«Այժմ Գուրգեն Շիրինյանի ժամանակն է». Վահագն Չախալյան

загруженное (1)Ջավախահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Վեց տարի առաջ այս օրը Հարավային Օսեթիայի արկածախնդրությունից ընդամենը օրեր առաջ Մ. Սահակաշվիլու հանցավոր ռեժիմը մեկ այլ սադրանք էր նախաձեռնել, «լավ մտածված» օպերացիա’ պետական մեքենայի աննախադեպ ահաբեկչական գործողությունների ուղեկցությամբ, որը նպատակ էր հետապնդում ապակայունացնել Ջավախքը:

2008թ-ի հուլիսի  17-21-ը թերեվս երբեվիցե չի ջնջվի ջավախահայության պատմության էջերից: Այն կմնա որպես «ջավախահայության սև օրեր» անվանումով:

Մի քանի հազար հատուկ ջոկատայինների մասնակցությամբ խուզարկություններ կատարվեցին Հայ Առաքելական Եկեղեցու եվ Հայոց Լեզվի կարգավիճակ պահանջող հարյուրավոր ջավախահայերի բնակարաններում, տասնյակ հայկական հասարակական կազմակերպությունների գրասենյակներում, փակվեցին դրանցից մի քանիսը, դրա հետ մեկտեղ ձեռնոց նետվեց Խոսքի Ազատությանը, փակվեցին «Երիտասարդական ռադիո»-ն, որը հայերեն երգեր հեռարձակող միակ ռադիոկայանն էր տարածաշրջանում, «Ջավախք-ինֆո» լրատվական գործակալությունը, որը տարածաշրջանում գոյություն ունեցող ինֆորմացիոն վակուումը կոտրողների առաջատարն էր,«Ջավախք-նեթ» ինտերնետային պրովայդերը, որը առաջինը հնարավորություն ընձեռնեց  ջավախքցիներին ինտերնետ ունենալ ,«Քաջատուն» շաբաթաթերթը, նաև նորաստեղծ «Ազատություն TV »-ն, առգրավվեց նրանց պատկանող շարժական եվ անշարժ գույքը, արգելվեց հայատառ գրքերի եվ թերթերի ներմուծումը…         Ձերբակալվեցին եվ արտաքսվեցին բազմաթիվ արժանավոր հայորդիներ:Սպանվեցին Ախալքալաքի շրջանային ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Արթուր Բերուջանյանը եվ Արմեն Գաբրիելյանը՝ հետագայում փորձելով նրանցից առաջինի  սպանությունը Գուրգեն Շիրինյանի, իսկ երկրորդի սպանությունը՝ իմ վրա բարդել:

Վերը նշվածը Սահակաշվիլու հանցավոր ռեժիմի կողմից այդ օրերին Ջավախքում կատարած անօրինական եվ հակապետական գործողությունների մի մասն է ընդամենը: Սեփական երկրի այլազգի քաղաքացիների հանդեպ գործած հանցագործությունների համար «Վրաստանի ազգային շարժում» կուսակցության առաջնորդները դեռևս պատասխան են տալու Արդարադատության առջև:

«Վրացական Երազանքի» իշխանության գալու շնորհիվ Արդարությունը սկսեց փոքր քայլերով, բայց վերականգնվել: Բացի Գուրգեն Շիրինյանից, մնացած բոլոր հալածյալների կարգավիճակը փոխվեց: Բանտում եղածներն այսօր ազատության մեջ են, հարկադրյալ հեռացվածներն ազատ կարող են գալ գնալ իրենց ծննդավայր, սակայն դեռևս չլուծված են մնում ոչ միայն վերը նշված անձերի բարոյական վնասների եվ կազմակերպությունների առգրավված գույքի փոխհատուցման հարցերը, այլև Գուրգեն Շիրինյանի տուն վերադարձի հարցը:

Այժմ Գուրգեն Շիրինյանի ժամանակն է…”

 

Անկախ

«Ոսկե ծիրանի» թերությունները կամ արհեստական խոչընդոտներ «ծիրանասերների» համար

11Արդեն 11-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում է հավաքում հայ և օտարերկրյա կինոսերներին, ոլորտի գործիչներին: Տարեցտարի նկատելի է, որ կինոփառատոնով հետաքրքրվող թե՛ մասնակիցների, հայտնի կինոգործիչների, թե՛ շարքային քաղաքացիների թիվն է ավելանում, կինոփառատոնը հետզհետե ավելի ու ավելի մարդաշատ է դառնում:

Այս հանգամանքը, իհարկե, ոգևորիչ է: Սակայն դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաև կազմակերպչական խնդիրներ, որոնց լուծումը կինոփառատոնի ղեկավարությունը կարծես դեռ չունի:
Կինոփառատոնի մեկնարկից դեռ ամիսներ առաջ սկսվում է լրագրողների հավատարմագրումը: Կինոփառատոնից առաջ էլ լրագրողները ստանում են միջոցառումների ցանկը, որոնք բաց են լուսաբանման համար: Հրատարակվում է նաև կինոփառատոնի ցուցադրությունների ծրագիրը, որը կոչված է կողմնորոշելու շարքային քաղաքացուն:
Բայց արի ու տես, որ թե՛ լրագրողը, թե՛ շարքային քաղաքացին երբեմն տհաճ խնդրի առաջ են կանգնում ընդամենը կազմակերպչական թերացման հետևանքով: Պարզվում է, որ որոշ միջոցառումներ, ցուցադրություններ, չնայած ներառված են և՛ լրագրողների համար բաց միջոցառումների, և՛ ցուցադրությունների ցանկում, իրականում փակ են: Տհաճ է, երբ իր օրը պլանավորած ու կինոթատրոն հասած քաղաքացուն կամ խմբագրությունից միջոցառման վայր շնչակտուր հասած լրագրողին տեղեկացնում են, որ մուտքն արգելված է, քանի որ միջոցառումը նախատեսված է միայն բարձրաստիճան հրավիրյալների համար:
Մի՞թե այդ մասին ավելի վաղ հնարավոր չէ տեղեկացնել, պարտադի՞ր է, որ մարդ միջոցառման վայր հասնի, նոր տեղեկանա: Էլ ո՞րն է կազմակերպիչների բանուգործը, եթե ժամանակին ու պատշաճ կերպով այդ մասին չեն իրազեկում:
Ավելի ու ավելի արդիական դարձող հարց է, թե լրագրողի ինչին է պետք կինոփառատոնի համար նախապես հավատարմագրվելը` բազմաթիվ փաստաթղթեր լրացնելով և բեյջ ունենալը, եթե այն անպետք թղթի կտոր է: Ասուլիսները և նմանատիպ միջոցառումները լուսաբանելու համար լրագրողներին բեյջ պետք չէ, քանի որ ամեն ոք էլ կարող է սրահ մտնել: Այն պետք է ընդամենը կինոսրահ մուտք ունենալու և այնտեղ պլանավորված միջոցառումները լուսաբանելու ժամանակ: Բայց արի ու տես, որ այս դեպքում էլ բեյջն անզոր է. աշխատակիցները կա՛մ լրագրողներին ներս չեն թողնում, կա՛մ դժկամությամբ հայտարարում, որ վերջում ներս կթողնեն, եթե դահլիճում ազատ տեղեր մնան: Ստացվում է, որ կինոթատրոնի աշխատակիցը քեզ ողորմություն է անում` թույլ տալով աշխատանքդ կատարել:
Ընդ որում, մեկ անգամ չէ, որ կինոթատրոնի աշխատակիցները կշտամբանքով ու դժկամությամբ են լրագրողներին ներս թողել` պատճառաբանելով, թե ազատ տեղեր չկան: Բայց ներս մտնելիս տեսնում ես, որ դահլիճը կիսադատարկ է:
Այս պարագայում գուցե կինոփառատոնի ղեկավարությունը պետք է հստակեցնի իր քաղաքականությունը` նախապես և՛ լրագրողին, և՛ սովորական քաղաքացուն իրազեկելով, թե որ միջոցառմանը և ինչ պայմաններով կարող է մասնակցել:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարՀուլիսի 16-ին, ժամը 21.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2101», «ԳԱԶ-3110» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Խուդյակովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 16-ին, ժամը10.00-ին, Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 13.15-ին, «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և կողաշրջվել:
Վարորդը բուժօգնություն է ստացել կանչով մեկնած շտապօգնության աշխատակիցների կողմից:
Նույն օրը, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարի հետևանքով, ձախ դաստակի նախադաստակային ոսկրերի փակ կոտրվածքով, իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն ավտոմեքենայի ուղևորը:
Կատարվում է քննություն:

Անկախ

Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ երիտասարդների հետ քննարկել է տնտեսությանն առնչվող հարցեր

10551811_795419703835586_150361817_nՀուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) մարզային և տարածքային կազմակերպությունների նորընտիր ղեկավարների և ակտիվ անդամների հետ։ Երիտասարդները կառավարության ղեկավարին ներկայացրին մարզաբնակ երիտասարդների խնդիրները։

Վերջին ամիսների ընթացքում ՀՀԿ ԵԿ գրեթե բոլոր տարածքային և մարզային կազմակերպությունների ղեկավար կազմերը փոխվել են, և նման կազմով ու ձևաչափով հանդիպումը կառավարության ղեկավարի հետ առաջին անգամ էր տեղի ունենում: Երիտասարդներին հուզող շատ խնդիրներ իրենց լուծումները գտել են, բայց ներկաներն ունեին հարցեր և առաջարկներ, որոնց իրականացումից է կախված վերջիններիս հետագա աշխատանքի արդյունավետությունը:

Բոլոր մարզային կառույցները ներկայացրին իրենց տարեկան աշխատանքները, խոսեցին առկա խնդիրների և դրանց լուծման իրենց առաջարկների մասին: Վարչապետը կարևորեց մարզի երիտասարդների դերը կադրային քաղաքականության մեջ:

10544936_795419730502250_1384920892_nՎարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց երիտասարդներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ամենատարբեր ոլորտների՝ կոռուպցիայի դեմ խիստ պայքար,  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացում, նոր, մատչելի հիփոթեքային պայմաններ երիտասարդ ընտանիքների համար, փոքր և միջին ձեռնարկություններին օժանդակելու ուղղություններ, գյուղացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների իջեցում և այլն: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խստագույնս պատժվելու են բոլոր այն պաշտոնյաները, որոնք մտնելու են կոռուպցիոն դաշտ։ Վերանայվելու են երիտասարդներին տրվող հիփոթեքային վարկավորման պայմանները, իրականացվելու են հարկային և մաքսային բարեփոխումներ, երիտասարդների համար ստեղծվելու են նպաստավոր պայմաններ՝ ձեռներեցությամբ զբաղվելու համար։

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ցանկացած տնտեսական, քաղաքական բարեփոխման ընթացքում հաշվի է առնվելու երիտասարդների կարծիքը, կլինեն քննարկումներ և կարծիքների փոխանակում։ <<Այս հանդիպումներն ինքնանպատակ չեն լինելու: Մենք կունենանք երկկողմ քննարկումներ, և այդ հանդիպումների ընթացում կայացրած բոլոր որոշումներն իրականություն կդառնան>>,- ասաց կառավարության ղեկավարը:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

2014 թվականի առաջին կիսամյակում Երևանի համաբուժարաններում այցելությունների թիվը գերազանցել է 1 միլիոնը

imagesԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում քաղաքացիների պատշաճ սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ սահմանված է մշտական հսկողություն: Այդ նպատակով պատասխանատուների կողմից կազմակերպվում են ստուգայցեր, իրականացվում է աշխատանքների մշտադիտարկում: Ըստ այդմ 2014 թվականի առաջին կիսամյակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում սպասարկված հաճախումների թվաքանակը կազմել է 1 մլն 58.396, այդ թվում 42.874 տնային կանչ:

Նույն ժամանակահատվածում հիվանդանոցային ծառայություններ մատուցող  բուժհաստատություններ դիմած 10974 քաղաքացիներից 7384-ը սպասարկվել է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակում: Կատարվել է 3799 վիրահատություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3618-ի համեմատ:

Զգալի թիվ են կազմում նաև Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կանանց միամսյակի կապակցությամբ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում դիմած քաղաքացիները՝ ավելի քան 26 հազար, որոնցից շուրջ 2000 վիրահատվել է:

«Շտապբուժօգնության» ծառայության կողմից այս տարվա հունվար-հուլիս ամիսներին սպասարկվել է 113272 կանչ: Հոսպիտալիզացիայի ընդհանուր քանակը կազմել է  21333:

Նշենք նաև, որ 2014 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 10284 երեխա:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հայտնի են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհ ստացող ՀԿ-ների անունները

DSC_9574Հուլիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում հանձնաժողովի անդամները գնահատեցին տարբեր անվանակարգերում ընտրության նախնական փուլն անցած ծրագրերը։ Ըստ այդմ հաղթող ճանաչվեց 18 հասարակական կազմակերպություն՝

«Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ» անվանակարգ՝

  1. «ԱՐԳԻՍԴԻ» հայրենասիրական ՀԿ

«Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում» անվանակարգ՝

  1. «ԼոգոՍ» երիտասարդական ՀԿ
  2. «Արագածոտն մարզի մամուլի ակումբ» ՀԿ

 

«Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական» անվանակարգ՝

  1. «Սոցիալական ինտեգրացիայի և զարգացման կենտրոն» ՀԿ
  2. «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ

 

«Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն» անվանակարգ՝

  1. «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ

 

«Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ» անվանակարգ՝

  1. «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ
  2. «Ֆլեշմոբ դիվիզիա» ՀԿ

 

«Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների  ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության  բարձրացման գործում» անվանակարգ՝

  1. «Միջազգային փորձի ուսումնասիրության գիտական կենտրոն» ՀԿ
  2. «Հանուն կրթության և գիտության» ՀԿ

«Գյուղական համայնքներում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանում» անվանակարգ՝

  1. «Մարզաբնակ ուսանողների իրավապաշտպան ասոցիացիա» ՀԿ
  2. «Նախաձեռնությունների և գործողությունների դաշտավայր» ՀԿ

 

«Գյուղական համայնքների բնակչության  զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում» անվանակարգ՝

  1. «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական էկոլոգիական ՀԿ
  2. «Նոր հայացք» քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ
  3. «Քաղաքացիական ակադեմիա կենտրոն» ՀԿ
  4. «Մունետիկ» մանկապատենական, մշակութային ՀԿ
  5. «Սուրբ Հեղինե» ՀԿ

 

«Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգ՝

  1. «Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության «ԱՍ» կենտրոն» ՀԿ

 

Հաշվի առնելով այն փաստը, որ հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայտերը շատ դեպքերում ունենում են թերություններ, մրցութային հանձնաժողովը նաև քննարկեց և ընդունեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի առաջարկը՝ առաջիկա ամիսներին հայաստանյան հասարակական կազմակերպությունների համար իրականացնել սեմինարներ, որոնց ընթացքում անդրադարձ կլինի ծրագիր գրելու նրբություններին, կանցկացվեն գործնական պարապմունքներ, ՀԿ դաշտի ներկայացուցիչներին կհաղորդվեն լրացուցիչ հմտություններ։ Սեմինարները կանցկացնի «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ ներգրավելով տարբեր ոլորտների փորձագետների։ ՀԿ սեկտորին կներկայացվեն նաև ՀՀ նախագահի աշխատակազմի կողմիյց տրամադրվող դրամաշնորհների անվանակարգերը, այլ մանրամասներ։ Նման սեմինարներ կիրականացվեն տարին երկու անգամ պարբերականությամբ։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

 

ՈԱԱԿ-ը հետևում է 5 բուհերում որակի ներքին ապահովման համակարգի ներդրմանը

Monitoring in Khorenaci university 2«Որակի ապահովման ազգային կենտրոն»-ը (ՈԱԱԿ) բովանդակային  մշտադիտարկում է իրականացնում հինգ բուհերում` պարզելու որակի ապահովման ներքին համակարգի ներդրման արդյունավետությունը: Ուսումնասիրվում են պլանավորված գործողությունները, դրանց իրականացման աստիճանը, փաստացի ձեռքբերված արդյունքները,  և թե  որքանով են արդյունքները նպաստել տվյալ բուհի դրամաշնորհային ծրագրի նպատակների իրականացմանը:

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան,  ԳԱԱ Գիտակրթական միջազգային  կենտրոնը,  Մովսես Խորենացու անվան համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը  ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն»  վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում  դրամաշնորհ են ստացել «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ դրա հետագա բարելավման նպատակով բուհերին դրամաշնորհների տրամադրման» ծրագրով:

Նախատեսվում է, որ   դրամաշնորհ ստացած հինգ բուհերը 12 ամիս տևողությամբ  ծրագրեր կիրականացնեն` ընդհանուր 4 փուլով:

Հուլիսի 11-17-ը` գործընթացի երկրորդ փուլի ավարտից հետո,  ՈԱԱԿ-ը նշված բուհերում մոնիտորինգ  է անցկացնում` պարզելու, թե որքանով են արդյունավետ իրականացնում որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ  բարելավման  ծրագրերը: Մշտադիտարկման  արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին:

Այսօր ազգագրագետի օրն է

загруженное

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքում գրել է.

“Այսօր ազգագրագետի օրն է: Ազգագրագետի պատվո հավատամքը խարսխված է գիտելիքի, սիրո, հարգանքի, պատասխանատվության վրա և նա առաջնորդվում է մի շարք սկզբունքներով, որոնք խտացված արտահայտում են հետևյալ բարոյախոսությունը.

-բոլոր մարդիկ հավասար են, անկախ նրանից, թե ինչ քաղաքակրթական միջավայրից են: Ոչ մի ժողովրդի, կրոնի, մշակույթի գերարժևորում չի կարելի,
-ով գիտի միայն մի ժողովուրդ, մի կրոն, մի մշակույթ՝ չգիտի ոչ մեկը,
-ազգագրագետ կարող է լինել միայն գիտությունը, մարդկությունն ու մարդուն սիրողը,
-ազգագրագետը պարտավորություն ունի հասարակության և գիտության առաջ,
-ազգագրագետը պետք է հարգանքով վերաբերի իր գիտական կյանքի նախորդներին և հասարակական կյանքի ուսուցիչներին,
-ազգագրագետը պետք է հիշի՝ փաստերի կեղծարարությունը, մակերեսային դիտարկումները, հապճեպ եզրակացությունները սպանում են գիտությունը,
-ազգագագրությունը որպես մասնագիտություն ընտրած մարդը չպիտի շեղվի դրանից,
-ազգագրագետը չպիտի կեղծ վկայություն տա իր մերձավորների, այլ ժողովուրդների, նրանց բնույթի, արարողությունների, սովորությունների, խառնվածքի մասին: ՛՛Մերձավորիդ քեզնից առավել սիրիր՛՛ պատգամը խիստ կարևոր պատգամ է ազգագրագետի համար,
-հետազոտվող ժողովուրդներին/ժողովրդին, զարգացման որ մակարդակին էլ լինեն, չպիտի պարտադրի իր մշակույթը: Նրանց հանդեպ սերն ու ուշադրությունը երաշխիք են այդ ժողովրդի/ժողովուրդների մշակութային զարգացման ներքին մղման զարգացման համար”:

 

Անկախ

Որո՞նք են կատարողական թերթ տալու հիմքերը

օրենքԿատարողական թերթ տալու հիմքերը սպառիչ կերպով տրված են օրենքով, ըստ որի` կատարողական թերթը տրվում է`

1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա,
2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա,
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա,
4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա,
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:
Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա: Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների և որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը և որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ:
Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը` վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը:
Եթե Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ դրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը` պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը, իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Չինարիում կոմբայնավարը հացահատիկը կհնձի Կարմիր խաչի ներկայացուցչի ներկայությամբ

10462999_772564712766120_2325148686691111261_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում հացահատիկի բերքահավաքը կսկսեն հուլիսի 25-ին: Սահմանապահ համայնքն ունի 60 հեկտար հացահատիկի դաշտ, որը գտնվում է հակառակորդի անմիջական նշանառության տակ:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախ-ի թղթակցին ասել է, որ գյուղի մոտ հարյուր տնտեսություն ցորեն է ցանել, որը հնձելու ժամանակն է, սակայն գյուղը կոմբայն չունի: <<Սպասում ենք, որ հարևան գյուղերի, մասնավորապես Չորաթանի ու Այգեձորի կոմբայանավարը ավարտի գործը և սկսկի Չինարիի արտերը հնձել>>:

10436085_772564632766128_3080655252515009472_nՍամվել Սաղոյանի խոսքով` բացի կոմբայնը, գլխավոր խնդիրը ադրբեջանական դիրքապահներն են, որոնք, ըստ գյուղապետի, ինչպես վկայում է փորձը, կոմբայնի ուղղությամբ կրակում են: Չինարիի գյուղապետն ասաց, որ գրավոր դիմել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակին, որպեսզի հացահատիկի բերքահավաքի ժամանակ ներկա գտնվեն Չինարիում, որ հակառակորդը պահպանի հրադադարը: <<Մենք գրավոր դիմել ենք Կարմիր խաչին, դիմումը պետք ա գնա Ժնև, հետո Բաքու: Մենք խնդրել ենք, որ ամսի 25-ին գան, ժամը 9:00-ից մինչև 18:00-ն մնան, որ կարողանանք հնձել արտերը>>:

Սամվել Սաղոյանն ասաց նաև, որ այսօր Չինարի է այցելել <<Օրանժ>> ընկերության տնօրենը, որը գյուղին է նվիրել համակարգիչներ: Չինարիի մշակույթի տանը այսօր ստեղծված համակարգչային կենտրոնը հագեցվել է ժամանակակից տեխնիկայով: Բջջային կապի նարնջագույն օպերատորը սահմանամերձ գյուղին է տրամադրել ինտերնետ կապ` վճարելով նաև մեկ տարվա ծառայության վճարը:

 

Անկախ

«Չեմ կարծում, որ այս իշխանությունները մեր երկրի թշնամին են». Հրանտ Մարգարյան

загруженноеՀՅԴ Մամլո Դիվանը ներկայացնում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին:

 

 

-Պարոն Մարգարյան, առաջին հարցս Հայաստանի ներքին քաղաքականության հետ է կապված. մի կողմից` Հայաստանում կառավարություն փոխվեց, մյուս կողմից՝ քառյակը սկսեց համագործակցել , բայց էական որեւէ փոփոխություն երկրում կարծես թե չի զգացվում` սոցիալ-տնտեսական,  քաղաքական առումով: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է սպասվում:

-Կառավության փոփոխությունը հույսի նշույլ ստեղծեց: Կառավարության փոփոխությունը մի ակտի մասին էր վկայում՝ վերեւներում անդրադառնում են, որ վիճակը շատ վատ  է եւ փորձում են ինչ-որ չափով բարելավել այն: Վարչապետն ունի մեկ խնդիր` հաղթահարել այդ դժվարությունը, առնվազն մեղմացնել վիճակը: Հատկապես եթե նկատի ունենանք, որ յոթ սարերի հետեւում չի օրինական իշխանափոխության ժամանակաշրջանը, վարչապետը իր իսկ ապագայի համար պետք է հաջողություններ գրանցի: Կարծում եմ, դեռեւս վաղ է վերջնական եզարակացության հանգելու, բայց սկզբնական շրջանի այդ հույսը կարծես թե գնալով խամրում է, որովհետեւ կարծես ավելի տիրական է սկսում  դառնալ ամբոխավարությունը: Չեմ ուզում շտապել, դեռ կա ժամանակ, պետք է սպասել՝ կոնկրետ արդյունքներ տեսնելու համար: Այսօր, շատ էլ հույս չունեմ, որովհետեւ տեսնում եմ, որ քայլերը, այն խորությամբ, որ պետք է արվեին, տեղի չեն ունենում:

-Դուք կարծում եք  ավելի շատ ձեւակա՞ն բնույթ են կրում կառավարության քայլերը:

-Եթե շոուի մասերը հանենք, հիմնավոր փոփոխություն չեմ տեսնում, թեպետ կրկնում եմ, դեռ շուտ է որեւէ վերջնական եզրակացության հանգել` սպասենք, կտեսնենք:

–Պարոն Մարգարյան Դուք նախորդ տարի սուր քննադատության  ենթարկեցիք  Տիգրան Սարգսյանին` ասելով,  որ նա միջամտում է Դաշնակցության ներքին գործերին, հիմա  նոր իշխանությունների կողմից  նման բաներ չե՞ք տեսնում:

–Այնպես չէր, որ նա ամբողջ ժամանակ Դաշնակցության գործով էր զբաղվում: Դա մի պահ էր, երբ նա իրեն թույլ տվեց նման կեցվածք ընդունել, եւ դրա պատասխանը ստացավ ու հանդարտվեց: Հովիկ Աբրահամյանը, ի տարբերություն Տիգրան Սարգսյանի, ավելի մարդամոտ վարչապետ է: Բայց դրանք երկրորդական հատկանիշներ են, կարեւորը իրական գործն է, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է, դրա բարելավումով է, որ որեւէ վարչապետ կարող է ընդունելի դառնալ հասարակության կողմից: Մնացածը  կողմնակի ազդակներ են եւ ոչ էական:

-Պարոն Մարգարյան,  այն խնդիրները,  որ  Հայաստանում կան՝  արդարության, սոցիալ-տնտեսական, կոռուպցիա, բազմաթիվ այլ խնդիրներ, արդյո՞ք դրանք պայմանավորված են միայն կառավարությամբ: Եվ արդյո՞ք կառավարության, նախարարության փոփոխություններով հարցեր կլուծվեն:

-Խնդիրները համակարգային են, իշխող ուժի սոցիալական-տնտեսական քաղաքականության արդյունք: Համակարգային հարց գոյություն ունի, դրա համար մենք մեր առջեւ դրել ենք համակարգային փոփոխության նպատակ, եւ դրա համար գոյություն ունի սոցիալ-տնտեսական խնդիր: Նայած թե դու քո սոցիալ- տնտեսական հարցերը ոնց ես ուզում ուղղորդել: Հասարակության որ շերտն է քեզ համար ավելի ուշադրության առարկա:

-Քաղաքական դաշտում ձեր գործընկեր, միգուցե դաշնակից  Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը  ինչ որ ժամանակ համոզմունք հայտնեց, որ գալիք ընտրությունների արդյունքում իշխանափոխություն տեղի կունենա: Դուք նո՞ւյնպես այդ կարծիքին եք:

-Տրամաբանությունն ասում է, որ նախորդ ընտրությանը պետք է իշխանափոխություն տեղի ունենար: Նախ դաշնակից բառը շատ ավելի խորքային բառ է: Մենք քառյակի հետ ունենք կոնկրետ հարցերի շուրջ համագործակցություն, մենք ռազմավարական դաշնակիցներ չենք: Կոնկրետ հարցեր են դրվում օրակարգում , եւ հենց այդ հարցերի շուրջ է ստեղծվում համագործակցություն, եւ դրանից ավելին չպետք է սպասել: Իշխանափոխություն այս երկրում պետք է տեղի ունենա ընտրության միջոցով: Մենք պետք է խուսափենք ցնցումներից, պետք է կարողանանք ավելի մեծ վտանգներց խուսափել: Սակայն սա չի նշանակում, որ պետք է ձեռներս ծալենք, նստենք մինչեւ ընտրության  օրը: Հակառակը` մենք պետք է հնարավորինն անենք ժողովրդին ցույց տալու, թե որտեղ են հարցերը, որտեղ խնդիրները, ինչու է այսպես: Անձերով չպետք է պայմանավորել, թե էս մեկը կգնա, էն մյուսը կգա, ոչ, մինչեւ համակարգային փոփոխություն տեղի չունենա, մեր վիճակը չի լավանա:  Եթե չգա քաղաքական մի այնպիսի ուժ, որը տնտեսական այլ պատկերացում ունի, այլ մոտեցում ունի, սոցիալական երկիր կառուցելը իր էությունից  բխի, մեր վիճակը չի փոխվի, եթե անգամ իշխանության մակարդակի վրա տաս-քսան հոգի փոխվեն: Սա մեր կուսակցության համոզումն է, դրա համար մենք հրապարակի վրա ենք դրել յոթ կետից բաղկացած մեր օրակարգը, որով պայմանավորում ենք այս երկիրը այս վիճակից դուրս բերելու խնդիրը: Ովքեր մեզ հետ են` մեզ հետ են, ում համար այս օրակարգը իրենցը չի, մենք նրանց հետ չենք:

 

-Դուք ի՞նչ զարգացումներ եք սպասում աշնանը, խոսում են նաեւ արտահերթ ընտրությունների մասին, դուք ի՞նչ տեսլական ունեք: Այսինքն քաղաքական զարգացումներն  այսպես կգնան առանց ցնցումների մինչեւ հաջորդ ընտրություններ, թե՞…

-Ամեն ինչ պայմանավորված է փոխադարձ պայմանավորվածությամբ: Այսինք, այս խաղի մեջ մի կողմ գոյություն չունի, որ նստի մտածի եւ ծրագրի թե սեպտեմբերին այսպես պետք է լինի, նոյեմբերին՝ էսպես: Մենք ինչ որ պահանջներ ենք արծարծում, այդ պահանջների շուրջ հասարակությանը ակտիվացնում. Իշխանությունը կամ տեղի է տալիս կամ փորձում է իրեն սրբագրել եւ փորձում է շրջանցել այդ հասունացման պահը, մինչեւ մի նոր ալիք է բարձրանում: Կամ կանգնում, ասում է ոչ` եւ այդ ալիքը գալիս, բախվում է արգելքի եւ տեղի է լինում այն, ինչ կա քո մտքում, բայց չես արտահայտվում, այսինքն առճակատման պահն է տեղի ունենում: Կարծում եմ, դա որոշվելիք եւ կամ ծրագրվելիք հարց չի: Դա բնականոն ընթացքը պետք է պարտադրի: Չենք կարող գնալ առճակատման, եթե իշխանությունը խուսափում է դրանից: Չենք կարող չգնալ առճակատման, եթե իշխանությունը անընդհատ մղում է առճակատման: Ինչ ենք մենք ուզում: Մենք ուզում ենք, որ հասարակությունը քաղաքականորեն կազմակերպվի եւ ժողովուրդը իր կամքը կարողանա պարտադրել  ընտրություններ միջոցով, բնականաբար՝ սահմանադրական կարգի միջոցով: Դրանից դուրս եթե ինչ-որ բան տեղի ունենա, դա չպետք է լինի մեր ծրագրավորմամբ, դա պետք է տեղի ունենա իշխանության սխալի հետեւանքով:

-Այսինքն ոչինչ բացառել չի՞ կարելի:

-Բնականաբար:

– Պարոն Մարգարյան այս  թեմայի հետ կապված վերջին հարցը. կարծիք կա հանրությունում, որ քաղաքական կուսակցությունները խոստում են տալիս իշխանափոխության, իշխանափոխություն տեղի չի ունենում, եւ հիմա նկատվում է   որոշակի հիասթափություն, եւ հասարակության ուշադրությունն ավելի շատ թեքվում է քաղաքացիական ակտիվիստների, շարժումների կողմը: Ի՞նչ եք կարծում, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

-Ոչ: Մեր կուսակցությունը չի խոսել իշխանափոխության մասին: Հակառակը, մենք ասել ենք՝ իշխանափոխություն պետք է տեղի ունենա ընտրությունների միջոցով: Փողոց դուրս չենք եկել իշխանափոխության պահանջով: Մենք դեմ ենք եղել բոլոր այն ծայրահեղ մոտեցումներին, որ ասել են չպետք է մասնակցենք, չպետք ներկա լինենք, այս իշխանությունը սպառել է իրեն, վերջացել: Եվ կյանքը ցույց է տվել, որ մենք ենք ճիշտ եղել: Սակայն դա չի նշանակում, որ մենք մեր ձեռքերը, ծալել նստել ենք: Մենք մի կողմից փորձում ենք մեր ժողովրդին քաղաքականորեն կազմակերպել, մյուս կողմից փորձում ենք ազդել իշխանության վրա, որպեսզի ինքը կարողանա իրեն սրբագրել: Որովհետեւ հարցը միայն իշխանություն ուզելը չի: Ամենակրեւոր հարցը էս ժողովրդի, էս երկրի  վիճակը բարելավելն է՝ կյանքի մեջ փոփոխություն բերելը: Վերջապես խեղճացած ժողովուրդը ավելի ստրկամիտ է դառնում, քան բարեկարգ վիճակում ապրող ժողովուրդը: Այսինքն չպետք է կարծել որքան վատ, այնքան լավ, որքան վատ, այնքան արտագաղթ, որքան վատ, այնքան խեղճացում, որքան վատ , այնքան տեղական հեղինակությունների, օլիգարխների ազդեցության մեծացում: Դա մեր կազմակերպության լոզունգը չի եղել եւ չի այսօր: Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիական շարժումներին, անձամբ ինձ համար այդ շարժումները դրականորեն են գնահատվում: Քաղաքական շարժում նշանակում է հասարակության քաղաքական ակտիվացում, այն ինչը որ մեր ցանկությունն է, մեր ուզածը, ինչի հետ կապված էլ մենք աշխատում ենք: Այդ տեսակի շարժումներ, խմբավորումներ շատ կան, բայց մենք պետք է կարողանանք զանազանել: Ո՞վ է վարձատրվում քաղաքական ակտիվություն ցուցաբերելու համար, ո՞վ է ղեկավարվում քաղաքական ակտիվություն ունենալու համար, եւ վերջապես, քաղաքացիական շարժում` նշանակում է ապաքաղաքական մոտեցում, ոչ ծրագրված մոտեցում: Մարդը պայքարում է կոնկրետ մեկ ծրագրի դեմ, ոչ թե համընդհանուր, ազգային, պետական խնդրի: Այսինքն, քաղաքացիական շարժումը, իբրեւ երեւույթ, շատ դրական է, բայց ոչ փրկություն:

-Պարոն Մարգարյան, Աստանայում տեղի ունեցած  գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց, որ Հայաստանը կարող է Եվրասիական միությանն անդամակցել միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Հայաստանի նախագահը ոչ այդ ժողովի ժամանակ եւ ոչ հետո չխոսեց: Ճիշտ է նա ասեց, որ տհաճ  են Նազարբաեւի խոսքերը, բայց  ըստ էության  չարձագանքեց, եւ ենթադրվում է, որ Հայստանը  կանդամակցի առանց Լեռնային Ղարաբաղի, եւ այնտեղ մաքսակետ կդրվի: Չնայած, մյուս կողմից  Հայաստանի բարձրաստճան պաշտոնյաները՝ այդ թվում ազգային ժողովի նախագահը, վարչապետը, ասում են, որ դա բացառվում է: Դուք այդտեղ խնդիր տեսնո՞ւմ եք: Դաշնակցության համար ընդունելի՞ է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ սահման գծվի:

-Բնականաբար` ոչ, եւ խոսքը դրա մասին չէ: Այսինքն մենք հարցերին պետք է ճիշտ ձեւով նայենք: Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է ասել, որ պետք է սահման գծվի: Եթե ասում են, որ Հայաստանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով պետք է մասնակցի, դա ոնց որ ասես` մածունը սպիտակ է, որովհետեւ ցանկացած պետություն միջազգայնորեն ճանաչված սահմաններով է: Այլ է, եթե պահանջվի, որ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ սահման պետք է դրվի:

-Իսկ մաքսակե՞տ:

-Կամ մաքսակետ: Դա նույնն  է: Ուզում եմ ասել, որ այս երկու հարցը իրարից տարբեր են: Իսկ թե նախագահն ինչ է պատասխանել, ինչ չի պատասխանել` կարծում եմ, ոչ թե էության հետ կապ ունի, այլ կապ ունի արժանապատվության հետ: Այսինքն, մեր արժանապատվությունն է խոցված, ուրիշ ոչինչ չկա: Այսինքն, մենք կուզեինք այնքան հզոր երկիր լինել, այնքան ամուր խաղաքարտեր ունենալ, որ կարողանայինք նաեւ այդ տհաճ երեւույթին արժանավայել պատասխանել: Ես հարցին նայում եմ ընդհանուր ձեւով. մենք, մեր կուսակցությունը  միշտ հավատացած ենք եղել, որ Հայաստանը 100 տոկոսով ոչ այս կողմ պետք է լինի, ոչ այն կողմ:

-Դուք նկատի ունեք արտաքին կողմերը:

-Այո: Բայց պետք է նկատի ունենալ` մեզ համար առաջնային է եղել երկրի անվտանգության հարցը: Այսինքն,  եթե կարողանայինք ձեւ գտնել, որ անվտանգության հարցը լուծվեր, եւ մենք մեզ ապահով զգայինք, 100 տոկոսով ոչ մեկին չանդամակցեինք, բայց ունենայինք բոլորի հետ  հարաբերություն, դա կլիներ իդելական ձեւ: Սակայն եթե կամ կամ – ի հարց է դրվում, բնականաբար նախ պետք է լինել, հետո մտածել զարգացման մասին: Հարցն ինձ համար հիմա սա է` նրանց, ովքեր այսօր զարմացած են, հուզված են, ապշած, նեղված, ուրախացած, մտահոգված եւ ողբերգություն են համարում, որ Եվրասիական պայմանագիրն ուշանում է եւ չի ստորագրվում, ուզում եմ հարց տալ` ուզու՞մ էիք, որ ստորագրվեր: Այդ նույն մարդիկ չէի՞ն, որ ասում էին չպետք է ստորագրել: Նույն մարդիկ, որ ասում էին` չպետք է ստորագրել, այսօր մտահոգ են, թե ինչու չի ստորագրվում: Զարմանալի է: Ինձ համար ավելի ուրախացուցիչ վիճակ է.եթե չի ստորագրվում, նշանակում է խնդիր կա, իսկ եթե խնդիր կա, ուրեմն կա դիմադրություն: Այսինք, կան պայմաններ, որոնք չեն ընդունվում` դրա համար չի ստորագրվում:

-Ո՞ւմ կողմից չեն ընդունվում:

-Փոխադարձ:

-Հայաստանի՞:

-Բնականաբար, եթե մի կողմը չի ընդունում, մյուս կողմը պնդում է, որ ընդունի: Այսինքն, դա փոխադարձ հարաբերություն է: Եթե սահուն չի, նշանակում է՝ կա դիմադրողականություն: Դիմադրողականությունն ինչի համար է, ազգային շահի համար է, չ՞է, պետականության համար է, չէ՞, բա ինչի՞ համար ենք մտահոգ: Եթե Ռուսաստանը Հայաստանի հետ մնում է ռազմական դաշնակից, մենք ինչ խնդիր ունենք, այսինք իբրեւ քաղաքական ուժ, մենք ինչպե՞ս ենք մտածում, ինչո՞ւ ենք հարցն այս ձեւի մեջ դնում: Մենք ենք ուզում Եվրամիության անդամ դառնալ, թե՞ Եվրասիական միությունն  է ուզում, որ մենք անդամակցենք իրեն: Ո՞ր մեկն է: Որ մեկն է այսօր քաղաքական շրջանակների մտահոգությունը` ըստ այնմ էլ պետք է կարողանալ կողմնորոշվել: Ինձ համար, մեզ համար  Հայաստանի անվտանգությունն առաջնահերթ հարց է: Սա է, որ պետք է դառնա հիմք մեր կողմնորոշումների, մեր մոտեցումների, մեր ծրագրերի համար: Վստահ եմ, որ այլ կերպ մտածող մարդկանց համար սա չէ հիմքը:

-Այլապես, ինչպե՞ս:

-Այնպես, ինչպես որ ասացի: Նրանք, ովքեր ուրախ էին, որ չստորագրվի, չէին ուզում որ ստորագրվի, դեմ էին:

-Պարոն Մարգարյան, Դուք ասացիք նաեւ պետականության հետ կապված  խնդիրներ, ի՞նչը  նկատի ունեիք:

– Չեմ ուզում ենթադրությունների գիրկն ընկնել, ցավոք, այս հարցը բավարար չափով բացված չի, եւ սա ամենավտանգավոր մասն է: Պետք է Հայաստանում լիներ այնպիսի քաղաքական մթնոլորտ, որ քաղաքական ուժերը, անկախ իրենց ներքին դիրքորոշումներից, այս հարցով կարողանային լայն խորհրդակցություն ունենալ. Երկրի անվտանգության հարցն է դրված, եւ կապ չունի՝ դու իշխանություն ես, թե ընդդիմություն: Եթե երկրի անվտանգությունը հիմնական հարց է երկրի համար, ուրեմն կարող ենք մեկ սեղանի շուրջ հավաքվել եւ հարցը լրջորեն քննարկել: Ցավում եմ, որ այդ քննարկումը տեղի չի ունենում՝ նախ իշխանության մեղքով եւ երկրոդ` ընդհանուր մթնոլորտի պատճառով: Այդ պատճառով, շատ չեմ կարող խորանալ, բայց իմ մոտեցումը հետեւյալն է. եթե չի ստորագրվում, ուրեմն հարց կա, եթե հարց կա, ուրեմն դիմադրողականություն կա, այսինքն նկարագիր կա: Ծախված չենք , տրված չենք, իսկ դա լավ է:

-Պարո՞ն Մարգարյան, շատ փորձագետներ, դիտորդներ, տարբեր պատճառներից ելնելով, խնդիր են տեսնում, զուգահեռներ են անցկացնում 18-20թթ հետ եւ ասում են որ, Հայաստանը կանգնում է պետականության եւ ինքնիշխանության առնվազն մի մասի կորստի առջեւ՝ դեպի Եվրասիական միություն գնալով: Զուգահեռներ են անցկացնում, ասում են՝ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին սիրաշահել Եվրասիական Միություն տանելու համար, ի հաշիվ Ղարաբաղի՝ ինչ որ զիջումներ անել: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

– Ինչու Եվրոպան նույն մոտեցումը չո՞ւնի: Ո՞րն է տարբերությունը: Մենք Եվրախորհրդարանի անդամ ենք, Ադրբեջանն էլ է անդամ: Ադրբեջանի ժողովրդավարության մակարդակը մեր երկրին մո՞տ է, որ երկուսս էլ խորհրդարանի անդամ ենք: Բա էդ ինչպե՞ս է, որ եկուսս էլ խորհրդարանի անդամ ենք: Նույն մոտեցումն է, եթե դու քո իրավունքներին տեր չես, մյուսները տեր չեն ու տեր չեն: Մենք, կարծում եմ, ոչ լավ օրից պարտավորվեցինք մաս կազմել Եվրասիական միությանը՝ ավելի հիմնական հարց լուծելու համար, բայց ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է` ամեն մի փաստաթղթի մեջ կա հայկական շահի հասկացություն, որի շուրջ մենք պետք է ունենանք չափազանցված բծախնդրություն, զգուշություն, որ այդ մանրուքների մեջ մեր ինքնիշխանությունը չզիջենք: Ես չեմ հավատում, որ Բելառուսը Եվրամիության մաս է կազմել, որպեսզի ինքնիշխանությունը ձեռքից տանեն, կամ Ղազախստանը: Չեմ կարծում, որ Եվրամիությանը մաս կազմած պետությունները իրենց ինքնիշխանությունը ձեռքից տվել են: Այսօր աշխարհում ինտեգրումը շատ հասկանալի հասկացություն է, այսինքն դու կարող ես այդ բնական պրոցեսի մեջ, առանց տրվելու, գնալ, կարող ես գնալ  գիտակցելով ու պաշտպանելով քո սեփական շահը: Վերջնական ոչինչ չեմ ասում, որովհետեւ ամեն մի փաստաթուղթ, ամեն մի պայմանագիր կարող է առանձնաբար վտանգել  եւ կամ ապահովել մեր ազգային շահը:

– Բայց Դուք կարծում եք , որ Հայաստանի ներկայիս  իշխանությունները  կկարողանա՞ն  Եվրասիական միությունում պահպանել մեր ինքնիշխանությունը կամ ինքնիշխանության այն աստիճանը, որը հարկավոր է մեզ:

-Դժվար է այդ հարցին պատասխանելը: Այսինքն ես չեմ ընդունում այս իշխանություններին, բայց չեմ կարծում, որ այս իշխանությունները մեր երկրի թշնամին են: Ես դրան չեմ հավատում: Չեմ էլ ուզում, որ որեւէ մեկը որեւէ ժամանակ նման ձեւով մտածի: Ի՞նչն է մեզ համար այսօր ամենահիմնականը` մշակույթ, ինքնիշխանություն, Ղարաբաղի հարց, Արեւմտահայաստան: Որո՞նք են մեր հիմնական հարցերը: Այս հարցերի մեջ, կարծում եմ, եթե մեկը զիջի, նա դավաճան է, եւ չի կարելի  ի սկզբանե մարդկանց դավաճանի կերպարի մեջ տեսնել:

-Պարոն Մարգարյան, Ղարաբաղի հետ կապված մի այսպիսի քննարկում եղավ. հիշում եմ Աստանայի գագաթնաժողովից հետո երկրորդ նախագահը քննադատությամբ հանդես եկավ՝ ասելով. «ով Ղարաբաղի հետ կապված զիջումներ կանի, հեռանկար չի ունենա  Հայաստանը», որից հետո հաջորդեց Սերժ Սարգսյանի պատասխանը, որ չպետք է իրենից Ղարաբաղը պաշտպանել: Այնուամենայնիվ, եթե էլի վերադառնանք այս հարցին,  Դուք Եվրասիական միությանն անդամակցության  հետ կապված՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով,  մաքսակետի հետ կապված, խնդիր տեսնո՞ւմ եք Ղարաբաղի անվտանգության հարցում:

–Ես կարծում եմ, որ այդ հարցը լուծված է, ինչպես որ այսօր  լուծված է Ռուսաստան – Հայաստան հարաբերությունը: Եթե Ղարաբաղը ներքին կարգով չհասկացվի եւ չընկալվի իբրեւ Հայաստանի տարածք, կարծում եմ, որ մենք պատմական սխալ կանենք:  Կարծում եմ՝  նման վտանգ գոյություն չունի: Բոլոր տվյալները այդ մասին են ասում, եւ ես  ուզում եմ դրան հավատալ:

-Վերջին շրջանում Ղարաբաղի սահմանին նկատվում են ռազմական բախումներ, դիվերսիոն հարձակումներ, լարվածության աճ: Ինչ եք կարծում, Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ինչքանո՞վ են համարժեք արձագանքում:

– Ադրբեջանը փորձում է մեր նյարդային համակարգի վրա խաղալ: Ադրբեջանը տեսնում է որ բանակցությունների ընթացքը, իր իսկ մեղքով, հատնվել է փակուղային վիճակում: Սահմանային բախումները նրան պետք են աշխարհին ասելու, որ հարցը չի փակվել: Ադրբեջանը չի ուզում պատերազմով հարցը լուծել: Եթե ուզենար այդ ձեւով հարց լուծել, հենց միայն այն փաստը, որ բանակցությունները տեղից չեն շարժվում, կօգտագործեր` պատերազմի կդիմեր: Բայց որովհետեւ չի ուզում պատերազմ, ուզում է, որ բանակցությունների նոր ընթացք սկսվի, եւ որպեսզի այդ բանակցություններում ինքը առավելություն ունենա, փորձում է սահմանային բախումներ սկսելով` ազդել մեր հոգեբանության վրա: Կարծում եմ, պետք է դիմանալ: Հայաստանի պետությունը համարժեք պատասխան է տալիս թե ոչ, իմ ընկալմամբ, մինչեւ այսօր`  այո:

-Դուք խոսում են դաշնակիցների մասին, խոսում եք անվտանգության մասին, բայց մեր ռազմավարական դաշնակիցը մեծածավալ  սպառազինություն է շարունակում   վաճառել Ադրբեջանին: Շատ ռազմական փորձագետներ ասում են, որ քանակի, սպառազինության տեսակի պատճառով հավասարակշռությունը եթե չի էլ խախտվել, ապա շատ մոտ է դրան: Ի՞նչ գնահատական կարող եք տալ սրան:

-Դա այնպիսի բան չի, որի վրայով կարողանանք լուռ անցնել: Կարծում եմ` մեր մեջ ընդվզում պետք է առաջ գա: Դա միայն մի ձեւով կարող էր ընդունելի դառնալ: Որ այն, ինչ ինքը վաճառում է Ադրբեջանին, մեր բաժնի գինն էլ վերցնի Ադրբեջանից՝ մեզ տա անվճար: Այլապես մեզ համար հասկանալի չէ:  Ինձ թվում է, որ շրջանում հավասարակշռություն պահպանելը նաեւ Ռուսաստանի շահերից է բխում: Անշուշտ այստեղ կա պետական եւ մասնավոր ֆակտոր: Այսօր զենքի արտադրության մեջ միայն պետական կառույցները չեն, որ դերակատար են: Եվ եթե մի տեղ դրամ կա, այդ զենքերը ձեռք բերելը այսպես կամ այնպես դյուրին են: Բայց հավասարակշռության խախտումը, կարծում եմ, վնաս է տարածաշրջանի բոլոր պետություններին: Համենայնդեպս, մենք չպետք է լռենք, բողոք պետք է բարձրացնենք, պահանջենք եւ նաեւ ձեւեր գտնենք, որպեսզի հետ չմնանք այդ մրցավազքից: Թեպետ ասում եմ, դա Ադրբեջանի համար դյուրին գործ է, մեզ համար` դժվար: Բայց  այլ ելք չունենք:

-Բայց  սա  ինչ է նշանակում,  բիզնե՞ս: Ռուսական կողմը բազմիցս ասել է, որ դա իրենց համար բիզնես է:

-Նշանակում է, որ բիզնեսը գերակշռում է: Քաղաքականության մեջ կա բարեկամական հարաբերություն: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է անդրադառնա, որ այս ձեւով ինքը չի կարող երկար ժամանակ իր շուրջ դաշնակիցներ պահել, պետք է հասկանա, որ այս ձեւով ինքը կկորցնի: Ելքեր միշտ էլ հնարավոր է փնտրել, գտնել: Ձեւեր միշտ էլ կան, թեկուզ դժվար, որոնց համար նաեւ  ծանր գին կվճարենք: Չեմ ուզում մտածել, թե մենք էնքան անճար ենք, որ ուզենք թե չուզենք մեր միակ ելքը Ռուսաստանն է: Ռուսաստանը պետք է գիտակցի ու հասկանա, որ սխալ մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ ինքը շատ ավելի մեծ կորուստներ ունենա:

 

Անկախ

ԿԳ նախարարը ներկայացրել է բուհերում թափուր մնացած տեղերը

Արմեն-Աշոտյան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմորդների ու ծնողների ուշադրությանն է ներկայացրել բուհական ընդունելության առաջին փուլի ամփոփման արդյունքում բուհերում թափուր մնացած տեղերը:

“Այս տեղերին կարող են դիմել բացառապես համապատասխան քննություններից դրական միավոր ստացած և մրցույթից դուրս մնացած դիմորդները”,-գրել է Աշոտյանը:

 

Անկախ

Ի գիտություն

կգն1Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-ից մինչև հուլիսի 20-ը  (ժամը 18:00) ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:

Անկախ

Խոջոյանների ընտանիքին տրամադրվել է ֆինանսական աջակցություն

խոջոյաններՀայ-ադրբեջանական շփման գիծը հատած և ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի ընտանիքին ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երկու դուստրերիս` Ալվարդին ու Անիին, բերել էի «Արաբկիր» բժշկական կենտրոն` բուժզննության, հիվանդանոց է այցելել ԲՀԿ-ից պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և ասել, որ պարոն Ծառուկյանի անունից ցանկանում է մեզ օգնել, մեզ է փոխանցել 200 հազար դրամ, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արաբկիր բժշկական կենտրոնի բուժաշխատողներին մեր նկատմամբ հոգատարության համար»: Տիկին Սվետայի խոսքով` ֆինանսական օգնություն են ստացել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից, որը նրանց է փոխանցել 400 հազար դրամ և ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանից: «Գումարի զգալի մասը պետք է փոխանցենք վարկային կազմակերպությանը:»: Ի դեպ, Արսենի երկու քույրերը, որոնք ունեին առողջական խնդիրներ, արդեն իրենց լավ են զգում, թեև Անին գտնվում է բժիշկների հսկողության տակ: Սվետլանա Խոջոյանի խոսքով, Արսենը դեռևս Սևանում է, զբաղվում է անասնապահությամբ: Նա ևս պարբերաբար հետազոտվում է, ստանում անհրաժեշտ դեղորայքը: Անկախի թղթակցի հետ հեռախոսազրույցում Արսենն ասել է, որ իրեն բավականին լավ է զգում:

Անկախ

Կառավարությունում քննարկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը

Հովիկ Աբրահամյան,Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ խորհրդակցություն՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը, որի նպատակը գործող օրենսգրքում առկա հայեցակարգային անճշտությունների, հակասությունների, թերությունների ճշգրտումը և ուղղումն է: Այն մշակվել է ՀՀ Նախագահի՝ 2012 թ. «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրությամբ, Արդարադատության նախարարի հրամանով 2014 թ. մարտին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
Աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և անդրադարձել օրենսգրքով նախատեսված մի շարք ինստիտուտների կիրառմանն առնչվող խնդիրներին: Նշվել է, որ անհրաժեշտություն կա ապահովել քրեական գործող օրենսգրքում նորմերի ձևակերպման հստակությունը, իրավական որոշակիությունը, անհակասականությունը, բացառել լեզվական անճշտությունները և հակասություններն այլ իրավական ակտերի հետ: Քրեական նոր օրենսգիրքը պետք է արտացոլի կրիմինալոգիական իրողությունը, ապահովի ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունը և համահունչ լինի քրեական իրավունքի տեսության և օրենսդրության ժամանակակից միտումներին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և առաջարկություններով լրամշակված փաստաթուղթը ներկայացնել վարչապետին:
Անկախ

407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

դոլարՀուլիսի 16-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3 100 000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.25 դրամ:

 Անկախ

«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» վերականգնողական բուժման ծրագրի երկրորդ փուլն է մեկնարկել

001 (3)«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի երկրորդ՝ ջրային թերապիայի փուլն է մեկնարկել։ Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրը վերականգնողական բուժման լիարժեք կուրս է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամ երեխաների համար։ Ծրագրում ներառված են 17 երեխաներ, ովքեր  միայնակ մայրերի խնամքի տակ են։

«Հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիների հիմնախնդիրները պարտադիր ներառվում են քաղաքապետարանի տարբեր ծրագրերում։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի՝ այս ոլորտին վերաբերող բոլոր հնարավորությունները գործի են դրվում այդ խնդիրները աստիճանաբար ավելի ու ավելի մեղմելու համար, և դա արվում է ոչ միայն քաղաքը հարմարավետ դարձնելով, այլև նրանց առողջությանն ուղղված նման ծրագրերով։ Նշեմ նաև, որ սա նույնպես քաղաքապետարանի շարունակական ծրագրերից է»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Ծրագիրը քաղաքապետարանին է ներկայացրել «Հայ մայրեր» հասարակական կազմակերպությունը։

«Մեր ներկայացրած ծրագրին այսքան արագ ու գործնական արձագանքն անգամ անսպասելի էր։ Ամբողջ ծրագիրն ընթանում է շահառու երեխաների մայրերի ցանկությանը համապատասխան, բոլոր մանրուքներով։ Եվ այս ամենը նաև հոգեբանական մեծ աջակցություն է այս երեխաների մայրերին։ Արդեն ծրագրի երկրորդ՝ ջրային թերապիայի փուլում ենք։ Հիդրոթերապիան նպաստում է հետագայում ֆիզիոթերապիայի և այլ մարզումների առավել արդյունավետ անցկացմանը, որովհետև մկանային համակարգը բացվում է, մարզվում է։ Ջրային մարզումներն իրականացնում է մեր երեխաների սիրելի կինեզոթերապևտը՝ Միսակ Դարբինյանը, և սպասում ենք լավ արդյունքների։ Ապահովված են բոլոր պայմանները, մասնավորապես՝ փոքր լողավազան, որտեղ հնարավոր է կայուն պահպանել ջրի անհրաժեշտ ջերմաստիճանը»,- նշել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

Երեխաների մայրերն ընդգծել են, որ առաջին՝ հիպոթերապիայի կամ ձիաբուժության դրական ազդեցությունն արդեն զգալի է։

Երրորդ՝ արտթերապիայի փուլի ավարտից հետո ծրագրի շահառու երեխաները բոլոր 3 փուլերով վերականգնողական բուժման ևս մեկ շրջան են անցնելու աշնանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ