|
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մերետե Յուլը (նստավայրը՝ Կիև): Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Դանիայի միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է հայ-դանիական հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությունը, շահագրգիռ է ընդլայնելու և խորացնելու Դանիայի Թագավորության հետ միջպետական կապերը: Նախագահի խոսքով, ասվածի վկայությունն է նաև 2011թ. Կոպենհագենում Հայաստանի դեսպանատան բացումը: Մերետե Յուլը ողջունել և կարևորել է Դանիայում Հայաստանի դեսպանատան բացումը, շեշտելով, որ իր երկրի համար դա ևս կարևոր էր և հստակ ազդանշան, որ Հայաստանը ցանկանում է է՛լ ավելի զարգացնել փոխգործակցությունը Դանիայի հետ: Նա վստահեցրել է Հանրապետության Նախագահին, որ նկատի առնելով առկա մեծ ներուժը, պաշտոնավարման ժամանակաշրջանում կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում հայ-դանիական հարաբերությունների զարգացմանը: |
Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Մշակույթի նախարարության ղեկավար անձնակազմի հետ
![]() |
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ մշակույթի նախարարություն: Պետական կառավարման մարմիններ իր նախորդ այցերի օրինակով, Հանրապետության Նախագահը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել պայմաններին ու իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ, որից հետո ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մշակութային քաղաքականության հիմնադրույթները՝ երեք հիմնական ուղղություններով. մշակութային ժառանգության պահպանություն, ժամանակակից արվեստի զարգացում, մատաղ սերնդի` որպես մշակույթի սպառողի ձևավորում: Փոխնախարարներն ու աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքները, առկա խնդիրներն ու զարգացման ծրագրերը: Նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, մասնավորապես, զեկուցել է մշակութային ժառանգության պահպանության ոլորտում՝ հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում, թանգարաններ, գրադարաններ, ոչ նյութական մշակութային ժառանգություն, իրականացված միջոցառումները և նախատեսված ծրագրերը: Նախարարի մյուս տեղակալը՝ Արթուր Պողոսյանը զեկուցել է ժամանակակից արվեստի զարգացման և տարածման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է մշակութային արտադրանքի ստեղծման համար մրցակցային դաշտի ձևավորման, ՀՀ մարզերի համաչափ զարգացման, մշակութային կրթության ոլորտում և միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված միջոցառումներին: Նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է աշխատակազմի կառուցվածքն ու գործունեությունը, առկա խնդիրները և աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Զեկույցների վերաբերյալ Հանրապետության Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրներն ու պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն մշակույթի նախարարության գործունեությանը, այլ նաև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Այդ կապակցությամբ հարցին, թե ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը գնահատում Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում կայացած հանդիպումը, և արդյո՞ք կարելի է խոսել բանակցային գործընթացում որոշակի տեղաշարժի մասին, Նախագահը պատասխանել է. «Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրո՛ք, նորմալ եմ գնահատում: Նորմալ այն առումով, որ փաստորեն այս հանդիպումը նշանակում է, ամենայն հավանականությամբ, բանակցությունների նոր փուլ և նոր սկիզբ. մենք գրեթե երկու տարի չենք ունեցել հանդիպումներ, իսկ դա նշանակում է, որ բանակցությունները բարձր մակարդակով դադարեցված էին: Ես Ադրբեջանի Նախագահի մոտ տեսա խնդիր լուծելու ցանկություն, բայց սա բավարար չէ: Նույն ցանկությունն առկա է նաև մեզ մոտ: Ես անձամբ ցանկանում եմ, որպեսզի խնդիրը լուծվի հնարավորինս սեղմ ժամկետներում, բայց թե ի՞նչ պայմաններով է ցանկանում Ադրբեջանի Նախագահը խնդիրը լուծել, և ես ի՞նչ պայմաններով եմ ցանկանում խնդիրը լուծել, ահա ամբողջ հարցը հենց այստեղ է: Բայց նորից եմ ասում, հանդիպումը դրական եմ գնահատում. մենք արդեն հանձնարարել ենք արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք դեկտեմբեր ամսվա սկզբներին մեր նոր ցուցումների հիման վրա մի բանակցային փուլ սկսեն: Դեկտեմբերին տարածաշրջան կայցելեն համանախագահները և, երևի թե, մոտակա ժամանակներում հանդիպելու այն պայմանավորվածությունը, որ մենք ձեռք բերեցինք Ադրբեջանի Նախագահի հետ, իրականություն կդառնա նաև այս հանդիպումների արդյունքների հիման վրա»: Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքի սկզբում նշելով, որ դարերի ընթացքում մեր ժողովուրդը, հաճախ դժվարին պայմաններում, հարուստ մշակութային ժառանգություն է ստեղծել, Նախագահն ընդգծել է, որ այսօր բոլորիս խնդիրն է և առաջին հերթին՝ Մշակույթի նախարարության աշխատակիցների, այդ ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը: «Սա չափազանց դժվար, մեծ և պատվաբեր աշխատանք է»,-ասել է Նախագահը՝ հավելելով, որ նախարարության աշխատանքը տարեցտարի ավելի տեսանելի է դառնում, մասնագիտական առումով՝ ավելի որակյալ և կազմակերպված: «Սա, իհարկե, չափազանց ողջունելի երևույթ է: Մարդ իր աշխատանքը պետք է սիրի և իր աշխատանքը պետք է լավ իմանա ու նաև պետք է կարողանա մատուցել: Այս պարագայում, այն փոփոխությունները, որոնք լինելու են հաջորդ տարի, կարծում եմ, ավելի դրական ազդեցություն կարող են ունենալ»,-նշել է Նախագահը: Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նաև նորահայտ պատմական արժեքների թանգարանայնացմանն ու հանրահռչակմանը: Եվ դա անել նույնպիսի չափանիշներով, որոնք համապատասխանեն միջազգային մակարդակին: «Կարծում եմ, սա չափազանց կարևոր խնդիր է: Իհարկե, մենք երբեք չպետք է մոռանանք դասականը, չպետք է մոռանանք մշակույթի այն արժեքները, որոնք, եթե կարելի է այս բառն օգտագործել, նաև ոլորտաստեղծ նշանակություն ունեն: Դրանց մենք անպայման պետք է մեծ ուշադրություն դարձնենք»,-ընդգծել է Նախագահը: Նախագահը հորդորել է նաև ստեղծագործական միությունների հետ նախարարության համագործակցությունն ավելի ակտիվ դարձնել՝ նշելով, որ չնայած դա նախարարության անմիջական պարտականությունների մեջ չի մտնում, այդուհանդերձ, այդ աշխատանքը կարևոր է և անհրաժեշտ: Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար, ՀՀ մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների պարգևատրել է ՀՀ Նախագահի շնորհակալագրերով: Խրախուսանքի են արժանացել, մասնավորապես, նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը, աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Գայանե Նազարյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: |
Ոստիկանության անծանոթ ու խորհրդավոր աշխարհում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատավորների ընդհանուր ժողովը կառավարման խորհրդում նշանակեց Համլետ Ասատրյանին
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը 2013 թվականի նոյեմբերի 22-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի համաժողովի դահլիճում հրավիրեց նիստ, որը նախագահում էր Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում ընդգրկելու համար համապատասխան դատավորի և Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի դատավոր անդամի ընտրություն։
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ժողովի բացման խոսքում Արդարադատության խորհրդի և դատական իշխանության կայացման ու զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար շնորհակալություն հայտնեց Արդարադատության խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանին, ում անդամության ժամկետն Արդարադատության խորհրդում ավարտվել է:
Դատավորների ընդհանուր ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդում նշանակեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյանին, իսկ Արդարադատության խորհրդի անդամ՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանին:
Հիվանդի որդին ծեծել է շտապօգնության բժշկին
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դավիթաշենի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդին օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին ծեծի է ենթարկել բժշկին:Հրացան` օպտիկական սարքով
Նոյեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Լվովյան փողոցի թիվ 15 շենքի դիմաց` ցանկապատ ավտոտնակում, զինամթերք է թողնում:
Նույն օրը, ժամը 12.20-ին, Լվովյան փողոցի թիվ 15 շենքի հետնամասում գտնվող ցանկապատ ավտոտնակի մոտ` մոշի թփերի մեջ, հայտնաբերվել է պլաստմասե տուփով չեխական արտադրության «CZ 513 FARMER» տիպի հրացան` օպտիկական սարքով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Գողացված ռելսերի հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ացետիլացված ափիոնը՝ քյաբաբի մեջ կալանավորին չհասավ
Գտնվելով Վանաձոր ՔԿՀ-ում և արդեն իսկ դատապարտված լինելով մի քանի տարվա ազատազրկման, Վալերիկ Հովսեփյանը հենց ազատազրկման վայրից ինտերնետային կապի միջոցով ծանոթացել է Երևանում բնակվող մի երիտասարդ կնոջ հետ, ներկայացել ԼՂՀ-ում ոսկերչությամբ զբաղվող Կարեն անունով գործարար, շահել նրա համակրանքն ու վստահությունը և պարբերաբար գումարներ ու թանկարժեք իրեր պահանջել նրանից,հաղորդում է Փաստինֆոն:
Վ.Հովսեփյանը խոստացել է ամուսնանալ նրա հետ եւ իր ծանոթ Երևան քաղաքի բնակիչ Գուրգեն Պողոսյանի միջոցով դյուրահավատ կնոջից տարբեր օրերի հափշտակել է 75 000 դրամ, 1 520 000 դրամի ոսկյա զարդեր և 259 000 դրամ արժողությամբ նոութբուք համակարգիչ: Բայց սա դեռ ամբողջը չէ. Վ.Հովսեփյանը ոգևորվելով իր նախաձեռնությունների հաջող ընթացքից` որոշել է, ազատազրկման վայրում լինելով, դրսից նաև թրմանյութ ձեռք բերել: Այդ նպատակով նա 2011 թվականի մարտին զանգահարել է իր նույն երևանցի ծանոթ Գուրգեն Պողոսյանին և հանձնարարել է ինչ-որ անձանցից վերցնել 5.864 գրամ ացետիլացված ափիոն տեսակի, տան պայմաններում պատրաստված թմրամիջոց և ուղարկել Վանաձոր: Վանաձորում թանկարժեք կապոցը` «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփի մեջ ստացել է արդեն Վալերիկ Հովսեփյանի կնոջ եղբայրը` Վահրամ Հովհաննիսյանը, եւ այն փոխանցել Աշոտ Էվոյանին: Ա.Էվոյանն էլ թմրամիջոցը թաքցրել է քյաբաբի մեջ ու փորձել ազատազրկման վայրում գտնվող իր բարեկամի հանձնուքի մեջ թաքցնելով` այն փոխանցել Վալերիկ Հովսեփյանին: Բայց թմրամիջոցը ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերվել և առգրավվել է: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Նախագահն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Համիդ Չիթչիանին՝ էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում: «Մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ որպես հուսալի հարևանի և ջերմ բարեկամի, լավ զարգացում են ապրում: Մենք այդ հարաբերությունները համարում ենք առանձնահատուկ և ցանկանում ենք խորացնել: Ձեր այցելությունը Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ, վկայում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության նույնպիսի ցանկության մասին»,-ասել է Նախագահը: Նա ընդգծել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-իրանական հարաբերությունները, այդուհանդերձ, զարգացման մեծ ներուժ ունեն: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխշահավետ համագործակցության շրջանակներում իրականացվող էներգետիկ ծրագրերի ընթացքը: Նախարար Համիդ Չիթչիանը Սերժ Սարգսյանին փոխանցել է ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները և վերահաստատել բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու իր երկրի ցանկությունն ու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է համարվում հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Ըստ նախարարի, Հայաստանի Հանրապետության հետ իր երկիրն ունի շատ լավ և ջերմ հարաբերություններ, որոնք տարեցտարի ամրապնդվում են: |
«Էրիքսոն»-ը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Էրիքսոն» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տեղական ներկայացուցչության ղեկավար Յան Քամփբելին: Կառավարության ղեկավարը կարևորել է «Էրիքսոն»-ի գործունեությունը մեր երկրում և նշել, որ այն նպաստում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացմանը:
«Էրիքսոն»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ընկերությունը շահագրգռված է ընդլայնել իր գործունեությունը մեր երկրում և այժմ դիտարկում է նոր նախագիծ:
Վարչապետը ՀՀ կառավարության աջակցությունն է հայտնել «Էրիքսոն»-ի գործունեությանը և ընդգծել, որ հեռահաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության ընդլայնումը մեծապես կարևորվում է Հայաստանի կողմից:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մեր երկրում «Էրիքսոն»-ի նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությանը: Յան Քամփբելը ողջունել է այդ գաղափարը և շահագրգռվածություն հայտնել դիտարկել այն:
ԱԳ նախարարը մասնակցեց Գերմանիայի դեսպանության շենքի վերաբացմանը
Նոյեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հայաստանում Գերմանիայի դեսպանատան վերանորոգումից հետո բացման արարողությանը, որին ներկա էին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, Հայաստանում գործող ընկերությունների և գերմանական հիմնադրամների ղեկավարներ:
Շնորհավորելով դեսպանին և դեսպանության աշխատակիցներին շենքի վերաբացման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը մասնավորապես ասաց.
“Գերմանիան առաջին երկրներից էր, որն իր դիվանագիտական ներկայացուցչությունը բացեց նորանկախ Հայաստանում:
Հիշում եմ, որ սկզբում այն տեղակայված էր Հրազդան հյուրանոցի համեստ հարկաբաժնում, այնուհետև այս գեղեցիկ առանձնաշենքում, որն այժմ լիովին հիմնանորոգված է: Գերմանիայի դեսպանատան կենսագրությունը բնորոշում է նաև մեր երկու երկրների միջպետական հարաբերությունների` այս երկու տասնամյակների ընթացքում անցած կարևոր ճանապարհը:
Գերմանիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, շատ կարևոր գործընկեր ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում: Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի կողմից Հայաստանին տնտեսական բարեփոխումների և զարգացման գործում ցուցաբերած կարևոր և շարունակական աջակցությունը:
Այսօր մեր երկու երկրների միջև հաստատված է սերտ քաղաքական երկխոսություն` ամրապնդված բարձր մակարդակի պարբերական փոխայցելություններով, առկա է արդյունավետ փոխգործակցություն` միջխորհրդարանական և տեղական իշխանությունների մակարդակով, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում:
Ընդամենը օրեր առաջ Բեռլինում կայացած հանդիպումները Գերմանիայի իմ գործընկերոջ` արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի և բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչների հետ այդ երկխոսության արտահայտությունն են և այն առավել ամրապնդելու, խորացնելու և ընդլայնելու մեր երկուստեք ցանկության վկայությունը:
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանում Գերմանիայի դեսպանության այս գեղեցիկ շենքի վերանորոգման և վերաբացման կապակցությամբ:
Վստահ եմ, որ արդիականացված շինությունում, աշխատանքային այս նոր պայմաններում, Հայաստանում Գերմանիայի դեսպանության անձնակազմը` Ձեր ղեկավարությամբ, պարոն դեսպան, առավել եռանդով կշարունակի իր կարևոր ջանքերը` ի նպաստ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման:
Նորանոր հաջողություններ եմ մաղթում Ձեզ և վերահաստատում Հայաստանի իշխանությունների ամենայն աջակցությունը Ձեր այդ կարևոր առաքելությանը:”
Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահԱնդրեյ Կլեմենտեւի հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտեւի հետ:
ՀՀ ԱԺ փոխնախագահը իր եւ Հայաստան-Լատվիայի բարեկամական խմբի անունից խորին ցավակցություն է հայտնել Ռիգայի «Maxima» առևտրի կենտրոնում տեղի ունացած արտակարգ պատահարի կապակցությամբ եւ իր վշտակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին եւ բարեկամ Լատվիայի ժողովրդին:
Դոլարը նորից իջնում է
Հայ կինն ամեն ինչի է ընդունակ. Մերի Թադեւոսյան
“Ծխախոտն օրգանիզմի վրա կարող է լուրջ ազդեցություն թողնել: Վերջին տարիներին կանաց շրջանում ծխողների թիվը բավական շատ աճել է”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծխախոտի ազդեցությունը վերարտադրողականության եւ հղիության ընթացքի վրա թեմայի շուրջ նշեց Մոր եւ մանկան գիտահետազոտական կենտրոնի ավագի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Մերի Թադեւոսյանը:
Նրա խոսքով այս ամենին զուգահեռ աճում են բազմաթիվ այլ գործոններ, որոնք վնասում են կնոջ, կամ հղի կնոջ առողջությանը: Չլինելով ծխող՝ հղի կինը կամա թե ակամա գտնվում է այնպիսի շրջապատում, որտեղ ծխախոտի ծուխը կա եւ ստանձնում է պասիվ չծխողի դերը, որը շատ մեծ վնաս է իր ապագա երեխայի առողջությանը.
“Չբերությունը կանխարգելելու համար, ամուսնական զույգերն առանձին անհատական դասընթացներ են անցնում չծխելու վերաբերյալ, քանի որ անգամ մեկ գրամ ծխախոտի ծուխը ահռելի վտագ է ներկայացնում”:
Բանախոսի համոզմամբ ծխախոտի օգտագործումը բերում է վիժումների եւ արատների զարգացման: Հայ կինն ամեն ինչի է ընդունակ: Նա հանուն իր երեխայի պատրաստ է գնալ զիջումների, անգամ ծխախոտից հրաժարվելուն: Կինը կթողնի ծխելը.
“Հոգեբանական մեծ սթրես է իրականում սովորույթից հրաժարվելը, բայց հանուն երեխայի առողջության՝ անհրաժեշտ է: Մեծ դժվարություն է դա, բայց խորհուրդների եւ ապացույցների օգնությամբ կարելի է կնոջը տրամադրել հրաժարվել այդ չարիքից”:
Տիկին Թադեւոսյանի պնդմամբ անգամ եթե կինը հղիության ընթացքում ծխում է եւ երեխան առողջ է ծնվում, դա չի նշանակում, որ մանկապարտեզում, դպրոցում, կամ առօրյա կյանքում երեխան իրեն նորմալ կպահի, այսինքն հնարավոր է, որ նա անընդհատ թույլ լինի, լավ չքնի, նորմալ չսնվի, չշփվի մարդկանց հետ եւ այլ:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Սփյուռքահայ ներդրողի շահերը ոտնահարվում են հայրենիքում, և նա հարկադված է հայց ներկայացնել ՀՀ կառավարության դեմ միջազգային ատյաններում
Այսօր սփյուռքահայ Էդմոն Խուդյանը լրագրողներին տեսակապի միջոցով խնդրեց տեղ հասցնել իր մեսիջը կամ, այլ
կերպ ասած, վերջին զգուշացումը ՀՀ կառավարությանն ու դատաիրավական համակարգին: Նախ նշենք, որ
Էդմոն Խուդյանը 2004-ից սկսած Հայաստանում ներդրումներ է կատարել, իսկ 2010-ին, պարզելով, որ իր
ներդրումներով ստեղծված ընկերությանը վտանգ է սպառնում, դիմել է Հայաստանի իրավական համակարգին՝
ընկերությունից միլլիոնավոր դոլարների հասնող թալանը կանխելու համար: Աայսօր ներդրողն արդեն սպառել է
ակնկալիքները՝ Հայաստանի ներսում իր խնդիրը լուծելու:
Լրագրողներին ուղղված իր մեսիջում նա մասնավորապես նշեց. ՛՛Ընկերությունում կատարվող հանցագործության մասին
բազմաթիվ դիմումներ ու տեղեկանքներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ Սփյուռքի և
Արդարադատության նախարարներին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Ազգային
անվտանգության ծառայություն, ՀՀ Ոստիկանություն, քրեական գործը քննող Պետական եկամուտների կոմիտե,
սակայն միջոցներ չեն ձեռնարկվում, ինչը փաստում է այն մասին, որ կազմակերպված թալանն իրականացնող
հանցագործները հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Արդյունքում ընկերությունն ամբողջությամբ
թալանվել է, ես և այլ հայ ներդրողներ, հիմնականում սփյուռքից, մեծ կորուստներ ենք կրում: Այս ամենը կատարվել
է 2010-2012թ-ին, դատախազության գիտությամբ և նրանց թողտվությամբ: 2013թ-ին, ընկերությունն
ամբողջությամբ թալանելուց հետո, դատախազությունը կալանավորում է հանցավոր խմբի անդամներից մեկին:
Կարծես թե սառույցը սկսել էր կոտրվել, կամ դատախազությունը, հասկանալով կատարված սխալը, սկսել էր միջոցներ
ձեռնարկել: Սակայն այդ թալանից տուժած քաղաքացիներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի մասով առանձնացված
քրեական գործով մեզ հայտնի է դառնում, որ դատախազության կողմից հովանավորչությունն առավել ակնհայտ ձևով է
իրականացվում, ինչի կապակցությամբ և՛ ես, և՛ տուժած քաղաքացին դիմում ենք ներկայացրել դատախազություն`
պահանջելով արդար քննություն: Սակայն այդ դիմումներն, ինչպես 2010-2012թ-ին, նորից մատնվել են
անգործության: Սա խոսում է այն մասին, որ դատախազությունը հետագայում էլ միևնույն կերպ կվարվի նաև
հանցագործությունից մյուս տուժածների, այդ թվում` իմ հարցով Պետական եկամուտների կոմիտեում քննվող գործով:
Դա անթույլատրելի է: Ես կարծում եմ, որ Հայաստանի դատախազական համակարգում տեղի ունեցող
փոփոխությունները, եթե իրականում կա այդպիսի գործընթաց, ապա` իմ հետ կապված այս երկու քրեական գործերի
կողքով են անցնում, որովհետև գործ ունենք բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչության ներքո գործող հանցավոր
խմբի հետ: ՀՀ դատախազությունը անում է ամեն ինչ գործը ձգձգելու և անուշադրության մատնելու ուղղությամբ:
ՀՀ դատա-իրավական համակարգն իմ գործերով պարբերաբար ապացուցում է հովանավորչության բեռից ազատվելու
հարցում իր անկարողությունը կամ ուղղակի նման ցանկության բացակայությունը, ուստի, տուժած քաղաքացիների
արդարացի հատուցում տեսնում եմ միայն միջազգային ատյանների կողմից կայացվելիք որոշումներում: Ստեղծված
իրավիճակում ստիպված եմ հարցի լուծումը տեղափոխել միջազգային ատյան և մոտ ժամանակներս հայց կներկայացնեմ
ԱՄՆ-ում գործող ներդրումների միջազգային կենտրոն (International Centre for Settlement of
Investment Disputes – ICSID): Այս հարկադրված քայլը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ` հանուն
Հայաստանի, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր վերականգնել արդարությունը՛՛, – նշեց Էդմոնդ Խուդյանը:
—
Լարա Առաքելյան
Աշոտյանը գյումրեցիներին.«Կամ ես ձեզ կտանեմ զագս, կամ դուք ինձ՝ դատախազություն»
archive2.ankakh.com-ն անդրադարձել է Գյումրիում երեք բուհերի միավորման և նոր բուհական հաստատության ստեղծման խնդրին: Երևանի պետական գեղարվետի ակադեմիայի, կինոյի և թատրոնի ինստիտուտի և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերի միավորման հարցի շուրջ բողոքի ակացիաներով հանդես եկան ինչպես ուսանողներն ու նրանց ծնողները, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Արդյունքը եղավ այն, որ կրթության և գիտության նախարարն անձամբ սոցիալական ցանցերում հայտարարություն տարածեց՝ կժամանի Գյումրի` հարցը տեղում քննարկելու և առաջարկությունները լսելու:
Այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոստացածի համաձայն Գյումրիում էր ու հանդիպեց այս երեք բուհերի դասախոսների ու ուսանողների հետ:
«Գաղտնիք չէ` ինձ այսօր ինչն է բերել այստեղ. մեր առաջարկությունը՝ Գյումրիում գործող երևանյան երեք բուհերի մասնաճյուղերի հենքի վրա ստեղծել Գյումրու սեփական պետական արվեստների ակադեմիա: Գաղափար, որն ունի կողմնակիցներ և, բնականաբար, հակառակորդներ: Ես չեմ եկել ձեզ ինչ-որ բան համոզելու, առավել ևս պարտադրելու, եկել եմ ավելի շատ ձեզ լսելու: Գիտեք, որ ծրագիրը չի վերաբերում միայն արվեստի բուհերին, ունենք նաև գաղափար ապագայում ստեղծել Գյումրու պետական համալսարան:
Ի դեպ, ամենահետաքրքիրն ու հաճելին այն է, որ երբ հեռավոր 2009թ. ես նշանակվեցի նախարար, նման տեսակի խոսակցություններ, առաջարկություններ, ինձ անում էին հենց գյումրեցիները: Որ Գյումրին արվեստների մայրաքաղաք է, ինչու մենք չունենք արվեստի սեփական բուհ, Գյումրիում է ստեղծվել Երևանի համալսարանը, հետո տարել եք Երևան, ինչու մեզ մոտ, հանարապետության երկրորդ քաղաքում, պետական համալսարան չեք բացում: Հիմա, երբ ես այդ առաջարկություններին հավաքական ձև և ընթացք եմ տվել, եկել ենք ձեզ մոտ քննարկելու՝ արդյո՞ք ձեր ցանկությունն ուժի մեջ է, թե ոչ:
Ես հասկանում եմ բոլոր տեսակի մտահոգությունները. միավորելով երեք մասնաճյուղերը մեկ առանձին արվեստի ակադեմիայի հարկի ներքո, վտանգ կա, որ երեք մասնաճյուղերն էլ կկորցնեն իրենց օրգանական, տարիներով մշակած հարաբերությունները երևանյան արվեստի մայր բուհերի հետ: Այս մտահոգությունը ես ընդունում եմ: Երկրորդ մտահագությունը կոլեկտիվների ներսում ունեցած խնդիրն է, թե ինչ վարչական կառուցվածք է ունենալու, ով է աշխատելու, ով ոչ, կրճատումներ լինելու՞ են և այլն, շատ բնական մտահոգություն: Երրորդ մտահոգությունն ուսանողներինն է. եթե բուհը ստեղծվի, ինչպիսի դիպլոմ է տալու այդ բուհը, դիպլոմի ճանաչման հետ կապված ուսանողները խնդիրներ կունենան, թե չէ:
Այն, ինչ մենք ուզում ենք անել, իրականում թանկ հաճույք է, որպեսզի այս միավորումը կայանա, աճի, զարգանա, նվազագույնը, հարցի լուծման ամենամեկնարկային գինը շուրջ 100 մլն դրամ է: Ես նայել եմ այս բուհերի ֆինանսական կողմն էլ ու տեսել, որ հիմնականում ֆինանսական դոտացիաներ կան երևանյան բուհերից: Այսինքն, եթե մենք ստեղծում ենք առանձին բուհ, ակնհայտ է, որ մայր բուհերն էլ փող չեն տալու, դա պետք է տա պետությունը: Հավելյալ գումար պետք է ծախսի, ինչին մենք պատրաստ ենք գնալու, եթե ձեզ հետ միասին գալիս ենք այն եզրակացության, որ Գյումրու հեռանկարի համար այս պրոեկտը ճիշտ է»:
Գյումրեցի ուսանողները նախարարին դիմավորեցին պաստառներով, որոնք արտահայտում էին իրենց տեսակետը, ինչը նախարարը շատ խուսուն համարեց:
«Մի կատակ եմ ուզում անել. ինձ հիշեցրեցիք դրվագ հայտնի ֆիլմից՝«Կովկասի գերուհին», որտեղ գլխավոր հերոսներից մեկն ասում է. էսքանից հետո կամ ես իրեն տանում եմ զագս, կամ ինքն ինձ տանում է դատախազի մոտ: Հիմա մոտավորապես նման իրավիճակ է մեզ մոտ: Ես ուզում եմ մենք գնանք զագս»: Հավաքվածները նախարարին պատասխանեցին իր հումորի մեջ. «Կա դրա «Խաթաբալայի» տարբերակը, երբ Կեկելին զոռով նշանում են»:
«Շատ լավ օրինակ բերեցիք, ես ձեզ խոստանում եմ, մինչև չսիրեք չեմ ամուսնացնի», – հակադարձեց նախարարը:
Ապա Արմեն Աշոտյանը լսեց երեք բուհերի կարծիքներն էլ, որոնցից միայն մեկն է կողմ միավորմանը, և խոստացավ քննարման արդյունքների ու առաջարկների մասին զեկուցել վարչապետին:
Մարիամ Խալաթյան
ՀՀ բնակչության կեսից ավելին թերսնվում է. ԱՎԾ
Հայաստանի համար օրական մեկ շնչի հաշվով անհրաժեշտ միջին կալորիականությունը գնահատվում է 2232 կկալ: Ազգային վիճակագրական ծառայությունն իր հաշվարկները կատարում է հիմք ընդունելով 2100 կկալ/օր: Սակայն անգամ այս նվազեցված ցուցանիշով անցած տարի ՀՀ բնակչության մոտ 53%-ը թերսնվել է: Այս մասին գրում է «168 ժամ»-ը:
Ըստ ԱՎԾ տվյալների՝ թերսնվողների ամեմամեծ բանակը Արմավիրում է՝ մարզի բնակչության 64%-ը, ապա Գեղարքունիքում՝ 57.8%, Արարատում՝ 56.9%, Երևանում՝ 56.1%, Տավուշում՝ 51.6%, Սյունիքում՝ 50.0%, Շիրակում՝ 49.1%, Կոտայքում՝ 46.9%, Լոռիում՝ 46.3%, Վայոց ձորում՝ 44.2%, Արագածոտնում՝ 33.1%:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ
– Հարց. Պարոն նախարար, Հայաստանը մասնակցելու է Վիլնյուսի գագաթաժողովին և արդյոք հայտնի՞ է Հայաստանի պատվիրակության կազմը։
– Պատասխան. Բոլոր մանրամասները պատշաճ ժամկետներում և պատշաճ կարգով կհայտնվեն։
– Հարց. Այսինքն անորո՞շ է …
– Պատասխան. Որոշված է, բայց կհայտնվի համապատասխան ժամկետներում։
– Հարց. Իսկ ի՞նչ է սպասվում, ի՞նչ պետք է կնքի Հայաստանը։
– Պատասխան. Ես արդեն ասացի, ինչ-որ լինելու է, կիմանաք պատշաճ ժամկետներում և կարգով։
– Հարց. Ի՞նչ եք կարծում, Ուկրաինայի հրաժարվելը կազդի Հայաստանի մտադրության վրա:
– Պատասխան. Ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպես է զարգացնում հարաբերությունները հարևան երկրների հետ, տարբեր տարածաշրջանային կառույցների հետ։ Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին Եվրամիության հետ, մենք բազմիցս արտահայտվել ենք։ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ բոլոր հնարավոր ուղղություններով։ Դրա մասին ասվել էր նաև այն մամլո հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր Բրյուսելում Քեթրին Էշթոնի հետ հանդիպումից հետո: Իսկ Քեթրին Էշթոնն իր կողմից հայտարարել էր, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշման հետ: Դրան հավելելու բան այս պահին չկա։
– Հարց. Պարոն նախարար, նախագա՞հն է գլխավորելու Հայաստանի պատվիրակությունը:
– Պատասխան. Ես ասացի, որ մենք կհայտնենք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակահատվածում։
– Հարց. Բայց ի՞նչ է լինելու, վերջ ի վերջո ինտրիգ է չէ՞ առաջանում:
– Պատասխան. Այցելությունների մասին, տարբեր մակարդակներով կազմակերպվող միջազգային համաժողովներին մասնակցության մասին, ինչպես դուք տեղյակ եք, սովորաբար հայտնվում է… քանի օրու՞մ: Երբեք չի եղել, որ տաս օր, կամ մեկ շաբաթ առաջ հայտնվի:
– Հարց. Պարզապես հարցը հուզում է հանրությանը, այդ պատճառով…
– Պատասխան. Ես ձեզ պատասխանեցի` կտեսնեք հաղորդագրությունը և կիմանաք:
– Հարց. Եվրամիության հետ զարգացման հեռանկարնե՞ր…:
– Պատասխան. Հեռանկարները լավ են, դրական են, մենք շարունակելու ենք համագործակցությունը:
– Հարց. Հնարավոր է, որ Ուկրաինայի հրաժարվելուց հետո Արևելյան գործընկերության շեշտադրումը Եվրամիության կողմից ավելի թուլանա, և որի մեջ է հենց Հայաստանը: Այսինքն Եվրամիության հայացքը թեքվի դեպի…
– Պատասխան. Այդ հարցը պետք է ուղղել Եվրամիությանը, իսկ ինչ-որ վերաբերում է Հայաստանին, ապա մեր մոտեցման մասին, ես ասացի:
– Հարց. Վահան Հովհաննիսյանի ագրեմանի մասով, քննարկումներ կան, ինչ կասեք։
– Պատասխան. Ագրեմանը խնդրվել է, չի խնդրվել, ինչպես է ընթանում գործընթացը՝ ըստ ընդունված կարգի այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն։ Երբ որ դեսպանի նշանակման հետ կապված գործընթացները ավարտվում են, ընդունվում է որոշում, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է հրապարակվում: Ես դա ասում եմ ոչ թե որևէ կոնկրետ նշանակման վերաբերյալ, այլ ընդհանրապես ընդունված կարգը դա է։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա.Հովհաննիսյանի պարզաբանումը ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ: Ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոխվել են նաև ռազմակայանի տեղակայման կետերը:
Մասնավորապես, առաջիկայում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման և նոր սպառազինությամբ համալրման նպատակով պլանավորվում է ռուսական կողմին ժամանակավոր օգտագործման համար տրամադրել ՀՀ ԶՈՒ-ի կողմից չօգտագործվող մի շարք տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ): ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում ստորագրման հավանություն է տվել հենց այդ նպատակով պատրաստված համաձայնագրի նախագծին:
Պարզաբանման համար պետք է նշեմ նաև, որ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում բացի «ժամանակավոր օգտագործման նպատակով փոխանցվող» տարածքներից կան նաև «համատեղ օգտագործման» կարգավիճակ ունեցող տարածքներ (օրինակ` թռիչքուղին), որոնք իրավաբանորեն կարգավորում են հայկական և ռուսական կողմերի համար այդ տարածքների համաժամանակյա օգտագործման պայմանները:
Ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ մի խումբ գործիչներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի կողմից
Հայաստանի Հանրապետության ազգային արժույթի ներդրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում պարգևատրել է մի խումբ գործիչների:
Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել 1993թ. ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին և 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանին: ՀՀ վարչապետի հուշանվերով են խրախուսվել ՀՀ ԿԲ նախկին նախագահ Իսահակ Իսահակյանը, հայկական դրամի գրանիշի համահեղինակ Կարեն Կոմենդարյանը, դրամանիշերի ձևավորող դիզայներներ Հարություն Սամուելյանը և Աշոտ Մանուկյանը, ՀՀ ԿԲ դրամագիտության փորձագետ Գևորգ Մուղալյանը, 1993-1996թթ. ֆինանսների առաջին փոխնախարար, ներկայիս էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀԽՍՀ պետբանկի հայկական գրասենյակի նախագահի տեղակալ Հենդել Ստեփանյանը և ՀՀ ԿԲ գործառնական վարչության պետ և ԿԲ վարչության անդամ Գևորգ Մաչանյանը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին ՀՀ ազգային արժույթի ներդրման 20-ամյակի կապակցությամբ և բարձր գնահատել պարգևների արժանացած անձանց ավանդը դրամի ներդրման գործում:
***
Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականացնելու նպատակով ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ ստեղծվել էր Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով՝ ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի և ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանի համանախագահությամբ, որի վրա էլ դրվել էր իրավիճակային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ դրամը:





