Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի հարցերով կլոր սեղան Երեւանում

կլոր սեղան,թրաֆիքինգ,ԵրեւանԴեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ եւ Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ Երեւանում տեղի ունեցավ կլոր սեղան՝ ԵԽ փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) փորձագետների մասնակցությամբ:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը, ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր ՄակՔոյը: Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցեցին Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամները:

Հանդիպման ընթացքում քննարկվեց «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման ընթացքը` ԵԽ Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի (ԳՐԵՏԱ-ի) եւ Կողմերի կոմիտեի կողմից արված առաջարկների լույսի ներքո: Ներկայացվեցին թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին մասնակիցները առաջարկություններ ներկայացվեցին Հայաստան-ԳՐԵՏԱ համագործակցության հետագա ծավալման վերաբերյալ:

Անկախ

Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնավաճառ Հյուսիսային պողոտայում

Ամանորյ, Սուրբ ծննուդ, տոնավաճառ, Հյուսիսային պողոտաԵրևանի քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոնավաճառ, որը գործում է դեկտեմբերի 14-ից: Ծրագիրն իրականացվում է քաղաքապետարանի աջակցությամբ և «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության նախաձեռնությամբ:
Ինքնատիպ և տոնական ձևավորված 30 տաղավարներում ներկայացված են Ամանորին և Սուրբ ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշներ, տոնական զարդարանքի և հուշանվերների հավաքածուներ և այլ ապրանքատեսակներ: Տոնական տրամադրությունը տարածքում ապահովում է մշտապես հնչող Ամանորի խորհրդանիշ դարձած երգերի ընտրանին:
Երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար տոնավաճառը լավ հնարավորություն է ոչ միայն տոնական գնումներ կատարելու, այլև զբոսնելու և հաճելի ժամանակ անկացնելու:
Տոնավաճառը գործում է ամեն օր ժամը 13:00-ից 22:00-ը և շարունակվելու է մինչև հունվարի 8-ը:
Անկախ

129 հավակնորդ ստացել է հավաստագիր

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով` 2013թ. դեկտեմբերի 6-ին, 10-ին, 11-ին, 13-ին և 17-ին անցկացված  հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու քննության գրավոր և բանավոր փուլերը դրական արդյունքներով հանձնած հավակնորդներին տրվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք` հավաստագիր: Հավաստագրման քննություններին մասնակցել է 129 հավակնորդ, որոնցից 98-ը ստացել է հավաստագիր:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 19-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Աշոցքի, Ստեփանավանի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում կքննարկվեն կարևոր հարցեր

10919_am_1Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին ժամը 15:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու և «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի դրույթների գործողությունը ժամանակային առումով ունի սահմանափակ բնույթ և որի ազդեցությունը տարածվում է միայն 2013թ. բյուջետային տարվա վրա: Օրենսդրական փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:
ՀՀ կառավարությունը հաստատել է «Օդանավի զավթման (առևանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» համաձայնագրի իրականացման համար համագործակցության կազմակերպման կանոնակարգը:
Կառավարությունն իր նիստում սահմանել է ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, ինչպես նաև այդ տարվա պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումները:
Ստեղծվել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման հիմնադրամ

Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2013թ. հոկտեմբերի 21-ի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերի խորհուրդ ստեղծելու կարգադրությունը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կառավարությունը որոշել է «Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» ներկայացնել բնապահպանական պետական և տնտեսագիտական անկախ փորձաքննության, հիմնադրել Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ, որտեղ ՀՀ անունից հանդես գալու լիազորությունը վերապահվել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին հանձնարարել է լրատվամիջոցներով պարզաբանում տալ այս նախագծի վերաբերյալ: «Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցության միջոցով, – ասել է վարչապետը: – Պետք է հրավիրել նաև շահագրգիռ գործարարների ուշադրությունը, որպեսզի նրանք համագործակցող կողմ դառնան, ինչի հնարավորությունն այս նախագիծը տալիս է»:

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացրել է մոտ 107.5 մլն դրամ, որից մոտ 5 միլիոնը` Արարատի և Արմավիրի մարզերում եղած ձկնաբուծական նպատակով կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման կամ կոնսերվացման, մնացած գումարը նույն նպատակով «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար: Որոշման ընդունմամբ կհստակեցվի ՀՀ մարզերում ապօրինի հորերի լուծարման և կոնսերվացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացված գումարի և գնման գործընթացի կազմակերպումը և կբարձրանա ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Սյունիքի մարզում գտնվող մի շարք արգելավայրերի միաձուլման ձևով վերակազմակերպելու միջոցով կառավարությունն ստեղծել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը և «Խուստուփ» պետական արգելավայրը, հաստատել դրանց կանոնադրությունները: Որոշման նպատակն է բարձրացնել մարզի բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը: Նշված վայրերում հանդիպում են Հայաստանի բույսերի Կարմիր գրքում ընդգրկված և Էնդեմիկ բուսատեսակներ, կենդանիների Կարմիր գրքում ընդգրկված կենդանիներ, ինչպես նաև մի շարք արժեքավոր կենդանիների տեսակների ապրելավայրեր և միգրացիոն ուղիներ:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել անտառային հրդեհի վտանգի վաղ ազդարարման, հրդեհի արագ արձագանքման և հրդեհի դեմ պայքարի կազմակերպման գործողությունների օրինակելի ծրագրին:
Կառավարությունը տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը

Հիմք ընդունելով «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար ներկայացված հայտը, Ազատ տնտեսական գոտում շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ օրենսդրությունը, կառավարությունը որոշել է նշված ՍՊԸ-ին «ՌԱՕ Մարս» տարածքում տրամադրել շահագործողի թույլտվություն` պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար: Ընկերությունը նախատեսում է համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները և կզբաղվի դրանց իրացմամբ և առաքմամբ: Գործունեության երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցի 50 հազարի, միավորի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար: Առաջին տարում արտադրություն կներդրվի 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տարում` 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար: Բացի ներդրում ներգրավելուց ազատ տնտեսական գոտու շահագործումը հնարավորություն կտա խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռեյփսիդ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2013թ. դեկտեմբերի 16-ից մինչև 2014թ. ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016թ. դեկտեմբերի 16-ը: Ընկերությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում կառուցված և գործող բուսական յուղի և քուսպի` անասնակերի, արտադրության գործարանը վերազինել բուսական յուղի ռաֆինացման նոր, ժամանակակից սարքավորումներով, ընդլայնել արտադրության տեսականին և ծավալը: Այժմ գործարանում արտադրվում է արևածաղկի և հլածուկի էկոլոգիապես մաքուր, ոչ ռաֆինացված բուսական յուղ և քուսպ: Ձեռնարկության վերազինման համար նախատեսվում է ներդնել շուրջ 655 մլն դրամ:
Գործադիրը վեց ամսով երկարաձգել է ներդրումային մեկ այլ ծրագրով «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, որը սպառվել է 2013թ. նոյեմբերի 30-ին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ սարքավորումների ներկրումը ձգձգվել է ոչ ընկերության մեղքով: Արտադրվող գինու 25 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ՌԴ, Լիտվա, Բուլղարիա, Չեխիա, Ֆրանսիա: Այժմ հիմնվում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրություն:
Գործարարների համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները, ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր երեք որոշումների փոփոխությամբ հեշտացրել է բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրության և (կամ) վաճառքի, թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրության բնագավառների արտոնագրումը:
Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրը նպատակ ունի կրճատել էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման (փոխարինման) ու բաշխման արտոնագիր, խմելու ջրի մատակարարման նպատակով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների (շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ) կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, նշված ոլորտներին հողամասերի տրամադրումը կառուցապատման իրավունքով իրականացնել առանց մրցույթի, իսկ օտարումը` ուղղակի վաճառքով:
Բիզնես գործընթացի բարելավման նպատակով վերջին տարիներին կրճատվել է էլեկտրականությանը միացման ժամկետը, սակայն այն չի ուղեկցվել ծառայություն մատուցող ընկերության համար պետական մարմինների հետ համաձայնեցման գործընթացի դյուրացմամբ և ժամկետի կրճատմամբ: Այս խնդիրը կլուծվի մշակման փուլում գտնվող Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների նոր ծրագրի իրագործմամբ: Մինչ այդ կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել գործող ծրագրի համապատասխան կետը:
Իր նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության աջակցության հանրապետական և մարզային կենտրոնների գործունեության բարելավման հայեցակարգը, դրանից բխող միջոցառումների ցանկը: Նախատեսվում է մեծացնել նշված կենտրոնների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների ծավալը:
Գործադիրը հավանություն է տվել «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր II, 3-րդ փուլ – Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» վարկային և ֆինանսավորման համաձայնագրերի նախագծերին: Ծրագիրը նախատեսված է իրականացնել երեք փոխկապակցված փուլերով, որոնց ամբողջական իրականացման դեպքում միայն հնարավոր կլինի ապահովել բոլոր թիրախների լիարժեք կատարումը: III փուլի իրականացումն, օրինակ, թույլ կտա ավարտին հասցնել Վանաձոր և Գյումրի քաղաքների ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի լիարժեք վերականգնումը` ապահովելով շուրջօրյա որակյալ ջրամատակարարում:
Զինծառայողների աշխատավարձը կավելացվի 2014թ. հունվարի 1-ից

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցներով 2014թ. հունվարի 1-ից ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցողների աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով: Փոփոխության են ենթակա նաև ՀՀ կառավարության այդ որոշման 1-ին հավելվածը, որով սահմանվել են լրավճարների առավելագույն չափերը և զինվորական ծառայության առանձնահատուկ բնույթ ունեցող 2-րդ հավելվածը:
Գործադիրը որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում մոտ 150 քառ. մետր մակերեսով տարածք 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել ՀՀ երկրապահ կամավորականների միությանը` իր իսկ ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
Նշված վարչության տնօրինության Երևան քաղաքի Մանանդյան 41/4 հասցեի բնակելի շենքում բնակվող ՀՀ քաղաքացիներին սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրաբերվել են իրենց զբաղեցրած տարածքները` պայմանով, որ քաղաքացիներն այդ բնակարանները կարող են օտարել սեփականության իրավունքի պետական գրանցման պահից առնվազն հինգ տարի անց:
Կառավարության որոշմամբ 2013 թվականին սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է մոտ 48 մլն դրամ:

Ոստիկանական պահպանությունը պետական պահպանության ինքուրույն տեսակ է

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանական պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է ոստիկանական պահպանությունը սահմանել որպես պետական պահպանության ինքնուրույն տեսակ, տարանջատել ոստիկանական պահպանության և մասնավոր պահնորդության ոլորտները, ինչպես նաև ամրագրել ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների և ռազմականացված ստորաբաժանումների իրավական դրությունը: Հավանության է արժանացել նաև սույն օրինագծի ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը:
Նիստում քննարկվել է «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա կարծիքով առաջարկվող օրինագիծը կարգավորելու է այն հարաբերությունները, որոնք արդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում ծագում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինների միջև: Ըստ կառավարության եզրակացության, նախագիծն առավելապես ունի հռչակագրային և ծրագրային բնույթ, հստակ չէ դրա կարգավորման առարկան, այն չի բովանդակում արդյունաբերական քաղաքականության իրականացման գործնական մեխանիզմներ: Գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի նախագիծը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օրենքի նախագծի լրամշակման հարցում համագործակցել հեղինակի հետ: Նույնաբովանդակ եզրակացություն է տրվել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մեկ այլ` «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի վերաբերյալ: Պատգամավորն առաջարկել է պետտուրքը սահմանված ժամկետում չգանձելու և սահմանված ժամկետում չվճարելու համար նախատեսված տույժի դրույքաչափը օրական 0.5 տոկոսի փոխարեն սահմանել 0.15 տոկոսի չափով: Ընդունելի համարելով այս առաջարկը, գործադիրը ոչ նպատակահարմար է համարել մյուսները և արել հանդիպակաց առաջարկներ:
Կառավարությունը քննարկել է «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա առաջարկել է ձկների ձվադրման ընթացքում կասեցնել Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը: Կառավարության եզրակացության համաձայն, քանի որ մանրաձկան ձևավորման և զարգացման փուլը կրկնվող, շարունակական գործընթաց է, իրականում ՀԷԿ-երի աշխատանքը ոչ թե կկասեցվի, այլ կդադարեցվի: Գործադիրն ընդունելի է համարել բնապահպանական միջոցառումներ չիրականացնող ՀԷԿ-երի աշխատանքի դադարեցումը, ինչպես նաև լճի անմիջական ազդեցության գոտում նոր ՀԷԿ-երի կառուցման արգելումը, սակայն ներկայացրել է նաև մի շարք առարկություններ: Օրինագիծն այս տեսքով կառավարությունն անընդունելի է համարել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ հարցեր

Փոփոխելով ու լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը սահմանել է, որ մի շարք դեպքերում, երբ Հայաստանում հայտնված անձը, զրկված լինելով համապատասխան փաստաթղթերից, հնարավորություն չի ունենում վերադառնալ տվյալ երկիր` դրանք հաստատելու համար, կարող է դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն, որին վերապահվում է այդ անձի հայ լինելու փաստաթուղթը առանձին դեպքերում հաստատելու իրավունք: Խնդիրը հրատապ է Սիրիայի Արաբական Հանրապետությունից Հայաստան եկած հայազգի քաղաքացիների համար:
Իր նիստում կառավարությունը նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի նշումից բացի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը այդ գործառույթը կկազմակերպի նաև սահմանային անցման կետերում: Մեկ այլ որոշմամբ համապատասխան լրացում է կատարվել ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության մեջ:
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Վանդ-սա» ՍՊԸ-ին` մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք մեր երկրում չեն արտադրվում և կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին ավելի վաղ տրամադրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը:
Արաբական Միացյալ Էմիությունների Աբու Դաբիի Մասդարի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում ուսանելու կապակցությամբ մինչև 2017թ. ձմեռային զորակոչ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Հենրիկ Մելքոնյանին, Աշոտ Մնացականյանին և Ռաֆայել Հարությունյանին:
Արձակագիր Լևոն Խեչոյանի և ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 20 հազար եվրոյին և 10 հազար եվրոյին համարժեք դրամ:
 

Դոլարի գինը բորսայում՝ 405,5 դրամ

դոլարԴեկտեմբերի 19-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 9,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.5 դրամ:

NASDAQ OMX Armenia

Հայաստանը միանում է ԱՄՆ կառավարության Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրին

ՀՀ-ամնԱՄՆ դեսպանատունը սույնով տեղեկացնում է, որ Հայաստանը դարձել է  ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Խաղաղապահության նախաձեռնություններին  աջակցող GPOI  ծրագրի գործընկեր պետություն: Այս նախաձեռնության շրջանակում Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացման նպատակով Միացյալ Նահանգներն ակնկալում է տրամադրել մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն 2 տարվա ընթացքում: Նախաձեռնությունը միտված է ամրապնդել ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողություններում ներգրավված գործընկեր պետությունների, ինչպիսին Հայաստանն է, կարողությունները:   Այս նոր գործընկերությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ համագործակցության լուրջ ազդակ է, որով կարևորվում ու գնահատվում է Հայաստանի պատրաստակամությունը  մասնակցել միջազգային խաղաղապահ գործողությունների Կոսովոյում, Աֆղանստանում և  Լիբանանում:

Խաղաղապահության նախաձեռնություններին  աջակցող GPOI ծրագիրն ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող աջակցության ծրագիր է անվտանգության ոլորտում, որը նպատակաուղղված է ՄԱԿ-ի ու տարածաշրջանային խաղաղապահ գործողությունների արդյունավետ անցկացման միջազգային կարողությունների մեծացմանը՝ գործընկեր պետությունների խաղաղապահ կարողություններն ուսուցումների միջոցով զարգացնելու ու պահպանելու, տեղակայումների համար պատրաստ զինվորական ու ոստիկանական միավորումների թվի ավելացման, և զինվորական ու ոստիկանական միավորումները տեղակայումներին նախապատրաստելու և նյութատեխնիկական ապահովումը դյուրացնելու ճանապարհով:

Միացյալ Նահանգները գործարկեց GPOI ծրագիրը՝ ի կատարումն Մեծ ութնյակի 2004թ. Սի Այլենդում տեղի ունեցած վեհաժողովում ընդունված Խաղաղապահության միջազգային կարողությունների ընդլայնման գործողությունների պլանի: Սկզբնապես այն նախատեսված էր որպես հնգամյա ծրագիր 2005-2009թթ. համար, սակայն հետագայում որոշվեց այն շարունակել ևս 5 տարի՝ 2010-2014թթ.: Ծրագրի առաջին 5 տարիների կամ առաջին շրջափուլի հիմնական խնդիրն էր 75.000 խաղաղապահների ուսուցումն ու  խաղաղապահ գործողություններն իրականացնելու տարածաշրջանային կարողությունների զարգացումը: 2-րդ շրջափուլում ուղղակի ուսուցումներից շեշտադրումը փոխվեց դեպի գործընկեր պետությունների այն ջանքերի աջակցմանը, որոնք ուղղված են  տեղում խաղաղապահների ուսուցման ինքնաբավ կարողությունների ձևավորմանը:

GPOI ծրագիրը ֆինանսավորվում է Խաղաղապահ գործողությունների հաշվից, որը տնօրինում է ԱՄՆ պետքարտուղարության ռազմաքաղաքական գործերի գրասենյակը:

GPOI ծրագիրը ներկայումս գործակցում է 69 երկրների ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ: Այս գործընկերության շրջանակում GPOI ծրագրով իրականացվել են հետևյալ աշխատանքները.

  • Աջակցել է միջազգային խաղաղապահ առաքելություններում ընդգրկման ենթակա  228.658 օտարերկրյա զինծառայողների ուսուցմանը և՛ ուղղակի ուսուցումների (176.047 խաղաղապահ), և՛ գործընկեր պետության տեղական ուսումնական կարողություններին օժանդակելու միջոցով (52.611 խաղաղապահ).
  • Օժանդակել է խաղաղապահության 45 ազգային ու տարածաշրջանային ուսումնական կենտրոնների, երեք տարածաշրջանային կենտրոնակայանների (Աֆրիկյան Միություն, Արևմտա-աֆրիկյան պետությունների տնտեսական համայնք, և Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնք), ինչպես նաև ֆինանսական, տեխնիկական և կադրային օգնություն է ցուցաբերել Կայունության ոստիկանական միավորումների գերազանցության կենտրոնին՝ ոստիկանական միավորումների ուսուցանողների ուսուցումն ապահովող կենտրոն, որը ղեկավարվում է Իտալիայի կողմից.
  • Աջակցել է 38 երկրներից ներգրավված 180.223 խաղաղապահների տեղակայմանը աշխարհի 25 տարբեր խաղաղապահ գործողությունների շրջանակում: Ներկայումս ավելի քան չորս մայրցամաքների տարածքում ՄԱԿ-ի կողմից իրականացվող 15 խաղաղապահ գործողությունների շրջանակում ներգրավված  զինվորական, ոստիկանական ու քաղաքացիական անձնակազմի թիվը կազմում է ավելի քան 116.000 հոգի,  ովքեր ներգրավված են 115 տարբեր երկրներից:

Դեսպան Տեր-Ստեփանյանի հանդիպումը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական հարցերովգլխավոր քարտուղարի հետ

ԱգնԴեկտեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական հարցերով գլխավոր քարտուղար Պասկալ Տերասսեի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությունից ի վեր գրանցված զարգացումները:

Այս համատեքստում դեսպանն ընդգծեց խորհրդարանական մակարդակով իրականացվող համագործակցության կարևորությունը: Նա նաև շնորհակալություն հայտնեց պարոն Տերասսեին Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կողմից ՀՀ ուղղված ծրագրերի իրականացման համար։ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այս համագործակցությունը ապագայում կշարունակվի և կամրապնդվի` շնորհիվ նոր նախաձեռնությունների, ինչպիսին է, օրինակ, Հայաստանում ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի ստեղծման ծրագիրը:

Պարոն Պասկալ Տերասսեն իր գոհունակությունը հայտնեց ֆրանկոֆոն ընտանիքում ինտեգրման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրած ջանքերի առնչությամբ: Նա ողջունեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի և Հայաստանի Ազգային Ժողովի ֆրանկոֆոնիայի հանձնախմբի միջև հաստատված համագործակցությունը՝ դրական արձագանքելով՝ ՀՀ Ազգային Ժողովի հետ իրականացվող համագործակցության ծրագրերի շարունակմանը, ինչպես նաև նոր ծրագրերի նախաձեռնմանը: Պասկալ Տերասսեն հույս հայտնեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ դառնալը կնպաստի կազմակերպության խորհրդարանական մարմնում Հայաստանի դերակատարության ամրապնդմանը:

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ճանապարհին, 2 մարդ մահացել է

ավտոպատահարԴեկտեմբերի 18-ին, ժամը 12.40-ին, Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը` 1968 թ. ծնված Արշակ Ադամյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին` 1975 թ. ծնված Գոհար Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 14.10-ին, մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Փարիզում ստորագրվեց վարկային համաձայնագիր «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և Ֆրանսիական Զարգացման Գործակալության միջև

IMG_45972013 թվականի դեկտեմբերի 15-ին «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն պարոն Մհեր Եդիգարյանի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Ֆրանսիայի Փարիզ քաղաք: Այցի նպատակն էր կնքել վարկային համաձայնագիր  Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ) և Ֆրանսիական զարգացման գործակալության (ՖԶԳ) միջև համատեղ իրականացվելիք բնակարանային էներգոարդյունավետության բարձրացման և միկրովարկերի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում:

Ս/թ դեկտեմբերի 17-ին կողմերի միջև Փարիզում ստորագրվեց վարկային համաձայնագիրը, որի արարողությանը ներկա էին  Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Համաձայն կողմերի միջև ստորագրված վարկային համաձայնագրի (ՖԶԳ)-ն Ընկերությանը տրամադրում է 10 մլն Եվրոյին համարժեք վարկ տասներկու տարի ժամկետով:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ֆինանսավորել 3000 հատ վարկ միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք ուղղված կլինեն նրանց բնակարանային պայմանների բարելավմանն ու էներգոարդյունավետության բարձրացմանը:

Վարկերը տրամադրվելու են ԱՀԸ գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից 5-ից 10 տարի ժամկետով, մինչև 2 տարի մարման արտոնյալ ժամանակաշրջանով և լինելու են 2 տեսակ՝ վարկեր ուղղված բնակարանների վերանորոգման և էներգորադյունավերության բարձրացմանը մինչև 5,5մլն ՀՀ դրամ և բնակարանային բարելավման միկրովարկեր՝ մինչև 2,5 մլն ՀՀ դրամ:

Ծրագրի ներքո Եվրամիության կողմից վարկառուներին կտրամադրվի դրամաշնորհ` վարկի գումարի մինչև 10 տոկոսի չափով:

Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն ինչպես ԱՀԸ այնպես և ծրագրում մասնակցող բանկերին և վարկային կազմակերպություններին: Ակնկալվում է, որ Ծրագրի խորհդատվական մասը կմեկնարկի 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին, իսկ ֆինանսավորումը կսկսի ապրիլ/մայիս ամիսների ընթացքում:

 

Այս տարի լրագրողների նկատմամբ բռնությունները Հայաստանում ավելացել են

իրավունք2013-ն, ըստ իրավապաշտպանների, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով լարված է եղել` պայմանավորված նախագահի և Երևանի ավագանու ընտրություններով: Այս մասին նշվեց այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ:

Հայաստանում Հելսինկյան  կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ ամեն տարի  Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում  նույն փաստերն են գրված և ամեն տեղ կարելի է տեսնել նման արտահայտություն`  էական առաջընթաց չի նկատվում:

«Տարեցտարի Հայաստանում մարդու իրավունքների վիճակը չի փոխվում, երբեմն-երբեմն վիճակը մեղմանում է: Կարծում եմ, որ սա քաղաքական համակարգի արդյունքն է,- ասում է Իշխանյանը:- Խնդիրն  այն է, որ որքան էլ խոսենք, չունենք իշխանությունների տարանջատում: Դատարանները գործադիր իշխանության շարունակությունն են: Այսպիսի դատարան ունենալու պայմաններում մարդու իրավունքներում առաջընթաց չի կարող լինել»:

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն անդրադարձավ բանակում սպանությունների դեպքերին` նշելով, որ  նախաքննության ընթացքում վկաներին պահում են անազատության մեջ, նրանց  նկատմամբ հետապնդումները շարունակվում են նաև դատարանից դուրս: Նրա խոսքով` դատապարտվողները հիմնականում շարքային զինծառայողներ են` սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք անգամ իրավական պաշտպանություն  չեն կարող ապահովել իրենց:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով`  բանակում անօրինությունների մասին խոսելիս միշտ նշվում է  պաշտպանության նախարարի անունը, մինչդեռ «զինվորական ծառայության կազմակերպման, կանոնադրական հարաբերությունների ապահովման անմիջական  պատասխանատուն մշտապես ստվերում մնացող  Խաչատուրովն է` գլխավոր շտաբի պետը: Մահացության, կոռուպցիայի ամեն մի դեպքի համար ինքն է պատասխանատու»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով` 2013-ը շատ լարված է եղել լրագրողների և լրատվամիջոցների համար. «Եղել են երկու ընտրություններ, որի  դեպքում  լարվում է քաղաքական մթնոլորտը, իսկ այդ ժամանակ ուժեղանում են գրոհները լրատվամիջոցների նկատմամբ»:Մելիքյանը նշեց, որ  2013-ի ինն ամսների տվյալներով  այս տարի լրագրողների նկատմամբ  բռնություններն ավելացել են.  2012 –ի ողջ ընթացքում բռնության  4  դեպք է գրանցվել, այս տարվա ինն ամիսներին` 7 դեպք:

2013-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին լրագրողների նկատմամբ  ճնշման 49 դեպք է գրանցվել, 2012-ին`  37:  Նախորդ տարի 10 դատական գործ էր հարուցվել լրատվամիջոցների նկատմամբ, այս տարի 20:

«Լիսկայի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը և կալանքից ազատումը այն ցուցանիշն է, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում իր քաղաքացիներին,- ասում է  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքուցը:- 2013-ին Տիգրան Առաքելյանի ազատվելուց կարճ ժամանակ անց ունեցանք ևս 14 քաղբանտարկյալ: Սա է իրավիճակը, երբ միակ միջոցը կամ քաղաքացիական անհնազանդությունն է կամ փախուստը արտագաղթի տեսքով»:

Սաքունցը ստեղծված իրավիճակի պատասխանատու է համարում բոլոր քաղաքական ուժերին` բացառությամբ մի քանի փոքր քաղաքական ուժերի.  «Մարդկանց մղում են հուսալքության, իրավական դաշտից մղում են վրեժխնդրության դաշտ»:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարտին Թադևոսյանն ասում է, որ ողջ տարվա ընթացքում ընդամենը  210 դիմում-բողոք են ստացել, ընդունելության է եկել 27 անձ:  Թադևոսյանի խոսքով` ԱԺ հանձնաժողովը լծակներ չունի արդյունավետ գործելու համար: Ըստ նրա` ԱԺ են դիմում քաղաքացիները, որոնք հուսահատության են հասել արդարություն փնտրելիս և ստիպված դիմում են ԱԺ նախագահին, վարչապետին, երկրի նախագահին:

Անդրադարձ կատարվեց նաև ՄԻՊ զեկույցին: Ավետիք Իշխանյանի կարծիքով` ՄԻՊ զեկույցը համարձակ էր. «Օրենքով ՄԻՊ-ին որևէ ձևով աշխատանքից հեռացնել չեն կարող: Բայց Հայաստանում կարող է գործել ահաբեկման, կոմպրոմատների մեխանիզմը: Եթե դա լինի, կիմանանք, որ միակ անկախ կառույցն էլ ոչնչացվեց»:

Խոսելով տարվա ձեռքբերումների մասին` Իշխանյանն ասում է, որ ամեն դրական բան ժամանակավոր կլինի, քանի դեռ իշխանությունների իրական տարանջատում  չկա և դատարաններն էլ անկախ չեն:

Որպես օրինակ` նշում է  «Հավաքների ազատության մասին » 2011-ին ընդունված օրենքը, որը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին:  Սակայն, ըստ Իշխանյանի, լավ օրենքը զրոյացվեց քաղաքական կամքի բացակայության պատճառով, քանի որ  բոլոր խաղաղ հավաքների ժամանակ բռնություններ են տեղի ունեցել:

 Անկախ

Ձյունը ծածկեց կարմիր գծանշումները, իսկ տուգանքը մնաց բաց

snow2Հերթական ընկերությունը` առանց լուրջ պարտավորությունների

 Այս ամսվա առատ տեղումները հուսալի շերտով ծածկեցին հանրապետության տարածքի «կեղտն ու փոշին», բայց նաև բացահայտեցին մի բավականին ուշագրավ խնդիր: Ավելի ստույգ` բացահայտեցին մեր չինովնիկների կամայականության հաշվին մի նոր խիստ նեղ պարտավորություններով, բայց լայն իրավունքներով օժտված ընկերություն ևս:

 Փողոցները «Փարքինգ սիթի սերվիսի» տարածքը չե՞ն

Խոսքը «Փարքինգ սիթի սերվիսի» մասին է` այն նույն ընկերության, որը Երևանի քաղաքապետարանի  հերթական  «խելամիտ» որոշման հետևանքով ստացավ բոլորիս փողոցները կարմիր գծանշումներով պատկերազարդելու ու դրանցից ներս մեքենայով կայանողներից գումար  գանձելու իրավունք: Ու հիմա, երբ առատ ձյան հետևանքները դեռ փողոցներից ու մայթերից քաղաքապետարանը չի հասցրել վերացնել, երբ հատկապես փողոցների մայթամերձ հատվածները ձյան կամ սառույցի տակ են, կարմիր գծանշումները չեն երևում: Ու այդ դեպքում, եթե վարորդները չեն տեսնում կարմիր գծանշումներն ու կայանում են ձյան տակ «թաքնված» կարմիր գծանշման տիրույթում ու կայանելու համար չեն վճարում, պե՞տք է տուգանվեն, թե՞ ոչ:

Պարզվում է` ձյան տեղումների պատճառով Երևանում վճարովի կայանատեղիների գծանշանների չերևալը վարորդներին չի ազատի տուգանքից, քանի որ կան նաև ճանապարհային նշաններ և ցուցանակներ, որոնք վարորդին հուշում են, որ նա հայտնվել է կարմիր գծանշման «տիրույթում»: Համենայն դեպս, այս մասին Tert.am-ին ասել է կայանատեղիների վերահսկողություն իրականացող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը` հղում անելով օրենքին :

Նա շեշտել է, որ բոլոր ավտոկայանատեղիները, որոնց կահավորումն ավարտվել է, գծանշումից բացի, ունեն նաև տեղեկատվական ցուցանակ և ճանապարհային նշան: Ու եթե որևէ  մեքենա կարմիր գծերից ներս է կանգնել և տուրքի վճար չունի, քաղաքապետարանը համապատասխան տույժի կենթարկի վարորդին:

Այդպիսի տուգանքներ արդեն եղել են: Ընդ որում` տուգանել են վարորդի, որն, իբր, առանց վճարելու կայանել է իքս փողոցում, բայց իրականում նա կայանած է եղել իգրեկ փողոցում… Բայց դե վարորդի ճարն ինչ, որ տուգանքը չտա: Ինչպես «1 րոպե Նարեկ Դուրյանի հետ» մանրապատումներում ասում է Դուրյանը` «տանք, էլի տանք` գազի փող, լույսի փող, հույսի փող», այս դեպքում նաև` կայանելու փող, բայց չիմանա՞նք, թե դրա դիմաց «Փարքինգ սիթի սերվիսն» ինչ լրացուցիչ ծառայություններ է մատուցում, թեկուզ իր գծանշած տարածքների սպասարկման իմաստով:

Պարզվում է` այս հարցում ընկերությունն անելիք չունի: Որովհետև նրա տնօրենն ասել է, թե ձյան մաքրման հետ իրենք չեն առնչվում. «Մեր պայմանագրային պարտավորությունների մեջ դա չկա: Դա մեր տարածքը չի համարվում, մենք միայն կահավորումն ու վերահսկողությունն ենք իրականացնում»,- ասել է նա:

Մասնավոր ուղևորափոխադրողները,  արագաչափեր կամ տեսախցիկներ տեղադրող ու տուգանող ընկերությունը, պարտադրված ԱՊՊԱ-ն, մարդկանց աշխատավարձերից 5 տոկոս «կսմթող»  անհասկանալի ու կիսատ պարտավորություններով ընկերությունները քիչ էին, հիմա որոշել են, որ քաղաքում իրենց մուծած հարկերից գոյացած միջոցներով կառուցված ճանապարհին կանգնելու համար վարորդները պետք է կայանատեղի վճար տան ինչ-որ «Փարքինգ սիթի սերվիսի»: Իսկ վերջինս պարտավոր չէ իր շահագործած տարածքի ձյունը մաքրել: Դա նույնն է, որ խանութպանը մայթի` իր խանութի առջևի հատվածը չմաքրի ու ասի, թե դա իր պարտավորությունների մեջ չի մտնում, քանի որ քաղաքապետարանը պետք է մաքրի, կամ այգում տեղադրված սրճարանի տնօրենը իր սրճարանի տարածքը չմաքրի` պատճառաբանելով,  որ «Կենտրոն կանաչապատումը» պետք է այգիների խնամքով զբաղվի: Այսինքն` «Փարքինգ սիթի սերվիսի» պարտավորությունների մեջ մտնում է միայն կարմիր գծանշումների տարածքում կայանողներից փող «քերթելը», իսկ չտվողներին տուգանե՞լը:

Եթե տրամաբանությունն այս է, ապա հնարավոր է, որ մի գեղեցիկ օր էլ պարտադիր կամ  պարտադրված կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն էլ ասի, որ պարտավոր չէ կուտակված թոշակները վերադարձնել Հայաստանի քաղաքացիներին, դա պետության պարտավորությունն է:

Մի խոսքով` միայն Հայաստանի շարքային քաղաքացիներն են, որ պարտավոր են, պարտադրված են ու ստիպված ինչ-որ բան անել` առանց արտոնությունների ու իրավունքների: Այնինչ, պետական կառույցների իրավասությունը, բացի փողոցներն ու մայթերը, ուղեգծերն ու փողերը, ամեն ինչ  սրան-նրան տալուց, նաև քաղաքացիների իրավունքները պաշտպանելն է:

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքից բացահայտվել է 3-ը, յուրացման կամ վատնման 2 դեպքից` 1-ը, խարդախության` 6, շորթման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 1 դեպք:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 5-ական, խարդախության` 7, յուրացման կամ վատնման, շորթման և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 2 մարդ զոհվել է, 6-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

ՄԻԵԴ վճիռը չի ազդի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա

Արա ՂազարյանՀայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական  հետապնդման ենթարկված Դողու Փերինչեքն  ընդդեմ  Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չի ազդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ գործն ինքնին  գնահատելով  որպես «բավականին հաջող  թուրքական լոբբինգի արդյունք»:

Ա.Ղազարյանը միաժամանակ գտնում է, որ այն կազդի ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքներ ընդունելու գործընթացի վրա, ինչը ցեղասպանության ճանաչման գործընթացի էլեմենտներից մեկն է: «Քաղաքական դաշտում գործընթացները կշարունակվեն, գնալով ավելի ու ավելի շատ պետություններ կընդունեն,  որ ցեղասպանություն է եղել, բայց  չեն ընդունի օրենքներ»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը կպահպանի ցեղասպանության հերքման քրեականացնող դրույթը, ինչն իրավաչափ է և  պայմանավորված է հասարակական սուր պահանջով: «Մենք՝ հայերս, ցեղասպանության  առաջին զոհերն ենք»,- ասաց նա:

Եթե որևէ մեկը գա Հայաստան և հրապարակային հայտարարություններ կատարի՝ հերքելով 1915թ. դեպքերը՝ որպես ցեղասպանություն, դրա համար քրեական  հետապնդման ենթարկվի և գործը հասնի Եվրոդատարան, Ա.Ղազարյանի կարծիքով, կարող է այլ որոշում կայացվել: Հայաստանի պարագայում կարող է ընդունվել, որ այստեղ իսկապես հասարակական սուր պահանջ կա, որպեսզի քրեական հետապնդման ենթարկվեն նման անձինք: «Եվրոպական դատարանն  իր որոշումը միշտ տեղայնացնում է կոնկրետ հանգամանքների ներքո և ոչ թե համընդհանուր սկզբունք է սահմանում»,- ասաց Ա.Ղազարյանը՝ նկատելով, որ Շվեյցարիայի պարագայում Եվրոպական դատարանը չընդունեց, որ Շվեյցարիայում կա Հայոց ցեղասպանությունը հերքողներին քրեական պատասխանատվության ենթարկելու հասարակական  սուր պահանջ:

Եվրոդատարանի եզրահանգմամբ՝ Հայոց ցեղասպանության հարցում համընդհանուր համաձայնություն աշխարհում չկա. 190 պետություններից միայն 20-ն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կան այլ պետություններ ևս, որոնք ճանաչել են Ազգային պառլամենտի, դրա մեկ պալատի կամ նահանգի մակարդակով: Դատարանը տարբերակում անցկացրեց Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության միջև՝ վկայակոչելով Ռոժե Գարաուդին ընդդեմ Ֆրանսիայի  գործով նախադեպը,  նշվեց, որ  ուժի մեջ է մնում Հոլոքոստի առումով արված եզրահանգումն առ այն, որ  Հոլոքոստը՝ որպես ցեղասպանություն, աներկբայորեն ճանաչված փաստ է: Մինչդեռ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեռ հանրային համաշխարհային քննարկումները շարունակվում են:

Այս փաստարկների հիմքում դրվել է 2011թ. հունիսից նոր զարգացող տեսությունը. Մարդու իրավունքների կոմիտեն այդ ժամանակ հրապարակեց իր թիվ 34 մեկնությունը, որով ազատ խոսքի տրամաբանությանը և Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրին հակասող ճանաչվեց  որևէ անձի պատասխանատվության ենթարկելը՝ պատմական փաստի վերաբերյալ իր արտահայտած կարծիքի համար:

Իհարկե, վճիռը Շվեյցարիան կարող է բողոքարկել, սակայն, Ա.Ղազարյանի կարծիքով՝ շատ քիչ հնարավորություններ կան, որ վարույթ կընդունվի կամ  եթե նույնիսկ վարույթ ընդունվելու դեպքում  այլ որոշում կկայացվի, որովհետև սա նոր զարգացող տեսության արձագանքն  է:  Նշենք, որ վճիռն առաջին կատեգորիայի վճիռ է, այսինքն՝ դասվում է այն վճիռների շարքին, որոնցով բոլորովին նոր նախադեպ է ստեղծվել:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Երիտասարդ կամավորներն աջակցում են սանմաքրող կազմակերպությունների աշխատակիցներին

001Մայրաքաղաքում առատ ձյան տեղումներից հետո շարունակվում են մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները։ Գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելուց հետո Երևանի սանմաքրման ձեռնարկությունները մայթերից մաքրում են կուտակված ձյունը։

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները, մասնավորապես՝ «Ֆլեշմոբ Դիվիզիա» ԵՀԿ-ի և «Միասին» երիտասարդական շարժման անդամները, այս օրերին աջակցում են Երևանի սանմաքրող ձեռնարկություններին։ Աշխատանքային հերթական դեսանտը Երևանի Ամիրյան փողոցում էր: Ե. Չարենցի անվան դպրոցի շրջակա տարածքում, ինչպես նաև փողոցի հարակից բակերում տասնյակ կամավոր երիտասարդներ բահերով կոտրել են սառույցն ու ձյան շերտը, օգնել սանմաքրող ձեռնարկություների աշխատակիցներին մաքրել մայթերը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայտնաբերվել են գողության և խարդախության մեղադրանքով հետախուզվողներ

ձերբակալությունԻնչպես Անկախը տեղեկանում է ոստիկանությունից, դեկտեմբերի 19-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները Ավան Առինջ թաղամասի թիվ 1/8 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ին, որը դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գեղամ Ն.-ին, որը հունվարի 11-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի տնակներից մեկից բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արթուր Գ.-ին, որը հունիսի 12-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ծաղկահովիտ գյուղի մոտ մեքենա է կողաշրջվել

ապակիԴեկտեմբերի 19-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտային հատվածում, ինչից մարմնական վնասվածքներով «Ապարանի» ԲԿ են հոսպիտալացվել վարորդ Ա. Խ.-ը ( 1992թ. ծնվ) և ուղևոր Ա. Թ.-ը: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են ,որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-21 միջհամայնքային ավտոճանապարհի Ալագյազ – Արթիկ 6-րդ կմ-ում՝ Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում, «Օպել վեկտրա» մակնիշի 34ԼՍ984 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտային հատվածում և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան: