Շանթ Հարությունյանը վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ

շանթ հարությունյան«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ի դեպքերի գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանը երեկ «Նուբարաշեն» հոգեբուժական հիմնարկից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պահվում է գործով որպես մեղադրյալ ներգրավվելուց ի վեր: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Շ.Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, իր պաշտպանյալի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության անցկացումն ավարտվել է, սակայն դեռևս փորձաքննության եզրակացությունը չի կազմվել:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացրել էր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ՝ բավարարելով քննչական խմբի ղեկավար Ս.Տոնոյանի միջնորդությունը:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Դեկտեմբերի 10, «Զվարթնոց» օդանավակայան, Վարշավա-Երևան և Մոսկվա-Երևան չվերթերի ինքնաթիռների ժամանումից հետո

բերման է ենթարկվելԴեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ին, Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց»  օդանավակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Վահե Ա.-ն, որը 2005 թ. նոյեմբերի 17-ից հետախուզվում էր ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացվել 1978 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը սեպտեմբերի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Նրանց որոնում էին ՌԴ իրավապահները

ձերբակալությունՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 10-ին, ժամը 16.50-ին, ՀՀ ԱՆ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի հիվանդասենյակներից մեկից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Վլադիսլավ Ս.-ն, որը 2007 թ. փետրվարի 10-ից ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության Արևելա-Ուրալյան գծային բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.40-ին, ՃՈ Գյումրիի գրանցման-քննման բաժանմունքից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Արտյոմ Գ.-ն, որը 2010 թ. հունիսի 30-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով:

Ծեծի և խարդախության մեղադրանքներով հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն

ոստիկանություն3Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.10-ին, կամավոր ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Հակոբ Գ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, կամավոր ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Արամ Տ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կամավոր ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին է ներկայացել 1982 թ. ծնված Սերգեյ Գ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

 

Վճարիր հարկերը և հանգիստ ապրիր…

ոստիկանությունԴեկտեմբերի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Խ.-ին, որը հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:

Զորամասում գտել են օրապահ զինծառայողի դին

զինծառայողՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 10.12.2013թ., ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:

ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ փաստի առթիվ  ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Երևանում կկայանա ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը

ԱգնԴեկտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Սևծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությանում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները և ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը:

Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային:

Երևանի քաղաքապետարանը հետևողական է ստացված դիմումների և ընթացքի մեջ գտնվող հարցերի կարգավորման գործում

քաղաքացիների ընդունելությունՍահմանված ժամանակացույցով Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները, ինչը բնակիչների համար լավ հնարավորություն է բարձրաձայնելու իրենց հուզող հարցերն ու ներկայացնելու առաջարկները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելություններին մասնակցել է 68 քաղաքացի: Բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ կամ համապատասխան լուծումներ:

Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում տեղի ունեցող ընդունելություններին նույն ժամանակահատվածում մասնակցել է 398 քաղաքացի: Ներկայացված 286 հարցերը ստացել են լուծումներ, բարձրացված 48 հարց վարչական շրջանի և կամ քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով մերժվել է: Եվս 64 հարց գտնվում է ընթացքի մեջ: Երևանի քաղաքապետարանը շարունակում է հետևողական աշխատանք տանել՝ հսկողություն սահմանելով ստացված և ընթացքում գտնվող հարցերի կարգավորման ուղղությամբ: Այսպես, հոկտեմբերին կազմակերպված ընդունելությունների արդյունքում ընթացքի մեջ գտնվող 88 հարցից 44-ն արդեն իսկ դրական լուծում է ստացել, 19-ի մասով բացասական պատասխան է տրվել՝ կապված վարչական շրջանի և քաղաքապետարանի լիազորություններին հարցի բովանդակության անհամապատասխանության հետ, 25 հարց քննարկվում է:

 

 

 

 

Աննա Աղաջանյանը կփոխարինի Արա Հակոբյանին Ինդոնեզիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանի պաշտոնում

ստորագրել2ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրով   Ա. Հակոբյանն  ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Հրամանագրում ասված է. « Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»:

Ինչպես Անկախին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի  հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահի մեկ այլ հրամանագրով  Ա. Աղաջանյանը նշանակվել է  Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Հրամանագրում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա)»:

Հայաստանում չկա գիտությունն ու տնտեսությունը կապող օղակ

Եթե հայաստանյան գիտնականն իր հետազոտությունների  արդյունքում որևէ բացահայտում անի, որը կարող է կիրառական նշանակություն ունենալ տնտեսության մեջ, ապա բարդ խնդրի առջև կկանգնի. կա՛մ  պետք է բավարար գործարար հմտություններ ունենա, որպեսզի  ապահովի իր գաղափարի առևտրայնացումը և մուտքը տնտեսություն,  կա՛մ էլ պետք է սպասի, որ նույն հայտնագործությունը իրենից հետո օտարերկրյա որևէ այլ գիտնական անի և վայելի դափնիները: Հայաստանում չկա այն օղակը, որն ապահովում է գիտություն-տնտեսություն կապը:

«Գիտնականը չի կարող ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել»

վարդան գևորգյան«Տնտեսական զարգացման ցուցանիշներն այլևս նավթն ու բենզինը չեն: Երկրները գերտնտեսական աճ են ունենում միայն նորարարական տեխնոլոգիաների և դրանց հիման վրա ստեղծված ընկերությունների շնորհիվ:  Բայց դա Հայաստանի համար չի ասված, քանի որ մեզ մոտ  այս պահին այդ բեռը թողնված է գիտական հաստատությունների և գիտնականների վրա,- ասում է PSI ընկերության ծրագրերի ղեկավար Վարդան Գևորգյանը:- Գիտնականը չի կարող   ինքնուրույն ապրանք ստեղծել և շուկա մտցնել, գիտնականը պետք է գիտությամբ զբաղվի,  իսկ  գիտանորարարական համակարգը  պիտի ապահովի  գիտության արդյունքի կիրառական դառնալը և շուկա մուտք գործելը»:

PSI (precision sensors and instruments) ընկերությունը հիմնադրվել է 2008-ին:  Մի խումբ հայ գիտնականներ, որոնք  ունեին կիրառական նշանակություն ունեցող գաղափար, որոշել են ինքնուրույն իրենց  մտքի արտադրանքը շուկա հանել: 2008-2009 թթ. ընկերությունը մասնակցել է «Global security challenge»  համաշխարհային մրցույթին, որ կազմակերպում է Լոնդոնի բիզնես դպրոցը, դրան մոտ 1200 ընկերություններ են մասնակցում ողջ աշխարհից: PSI-ը երկու տարի հայտնվել է լավագույն վեցնյակի  մեջ, որից հետո սկսել է համագործակցել սինգապուրյան մի ընկերության հետ: Ընկերության ստեղծած տեխնոլոգիայի վրա  սենսորներ են ստեղծվում, որոնցով այժմ հետաքրքրվում են նաև ամերիկյան ընկերությունները: Սենսորները կարող են կիրառվել բժշկության, սեյսմիկ պաշտպանության, ռազմական անվտանգության ոլորտում:

Սենսորները 200 մետրից զգում են մարդու քայլքը և ահազանգում, մինչդեռ միջազգային  շուկայում առկա նմանատիպ սենսորները առավելագույնը 30 մետրից են շարժը զգում:

Գևորգյանն ասում է, որ այսօր մոդայիկ թեմա է խոսել գիտելիքահենք տնտեսության մասին,  բայց փաստն այն է, որ Հայաստանում այսօր գիտությունն ամենացածր ֆինանսավորվող ոլորտներից է. «Խելոք մարդիկ Հայաստանից գնում են և գնացել են զուտ ֆինանսական պատճառով: Եթե ոլորտը գերակա ես հայտարարում, բայց այն ամենաթերֆինանսավորվող ոլորտն  է, ո՞նց կարող ես գիտելիքահենք տնտեսություն կառուցել: Մանավանդ որ, միայն գիտությունը ֆինանսավորելով, հարցը չի լուծվում, պետք է նաև ստեղծել ազգային նորարարական համակարգ»:

Գևորգյանի կարծիքով` միայն ֆինանսավորման ավելացմամբ ո՛չ  գիտելիքահենք տնտեսություն կստեղծվի,  ո՛չ էլ գիտություն-տնտեսություն կապ: Հարկավոր է համակարգված մոտեցում. գիտանորարարական համակարգի ստեղծում, գիտության մենեջերների պատրաստում, գիտական հետազոտությունների ուղղորդում` տնտեսության պահանջները գիտության ոլորտ բերելով,  մտավոր սեփականության հարցի կարգավորում ևն:

Իսկ առայժմ ոչ միայն դա չկա, այլև գործող օրենսդրական դաշտը խանգարում է անհատներին ինքնուրույն այդ ամենն  անել. «Օրինակ, եթե մենք հիմա կարիք ունենք  որևէ սարք  ինչ-որ  ցուցահանդես տանելու` հասարակ մի սենսոր, մի ամիս ձևական թղթաբանությամբ ենք զբաղվում, երեք կառույցից թույլտվություն ենք ստանում, որ այդ սարքը կարելի է  արտահանել, հսկայական գումար ենք ծախսում, որպեսզի սարքն  ընդամենը մի շաբաթով ցուցահանդես տանենք  հետո նորից հետ բերենք: Աբսուրդ է, այս ողջ ոլորտը պետք է կարգավորվի»:

PSI-ն առայժմ այլ գաղափարների առևտրայնացմանբ չի զբաղվում, քանի որ ռեսուրսները սահմանափակ են, իսկ գործը` աշխատատար ու դժվար: Սակայն առաջիկայում մտադիր են համագործակցել հայաստանյան բուհերի գիտական կենտրոնների հետ նրանց մոտ առկա գիտական նորարարությունները շուկա մտցնելու ուղղությամբ:

«Անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում»

գիտություն-տնտեսությունԱնդրադառնալով պետական մակարդակով անհրաժեշտ քայլերին այս ոլորտում, Գևորգյանն ասում է. «Այս պահին առաջին անհրաժեշտ, բայց  ոչ բավարար պայմաններից է գիտությունը չվերացնել Հայաստանում, գոնե դրանից պետք է սկսել, որովհետև հետո գուցե փորձես գիտելիքահենք տնտեսություն ստեղծել, բայց պարզվի, որ գիտելիք այլևս չկա»:

Նրա խոսքով` Հայաստանում գոնե մեկ technology transfer (տեխնոլոգիաների փոխակերպման)  գրասենյակ է հարկավոր, որը զբաղվի ողջ երկրի գիտական նորարարությունների առևտրայնացմամբ:

Այս հարցում համակարծիք է նաև «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ի  գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խաչունցը:

Նա ասում է, ոչ Խորհրդային Միությունում առաջնահերթ և ավելի ճանաչման արժանացող աշխատանքները հիմնարար գիտությանն էին վերաբերում:

Խորհրդային տարիներից  շարունակվող իներցիայով, գիտնականների միջավայրում հիմնարար  հետազոտությունների արդյունքներն ավելի բարձր են դասվում: Միաժամանակ մոտեցում կա, որ ավելի ճիշտ է տպագրվել  բարձր հղման ինդեքս ունեցող արտասահմանյան մամուլում, որը կապահովի հետագայում միջազգային դրամաշնորհներում ներառվելը`  անկախ շուկայականացման պոտենցիալից: Այսինքն, ըստ Խաչունցի,  շուկայի մեծ պոտենցիալը լրջորեն չի գնահատվում և չի դիտարկվում:

«Կարևոր խնդիր  է, որ անկախության  հռչակումից  հետո արդեն 20 տարուց ավելի ժամանակ է անցել, բայց բուհերում որևէ վերակառուցում չեղավ, որպեսզի ուսանողության, երիտասարդների և, ինչու ոչ, նաև դասախոսների համար գիտության առևտրայնացման ուղիների մասին ուսուցում կազմակերպվի և նման բաժիններ ու ենթաբաժիններ բացվեն բուհերի ստորաբաժանումներում, որտեղ ճշգրիտ գիտությամբ են զբաղվում»,- ասում է Խաչունցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Հայաստանում  չկա այն ենթակառուցվածքը, որը գաղափարների, արդյունքի շուկայականացման առումով նեցուկ կկանգնի գիտնականներին, նրանք  էլ   հիմնականում տեղյակ չեն, թե ինչ գործընթաց է գիտության առևտրայնացումը և ինչ չափանիշների պետք է բավարարի գաղափարը շուկա մուտք գործելու պոտենցիալ ունենալու համար, «Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամ» ՀԿ-ն 2005-2006-ին ծրագիր իրականացրեց  գիտության արդյունքների շուկայականացման վերաբերյալ:

Առաջին փուլում 50 հայտ ստացան և բոլորին ընդհանուր գիտելիքներ մատուցեցին շուկայականացման գործըթնացի մասին, հետո թիմերին առաջարկվեց ներկայացնել  իրենց գաղափարի շուկայական պոտենցիալը, ինչի արդյունքում մնացին 15 թիմ և 16 հայտ: Այս թիմերին արդեն գործնական հմտություններ մատուցվեցին,  ու երկլեզու բուկլետ տպագրվեց, որում ներկայացվում էր ծրագիրը, ինչպես նաև բիզնես ֆորում կազմակերպվեց: Հենց այս սեմինարի հիմքի վրա հետագայում ստեղծվեց PSI-ը:

ՀԿ-ն, սակայն, հետագայում նման ծրագրեր այլևս չի իրականացրել համապատասխան ֆինանսական միջոցների բացակայության պատճառով. դոնորների համար նման ներդրումները ռիսկային են:

Խաչունցն ասում է, որ հարկավոր է երկու-երեք հաջողված փորձ, որպեսզի «համը գիտնականների բերանն ընկնի»: Այժմ  գիտեն միայն   բաց ամսագրերում տպագրվելը, գրանտներով ֆինանսավորվելը, իրենք տեսադաշտը նեղացրած  միայն այդ ուղիով են գերադասում շարժվել, եթե գիտության արդյունքի շուկայականացման  մի քանի ակնհայտ հաջող տարբերակ լինի,  դա կտանի նրան, որ  գիտնականների մի մասը գոնե հարցին այլ կերպ կսկսի նայել»:

Բայց անգամ այս պարագայում, առանց պետական համակարգված գործունեության, գործն առաջ չի գնա. «Եթե ներդրման համար նպաստավոր պայմաններ չստեղծվեն, ներդրողն անգամ   արժանի գիտական արտադրանքի դեպքում կառաջարկի ներդրման համար երրորդ երկիր ընտրել: Դրանք պետք է փոխշահավետ լինեն թե՛ հեղինակի, թե՛ ներդրողի համար, և պետք է լինի մի կառուց, որը կաջակցի գործընթացին»:

Խաչունցը կարևորում է նաև, որ բուհերում  գիտության առևտրայնացման վերաբերյալ դասաժամ ներառվի, ընդ որում` ոչ միայն ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետներում, այլ նաև տնտեսագիտության և իրավաբանության, քանի որ շուկայականացման գործընթացում ծագում են թե՛ իրավական, թե՛ տնտեսագիտական հարցեր:

Գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն ստեղծելու հարցը քննարկվում է արդեն 2 տարի` դեռևս  ապարդյուն

գպկԳիտություն-տնտեսություն կապի ստեղծմանը և կիրառական արդյունքի ձեռքբերմանը միտված  թեմաների մշակման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում Գիտության պետական կոմիտեն: «Գիտություն-տնտեսություն կապի մակարդակը մեզ մոտ բավականին թույլ է, մեր գործունեության նպատակն էլ այն է, որ  ստեղծվի կրթություն-գիտություն-տնտեսություն համապարփակ կապը,  դրա  զարգացման համար տարբեր միջոցառումներ են  իրականացվում»,- ասում է ԳՊԿ  գիտական քաղաքականության վարչության պետ  Վարդան Սահակյանը:

Նրա խոսքով` հիմնարար գիտության կարևորությունն այն է նաև, որ ստեղծում է անհրաժեշտ պայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող են զարգանալ ինովացիոն կամ կիրառական արդյունքների ձեռքբերմանը միտված ծրագրերը:

«Մեզ մոտ կան կիրառական միտվածություն ունեցող  լավ հետազոտություններ ֆիզիկայի, կենսաբանության ոլորտում: Մեզ մոտ խնդիրն այդ արդյունքները տնտեսության մեջ ներդնելն է»,- ասում է Սահակյանը:

Նրա խոսքով` ընդհանրապես   հնարավոր չէ  բաժանարար գիծ անցկացնել, թե այս գիտական հետազոտությունը  խիստ կիրառական է կամ  խիստ հիմնարար: Խնդիր է նաև, որ գիտական արտադրանքը պետք է պահանջված լինի տնտեսության մեջ, այն իր կարիքները, պահանջարկը պետք է ներկայացնի գիտությանը,  որն  էլ առաջարկը ներկայացնի. «Լինելով  զարգացող երկիր այստեղ երկակի խնդիր ունենք լուծելու»:

Դրա համար, ըստ Սահակյանի, հարկավոր է մասնավոր ներդրումներ ներգրավել գիտության ֆինանսավորման մեջ, այլապես, չհաշված միջազգային դրամաշնորհները, գիտության ֆինանսավորումը Հայաստանում ամբողջությամբ իրականացվում է պետբյուջեից:

Այս նպատակով ԳՊԿ-ն արդեն երկրորդ անգամ   գիտական կիրառական արդյունքների ձեռքբերման մրցույթ է իրականացնում մասնավոր հատվածի համաֆինանսավորմամբ: Առաջին ծրագիրն իրականացրել են 2011-ին, երբ 17 ծրագիր ֆինանսավորվեց, յուրաքանչյուրում մասնավոր  հատվածի ներդրումը կազմում էր առնվազն 15 տոկոս:  Երկրորդ` այս տարի հայտարարված մրցույթի արդյունքներով 12 ծրագիր է երաշխավորվել ֆինանսավորման, այս անգամ  մասնավոր հատվածի ներդրման ծավալը յուրաքանչյուր ծրագրում  ընդհանուր արժեքի 25 տոկոսն է կազմել: Ընդ որում, մասնավոր ներդրումը պետք է կատարվի ծրագրի սկզբում, քանի որ եթե մասնավոր հատվածը ներդրում է կատարում, շահագրգռված կլինի դրա իրականացման հարցում:

Սահակյանն ասում է, որ գիտություն-տնտեսություն կապի իրականացումը մեկ օրվա գործ չէ, այն հնարավոր է ստեղծել  միայն երկարատև ու հասցեական գործունեության շնորհիվ:

2011-ի դեկտեմբերին ԳՊԿ նախագահի առաջարկով վարչապետին կից գիտատեխնիկական խորհրդի նիստի օրակարգ է ընդգրկվել գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոն-հիմնադրամ ստեղծելու հարցը: Այն դեռևս քննարկման փուլում է: Իսկ մինչ  նման հիմնադրամ կստեղծվի, գիտնականը ստիպված կլինի նախ ինքնուրույն Հայաստանում ամրագրել իր հեղինակային իրավունքը (հայաստանյան արտոնագիրը միջազգային ճանաչում չունի), ապա միջազգային արտոնագիր ստանալ, որից հետո էլ գտնել դրանով հետաքրքրված ընկերություն, որը կպահի արտոնագիրն ու ներդրումներ կանի գիտության արտադրանքը տնտեսությունում ներդնելու համար:

Նշենք, որ Հայաստանում տարեկան միջինը 160-170 տեղական արտոնագիր է գրանցվում, սակայն միջազգային արտոնագրերի առումով թվաքանակը շատ փոքր է:

Հայկուհի ԲԱՐՍԵՂՅԱՆ

Անկախ

 

 

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ավտոճանապարհներ, ձյունՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ

դեկտեմբերի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:Արտաշավանի, Ալավերդու, Իջևանի, Դիլիջանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 19:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

ՄԵՆՈՒԱ

մենուա«Կորովի, հաղթող, ընդարձակ ձեռնարկությունների, մեծագործությունների մարդ էր նա և աշխարհակալ թագավոր»

Լեո 

Վանի Արարատյան թագավորությունը, որ պայքարում էր Արևելքում գերիշխանության հասնելու համար, իր վերելքը սկսեց Մենուա արքայի գահակալման տարիներին:

Մենուան թագավորել է մ.թ.ա.  810-786 թթ., սակայն մինչ այդ նա հոր` Իշպուինի արքայի (մ.թ.ա. 825-810) գահակիցն էր:

Իշպուինին հորից` Սարդուրի Ա (մ.թ.ա.  835-825) արքայից ժառանգել էր հզորության ուղին բռնող փոքրիկ թագավորություն: Նա գործուն քայլեր ձեռնարկեց Հայաստանի միավորման համար: Եվ ահա նրա թագավորության օրոք հայոց արքան ու գահաժառանգ Մենուան մի քանի նշանակալից ռազմերթ են իրականացնում` մեծացնելով իրենց թագավորության սահմանները: Մասնավորապես` Վանի Արարատյան թագավորության զորքերն արշավանքներ են ձեռնարկում երկրի հարավարևելյան ուղղությամբ և այդ երկրները միավորում հայոց թագավորությանը: Վանի թագավորությունը սահմանակից է դառնում Մանա և Բարրշուա երկրներին, միաժամանակ ահեղ Ասորեստանին` արևելյան կողմից: Դա արդեն լուրջ մարտահրավեր էր Ասորեստանի թագավորությանը, քանզի այդ քայլով հայոց պետությունն իր վերահսկողությունն էր սահմանում արևելք ձգվող առևտրական մայրուղիների վրա:

Սակայն Իշպուինիի թագավորության ժամանակաշրջանում Ասորեստանը, որ տարված էր ներքին երկպառակությունների խնդիրներով, այդպես էլ չկարողացավ հակադարձել հայոց առաջխաղացմանը:

Երբ հոր մահից հետո հայոց գահին միանձնյա տիրում է Մենուա թագավորը, նա շատ ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում:

Սակայն մինչ արտաքին նվաճումների գնալը, ապահովելով իր երկիրը ներսից, Մենուան բազում ամրոցներ ու բերդեր կառուցեց Հայաստանի տարբեր շրջաններում: Հայտնի են նրա կառուցած ամրությունները թե՛ Վանա լճի շրջանում, թե՛ Կարինի դաշտում, թե՛ Արածանի և Արաքս գետերի ավազաններում: Բացի Մենուախինիլիից, հայոց հզոր այս արքան ներկայիս Երևանի տարածքում հիմնադրեց Արին բերդը, որ իր ժամանակաշրջանի հզոր ու անառիկ բերդ-ամրոցներից էր:

Այս ամրությունները նա բնակավայրերով շրջապատեց` փաստորեն դրանք դարձնելով բերդաքաղաքներ, ինչպես նաև նրանց մեջ հոգևոր կենտրոններ` հայոց աստվածների տաճարներ կանգնեցրեց: Դրանք զարդարեց որմնանկարներով` աստվածների պատկերներով, ռազմի տեսարաններով…

Մենուան նաև կրոնական բարեփոխումներ իրականացրեց երկրում, ինչի շնորհիվ վերջնականապես ձևավորվեց հայոց աստվածների դիցարանը: Մենուա թագավորը կարգավորեց հայոց տոնացույցը. Համաձայն պահպանված արձանագրությունների`  նա հայոց երկրում տոնակատարություններ, խաղեր ու մրցումներ էր կազմակերպում, ինչը, իրավամբ, Նավասարդյան խաղերի մասին մեզ հասած հնագույն վկայությունն է:

Այս ամենից հետո նա անցավ Հայկական լեռնաշխարհի միավորմանը:

Արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս և հասավ Կարսի շրջան ու Ճորոխ գետի ավազան: Ապա շարժվելով դեպի հյուսիս-արևելք` հասավ Արարատի հյուսիսային փեշերը` շրջանը միավորելով իր թագավորությանն ու այնտեղ` Արաքսի աջ ափին, հիմնադրելով Մենուախինիլի քաղաքը: Ճիշտ է, Վան-Տուշպայի կառուցողը Սարդուրի Ա հայոց արքան էր` Մենուա Ա-ի պապը, սակայն Մենուան քաղաքում բազմաթիվ գեղեցիկ շինություններ հիմնեց` կառուցապատելով քաղաքը: Հնագիտական պեղումները փաստում են, որ հենց Մենուա արքայի օրոք Վանը շենացավ, ծաղկեց ու վերջնականապես ձևավորվեց որպես քաղաք: Նա ավարտին հասցրեց Տուշպայի պաշտպանական համակարգը:

Սակայն Մենուայի քաղաքաշինական ձեռնարկներից կարևորագույնը, ինչ խոսք, Մանազկերտի կառուցումն էր: Այն Վանա լճի հյուսիսում հզոր ու ամուր քաղաք էր և մինչև միջնադար` շուրջ երկու հազարամյակ, կարևոր դեր ունեցավ հայոց պատմության մեջ: Ճիշտ է, հայոց ավանդույթը պատմում է, որ Մանազկերտ քաղաքը հիմնել է Հայկ նահապետի ժառանգներից Մանավազը մ.թ.ա.  2020 թ., սակայն Մենուան այնտեղ այնպիսի մեծ ձեռնարկումներ կատարեց, որ, իրավամբ, նրան կարելի է համարել Մանազկերտի շինարարության համահեղինակ, ինչը վկայում են բազում շինարարական արձանագրություններ, որ հայտնաբերվել են Մանազկերտում:

Ապա Մենուա արքան անցավ նվաճումների և  ազատագրեց Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի երկրները և ամրապնդեց Վանի թագավորության դիրքերը հյուսիսում:

Հաստատվելով հյուսիսում` Մենուա արքան իր սուրն ուղղեց դեպի արևմուտք և արշավանքներ ձեռնարկելով` ազատագրեց ու իր տերությանը միավորեց Ծուփանիու (Ծոփք), Ալզիի (Աղձնիք), Մելետայի (Մալաթիա) երկրները:

Ամրապնդելով իր տերության սահմանները հյուսիսում, արևելքում և արևմուտքում` նա արշավանքներ ձեռնարկեց նաև դեպի հարավ` Արարատյան թագավորության սահմանները հասցնելով Ասորեստանի սահմաններին, քանզի հայոց արքան արագ ռազմերթով նվաճեց Ասորեստանին սահմանակից բոլոր երկրները: Եթե մինչ Մենուայի թագավորությունը հայ-ասորական պատերազմների ժամանակ Հայաստանը միշտ պաշտպանական պատերազմ էր մղում, Մենուայից սկսած` հայոց բանակը նախահարձակ է լինում և Մենուայի տիրապետության տակ միավորում շատ հայկական երկրամասեր: Ավարտելով իր արշավանքը հարավում` Մենուան զորքով անցավ Եփրատն ու իրեն ենթարկեց Մելետինեի խեթական թագավորությունը` պատմության ասպարեզից վերացնելով այն:

Մենուա արքան մեծ բարեփոխիչ էր: Նա ողջ երկիրը ծաղկացրեց: Վանի թագավորության ողջ տարածքով ոռոգման կայուն ցանց ստեղծեց` զարկ տալով գյուղատնտեսությանը:

Նրա կառուցած 72 կմ երկարությամբ ջրանցքը (Շամիրամի առու) մինչ այժմ աշխարհում գործող ամենաերկար ու ամենահին ջրանցքն է, որ ջուր է մատակարարում Վանին Մժնկերտի ժայռի աղբյուրից` Խոշաբ գետից: Ջրանցքի կառուցման հետ կապված` մեզ է հասել Մենուա արքայի թողած 14 արձանագրություն, որոնցում հայոց թագավորը հայոց աստվածների զորությամբ սպառնում է այն անձանց, որոնք կփչացնեն արձանագրությունները և իրենց կվերագրեն այս հրաշալի կառույցի շինարարությունը: Բայց պատմությունը անողոք և անարդար է: Հազարամյակներ ի վեր ժողովուրդն այս ջրանցքը կոչեց Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով…

Նա ջրանցքներ անցկացրեց նաև իր թագավորության մյուս շրջաններում,

այգիներով պատեց ողջ հայոց աշխարհը:

Արտամետ գյուղի մոտակայքում նա մեծ ու գեղեցիկ այգի հիմնեց, որ կոչեց իր դստեր անունով` Թարիրիախինելե, քանզի Թարիրիա էր թե՛ հայոց թագուհու, թե՛ հայոց արքայադստեր անունը: Սա վանեցիների ամենասիրած վայրերից էր, ուր մինչև հայոց ցեղասպանությունը շատերն էին ուխտի գնում:

Մենուա արքան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես հզոր տիրակալ, բարենորոգիչ ու հմուտ զորավար: Վանում հայտնաբերված մի արձանագրություն փաստում է, որ թագավորն իր Արծիբի (Արծիվ) անվամբ ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11.4 մետր: Սա մինչ օրս չգերազանցված ռեկորդ է համաշխարհային պատմության մեջ:

Վահե Անթանեսյան

 

 

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Էլիտա Գավելե, հավատարմագրեր,Էդվարդ ՆալբանդյանԴեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էլիտա Գավելեին  (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և զարգացող համագործակցության առնչությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Լատվիայի նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա հայ-լատվիական տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաև արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Գավելեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, ընդգծեց, որ Լատվիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը և հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ փոխգործակցության օրակարգային հարցերի՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի խորացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստան- Եվրոպական միություն հարաբերություններին, քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ:

Անկախ

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

մարդու իրավունք«Մենք աշխատում ենք զոհերի հետ, բայց չունենք զենք, որը պետք է այդ օրենքը լինի»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ ասաց «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու  Հասմիկ Գևորգյանը:

Այս տարի կոալիցիան Գենդերային բռնության դեմ 16-օրյակի գրեթե բոլոր միջոցառումների հիմքում ևս դրել էր Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման կարևորությունը:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Անուշ Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ իրավաբանների խումբն օրենքի նախագիծը համապատասխանեցնում է Սահմանադրությանը և մյուս օրենքներին: Մինչ այդ Արդարադատության նախարարությունն առկախել է օրենքի ընդունումը՝ Սահմանադրությանը հակասող համարելով նախագծի այն դրույթը, որը հնարավորություն է տալիս բռնարար ամուսնուն հեռացնել տնից, մինչ իրավապահները որոշեն խնդրի լուծումը:

Նախարարությունը համարում է, որ այդպիսով խախտվում է սեփականատիրոջ իրավունքը: «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, կոալիցիայի անդամ Սուսաննա Վարդանյանը համամիտ չէ.

«Մենք նրան դիտարկում ենք որպես բռնարար, ոչ թե սեփականատեր: Ընդ որում, մենք առաջարկում էինք նրան հեռացնել ժամանակավոր»:

Կոալիցիայի անդամները կարևորում են Ընտանեկան բռնության մասին օրենքը, քանի որ այն նախատեսում է նաև մարզերում պետության կողմից գոնե մեկական ապաստարանի հիմնում: Այժմ նման միայն մեկ ապաստարան է գործում, որը շատ ծանրաբեռնված է:

Հասմիկ Գևորգյանը նշում է, որ եթե օրենքն արդեն գործեր, ապա, օրինակ, բախտագուշակ Վարսիկի հարսին՝ Հասմիկ Խաչատրյանին, հնարավոր կլիներ տեղափոխել ապաստարան, երեխայի դպրոցը փոխել:

Գևորգյանը պատմեց, որ միայն կոալիցիայի բողոքներից հետո Հասմիկի ամուսնուն՝ Սարգիսին, առաջադրված «ծեծի» մեղադրանքը վերաորակվեց «խոշտանգման»: Իսկ մինչ այդ ոստիկանությունն առհասարակ հրաժարվում էր քրեաիրավական գնահատական տալ բռնությանը՝ այն համարելով ընտանեկան վեճ ամուսինների միջև:

«Գործն ուղարկվել է դատարան, բայց ամուսինը դեռ ազատության մեջ է: Գյուղերում բարեկամախնամիական կապը և Վարսիկի հեղինակությունն այնքան էր մեծ, որ նոյեմբերի 28-ին Սարգիսը երեխային առևանգեց, Գավառ տարավ և բժիկը, առանց որևէ հիմքի, երեխային պառկեցրեց հիվանդանոց»,- ասաց Հասմիկ Գևորգյանը:

Հասմիկ Խաչատրյանը հավելեց, որ Սարգիսի լծակները և փողը թույլ են տալիս, որ ազդի գործի վրա: «Ես արդեն կյանքս էի վտանգել ու ոչ մի ելք չունեի: Խորհուրդ կտամ բոլոր կանանց, որ իրենց իրավունքները պաշտպանեն: Հուսով եմ, որ կհասնեմ այն բանին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պիտի պատասխան տա»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:

Սուսաննա Վարդանյանը նշում է, որ տարիների ընթացքում կտրուկ աճում է «Կանանց իրավունքների կենտրոն» դիմող, ընտանեկան բռնության ենթարկված կանանց թիվը: Վարդանյանը դա բացատրում է ոչ թե ընտանեկան բռնության դեպքերի աճով, այլ նրանով, որ կանայք ավելի իրազեկ են դառնում և իրենց պաշտպանելու համար դիմում են համապատասխան ՀԿ-ներին:

Վարդանյանը բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ արեց աջակցել Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը: Միաժամանակ կոալիցիան շարունակելու է պաշտոնյաներին իրազեկել օրենքի ընդունման կարևորության մասին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Հավատն է պակասում մարդկանց աչքերում. Լուսանկարչուհի

մարդու իրավունքներ, ցուցահանդես“Մարդու իրավունքները խախտված են ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում: Ես ընտրել էի երկու նկար, որոնցում պատկերված էին Երեւանի “Քանաքեռ”ուռուցքաբանական կենտրոնում բուժվող երկու մանուկներ”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում մարդու իրավունքների թեմայով լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսի մասին նշեց հաղթող մասնակից, լուսանկարչուհի Անահիտ Հարությունյանը:

մարդու իրավունքԱյս տարի աշխարհը նշում է Մարդու իրավունքների Վիեննայի հռչակագրի եւ գործողությունների ծրագրի քսանամյակը, որն ընդունվեց 1993թ., ինչպես նաեւ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնի ստեղծման քսանամյակը, որն այս քսան տարիների ընթացքում հնարավորություն է ընձեռնել անկախ եւ հեղինակավոր մի ձայնի՝ խոսել մարդու իրավունքների մասին ամբողջ աշխարհում:

մարդու իրավունքԼուսանկարչուհու համոզմամբ հավատն է պակասում մարդկանց աչքերում, հավատը հրաշքին, պետք է օգնել քեզ եւ աշխարհին կրկին հավատալու եւ ոչ մի վարկյան չկասկածելու:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ասել է.

“Եկեք ակտիվացնենք մեր ջանքերը, որպեսզի կյանքի կոչենք մեր վրա դրված հավաքական պատասխանատվությունը՝ խթանելու եւ պաշտպանելու բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը”:

մարդու իրավունք“Բարձրացրու ձայնդ՝ պաշտպանելու քո իրավունքները”. Սա է այս տարվա հայաստանյան քարոզարշավի նշանաբանը: ՄԱԿ-ը լուսանկարների մրցույթի հաղթողներին հանձնեց մրցանակներ: Մրցույթի նպատակն էր խրախուսել երիտասարդներին կիսվել մարդու իրավունքների, ներառականության եւ հանրային կյանքին մասնակցության խթանման իրենց փարձառություններով:

DSC05454Լուսանկարչուհի Հասմիկ Տոնապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր 5 նկարները նկարել է Գյումրի քաղաքում, ինչպես նաեւ Շիրակի մարզի տարբեր գյուղերում: Պատկերել է անօթեւանության խնդիրը Գյումրի քաղաքում նաեւ ոչ արժանապատիվ կյանքի դրվագները:

Պարգեւատրման արարողությանը հետեւեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճը: Ավելի քան 60 երիտասարդներ հնարավորություն ունեցան ազատորեն քննարկել իրենց տեսակետները մարդու իրավունքների վերաբերյալ եւ այն հարցի շուրջ, թե ինչպես նրանք կարող են թվային դարաշրջանում ավելի ակտիվ դեր ունենալ իրենց իրավունքների պաշտպանության ու խթանման, ինչպես նաեւ իրենց հասակակիցների կրթման հարցում:

Մարդու իրավունքների քարոզարշավը կշարունակվի Հայաստանի մարզերում բանավեճերի շարքով, որը կվարեն միջազգային կազմակերպությունները՝ խթանելով մարդու իրավունքների խաղաղության եւ հանդուրժողականության համաշխարհային արժեքները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինին

 

4992Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին, այդ մասին Անկախին հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայույունից:

Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նրա այցը հայ-ամերիկյան հարաբերությունների համակողմանի և բազմաբնույթ երկխոսության շարունակականության տեսանկյունից:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը: Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել զարգացնել այդ հարաբերություններն ու երկու երկրների միջև ընդլայնել փոխգործակցությունը, որտեղ, կողմերի համոզմամբ, զգալի ներուժ կա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:
Անկախ

Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարություն՝ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով

ՀԽ նիստԱյսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նիստի ընթացքում ամփոփվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումը:

Քննարկելով Հանրային խորհրդի համապատասխան աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթուղթը, Հանրային խորհրդին ուղղված բազմաթիվ բանավոր ու գրավոր դիմումները և դրանցում առկա դժգոհությունները, մտահոգություններն ու առաջարկությունները՝ Հանրային խորհուրդը վերահաստատել է իր մոտեցումներն օրենքում առկա մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ:

Խիստ մտահոգություն հայտնելով օրենքի կիրառման հետևանքով Հայաստանում ստեղծվելիք սոցիալ-տնտեսական իրավիճակի և բարոյահոգեբանական մթնոլորտի առումով, միաժամանակ բարձր գնահատելով այն դրական միտումները, որ ընկած են քննարկվող օրենքի հիմքում, ինչպես նաև ՀՀ Նախագահի որդեգրած սկզբունքը, ըստ որի ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի՝ հաշվի առնելով քաղաքացիական հասարակության կարծիքը՝ Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀՀ Նախագահին և ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ մինչ այդ համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի ևս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները:

 Անկախ

Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում ջերմաստիճանային ռեժիմը խստորեն վերահսկվում է

դպրոցԵղանակի ջերմաստիճանի նվազելուն զուգահեռ՝ խստացվել է ջերմաստիճանի սահմանված նորմի հսկողությունը Երևանի քաղաքապետարանի ենթակայության  դպրոցներում ու մանկապարտեզներում։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից  Անկախին տեղեկացնում են, որ կրթական այդ հաստատությունները շարունակում են բնականոն գործունեությունը՝ բավարար ջեռուցման պայմաններում:

Բացի այն, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը կրթական հաստատություններից ստանում է ամենօրյա տեղեկատվություն ջերմային ռեժիմի և ջեռուցման համակարգի վիճակի մասին, վարչության աշխատակիցները, դպրոցներում և մանկապարտեզներում  համապատասխան ջերմային ռեժիմի ապահովումը հսկողության տակ պահելու նպատակով, օրվա տարբեր ժամերի այցեր են կատարում. արդյունքները զեկուցվում են Երևանի քաղաքապետին։

Խնդիր առաջանալու դեպքում այն վերացնելու նպատակով՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ: