Թող Ռուսական ռազմաբազան ընդլայնվի, բայց հայի մաուզերի հսկողության ներքո

razmabazaՀայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությամբ երկու երկրների կառավարությունները պարտավորվել են միմյանց փոխանցել որոշ հողատարածքներ: Ռուսական կողմն առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսական ռազմակայանը և այդ նպատակով ծրագրել է Հայաստանին տրամադրել 18 ուղղաթիռ: Այդ նպատակով «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման համար պլանավորվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ):

 Ռուսական ռազմաբազան կընդլայնվի հայկական տարածքների հաշվին

Փաստորեն, նոյեմբերի 21-ին  ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց «ՀՀ կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012 թ. հոկտեմբերի 3-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ նախագծի` ռուսական կողմին կփոխանցվի Գյումրի քաղաքի Սվերդլովի 222 փողոցի N 21 ռազմական ավանը, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը` ուղղաթիռային սավառնակախմբի կանգառի և գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները և «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ` դրանք ներառելով ՀՀ-ի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում:

Բայց այս որոշումը հայկական հասարակական-քաղաքական որոշ շրջաններում դժգոհության ալիք բարձրացրեց: Եվ ամենաշրջանառվող դժգոհությունները, բնականաբար, կապվում էին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու և կամաց-կամաց Ռուսաստանի մի մարզը դառնալու մասին եզրակացությունները:

Այսպես թե այնպես, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ընդլայնումը որոշակի ռազմա-քաղաքական ու աշխարհաքաղաքական պատճառներ ունի:

Նախ, ինչպես օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը, Ռուսաստանի վերելքի շրջափուլն է սկսվել. փորձում է դառնալ ուժային կենտրոն` իր դաշնակիցների հետ միասին, որտեղ պետք է նաև ուժերի վերադասավորություններ լինեն: «Նոր աշխարհակարգի գործընթացները շատ խորհրդավոր ու վտանգավոր են, բայց նաև կարող են շահավետ լինել մեզ համար»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ աշխարհաքաղաքական գործընթացներում զարգացումներն ու ստեղծված իրավիճակը բխում են Հայաստանի ազգային անվտանգության շահերից:

Դիտարկենք այս հարցը այլ հարթությունում` Մաքսային միությունից դուրս: Հայաստանում ռուսական ռազմակայանի հարցն ամրագրված է Հայաստանի և Ռուսաստանի 1995 թ. մարտի 16-ի «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրով: Այդ պայմանագիրը 49 տարով երկարաձգվեց 2010 թ., երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը գտնվում էր Հայաստանում: Ընդ որում, ոչ միայն երկարաձգվեց ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում, այլև ռազմաբազայի առջև դրված  խնդիրներին ավելացան նորերը: Եթե  1997 թ. օգոստոսի 29-ին ՀՀ և ՌԴ միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով ամրագրվել էր, որ Հայաստանի` ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների հետ սահմանների պահպանությունը կիրականացվի համատեղ ջանքերով, ապա 2010 թ. օգոստոսի 20-ին ստորագրված արձանագրությամբ ՀՀ-ում ռուսական ռազմականը պատասխանատվություն ստանձնեց նաև ՀՀ զինված ուժերի հետ համատեղ իրականացնել Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանությունն ու պահպանությունը, այդ թվում նաև` հայ-ադրբեջանական սահմանի: Այսինքն` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի պարտականությունների ու պատասխանատվության տիրույթն էլ ավելի մեծացավ:

Սակայն ռուսական ռազմակայանի 5-հազարանոց անձնակազմը մնաց անփոփոխ, որը, ինչպես նշում է հատուկ նշանակության խմբի հետախույզ Վլադիմիր Վարդանովը,  շատ քիչ է, որպեսզի երաշխավորի Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը և կատարի իր առջև դրված խնդիրները: Այսինքն` նոր խնդիրները լուծելու համար, բնականաբար, ակնկալվում է նաև, որ ռազմակայանը պետք է ընդլայնվի: Ի դեպ, ներկայումս տարածաշրջանում ու միջազգային քաղաքական թատերաբեմում եռացող գործընթացներն ու առկա մարտահրավերները ևս ստիպում են ռուսական կողմից արդիականացնել ռազմաբազայի  ռազմական տեխնիկան ու բարձրացնել ռազմակայանի մարտունակությունը: Իսկ մարդկային ռեսուրսով ու ռազմական տեխնիկայով համալրման պարագայում, բնականաբար, նոր տարածքներ էին պետք:

Առաջնորդվելով մեր ազգային շահերով

Սա պարզ է ու հասկանալի, սակայն, ինչպես նշեց Լևոն Շիրինյանը, մեր ժողովրդի մեջ վստահություն չկա գործող իշխանությունների նկատմամբ, ինչը տարածվում է նաև ռուսական ռազմաբազային նոր տարածքներ տրամադրելու որոշման վրա: Քաղաքագետի հավաստմամբ` երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուղղակի պետք է հստակ ներկայացնի, թե ինչ է տալիս Ռուսաստանին և դրա դիմաց ինչ է ստանալու:

Շիրինյանը նշեց նաև, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ռուսական կողմի առջև հստակ խնդիր դնի, որ Արևելյան Հայաստանը պետք է ամբողջականանա: Նա կարծիք հայտնեց, որ հայ-ռուսական քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցությունն այդ հնարավորությունը տալիս է, պարզապես հայկական կողմը պետք է զգուշավորություն դրսևորի` հաշվի առնելով նախորդ դառը փորձերը:

«Ռուսաստանը երբեք հայ ժողովրդի ճգնաժամային պահերին հայության կողքին չի եղել, սա պետք է ասվի առանց ամաչելու»,- շեշտեց քաղաքագետը:

Հատուկ նշանակության խմբի հետախույզ Վլադիմիր Վարդանովն էլ նշում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հարցն այլ տեսանկյունից պետք է դիտարկվի` ինչու պետք է Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումներն անկախ լինեն ու հաշվետու չլինեն հայկական կողմին: «Ճիշտ է, ռազմաբազայի ղեկավարը շատ բարեկիրթ անձնավորություն է, շատ լավ տիրապետում է հայ ժողովրդի պատմությանը, բայց դա չի նշանակում, որ եթե ստանա հակահայկական հրամաններ, չի կատարելու»,- ասում է հետախույզը` հավելելով, որ ռուսական զորամիավորումները պետք է գործեն համատեղ ղեկավարության ներքո, իսկ գնդերի հրամանատարների  մոտ էլ պետք է լինեն հայ կոմիսարներ, որ «մաուզերը» ձեռքներին ուշի ուշով հետևեն, որ ռուս սպաները չկարողանան ինքնագլուխ կամ հակահայկական գործողություններ իրականացնել»,- իր տեսակետները հայտնեց հետախույզը:

Առավել ևս ներկայիս զարգացումների պարագայում, երբ Հայաստանի սահմանները, ինչպես օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը,  մինչ սեպտեմբերի 3-ը ռազմաքաղաքական սահմաններ էին Ռուսաստանի համար, իսկ հիմա Ռուսաստանը փորձ է անում դրանց որակը փոխել` վերածելով տնտեսական, մշակութային, քաղաքակրթական սահմանների:

Այս առումով դիտարկենք Վրաստանի օրինակը`օգոստոսյան պատերազմի դառը փորձով: Այն ժամանակ Հարավային Օսիայում տեղակայված էր ռուսական մեկ գունդ, որը, փաստացի, ինքնապաշտպանության էր անցել, իսկ վրացական զինված ուժերը բնակչության հետ անում էին այն, ինչ ուզում էին: Ու մինչև ռուսական հիմնական զորքերը կրիայի պես դանդաղաքայլ մոտեցան, ռուսական գունդը հազիվ ինքնապաշտպանվեց ու չէր կարողանում ապահովել խաղաղ ազգաբնակչության անվտանգությունը: Այսինքն` Հայաստանի անվտանգության շահերից է բխում, ինչը բազմիցս կրկնել, կրկնում ու դեռ էլի կրկնելու են հայ տարբեր մանր ու մեծ իշխանամետ կամ ռուսամետ «վերլուծաբանները», որ այստեղ տեղակայված ռուսական ռազմակայանն ընդլայնվի ու արդիականանա, որպեսզի անհրաժեշտության դեպքում Հարավային Օսիայում տեղակայված գնդի պես հազիվ ինքն իրեն չպաշտպանի:

Այս առումով հետաքրքիր են նաև հայկական լրատվամիջոցներով վերջերս պարբերաբար շրջանառվող «տեղեկությունները», թե ռուսական կողմը 18 նոր մարտական ուղղաթիռներ է բերելու Հայաստան, իսկ Պուտինը դեկտեմբեր ամսին սպասվող այցելության ժամանակ Հայաստանին «Սմերչ»-ների նոր հաշվարկներ կնվիրի… Բայց մյուս կողմից անցյալի դառը դասերը ևս չպետք է մոռանալ: Մասնավորապես հիշենք, որ 1988 թ. շարժումը ճնշվում էր ռուսական տանկերով ու զորքով հենց Երևանի կենտրոնում, հիշենք, թեկուզ «Կոլցո» օպերացիան, հիշեցնենք, որ 1992 թ. ԼՂՀ-ի մոտ 52 տոկոսը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո հենց ռուսական 23-րդ դիվիզիայի շնորհիվ և այլն:

«Ռուսաստանը միշտ եղել է կայսրություն` ցարական կայսրություն, սովետական կայսրություն, ռուսական կայսրություն, սա ես չեմ ասում, այլ ցիտում եմ ՌԴ նախագահի խոսքերը»,- այս կապակցությամբ նշում է Դավիթ Շահնազարյանը:

Իսկ այս պայմաններում, անցյալի սխալները չկրկնելու համար, ինչպես խորհուրդ է տալիս քաղաքագետ Լևոն Շիրինյանը, հայկական ռազմա-քաղաքական ղեկավարությունը ևս պետք է հանդես գա Ռուսաստանի նկատմամբ պայմաններով` հստակ նշելով  իր ու ռուսական կողմի պարտավորությունները:

 

Գևարգ Ավչյան

Անկախ

Tags: , ,