Գյումրիում ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
Շենգավիթում կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքում
Մեկ օրում 5 ՃՏՊ է գրանցվել, 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.20-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Նոր Կեսարիա-Շենավան ճանապարհի 0,5-րդ կմ-ին բախվել է ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարող «ԿամԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկ-Փոքր Մանթաշ ճանապարհի 9-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու և նրան տեղափոխել «Արթիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին ձախ շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել աջակողմյան դաշտում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն բուժօգնության չեն դիմել:
Երևանում 3 մարդու են վրաերթի ենթարկել
Նոյեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 28-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 26 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 29-ին, ժամը 00.20-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 23.20-ին, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ»-ի 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:
Բարգավաճ և կայուն Արևելյան Գործընկերությունը բխում է բոլորի շահերից
ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԹ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Եվրամիության արևելյան հարևանները Եվրոպայի անբաժանելի մասն են: Նրանք ընդհանրություններ ունեն Եվրոպայի պատմության և մշակույթի հետ և որպես ինքնիշխան պետություններ ձգտում են կառուցել անկախ և բարգավաճ ապագա՝ ձերբազատված արտաքին ճնշումներից և ազդեցությունից: ԵՄ-ի համար նրանց կարևորությունն անհերքելի է:
1991թ-ից ի վեր Արևելյան Եվրոպան դարձել է բազմաթիվ արմատական փոփոխութոյունների ակնատեսը: Ժողովրդավարության տարածումը, բաց շուկայական տնտեսությունները և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը փոխել են քաղաքական լանդշաֆտը: Լրացուցիչ ջանքեր են պահանջվում՝ ամրապնդելու և զարգացնելու այն բարեփոխումները, որոնք ձեռնարկվել են մինչև հիմա: Եվ ի աջակցություն այս փոփոխություններին, ԵՄ-ն առաջարկել է ստորագրել Ասոցացման համաձայնագրեր, ներառելով Խորը և համապարփակ ազատ առևտրի ոլորտները. այս համաձայնագրերը հնարավորություն են տալու այդ տարածաշրջանի ընկերություններին աճել՝ զարգացնելով առևտուրը աշխարհի ամենամեծ շուկայի հետ:
Վիլնյուսում Եվրամիության երկրների ղեկավարները հանդիպում են մեզ ամենամոտ արևելյան հարևանների ներկայացուցիչների հետ: Այս գագաթնաժողովին նախատեսվում է, որ Վրաստանը և Մոլդովան կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագրերը՝ այսպիսով ԵՄ-ի հարաբերությունները կարևոր գործընկերների հետ նոր փուլ բերելով և ընդունելով նրանց ստանձնած կարևոր հանձնառությունները, ինչպես նաև այն գործողությունները, որ նրանք ձեռնարկել են՝ պատրաստվելով դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին:
Հայաստանը որոշում է կայացրել չմիանալ Մոլդովային և Վրաստանին՝ Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Սա հիասթափեցնող հանգամանք է: Միացյալ Թագավորությունը կցանկանար տեսնել, թե ինչպես են Հայաստանը և ԵՄ համագործակցում՝ շարունակելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը և զերծ մնալով արտաքին ճնշումներից:
Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵՄ-ի՝ Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելուն, և հուսով եմ, որ հնարավոր է նոր թափ հաղորդել Ասոցացման համաձայնագրին միտված բանակցություններին: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կբարելավվեն ԵՄ-Բելառուս հարաբերությունները. սա Բելառուսի հայեցողությամբ որոշվող հարց է, և ես շարունակում եմ հորդորել Բելառուսին՝ իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները սա իրականություն դարձնելու համար:
ԵՄ-ի դուռը բաց է, և սա է մեր ուղերձը նաև Ուկրաինային:
Խիստ հիասթափեցնող էր Ուկրաինայի կառավարության՝ անցյալ շաբաթ արած հայտարարությունը Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ուկրաինայի կառավարությունը կվերսկսի իր նախապատրաստական գործողությունները՝ շուտով ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: Ես հորդրում են նրանց՝ չկորցնել անգամ մեկ ակնթարթ՝ երկրին անհրաժեշտ բարեփոխումներն ուժի մեջ դնելու համար: Ուկրաինայի ղեկավարությունը կանգնած է պատմական ընտրության առաջ՝ ընդունելու եվրոպական ապագայի երկարաժամկետ տեսլականը և դրանից բխող բարգավաճությունը և կայությունը, կամ հետ շրջելու ժամանակի սլաքները և հեռանալու աշխարհի ամենամեծ և ամենահաջողված առևտրային դաշինքից:
Ոչ ոք չի վիճում, թե փոփոխությունները կամ արդիականացումը հեշտ կամ արագ գործընթաց է: Սակայն այնպիսի երկրների փորձը, ինչպիսիք են Լեհաստանը, մերձբալթյան պետությունները, Սլովակիան և Սլովենիան ցույց են տալիս, որ այդ ամենը կարելի է բարեհաջող իրականացնել՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Իսկ Ասոցացման համաձայնագրերի ազդեցության վերաբերյալ լուրջ ուսումնասիրությունները վկայում են, որ այսպիսի համաձայնագրերը իրական հնարավորություն են ընձեռում՝ բարձրացնելով այս տարածաշրջանների կենսամակարդակը՝ հասցնելով այն հարևաններին:
Արևելյան Գործընկերության երկրների բարգավաճությունը և կայունությունը բխում է բոլորի շահերից: Դեպի Արևմուտք բացված դուռը չի փակում դեպի արևելք տանողը: Արևելյան Գործընկերությունը շահեկան է թե՛ տարածաշրջանի, թե՛ նրա հարևանների համար:
Վիլնյուսում ԵՄ-ն ի ցույց է դնում Արևելյան Գործընկերության նկատմամբ ստանձնած իր հանձնառությունը: Արևելյան Գործընկերությունը պարզապես հայեցակարգ կամ լոզունգ չէ ՄԹ-ի կամ ԵՄ-ի համար: Այն ԵՄ-ի կողմից իր արևելյան գործընկերների, նրանց տնտեսական բարգավաճության և նրանց ապագայի վերաբերյալ ստանձնած հանձնառության արտահայտումն է: Ասոցացման համաձայնագրերը հույս են հաղորդում տարածաշրջանին, որ ԵՄ-ի տնտեսական բարգավաճությունը և կենսամակարդակը կարող են նաև իրենցը լինել: Սրա համար ժամանակ կպահանջվի, և ոչ ոք չի անտեսում առկա մարտահրավերները, սակայն այս Համաձայնագրերը ցույց են տալիս, որ փոփոխության պահին ԵՄ-ը կանգնած է Ձեր կողքին:
Դեյվիդ Լիդինգթոն, ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի գծով պետնախարար
Երևանի քաղաքապետի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ՌԴ մայրաքաղաքի «Արարատ Պարկ Հայաթ» համալիրի ընդունելությունների սրահում կազմակերպված պաշտոնական ընդունելությամբ ամփոփվել է նոյեմբերի 26-ից 28-ը Մոսկվայում անցկացված Երևանի օրերի միջոցառումների ծրագիրը:
Ընդունելությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայի կառավարության անդամներ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գիտության, արվեստի և մշակույթի հայազգի և ռուս անվանի գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հյուրընկալ տանտիրոջ իրավունքով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ողջունել է ներկաներին և, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել բոլորին Մոսկվայում Երևանի օրերի անցկացման հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար:
Պաշտոնական ընդունելության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Երևանի և Մոսկվայի բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչին, Ռուսաստանի մշակույթի ֆոնդի նախագահ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկիտա Միխալկովը և Ֆլերովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը:
Այնուհետ ներկաները ջերմ և անկաշկանդ մթնոլորտում հնարավորություն են ունեցել շփվելու Երևանի քաղաքապետի հետ և իրենց տպավորությունները կիսելու Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների ծրագրի հետ կապված: Անխտիր բոլորը բարձր են գնահատել կազմակերպված միջոցառումների բազմազանությունը, ինչպես նաև դրանց ճաշակն ու որակը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլորին ջերմ վերաբերմունքի և այն պատրաստակամության համար, որով ներկաներից շատերը հերթական անգամ գործնականում փաստել են երկու մայրաքաղաքների կապերի ամրապնդման հարցում իրենց անկեղծ նվիրումը:
Հավելենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Երևան կվերադառնա նոյեմբերի 29-ի երեկոյան:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան կրթահամալիր
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ընթացող Երևանի օրերի կրթամշակութային ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Մոսկվայի Լազարյանների անվան արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ հ. 2042 կրթահամալիր: Շարունակելով Լազարյան ճեմարանի ավանդույթները` այստեղ դասավանդում են հայերեն, արաբերեն և պարսկերեն: 2008 թվականին բացված կրթական հաստատությունում ներկայում սովորում է 38 ազգությունների շուրջ 600 երեխա, որոնցից 220-ը հայ աշակերտներ են:
Դպրոցի տնօրեն, ՌԴ պատվավոր ուսուցիչ Սեդա Գալոյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով հաստատության պատմությունն ու իրենց կողմից իրականացվող աշխատանքները, շնորհակալություն է հայտնել քաղաքապետին դպրոց այցի համար, նաև հավելել, որ կրթօջախն իսկապես հատուկ կարևորություն ունի Մոսկվայի հայ համայնքի կյանքում` իր նպաստը բերելով հայոց լեզվի և հայապահպանության հարցում:
Տարոն Մարգարյանն իր հերթին, կարևորելով կրթահամալիրի դերակատարումը աշակերտների հայրենասիրական դաստիարակության հարցում, ընդգծել է, որ այն իսկապես կարևոր նշանակություն ունի Մոսկվայի հայ համայնքի հայեցիության պահպանման ու խթանման պատասխանատու առաքելության գործում:
«Մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցը կառավարում է նման կրթահամալիր, որն իսկապես ազգերի բարեկամության ամրապնդման լավագույն օրինակն ու ապացույցն է: Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է ձեր կողքին լինելու և աջակցելու Երևանի հանրակրթական դպրոցների հետ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ դպրոցի տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել և ծանոթացել է կրթահամալիրի գործունեությանն ու նաև մասնակցել Մոսկվայում Երևանի օրերի կապակցությամբ կազմակերպված երեկույթին: Հատկանշական է, որ Երևանից ժամանած հյուրերին իրենց ելույթներով ողջունել են ինչպես հայ, այնպես էլ դպրոցի այլազգի աշակերտները:
Դահլիճում ներկա հանդիսատեսը հատկապես բուռն է արձագանքել ազգությամբ ոչ հայ սաների հայկական կատարումներին և պարային համարներին:
Երեկույթի ավարտին սաների Երևան այցը կազմակերպելու ուսուցիչների խնդրանքին ի պատասխան՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ կնախաձեռնի համապատասխան քայլեր երեխաների ցանկությունը հնարավորին արագ կյանքի կոչելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում անցկացվել են Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղեր
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամները ներկա են գտնվել «Երևանի օրերը Մոսկվայում» ծրագրի շրջանակում անցկացվող Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:
«Չերտանովո» մարզահամալիրում անցկացվող խաղերին մասնակցում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների հանրապետական տարբեր մրցաշարերի մեդալակիր և գավաթակիր սաները: Ազատ ըմբշամարտի, ձյուդոյի, սեղանի թենիսի և շախմատի պատանի 18 մարզիկ պայքարելու է լավագույն արդյունքների համար: Ի դեպ, վերջինի` շատմատի մրցամարտերին մասնակացելու են գրոսմայստերները:
Պատվիրակության անդամները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և շնորհավորելով մարզական թիմին, մաղթել են հաջող մրցելույթներ և հաղթանակներ` բարձր պահելով Երևանի պատիվը:
Մարզիկներն ու մարզիչները իրենց հերթին շնորհակալություն հայտնելով՝ վստահեցրել են, որ շարունակելու են մարզական հաջողությունների լավագույն ավանդույթները և պայքարելու են հաղթական տեղերի համար` միաժամանակ նաև նշելով, որ իրենց համար մրցումների կարևորությունը երկու ժողովուրդների բարեկամությունն է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է»` լուսային վահանակներով ակցիա
«Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է» ակցիայի շրջանակներում Երևանի փողոցներում արդեն երկու շաբաթ է երիտասարդները վահանակներով շրջում են փողոցներում, մոտենում անցորդներին և նրանց բաժանում ծխախոտի վնասակարության մասին պատմող թռուցիկներ:
«Իրազեկում և բարեփոխում» ՀԿ-ի կողմից անցկացվող «Ծխախոտը քո, իմ և բոլորի թշնամին է» հակածխածոտային ակցիան իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Ծրագրի ղեկավար Գայանե Ասրյանը, խոսելով ծրագրի նպատակի մասին, շեշտեց. «Ծրագրի թիրախը միայն ակտիվ ծխողները չեն, մենք նպատակ ունենք ծխախոտի վնասակարության մասին տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև պասիվ ծխողներին: Հենց այս պատճառով մշակել և մատչելի ենք դարձրել մատուցվող տեղեկատվությունը: Ակցիայի դեպքում ընտրվել է տեղեկատվության մատուցման նորարարական և արդյունավետ մոտեցում»: Լուսային վահանակները և թռուցիկները տեղեկացնում են ինչպես առողջության համար ծխախոտի վնասակարության, այնպես էլ ծխելը ճիշտ թողնելու ցուցումներ:
Տեղեկացնենք, որ ակցիան իրականացվում է նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 8-ը:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Լեզվի տեսչության և «հայոց լեզվի տաճար մտած անասունների» միջև հարատև պայքարը
Մենք սիրում ենք համեմատվել Եվրոպայի հետ, փորձում ենք յուրացնել եվրոպական փորձը, չափանիշներն ու մտածելակերպը, բայց, չգիտես ինչու, վերցնում ենք այն, ինչը պետք չէ, փոխարենը` անտեսում այն, ինչն իսկապես օգտակար է: Իսկ մեր գործարարները, որոնցից յուրաքանչյուրը Հայաստանում գոնե մի խանութ, մի գեղեցկության սրահ, մի ռեստորան կամ սրճարան ունի, եվրոպաներում ման գալիս չեն էլ նկատում, որ այնտեղ օտարալեզու ցուցանակներ գրեթե գոյություն չունեն: Չեն նկատում, որովհետև դրա կարևորությունը չեն գիտակցում:
Մինչդեռ մեր քաղաքում զբոսնելիս օտարերկրացին չի կարող ամեն քայլափոխի չնկատել անթաքույց օտարամոլության վառ օրինակները ` օտարալեզու ցուցանակները, գովազդը, հայտարարությունները, տաքսի ծառայության մեքենաների անհասկանալի ու անհեթեթ անվանումները:
Մեր գործարարների ազգային մտածելակերպի մասին թերևս ատենախոսություններ կարելի է գրել, բայց պետական մտածողությունն էլ գործարարների մտածողությանը չի զիջում (թերևս պատճառն այն է, որ նույնն են): Եթե պետությունն այլ կերպ մտածեր, ազգային մտածելակերպը շտկելն ընդամենը ժամանակի խնդիր կլիներ:
Պետական կրթական գերատեսչության կազմում գտնվող Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը նույնպես դժգոհ է իրավիճակից. «Մեր մտածելակերպի մեջ օտարամոլություն կա: Իսկ գործարար աշխարհում այսօր մի որակ է ձևավորվել, որին խորթ են նման բաները: Բայց պիտի հասկանան, որ, ինչպես իրենք են ասում, այդ խուճուճ-մուճուճ տառերն են մեզ պահողը: Ցավոք, շատ անասուններ մտան հայոց լեզվի տաճարը, նրանց թվաց, թե դա ախոռ է, մտան ու ապականեցին…»:
Մարինե Հովյանը, սակայն, կարծում է, որ խնդիրը գալիս է պետական մտածողությունից. «Ֆրանսիայում 20 տարի առաջ բոլոր օտարալեզու ցուցանակները մի գիշերվա մեջ ապամոնտաժեցին: Այսինքն` պետք է պետությունը միջամտի: Մեր աշխատակազմն ընդամենը 16 հոգի է, որից եթե հանենք պետին, պետի տեղակալին, կրտսեր մասնագետներին, մնում է տասը հոգի: Չունենք տարածքային կառույցներ: Տասը հոգով ամբողջ երկրում նման գործունեություն ինչպե՞ս իրականացնենք»:
Տեսչության պետի տեղակալը հիշեցնում է, որ 1993 թ. իրենց կառույցը ստեղծել են որպես երկրում պետական միասնական լեզվական քաղաքականություն իրականացնող մարմին, սակայն այսօր դարձել է ընդամենը վերահսկողական, տեսչական գործառույթներ իրականացնող մարմին: «Լեզվական քաղաքականություն մեր երկրում չի իրականացվում, չկա պետական ծրագիր»,- փաստում է նա:
Ժամանակին իրենց կողմից մշակել է նման ծրագիր, սակայն կառույցի կարգավիճակի փոփոխության պատճառով չի իրականացվել, քանի որ ֆինանսական միջոցները բավարար չեն եղել: Այնուամենայնիվ, տեսչությունն այն ներկայացրել է կառավարության դատին, տեղի են ունեցել քննարկումներ, բայց այդպես էլ այն թղթի վրա է մնացել: «Մեր երկրին, փաստորեն, պետք չի լեզվական քաղաքականության ծրագիր: Արդյունքում այսօր ունենք այն, ինչ ունենք, իսկ ապագայում, հավանաբար, կունենանք նաև օտարալեզու դպրոցներ, տարբեր լեզուների հատուկ կարգավիճակ և այլն և այլն»:
Հովյանն անուն չի նշում, սակայն մեջբերում է լեզվի վերաբերյալ մի քննարկման ժամանակ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքը, որ եթե մի լեզու խանգարում է բիզնեսի շահին, ապա պետք է մտածել այդ լեզվի մասին:
Օտարալեզու ցուցանակների դեմ պայքարը տարիներ ի վեր անարդյունավետ էր մի շարք օրենքներում առկա սողանցքների պատճառով: 2011-ին Լեզվի տեսչությունը ԱԺ ՀՅԴ խմբակցության հետ միասին` ի դեմս պատգամավոր Լիլիթ Գալստյանի, մի շարք փոփոխություններ առաջարկեց «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում: Շատ խնդիրներ տեսականորեն լուծվեցին, համենայն դեպս, գոնե հստակեցվեցին մի շարք հասկացություններ` ինչ բան է լեզվական քաղաքականությունը, գործավարությունը, ցուցանակը, պետական լեզուն, պաշտոնական լեզուն և այլն: Նախկինում կային դրանց բառարանային սահմանումները, սակայն վարչական դատարանը դրանք լուրջ չէր ընդունում: Բարձրացվեցին նաև վարչական տուգանքի չափերը և այլն:
Ի՞նչ փոխվեց օրենսդրության բարեփոխումներից հետո: Մեծ հաշվով` ոչինչ: Տնտեսվարողները, միևնույն է, ցանկության դեպքում այսօր էլ գտնում են օրենքը շրջանցելու կամ վարչական դատարանի որոշումները հօգուտ իրենց կայացնելու եղանակներ:
«Վարչական դատարանը ինչ որոշում ուզում է, կայացնում է,- ասում է Հովյանը,- բայց չէ՞ որ նա պետական կառույց է և պետք է պաշտպանի պետության շահը: Վարչական դատարանը պաշտպանում է գործարարի շահը»:
Հայտնի է, որ համաբուժարաններից (պոլիկլինիկա) շատերում մնացել է հիվանդության պատմությունը կամ դեղատոմսերը ռուսերեն գրելու խորհրդային ավանդույթը: Տեսչության պետի տեղակալը պատմում է, որ համաբուժարաններից մեկում արձանագրված խախտման առնչությամբ հայց են ներկայացրել վարչական դատարան` պահանջելով օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել բուժհաստատության ղեկավարին, սակայն դատարանն անհեթեթ որոշում է կայացրել. «Որոշվեց, որ մենք սխալ մարդու ենք պատասխանատվության կանչում, պետք է տվյալ օրենքը խախտած բժիշկներին առանձին-առանձին դատի տանք: Այսինքն` ինչքան բժիշկ, այնքան հայցադիմում: Դուք պատկերացնո՞ւմ եք` դա ինչ աշխատանք է»:
Միաժամանակ Հովյանը ներկայացնում է այս տարվա ընթացքում տեսչության կողմից վարչական դատարան ներկայացված հայցադիմումների արդյունքները, որոնք տուգանքների առումով ապարդյուն չեն եղել. 20 հայցից 18-ը բավարարվել են, և մոտ 4 մլն 700 հազար դրամ տուգանք է նշանակվել` մուտք արվելով պետական բյուջե:
Տուգանքը` տուգանք, սակայն տնտեսվարողներն ուղղել են խախտումները, թե ոչ, նրանց հայտնի չէ, քանի որ նույն տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ վարույթ իրականացնելու հնարավորություն ունեն տարեկան մեկ անգամ:
Հովյանն ասում է, որ տեսչությունն այսօր «ծանծաղ» գրաֆիկով է աշխատում, որովհետև օրենսդրական խնդիրներ ունի, իրենց կարգավիճակի հարցն էլ հստակ չէ. «Մենք ստուգումներ իրականացնելու իրավասություն չունենք, ընդամենը արձանագրում ենք խախտումը և դիմում վարչական դատարան: Սակայն Հայաստանում մյուս տեսչություններն իրենք են պատիժ նշանակում»:
Ուստի տեսչությունը փաթեթ է ներկայացրել կառավարություն` առաջարկելով փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում, որպեսզի իրենք էլ նման լիազորություն ստանան:
Այս տարի ամռանը քաղաքապետարանի և Լեզվի տեսչության միջև ներքին համագործակցություն է սկսվել, որն Մարինե Հովյանն արդյունավետ է համարում: Քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը, որը վերահսկում է մայրաքաղաքի արտաքին գովազդը, խոստացել է իր գործունեությունն իրականացնելիս զբաղվել նաև օտարալեզու գովազդային ցուցանակները հեռացնելով: Բազմաթիվ ցուցանակներ հեռացվել են: «Ի զարմանս մեզ` այնպիսի խանութներ, որոնց դեմ մենք տարիներ շարունակ պայքարել էինք, փոխել են ցուցանակները: Դե պարզ է, քաղաքապետարանը կարողացավ ազդել, որովհետև նրանք քաղաքապետարանից կախում ունեն»,- նկատում է նա:
Սակայն հատուկենտ հաջողված պատմությունները դժվար թե իրավիճակի լուրջ փոփոխության հանգեցնեն: Դրա համար պետք է պետական ու ազգային մտածելակերպի հեղաշրջում, ինչն այսօրվա իրականության մեջ մի քիչ անիրատեսական է:
Անի Գասպարյան
Նախագահը Վիլնյուսում մասնակցել է ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը
Քննարկվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին: Նա Հայաստան է ժամանել ս.թ. նոյեմբերի 25-29-ը Երևանում անցկացվող հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:
«Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը և շահագրգռված է խորացնել այն», – նշել է վարչապետ Սարգսյանը և բարձր գնահատել պարոն Բիրյուլինի անձնական ներդրումը երկկողմ ռազմատեխնիկական հարաբերությունների ամրապնդման գործում:
Իր հերթին Կոնստանտին Բիրյուլինն ընդգծել է, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործակցությունը և քայլեր է ձեռնարկում այն զարգացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության ընթացքին և ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կոնստանտին Բիրյուլինը և Ալիկ Միրզաբեկյանը վարչապետին են ներկայացրել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքների արդյունքները: Նշվել է, որ առկա է լիարժեք փոխըմբռնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցում:
Թող Ռուսական ռազմաբազան ընդլայնվի, բայց հայի մաուզերի հսկողության ներքո
Հայ–ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությամբ երկու երկրների կառավարությունները պարտավորվել են միմյանց փոխանցել որոշ հողատարածքներ: Ռուսական կողմն առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսական ռազմակայանը և այդ նպատակով ծրագրել է Հայաստանին տրամադրել 18 ուղղաթիռ: Այդ նպատակով «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման համար պլանավորվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ):
Ռուսական ռազմաբազան կընդլայնվի հայկական տարածքների հաշվին
Փաստորեն, նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:
Ըստ նախագծի` ռուսական կողմին կփոխանցվի Գյումրի քաղաքի Սվերդլովի 222 փողոցի N 21 ռազմական ավանը, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը` ուղղաթիռային սավառնակախմբի կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները և «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ` դրանք ներառելով ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում:
Բայց այս որոշումը հայկական հասարակական-քաղաքական որոշ շրջաններում դժգոհության ալիք բարձրացրեց: Եվ ամենաշրջանառվող դժգոհությունները, բնականաբար, կապվում էին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու և կամաց-կամաց Ռուսաստանի մի մարզը դառնալու մասին եզրակացությունները:
Այսպես թե այնպես, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնումը որոշակի ռազմա-քաղաքական ու աշխարհաքաղաքական պատճառներ ունի:
Նախ, ինչպես օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Ռուսաստանի վերելքի շրջափուլն է սկսվել. փորձում է դառնալ ուժային կենտրոն` իր դաշնակիցների հետ միասին, որտեղ պետք է նաև ուժերի վերադասավորություններ լինեն: «Նոր աշխարհակարգի գործընթացները շատ խորհրդավոր ու վտանգավոր են, բայց նաև կարող են շահավետ լինել մեզ համար»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ աշխարհաքաղաքական գործընթացներում զարգացումներն ու ստեղծված իրավիճակը բխում են Հայաստանի ազգային անվտանգության շահերից:
Դիտարկենք այս հարցը այլ հարթությունում` Մաքսային միությունից դուրս: Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցն ամրագրված է Հայաստանի և Ռուսաստանի 1995 թ. մարտի 16-ի «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրով: Այդ պայմանագիրը 49 տարով երկարաձգվեց 2010 թ., երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը գտնվում էր Հայաստանում: Ընդ որում, ոչ միայն երկարաձգվեց ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում, այլև ռազմաբազայի առջև դրված խնդիրներին ավելացան նորերը: Եթե 1997 թ. օգոստոսի 29-ին ՀՀ և ՌԴ միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով ամրագրվել էր, որ Հայաստանի` ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների հետ սահմանների պահպանությունը կիրականացվի համատեղ ջանքերով, ապա 2010 թ. օգոստոսի 20-ին ստորագրված արձանագրությամբ ՀՀ-ում ռուսական ռազմականը պատասխանատվություն ստանձնեց նաև ՀՀ զինված ուժերի հետ համատեղ իրականացնել Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանությունն ու պահպանությունը, այդ թվում նաև` հայ-ադրբեջանական սահմանի: Այսինքն` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի պարտականությունների ու պատասխանատվության տիրույթն էլ ավելի մեծացավ:
Սակայն ռուսական ռազմակայանի 5-հազարանոց անձնակազմը մնաց անփոփոխ, որը, ինչպես նշում է հատուկ նշանակության խմբի հետախույզ Վլադիմիր Վարդանովը, շատ քիչ է, որպեսզի երաշխավորի Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը և կատարի իր առջև դրված խնդիրները: Այսինքն` նոր խնդիրները լուծելու համար, բնականաբար, ակնկալվում է նաև, որ ռազմակայանը պետք է ընդլայնվի: Ի դեպ, ներկայումս տարածաշրջանում ու միջազգային քաղաքական թատերաբեմում եռացող գործընթացներն ու առկա մարտահրավերները ևս ստիպում են ռուսական կողմից արդիականացնել ռազմաբազայի ռազմական տեխնիկան ու բարձրացնել ռազմակայանի մարտունակությունը: Իսկ մարդկային ռեսուրսով ու ռազմական տեխնիկայով համալրման պարագայում, բնականաբար, նոր տարածքներ էին պետք:
Առաջնորդվելով մեր ազգային շահերով
Սա պարզ է ու հասկանալի, սակայն, ինչպես նշեց Լևոն Շիրինյանը, մեր ժողովրդի մեջ վստահություն չկա գործող իշխանությունների նկատմամբ, ինչը տարածվում է նաև ռուսական ռազմաբազային նոր տարածքներ տրամադրելու որոշման վրա: Քաղաքագետի հավաստմամբ` երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի պետք է հստակ ներկայացնի, թե ինչ է տալիս Ռուսաստանին և դրա դիմաց ինչ է ստանալու:
Շիրինյանը նշեց նաև, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ռուսական կողմի առջև հստակ խնդիր դնի, որ Արևելյան Հայաստանը պետք է ամբողջականանա: Նա կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունն այդ հնարավորությունը տալիս է, պարզապես հայկական կողմը պետք է զգուշավորություն դրսևորի` հաշվի առնելով նախորդ դառը փորձերը:
«Ռուսաստանը երբեք հայ ժողովրդի ճգնաժամային պահերին հայության կողքին չի եղել, սա պետք է ասվի առանց ամաչելու»,- շեշտեց քաղաքագետը:
Հատուկ նշանակության խմբի հետախույզ Վլադիմիր Վարդանովն էլ նշում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցն այլ տեսանկյունից պետք է դիտարկվի` ինչու պետք է Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումներն անկախ լինեն ու հաշվետու չլինեն հայկական կողմին: «Ճիշտ է, ռազմաբազայի ղեկավարը շատ բարեկիրթ անձնավորություն է, շատ լավ տիրապետում է հայ ժողովրդի պատմությանը, բայց դա չի նշանակում, որ եթե ստանա հակահայկական հրամաններ, չի կատարելու»,- ասում է հետախույզը` հավելելով, որ ռուսական զորամիավորումները պետք է գործեն համատեղ ղեկավարության ներքո, իսկ գնդերի հրամանատարների մոտ էլ պետք է լինեն հայ կոմիսարներ, որ «մաուզերը» ձեռքներին ուշի ուշով հետևեն, որ ռուս սպաները չկարողանան ինքնագլուխ կամ հակահայկական գործողություններ իրականացնել»,- իր տեսակետները հայտնեց հետախույզը:
Առավել ևս ներկայիս զարգացումների պարագայում, երբ Հայաստանի սահմանները, ինչպես օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, մինչ սեպտեմբերի 3-ը ռազմաքաղաքական սահմաններ էին Ռուսաստանի համար, իսկ հիմա Ռուսաստանը փորձ է անում դրանց որակը փոխել` վերածելով տնտեսական, մշակութային, քաղաքակրթական սահմանների:
Այս առումով դիտարկենք Վրաստանի օրինակը`օգոստոսյան պատերազմի դառը փորձով: Այն ժամանակ Հարավային Օսիայում տեղակայված էր ռուսական մեկ գունդ, որը, փաստացի, ինքնապաշտպանության էր անցել, իսկ վրացական զինված ուժերը բնակչության հետ անում էին այն, ինչ ուզում էին: Ու մինչև ռուսական հիմնական զորքերը կրիայի պես դանդաղաքայլ մոտեցան, ռուսական գունդը հազիվ ինքնապաշտպանվեց ու չէր կարողանում ապահովել խաղաղ ազգաբնակչության անվտանգությունը: Այսինքն` Հայաստանի անվտանգության շահերից է բխում, ինչը բազմիցս կրկնել, կրկնում ու դեռ էլի կրկնելու են հայ տարբեր մանր ու մեծ իշխանամետ կամ ռուսամետ «վերլուծաբանները», որ այստեղ տեղակայված ռուսական ռազմակայանն ընդլայնվի ու արդիականանա, որպեսզի անհրաժեշտության դեպքում Հարավային Օսիայում տեղակայված գնդի պես հազիվ ինքն իրեն չպաշտպանի:
Այս առումով հետաքրքիր են նաև հայկական լրատվամիջոցներով վերջերս պարբերաբար շրջանառվող «տեղեկությունները», թե ռուսական կողմը 18 նոր մարտական ուղղաթիռներ է բերելու Հայաստան, իսկ Պուտինը դեկտեմբեր ամսին սպասվող այցելության ժամանակ Հայաստանին «Սմերչ»-ների նոր հաշվարկներ կնվիրի… Բայց մյուս կողմից անցյալի դառը դասերը ևս չպետք է մոռանալ: Մասնավորապես հիշենք, որ 1988 թ. շարժումը ճնշվում էր ռուսական տանկերով ու զորքով հենց Երևանի կենտրոնում, հիշենք, թեկուզ «Կոլցո» օպերացիան, հիշեցնենք, որ 1992 թ. ԼՂՀ-ի մոտ 52 տոկոսը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հենց ռուսական 23-րդ դիվիզիայի շնորհիվ և այլն:
«Ռուսաստանը միշտ եղել է կայսրություն` ցարական կայսրություն, սովետական կայսրություն, ռուսական կայսրություն, սա ես չեմ ասում, այլ ցիտում եմ ՌԴ նախագահի խոսքերը»,- այս կապակցությամբ նշում է Դավիթ Շահնազարյանը:
Իսկ այս պայմաններում, անցյալի սխալները չկրկնելու համար, ինչպես խորհուրդ է տալիս քաղաքագետ Լևոն Շիրինյանը, հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը ևս պետք է հանդես գա Ռուսաստանի նկատմամբ պայմաններով` հստակ նշելով իր ու ռուսական կողմի պարտավորությունները:
Գևարգ Ավչյան
«Հեռուստամարաթոն-2013»-ի մեկնարկի արարողություն Թեհրանում
Նոյեմբերի 28-ին Թեհրանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված «Հեռուստամարաթոն-2013» մեկնարկի արարողությունը, որի ընթացքում հանգանակված գումարները նպատակաուղղված են լինելու Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը:
Հեռուստամարաթոնի մեկնարկի առիթով ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, ով կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը և գործունեությունը:
Այնուհետև ԻԻՀ-ում Հիմնադրամի անցյալ տարիների կատարած գործունեության վերաբերյալ հակիրճ ներկայացրեց Իրանում Հիմնադրամի ներկայացուցիչ Արին Քարիմյանը, որին հաջորդեց Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հայրապետական օրհնությունը և բարեմաղթանքները Հիմնադրամին:
Հեռուստամարաթոնի մեկնարկի արարողությանը ներկա են եղել իրանահայ բարերարներ, հյուրեր:
Հայտարարվեց Ա.Կիվիրյանի գործով նախաքննության ավարտի մասին
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այսօր հայտարարել է «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ գործով նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Ա.Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը, իրենց տրամադրվել են մեկ հատոր կազմող գործի նյութերը: Հիշեցնենք, որ Ա.Կիվիրյանին օգոստոսի 24-ին Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 333-րդ հոդվածի 2-րդ մասերով՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը և հանցագործության մասին սուտ մատնություն անելը: Մեղադրանք առաջադրելուց հետո Արգիշտի Կիվիրյանն ընդգծել էր, որ ՀՔԾ-ն սուտ մատնություն է դիտել իր հայտարարությունն այն մասին, որ Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկվելիս ինքը բռնության է ենթարկվել ոստիկանական ավտոմեքենայում: Ըստ ՀՔԾ-ի տրամաբանության, ստացվում է, որ Ա. Կիվիրյանը հարվածել և կծել է ոստիկանին, հետո գլխով հարվածել է ավտոմեքենայի դռանը և ինքն իրեն պատճառել բազմաթիվ վնասվածքներ: Ըստ Ա. Կիվիրյանի՝ Հայաստանում առկա է քրեաօլիգարխիկ ոստիկանական ռեժիմ և այս մեղադրանքի առաջադրումը նա գնահատել է որպես քաղաքական հետապնդում ու հալածանք՝ իր հասարակական, լրագրողական ու իրավապաշտպան գործունեության համար: Այդ գործելաոճով փորձ է արվում հասնել նրան, որ քաղաքացին չբարձրաձայնի իր իրավունքների ոտնահարման և ապօրինությունների մասին: Ըստ նրա՝ այդ կեցվածքը շատ լուրջ հետևանքներ է ունենալու երկրի համար, նա պատահական չէր համարել Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ի դեպքերը՝ քաղաքացուն այլ բան չի մնում, քան դիմել ինքնապաշտպանության: Շարունակություն`սկզբնաղբյուր կայքում:







