Ամուսիններին դատաբժշկի ուղեգրեր են տրվել,իրար հարվածելու պատճառով

դատաբժշկի ուղեգրերԴեկտեմբերի 10-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ՊՊԾ դասակի 3-րդ հատուկ սպայական ջոկի ծառայողները Բաթումի փողոցի թիվ 17 շենքի մոտ նկատել են երկու քաղաքացիների, որոնք վիճաբանել են ու մոտենալով նրանց` պարզել են, որ նրանք ամուսիններ են` 1984 թ. ծնված Նարինե Ջ.-ն և 1989 թ. ծնված Կամո Վ.-ն:
Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Նարինե Ջ.-ն ապակյա շշով հարվածել է Կամո Վ.-ի գլխին, իսկ ոտքերով` կրծքավանդակին և պատճառել վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Կամո Վ.-ից ընդունվել է հաղորդում և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նարինե Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Նարինե Ջ.-ն հաղորդում է տվել, որ նույն վիճաբանության ժամանակ Կամո Վ.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն և դեմքի ու գլխի մասերում պատճառել վնասվածքներ:
Նարինե Ջ.-ին ևս տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

Նոր դրվագներ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունից

ոստիկանությունՀՀ ոստիկանության քննչական գլխավոր  վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող  քրեական գործով նախաքննության ընթացքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1976 թ. ծնված Հրանտ Մ.-ն,  2009 թ. հունվարից մինչև 2010 թ. մայիսն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարային ծառայության Երևան քաղաքի «Խորհրդային-2» տարածքային բաժանմունքի պատասխանատուի պաշտոնում, պարզել է ՀՀ-ից բացակայող կամ կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված հանգուցյալ կենսաթոշակառուների տվյալները և օգտվելով այդ հանգամանքներից, 2009 թ. ընթացքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում կեղծելով 6 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և պետությունից յուրացրել է խոշոր չափերի` ընդհանուր 1.073.332 դրամ կենսաթոշակի գումարները:
Նշված գումարներից 70.088 դրամ կենսաթոշակի գումարը Հրանտ Մ.-ի կողմից կեղծիք կատարելու միջոցով յուրացնելուն օժանդակել է նույն բաժանմունքի տեսուչ-վճարող, 1963 թ. ծնված  Սեյրան Փ.-ն:
Քրեական գործով որոշումներ են կայացվել Հրանտ Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով, իսկ Սեյրան Փ.-ի նկատմամբ ՀՀ քրեական  օրենսգրքի 38-325 հոդվածի 1-ին մասով և 38-179 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը չիրականացնելու մասին` քրեական  պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
Հրանտ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 179 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է:

 Անկախ

Վարչապետը հանդիպել է հանրահայտ ջութակահար Պինկաս Ցուկերմանին

Տիգրան Սարգսյան,Պինկաս ՑուկերմանՀՀ կառավարության լրատվական կենտրոնից Անկախին տեղեկացրին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Պինկաս Ցուկերմանին, ով Երևան է ժամանել այսօր` մասնակցելու «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանի փակման համերգին: Արամ Խաչատրյան համերգասրահում նա հանդես կգա «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ՝ որպես դիրիժոր և մենակատար:

Հյուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ մշակույթի նախարարությանը՝ համերգի կազմակերպմանը ցուցաբերած պետական աջակցության համար: Փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյանը տեղեկացրել է, որ անվանի ջութակահարի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համատեղ գալահամերգի կազմակերպման հարցը:

***

Պինկաս Ցուկերմանն արդեն 14 տարի Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի նվագախմբի երաժշտական տնօրենն է, 4 տարի՝ Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 2009թ.՝ «Ցուկերման կամերային կատարողներ» համույթով, իսկ 2010 թ. ընդունել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես գալու հրավերը: Աշխարհահռչակ երաժշտի առաջին ուսուցիչը եղել է հայազգի Իվան Գալամյանը:
Անկախ

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ձյուն, մերկասառույցՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 11–ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում, մասնավորապես Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Տավուշում, Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն:

Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր-Նավուր ճանապարհից:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

Դեսպան Մելքոնյանի հանդիպումը Եգիպտոսի փոխվարչապետ Զիյադ Բահա Էդդինի հետ

678. Ambassador Melkonyan met Minister of International Cooperation of Egypt 11.12.2013Դեկտեմբերի 10-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպեց այդ երկրի փոխվարչապետ, միջազգային համագործակցության նախարար Զիյադ Բահա Էդդինի հետ:

Քննարկվեցին ներկա փուլում փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: Այդ առումով կարևորվեց հայ–եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը։ Դեսպան Մելքոնյանը փոխվարչապետին ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթությունները և ներդրումային հնարավորությունները:

Անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական ավանդական պատմամշակութային կապերին, Եգիպտոսի հասարակական, տնտեսական կյանքում եգիպտահայ համայնքի ունեցած նշանակալից ներդրմանը:

 

Դոլարը շարունակում է իջնել

 50 միլիոն դոլար,Լիբիա, Աբդել Ֆաթահ ՅունիսԴեկտեմբերի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 4,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.69 դրամ մեկ ԱՄՆդոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.75 դրամ:

Սերժ Սարգսյանն ու Ահմեդ Դավութօղլուն Երևանում չեն հանդիպի

արման սաղաթելյանՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը թվիթերի իր էջում  գրել է, որ Սերժ Սարգսյանի և Ահմեդ Դավութօղլուի հանդիպում պլանավորված չէ և չի լինելու:

«ՀՀ Նախագահի հանդիպում Թուրքիայի արտգործնախարարի հետ վերջինիս երևանյան այցի ընթացքում պլանավորված չէ և տեղի չի ունենալու»,- գրում է Սաղաթելյանը:

Անկախ

«Նաիրի» կինոթատրոնում դեկտեմբերի 11-ին մեկնարկեց «Ամենակարճ օր» ֆրանսիական կարճամետրաժ կինոյի տոնը

«Ամենակարճ օր»,կարճամետրաժ կինոՀայաստանը 2012 թվականից միացել է Ֆրանսիական «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին։ Երեւանում արդեն երկրորդ անգամ հայ կինոսիրողները հնարավորություն կունենան շփվելու ֆրանսիական կինոյի բազմազանությանը, գույնին ու նորարարական մտքին։ «Նաիրի» կինոթատրոնում դեկտեմբերի 11-ին մեկնարկեց «Ամենակարճ օր» ֆրանսիական կարճամետրաժ կինոյի տոնը։ Ֆրանսիական կինոյի այս գեղեցիկ ձեռնարկի նախաձեռնողները Հայաստանի եւ Ֆրանսիայի կինոկենտրոններն են։ Ֆրանսիական կարճամետրաժների ցուցադրությունը Հայաստանում իրականացվում է երկկողմ համագործակցության համձայնագրի շրջանակներում։
«Ամենակարճ օր» փառատոնը խորհրդանշում է ձմեռվա գիշերահավասարի, տարվա ամենակարճ օրը՝ դեկտեմբերի 21-ը։ Կարճամետրաժ կինոյի տոնը ներառում է 1-59 րոպե տեւողությամբ բոլոր ժանրերի ֆիլմերը:
Այս փառատոնի շրջանակներում Ֆրանսիայում ամեն տարի հանրային վայրերում ցուցադրվում են հարյուրավոր ֆիլմեր։ Աշխարհի հինգ տասնյակից ավելի երկրներ արդեն միացել են այս կինոծրագրին։ Ամեն տարի մասնակիցների թիվը մեծանում է։ Բոլոր երկրների համար ֆիլմերը ընտրվում են «Կարճամետրաժ ֆիլմերի գործակալության» ֆիլմադարանից, եւ քանի որ Հայաստանում այս հաստատությունը գրասենյակ չունի, ուստի փառատոնը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օպերատոր հանդիսացող «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության հետ համատեղ, իսկ ֆիլմերի և գովազդային նյութերի պատվիրելը և ամրագրելը կատարվել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով։ Ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիայի արտգործնախարարության մշակութային օպերատոր`Ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանսիայի ազգային կինոյի և անիմացիայի կենտրոնը եւ Կարճամետրաժ կինոյի գործակալությունը։
Երեւանում ֆիլմերը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, մայրաքաղաքի բուհերում եւ համայնքներում, ՀՀ մարզերում:
Տասն օր հիշյալ վայրերում (դեկտեմբերի11-21-ը) կիրականացնեն ֆրանսիական ֆիլմերի անվճար ցուցադրություններ: Իսկ չթարգմանված և համր ֆիլմերը դեկտենբերի 14-ից-21-ը հնարավոր է դիտել առցանց՝ www. alliancefr.am կայքում։

Անկախ

ԱԳ նախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին և Հարավային Կովկասի երկրներում ԱՄՆ դեսպաններին

 Էդվարդ Նալբանդյան,ԱՄՆ, Հարավային Կովկաս,ԱՄՆ դեսպաններԴեկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդին  և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգստարին, որոնք Երևան են ժամանել Հարավային Կովկասի երկրներում ԱՄՆ դեսպանների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով։

 

Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը համատեղ ջանքերի շնորհիվ վերջին տարիներին որակական նոր փուլ է թևակոխել և առկա են անհրաժեշտ պայմանները դրանց առավել ընդլայնման համար։

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Էրիկ Ռուբինն ասաց, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացումը։

 

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման նպատակով ձեռնարկվող քայլերին, ամփոփվեցին նոյեմբերին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները, կարևորվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ պայմանավորվածության իրագործումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, արծարծվեցին նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

Անկախ

«Արյունով ազատագրած հողը չենք թողնի տան ուրիշին». ազատամարտիկ

Ապարանցի-Վլե«Հպարտ եմ, որ ապրել եմ պատմական այնպիսի ժամանակաշրջանում, որ ոչ թե հողեր ենք կորցրել, այլ հետ ենք բերել,- ասում է Արցախյան ազատամարտի մասնակիցներից  56-ամյա Վոլոդյա Մաթևոսյանը:-  Եթե XX դարի  վերջին 10-12 շրջան վերցրինք, մի այդքան էլ XXI դարում կվերցնենք: Ասել եմ` ապրելու եմ մինչև Նախիջևանը, Շահումյանը և  Գետաշենը  հետ վերցնենք»:

Մաթևոսյանին իր զինակիցները և հանրությունը գիտեն որպես Ապարանցի Վլե:

1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Վոլոդյա Մաթևոսյանը ևս միացավ շարժմանը` իր մեքենաները տրամադրելով ազգանպաստ գործին: Նրան շարժմանը միանալուց հետ չպահեց անգամ ԿԳԲ կանչվելը:

Վոլոդյայի մորաքրոջ տղան` հայր Վահանը, այդ ժամանակ հոգևորական էր Բաքվում: Երբ այնտեղ խժդժություններ են սկսվում, նա հայերին ապաստան է տալիս եկեղեցում: Երբ եկեղեցին գրավում են, հայր Վահանն էլ հայտնվում է ադրբեջանցիների ձեռքում: Սակայն մեր կաթողիկոսի և ադրբեջանցիների մոլլայի միջամտությամբ նա ազատ է արձակվում ու Հայաստան վերադառնում: Կաթողիկոսը ցանկանում էր նրան նշանակել Հնդկաստանում հայոց թեմի առաջնորդ: Սակայն հայր Վահանը հրաժարվում է` ցանկություն հայտնելով սահմանամերձ բնակավայրում հաստատվել, որտեղ կծառայեր նաև հայրենիքին:  Հայր Վահանը նշանակվում է Մակարավանքի վանահայր և միաժամանակ դառնում է տեղի պաշտպանական ջոկատի հրամանատարը: 1989-ի դեկտեմբերի մարտից հետո նա անհետ կորչում է, ենթադրաբար`  գերի է ընկնում ադրբեջանցիների մոտ:

Վոլոդյան, որ խորհրդային բանակում ընդամենը 4 ամիս էր  ծառայել, ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը, որն էլ տեղից տեղ  էր շրջում` մասնակցելով բնակավայրերի պաշտպանությանը: Մաթևոսյանն էլ փորձում էր ինչ-որ կերպ  տեղեկություն ստանալ իր եղբոր մասին:

«Իմ միակ ցանկությունը հայրենիքս պաշտպանելն էր և  եղբորս գտնելը»,- հիշում  է նա:

1991-ին իր ջոկատի հետ  Արցախ է տեղափոխվում` այնտեղ մարտեր մղելով ադրբեջանցիների դեմ: Երբ ծնվում է նրա դուստրը, անգամ չի կարողանում փոքրիկին տեսակցության գալ. լուրեր էին ստացվել, որ հայերի դեմ Թուրքիայից կռվելու են եկել «Գորշ գայլերի» անդամներ, Աֆղանստանից` մոջահեդներ, Չեչնիայից` Շամիլ Բասաևն իր խմբով: Նման պայմաններում Ապարանցի Վլեն չէր կարող իր ջոկատը թողնել ու Երևան վերադառնալ, նրա հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ևս դեմ էր դրան:

1992-ի դեկտեմբերին, երբ հերթական անգամ վիրավորվում է, կարճ ժամանակով Երևան է գալիս` թե՛ արդեն կես տարեկան փոքրիկին տեսնելու, թե՛ բուժվելու համար: Մի քանի օր անց, սակայն, լուր է ստանում, որ իր մարտական ընկերներից Բասմաչը (Նեֆեսով Կուրբան Միրատ Բազարբաևիչ) զոհվել է:

Մաթևոսյանը պատմում է, որ իր ջոկատը բազմազգ էր. իր հետ թշնամու դեմ,  հայերից բացի, պայքարում էին  եզդիներ, ռուսներ, ասորի, հույն, թուրքմեն: Հենց թուրքմեն ազատամարտիկը Բասմաչն էր: Նա Հայաստանում էր անցել զինծառայությունը: Եվ Արցախի համար պայքարում էլ հայերին էր միացել` ադրբեջանցիներից լուծելու նաև իր անձնական վրեժը:

բասմաչ«Շատ ուժեղ տանկիստ էր, նավոդչիկ, իսկական հերոս»,- ասում է Մաթևոսյանը:

Հիշում է, որ սկզբում կասկածանքով էր վերաբերվում Բասմաչին` նրան հետախուզության էր ուղարկում, հետևից էլ մեկ ուրիշին` թուրքմեն զինակցին հետևելու: Ասում է, որ Աղդաբանի (տարածք Քարվաճառում, այժմ այստեղ բնակավայր չկա) ազատագրման օպերացիայից առաջ Բասմաչը հայտնում է, որ ադրբեջանցիները տանկային գումարտակ ունեն: Նրա հայտնած կոորդինատներով խմբի անդամներից Գրադի Ժորան ադրբեջանցիների 6 տանկ է ոչնչացնում:

Սկզբում Մաթևոսյանը ցանկանում էր իր զինակցի` Բասմաչի դիակը Աշգաբադ տեղափոխել, բայց  նրան զգուշացնում են, որ իրավիճակը լարված է և այնտեղ մեկնելը վտանգավոր է: Թուրքմեն ազատամարտիկի դիակը 4 ամիս դիահերձարանում է մնում, ապա նրան հուղարկավորում են Եռաբլուրում:

«Ինքն այստեղ մի  հայ աղջկա էր սիրահարվել, ուզում էր ամուսնանալ, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ,- ասում է Մաթևոսյանը:- Միակ մահմեդականն է, որ թաղված է Եռաբլուրում: Ամեն տարի դեկտեմբերի 13-ին մնացած ընկերներով  միշտ այցելում ենք Եռաբլուր.  նա այստեղ այլ հարազատներ չունի»:

Այս տարի ևս դեկտեմբերի 13-ին ազատամարտիկներն իրենց մարտական ընկերոջ հիշատակը կհարգեն Եռաբլուրում:

Խոսելով պատերազմի մասին` Մաթևոսյանն ասում է, որ  հրամանատարից շատ բան է կախված: Երբ հրամանատարը բանիմաց ու հնարամիտ է, կարող են անգամ 12 հոգով առանց կորստի գյուղ գրավել, ինչպես տեղի ունեցավ Մարտակերտի շրջանի 3-րդ սովխոզ գյուղի (տարածք Մարտակերտում,  այժմ չեզոք գոտում է գտնվում և բնակեցված չէ) դեպքում. մարտական գործողությունը ղեկավարում էր Հայկազ Բաղմանյանը:

Մաթևոսյանը հիշում է, որ հենց այդ գյուղում մի երիտասարդ ադրբեջանցու են գերեվարում: «Հարցրի, թե կռվող չես, ինչո՞ւ ես եկել»,- հիշում է Մաթևոսյանը: Ի պատասխան ադրբեջանցի երիտասարդն ասել է, որ համալսարանն ավարտել է, բայց դիպլոմը չեն տվել` պարտադրելով, որ ռազմաճակատ մեկնի:

մարտակերտՄաթևոսյանի կարծիքով` մարդուն ստիպողաբար հայրենասեր չես դարձնի: Հայ մարտիկների ոգին բարձր էր, և նրանք անհավասար մարտերում անգամ կարողանում  էին հաղթել, քանի որ կամավոր էին մեկնել հայրենիքը պաշտպանելու:

«Իմ 7 տարվա կռիվների ընթացքում ո՛չ կին եմ սպանել, ո՛չ երեխա , ո՛չ էլ անզեն տարիքով մարդ, իմ թշնամիները զենքով են դեմս դուրս եկել»,- ասում է Մաթևոսյանը` հավելելով, որ անգամ վիրավոր գերեվարված ադրբեջանցիներին են բուժել, կերակրել, մարդավայել  վերաբերմունք ցուցաբերել նրանց հանդեպ:

Ապարանցի վլեԵրբ զինադադարով  պատերազմն ավարտվում է, Վոլոդյա Մաթևոսյանի ծառայությունը չի ավարտվում. նա շարունակում է զինվորական ծառայությունը. այս անգամ Օմարի լեռնանցքն էր պաշտպանում հակառակորդից: Սակայն 1996-ին հերթական անգամ պայթում է ականի վրա` վիրավորվելով: Դրանից հետո այլևս ստիպված թողնում է զինվորական ծառայությունը` շարունակելով արդեն պայքարը քաղաքացիական հարթությունում: 1996-ի սեպտեմբերին, որպես քաղբանտարկյալ, ձերբակալվում է:

Ներկայումս  ազատամարտիկ Ապարանցի Վլեն դարձյալ դատական քաշքշուկների մեջ է, բայց այս անգամ` բնակարանային հարցով: Բնակարանը, որ ստացել է որպես ազատամարտիկ ու որտեղ ապրում է շուրջ 10 տարի, ցանկանում են նրանից խլել. հայտնվել է ինչ-որ մարդ, որը բնակարանը, չգիտես թե ինչպես, գնել է  երկու տարի առաջ:

Խոսելով ներկայի մասին` Մաթևոսյանը  մարդկանց, ովքեր Արցախի հարցով են զբաղվում կամ հետագայում կզբաղվեն, հիշեցնում է` արյունով ազատագրած  հողը  չենք թողնի տան ուրիշին: Իսկ երիտասարդներին կոչ է անում սիրել հայրենիքը և երբեք չլքել Հայաստանը. «Իմ թոռներին էլ սովորեցնում եմ, որ Հայաստանից էն կողմ պետություն չունենք:  Մի՛ խաբվեք, մի՛ հրապուրվեք արտասահմանով»:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

Պատահարներ հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարներԴեկտեմբերի 11-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.25-ին, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել Ջերմուկի խճուղու թիվ 7 շենքի բակ և վնասել բնակարանները:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Արթուրի գրպանից ատրճանակ է հայտնաբերվել, իսկ տնից ներարկիչներ և թմրանյութ

ԹմրամիջոցԴեկտեմբերի 10-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները 1967 թ. ծնված Արթուր Գ.-ի տան զննությամբ` հյուրասենյակի վառարանի մոտից, հայտնաբերել են ներարկիչներ, տարա` բենզինի հոտով սպիտակավուն լուծույթով, 7 դեղահաբ և յոդի տարա:
Արթուր Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը իր օգտագործման համար է:
Արդեն բաժնում նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է սպորտային ձայնաազդանշանային ատրճանակ:
Արթուր Գ.-ն հայտարարել է, որ ատրճանակը պատկանում է իրեն:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Չորս ավտոպատահար Երևանում`չորս վիրավոր

ավտոպատահարԴեկտեմբերի 10-ին, ժամը 03.30-ին, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան թաղամասի նոր խճուղում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 03.00-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 8/8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

Արսենը,Էդգարը և Արան փորձել են խողովակներ գողանալ

ձերբակալությունԴեկտեմբերի 10-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակի հետնամասում գտնվող շինհրապարակից գողություն կատարելու պահին աշխատակիցները բռնել են գողին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, ընկերության նախկին բանվոր` 1994 թ. ծնված Արսեն Մ.-ն, նախապես համաձայնության գալով 1982 թ. ծնված Էդգար Գ.-ի և 1969 թ. ծնված Արա Կ.-ի հետ, ընկերության շինհրապարակից փորձել են գաղտնի հափշտակել մետաղյա 10 խողովակ, սակայն բռնվել են ընկերության աշխատակցի կողմից, որից հետո Էդգար Գ.-ն և Արա Կ.-ն դիմել են փախուստի, իսկ Արսեն Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Գ.-ին և Արա Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

Դանակահարություն` վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

դանակով վնասվածք Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ստորին մասի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Աշոտ Դ.-ն, որը հայտարարել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքից դեպի պետտնկարան տանող ճանապարհահատվածում, ավտոմեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Աշոտ Դ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1994 թ. ծնված Աշոտ Ա.-ն, որը նույն օրը, ժամը 22.00-ին, կամավոր ներկայացել է բաժին, ներկայացրել հանցագործության գործիք դանակը և տվել ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

 

 Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 10, յուրացման կամ վատնման, խուլիգանության և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ինը թունավորված մեկ օրում

թունավորումԴեկտեմբերի 10-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Ռոզա Հ.-ն և 1930 թ. ծնված Հայկուշ Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Ռոզա Հ.-ն բացատրություն է տվել, որ թունավորվել են տան վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ» գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 21.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 1977 թ. ծնված Վարսենիկ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Վարսենիկ Հ.-ն հաղորդում է տվել, որ աշխատավայրում թունավորվել է շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակարաններից մեկից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1989 թ. ծնված Արթուր Ա.-ն, 1962 թ. ծնված Ամալիա Ա.-ն և 1988 թ. ծնված Սիաննա Մ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, տան վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 4-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 1952 թ. ծնված Լուսաբեր Գ.-ն, 1987 թ. ծնված Հայարփի Ա.-ն և 1990 թ. ծնված Անուշ Գ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նախորդ երեկոյան օգտագործած սնունդից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

 Անկախ

ՀՀ գլխավոր դատախազի արձագանքը “Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ”ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին

կարեն անդրեասյան   գևորգ կոստանյան Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ գլխավոր դատախազի նամակն ամբողջությամբ՝ ստորև.

Հայաստանի Հանրապետության
մարդու իրավունքների պաշտպան
պարոն Կ. Անդրեասյանին
     Հարգելի պարոն Անդրեասյան,
     ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա:
     ՀՀ գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:
    Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար:
    Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները, բարձրացված հարցերի կարևորությունը և նման փաստ ներկայացնող անձի իրավաչափ ակնկալիքը` չբացահայտելու իր ինքնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ այդ անձի նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցներ:
Հարգանքով՝                                                                                             Գ. Ս. Կոստանյան 

Անկախ

Հերմինե Նաղդալյանը՝ կառավարության «քոփի փեսթ» և մակերեսային գնահատականներ պարունակող օրինագծերի մասին

imagesԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր խորհրդարանում քննադատեց կառավարությանը՝ կապված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ, որի արդյունքում Արարատյան ջրավազանում բնապահպանական տեսանկյունից կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ:

Հերմինե Նաղդալյանը նախ հայտարարեց, որ չի պատրաստվում բնապահպանության նախարարին խորհուրդներ տալ, հատկապես որ նա վատ չի կատարում իր գործառույթները, սակայն հիշեցրեց, որ յուրաքանչյուր նախարար, որ մոտենում է այս ամբիոնին և ներկայացնում է որևէ նախագիծ, պետք է հիշի, որ միայն նեղ ոլորտի նախարար չէ, այլ կառավարության ներկայացուցիչ է, և պարտավոր է հաշվի առնել բոլոր հետևանքները:

Նաղդալյանը հիշեցրեց, որ իրավական ակտերի մասին օրենքով յուրաքանչյուր օրինագիծ կամ որոշում պետք է ունենա կարգավորման ազդեցության գնահատականներ: Սակայն, ըստ Նաղդալյանի, վերջերս կառավարությունը գործելաոճ է դարձրել Ազգային ժողով ուղարկել ֆորմալ բնույթի, մակերեսային և «քոփի փեսթ» արած ազդեցության գնահատականներ ու եզրակացություններ: «Ես կարծում եմ, որ երեկ ծավալված բանավեճը պայմանավորված է այս խնդիրներով,-ասաց Նաղդալյանը,- եթե ազդեցության գնահատականը լիներ սկզբունքային և բովանդակային, ապա նման բանավեճ չէր լինի»:

ԱԺ փոխնախագահը դեմ չէ ջրային ռեսուրսների պահպանությանը, բայց կարծում է, որ միանգամից տասն անգամ գին բարձրացնելն անհետևանք չի մնա: Նա առաջարկում է փոքր քայլերով, աստիճանական մոտեցումներով հարցը լուծել և գոնե վեց ամիս ժամանակ տալ տնտեսվարողներին, որպեսզի հարմարվեն նոր պայմաններին: «Տնտեսվարողին աջակցելու խնդիրներ էլ կան, մեր խնդիրը միայն ջրային ռեսուրսների պահպանումը չէ: Այս օրինագիծը միակողմանի է մոտենում խնդրին»,-հայտարարեց նա:

Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյան, որը Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների պահպանումը համարեց ոչ միայն բնապահպանական, այլև ազգային անվտանգության խնդիր: «Վաղուց ի վեր ապացուցված է, որ Արարատյան հարթավայրի ամբողջ տարածքով երկու շերտ մեծ լճեր կան՝ քառասուն-հիսուն մետր խորությանմբ և երեք հարյուր մետր խորությամբ: Ի՞նչ է նշանակում, որ մենք առանց հաշվարկելու օգտագործում ենք այդ լճերը: Օրերից մի օր, եթե հանկարծ ստորգետնյա ջրերի հոսքը պակասեց, բացառված չէ, որ Արարատյան դաշտավայրը նստի, ինչը բնական աղետի կբերի»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ օրենքի փոփոխությամբ ձկնաբուծական եւ խեցգետնաբուծական գործունեություն իրականացնողները ջրօգտագործման համար վճարի հաշվարկն իրականացնելու են Արարատի եւ Արմավիրի մարզերում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի ընդհանուր ծավալի 50 տոկոսի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 10 տոկոսի հիման վրա, ՀՀ մյուս տարածքներում` ստորերկրյա ջրերի արդյունահանված պաշարի, իսկ մակերեւութային ջրերի օգտագործված ընդհանուր ծավալի 5 տոկոսի հիման վրա: Նշվել էր, որ փոփոխությունների արդյունքում Արարատյան ջրավազանում բնապահպանական տեսանկյունից կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման ավելի կանոնակարգված եւ հավասարակշռված իրավիճակ:

Նախարարը նաև տեղեկացրել էր, որ կառավարությունը նախաձեռնում է փակել նախորդ 20 տարիների ընթացքում անօրինական բացված խորքային հորերը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել էր, որ տասն անգամ թանկացնելով բնապահպանական վճարը, կառավարությունը վատացնում է ձկնաբուծության ոլորտում աշխատող տնտեսվարողների վիճակը, ինչի հետևանով կարող է, օրինակ, ձկնամթերքը թանկանալ:

Սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բացատրել էր, որ կառավարության նպատակը ջրային պաշարների արդյունավետ օգտագործումն է և տնտեսվարողներին պարտադրելը, որ նրանք ժամանակակից մեթոդներ օգտագործեն:

Հիշեցնենք, որ Արարատյան դաշտավայրում կան բազմաթիվ ձկնաբուծարաններ, որոնք պատկանում են  գործարար պաշտոնյաներին, օրինակ, Արարատի մարզում գործող «Ալեքս Գրիգ», «Մխչյան ֆիշ», «էնի ֆիշ», «էկո ֆիշ» , «Յունի Ֆիշ» ձկնաբուծարանները պատկանում են ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նշենք, որ Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների նվազման հարցն արդեն քանի տարի է` բարձրացնում է Հանրային խորհուրդը, որն անցյալ տարի ՀՀ նախագահին ու կառավարություն էր ներկայացրել իր մտահոգություններն ու առաջարկությունների փաթեթ:

Անկախ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպանը

լատվիայի դեսպանը ՀՀ-ումՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահը շնորհավորել է դեսպան Գավելեին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս նա կանի ամեն հնարավորը իր մասնագիտական կարողություններն ու փորձը ի նպաստ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ամրապնդման ներդնելու համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է հայ-լատվիական համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Դեսպան Էլիտա Գավելեն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել 2015թ. առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանում ևս սերտորեն համագործակցել Հայաստանի հետ և անհրաժեշտության դեպքում աջակցել՝ ընդգծելով, որ այդ ժամանակաշրջանում Արևելյան գործընկերությունը Լատվիայի համար լինելու է առաջնահերթություններից մեկը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Հանրապետության Նախագահը և Լատվիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Անկախ