Արթուրի և Սարգիսի մոտից թմրանյութ են հայտնաբերել

ձերբակալությունՆոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի  և Աշտարակի բաժնի  ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցից  ոստիկանության  Մաշտոցի բաժին բերման են ենթարկել  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված  Արթուր Շ.-ին և ուղևոր, 1966  թ. ծնված Սարգիս Շ.-ին, որտեղ վերջինիս գրպանից հայտնաբերվել է   դեղահաբ` «Բ-8» դրոշմվածքով, իսկ ավտոմեքենայի սրահից` ծխախոտի փայլաթերթով փաթեթավորված 4 նույնատիպ հաբեր:
Համաձայն փորձագետի եզրակացության` հայտնաբերվածը «Բուպրենոֆին» տեսակի թմրամիջոց է:
Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկություն է կատարվել Սարգիս Շ.-ի` Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում  գտնվող տանը, որտեղ տան տակ գտնվող ավտոտնակի մետաղյա պահարանի վրայից հայտնաբերվել է թղթե արկղ, որի մեջ առկա էր գործարանային փաթեթավորմամբ գետնանուշի պարկ: 36 հատ գետնանուշի կեղևների միջից հայտնաբերվել են «Բ-8» գործարանային դաջվածքով 36 դեղահաբ, նույն արկղի մեջ գտնվող մազերի լվացման հեղուկի միջից հայտնաբերվել է   5.05 գ յուրահատուկ հոտով կոշտ զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Սարգիս Շ.-ն  ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Այսօր Հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձն է

հքծԱյսօր տեղի է ունեցել ՀՀ հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր նիստ:
Բացման խոսքում Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վ. Գ. Շահինյանը շնորհավորեց Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: Նա իր ելույթում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ամենապրոֆեսիոնալ, սկզբունքային, անաչառ քննչական կառույցը, որն ի զորու կլինի կատարել ամենաբարդ, բազմադրվագ` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը, և այսօր մեր որդեգրած որակների գուցե ավելի դժվար, ավելի պատասխանատու, ավելի խոչընդատներով լի ճանապարհը պետք է անցնենք մեր շարքերում համալրվող երիտասարդ, մասնագիտական պատշաճ մակարդակ և բարոյական անհրաժեշտ հատկանիշներ ունեցող բանիմաց կադրերով:
Վահրամ Շահինյանն ասաց. «Մենք պետք է որպես սկզբունք` ընդունենք, որ Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր ծառայողի գերխնդիրն անկաշառ, անաչառ և սկզբունքային լինելն է, հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպումն ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների, օրինական շահերի պաշտպանությունը»:
Ելույթով հանդես եկավ նաև Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Արմեն Նադիրյանը, ով անդրադարձավ ծառայության կատարած աշխատանքների մասին:
Ա. Նադիրյանը խոսելով Հատուկ քննչական ծառայության գործունեության արդյունավետության մասին, հատկապես նշեց. «Ծառայությունն իր գոյության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է դառնալ ուղենշային քննչական մարմին` նախաքննություն իրականացնող մարմինների համակարգում: Դրա հետ մեկտեղ, ծառայությունն իր առջև նպատակ է դրել բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը, ապահովել ծառայության ծառայողի գործու¬նեության կազմակերպաիրավական, սոցիալական բավարար երաշխիքները, քննչա¬կան աշխատանքներում ապահովել նախադեպային իրավունքի անմիջական կիրա¬ռումը, ինչպես նաև` տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապը»:
Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն էլ, իր հերթին, անդրադարձավ ծառայության ձեռքբերումներին և ապագա անելիքներին:
– Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ իրագործումը հնարավոր կլինի ապահովել միայն բարեխիղճ ու հետևողական աշխատանքի, մասնագիտական գիտելիքների մշտական վերանայման և կատարելագործման, Մարդու իրավունքների Եվրոպական և ՀՀ վճռաբեկ դատարանների նախադեպային որոշումներին իրազեկվածության, գործնականում դրանց տեղին կիրառումն ապահովելու պայմաններում,- իր ելույթում ասաց Վ. Հովհաննիսյանը:
Ելույթներով հանդես եկան նաև Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչները: Վերջիններս, ի սրտե բարձր գնահատելով ծառայության ղեկավարների խստապահանջությունը, սակայն դրա հետ մեկտեղ` քննիչների նկատմամբ խիստ մտահոգ և աշխատանքի գնահատման անաչառ վերաբերմունքը, շնորհակալական խոսք հղեցին երկրի ղեկավարությանը իրենց նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին` իրենց ուսերին վերցնել ծառայության առջև դրված բարդ ու դժվարին խնդիրների լավագույնս կատարելու պատվավոր պարտականությունը:
Հատուկ քննչական ծառայության 6-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրել Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանին և ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Մուշեղ Բաբայանին:
Հատուկ քննչական ծառայության պետ Վ.Գ. Շահինյանը հանդիսավոր նիստի ժամանակ խրախուսեց Հատուկ քննչական ծառայության քննիչներին մեդալներով, շնորհակալագրերով և հուշանվերներով:

«Եվրատեսիլյան ֆիլմերի շաբաթ»-ի շրջանակներում 7 ֆիլմ կցուցադրվի

Nkar Առաջին ալիքի եթերում մեկ շաբաթ շարունակ հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու եվրոպական արտադրության հետաքրքիր ֆիլմեր. այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը միացել է «Եվրատեսիլյան ֆիլմերի շաբաթ» ծրագրին, որն իրականացվում է Եվրոպական հեռարձակողների միության նախաձեռնությամբ: Ծրագիրը նպատակ ունի հանրահռչակել եվրոպական մշակույթը, տարբեր ազգերի ներկայացուցիչների շրջանում վերջին տարիներին ստեղծված ֆիլմերը ճանաչելի եւ սիրելի դարձնել, հիշեցնել, որ եվրոպական արտադրության ֆիլմերը իրենց արժանի տեղն ունեն հոլիվուդյան ֆիլմերի կողքին:

Ծրագրի շրջանակում Եվրոպական հեռարձակողների միության (EBU) 26 անդամներ՝ եվրոպական հանրային հեռարձակողներ, մեկ շաբաթ շարունակ կներկայացնեն եվրոպական արտադրության լիամետրաժ ֆիլմեր, որոնք դեռեւս մեծ տարածում չեն գտել իրենց երկրի սահմաններից դուրս: Բացի ֆիլմերի ցուցադրությունից, ռադիո եւ հեռուստատեսային ալիքները կներկայացնեն նաեւ ստեղծագործական կազմի՝ դերասանների, ռեժիսորների, սցենարիստների հետ հարցազրույցներ, տարբեր տեսանյութեր ֆիլմերի ստեղծման պատմության մասին:

Ծրագրի շրջանակներում՝ դեկտեմբերի 2-8-ը, Առաջին ալիքը կներկայացնի 7 ֆիլմ՝ «Անպարտելիները», «Մյուս կինը», «Կրաուզեի բուժումը»,  «Շնիցել դրախտ», «Օկամի ածելին», «Պարետային ժամ 1», «Պարետային ժամ 2»:

Եվրոպական հեռարձակողների միության մեծ ընտանիքին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն միացել են ութ տարի առաջ:

 

 

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ

1 (2)Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 28-ին հանդիպեց Նայջել Մերմագենի ղեկավարած ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ:

ԱԺ փոխնախագահը կարեւորեց պատվիրակության այցը Հայաստան, քանի որ, նրա գնահատմամբ, տեղական ինքնակառավարման կառույցների զարգացմամբ ու ապակենտրոնացմամբ է միայն հնարավոր խոսել երկրի ժողովրդավարության լուրջ ձեռքբերումների մասին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց եվրոպացի գործընկերների աջակցությունն այս ոլորտում, հավաստիացրեց, որ նրանց առաջարկները, դիտողություններն ու օժանդակությունը շատ կարեւոր են ոլորտի հիմնախնդիրների լուծման համար եւ միաժամանակ հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

Նայջել Մերմագենը տեղեկացրեց, որ ԵԽ-ն պարբերաբար՝ 5 տարին մեկ անգամ, պատվիրակություններ է գործուղում ԵԽ բոլոր 47 երկրներ՝ ծանոթանալու եւ հետեւելու տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման եւ կոնվենցիայով նախատեսված դրույթների կատարման ընթացքին: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ նախորդ այցից հետո հատկապես զգալի տեղաշարժ կա Երեւանի կառավարման համակարգի զարգացման առումով, բայց նույնը չի կարող ասել տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխման աշխատանքների մասին:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ առաջին քայլերը ոլորտում նրանց աջակցությամբ կատարված են, եւ գործող իշխանությունները ունեն բավարար քաղաքական կամք սկսած բարեփոխումները ավարտին հասցնելու համար: Նա տեղեկացրեց, որ խորհրդարանը ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես ֆինանսական հատկացումները համայնքներին հասցեական դարձնելուն, ՏԻՄ պատվիրակված լիազորությունները արդյունավետ կիրառելուն ուղղված օրենսդրական քայլեր է իրականացնում՝ քննարկումներին ու հանրային լսումներին ներգրավելով ՏԻՄ ներկայացուցիչներին ու քաղաքացիական հասարակության կառույցներին: Նա հավաստիացրեց, որ Հայաստանի օրենսդիր մարմինը ՏԻՄ ոլորտի բարեփոխումների նպատակով հետայսու եւս պատրաստ է բաց եւ հրապարակային քննարկումներ կազմակերպելու բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ միաժամանակ ակնկալելով ԵԽ գործուն աջակցությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ ՏԻՄ ոլորտի բարեփոխումներին առնչվող այլ հարցեր:

 

Հայկական կինոյի շաբաթ Վիլնյուսում

կինոփառատոնՆոյեմբերի 25-ին Վիլնյուսում մեկնարկեց Հայկական կինոյի շաբաթը, որը կազմակերպվել է Լիտվայում ՀՀ դեսպանության եւ Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կողմից`  ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Միջոցառման առաջին օրը Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության կինոսրահում ներկայացվեց Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը»  կինոնկարը, բացման խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը եւ Լիտվայի կինոմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր Գիտիս Լուկշասը: Հայկական կինոյի փառատոնի շրջանակներում՝ մինչեւ նոյեմբերի 29-ը, Վիլնյուսում ցուցադրվելու են նաեւ վերջին տարիներին նկարահանված հայկական լավագույն կինոնկարներ`  «Եթե բոլորը», «Խճճված զուգահեռներ», «Սասունցի Դավիթ», ինչպես նաեւ մի շարք այլ կինոնկարներ: Հայկական  կինոյի օրերի անցկացումը լայնորեն լուսաբանվում է լիտվական մամուլում:

Սամվելը Արմանի համակարգիչը օգտագործել է և չի վճարել

«Այփադ 4G»Նոյեմբերի 27-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել 1996 թ. ծնված Արման Բ.-ն և հայտնել, որ հոկտեմբերին իր ծանոթ Սամվելին Մազմանյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում օրավարձով տվել է իր «Այփադ 4G» համակարգիչը, սակայն մոտ մեկ ամիս է, ինչ վերջինս խարդախությամբ և իր վստահությունը չարաշահելու միջոցով չի վճարում մոտ 12 օրվա գումարները և տիրացել է համակարգչին` պատճառելով մոտ 280.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվելը  1986 թ. ծնված Սամվել Ա.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Նախկինում դատված Գևորգը նորից գողություն է կատարել

գողությունՀոկտեմբերի 17-ին, ժամը 03.30-ին, 1954 թ. ծնված  Էդիտա Ա.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում  հաղորդում է տվել, որ հարմարեցված գործիքով մուտքի դուռը բացելով` տնից գողացել են ոսկյա մատանի, տղամարդու 3 ժամացույց, բջջային հեռախոս, հուշանվեր և 1 շիշ օղի` պատճառելով մոտ 1.700.000 դրամի նյութական վնաս:
Նոյեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի իր բնակարանից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատապարտված Գևորգ Մ.-ն:
Գևորգ Մ.-ն  ձերբակալված է:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Երթուղային ավտոբուսում Հակոբը բջջային հեռախոս է գողացել

գողությունՆոյեմբերի 27-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 42/7 շենքի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հակոբ Հ.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 26-ին, ժամը 13.00-ին,  Խանջյան փողոցում` թիվ 17 երթուղային ավտոբուսի սրահում, անծանոթ կնոջ պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Հակոբ Հ.-ն ներկայացրել է գողոնը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը պատկանում է 1978 թ. ծնված Արմինե Ղ.-ին:
Կատարվում է հետաքննություն:

Ծեծկռտուք Երևանի բուսաբանական այգու հարակից կամրջի վրա

ծեծկռտուքՆոյեմբերի 27-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի բուսաբանական այգու հարակից կամրջի վրայից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ք.-ին, 1984 թ. ծնված Բագրատ Կ.-ին, 1969 թ. ծնված Գագիկ Գ.-ին և 1985 թ. ծնված Մինաս Հ.-ին:  Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ին նշված կամրջի վրա  Անդրանիկ Ք.-ն և Բագրատ Կ.-ն վիճաբանել են Գագիկ Գ.-ի և Մինաս Հ.-ի հետ, որի ընթացքում Բագրատ Կ.-ն բռունցքով մեկ անգամ հարվածել է Գագիկ Գ.-ի դեմքին, որից հետո` Մինաս Հ.-ի աչքին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը, խարդախության` 4, յուրացման կամ վատնման` 3, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:  Բացահայտվել է գողության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, կողոպուտի 1 և գողության 2  դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում Վիեննայում

Ֆրանց Վերֆել,«Մուսա լեռան 40 օրը», 80-ամյակ,ՎիեննաԱվստրիայի հանրային ռադիոյի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Կազմակերպիչներն էին՝ Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչությունը և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: «40 օր-100 տարի. Ֆրանց Վերֆել-Գրականությունը որպես պատմության հայելի» խորագրով միջոցառման կազմակերպմանը իրենց օժանդակությունը բերեցին Ավստրիայի հանրային ռադիոյի կազմում գործող Ռադիո-Կուլտուրհաուսի խմբագրությունը, Ավստրիայի Ազգային գրադարանը, Ավստրիայի գրական ընկերությունը և «Ֆրանց-Վերֆել» կոմիտեն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը: Դեսպանն արժեվորեց Վերֆելի վեպի պատմական և գեղարվեստական նշանակությունը հայ ժողովրդի հերոսական պայքարի հավերժացման և այդ պայքարի առնչությամբ համամարդկային արժեհամակարգի բարձր նշաձողի սահմանման տեսակետից: Ավստրիայի կառավարության անունից ներկաներին ողջունեց Ավստրիայի Կրթության, արվեստի և մշակույթի նախարարության կազմում գործող մշակութային վարչության տնօրեն, նախարարական խորհրդական Օլիվեր Հենհապելը: Ողջույնի խոսքերով հանդես եկան Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի Տիրան վարդապետ Պետրոսյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության ղեկավար հայր Պողոս Կոջանյանը, Պոտսդամի Յոհաննես Լեփսիուս և Վուպպերթալի Արմին Թեո Վեգներ ընկերությունների վարչությունների անդամ Համո Պետրոսյանը: Մուսա լեռան հերոսամարտի վերաբերյալ ձեռքբերված նոր տեսանյութերի մասին զեկույցով հանդես եկավ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանը: Վերֆելի վեպում հայոց ցեղասպանության պատմական իրողության արտացոլման խնդրի շուրջ տոնական ելույթով հանդես եկավ Զալցբուրգի և Վիեննայում գործող Լոնդոնի համալսարանի դասախոս, գրականագետ պրոֆեսոր դոկտոր Ռյուդիգեր Գյորները:

Միջոցառման երկրոդ մասում Հայոց ցեղասպանության, Ֆրանց Վերֆելի վեպի շուրջ կազմակերպվեց կլոր սեղան քննարկում և մտքերի փոխանակություն՝ Ավստրիայի գրական ընկերության և Ֆրանց-Վերֆել կոմիտեի նախագահ, գրող դոկտորր Մարիանա Գրուբերի, Ֆրանց-Վերֆել կոմիտեի փոխնախագահ, պատմաբան, ցեղասպանագետ դոկտորր Արտեմ Օհանջանյանի,  Ավստրիայի Ազգային գրադարանի Ձեռագրերի և հնատիպ հրատարակությունների հավաքածուի տնօրեն դոկտոր Անդրեաս Ֆինգերնագելի մասնակցությամբ:

Ավստրիայի Ազգային գրադարանը տրամադրել էր նաև Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի ձեռագրի բնօրինակը, որը ցուցադրվեց միջոցառման շրջանակներում:

Վերֆելի վեպից հատվածների ընթերցմամբ հանդես եկավ ավստրիացի գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերը:

Հանդիսության վերջում Ավստրիայում Հայաստանի դեսպան Կիրակոսյանը ավստրիացի, գերմանացի, ավստրահայ և գերմանահայ շուրջ մեկ տասնյակ մտավորականների հանձնեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատրաստած Վերֆելի վեպի լույսընծայման 80-ամյակին նվիրված հուշամեդալներ, կատարվեց հատուկ այս միջոցառման համար հրատարակված Վերֆելի դրոշմանիշով բացիկների մարման խորհրդանշական արարողություն:

Միջոցառմանը ներկա էին Ավստրիայի կառավարության, մասնավորապես՝ արտաքին գերատեսչության, Կրթության, արվեստի և մշակույթի և այլ նախարարությունների պաշտոնատարներ, Հայաստանում Ավստրիայի դեսպան դոկտո. Ալոիս Կրաուտը, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների անդամներ, մտավորականներ, պատմաբաններ, գրականագետներ, լրագրողներ, ավստրիահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Դոլարը շարունակում է արժեզրկվել

դոլարՆոյեմբերի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 7,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404 դրամ մեկ ԱՄՆ դոլարի  դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404 դրամ:

ԿԲ նախագահը մասնակցելու է Միջպետբանկի խորհրդի նիստին

կբԿենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մոսկվա, որտեղ նոյեմբերի 29-ին մասնակցելու է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական նիստին:
Նիստի ժամանակ քննարկվելու են Միջպետական բանկի 2013 թ. իննը ամիսների գործունեությանը, ֆինանսական ռիսկերի կառավարման ոլորտում բանկում կիրառվող համակարգին, ինչպես նաև բանկի բյուջեին առնչվող հարցեր:
Այցի ընթացքում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինայի հետ:

Քիչ առաջ ավտոպատահար է տեղի ունեցել Մյասնիկյանի պողոտայում, կան վիրավորներ

ավտոպատահարՆոյեմբերի 28-ին, ժամը 14.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան փողոցի «Բելաջո» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ-24» մակնիշի 25 ՍԼ 943 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը, ինչից վարորդ Վ. Հ.-ն (ծնվ. 1959թ), ուղևորներ Է. Թ.-ն (ծնվ. 1959թ.) և Խ. Հ.-ն (ծնվ. 1998թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնց շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 

Պատահարներ Արտաշատ-Երևան, Երևան-Երասխ և Եղեգնուտ-Արևիկ ավտոճանապարհներին,տասը վիրավոր

ԱվտովթարՆոյեմբերի 27-ին, ժամը 04.50-ին, Արտաշատ-Երևան ճանապարհին` Մխչյան գյուղի հատվածում, «ԳԱԶ 2410»  մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Կորսա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 79-րդ կմ-ին  «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
*** 
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Եղեգնուտ-Արևիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հայաստանը մեկուկեսմիլիոնանոց ծերանոց դարձնելու տեսլականը

A protest actionՀայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում 2014 թ. հունվարի 1-ից գործելու է պարտադիր կուտակային բաղադրիչը, որին պարտադիր մասնակցելու են 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

Պարտադիր կուտակային բաղադրիչը նախատեսում է, որ աշխատակիցների կողմից աշխատավարձային եկամուտների 5-10%-ը պետք է փոխանցվի անձնական կենսաթոշակային (կուտակային) հաշիվներին, իսկ պետությունն աջակցելու է 5%-ով, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը:

Հանրության մի զգալի հատված վրդովված է կատարվող բարեփոխումից և չի ցանկանում իր աշխատավարձից որևէ մաս հանձնել օտարերկրյա մասնավոր հիմնադրամների: Նախ դա իրենց սոցիալական վիճակի վրա բացասաբար կարող է ազդել, բացի այդ, վստահ չեն, որ 20-30 տարի հետո իրենց ներդրած գումարները անփորձանք կվերադառնան իրենց. ոչ վաղ անցյալի դառը փորձը դեռ չի մոռացվել:

 Արծվիկ Մինասյան. «Այս համակարգն ամրագրում է մեկուկեսմիլիոնանոց Հայաստան ունենալու մոտեցումը»

մինասյան արծվիկՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը երեք հիմնական խնդիր պետք է լուծի: Առաջին խնդիրը Հայաստանում բեռնվածության գործակցի չափազանց անհամաչափությունն է՝ մեկ աշխատող մեկ թոշակառուի դիմաց, մինչդեռ կենսունակ է երեքը մեկի դիմաց տարբերակը: Այս խնդիրը, ըստ պատգամավորի, պարտադիր կուտակային նոր համակարգի ներդրմամբ չի լուծվում. «Ռեֆորմի մեջ թիրախ չկա նշված: Նպատակն աշխատատեղերի ստեղծումը չէ, վճարողների թիվը մեծացնելը չէ, ֆոնդը մեծացնելը չէ»,- թվարկում է նա:

Երկրորդ խնդիրը փոխհատուցման գործակիցն է: Երբ մարդն անցնում է թոշակի, նրան իր աշխատածի առնվազն 40%-ով պետք է փոխհատուցեն: Դա նվազագույն շեմն է, որն ամրագրված է նաև միջազգային պարտավորություններով, սակայն Հայաստանում փոխհատուցման գործակիցը կազմում է 23%: «Առաջին արդյունքը պետք է քսաներեք տարի հետո լինի, սակայն քանի որ այդ ամենը ենթարկվում է ֆինանսական, տնտեսական ռիսկի, ապա որևէ մեկն այսօր վստահաբար չի կարող ասել, որ այդ 40%-ը կապահովվի»:

Երրորդ խնդիրն արդարության սկզբունքն է. յուրաքանչյուրը պետք է ստանա այնքան թոշակ, որքան ժամանակին վճարել է կենսաթոշակային ֆոնդին: Սակայն մեզ մոտ բոլորի դեպքում գործում է հավասարության սկզբունքը` անկախ այն հանգամանքից` վճարել ես հազա՞ր դրամ, թե՞ հարյուր: Թոշակային վճարների վերադարձը որոշվում է հիմնական սոցիալական վճարով, աշխատանքային ստաժով և քաղաքական որոշմամբ հաստատված արժեքով:  «Այս սկզբունքը պահպանվում է այնքանով, որ քո ակտիվների տերը դու ես, կարող են քո վճարածին համապատասխան աճել, կարող են նվազել, դու ես որոշում` ինչպես անել: Իսկ լավ կառավարելը կախված է նրանից, թե որ ֆոնդի որ պորտֆելում ես գումարը ներդնում: Երեք հիմնական պորտֆելներ կան` ռիսկային, ցածր և միջին: Մի խոսքով, գործում է խաղատան սկզբունքը»:

Ըստ պատգամավորի` բոլոր վերլուծությունները հանգեցնում են նրան, որ մոդելը ճիշտ չի ընտրվել: Ասում է, որ ժամանակին այս մոդելով շատ երկրներ են ոգևորվել, նաև` եվրոպական երկրները, սակայն աստիճանաբար սկսել են հրաժարվել, որովհետև հասկացել են, որ սոցիալալան ոլորտի փոփոխությունները չպետք է ենթարկվեն ֆինանսական ոլորտի ռիսկերին:

Մինասյանը բերում է Արգենտինայի օրինակը, որը մեծածավալ ֆոնդեր ուներ, սակայն 2009 թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ հիմքում դրված ակտիվները թողարկող կազմակերպությունները սնանկացան, ֆոնդերը զրոյական արժեք ունեցան: Արգենտինան հետ կանչեց այդ համակարգը` անցնելով պայմանական կուտակայինի գաղափարին:

Պայմանական կուտակային կենսաթոշակային համակարգը, ըստ պատգամավորի, այդ խնդիրները լուծելու այլընտրանքն է, որը գործում է շատ երկրներում, այդ թվում և եվրոպական, բայց, ցավոք, մեր իշխանությունների կողմից անտեսվում է:

Ո՞րն է պայմանականի էությունը: Հավաքված գումարների պատասխանատուն պետությունն է, որը դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ` ստեղծելով աշխատատեղեր, մեծացնելով հարկ վճարողների բազան և զարգացնելով իր սոցիալական պաշտպանության քաղաքականությունը: Այս մոդելով ապահովվում է նաև արդարության սկզբունքը:

ԱՄՆ-ում, օրինակ, կա պարտադիր կուտակայինի գաղափարը, բայց կա նաև պետական ֆոնդեր ընտրելու հնարավորություն, որի դեպքում պետությունը երաշխավորում է  100%-ով վերադարձ` ցածր տոկոսադրույքով:

Հարց է առաջանում` ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունն իր քաղաքացիներին առաջարկել ամենախոցելի տարբերակը: Մինասյանը հիշում է օրենքի ներդրման նախապատմությունը. բարեփոխումները տասը տարի առաջ սկսեցին քննարկվել: 2003 թ. պետական կենսաթոշակների մասին օրենքում ամրագրվեց մի դրույթ, ըստ որի` կուտակային պարտադիր բաղադրիչի մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ չորս պայման բավարարվի՝ աշխատավարձերի անընդհատ աճ, ՀՆԱ-ի աճ ոչ պակաս, քան 2%, պետական բյուջեի դեֆիցիտ ոչ ավելի, քան 1% և անձնավորված հաշվառման համակարգի լիարժեք գործադրում: 2010 թ., երբ խորհրդարան բերվեց օրենքների փաթեթը, այս պայմաններից որևէ մեկը բավարարված չէր: «Ի՞նչ արեց մեր հարգարժան կառավարությունն ու իշխող քաղաքական մեծամասնությունը,- հիշում է Արծվիկ Մինասյանը,- այդ պայմանները ուժը կորցրած համարեց, ասաց, որ մենք կարող ենք հենց հիմա էլ ներդնել այդ համակարգը»:

Արծվիկ Մինասյանը ներկայացնում է համակարգի ներդրման իրական պատճառը. «Ընկերությունը ցանկություն է հայտնել գնել Հայաստանի ֆոնդային բորսան և դեպոզիտարիան: Բայց քանի որ էս երկրի կապիտալի շուկայի հերն անիծվել էր, չկար կորպորատիվ կառավարման համակարգ, կապիտալի շուկա, ապա ընկերությունն առաջարկել է իրեն շահագրգռելու համար  իրականացնել կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ և հաշիվների ողջ համակարգը հանձնել իրեն: Փաստորեն, այս բարեփոխման արդյունքում մասնավորեցվում է Հայաստանի կենսաթոշակային ողջ համակարգը»:

Բայց եթե անգամ այդ գումարները տնօրինի ոչ թե օտար մասնավոր ընկերությունը, այլ պետությունը, կա՞ արդյոք երաշխիք, որ այդ միջոցները չեն թալանվելու և ծառայելու են երկրի տնտեսության զարգացմանը: «Սա արդեն քաղաքական որոշման խնդիր է,- ասում է Մինասյանը` նշելով, որ այնուամենայնիվ ավելի լավ է այդ պատասխանատվությունը իշխանությունը կրի, քան մասնավոր օտար ընկերությունը:

Առաջ է գալիս հաջորդ հարցը` ո՞րն է Հայաստանի շահը

Տնտեսագետ պատգամավորը կարծում է, որ տեսականորեն կարելի է կապիտալի շուկայի զարգացման օգուտ ստանալ` բիզնես միջավայրի բարելավման առումով, դրսի հայտնի կազմակերպության Հայաստան գալով, որը մեր երկրի հանդեպ վստահություն կառաջացնի դրսում և այլն:  «Բայց այդ ամենը խիստ տեսական է: Ինչքան  հայտնի կազմակերպություններ գալիս են Հայաստան, դրական էֆեկտը չի երևում, որովհետև պրոբլեմը մեզ մոտ շատ ավելի խորն է»:

Մի խոսքով` Արծվիկ Մինասյանը չի հավատում ներկա կառավարության և կենտրոնական բանկի կողմից իրականացվող բարեփոխումներին:

Որո՞նք են կառավարության հիմնավորումները

Նշվում է, որ  սա նպատակ ունի ՀՀ աշխատաշուկայում արտադրողականությունը խթանել, կրճատել ստվերային տնտեսությունը և այլն: Սակայն ամենազավեշտալի հիմնավորումը Հայաստանի ժողովրդագրական վիճակի զարգացումներին է վերաբերում: Վերցված են մակրոցուցանիշները, որ այս տեմպերով մեր երկրի բնակչության թիվը 2050 թ. կլինի մեկուկես միլիոն: Եվ քանի որ ծերերի թիվը մեծանալու է, իսկ նոր ծնունդները նվազելու են, ապա բեռնվածությունը մեծանալու է, հետևաբար միջոցները պետք է տեղաբաշխել այնպես, որ ծերերի հարցը հնարավոր լինի լուծել: «Իրականում այս համակարգն ամրագրում է մեկուկեսմիլիոնանոց Հայաստան ունենալու մոտեցումը»,- նկատում է Արծվիկ Մինասյանը:

Կարելի է ձևակերպել նաև այսպես` ամրագրվում է մեկուկեսմիլիոնանոց ծերանոց ունենալու մոտեցումը:

 Հանրային խորհրդում շահագրգիռ կողմերը քննարկել են վիճահարույց «բարեփոխումը»

հանրային խորհուրդՆոյեմբերի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որին մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ, ՀՀ ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, ֆինանսատնտեսական ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ:

Վազգեն Մանուկյանը նախ առաջ է քաշել այն հարցը, թե ինչու խնդիրը դրվեց հիմա, երբ ֆինանսական, սոցիալական առումով պայմանները բոլորովին բարենպաստ չեն. համաշխարհային ֆինանսական համակարգը խիստ փոփոխական է և անկայուն, ուստի երկարաժամկետ նախագծեր կազմելը վտանգավոր է, բացի այդ, Հայաստանում սոցիալական լարվածություն կա, աշխատավարձերը ցածր են, աղքատությունը մեծ է, հանրության շրջանում ապագայի նկատմամբ մեծ անորոշություն կա:

Նա մտահոգիչ է համարել նաև շրջանառու միջոցների տնօրինման հարցը՝ նշելով, որ չնայած մասնավոր հիմնադրամների վրա դրված է պայման այդ գումարների 60 տոկոսը Հայաստանում և 40 տոկոսից ոչ ավելին դրսում ներդնելու վերաբերյալ, այնուամենայնիվ, միջոցների 40 տոկոսի դուրսհանումը նույնպես լուրջ վնաս է Հայաստանի տնտեսությանը:

ՀԽ անդամ Հայկ Սարգսյանը, որ միաժամանակ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկանն է, ներկայացրել է ֆակուլտետի մի խումբ տնտեսագետների քննարկումների արդյունքները, ըստ որի` մակրոտնտեսական տեսանկյունից սոցիալական ապահովագրության կուտակային համակարգի ներդրումը ներկայումս առաջարկվող սկզբունքներով սխալ է:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ կենսաթոշակային համակարգն իսկապես բարեփոխման կարիք ունի, սակայն այն խնդիրները, որ պետք է այդ բարեփոխումների արդյունքում լուծվեն, ոչ միայն չեն լուծվում, այլև նոր խնդիրներ են ի հայտ գալիս:

ՀԽ անդամ Արշակ Սադոյանն արդարացի չի համարել այն հանգամանքը, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցելու դեպքում պետությունը 5%-ով աջակցում է, իսկ պայմանականի դեպքում՝ ոչ: Նրա խոսքով՝ օրենքը օգտակար է որոշ անձերի համար, սակայն պետության համար շահեկան չէ:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը ներկայացրել է չորս երկրների փորձը, որոնց մեր կառավարությունը հղում է անում օրենքը կիրառելիս՝ միաժամանակ մատնանշելով օրենքի կիրառման դրական մեխանիզմները, որի պատճառով այդ երկրներում օրենքն ընդունելիս նման սոցիալական ցնցումներ տեղի չեն ունեցել: Ինչ վերաբերում է Չիլիին, որի փորձից են հիմնականում օգտվել օրենքի մշակման հեղինակները, ապա Թանդիլյանը նշել է, որ պարտադիր պայմանը կիրառվել է նոր շուկա մտնողների համար, իսկ աշխատաշուկայում արդեն իսկ գտնվող աշխատողներիի համար գործել է կամավորության սկզբունքը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Կարեն Մելիքյանն էլ առաջարկել է 500 հազար դրամից ավելի աշխատավարձի դեպքում գոնե կիրառել պայմանական վճարումը:

Կառավարության տեսակետը պաշտպանել են Կենտրոնական բանկի գլխավոր մասնագետ Վիգեն Շահնազարյանն ու ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման բաժնի պետ Արամ Ջհանգիրյանը՝ ասելով, որ համակարգի ներդրումը միմիայն սոցիալական նպատակ է հետապնդում: Նրանք համարում են, որ մասնավոր հիմնադրամների կողմից իրականացվող ներդրումները դրական ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա երիտասարդ մասնագետների կարծիքով՝ եթե ամեն ինչ դիտարկվի հնարավոր ռիսկերի տեսանկյունից, ապա որևէ բարեփոխում հնարավոր չէ իրականացնել:

Վիգեն Շահնազարյանը հայտնել է, որ պետությունը մասնավոր հիմնադրամների նկատմամբ սահմանել է ներդրումային սահմանափակումներ, որպեսզի միջոցների ներդրման ռիսկերը բաշխվեն:

Նա նաև նշել է, որ ըստ սոցիոլոգիական հարցումների՝ հանրության 51%-ը դրական է վերաբերվում կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգին, ինչին հակադրվել է Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով մի քանի ամիս առաջ արված հարցումների արդյունքները, որոնք տեղադրված են նաև կառավարության կայքէջում, ըստ որի՝ օրենքին կողմ է հանրության ընդամենը1,5%-ը:

Ի դեպ, քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն այդ կառույցից որևէ ներկայացուցիչ ներկա չի եղել:

Ամփոփելով քննարկումը՝ Վազգեն Մանուկյանն այն կարևորել է կողմերի տեսակետները լսելու և հարցադրումները որոշակիացնելու առումով: Նա տեղեկացրել է, որ Հանրային խորհուրդն առաջիկայում հարցը քննարկելու է նաև ՀԽ լիագումար նիստի ժամանակ և հայտնելու է իր դիրքորոշումը:

Անի Գասպարյան

Անկախ

Մահվան ելքով վրաերթ Գորիս քաղաքում

ՎրաերթՆոյեմբերի 27-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի և Գուսան Աշոտի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց և աջակողմյան մայթում վրաերթի ենթարկել 1990 թ. ծնված Նարեկ Տատինցյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող և խոշոր չափերի յուրացում կատարած կինը ձերբակալվել է

ձերբակալությունՆոյեմբերի 25-ին, ժամը 23.00-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնում   մի ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի սկզբին Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն ուղևորվելու 18 տոմս ձեռք բերելու համար, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 7 հասցեում ավիատոմսերի վաճառքով զբաղվող Վիկտորյա Մ.-ին փոխանցել է մոտ 12.000.000 դրամ, սակայն վերջինս տոմսեր վաճառող ընկերությանը վճարել է 3.200.000 դրամը, իսկ մնացած գումարը` յուրացրել:
Փաստի առթիվ  26.11.2013 թ. Կենտրոնականի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:
Վիկտորյա Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

՚՚՚”Հրաշք զգացողություն է”. Նազիկ Ավդալյան

նազիկԵրեկ լույս  աշխարհ է եկել ծանրամարտի աշխարհի չեմպիոն, գյումրեցի ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի եւ ծանրորդ Էրիկ Կարապետյանի առաջնեկը,archive2.ankakh.com-ը ավելի վաղ տեղեկացրել է այդ մասին: Այժմ նոր մանրամասներ ենք հաղորդում այդ ուրախալի իրադարձույունից: Փոքրիկը ծնվել է 4 կգ քաշով եւ 53 սմ հասակով: Ի պատիվ պապիկի՝ նորածինը անվանակոչվել է Վաչե: archive2.ankakh.com-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկը, որ դեռ հիվանդանոցում է, նշեց՝ ծննդաբերությունն անցել է նորմալ, ամեն ինչ հիասքանչ է, իսկ մայրական զգացողությունների մասին ասում է. ՚Հրաշք զգացողություն է, բառերով նկարագրել չի լինում: Ցանկանում եմ, որ բոլոր կանայք, ովքեր չեն զգացել՝ զգան, ովքեր էլ զգացել են՝ հասկանում են ինձ: Հրաշալի զգացողություն է՚:
Նազիկը փոխանցեց, որ դեռ երկու օր էլ կմնա հիվանդանոցում:
Մենք էլ առողջություն ու երջանկություն ենք ցանկանում փոքրին Վաչեին եւ նրա ընտանիքին: