Սեռական օրգանը նկարելու և կայքերում տեղադրելու համար գիտությունների թեկնածուն դատապարտվեց 1 ամսվա կալանքի

սեռական բնույթի նկարներԱրաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր ճանաչեց գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկին` իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը նկարելու և 2 կայքերում տեղադրելու համար` ՀՀ քրեական օրեսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտեց կալանքի` 1 ամիս ժամկետով,հաղորդում է Փաստինֆոն:

Սակայն  ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին կմնա անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որից հետո միայն գիտությունների թեկնածուն կկալանավորվի:

Ըստ քրեական գործի նյութերի, ամբաստանյալն իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարահանել է պոռնկագրական բնույթի նկարներ՝ մասնավորապես իր սեռական օրգանը՝ առնանդամը, սերմնաժայթքման տեսարանը և դրանք տեղադրել 2 կայքերում (կայքերի անվանումները չենք հրապարակում), այդպիսով տարածել և  հանրամատչելի է դարձրել համացանցի տիրույթում։ Նա  այդ կայքերում տեղադրելու եղանակով տարածել է նաև  պոռնկագրական բնույթի 54 վայրկյան տևողությամբ տեսանկարահանված ձայնագրություն:

Իսկ մինչ այդ այսօր մեղադրող դատախազ Էդգար Պետրոսյանը ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը գտավ ճիշտ և հիմնավորված, գործով մեղադրական դատավճիռ կայացնելու համար հավաքված ապացույցները հավաստի, հետազոտված և բավարար: Ինչպես նաև հաշվի առնելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նախկինում դատվածություն չունենալը և պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը  և այն, որ ամբաստանյալն առաջին անգամ է ոչ մեծ ծանրության հանցանք կատարել և խոստովանական  ցուցմունքներ է տվել` մեղադրող դատախազը միջնորդեց ամբաստանյալին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել տուգանքի  300 000 դրամի չափով, իսկ խափանման միջոց ստորագրությունը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

«Զվարթնոցի» պայքարը թևակոխում է նոր փուլ

i (1)«Զվարթնոցի» կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այդպես էլ մնում է առկախ:

Չնայած քաղավիացիայի գլխավոր վարչությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ շենքը քանդվելու է, հանրությունը հույս ունի, որ կկարողանա ազդել օդանավակայանի սեփականատիրոջ և կառավարության վրա` ստիպելով փոխել հակամշակութային այդ որոշումը:

Արդեն մի քանի ամիս է` այդ հարցը նաև Հանրային խորհրդի օրակարգում է: Ամենազավեշտալին այն է, որ հենց քաղավիացիայի գլխավոր վարչությունն է որոշել դիմել այդ կառույցին, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հարցը քննարկվի նաև ոլորտի մասնագետների և հանրության լայն շերտերի հետ և հաշվի առնվի նրանց կարծիքը:

Մասնագետներն ու հանրային տարբեր շերտերի ներկայացուցիչներն այդ քննարկումների արդյունքում հայտնել են իրենց հստակ դիրքորոշումը` շենքը պետք է պահպանվի, սակայն քաղավիացիայի գլխավոր վարչությունը շարունակում է պնդել իր տեսակետը:

Օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական քավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ հարցին, հիշեցրեց, որ վարչապետը նախորդ տարվա վերջին նիստի ժամանակ առաջարկ է արել, ինչն ընդունելի է եղել նաև քաղավիացիայի լխավոր վարչության և կոնցեսիոների կողմից. «Եթե մենք ունենք խնդիրներ պահպանման անհրաժեշտության և մշակութային տեսանկյունից, ապա փորձենք մի որևէ այգի կամ այգու նման մի վայրում հավաքել դրանց մակետները: Դա կարող է լինել «Զվարթնոցը», Գառնու տաճարը, այդ այգին ժամանցի վայր միգուցե դարձնել…»:

Նման անորոշ ձևակերպումներով արտահայտած միտքը միայն նոր հարցեր կարող էր առաջացնել, և պատահական չէր, որ լրագրողները փորձեցին հստակեցնել` ի վերջո շենքը քանդվելո՞ւ է, թե՞ ոչ: Արտյոմ Մովսեսյանը պարզաբանեց. «Կառավարությունը հաստատել է կոնցեսիոների մաստեր պլանը, որտեղ ներառված է նաև շենքը քանդելու հարցը, այսինքն` քանդում լինելու է, սակայն մենք դրան փոխարինող լուծումներ ենք փնտրում: Շենքի տեղափոխում էլ չի կարող լինել, դա ահռելի մեծ ծախսերի հետ է կապված, որը ոչ իրատեսական է: Ոչ մի կառավարիչ նմանատիպ ծախսեր իր վրա չի վերցնի»:

Ինչևէ, Արտյոմ Մովսեսյանը հստակ ուղերձ հղեց հանրությանը, որ վարչապետի վերջին նիստին հնչեցրած միտքն ամենևին կապ չունի շենքի պահպանման հետ, այլ այն ընդամենը ինչ-որ լուծումներ գտնելու մասին է:

Հիշեցնենք, որ այդ նույն նիստի ժամանակ վարչապետը հստակ հանձնարարություն էր տվել Արտյոմ Մովսեսյանին ճարտարապետների հետ քննարկում կազմակերպելու վերաբերյալ, սակայն դրա հետ կապված նորություն կարծես թե չկա:

Ինչ վերաբերում է Մովսեսյանի ասած  «փոխարինող լուծումներին», մասնավորապես` այգի հիմնելուն և այնտեղ տարբեր մշակութային կոթողների մանրակերտերը տեղադրելուն, ապա կարծում ենք` դա առնվազն սփոփանքի ժանրից է:

Բայց արդյոք հանրությանը, առավել ևս մասնագետներին հնարավո՞ր է նման ծրագրով սփոփել:

Հանրային խորհրդի հանձնաժողովներում ներառված բազմաթիվ ճարտարապետներ Արտյոմ Մովսեսյանի վերջին հայտարարությունից հետո առավել մարտական են տրամադրված: ՀԽ քաղաքաշինության հարցերի ենթահանձնաժողովի անդամ, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հայտարարեց, որ ճարտարապետներն արդեն ստորագրահավաք են սկսել ընդդեմ կլոր շենքի քանդման և պատրաստվում են այն ներկայացնել երկրի ղեկավարին:

Այսօր` հունվարի 22-ին Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում կրկին դրվել է  «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը և ևս մեկ անամ հաստատվել, որ Հանրային խորհուրդն այդպես էլ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

ՀԽ նախագահ Վազեն Մանուկյանի խոսքով` խորհուրդն առաջարկել էր, որ մշակույթի նախարարության համապատասխան կառույցը որոշի` շենքը պատմամշակութային հուշարձա՞ն է, թե ոչ, և եթե այո, ապա այն պետք է ներառվի հուշարձանների ցանկում, մինչդեռ նախարարությունն այդ հարցը չի քննարկել:

«Մենք առաջարկել ենք պարզել նաև, որ ենթադրենք օդանավակայանի շենքն ընդլայնելու համար չեն քանդում հին համալիրը, այլ այն շրջանցում են, դա որքա՞ն հավելյալ ծախս է պահանջում: Պատասխան չկա: Առաջարկել ենք անկախ փորձագիտական ընկերության կողմից ուսումնասիրություններ անցկացնել, թե որքա՞ն կարժենա այդ շենքի վերանորոգումն ու պահպանումը: Առաջարկներից մեկն էլ եղել է այն, թե հնարավո՞ր է շենքը հանել աճուրդի և այլ նպատակներով օտագործել: Մեր այս հարցերին պատասխաններ չեն տրվել, միայն իմանում ենք, որ կառավարությունը հաստատել է մաստեր պլանը»:

Մանուկյանի խոսքով` Հանրային խորհուրդը հետամուտ է լինելու հարցի լուծմանը:

Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով` «Զվարթնոցի» կլոր շենքի քանդումը կլինի հերթական մշակութային կորուստը: «Երևանը կորցնում է իր հիշողությունը: Սա շատ ծանր է ընկալվում մտավորականության կողմից, և մենք գտնում ենք, որ այդ որոշումը պետք է վերանայվի և քննարկվի շենքի պահպանման հարցը: Դա նաև օրինակ կլինի, սկիզբը այն փոփոխությունների, որ պետք է տեղի ունենան այս ոլորտում, և ոչ միայն այս: Վերջապես պետք է Հայաստանում հաշվի առնվի հանրության, մասնագետների կարծիքը, ոչ թե միայն բիզնեսը որոշի, թե որն է իրեն այս պահին  շահեկան, ու վերջ»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 26-ի նիստին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թթ. մաստեր պլանը, որով կոնցեսիոները 102 մլն դոլարի ներդրումներ է նախատեսում կատարել օդանավակայանի պայմանների բարելավման և նոր շենքի համար, ինչպես նաև նախատեսում է քանդել հին ուղևորային համալիրը: Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ հին ուղևորային համալիրի քանդման հարցը դեռևս պետք է քննարկվի: Վարչապետի խոսքով՝ «Զվարթնոցի» կլոր շենքը ճարտարապետական յուրօրինակ կառույց է, և չնայած ներառված չէ պատմամշակութային հուշարձանների շարքում, ճարտարապետներն այն համարում են արժեքավոր ժառանություն: «Այն սովետական մոդեռնիզմի ճարտարապետության շենք է, դրա համար մեր ճարտարապետները առաջարկում են նոր լուծումներ»,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ այդ լուծումներից մեկն էլ օդանավակայանի տարածքում այգու կառուցումն է, որտեղ ճարտարապետական այդպիսի լուծումով բոլոր կոթողները կարող են տեղավորվել:

Ակնհայտ է, որ նիստի ընթացքում վարչապետի հայտարարածը, քաղավիացիայի գլխավոր վարչության պետի հասկացածը և ճարտարապետների ցանկությունը բոլորովին չեն համապատասխանում իրար: Համենայն դեպս, մի բան ակնհայտ է` ճարտարապետներն առաջարկում են լուծում, որում կանգուն «Զվարթնոցի» գաղափարն է և ոչ թե քանդված:

Անի Գասպարյան

Անկախ

Ոստիկանը դիտավորությամբ քաղաքացու առողջությանը ծանր վնաս է պատճառել

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննութամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 8-ին բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ բուժօգնության է դիմել քաղաքացի Գ. Մ.-ն: Պարզվել է, որ վերջինս վնասվածքը ստացել է ոստիկանության աշխատակցի հետ նույն օրը Երևանի այգիներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Դեսպան Կիրակոսյանը մասնակցեց դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմի համար ընդունելությանը

դեսպան կիրակոսյան,Նախագահ Հայնց ՖիշերՀունվարի 20-ին Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը Հոֆբուրգի իր նստավայրում ընդունեց Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավար կազմին և ներկաների առաջ հանդես եկավ ուղերձով:

Ընդունելության շրջանակներում Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանի հետ տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում Նախագահ Ֆիշերը նախ իր ողջույնները փոխանցեց Հայաստանի իր պաշտոնակցին, որից հետո կողմերն անդրադարձան 2014թ. հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական ընթացքին:

Անկախ

Ի՞նչ է ուզում Ղուկասյանի որդին Բալասանյանից

վառդան-սամվելԴեռ կեսգիշերից հայաստանյան մամուլը տարածեց, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ մեքենաներով գնացել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ, այնտեղ հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել քաղաքապետի հասցեին:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է Սամվել Բալասանյանը գտնվում է ԱՄՆ-ում, այդ պահին ևս տանը չի եղել. Սամվել Բալասանյանը Հայաստան է վերադարձել առավոտյան: Տանեցիները չեն արձանքել երիտասարդներին:

Սակայն կատարվածը տեսագրել են Բալասանյանի տան մոտ տեղադրված տեսախցիկները: Կդիմի՞ արդյոք իրավապահ մարմիններին Սամվել Բալասանյանը, թե ոչ, քանի որ սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է իր նկատմամբ, մեր հարցի պատասխանը դեռ չենք ստացել քաղաքապետարանից: Ի դեպ, արդյո՞ք ոստիկանությունը որևէ բողոք ստացել է կամ գնու՞մ է մամուլի հրապարակումների հետքերով հարցերին ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեզ փոխանցեց, որ “դեռ ուսումնասիրում ենք: Առավոտյան նոր մի բան կլինի”:

Հավելենք, որ մեր ընթերցողներին լրացուցիչ տեղեկություններ կհայտնենք իմանալուն պես:

Իսկ Վարդան Ղուկասյանի մամուլի քարտուղարն այսպիսի հայտարարություն էր արել. “Սա արդեն նմանվում է հետապնդման: Շատ զազրելի է, երբ լրատվության ուշադրությունը շեղելու համար կարևոր խնդիրներից, փորձ է արվում շրջանառության մեջ դնել` վարկաբեկման մեթոդով, Վարդան Ղուկասյանի, նրա ընտանիքի անունը: Սա նպատակ ունի ուղղակի գցել Վարդան Ղուկասյանի հեղինակությունը գյումրեցիների աչքերում, զրոյի հավասարեցնել այն հսկայածավալ աշխատանքը, որ նա տարիներ շարունակ իրականացրել է Գյումրիում”:

Տեղի ունեցածի շուրջ հայտարարությամբ հանդես է եկել նաև Սամվել Բալասանյանը, որում մասնավորապես ասվում է. “Սիրելի գյումրեցիներ, Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ և շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին: Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք:
Վստահեցնում եմ Ձեզ , որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր , բայց պատվաբեր առաքելությունից: Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը: ”

Ավելացնենք, որ դեռևս պարզ չէ, իսկապե՞ս Սպարտակ Ղուկասյանն է եղել այդ երիտասարդների հետ, թե Ղուկասյանները որևէ առնչություն այս դեպքի հետ չունեն:

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ

 լեզվաբանական համալսարանՁևավորված ավանդույթի համաձայն` Բանակի օրվան ընդառաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 22-ին Սեյրան Օհանյանը եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

 լեզվաբանական համալսարանՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Ողջույնի խոսքում շնոհավորելով Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով պաշտպանության նախարարին այցելության համար, համալսարանի ռեկտոր  Գայանե Գասպարյանը վստահեցրել  է, որ բուհում ռազմահայրենասիրական դաստիարակությունը դրված է բարձր հիմքերի վրա:

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբի գործողությունների հետևանքով արիաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակը:

Իր ելույթում Սեյրան Օհանյանը կարևորել է բանակ-բուհ համագործակցությունը արատավոր երևույթների, փողոցային բարքերի դեմ պայքարի, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության ամրապնդման գործում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ուսանողներին հակիրճ ներկայացրել է ՀՀ զինված ուժերի անցած փառավոր ուղին, կազմավորման փուլերը, առանձնահատկությունները, պաշտպանական բարեփոխումները, խոսել է առկա բացթողումների և մարտահրավերների, ինչպես նաև` ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու հեռանկարների շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև պատասխանել է կրթօջախի դասախոսների և ուսանողներին  հուզող հարցերին:

Միջոցառման ավարտին ՀՀ ԶՈւ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև բուհում հայրենասիրական դաստիարակությունն ամուր հիմքերի վրա պահելու համար Սեյրան Օհանյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանին և պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է գերատեսչական մեդալներով: Համալսարանի մի շարք դասախոսներ ու ուսանողներ արժանացել են նաև պատվոգրերի:

Ուսումնական հաստատության գիտական խորհրդի որոշմամբ էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  պարգևատրվել է համալսարանի Ոսկե մեդալով:

 Անկախ

Ամփոփվել են 2013 թվականին շինբարեկարգման, կոմունալ և բնապահպանական ոլորտների աշխատանքները և նախանշվել 2014-ի անելիքները

կամո արեյանԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին,որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից  շինբարեկարգման, կոմունալ և բնապահպանական ոլորտներում իրականացված ծրագրերն ու ընթացիկ տարի նախանշված աշխատանքները: Հատկապես շինբարեկարգման բնագավառի համար 2013 թվականը աննախադեպ տարի է եղել: Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 2.5 միլիոն քմ  տարածք, ինչը, ըստ Կամո Արեյանի, 6 անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Նորոգվել են գլխավոր ու երկրորդական փողոցներ, բակային տարածքներ, նախկին գրունտային ճանապարհներ, մայթեր և այլն: Միայն 33 փողոցներ հիմնանորոգվել են: Սալապատվել են բազմաթիվ փողոցների մայթեր ու արահետներ, ինչպես նաև Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից և Շառլ Ազնավուրի հրապարակները: Քաղաքապետի առաջին տեղակալը հատկանշել է 2 խոշոր ճանապարհաշինական հանգույցների կառուցումը, որոնցից Ուլնեցի-Ռուբինյանց  2.3 կմ երկարությամբ ճանապարհահատվածն արդեն հանձնվել է շահագործման, իսկ 2.6 կմ երկարությամբ Իսակով- Լենինգրադյան արագընթաց մայրուղին շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա առաջին կիսամյակում: Մի շարք փողոցներում թարմացվել կամ նորերով են փոխարինվել եզրաքարերը: Նախորդ տարի կառուցվել է 4 վերգետնյա անցում, ևս 7-ը կկառուվի 2014 թվականին: 2013թ.-ին 4-րդ կարգի վթարային, քանդման ենթակա շենքերի 226 ընտանիքներ  նոր բնակարաններ են ստացել Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեների նորակառույց շենքերից: Ծրագիրը կշարունակվի նաեւ այս տարի: Գարնանից Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու նաև բակային տարածքների նորոգման ու կառուցման աշխատանքներին։ Այս տարի էլ, ինչպես 2013 թվականին, մայրաքաղաքում  400 և ավելի նոր բակ է շահագործման հանձնվելու։ 2013թ. կառուցված 19 ֆուտբոլի մինի դաշտերի թիվն այս տարի ևս կհամալրվի:

Ձևավորվել և շահագործման են հանձնվել  շուրջ 8 հա ընդհանուր մակերեսով  զբոսայգիներ ու հանգստյան գոտիներ, անցկացվել է 20.3 կմ ընդհանուր երկարությամբ ոռոգման նոր ցանց:  Կամո Արեյանը հատկանշել է, որ 2013 թվականը նաև բարենպաստ է եղել բնապահպանական ծրագրերի իրականացման առումով: Քաղաքի փողոցներին հարակից կանաչ գոտիները, այգիներն ու պուրակները համալրվել են 2.6 միլիոն ծաղիկներով, 50000 ծառերով և 16000 թփերով: Սիզամարգերի թիվն ավելացել է 3.2 հեկտարով: Նախկին սիզամարգերի վերականգնման ծավալն էլ կազմել է շուրջ 13 հեկտար:  Քաղաքապետի առաջին տեղակալը հավաստիացրել է, որ վերը նշած բոլոր  ուղղություններով 2014 – ին նախատեսվում է գերազանցել ցուցանիշները: Մասնավորապես, կվերականգնվեն Եռաբլուրի և <<Փարոսի>> բլրի անտառապատ տարածքները: 2013 թվականին շուրջ 77 կիլոմետրով  ավելացել է արտաքին լուսավորության համակարգը: Թվով 176 բակերի և 15 փողոցների հերթը կհասնի առաջիկա  ամիսներին: Զուգահեռաբար կիրականացվի թեքահարթակների կառուցման  ծավալուն ծրագիր` շուրջ 40 մլն դրամ արժողությամբ: Այդ նպատակով 2013 թվականին համայնքային բյուջեից առաջին անգամ տրամադրվել էր 20 մլն դրամ, որի շրջանակում կառուցվել է 96 թեքահարթակ, ընդ որում, այդ հարցում հաշվի են առնվել հենց շահառուների առաջարկները:

2013-ին իրականացված ծրագրերից Կամո Արեյանն առանձնացրել է նաև շուրջ 10100 շենքերի հարթ և թեք տանիքների նորոգման, 1300 շենքերի շքամուտքերի բարեկարգման, բազմաբնակարան մի շարք շենքերի արտաքին մաքրման, ինչպես նաեւ վթարային կախովի պատշգամբների վերականգնման աշխատանքները:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս ծրագիրը կշարունակվի նաև 2014 թվականին:

Քաղաքապետի առաջին տեղակալը նաև հավելել է, որ 2013 թվականին ամբողջովին լուծվել է թանգարանների, Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների, մշակույթի տների  ու գրադարանների  ջեռուցման խնդիրը:  Իսկ առողջապահական հաստատությունների մասով էլ նշվել է, որ արդեն  նորոգվել են 2 մանկական պոլիկլինիկաներ: Եվս չորսում նմանատիպ ու նաև ջեռուցման անցկացման աշխատանքներ կիրականացվեն այս տարվա ընթացքում: Բացի այդ, նախորդ տարի նորոգվել են նաև 29 նախադպրոցական ուսումնական հաստատություններ, ևս 25-ն էլ կնորոգվի այս տարի:

Անկախ

 

 

 

Փլուզում Գորիս քաղաքում

ՓլուզումՀունվարի 22-ին, ժամը 11.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ մասնակի փլուզվել է Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 13-րդ փողոցի Ս. Ա.-ին պատկանող թիվ 14/1 տունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տունը 1.5 հարկանի է, վթարային, կառուցված` 1932 թ., գտնվում է սողանքային գոտում:
Փլուզվել է տան արտաքին կողային պատը (25 քմ):

Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դիՀունվարի 22-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 82 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1961 թ. ծնված Գ. Ս.-ի դին:

Անկախ

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

գազի արտահոսքՀունվարի 22-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 25 շենքի մուտքում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի փականը և մալուխ (մոտ 5 գմ):

 

Անկախ

Կայացել է 2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

դոլարՀունվարի 22-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.78 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.8 դրամ:

 

Անկախ

Առաջիկա օրերին հնարավոր է ձյուն գա

ձյուն, մերկասառույցՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնում են,որ  Հանրապետության տարածքում`
  Հունվարի 23-ի, 26-ի  ցերեկը, 27-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:  24-25-ին  սպասվում է առանց  տեղումների եղանակ:
Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` էապես չի փոխվի:

Երևանում՝

Հունվարի 23-ի, 26-ի  ցերեկը և 27-ին հնարավոր է թույլ ձյուն: 24-25-ին սպասվում է առանց  տեղումների եղանակ:
Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:
Երևանի հունվարի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 8.30C (1999 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -22.60C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան -4.30C

Անկախ

2013 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել ևս 11 գերատեսչություն

10988_am_2Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահները, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի և միգրացիոն պետական ծառայության պետերը ներկայացրել են 2013 թ. գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները և վարչապետին զեկուցել թերացումների պատճառների մասին:
ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարները համապատասխան հանձնարարականներ են ստացել կառավարության ղեկավարից՝ վերացնելու արձանագրված բացթողումները: Անդրադառնալով հաշվետու տարում ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականին՝ վարչապետ Սարգսյանը հետաքրքրվել է դրանց ուշացումով կատարման կամ չկատարման պատճառների մասին, ծանոթացել գերատեսչությունների աշխատակազմերի ստորաբաժանումների աշխատանքի գնահատականներին:
Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում:

Անկախ

Հանրության արձագանքը թուրք ազգայնական Օքթայի այցին Հայաստան. կարևորը թողած հույզերին են տրվել

օքթայԱյսօր հայաստանյան մամուլում բուռն քննարկման առարկա  են դարձել թուրք ազգայնական Հասան Օքթայի լուսանկարները` գորշ գայլերի սիմվոլիկայով` արված Հայաստանի տարբեր բնակավայրերում:

Ներկայիս այցելությունը, սակայն, Օքթայի առաջին այցը չէ Հայաստան: Նա բազմիցս է եղել Հայաստանում, իսկ  2010-ի այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել  անգամ ՀՀ վարչապետի և կաթողիկոսի հետ:

Այս անգամ Օքթայն այլ թուրք գործիչների հետ Երևանում է` այստեղ «Անադոլու» լրատվական գործակալության գրասենյակ բացելու նպատակով:

Օքթայի հետ հանդիպում ունեցել են նաև «Անկախ»-ի աշխատակազմի ներկայացուցիչները: Եվ հենց այդ հանդիպման շնորհիվ «Անկախ»-ը հանրությանը տեղեկացրեց, որ Երևանում նախատեսվում է թուրքական «Անադոլու» գործակալության գրասենյակ բացել, այն էլ Հյուսիսային պողոտայում: Չլիներ հանդիպումը, գուցե և հանրությունը անակնկալի գար` տեղեկանալով այդ մասին միայն գործակալության բացվելուց հետո: Ցավոք, «Անկախ»-ի  աշխատակիցները Օքթայի հետ հանդիպման ժամանակ տեղյակ չեն եղել, որ վերջինս Գորշ գայլեր ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչ է: Այլապես  հնարավոր կլիներ հարցերի միջոցով շատ ավելի պետքական  ինֆորմացիա ստանալ:

Սակայն զարմանալի է, թե հանրությունն ինչպես է արձագանքում եղելությանը: Ի՞նչ է, հյուրիդ դեմքին դուռը պետք է շրխկացնես, ինչ է, թե թուրք է (մանավանդ, եթե լրագրող ես): Տարեկան քանի՞ հայ լրագրող ու տարբեր ոլորտների գործիչներ են Թուրքիա այցելում, հանդիպում այնտեղի պաշտոնյաների հետ: Ի՞նչ է, նույն տրամաբանությամբ էլ այնտեղ հայերին պիտի չընդունեն: Էլ ո՞ւր մնաց երկխոսություն և քաղաքակրթություն ասվածը:

Տարօրինակը նաև աղմուկի շեշտադրությունն է: Օքթայի` Հայաստանում հերթական անգամ լինելու փաստից առավել կարևորն այն է, որ թուրքերը նպատակ ունեն Հայաստանում լրատվական գործակալության գրասենյակ բացել` չբավարարվելով թղթակից ունենալով: Այ, հենց այս հարցն , որ պիտի քննարկման առարկա դառնա, ոչ թե այն, թե ով կամ ինչու հանդիպեց Օքթային:

Իսկ Օքթայի` Հայաստան այցելությամբ պետք է մտահոգվի ԱԱԾ-ն.  եթե վերջինս իրոք ահաբեկչական խմբավորման անդամ է և Հայաստանում է, ապա դա ԱԱԾ-ի բացթողումն է:

Անկախ

Աշոտյանը գողացե՞լ է ԲՀԿ-ի միտքը

unnamed

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ կառավարության վերջին նիստի ընթացքում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից արված առաջարկի վերաբերյալ՝ կապված մայիսի 16-ը Հայաստանում պաշտոնապես որպես պետական տոն նշելու հետ և մեղադրել վերջինիս մտքագողության մեջ: Նա մասնավորապես նշել է.

“Հունվարի 16-ին ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ Կրթության և գիտության նախարարի կողմից եղավ առաջարկ մայիսի 16-ը Հայաստանում պաշտոնապես որպես պետական տոն նշելու կապակցությամբ, որը ստացավ կառավարության և նրա ղեկավարի հավանությունը:

Միանշանակ գաղափարը լավն է, սակայն այն իրականում կառավարությանը չի պատկանում…

Դեռևս 2006թ.-ից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ շքեղ համերգային ծրագրով և ուսանողներին անվանական կրթաթոշակներ տրամադրվելով՝ տոնում ենք ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը: 2013 թ.-ի տարեսկզբին ԲՀԿ Երիտասարդների Միությունը ուսանողների պաշտոնական ֆիքսված օր ունենալո կապակցությամբ կազմակերպել էր համացանցային և լայնամասշտաբ հարցում-քվեարկություն:

Առավել ևս, որ ԲՀԿ երիտասարդների Միությունը, դեռևս 8 տարի առաջ, առաջինն էր, ով սկսեց տոնել Ուսանողների միջազգային օրը, ինչի շնորհիվ է, որ այդ տոնն արդեն ընկալվում է հասարակության կողմից և ավելին, օրինակ վերցնելով ԲՀԿ-ից, ՀՀԿ-ն նույնպես սկսեց տոնել այդ նույն օրը: Տոնի օրվա առնչությամբ հանդիպեցի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հետ քննարկեցինք Սբ. Սարգսի և Ուսանողների միջազգային օրը ոչ շարժական լինելու մասին և եկանք հայտարարի, որ որոշ ժամանակ անց հանդես գամ օրենսդրական նախաձեռնությամբ: Հաշվի առնելով հանրության կարծիքը, որ արտահայտվեց վերոնշյալ քվեարկության արդյունքում, մենք հանդես եկանք օրենսդրական առաջարկով, այն է՝ նոյեմբերի 17-ը, որը բոլորն են տոնում «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրելով որպես պետական տոն, որով մեծապես կարևորվում է ուսանողի դերն ու սկզբունքային նշանակությունը մեր հանրապետությունում: Այսպիսով, 2013թ.-ի դեկտեմբերի 16-ին, ԱԺ շրջանառության մեջ դրեցինք օրենքում լրացում կատարելու նախագիծը և ավելին, այն ստացավ ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի փորձաքննության վարչության դրական եզրակացությունը: Սակայն կառավարությունը չդավաճանեց իր սկզբունքները և նախագիծը, կառավարությունում ստանալուց ուղիղ մեկ ամիս հետո՝ 2014թ.-ի հունվարի 16-ին, Կրթության և գիտության նախարարի կողմից կառավարության նիստում առաջարկ արվեց  այդ նույն տոնը նշելու միջնորդությամբ:

Սա քաղաքական հարց չէ, սակայն ամեն անգամ փաստում ենք՝ ԲՀԿ-ի կողմից առաջարկված յուրաքանչյուր հարցի կառավարությունն արձագանքում է ոչ ադեկվատ և զերծ որևէ տրամաբանությունից:

Հաշվի առնելով, որ ԱԺ-ն այժմ արձակուրդում է և առաջին քառօրյան նախատեսված է փետրվարի սկզբին, իսկ կառավարության նիստերն ամեն հինգշաբթի օրն է, ապա կառավարությունը չհապաղեց և ԲՀԿ-ի կողմից ներկայացված նույն առաջարկով հանդես եկավ, պարզապես առաջարկելով փոխել օրը և սահմանել մայիսի 16-ը՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ որպես ուսանողների օր:

Թերևս պլագյատի լավագույն դրսևորում կառավարության կողմից:

Մենք կողմ ենք ցանկացած լավ մտքի կյանքի կոչմանը, բայց դա չպետք է արվի մտքագողությամբ: Երևի հապճեպությունն ու գայթակղությունն են եղել պատճառը, որ անտեսելով հայկական կրթօջախների դարերի պատմության մեջ ունեցած անգնահատելի ներդրումը, դրանցից որևէ մեկի հիմնադրումն օրինակ որպես Ուսանողի օր նշելու փոխարեն, առաջարկում են պետական ԲՈՒՀ-երից մեկի հիմնադրման օրը: Ցավով պետք է փաստել, որ, չնայած իր կանոնադրությանն ու ԲՈՒՀ-երի մասին օրենքի, այդ նույն ԲՈՒՀ-ն ունի շատ կոնկրետ քաղաքական ուղղվածություն, և իր գործունեությունը ծավալում է հենց այդ դիրքորոշումից չշեղվելով”,-հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Որպես հետգրություն ասեմ, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում առկա են բոլոր արխիվային հիմքերը, որոնք ապացուցում են, որ կառավարության որոշումից դեռևս մեկ ամիս առաջ իմ և գործընկերներիս կողմից ներկայացվել էր այն նախագիծը, որը կառավարությունը ծիծաղելիորեն փորձում է ներկայացնել իբրև հեղինակային:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

հայաստանՀունվարի 21-ին, ժամը 18.20-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 29/6 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեու»-ի վարորդը  և  2 ուղևորները   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցի թիվ 5/1 հասցեի մոտ իրար են բախվել  «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-երից մեկի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 ***
Հունվարի 21-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Երևանի Արցախի փողոցում շենքի պատին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես»   մակնիշի ավտոմեքենան Աշտարակի Երևանյան փողոցի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Տոյոտա-Լանդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Երևան ճանապարհի 74-րդ կմ-ին  դուրս է եկել երթևեկելի գոտուց և  կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում,  «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում բախվել ճանապարհին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ապա դուրս գալով երթևեկելի մասից` հարվածել է սյանը:
Վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը   Գյումրիի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին,  ժամը 02.20-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վ. Սարգսյան փողոցում դուրս  է եկել երթևեկելի մասից և բախվել մայթի կրպակին, ինչի հետևանքով վարորդը  և ուղևորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 21-ին, ժամը 21.00-ին, ին  «Հունդայի»   մակնիշի ավտոմեքենան Կարճևան-Ագարակ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին թափված հողաթմբին, ինչի հետևանքով  ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հունվարի 30-ից կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունՃանապարհային ոստիկանությունը Անկախին տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 30-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 127.2-րդ կմ (Իջևան քաղաքի Երևանյան փողոց)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Մ-4 «Երևան – Սևան – Իջևան – Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 134.1-րդ կմ (Իջևան քաղաքի Արցախյան փողոց)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Անկախ

Լավագույնը` միջազգային հարթակում

տուրիզմՆախորդ տարի զբոսաշրջային ոլորտը բեկումնային էր մեր երկրի ճանաչելիության առումով: Վերելք է արձանագրվել ոչ միայն ներքին զբոսաշրջության, այլև նոր ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև սոցփաթեթների իրականացման առումով: Ոլորտի պատասխանատուները նշում  են, որ տարեցտարի մեծանում է միջազգային շուկայում մեր երկրի ներկայացվածությունը, ինչը հնարավորություն է տալիս  ավելացնելու նոր զբոսաշրջիկների հոսքը:

Զարմանալիորեն մեր փոքր երկիրը դառնում է նախապատվելի աշխարհի տարբեր վայրերում ապրող զբոսաշրջիկների համար:  Դրա վկայությունն այս տարի միջազգային խոշոր ցուցահանդեսներին մեր երկրի մասնակցությունն էր: Եթե տարիներ առաջ հազվադեպ էր բախտ վիճակվում ընդգրկվել նման հեղինակավոր ցուցահանդեսներում, ապա այժմ մեծանում է ոչ միայն մասնակցության հնարավորությունը, այլև պատվավոր մրցանակներ շահելը:

Միայն այս տարի Հայաստանը մասնակցել է 15 խոշոր միջազգային ցուցահանդեսների, կազմակերպվել են 14 ճանաչողական այցեր զբոսաշրջային օպերատորների, լրագրողների համար։

Նախորդ տարվա ապրիլին ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով ճանաչողական նպատակով Հայաստանում էր National Geographic Traveler-ի խմբագրակազմը՝ գլխավոր խմբագրի մասնակցությամբ։ Ինչպես նշում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը, National Geographic Traveler-ի խմբի ճանաչողական այցը մի շարք նոր հնարավորություններ բացեց մեր երկրի համար՝ խթանելով զբոսաշրջության ոլորտը և նրա ներկայացվածությունը միջազգային շուկայում։ Ինչպես վստահեցրեց հիմնադրամի տնօրենը, իրենք այդ ժամանակահատվածում հնարավորություն ունեցան լավագույնս ներկայացնելու մեր երկիրը՝ որպես զբոսաշրջային ուղղություն։ Նրանք կարողացել են ծանոթանալ մեր երկրի մշակույթին, ավանդույթներին, պատմությանը և իրենց տպավորությունները հրապարակել Natinonal Geographic Traveler-ում։ Այնուհետև մեր երկիրն ընդգրկվել է National Geographic Traveler-ի կազմակերպած «Լավագույն զբոսաշրջային ուղղությունների» մրցույթում և հաղթող ճանաչվել։

Մրցույթի արդյունքները ստացվել են առցանց անցկացված քննարկումներով, որոնց մասնակցել է շուրջ 65 հազար մարդ։  Եվ ինչպես ուրախությամբ արձանագրում է ՀԱՄՀ–ի տնօրենը, Հայաստանը «Տարվա հայտնություն» անվանակարգով ճանաչվել է լավագույնը միջազգային զբոսաշրջային շուկայում։

Հաջորդ մրցանակին մեր երկիրն արժանացել է Լոս Անջելեսում ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության հովանու ներքո անցկացված միջազգային պաստառների մրցույթում, որտեղ «Եվրոպա» անվանակարգում աշխարհի 44 երկրներից դարձյալ Հայաստանը ճանաչվել է լավագույնը: «Հայերի սիմֆոնիա» պաստառը, ինչպես նկատում է Արման Խաչատուրյանը, բազմիցս հրապարակվել և ցուցադրվել է տարբեր տեսահոլովակներով։

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի տեղեկացմամբ, «ժողովրդի քվեարկություն» անվանակարգում 2011 թ. Հայաստանը ևս զբաղեցրել է առաջին տեղը։ Նշենք, որ այս մրցույթը կազմակերպվում է երկու տարին մեկ, իսկ այդ ժամանակահատվածում անընդհատ խոսվելու և գովազդվելու է մեր երկրի մասին, մինչ նոր մրցույթի անցկացումը: «Միջազգային մրցույթներում լավագույն տեղերը զբաղեցնելը դեռ առաջիկայում ունենալու է իր դրական անդրադարձը»- համոզված է փոխնախարարը:

Հաջորդ ձեռքբերումը, որն արձանագրվել է զբոսաշրջության ոլորտում նախորդ տարի, աշխարհի  լավագույն 10 առաջարկվող երկրների ցանկում Հայաստանի հայտնվելն է: Նշենք, որ  գործում է Globe spots. com էլեկտրոնային կայքը, որը ստեղծել է ակտիվ ճանապարհորդների մի խումբ, որը զբաղվում է զբոսաշրջիկների շրջանում նոր զբոսաշրջային ուղղությունների լուսաբանմամբ։ Շրջագայելով և նկարագրելով աշխարհի տարբեր երկրներից իրենց ստացած տպավորությունները` նրանք որակավորում են դրանք և ըստ առաջնահերթությունների տեղադրում կայքում: Այդ էլեկտրոնային կայքում ներառվել է նաև  Հայաստանը` հայտնվելով Կուբայի, Պանամայի, Կանադայի, Պորտուգալիայի, Մոզամբիկի և այլ երկրների կողքին։  Ճանապարհորդների այդ խումբն առաջին հերթին գրավիչ է համարել Հայաստանի` առաջին քրիստոնյա երկիր լինելու հանգամանքը, հոգևոր տուրիզմի առկայությունը, գեղեցիկ բնաշխարհը, մարդկային գործոնը և հյուրընկալությունը։ Բացի այդ, նրանք համոզված են, որ հայերը բավական հմուտ են բաժակաճառերի և գեղեցիկ սեղան պատրաստելու տեսանկյունից:

Իսկ Ամերիկյան Forbes ամսագրի հրապարակումներից մեկում նախորդ  տարվա սկզբում արդեն ագրոտուրիզմի ոլորտում ամենագրավիչ երկրների ցանկում դարձյալ ընդգրկվել է  Հայաստանը՝ հայտնվելով Շրի–Լանկայի, Չեխիայի, Խորվաթիայի, ԱՄՆ–ի, Կիպրոսի, Իտալիայի, Լեհաստանի և այլ երկրների կողքին։ Այսինքն՝ ագրոտուրիզմի զարգացման տեսանկյունից զբոսաշրջիկներին սկսել է հետաքրքրել նաև Հայաստանը։

Մասնագետների դիտարկմամբ` միայն այդ ցուցահանդեսների շնորհիվ այս տարի գուցե ոլորտում աճը հասնի մինչև 22 տոկոսի:

Նախորդ տարվա հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 321279 զբոսաշրջիկ, իսկ զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 263 մարդ։ Ամփոփվել են նաև վիճակագրական տվյալները մինչև նախորդ տարվա սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում: Ըստ այդմ, ոլորտում անցյալ տարի արձանագրվել է 12, 4 տոկոս աճ տուրիստական ներգնա այցելությունների առումով, իսկ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 677 906՝ նախորդ տարվա 603 հազար զբոսաշրջիկի դիմաց։ Աճ է արձանագրվել նաև ներքին և արտագնա տուրիզմում՝ կազմելով 11,6 տոկոս։ Նախորդ նույն ժամանակահատվածի 608 հազարի փոխարեն անցյալ տարի շրջագայությունների է մեկնել շուրջ 675 հազար մարդ։

 

Լ.Ն

Անկախ