրական լուծում պարտադրելով անզիջում հակամարտությանը, որը երկու երկրների ղեկավարներն ու միջազգային միջնորդներն ի զորու չեն լուծել ավելի քան 25 տարի:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ԼՈՒԶԻՆՅԱՆ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ՀԱՅ ԺԱՌԱՆԳՆԵՐԸ. Խորեն (Նար Բեյ) և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրներ
Թէ տային ինծի
Թագ եւ ադամանդ, գաւազան,
Քեզ զայն ձօնէի,
Թագուհեաց դժխոյ, Հայաստան…
(«Ըղձանք» Խորեն Նար Պէյ )
ԽՈՐԵՆ ՆԱՐ ԲԵՅ ԳԱԼՖԱՅԱՆ (6.09.1831- 4.11.1892) – հայ հոգևոր և հասարակական գործիչ, դավանաբան, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ. Archbishop Khorene Nar Bey de Lusignan of Constantinople
ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ (Գվիդոն, 1826-1906) Ամբրոսիոս Լուզինյան Յուսուֆ բեյ, Իշխան Լուզինյան Խալֆա, Ամբրոսիոս Խալֆա-բանասեր, բառարանագիր, մանկավարժ, պատմաբան. Guy DE LUSIGNAN
ԽՈՐԵՆ ՆԱՐ ԲԵՅ ԳԱԼՖԱՅԱՆ ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ
Հայագիտության արևմտահայ երախտավորների մեջ Գալֆայան եղբայրներն իրենց ուրույն ներդրումն ունեն։ Նրանք տարբերվում են մեր բազմաթիվ հոգևոր հայրերից իրենց զարմանալի, նաև արկածախնդիր ճակատագրով ու գործունեությամբ։
Ծնվել են Կ. Պոլսում, հայ կաթոլիկների ընտանիքում։ Փոքր հասակից մայրական հորդորով երկու եղբայրները՝ Խորենը և Ամբրոսիոսը, 1843թ. ուղարկվել են Վենետիկ` Մխիթարյան միաբանության Ս. Ղազար վանք, որտեղ հրաշալի կրթություն են ստացել։
1855 թ. Խորենը ձեռնադրվել է վարդապետ, նշանակվել աբբահայր Գևորգ Հուրմիզյանի քարտուղար, մասնակցել «Բազմավեպ» ամսագրի հրատարակությանը, ապա պաշտոնավարել է Մխիթարյանների Փարիզի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում։ 1856 թ. գժտվել է միաբանության հետ և եղբոր` Սարգիս Թեոդորյանի և Գաբրիել Այվազովսկու հետ միասին հրաժարվել կաթոլիկական դավանանքից, վերադարձել առաքելական եկեղեցու գիրկը, Փարիզում հիմնել Հայկազյան վարժարանը, տնօրինել, դասավանդել (1857- 59 թթ.)։
Փարիզյան շրջանն արտասովոր ազդեցություն է ունեցել երկու եղբայրների հետագա ճակատագրի վրա։ Փարիզում գեղեցիկ արտաքին, շուրջ 7 լեզուների տիրապետող ու բազմակողմանի, հրաշալի կրթություն ունեցող ապագա հայագետները ծանոթացել ու մտերմացել են Վիկտոր Հյուգոյի, ֆրանսիացի լուսավորիչ գրողների, մտավորականության սերուցքի հետ, մուտք ունեցել փարիզյան հայտնի սալոնները, եղել ուշադրության կենտրոնում, թրծվել եվրոպական երկրների մշակութային այս ջահակրի մթնոլորտում։ Նրանք մինչև իրենց կյանքի վերջը մնացել են այդ մթնոլորտում, նամակագրական աշխույժ կապ պահպանել Ֆրանսիայի մտավորական ու ազդեցիկ շրջանակների հետ։
Փարիզյան շրջանում, ի թիվս շատ հանրահայտ դեմքերի, Խորեն Գալֆայանը բարեկամացել է Ալֆոնս Լամարթինի հետ, ձեռնարկել նրա բանաստեղծությունների թարգմանությունն ամենախրթին գրաբարով, որը հրատարակել է 1859 թ. «Դաշնակք Լամարթինեան» խորագրով։ Նա 1850-ական թթ. գրական-հրապարակախոսական նշանակալի գործունեություն է ունեցել։ Հեղինակել է մի շարք արժեքավոր ուսումնասիրություններ դավանաբանության, գրականության, լեզվաբանության, թատերգության բնագավառում։
Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել Այվազովսկու հետ 1855-58 թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» ամսագիրը։
Փարիզում Հայկազյան վարժարանի փակումից հետո, Գալֆայանները վերադարձել են Պոլիս, ապա 1859 թ. մեկնել Թեոդոսիա, որպես ուսուցիչ և փոխտնօրեն պաշտոնավարել Խալիբյան դպրոցում, միաժամանակ մասնակցել Փարիզից այնտեղ տեղափոխված «Մասյաց աղավնի» հանդեսի խմբագրման աշխատանքներին։ Թեոդոսիայում տպագրել են մի շարք երկեր, դասագրքեր, բառարաններ։
1864-ին Խորեն Գալֆայանը կրկին մեկնել է Պոլիս, հայ առաքելական եկեղեցու դիրքերից զբաղվել քարոզչությամբ, միաժամանակ ունեցել հասարակական-քաղաքական-կրթական բուռն գործունեություն։ Այս կրթյալ հոգևորականի հրաժարումը պապական վեղարից և վերադարձը ավանդական առաքելական եկեղեցու գիրկը պիտի օրինակ ծառայեր շատ շատերի համար, որպեսզի արևմտահայությունը դիմագրավեր, չխանդավառվեր կաթոլիկությամբ, ծվեն-ծվեն չլիներ, միաձույլ մնար հանուն իր ապագայի։
1867 թ. Խորեն Գալֆայանը սբ. Էջմիածին է ուղեկցում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորրորդին, ուր և եպիսկոպոսի աստիճան է ստանում, դառնում հայտնի դեմք ոչ միայն արևմտահայ ու արևելահայ շրջանակներում, այլև օսմանյան, ռուսական արքունիքներում` միշտ մնալով եվրոպական արժեքներ կրող հայրենասեր գործիչ, դիվանագետ, որի ոչ բոլոր քայլերն են համարժեքորեն բացատրվել շրջապատի ու ժամանակակիցների կողմից։ Բնականաբար, պայքարող դիվանագետի ոչ բոլոր գործողություններն են բացահայտ ու հայտարարագրվելու իրավունք ունեցել։ Իսկ այն, ինչ քողի ներքո է, կասկածելի, միշտ էլ կարող է ծայրահեղորեն հակադարձ իմաստով ընկալվել կամ մեկնաբանվել, ինչպես որ պատահել է այս դեպքում։
Խորեն Գալֆայանը երբեք չի դադարեցնում իր գրական, թարգմանական գործունեությունը, որը ողջ կյանքում ուղեկցում է նրան, երբեմն ավելի բուռն դառնում, երբեմն էլ զիջում նրա քաղաքական գործունեությանը։ Այս շրջանում Նար Բեյը ֆրանսերենից թարգմանում է Դարտելի «Տարեգրությունը», որոշ հատվածներ Հոմերոսի «Իլիականից», հրատարակում մեր պատմական անցյալի դրվագները ներկայացնող «Ստվերք հայկական» պոեմների ժողովածուն և այլ գործեր։
1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, Մինաս Չերազի և Ստեփան Փափազյանի հետ մաս է կազմել ռուսական արքունիքի հետ դիվանագիտական բանակցությունների նպատակով Մոսկվա և Ս.Պետերբուրգ մեկնած պատվիրակության` Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ։ Այս առաքելությունը նախապատրաստություն էր հայերի մասնակցությանը 1878 թ. Բեռլինի կոնգրեսին։
Ս.Պետերբուրգում Խորեն Գալֆայանը կարևոր հանդիպումներ է ունեցել արքունիքի մի շարք ազդեցիկ անդամների՝ իշխան Նիկոլայ Իգնատևի, արտաքին գործոց նախարար Ալեքսանդր Գորչակովի և այլոց հետ։ Նրան ընդունել է Ալեքսանդր Երկրորդ կայսրը: Գալֆայանը նրան է ներկայացրել Ներսես Վարժապետյան պատրիարքի «Հայկական ավտոնոմիայի ծրագիրը», որի հիմնական գաղափարը Հայաստանի վարչական անկախությունն էր ռուսական հովանու ներքո։
«Северный Вестник» թերթին տված հարցազրույցում Գալֆայանն ասել է. «Ռուսաստանը ցույց է տվել, որ Թուրքիայի քրիստոնյաների պաշտպանն է։ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցները, ի տարբերություն Թուրքիայում ապրողների, շատ ավելի ազատ ու պաշտպանված են։ Ավելի քան 20 տարի գոյություն ունեցող օսմանյան սահմանադրությունը չի կարող մեզ բավարարել։ Այն ինքնուրույնություն է տվել միայն մեր դպրոցներին, եկեղեցիներին և բարեսիրական կազմակերպություններին։ Մենք ինքներս ազատ չենք, այլ տիրակալների ստրուկներ ենք։ Մեր ժողովուրդը սեփական հողեր չունի, իսկ մենք կախված ենք թուրք պաշտոնյաների ամենաթողությունից»։
1878 թ. հունիս-հուլիս ամիսներին խորհրդական-թարգմանչի պաշտոնով նա մասնակցում է Բեռլինի կոնգրեսին` ջանալով «Հայկական հարցը» ներկայացնել միջազգային դիվանագիտության դատին։ Ապարդյուն ջանքեր։
Նա Էջմիածնի կաթողիկոսական գահին հավակնող 6 հոգևորականներից մեկն էր։ Ռուսական արքունիքը և սուլթանական կառավարությունը նույնպիսի անհանգստությամբ են վերաբերվել ապագա հայ կաթողիկոսի ընտրությանը, նրա անձին։ Ռուսական արքունիքի համար գաղտնի ոստիկանության, մասնավորապես` Էրզրումում գլխավոր հյուպատոս Ա.Դաննեթի հայկական հարցերի խնդրով 29.03.1883 թ. զեկուցագիրը նվիրված է բոլոր հավակնորդների անհատական վերլուծությանը։ Խնդիրը պարզ էր։ Մինչ որոշելը, թե ով կբազմի հայոց վեհափառի գահին, հարկ էր պարզաբանել նրա վերաբերմունքը ռուսական և օսմանյան արքունիքների նկատմամբ և ապագա հնարավոր քայլերը, դրանց օգուտն ու վնասները, կառավարելիությունը կամ հանդգնությունը։ Արքեպիսկոպոս Խորեն Նար Բեյ Պեշիկթաշցին (Կոստանդնուպոլսեցին) այս տեղեկագրում ներկայացվում է ոչ նախընտրելի թեկնածու. «Նա տարբերվում է իր կրթվածությամբ, մի քանի եվրոպական լեզուների է տիրապետում, հրաշալի հրապարակախոս է, նրա բնավորության բարոյական չափանիշները անբավարար են։ Նա խորամանկ է, դավադիր, հպարտ։ Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ անբարյացկամ վերաբերմունք է տածում» ։
Նա սուլթանական կառավարությանը ևս նախընտրելի հավակնորդ չէր կարող լինել նույն պատճառներով, և այս դեպքում Խորեն Նար Բեյը դիտվել է ոչ միայն եվրոպական բարձր ու մտավորական շրջանակներում հայտնի և որոշակի ազդեցություն ունեցող մեկը, այլև ռուսամետ գործիչ։ Կաթողիկոսական թեկնածուների մասին այս տեղեկագրերը դիվանագիտական խողովակներով փոխանցվել են նաև համիդյան կառավարական շրջանակներին` համատեղ, փոխադարձ համաձայնությամբ երկնպաստ ընտրություն կատարելու համար։
Կյանքի վերջին տարիներին Խորեն Գալֆայան Նար-Բեյն անցկացրել է Պոլսում, աշխույժ նամակագրություն վարել եվրոպական մշակույթի ու հասարակական գործիչների հետ ։ Իր ամենօրյա նամակաբերի կողմից նա մատնվել, ոստիկանատուն է տարվել, մեղադրվել լրտեսության մեջ, որի տրամաբանական ավարտը երկարատև տաժանելի բանտարկությունն էր կամ մահապատիժը։
Սուլթան Աբդուլ Համիդի հետ երկժամյա զրույցից հետո նա, որքան էլ ապշեցուցիչ է, վերադարձել է տուն։ Նրանց զրույցի մասին որևէ տեղեկություն մեզ չի հասել։ Բայց որ Հայաստանի ապագայով, նրա ազատագրման ու անկախացման հույսերով ապրող ու գործող հայտնի այս հոգևորական գործչի դիվանագիտությունն ու վարկը, եվրոպական հայտնի շրջանակների հետ նրա մտերիմ կապերն ու ունեցած մեծագույն հեղինակությունը զսպել են Աբդուլ Համիդին, փաստ է։ Խորեն Նար Բեյի` ֆրանսիական մշակույթն ու կենցաղը վայելած, գեղագետ, ճաշակավոր մտավորականի, հարուստ մարդու ու հազվագյուտ իրերի սիրահարի բնակարանը դավադրաբար «հանկարծ» հրո ճարակ է դարձել։ Նա կորցրել էր իր գրադարանը, հազվագյուտ ձեռագրեր ու բոլոր նվիրական իրերը։ Նա հուսախաբ, լքված ու վիրավոր մենակյացի չափազանց ծանր շրջան է ապրել։
Նույն Սուլթան Համիդի հրամանով նրան նոր բնակարան են հատկացրել, սակայն մերձավոր շրջանակի ու Պոլսո Պատրիարքի հետևողական հալածանքի, խարդավանքների, որոգայթների ու մատնությունների զոհ է դարձել, մահացել Պոլսում 1892 թ. նոյեմբերի 4 (16)-ին հանելուկային հանգամանքներում։ Թաղված է Շիշլիի մտավորականների գերեզմանատանը։
Եղբայրը` Ամբրոսիոս Գալֆայանը, Թեոդոսիայում Գաբրիել Այվազովսկու հետ 1855-58 թթ. խմբագրել է «Մասյաց աղավնի» պարբերականը, միառժամանակ աշխատել տեղի Խալիպյան ազգային վարժարանում, ապա նորից վերադարձել Ֆրանսիա, թողել հոգևորական կոչումը, ամուսնացել մի հարուստ ազնվական ֆրանսուհու` Մարի Լուիզի հետ, երկու զավակների հայր դարձել։ 1858 թ. Աբդուլ Մեջիդ սուլթանից որպես բանակի մատակարար ստացել է ՄԵՋԻԴԻՅԵ պատվանշանը։ Նա ձեռնարկել է ֆրանս-հայերեն մի մեծ բառարանի պատրաստումը, հրատարակել «Նոր բառգիրք ֆրանսահայ» (Ա հ., Փարիզ, 1900, Բ հ., 1903) բառարանը, որը հայտնի է «Լուսինյան բառարան» անունով։ Այն մինչ օրս չգերազանցված գործ է և այսօր էլ հիմք է ծառայում ֆրանսիացի լեզվաբանների համար ֆրանսերեն բառարաններ կազմելիս։ Լուզինյան թագավորական տան շքանշանները դադարել են Ամբրոսիոս Գալֆայանի կյանքի ավարտին զուգահեռ։
Ամբրոսիոս Գալֆայանը հայերեն է թարգմանել ֆրանսիացի մի շարք գրողների գործերը, մեծ օգնություն է ցուցաբերել ֆրանսիացի վիրավորներին, իր ներդրումն ունեցել Պադուայում Լեգեոնի պալատի վերանորոգման աշխատանքներում։ Նա իրեն նվիրել է գիտությանը, մասնավորապես` լեզվաբանությանը, բառարանագիտությանը, կազմել զրուցարաններ, բառարաններ, գրել է թվաբանության, հայկական գեղագրության, պատմության դասագրքեր։
Այդ տարիներին եվրոպական բարձրաշխարհիկ շրջանակներում մեծ հաջողություն ունեին Լուզինյան արքայական տան շքանշանները։ Դեռևս Ռիչարդ Առյուծասրտի ժամանակներում այս հին տոհմը զբաղեցնում էր Կիպրոսի թագավորների գահը։ XIX դարի վերջում այս թագի աղքատացած ժառանգներից Տետրուա Պելենդերին եպիսկոպոս Խորեն Նար-Բեյին է վաճառում գահակալի իրենց իրավունքները` ներկայացնելով վերջիններիս որպես իրենց «մերձավոր ազգականների»։ Նորընծա ժառանգները 1888 թ., ի փառս Լուզինյան հին տոհմի պահապան փերի Մելուզինի, շքանշան են հաստատում։ Այն պատկերում էր երուսաղեմյան խաչը, կենտրոնում՝ Երուսաղեմի, Լուզինյանների, Կիպրոսի և Հայաստանի զինանշանները։ Փերի Մելուզինի շքանշանը Լուզինյան արքայական տան այս նոր տիրակալների՝ Գալֆայան եղբայրների կողմից տրվում էր «հանուն հայ ազգի և Լուզինյան թագավորական տան նկատմամբ ունեցած հումանիզմի վաստակի»։ Այն, ըստ աստիճանների, արժեր 400-1200 ֆրանկ, կից՝ այն հաստատող փաստաթղթերը։ Այն համարվել է գոյություն ունեցող 10 ամենաշքեղ շքանշաններից մեկը։ Շատ -շատերն են ցանկացել իրենց կրծքին կրել այդ գեղեցիկ, թանկարժեք ու շքեղ «զարդը»։
Հայկական ձեռներեցության այս դրսևորումն այնպիսի մեծ հաջողություն է ունենում Եվրոպայի ազնվական ու հարուստ շրջանակներում, որ 1891 թ. Գալֆայան եղբայրները մի նոր` «Սինայի սուրբ Եկատերինայի» շքանշան են հաստատում։ Այն պատկերում էր երուսաղեմյան խաչը, ասպետական սուրը՝ զարդարված շքեղ թագով, կենտրոնում՝ Երուսաղեմի, Լուզինյանների, Կիպրոսի և Հայաստանի զինանշանները։
Երկու շքանշաններն էլ մեծ հաջողությամբ վաճառվում են մինչև 1905 թվականը` Գալֆայան եղբայրների վախճանը։
Ահա այսպիսին է ուրվագիծը Խորեն և Ամբրոսիոս Գալֆայան եղբայրների` Լուզինյան արքայական տան երկու հայ ժառանգների, գիտությամբ, դիվանագիտությամբ և արկածախնդրությամբ հագեցած երկու հայրենասեր դեմքերի ոդիսականը։
Լուզինյան թագավորական տան հիմնադիր Գի դը Լուզինյան խաչակիր ասպետը
Լուզինյան տան հովանավոր Մելուզին փերիի պատկերները տարբեր փորագրանկարներում և գրքերի կազմերին
Լուզինյան թագավորական տան շքանշանները
Սինայի սուրբ Եկատերինայի շքանշանը
Պատրաստեց Հասմիկ Ստեփանյանը
Ադրբեջանը մշտապես սադրում է իրավիճակը շփման գծում. Սերժ Սարգսյան
Արցախն արդեն ավելի քան 20 տարիների ընթացքում հաջողությամբ արարում է, կառուցում ժողովրդավարական հասարակություն եւ պետականություն՝ հիմնվելով եվրոպական արժեքների վրա: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չեխական «Lidovе noviny» (Ժողովրդական նորություններ) թերթին` Չեխիայի Հանրապետություն կատարած պետական այցի շրջանակներում,հաղորդում է NEWS.am-ը:
«Ես վստահ եմ, որ Արցախ այցելությունից հետո, Դուք կհամալրեք աշխարհի տարբեր անկյուններից հարյուրավոր լրագրողների, հասարակական եւ քաղաքական գործիչների շարքը, ովքեր հիացմունքով են հիշատակում այնտեղ ապրող ժողովրդի քաղաքացիական ինքնագիտակցության բարձր մակարդակի, նրա ժողովրդավարական արժեքների, պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրությունների անցկացման բարձր մակարդակի, պետական ինստիտուտների արդյունավետության մասին: Արցախն արդեն ավելի քան 20 տարիների ընթացքում հաջողությամբ արարում է, կառուցում ժողովրդավարական հասարակություն եւ պետականություն՝ հիմնվելով եվրոպական արժեքների վրա»,- նշել է նախագահն ու հավելել. «Նման այցերի արդյունքում լրագրողներն իրենց տեսածը փոխանցում են ընթերցողներին՝ ներկայացնելով Արցախի մասին ողջ ճշմարտությունը: Չէ՞ որ, ինչպես ասել է ականավոր չեխ գրող, դրամատուրգ, իրավապաշտպան եւ պետական գործիչ Վացլավ Հավելը. «Երբ ճշմարտությանը լիակատար ազատություն տրված չէ, ապա ազատությունը լիակատար չէ»: Կարծում եմ՝ հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի Արցախ շատ մարդիկ այցելեն: Ղարաբաղ այցելողներին ադրբեջանցիներն ինչ-որ սեւ ցուցակներում են ներառում, իսկ հետո արգելում են Ադրբեջան այցելել: Բայց, վստահեցնում եմ Ձեզ, նույնիսկ այդ պարագայում Դուք կհայտնվեք աշխարհի նշանավոր մարդկանց շատ պատվավոր ցուցակում, ովքեր իրենց քաղաքացիական դիրքորոշումը բարձր են դասել սպառնալիքներից ու ահաբեկումներից:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցությունների առարկա է: Համանախագահների ներկայացրած առաջարկությունների տրամաբանության համաձայն, վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»:
Խոսելով հակամարտության մասին՝ Սարգսյանը նշել է. «Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հսկողության տակ անցավ հարակից շրջանների մի մասը: Այդ հողերը բուֆերային գոտու դեր են կատարում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվտանգությունը հնարավոր հրետակոծություններից եւ ամրապնդելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պաշտպանական դիրքերը նոր ագրեսիայի դեպքում: Ադրբեջանը մշտապես սադրում է իրավիճակը շփման գծում: Հատկապես բանակցությունների հերթական փուլի նախօրեին կամ անմիջապես դրանց ավարտից հետո, ինչպես նաեւ այլ պետություններից բարձրաստիճան պետական պաշտոնյաների այցերի օրերին: Բառացիորեն օրերս Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակի մարտիկները հետ մղեցին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի եւս մեկ դիվերսիոն հարձակում: Ադրբեջանական հետախույզների խումբը չկարողացավ իրականացնել ամիսներով ծրագրած դիվերսիան եւ ստիպված եղավ փախուստի դիմել՝ իր հետ տանելով մի քանի դիակ եւ պայթելով ականադաշտում»:
Ըստ Սարգսյանի, գոյություն ունեցող շփման գիծը ամրացված ինժեներական շինություններ են եւ ամենակարճ սահմանը, որ թույլ է տալիս ղարաբաղցիներին պաշտպանվել ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ, ծայրահեղ ազգայնամոլ, երբեմն՝ ֆաշիստական հռետորաբանության ֆոնին: «Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Ղարաբաղը եւ նույնիսկ Հայաստանի մայրաքաղաքը՝ Երեւանը, Հռոմի հասակակիցը, ադրբեջանական պատմական հողեր են, եւ այդ ամենը երբեւէ կբռնակցվի Ադրբեջանին: Նա այդ մասին խոսում է հրապարակայնորեն, եւ Ղարաբաղի իշխանություններին այլ բան չի մնում, քան «վառոդը չոր պահել»,- նկատել է նախագահը:
Դիտարկմանը թե Հայաստանում տեղակայվածՌուսաստանի ռազմաբազան ինչի՞ց է պաշտպանում, Թուրքիայից եւ Ադրբեջանի՞ց, Սարգսյանն արձագանքել է. «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելը ծառայում է մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության պահպանմանը: Այդ բազան խոր պատմական արմատներ ունի, անցել է լուրջ մարտական ուղի: Բազայի մասին համաձայնագրով այն Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգում կարեւոր բաղադրիչ է՝ բոլոր ուղղություններով հնարավոր սպառնալիքների դեպքում: Վերջերս մենք Նախագահ Պուտինի հետ Գյումրի քաղաքում այցելեցինք այդ բազան:
Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիրներից մեկը: Ռուսաստանի հետ մեզ կապում է նաեւ ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն արտացոլված է մի ամբողջ շարք պայմանագրերում ու համաձայնագրերում: Հայաստանը հավատարիմ է անվտանգության համակարգերի համատեղման սկզբունքին եւ հանդես է գալիս բաժանարար գծերի դեմ՝ եւ´ հին, եւ´ նոր»:
Պատերազմի վերսկսման հնարավորության մասին հարցին էլ Սարգսյանը պատասխանել է. «Ցավոք, պատմության դասերը ոչ միշտ են պատշաճ կերպով հաշվի առնվում: Այսօր էլ Ադրբեջանը չի դադարում բարձր մակարդակով սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի եւ Արցախի հասցեին՝ արհամարհելով միջազգային հանրության կոչերը՝ ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի:
90-ականների սկզբներին Ադրբեջանը բանակի եւ ռազմական տեխնիկայի թվաքանակով շատ ավելի էր գերազանցում Հայաստանն ու Արցախը միասին վերցրած, քան այսօր: Սակայն, ռազմական գործողությունների ելքի վրա ազդեց ոչ թե այդ հանգամանքը, այլ արցախցիների բարձր բարոյական ոգին եւ իրենց Հայրենիքը պաշտպանելու վճռականությունը: Արդյունքում, ագրեսիա սանձազերծած Ադրբեջանն ստիպված եղավ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ուղիղ բանակցությունների ճանապարհով զինադադար խնդրել:Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Փրկարարները բացել են փակ դռներ
Փետրվարի 4-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնելմեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 4-ին, ժամը 14.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսահակյան թաղամասի թիվ 1/3 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 4-ին, ժամը 12.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թադևոսյան նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկից ջրալցվում է առաջին հարկի բնակարան, ջրի հոսքը դադարեցնելու համար պետք է մուտք գործել բնակարան, որի բնակիչը բացակայում է քաղաքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 4-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 4-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 27ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Փետրվարի 4-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
Զանգու գետում, ձկները անկել են և ափ են դուրս եկել
Ուշադրություն. ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսվել է
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը Անկախին տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:
Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, Ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցրի պարզաբանման համար դիմել Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով:
Ճանապարհային ոստիկանություն
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Վարչապետը հույս է հայտնել, որ դիվանագետն իր գործունեությամբ կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամական կապերը և նոր թափ կհաղորդի հայ-ռումինական համագործակցությանը:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը՝ ի նպաստ երկկողմ կապերի աշխուժացման և ամրապնդման:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման և այդ նպատակով տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Առկա ներուժի լիարժեք իրացման առումով կարևորվել է հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, գործարար կապերի ակտիվացումը, բիզնես համաժողովների կազմակերպումը: Ընդգծվել է Ռումինիայի հայ համայնքի նշանակալի դերը երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և զարգացումներին: Այս համատեքստում վարչապետ Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է Ռումինիայի իշխանությունների հավասարակշռված և անկողմնակալ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
«Լոկատոր» ընկերության կրթական և մշակութային հավելվածները կներդրվեն ԱրմԹաբ հայկական պլանշետներում,տեսանյութ
«Լոկատոր» ընկերության կողմից ստեղծված հայկական պատմական ճարտարապետական կոթողների վերաբերյալ հավելվածներն այսուհետ կներդրվեն առաջին հայկական ԱրմԹաբ պլանշետներում:
Ներկայումս ԱրմԹաբ պլանշետների համար «Լոկատոր»-ը ստեղծում է նաև կրթական ինտերակտիվ հավելվածներ՝ նպատակ հետապնդելով բարձրացնել մեր հայրենիքի կրթական մակարդակը:
«Շատերին հայտնի «Լոկատոր»-ի 3Դ Երևան նախագիծը, որը ԱՊՀ տարածքում անալոգ չունի իր գեղեցկությամբ և ճշգրտությամբ, իրականացրել են դպրոցականներ, որոնք իրենց գիտելիքները տվյալ բնագավառում ստացել են հենց համացանցից՝ ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով։ Փաստորեն 5 դպրոցական կարողացել են իրենց գիտելիքներով հրաշալի մի նախագիծ իրականացնել, և եթե մենք ստեղծենք նոր ու հետաքրքիր կրթական հավելվածներ պլանշետների համար, որոնք ներդրվելու են դպրոցներում, ապա հիմք կդնենք մեր հայրենիքի փայլուն ապագային»,- նշում է «Լոկատոր» ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:
Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ «Լոկատոր» ընկերության գործունեության վերաբերյալ`
«Լոկատոր» ընկերության մասին
2012թ.-ից «Լոկատոր»-ը զբաղվում է եռաչափ (3D) մոդելավորմամբ: Եռաչափ մոդելավորել և Google Earth համակարգ է ներբեռնել Երևան, Ստեփանակերտ ու Շուշի քաղաքները: Ներկայումս ընկերությունը զբաղվում է նաև Հայաստանի 8 ամենահայտնի վանքերի/եկեղեցիների եռաչափ մոդելավորմամբ` Էջմիածնի, Նորավանքի, Խոր Վիրապի, Գառնիի ու Գեղարդի, Կեչառիսի և Սևանավանքի: «Լոկատոր»-ի կողմից իրականացվող եռաչափ նախագծերի հիմնական նպատակն է նպաստել ազգային PR-ի, զբոսաշրջության, բիզնեսի, տնտեսական համագործակցության և մի շարք ոլորտների զարգացմանը Հայաստանում:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Տարեսկիզբը բավականին հագեցած էր քաղաքական իրադարձություններով: Նախ հաստատվեց, ապա հրապարակվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»:
Ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսության համար եվրասիական տնտեսական տարածաշրջանում նոր հեռանկարներ կբացվեն:
«Ճանապարհային քարտեզի» հաստատմանը եւ հրապարակմանը զուգահեռ Հայաստանի իշխանությունները շարունակում են շահավետ երկխոսություն ծավալել Եվրոպական միության անդամ երկրների հետ, եւ ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքականությունը լիարժեք ըմբռնում է գտնում Եվրամիության անդամ երկիր Չեխիայում: Պրահայում եւս մեկ անգամ ամրագրվեց.
Առաջին, Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում:
Երկրորդ, եվրասիական եւ եվրոպական ինտեգրացիոն գործընթացները միանգամայն հնարավոր է զարգացնել ոչ թե հակադրությամբ, այլ համատեղելիությամբ, ինչի մասին է վկայում հայ-չեխական գործարար համաժողովը, որին միայն չեխական կողմից մասնակցում էր շուրջ 100 կազմակերպություն:
Պրահայում կողմերը լիովին համակարծիք էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ, երեք հայտնի սկզբունքների հիման վրա կարգավորման հարցում: Այնուհանդերձ, մեր կարծիքով՝ քանի դեռ Ադրբեջանը մեկընդմիշտ չի հրաժարվել ռազմատենչ քարոզչությունից եւ սպառազինությունների մրցավազքից, հիմնախնդրի վերջնական կարգավորումը իրատեսական չի թվում:
Հարգելի գործընկերներ,
Մինչ Թուրքիայի ղեկավարությունը Հայաստանին եւ հայկական սփյուռքին կոչ էր անում անցյալի ցավերը հետեւում թողնել, 1915-ի իրադարձություններին անդրադառնալիս Եվրամիության անդամ երկիր Չեխիայի նախագահն օգտագործեց 1.5 մլն հայերի «գենոցիդ» եզրույթը:
Կարծում եմ` Թուրքիան անցյալի կնճռոտ խնդիրները պետք է ոչ թե մոռացության մատնի, այլ լուծի՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Եվ վերջում մի քանի խոսք՝ ուղղված ոչ իշխանական որոշ գործընկերներիս: Բարեկամներս, նախընտրական բառապաշարով հագեցած զգացմունքային նախադասությունները միգուցե արդյունավետ են ընտրությունների նախօրեին: Սակայն ընտրությունների ժամանակ դուք լռում էիք, ժողովուրդն էլ ձեզ փնտրում էր, բայց չէր գտնում:
Շնորհակալություն ուշադրության համար:


