Պարիս Հերունու հիշատակի ղողանջ` նվիրված ծննդյան 80-ամյակին

ՔԱՐԱՀՈՒՆՋ-12013 թ. դեկտեմբերի 17-ին ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունին կդառնար 80 տարեկան: Նշանավոր գիտնականը, ջերմեռանդ հայրենասերը գնաց դեպի իր տարերքը` անեզր տիեզերք 2008 թ. դեկտեմբերի 5-ին:

2007 թ. էր, ես և հայրս, Գեորգի Բադալյանի ուղեկցությամբ, Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում հանդիպեցինք Պարիս Հերունու հետ: Աշխատասենյակը կարծես գիտության տաճար լիներ, նրա սեղանին թղթեր էին` հաշվարկներով ծանրաբեռնված: Հանկարծ նկատեցի նրա «տիեզերական ալեհավաքի» մոդելը: Մենք եղել էիք նաև Արագածոտնի մարզի Օրգով գյուղում գտնվող Ռադիոօպտիկական աստղադիտարանում, որտեղ էլ գտնվում էին ալեհավաքները, և հրաշք էր դրանցից ամենամեծը:

Հիշարժան էր նաև Հերունու ստեղծած բազմաֆունկցիոնալ արեգակնային ժամացույց-օրացույցը:

Մենք Հերունուն նվիրեցինք փոքրիկ փաթեթներով հող Էրզրումից, Կարսից, Իգդիրից, նաև ջուր Վանա լճից, որը բերել էր հայրս կորուսյալ հայրենիքից: Հերունին երեխայի պես ուրախացավ, հետո հուզվեց, քանի որ հայրը` Միսակ Հերունին, ծնվել էր Հաճն քաղաքում (Կիլիկիա), մայրը` Սեդա Հերունին, Իգդիրից էր:

Այնուհետև ես  նրան մատուցեցի երկրորդ անակնկալը:  Նկարչուհի Հեղինե Աբրահամյանի օգնությամբ, կազմել էի մի գրքույկ «Փանոս Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանի պատմությունը», որում նաև Պարիս Հերունու հոր` Միսակ Հերունու մասին նյութ  կար:  Միսակ Հերունին տատիկիս եղբոր` Կորյուն Սիմոնյանի, նաև      Հ.Աբրահամյանի հետ դասավանդել էր ուսումնարանում: Մ.Հերունին եղել էր  ուսումնարանի արհկոմի նախագահը, 1945-1947թթ.` ուսումնարանի տնօրենը, նաև պատմություն էր դասավանդել:

Պ.Հերունին շատ հուզվեց: Նա գրադարակից հանեց նոր հրատարակված «Հայերը և հնագույն Հայաստանը» գիրքը, մակագրեց և ասաց. «Սա էլ իմ անակնկալն է ձեզ»:  Ապա ասաց, որ գիրքը սկզբում տպագրել է անգլերենով, ուղղել ամբողջ աշխարհին, որ վերականգնվի հայոց պատմությունը, իսկ դրա ապացույցների հիմքում հնագույն աստղադիտարան Քարահունջն է:

Օգտագործելով երկրագնդի առանցքի պրեցեսիայի երևույթի օրինաչափությունները և աստղագիտական այլ օրենքներ` նա որոշել էր Քարահունջի տարիքը: Այդ մասին նյութերը հրատարակվել են Հայաստանում, Ռուսաստանում, Իտալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Արգենտինայում: Հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետն ուղղվածության բարձր ճշտությունը և կայունությունը: Նախքան Քարահունջը կառուցելը պետք էր դեռ հազարամյակներ առաջ գիր ունենալ, նախապես կուտակված գիտելիքներ աստղագիտության, մաթեմատիկայի և տեխնոլոգիայի բնագավառներում: 1999 թ. փետրվարին Քարահունջին վերաբերվող բոլոր նյութերը, այդ թվում նաև նրա տարիքի հաշվարկները, Հերունին ուղարկում է պրոֆեսոր Ջ.Ս.Հուոկինսին (Վաշինգտոն), որը աստղագիտական մեթոդներով հնագույն կոթողների թվագրման խոշորագույն մասնագետն է աշխարհում, և խնդրել էր նրան կարծիք հայտնել:

– Ես շատ երախտապարտ եմ նրան, որ նա տվեց իր սիրալիր համաձայնությունը և մեծ աշխատանք կատարեց` ստուգելով իմ ստացած արդյունքներն ու բարձր գնահատականի արժանացրեց դրանք: Մեր Քարահունջն ունի 7500 տարվա պատմություն, այն հին է Սթոունհենջից 3500 տարով, Մեծ Եգիպտական բուրգերից` 3000 տարով, Շումերի և Եգիպտոսի հնագույն քաղաքակրթություններ ծագելուց` 2500 տարով, այն աշխարհի ամենահին աստղադիտարանն է: Սթուոնհենջը և մեծ բուրգը կառուցել է մեր թագավոր Հայկը 5000 տարի առաջ: Հայերը գնացել են Եգիպտոս, հավաքել են վայրի ցեղերին և ստեղծել առաջին եգիպտական պետությունը, դրանից հետո բոլոր եգիպտական փարավոնները հայ են եղել մինչև 18-րդ դինաստիան: Իրենց բուրգերի պատերին գրել են հայերեն գրերով` հին գրաբարով: Հայաստանի քաղաքակրթությունն ամենահինն է աշխարհում: Քարահունջի ժամանակներում նախապատմական հայ գիտնականները գիտեին հետևյալը. Երկիրը գնդաձև է, շառավիղը 6300 կմ է, Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը 1 օր տարբերությամբ և Արեգակի շուրջը` 365.25 օր տարբերությամբ,- պատմում էր Հերունին:

 – Բայց այդ ժամանակ կայի՞ն հայերեն տառերը.- հարցրի:

հերունի– Որ գիտենք` Մաշտոցն է հայերեն գիրը ստեղծել, այնքան էլ այդպես չէ, ի՞նչ է, մինչև քրիստոնեություն ընդունելը` 301 թ., հայերը անգրագե՞տ են եղել, կիսավայրի՞: Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ժամանակ տեղի է ունեցել մեծ աղետ, բոլոր նախաքրիստոնեական տաճարները, բացի Գառնու տաճարից, քանդվել և ջախջախվել են, բոլոր գրքերն այրվել ու ոչնչացվել են: Հայկական այբուբենը, որպես հեթանոսական, արգելված էր, օգտագործվում էին հունական և սիրիական  այբուբեններն ու գրքերը: Մաշտոցը սկսեց փնտրել գրերը, դրանք չկային, որովհետև բոլոր գրքերը վառել էին: Նա գնաց դրսում որոնելու պահպանված գրքերը: Պատմաբանները, լեզվաբանները դեմ են ինձ, թող արտահայտվեն, ես ամեն ինչ հաշվարկել և ապացուցել եմ: Առաջին հայկական այբուբենն ուներ 19 տառ,ստեղծվել է մոտավորապես 15-12 հազար տարի առաջ: Զարգացած այբուբենը` իր 34 տառով, գոյություն է ունեցել մ.թ.ա. VI հազարամյակում (Քարահունջի ժամանակ): Այդ այբուբենը հիմք է ծառայել աշխարհի բոլոր այբուբենների համար: Այն վերականգնվել է միայն մ.թ. 406 թ. Մեսրոպ Մաշտոցի ձեռքով, համաձայն Վռամշապուհ թագավորի և կաթողիկոս Սահակի որոշման: Մեր հին պատմաբաններն այդ մասին գրել են:

Մեզանից գողացել են ամեն ինչ, օրինակ` Ուրարտու են հնարել, իբր այստեղ հայերից առաջ եղել է Ուրարտական պետություն: Ես ապացուցում եմ, որ դա ճիշտ չէ, եղել է միայն Հայկական պետություն: Եղել են երկու պետություններ` Նաիրի մեծ երկիրը` Անի մայրաքաղաքով և այստեղի Արարատյան թագավորությունը, միացել են իրար և անունը դրել Բիհայնա` կրկնակի հայկական երկիր: Այդ Բիհայնա երկրների թագավորների անունները աղավաղել են` Ուրարտուի Արգիշտի թագավոր, այնինչ նա Բիհայնայի Արգիստ թագավորն է:  Հայտնաբերված վկայությունն է սեպագիր քարը մ.թ.ա. 782.թ., որի վրա գրված է. «Ես` Արգիստի թագավորս, այս գեղեցիկ քաղաքը հիմնադրեցի ի փառս Բիհայնա երկրի»: Ես այս ամենի մասին գրել եմ իմ անգլերեն գրքում: Անգլիայից Արքայազն Չարլզը գրեց, որ շատ հիացած է գրքով, Կալիֆոռնիայի նահանգապետ Շվարցնեգերը մի հոյակապ շնորհակալական նամակ է ուղարկել: Այժմ գիրքս լույս է տեսել հայերեն, լրացումն էլ սա է.

դրախտն է, ծառ է, վրան խնձորը, Եվան կանգնած է` խնձորը բռնած: Մի մեծ օձ, մարդկանցից էլ մեծ, եկել է Եվային թելադրում է. «Պոկի՛ր, պոկի՛ր»: Իսկ աստված ասել էր` «Չպոկես»: Սա Ադամն է ծառի տակ, բանից անտեղյակ: Այս ժայռապատկերը գտել և ինձ են ուղարկել Սիսիանից: Գրել եմ, որ Ավետարանի գրողներն ուղղակի մոռացել են նշել, որ սա հին հայկական լեգենդ է: Այսինքն` հենց այն ժամանակվանից են սկսել գողանալ մեզանից և՛ պատմությունը, և՛ կուլտուրան և ամեն ինչ: Ես շատ նամակներ եմ ստանում, հայ կանայք ինձ գրում են. «Սա մեր հայկական ավետարանն է, հայկական բիբլիան»:

Մենք փոքր ազգ ենք, բանի տեղ չեն դնում, չեն հավատում, թող գան ստուգեն:

Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը (ՌԳՀԻ), որ վեց ուղղություններով առաջատար է աշխարհում,  հիմնադրել եմ Երևանում 1968-70 թթ., նրա նպատակն է եղել ստեղծել նոր սիստեմի, բարձր էֆեկտիվ, հզոր ռադիոաստղադիտակ, որը կլինի աշխարհում առաջին հզոր ռադիոօպտիկական աստղադիտակը: Դա ՌՕԴ-54/2.6-ն է,  նրա անշարժ կիսասֆերիկ մեծ հայելին ունի 54 մ տրամագիծ, փոքրը` 5 մ, իսկ օպտիկական հայելու տրամագիծը 2.6 մ է: Առաջին դիտումը կատարվեց 1985 թ. Երկվորյակների համաստեղությունում. Էտտա աստղի վրա առաջին անգամ հայտնաբերվեց հզոր բռնկում մոտ 15 րոպե տևողությամբ:

Մենք հրաժեշտ տվեցինք միմյանց և հեռացանք հարստացած ներքնաշխարհով, որում  բարություն կար և հպարտություն, որ մենք աշխարհի ամենահին ազգն ենք ու ամեն ինչ այս մոլորակում սկիզբ է առել մեզնից:

 

Կարինե  ԱՂԱԲԱԲՅԱՆ

Անկախ

Լեգենդար հայկական կոնյակի պատմությունը

հայկական կոնյակԵրբեք ճաշից մի՛ ուշացեք, ծխե՛ք հավայան սիգարներ ու խմե՛ք հայկական կոնյակ:
Ուինսթոն Չերչիլ
Հայկական կոնյակն ունի դարերի պատմություն, որին սկիզբ դրեց բիբլիական Նոյ նահապետը՝ տնկելով առաջին խաղողի որթը Հայկական լեռնաշխարհում: Իսկ հետո…
Սկսած 1887 թվականից՝ Հայաստանում հիմնվեց կոնյակի արտադրություն, երբ վաճառական Ներսես Թահիրյանը կառուցեց առաջին գինու-կոնյակի գործարանը, որը հետագայում դարձավ Երևանի Կոնյակի գործարան: 1899 թվականին գործարանը գնվեց ռուս արդյունաբերող Նիկոլայ Շուստովի կողմից: Վերջինս բացառիկ մարդ էր՝ օժտված իր ժամանակի համար շատ առաջադեմ ձեռնարկատիրական ունակություններով, որը զբաղվում էր հայկական կոնյակի առաջխախացմամբ արտասահմանյան շուկայում: 1900 թվականին Փարիզյան ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստանում է «Գրան-Պրի» մրցանակ: Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրվում է իր արտադրանքը վաճառել ոչ թե բրենդի, այլ կոնյակ անվանումով: Նշենք, որ կոնյակ անվանումը առաջացել է ֆրանսիական Շարանդա նահանգի Կոնյակ քաղաքի անունից, որտեղ էլ առաջին անգամ տեղական հումքով պատրասվել է ալկոհոլային «Cognac» խմիչքը:
Հայկական կոնյակը մեծ ճանաչում ստացավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությանը թույլատրվեց իր արտադրանքը մատակարարել ռուսական կայսերական արքունիքին: Այդպիսի տիտղոս Ռուսաստանում ունեին շատ քիչ թվով արտադրողներ: 1917 թվականի հեղափոխությունից հետո հայկական կոնյակի արտադրությունը հարցականի տակ դրվեց:
Կոնյակի գործարանի «վերածնունդը» տեղի ունեցավ արդեն Խորհրդային Միության տարիներին՝ «Արարատ» գինու-կոնյակի տրեստ անվանումով: Գործարանի գլխավոր տեխնոլոգ դարձավ Մակար Սեդրակյանը, նա կիրառեց կոնյակի պատրաստման նոր, առաջադեմ տեխնոլոգիա, բացի այդ հայկական կոնյակը ստացավ նոր դիզայն, շշերի վրա հայտնվեց Արարատ լեռը՝ որպես այդ խմիչքի ծագման խորհրդանիշ:
1937 թվականին Մակար Սեդրակյանը ստեղծում է ԽՍՀՄ-ում պատրաստված առաջին կոնյակը՝ «Հոբելյանական»-ը, որն ուներ 10 տարվա հնեցում և 43 աստիճան թնդություն, ապա հաջորդաբար ստեղծվեցին տարբեր հնեցման ժամկետի և թնդության հայկական կոնյակի «Հայաստան», «Դվին», «Երևան», «Ախթամար», «Նաիրի», «Անի», «Վասպուրական», «Էրեբունի» տարատեսակները: Ի դեպ, «Վասպուրական»-ը 1890 թվականին Մ. Սեդրակյանի աշակերտները ստեղծում են նրա պատվին:
Խոսելով բուն արտադրության մասին՝ նշենք, որ կոնյակ պատրաստելու համար օգտագործվում է 13 տեսակի խաղող, որոնցից են՝ «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Ռկացիտելի», «Մսխալի» և «Կանգուն»: Գյուղացիները բերքահավաքն անում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին և ցածր գնով մեծ քանակությամբ վաճառում այն կոնյակի գործարանին: Ապա պատրաստվում է խաղողի գինի, որն էլ որոշ ժամանակ անց դառնում է 12-14 աստիճան թնդությամբ կոնյակի սպիրտ և վերածվում կուպաժի:
Կուպաժը կոնյակի տարբեր հնության սպիրտերի որոշակի չափի միախառնումն է: Պատրաստի կուպաժը լցնում են 70 տարեկան կաղնու փայտից պատրաստված տակառների մեջ, որտեղ նորածին կոնյակը պետք է որոշ ժամանակ «հանգստանա»: Հանգստի տևողությունը կախված է կոնյակի տեսակից. սովորական խմիչքներին (3-5 տարվա հնության) վեց ամիսն էլ բավարար է, իսկ հին կոնյակը թողնում են ավելի երկար: Օրինակ, տաս տարեկան կոնյակները հանգստանում են 1-1,5 տարի: Սովորական ու տեսակավոր կոնյակներն էլ են հանգստանում տարբեր պայմաններում: Տեսակավորները պահում են 400 լիտրանոց տակառներում, իսկ սովորականները՝ հատուկ 35.000 լիտրանոց կաղնե «Չան» կոչվող տակառներում կամ նույն չափի էմալապատ կաթսաներում: Բնականաբար տեսակավոր կոնյակների գները ավելի բարձր են, դրանք սկսկվում են մոտ 1000 ԱՄՆ դոլարից: Հետաքրքիր մի փաստ ևս: Կոնյակի որակը ստուգելու համար պետք է մի քանի կաթիլ լցնել ձեռքի ափի մեջ և շփել, հետո ափերը սեղմել իրար: Եթե ափերը չեն կպչում իրար, ուրեմն կոնյակը բարձրորակ է:
1998 թվականից «Արարատ» լեգենդար կոնյակների արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը դարձավ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող համաշխարհային աջառատար «Pernod Ricard» խմբի անդամ: Ցավոք, հետագայում ֆրանսիացիների կողմից Երևանի կոնյակի գործարանը գնելուց հետո մեր կոնյակի շշերի վրա կորցրինք «կոնյակ» անվանումը գրելու իրավունքը. ըստ ֆրանսիացիների՝ միայն իրենք այդ իրավունքն ունեն, այն էլ՝ միայն Ֆրանսիայում: Եվ այժմ արտադրվող նոր խմիչքի վրա գրվում է «բրենդի» անվանումը, որն, ի դեպ, թարգմանաբար նշանակում է «այրված գինի»: Այնուամենայնիվ, այն փաստը, որ հայկական կոնյակը իսկապես լեգենդար է, ապացուցված է պատմությունով: Ասում են՝ այս կոնյակը շատ է սիրել Յ. Գագարինը, իսկ Վ. Չերչիլը, լինելով իսկական կոնյակի մեծ սիրահար, օրական մեկ շիշ կոնյակ էր խմում այն էլ ՝ հայկական «Դվին» կոնյակը:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ

Անկախ

Տեղեկանք տրամադրելու համար կաշառք է պահանջել

կաշառքՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների և Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի քաղաքացուց, ՌԴ-ում կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար, ՀՀ ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցիչ Ա. Պ.-ն պահանջել և ստացել է 120.000 դրամ կաշառք:
Վերջինս բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

Բացառիկ հարցազրույց Վազգեն Մանուկյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպման վերաբերյալ

Վազգեն-Մանուկյան

Վազգեն Մանուկյան.   «Եթե ապագայի նկատմամբ լավատես ես, դա մասամբ իրականանում է, բայց եթե վատատես ես, իրականանում է ամբողջությամբ»:

 

– Պարոն Մանուկյան, մեզ հայտնի դարձավ, որ Դուք հանդիպում եք ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, երբ նա Երևանում էր: Ո՞վ էր նախաձեռնել այդ հանդիպումը և ի՞նչ ձևաչափով էր այն:

– Ոչ պաշտոնական հանդիպում էր:  Այդ օրն առավոտյան ինձ

Դավութօղլու

զանգահարեց Թուրքիայի արտգործնախարարի պատվիրակության անդամներից մեկը և առաջարկեց հանդիպում կազմակերպել Դավութօղլուի հետ, եթե դեմ չեմ: Ես տվեցի իմ համաձայնությունը, և երեկոյան Հանրային խորհրդի անդամ Գրիգոր Բադիրյանի ուղեկցությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում սուրճի սեղանի շուրջ հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարարի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև թուրքական պատվիրակության անդամներ, այդ թվում` ազգությամբ հայ Սամսոն Օզարարատը, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբրե Քոփթաշը:

 

– Ի՞նչ զրույց ծավալվեց հանդիպման ժամանակ:

– Դավութօղլուն նախ նշեց, որ ինքը կարևորում է հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել մի մարդու հետ, որն արտակարգ իրավիճակներում ղեկավարելու փորձ ունի («Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար, նորանկախ Հայաստանի առաջին վարչապետ, պատերազմի տարիներին՝ պաշտպանության նախարար): Այնուհետև Թուրքիայի արտգործնախարարը խոսեց այն մասին, որ հայ և թուրք ժողովուրդները երկար ժամանակ միասնական ճանապարհ են անցել, նույնիսկ ձևավորել մի ընդհանուր քաղաքակրթություն: Նա կարևորեց հայերի դերը Թուրքիայի պատմության մեջ՝  նկատելով, որ այն շենքերից մեկը, որտեղ իր նստավայրն է, նույնպես հայի է պատկանել: Խոսեց այն մասին, որ հայ և թուրք ժողովուրդները պետք է բարեկամանան, և չնայած տեղի են ունեցել որոշ իրադարձություններ, որոնք սեպ են խրել երկու ժողովուրդների միջև, պետք է առաջ գնալ և այլն:

Ես պատասխանեցի, որ մեր երկու ժողովուրդների միջև մեծ ճեղք է առաջացել 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, սակայն երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, որոշ ժամանակ անց Ղարաբաղ կոմիտեն որդեգրեց նոր քաղաքականություն Թուրքիայի նկատմամբ, այն է` չանտեսելով Ցեղասպանության հարցը՝ զուգահեռ փորձել Թուրքիայի հետ իրականացնել դիվանագիտական, քաղաքական, տնտեսական հարաբերություններ: Մենք կարծում էինք, որ եթե Հայաստանը գնում է անկախության ճանապարհով, իր հարևանների հետ պետք է կարողանա ինքնուրույն հարաբերություններ հաստատել: Դա դարձավ ընդհանուր գաղափարախոսություն Ղարաբաղ կոմիտեի համար, և դրա վառ արտահայտությունն էր նաև Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածը, որում ասվում էր, որ հայերն ու թուրքերը պետք է կարողանան իրար հետ խոսել առանց միջնորդի կամ ուրիշների միջամտության: Իշխանության գալով 1990 թ.` մենք փորձում էինք իրականացնել այդ քաղաքականությունը: Արվեցին որոշ քայլեր: Մենք մտածում էինք, որ Ղարաբաղի հարցը չպետք է խոչընդոտ լինի այդ քաղաքականությունը վարելու համար: Ղարաբաղյան հակամարտությունը մեզ համար էթնիկական կամ կրոնական պայքար չէր, այլ միայն Հայաստանի օժանդակությամբ Ղարաբաղի ժողովրդի կողմից պատմական արդարության և ազգերի ինքնորոշման, ազատության սկզբունքների իրականացում: Մենք ամեն ինչ անում էինք, որ այդպես լինի, այդպես գիտակցվի,և դա այդպես էր:

Բայց  մենք մեծ հիասթափություն ապրեցինք, երբ 1993 թվականին, Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված,  Թուրքիան միակողմանի փակեց ճանապարհները Հայաստանի հետ` ծանր սոցիալական վիճակում գտնվող Հայաստանի ժողովրդին  զրկելով այդ ճանապարհով սնունդ ստանալու հնարավորությունից:

Շատերի համար Թուրքիայի այդ քայլը ապացույց դարձավ, որ «նոր քաղաքականությունը» սնանկ է և ոչ իրատեսական: Այնուհետև 2008 թ. Թուրքիայի հետ հարաբերվելու երկրորդ փորձը սկսվեց՝ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումով, բայց նորից ապարդյուն և ոչ Հայաստանի մեղքով:

Խոսելով 1993 թ. մասին` հայտնեցի նաև իմ կարծիքը, որ այն ժամանակ Թուրքիան սխալվեց: Այդ տարածաշրջանում, որը Ռուսաստանի ազդեցության տակ էր, խորհրդային իշխանության փլուզումից հետո քաղաքական վակուում էր առաջացել: Եվ Թուրքիայի կողմից ավելի իմաստուն քաղաքականություն կլիներ, եթե փորձեր այդ վակուումը լրացնել իր ներկայությամբ: Վրաստանի հետ խնդիր չուներ, քանի որ Վրաստանը տարաձայնություններ ուներ Ռուսաստանի հետ՝ կապված Աբխազիայի և Օսիայի հետ, Ադրբեջանը բոլոր դեպքերում Թուրքիայի հետ կլիներ, բայց առանց Հայաստանի Թուրքիայի ներկայությունն Անդրկովկասում ամբողջական և արդյունավետ չէր լինի, ուստի Թուրքիան այդ ժամանակ պետք է փորձեր Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման ընթացքում չեզոքություն դրսևորել Ղարաբաղի հարցում, մանավանդ որ այդ հարցն իր անմիջական պետական շահերին չէր դիպչում:

 

– Ինչպե՞ս արձագանքեց Դավութօղլուն Ձեր տեսակետին, ընդունե՞ց:

– Իմ տպավորությամբ՝ մասամբ ընդունեց՝ նշելով, որ իսկապես, երբ խզում ես հարաբերությունները, ապա հետո չես կարողանում ազդել, և եթե 1993-ին իրենք ավելի ճկուն լինեին, հնարավոր է, որ քաղաքական ազդեցություն ունենային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչի հնարավորությունն իրենք կորցրեցին: Իհարկե, մի առանձին խոսակցություն էլ եղավ  Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում իրենց մասնակցության և ազդեցության  հարցի շուրջ, որին ես, բնականաբար, դեմ արտահայտվեցի՝ ասելով, որ Թուրքիան արդեն ապացուցել է, որ այդ հարցում միակողմանի դիրքորոշում ունի` սկսած 1993 թվականից և դատավորի կամ կարգավորողի դեր չի կարող կատարել:

Դավութօղլուն էլ հարցրեց, թե այն երկրները, որոնք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվում են, իրենց շահերը չունե՞ն,  անաչա՞ռ են:

Ասացի, որ այո, նրանք էլ իրենց շահերն ունեն Ղարաբաղի հարցում, անաչառ չեն, բայց Թուրքիայի հետ համեմատելի չէ: Համենայն դեպս, այդ երկրները մեզ չեն «խեղդել» մեր ամենածանր պահին՝ 1993 թվականին:

 

– Քննարկվե՞ց հայ-թուրքական արձանագրություններից հետո ստեղծված իրավիճակը, որը, փաստորեն, փակուղի է մտցրել երկու երկրների հնարավոր հարաբերությունները:

– Այո: Նախ փաստեցի, որ արձանագրությունների նախաստորագրումը քաղաքական հարց էր, քանի որ Թուրքիայի համար Հայաստանի հետ սահմանը բացելը տնտեսական տեսանկյունից առանձնապես մեծ բան չէր, եթե հաշվի առնենք Հայաստանի շուկայի փոքր լինելը: Հայաստանի համար էլ պարզ չէր՝ սահմանների բացումը տնտեսական առումով ավելի շատ վնա՞ս կբերի, թե՞ օգուտ, որովհետև, մի կողմից, կարող էր խթանել զարգացումը, բայց մյուս կողմից՝ թուրքական էժան ապրանքների  մեծ ներհոսքը կարող էր վնասել մեր քիչ թե շատ կայացող տեղական արտադրությանը: Այսինքն` հայ-թուրքական սահմանի բացման հարցը քաղաքական տեսանկյունից էր դրված: Եվ եթե ինքը խոսում է բարեկամության, երկկողմ հարաբերությունների մասին, ապա այդպիսի հարաբերություններ ստեղծելու հնարավորություն կար և Հայաստանի  պատճառով չէ, որ դա տեղի չի ունեցել:

Իհարկե բնական է, որ Դավութօղլուն, լինելով բարձր մակարդակի դիվանագետ, որի հետ անգամ հետաքրքիր էր զրուցել և վիճել, նման հարցադրումներին որոշակի պատասխան չտվեց և երբեք չէր տա:

 

– Իսկ Ցեղասպանության մասին խոսեցի՞ք:

– Ինչպես արդեն նշեցի, Դավութօղլուն Ցեղասպանության հարցը հիշատակեց նախ իր խոսքի սկզբում, երբ նշեց, որ տեղի են ունեցել որոշ իրադարձություններ: Այնուհետև զրույցի ընթացքում, երբ խոսեցինք երկու երկրների հարաբերությունների հաստատման մասին, ասացի, որ անկախ  այն հանգամանքից՝ Հայաստանն ինչ քաղաքականություն կվարի Թուրքիայի հետ, ինչ իշխանություններ կգան, միևնույն է, հայ ժողովուրդը Հայաստանում թե Սփյուռքում հետևողականորեն տանելու է Ցեղասպանության ճանաչման հարցը, հատկապես` Թուրքիայի կողմից ճանաչման: Նշեցի, որ դա հայերի համար զուտ վերացական պատմական հիշողություն չէ, և պատմեցի մեր ընտանիքի պատմությունը, թե ինչպես է պապս Վանա լճի ափից՝ Մոկսից, հինգ որդիներով գաղթել Հայաստան, սակայն տեղ է հասել միայն փոքր որդու` հորս հետ: Դա եղել է մեր ընտանիքի առօրյա խոսակցության թեման, որը մոռացված էջ չէ, և մենք պարտք ունենք մեր ծնողների և մեր պատմության առջև: Իսկ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշակի երաշխիք է նաև, որ այն այլևս չկրկնվի:  Նաև ասացի, որ հայ ժողովուրդն այդ գործընթացն առաջ է տանում առանց ատելության թուրք ժողովրդի նկատմամբ:

 

– Ինչպիսի՞ն էր Դավութօղլուի արձագանքը Ձեր դիտարկումներին:

– Բնականաբար, որպես փորձառու դիվանագետ, նա միայն ընդունեց, որ իսկապես եղել են դեպքեր, ասաց, որ եթե Մոկսում լինի, անպայման կաղոթի հորս զոհված եղբայրների համար, միաժամանակ ասաց, որ մենք էլ չպետք է մոռանանք Առաջին համաշխարհային պատերազմի այն բոլոր զոհերին, որ տվել են թուրքերը:

Այնուամենայնիվ, նա նշեց, որ եթե տարիներ առաջ Թուրքիայում Ցեղասպանության մասին ընդհանրապես հնարավոր չէր խոսել, ապա այսօր այդ հարցը քննարկվում է (նա, իհարկե, չէր օգտագործում ցեղասպանություն բառը):

Այդ պահին զրույցն ընդհատեց Սամսոն Օզարարատը` ինձ ու տիկնոջս ապրիլի 24-ին հրավիրելով Ստամբուլ, որտեղ հայերն ու թուրքերը միասին հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը: Դավութօղլուն ողջունեց այդ հրավերը:

 

– Հատուկ խոսվե՞ց Ղարաբաղի հարցի ներկա վիճակի կարգավորման մասին:

– Այո, ես ասացի, որ այդ հարցի կարգավորում ասելով` կողմերը տարբեր բաներ են հասկանում, և կուզենայի, որ Դավութօղլուն հստակ պատկերացնի իրական վիճակը: Հարցը պարունակում է երեք բաղադրիչ` փախստականների հարցը, որը, իհարկե, լուրջ հարց է, սակայն այն կարելի է բանակցելով լուծել, և մենք կարծում ենք, որ որոշակի պայմաններ ապահովելու դեպքում հայ և ադրբեջանցի փախստականները ուշ թե շուտ կարող են վերադառնալ իրենց բնակավայրերը:

Երկրորդը սահմանների, տարածքների հստակեցման հարցն է, որը նույնպես հնարավոր է լուծել բանակցությունների միջոցով:

Բայց հարցի մեխը Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է: Ղարաբաղում ապրում է մի սերունդ, որն աղոտ է հիշում այն ժամանակները, երբ անկախ չեն եղել, կամ ընդհանրապես չի հիշում: Եվ ինչո՞ւ պիտի ինչ-որ պետություններ թուղթ ստորագրեն, լինեն Հայաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը թե ԱՄՆ-ն, որով իրենք կկորցնեն իրենց անկախությունը: Բացի այդ, ասացի, որ եթե անգամ ազգային հարցն էլ մի կողմ թողնենք, միջազգային մամուլով էլ այսօր փաստում են, որ Ղարաբաղում մարդու իրավունքները, ազատություններն անհամեմատ ավելի բարձր մակարդակում են, քան Ադրբեջանում: Նշեցի, որ հենց երեկ եմ բլոգերից մեկում Հայաստանի և Ադրբեջանի համեմատական վերլուծություն կարդացել` սոցիալական տեսանկյունից, որում հստակ երևում է, որ Հայաստանն անհամեմատ ավելի գրավիչ է, քան Ադրբեջանը նաև այդ տեսանկյունից: Այսինքն` և՛ ազգային հարց կա, և՛ ազատության ու անկախության, և՛ սոցիալական, և ոչ մի դեպքում Ղարաբաղը չի համաձայնի կորցնել իր անկախությունը: Նշեցի, որ Ալիևն էլ է շատ լավ հասկանում այդ ամենը, և պատահական չէ, որ խոսում է պատերազմով հարցը լուծելու մասին: Ասացի, որ ես կտրականապես դեմ եմ պատերազմին, բայց այնուամենայնիվ, եթե պատերազմ հայտարարվի, ապա նաև որպես նախկին պաշտպանության նախարար գտնում եմ, որ այն շատ կատաղի կլինի, և մենք  ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք, ինչպես նախորդ դեպքում: Նշեցի նաև, որ տարբեր պետություններ, առիթից օգտվելով, կփորձեն խցկվել այդ իրադարձությունների մեջ, և Թուրքիան պետք է մտածի՝ արդյոք իրեն պե՞տք է, որ իր հյուսիսում նման կաթսա պայթի:

Դավութօղլուն, իհարկե, պատասխանեց, որ իրենք նույնպես դեմ են պատերազմին, ուզում են՝ հարցը խաղաղ ձևով լուծվի և այլն:

 

– Ինչպե՞ս ավարտվեց զրույցը և ապագայի նկատմամբ ի՞նչ մոտեցումներ ընդգծվեցին:

– Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշեց նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիք, որտեղից որ գաղթել են իրենց պապերը: Ժամանակի սղության պատճառով հնարավորություն չեղավ քննարկելու նաև այդ հարցը:

Զրույցի ավարտին նա ասաց, որ երազում է այն օրվա մասին, երբ սահմանները նշանակություն չեն ունենա, մեր ինքնաթիռները Երևանից Վան կթչռեն, Վանից՝ Երևան, երբ ողջ տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կլինի ընդհանուր և այլն: Ես էլ ասացի, որ այո, լավ կլիներ, եթե մեր տարածաշրջանում էլ, ինչպես Եվրոպայում, նվազեր սահմանների նշանակությունը: Հետո պատմեցի, որ երբ նախագահական վերջին ընտրություններից մեկի ժամանակ Ֆրանսիայի դեսպանն ինձ հրավիրել էր ճաշկերույթի, որտեղ հրավիրված էին նաև եվրոպական շատ այլ երկրների դեսպաններ, ես կեսլուրջ-կեսկատակ նրանց առաջարկեցի, որ Եվրամիությունը 20-30 տարով Ղարաբաղի ողջ տարածքի վրա սահմանի պրոտեկտորատ, մինչև որ ժամանակները մեղմանան, սահմաններին մեծ նշանակություն չտրվի,  և այդ ժամանակ Ղարաբաղի հարցին շատ ավելի հեշտ լուծում կտրվի:

 

– Պարոն Մանուկյան, Դավութօղլուի այցը Հայաստան թուրքական խորամանկ դիվանագիտության հերթական քայլը չէ՞ր, որն ընդամենը դրսում տպավորություն ստեղծելու նպատակ ունի:  

– Անկեղծ ասած՝ մեր զրույցի ընթացում նրա այցի մասին խոսք չեղավ: Համենայն դեպս,  ես կարծում եմ, որ Դավութօղլուին կարող էր փոխարինել ավելի ցածրաստիճան պաշտոնյա, սակայն դա մտածված տեղի չէր ունեցել, և ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում:

Մենք մեր ազգային շահը պետք է պաշտպանենք ու առաջ տանենք, բայց միաժամանակ պետք է կարողանանք հարևանների հետ արժանապատվորեն այս կամ այն ձևով հարաբերվել, և դա պետք է լինի ոչ միայն պետական մակարդակով, այլև հասարակության տարբեր շերտերի միջոցով: Համենայն դեպս, ես ավելի լավատես եմ ապագայի նկատմամբ և մի կարևոր բան եմ նկատել. եթե ապագայի նկատմամբ լավատես ես, դա մասամբ իրականանում է, բայց եթե վատատես ես, իրականանում է ամբողջությամբ:

 

 Զրույցը վարեց Անի Գասպարյանը

Անկախ

 

Առաջիկա օրերին ջերմաստիճանն էապես չի փոխվի

Եղանակը ՀայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից   Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին` մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

Քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝
Դեկտեմբերի 15-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին՝ մառախուղ:

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստ

ՊՆ,Գերիներ, պատանդներ,անհայտ կորածներ,հանձնաժողովՊՆ լրատվական ծառայությունից Անկախին հայտնռցին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Նիստին նաև հրավիրվել էին ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել են 2013 թվականին կատարված աշխատանքները, նախանշվել են 2014 թվականի աշխատանքային ծրագիրի հիմնական ուղղությունները:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրեցին տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկան առաջարկություններով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում հանձնարարականներ տվեց հանձնաժողովի անդամներին: Նիստի ավարտին պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողովի մի քանի անդամներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:

Անկախ

 

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ

ՊԲ,պնՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

Ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաև գիշվերվա ընթացքում

Ձյան մաքրման աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանից Անկախին տեղեկացրին, որ մայրաքաղաքում տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գիշերվա ընթացում մաքրման աշխատանքներ են ընթացել նաև գլխավոր և երկրորդական  փողոցների մայթերին:  Այս գիշեր նույնպես աշխատանքներում ներգրավվել են շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցներին բակային տարածքների, ինչպես նաև աստիճանների ու աստիճանահարթակների մաքրման աշխատանքներում զգալի օժանդակություն են ցուցաբերել համատիրությունների ներկայացուցիչներն ու  երիտասարդ կամավորները: Գիշերվա ընթացքում օգտագործվել է  մոտ 240 տոննա աղ և շուրջ 500 խմ ավազ: Մաքրման աշխատանքներում ներգրավվել է 132 միավոր մեքենասարքավորում` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրածը: Մաքրմանը զուգահեռ՝ վաղ առավոտից սկսվել է նաև մաքրելու ընթացքում կուտակված ձյունը հեռացնելու աշխատանքները:

Անկախ

Վահեն 70.000 դրամ է գողացել

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1936 թ. ծնված Ռոբերտ Մ.-ից 70.000 դրամ են գողացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Ռոբերտ Մ.-ի ծանոթ Վահեն, հյուրընկալվելով Դեմիրճյան փողոցի 33 շենքին կից ավտոտնակում, գողացել է 70.000 դրամ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ Վահեն 1991 թ. ծնված Վահե Խ.-ն է, որը Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի մոտից բերման է ենթարկվել և խոստովանել կատարածը:
Կատարվում է հետաքննություն:

Տարվա արտիստ՝ Գալուստ Սահակյան, տարվա տեսահոլովակ՝ Վարչապետ-Տիգրան Ուրիխանյան

1464819_399341360199634_911150700_nԹատերագետ Լևոն Մութաֆյանը “Դար 21” երաժշտական հեռուստալիքի ամենամյա մրցանակաբաշխությունից րոպեներ անց իր ֆեյսբուքյան էջում սեփական քաղաքական մրցանակաբաշխության արդյունքներն է ներկայացրել.

“Տարվա համագործակցություն՝ Պուտին և Դավութօղլու

Տարվա կատարում՝ Արմեն Մովսիսյան՝ Գազի 300 մլն դոլար
Տարվա խումբ՝ ԲՀԿ ջահելներ

Տարվա արտիստ՝ Գալուստ Սահակյան

Տարվա հիթ՝ Մաքսային միություն

Տարվա երգիչ՝ Տիգրան Սարգսյան

Տարվա երգչուհի՝ Զարուհի Փոստանջյան

Տարվա տեսահոլովակ՝ Վարչապետ-Տիգրան Ուրիխանյան:

Գուգարք գյուղում պայթյունից տուժածների վիճակը միջին ծանրության է

պայթյունԴեկտեմբերի 13-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում գազից տեղի է ունեցել պայթյուն՝առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ 10-րդ փողոցի թիվ 28 տանը տեղի է ունեցել գազից պայթյուն, ինչից 1994 թ. ծնված Ն. Ս.-ն, 1993 թ. ծնված Տ. Ա.-ն և 1992 թ. ծնված Ա. Խ.-ն տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Անկախ

«Հունդայի»-ն բախվել է «ԶԻԼ»-ի

ավտոպատահարԴեկտեմբերի 13-ին, ժամը 07.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է «ԶԻԼ» ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԶԻԼ»-ի թափքում գտնվող տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Միլիոնի վնաս հրդեհից

հրդեհ խոտածածկ տարածքումԴեկտեմբերի 12-ին, ժամը 11.05-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ին, հրդեհ էր բռնկվել 1963 թ. ծնված Հակոբ Թ.-ի տան տանիքում:
Հրդեհը մարվել էր դեկտեմբերի 8-ին, ժամը 04.35-ին, մարտական 3 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել է Հակոբ Թ.-ի տան տանիքում պահեստավորված 1.000 կապ խոտը, որի արդյունքում վերջինիս պատճառվել է 1.000.000 դրամի նյութական վնաս:
Հրդեհի առաջացման պատճառը պարզվում է:
Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը:

 Անկախ

Խարդախ Կարենի մասին նոր դրվագներ են ի հայտ գալիս

ձերբակալությունԴեկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, 1987 թ. ծնված Սամվել Մ.-ն ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումից ճանաչել է մի շարք խարդախություններ կատարած Կարեն Ն.-ին, որը սեպտեմբերի 1-ին իրեն օդանավակայանի բեռնային համալիրում աշխատանքի տեղավորելու պատրվակով խաբեությամբ վերցրել է 50.000 դրամ, այնուհետև, առանց իր գիտության, Երևանի Թումանյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութից իր անձնագրով` ապառիկ եղանակով, վերցրել է «Սամսունգ Գալաքսի» բջջային հեռախոս և «Էփլ» դյուրակիր համակարգիչ` իրեն պատճառելով ընդհանուր 600.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:

Անկախ

Պատահար Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց տանող խաչմերուկում

ավտովթարԴեկտեմբերի 13-ին, ժամը 08.40-ին, Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց տանող խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», «ԳԱԶ-32213» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Գիշերային կողոպտիչը հայտնաբերվեց

ձերբակալությունԴեկտեմբերի 13-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները, Վերին Անտառային փողոցի թիվ 122/11 հասցեից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահան Հ.-ին:
Պարզվել է, որ նա գիշերը, ժամը 02.30-ին, Լեոյի փողոցում 1983 թ. ծնված Տիգրան Թ.-ի ձեռքից բացահայտ հափշտակել է 20.000 դրամ և հեռացել:
Հանցագործության մասին տուժողը ոստիկանություն չէր հայտնել: Նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

 

Երկրաշարժը դեռ չի մոռացվել

Գյումրի,երկրաշարժ«Հաջորդ տարի ՝ 2014-ին, Շիրակի մարզում աղետից անօթևան բոլոր ընտանիքներն ապահովված կլինեն բնակարանով»,-այս մասին նշեց Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Նրա խոսքով երկրաշարժից հետո Գյումրիում փլուզվեց և քանդման ենթակա դարձավ 20600 բնակարան: Այդքան բնակարան էլ կառուցվել է, սակայն Գյումրիում դեռ կա 430 ընտանիք, որը շահառու է ճանաչվել և բնակարան դեռ չի ստացել: Մարգարյանի համոզմամբ ոչ թե քաղաքի բնակչությունն է ավելացել, այլ ընտանիքներ են կիսվել:

Գյումրիին այս առումով «նախանձում է» Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Նա նշեց, որ ի տարբերություն Գյումրիի՝ իրենք դեռ հիվանդանոցի խնդիր ունեն: Սակայն դպրոցների մասով իրավիճակն ավելի բարվոք է: «Այսօր Լոռու մարզում չկա մի դպրոց, որը տնակային պայմաններում աշխատի, իսկ այդպիսի 173 դպրոց կար»,- ասաց Ասլանյանը:

Նրա գնահատմամբ՝ Վանաձորում 1989-1995թթ. բնակարանային ֆոնդը վերականգնվել է շատ ինտենսիվ: Այսօր Վանաձորում մնում է կառուցել 1 բնակելի շենք 16 բնակարանով, և բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների խնդիրը կլուծվի: Սպիտակում այդ խնդիրը կլուծվի 2014թ.:

Միաժամանակ Ասլանյանը տեղեկացրեց, որ Լոռու մարզի գյուղական համայնքներում 1995-2005թթ. շինարարություն չի կատարվել: 2013թ. մարզում շահագործման է հանձնվել ընդամենը 32 բնակելի տուն: «2009- 2010թթ. տեմպը 2012-2013-ի հետ համեմատել պետք չէ: Մենք ահավոր դժգոհ ենք 2013-ի տեմպից»,- ասաց Լևոն Ասլանյանը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը լավատես չէ: Նա վստահ է, որ երկրաշարժից հետո մարդկանց տանջում-սպանում են տնակներում, քանդված հանրակացարաններում: Թումասյանն ափսոսում է, որ Երևանի Հյուսիսային պողոտայի վրա ծախսվեց է՛լ ավելի հսկայական գումար, քան կպահանջվեր ամբողջ աղետի գոտին վերականգնելու համար:

Եվգենյա Աթայանը՝ Քաղաքաշինության նախարարության Բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետը, արձագանքեց, որ Հյուսիսային պողոտան կառուցվել է մասնավոր, ոչ թե պետական միջոցներով: Աթայանը ցավով նշեց, որ երկրաշարժից 20 տարի անց անհրաժեշտություն առաջացավ աղետի գոտու վերականգնման նոր ծրագրի: Արդյունքում 2008-ին սկսվեց 85 մլրդ արժողությամբ ծրագիրը:

Գյումրու բնակիչ 81-ամյա Լեւոն Ղազելյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հոգնել են օգնություն սպասելուց, դեռեւս ապրում են կիսաքանդված դոմիկում ու խոնավության օդն են շնչում, հուսով է, որ ինքն ու կինը շուտով բնակարան կստանան: Երկրաշարժին շատ հարազատներ են կորցրել, օգնող ուժ չունեն, սակայն հույսները չի մարել, դեռ սպասում են, որ շուտով նոր բնակարանի դուռը իրենց առջեւ էլ կբացվի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ