Հրդեհ` Դիլիջանում

հրդեհՆոյեմբերի 11-ին, ժամը 10.43-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 4/28 շենքի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շենքի ծխատարում այրվում է մրե նստվածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.15-ին, մարվել՝ 11.30-ին:

ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարների հանդիպումը Մոսկվայում

կգնՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Լիվանովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2013թ. հոկտեմբերի 1-ի 15-րդ նիստի արձանագրության կրթության և գիտության ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում` Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման գործընթացը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման հնարավորությունը, Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված ընթացքը, ինչպես նաև Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանին գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ շնորհելու և գործունեության նոր համաձայնագրի ստորագրման ընթացքը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշված ուղղություններով նախագծերն արդյունավետ և հնարավորինս կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար:

Էջմիածինը ճանաչվել է տարվա լավագույն քաղաք, Ռինդը` տարվա լավագույն գյուղ

316Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 17-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 10-ին անցկացվեց “Տարվա լավագույն համայնք-2013” մրցանակաբաշխությունը, որին ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, մարզպետներ, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: “Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին” ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր:

Փոխվարչապետը շնորհավորեց ՏԻ մարմինների ներկայացուցիչներին` օրվա կապակցությամբ եւ արդյունավետ աշխատանք մաղթեց ` համայնքների զարգացման, տեղական ժողովրդավարության ամրապնդման գործում: Նա ընդգծեց, որ այս տարիների ընթացքում մեծ ջանքեր եւ աշխատանքներ են իրականացվել ՏԻ համակարգի կայացման եւ հետեւողական զարգացման առումով, սակայն դեռ շատ անելիքներ կան համակարգի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման եւ հետագա զարգացման ուղղությամբ:

Տոնի կապակցությամբ ՏԻ համակարգում ներդրած ավանդի համար ՀՀ տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով պարգեւատրվեցին Տնտեսագիտության եւ կառավարման ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Օրդյանը, “Համայնքների ֆինանսիստների միավորման” նախագահի տեղակալ Դավիթ Թումանյանը եւ “ Հայաստանի ավագանիների ասոցիացիայի” նախագահի տեղակալ Արտակ Պետրոսյանը:

2013 թվականի լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը, լավագույն գյուղական համայնք՝ Վայոց ձորի Ռինդ համայնքը։ “Լավագույն համայնք” մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակների արժանացան նաեւ Ապարան, Քաջարան, Մերձավան, Պեմզաշեն համայնքները:

“Մաքուր համայնք”անվանակարգում մրցանակները շնորհվեցին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային եւ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղական համայնքներին: “Կանաչապատ համայնք” ճանաչվեց Լոռու մարզի Ստեփանավան քաղաքային համայնքը, Իջեւան քաղաքին այս անվանակարգում տրվեց հատուկ մրցանակ:

Մշակութային լավագույն քաղաքային համայնք ճանաչվեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքը, գյուղական համայնք` Արմավիրի մարզի Փարաքար համայնքը: Հաշվի առնելով “Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ” միջպետական ծրագրի շրջանակում “ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչված” Գյումրիում տարվա ընթացքում անցկացված միջոցառումները` Գյումրիին շնորհվեց հատուկ մրցանակ:

“Տարվա լավագույն համայնք” մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարութան եւ “Հայաստանի համայնքների միության” կողմից:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Պատի վրա նկարելու համար 4 քաղաքացիների են բերման ենթարկել

գրաֆիտիՆոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Բաղրամյան պողոտայում ծառայություն կատարելիս նկատել են ներկանյութով պատերի վրա նկարող 4 քաղաքացիների, որոնց բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ նշված անձինք են 1981 թ. ծնված  Կարեն Օ.-ն, 1979 թ. ծնված Էդգար Ա.-ն, 1974 թ. ծնված Արթուր Պ.-ն և նրա եղբայրը` 1976 թ. ծնված  Արա Պ.-ն:
Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ներկանյութ, ինչպես նաև ստվարաթղթե ձևաթուղթ` դիմագծեր պատկերելու համար:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

ԱԳ նախարարը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ—ի գլխավոր ասամբլեային

Էդվարդ ՆալբանդյանՆոյեմբերի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որտեղ նույն օրը նախատեսված է նրա ելույթը։

Նոյեմբերի 12-ին Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ժնև, որտեղ ելույթ կունենա Ժնևի համալսարանում։

Նոյեմբերի 14-ին նախարար Նալբանդյանը  Ստրասբուրգում կնախագահի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստը:

Կայան և Կայծոն բերդերի տեղադրման հարցի շուրջ

կայանԿայան և Կայծոն ամրոցների տեղադրման հարցը ժամանակին լուրջ տարակարծությունների և բանավեճերի տեղիք է տվել: Սակայն մինչ օրս գիտնականները միասնական եզրակացության չեն եկել, և հարցի կարևորությունը չի նվազել:

Տարակարծությունների պատճառները մի քանիսն են: Նախ` ամրոցներից ոչ մեկը մինչ այժմ բավարար պեղված չէ, որի պատճառով ուսումնասիրությունները սոսկ տեսական բնույթ ունեն, իսկ հայ և օտար պատմիչները ամրոցների մասին հաղորդել են անորոշ, երբեմն նաև հակասական և կցկտուր տվյալներ: Որևէ մեկը բերդերի տեղագրական ճշգրիտ նկարագրությունը չի տվել. պարզապես անդրադարձել են կողմնակիորեն:

Ուսումնասիրության համար լրացուցիչ բարդություն է առաջացնում նաև այն, որ խնդրո առարկա տարածաշրջանը` Լոռին, Սյունիքի, Տարոնի, Վասպուրականի նման չի ունեցել իր տոհմական պատմիչը: Եվ հարցը միայն ամրոցներով չի սահմանափակվում. գիտնականներից ոմանք վիճարկում են նաև Դեբեդ և Ձորագետ գետերի նույնացումը: Մասնավորապես, փորձ է արվում ապացուցելու, որ Դեբեդն ու միջնադարում հայտնի Ձորագետը տարբեր գետեր են:

Գիտնականների մի խումբ Կայանն ու Կայծոնը տեղադրում են Լոռիում` Դեբեդի հովտում. Կայծոնը` ներկայիս Շնող գյուղի տարածքում, Կայանը` Հաղբատի մոտ` Ակների սարահարթին կից բլրի ժայռոտ գագաթին:

Գիտնականների մյուս խումբը տուրք է տալիս պատմական գիտությունների դոկտոր Ռաֆայել Մաթևոսյանի այն տեսակետին, թե Կայանն ու Կայծոնը գտնվում են ոչ թե Լոռիում, այլ Տավուշում` Իջևանի տարածաշրջանում, Աղստևի հովտում: Կայծոնը նույնացվում է ներկայիս Մանթաշի, Կայանը` Կզըլ-Կալայի (Աղջկաբերդ) հետ:

Ռ. Մաթևոսյանն իր աշխատություններում ոչ միայն զույգ ամրոցները տեղադրում է Աղստևի հովտում, այլև բացառում է Լոռու ձորում Կայան անունով բերդի գոյության որևէ հնարավորություն, և միջնադարյան պատմիչների հիշատակած Ձորագետը տեղադրում է Աղստևի միջին հոսանքներում:

Հարցի մանրամասն քննությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ Կայան անունով բերդի` միայն Աղստևի հովտում գտնվելու վարկածը վիճարկելի է:

Ըստ իս` միջնադարում գոյություն ունեին Կայան անունով մի քանի ամրոցներ. մասնավորապես` Կայաններ կային և՛ Դեբեդաձորում, և՛ Աղստևի հովտում:

Ինչ վերաբերում է Կայծոնին, այն անկասկած գտնվում է Լոռիում` ներկայիս Շնող գյուղի Մեծ քարի գլուխ կոչվող թաղամասի տարածքում: Այն գրավում է ընդարձակ տարածություն և պատահական չէ, որ աղբյուրներում հաճախ հիշատակվել է որպես քաղաք: Կայծոնը հայտնի է նաև Ամանակ անունով, ինչպես նաև տեղական բարբառով` Գայձոն, Գիձեն, Գիջեն, Կիծեն անուններով:

Ռ. Մաթևոսյանը Կայծոնը տեղադրում է Աղստևի հովտում` նույնացնելով այն Մանթաշ բերդի հետ:

Սակայն, իր կարծիքը հիմնավորելու համար նա ոչ մի ստույգ փաստարկ չի բերում: Նա «Տաշիր-Ձորագետ» գրքում Կայծոնի տեղադրմանն անդրադառնում է կողմնակի` ամրոցի դիրքը որոշելիս առաջնորդվելով լոկ այն փաստով, որ Կայծոնը և Կայանը գտնվում են միմյանցից ոչ հեռու, և հնարավոր տարբերակներից, առանց լուրջ քննության, կանգ է առնում Մանթաշի վրա` անվանակոչելով նրան Կայծոն: Նա Կայծոնի Շնողում լինելը բացառում է սոսկ այն պատճառով, որ Աղստևի կայանը (Կզըլ-Կալա) Շնողից 50 կմ հեռավորության վրա է գտնվում, մինչդեռ պատմիչ Դավիթ Քոբայրեցու վկայությամբ` երկու ամրոցները նույն ձորի մեջ են` դեմ դիմաց: Դրանից Ռ. Մաթևոսյանը հետևություն է անում, որ Կայծոնը չի կարող լինել Շնողում, ու  այն ենթադրաբար նույնացնում է Մանթաշի հետ:

Ռ.Մաթևոսյանը ոչ միայն չի հիմնավորում Կայծոնի և Մանթաշի նույնացումը, այլև հաշվի չի առնում մի կարևոր հանգամանք. Իջևանի շրջանում այսօր ոչ ոք Մանթաշին Կայծոն չի կոչում, մինչդեռ Շնողում և հարակից բնակավայրերում գյուղն այսօր էլ կոչում են միջնադարյան ամրոցի անունով:

Կայծոնի շինարարության ժամանակի և հեղինակի մասին ստույգ տվյալ չկա: Չի կարելի հիմք ընդունել Մխիթար Այրիվանեցու հաղորդումը, թե «… սա է որդին Հոլոմ Վասակայ` շինողին Բջնոյ, Կայենոյ եւ Կայծենոյ … »:

Նախ` Այրիվանեցին, լինելով ԺԴ դարի պատմիչ, չէր կարող առանց աղբյուրների օգնության որոշել ամրոցների կառուցողին: Բացի այդ, Այրիվանեցու բերած փաստարկները ճշմարտացի համարել չենք կարող այն պատճառով, որ Կայան ամրոցը 922 թ. դեպքերի առթիվ արդեն հայտնի էր, մինչդեռ Հոլոմ Վասակն այդ ժամանակ ծնված չէր:

Կայան բերդի առաջին հիշատակությունը Դրասխանակերտցունն է, որն այն հիշում է 922 թ. Սահակ Սևադայի ապստամբության կապակցությամբ:

Կայանի տեղադրման հարցում ճիշտ եզրակացության է եկել Թ. Հակոբյանը, որն ընդունում է Կայան անունով երկու ամրոցների գոյությունը: Նա Կայաններից մեկը տեղադրում է Լոռիում` Դեբեդաձորում, մյուսը` Աղստևի հովտում` նույնացնելով Կզըլ-Կալայի հետ:

Իրոք, բոլոր փաստերը վկայում են երկու Կայանների գոյության մասին, պարզապես պետք է զանազանել, թե պատմիչները տվյալ դեպքում ամրոցներից որը նկատի ունեն: Սակայն այս հարցը հատուկ քննություն է պահանջում:

Երկու Կայանների ճակատագրերը տարբեր են եղել: Նրանցից առաջինը` Հաղբատավանքի Կայանը, բազմիցս ենթարկվելով թշնամական հարձակումների` երկու անգամ մասնակի և հիմնովին ավերվել է (922 թ. և 1105 թ.)` երկար ժամանակ դուրս մնալով ուշադրությունից:

Այլ է Կայծոնի ճակատագիրը, որ համեմատաբար երկար գոյատևելով որպես ամրոց` մյուս Կայանի հետ պահպանեց իր նշանակությունն ու հզորությունը մինչև մոնղոլական արշավանքները: Մենք հակված ենք այն տեսակետին, որ Լոռվա Կայանը կառուցվել է ավելի վաղ, քան Աղստևինը: Հավանաբար ամրոցը հիմնադրել են Բագրատունիները 888-ից հետո, երբ Տաշիրը խլելով վրացիներից` Աշոտ I-ը այն միացրեց Հայաստանին:

Ռ. Մաթևոսյանը, չընդունելով Հաղբատաձորում Կայանի գոյությունը, բերում է մի շարք փաստարկներ, որոնք, սակայն, քննադատությանը չեն դիմանում: Նա ամրոցը Կայան չի անվանում, այլ` «ամրոց Հաղբատա Սբ. Նշանի»` մեջբերելով ամրոցի տարածքում գտնվող Սբ. Աստվածածին եկեղեցու պատի վրայի արձանագրությունը:

Ըստ Ռ. Մաթևոսյանի` ամրոցը կառուցվել է 1233 թ. և անանուն լինելու պատճառով կոչվել է ամրոց Հաղբատա Սբ. Նշանի:

Չենք ցանկանում դիտավորություն տեսնել Ռ. Մաթևոսյանի կատարած մեջբերման մեջ, բայց արձանագրության մեջ ամենևին այդպես չի գրված և «ամրոց Հաղբատա սբ. Նշանի»-ն բերդի անունը չէ: Արձանագրության մեջ գրված է.

«Ի թւին Հայոց ՈՁԲ կամաւն Աստծոյ ես` տէր Յոհանէս, առաջնորդ Հաղբատա, քուերորդի մեծ պատրոնացն Զաքարէի եւ Իւանէի, ի ժամանակի, որ եհաս սասնումն աշխարհիս մերոյ անաւրեն խորեզմենցն, ոչ գոյր տեղի ապաստանի սուրբ Նշանիս եւ եղբարցս: Հրամանաւ քեռոյն իմո Իւանէի եւ որդոյն իւրոյ Աւագին, եւ Շահնշահի որդոյն Զաքարէի շինեցի զամրոցս եւ զեկեղեցիս Հաղբատա սուրբ Նշանիս բազում աշխատութեամբ …»:

Ինչպես տեսնում ենք արձանագրության մեջ գրված է «զամրոցս եւ զեկեղեցիս»: Այսինքն` «Հաղբատա սուրբ Նշանիս» ամրոցի անվանումը չէ, և խոսքը պարզապես ամրոցի և սուրբ Նշան եկեղեցու վերանորոգման մասին է: Բնական է` շինեցի բառը գործածված է վերանորոգել իմաստով: Ռ. Մաթևոսյանը անտեսել է արձանագրության և շաղկապը, որն էլ փոխել է իմաստը: Հեղինակը, մեջբերելով արձանագրության այն հատվածը, որ ամրոցը շինվել է որպես ապաստան Հաղբատավանքի միաբանության, նշում է, որ ամրոցը չի կարող Կայանը լինել, քանզի այն հայտնի է 922-ից, իսկ այդ ժամանակ Հաղբատավանքը կառուցված չէր:

Արձանագրության մեջ գրված է. «ի ժամանակի, որ եհաս սասանումն խորեզմցին, ոչ գոյր տեղի ապաստանի սուրբ Նշանիս եւ եղբարցս»:

Այսինքն` Խորեզմի շահ Ջալալ Էդ-Դինի արշավանքների ծանր հետևանքները հաշվի առնելով` «հրամանաւ քեռոյն իմո» եպիսկոպոսը վերականգնում է 1105 թ. ավերված ամրոցը: Ուրեմն 1105 թ. ավերված և ռազմավարական նշանակությունը կորցրած ամրոցը վերականգնվում է որպես ապաստան վանքի միաբանության:

Իր գրքում Ռ. Մաթևոսյանը փորձում է ապացուցել նաև, որ միջնադարում հայտնի Ձորագետը այժմյան Դեբեդը չէ: Նա Ձորագետը տեղադրում է Աղստևի միջին հոսանքներում, որն ընդգրկում է Տավուշ գավառը: Հեղինակը չի բացառում, սակայն, միաժամանակ երկու Ձորագետի գոյությունը:

Ստեփանոս Օրբելյանը, խոսելով Բագրատունյաց պետության սահմանների մասին, գրում է. «Այն ժամանակ Բագրատունիները իշխում էին միայն Շիրակին և Այրարատին, մինչև Գեղարքունիք, Ուտիք, Կարին, մինչև Վասպուրականի սահմանը, Ձորագետ ու Գարդման»:

Ռ. Մաթևոսյանը չի ընդունում Դեբեդի և Ձորագետի նույնացումը` պատճառաբանելով, որ Դեբեդը փոքր գետ է, որպեսզի սահմանաբաժան համարվեր:

Նախ` պետությունների և իշխանությունների սահմանաբաժան կարող է համարվել ոչ միայն փոքր գետը, այլև բլուրը, սահմանաքարը, ձորակը, ապա, եթե նույնիսկ ընդունելու լինենք, որ պատմիչը նկատի ունի Աղստևը, Դեբեդը հորդառատությամբ ու մեծությամբ ոչ միայն չի զիջում Աղստևին, այլև զգալիորեն գերազանցում է: Դեբեդի երկարությունը կազմում է 178 կմ, Աղստևինը` 133:

Պատմիչները Կայան և Կայծոն բերդերը, ինչպես նաև Հաղբատի և Սանահինի եկեղեցիները կապել են Ձորագետի, Սևորդիքի հետ:

Վարդան պատմիչը, խոսելով Հովհաննես-Սմբատ արքայի ստացած ժառանգության մասին, գրում է. «… զԿայեան, եւ զԿայծոն եւ զՏաւուշ գաւառն Սեւորդեաց…»: Նա ամրոցները տեղադրում է Սևորդիքում: Մի այլ տեղ Սևորդիքում են հիշատակվում Հաղբատն ու Սանահինը. «Եւ են ի վերայ Սաւորդեաց Ձորոյ գետին ի շինեալ հոյակապ եւ հռչակաւոր սուրբ ուխտ(ք)ն Հաղբատ եւ Սանահին, զոր շինեաց Խոսրովանուշ թագուհին` կինն Աշոտոյ Ողորմածին»:

Այսինքն` Հաղբատը, Սանահինը, Կայանը, Կայծոնը և Ձորագետը գտնվում են Սևորդիքում: Ապա նույնացվում են Տաշիր-Լոռի-Սևորդիք տեղանուները. «Տաշիր Լօռի է, ուր կան ուխտն Հաղբատ եւ Սանահին, ուր կայ տապանն սուրբ պատրիարգին Հայոց Հովհաննու Օձնեցոյն»:

Սևորդիքը Լոռիում է տեղադրում նաև Ստեփանոս Ասողիկը. «… Ճգնաւորականաց տեղիք Սեւորդեաց աշխարհին… որոնց երկոցունք տեղացն անուանք Հաղբատ եւ Սանահին…»:

Այս ու նմանօրինակ այլ փաստեր վկայում են, որ միջնադարում, Ձորագետի մասին խոսելով, պատմիչները նկատի են ունեցել այսօրվա Դեբեդը, և Ռ. Մաթևոսյանի փորձը` ժխտելու X դարում Ձորագետի գոյությունը Լոռիում, անհիմն է:

Այսպիսով, փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ միջնադարում եղել են Կայան անունով երկու ամրոցներ. մեկը Լոռիում` Հաղբատի մոտ, մյուսը` Աղստևի հովտում: Դրանց հետ հիշատակվող Կայծոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ ներկայիս Շնող գյուղի տարածքում գտնվող ամրոցը, իսկ Ձորագետը նույն Դեբեդն է, որ հայտնի է եղել նաև Քուրդ-Վաճառ, Սևորդյաց գետ անուններով:

 

 

 

 

 

Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքերում ժամը 20.00-ին ավարտվել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների քվեարկությունը:

Ընտրություններ (1)ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվել են բոլոր տեղամասային կենտրոնները: Տեղամասային ընտրական հանձնաժովներն սկսել են իրականացնել քվեարկության արդյունքների ամփոփումը:

Ժամը 20.00-ի դրությամբ, տեղամասային կենտրոններից ստացված նախնական տվյալների համաձայն,  Արարատ համայնքում քվեարկության մասնակիցների թիվը 8931 կամ 67.57% Է, իսկ Նշավան համայնքում` 681 կամ 43.63%:

 

Երկաթուղային գնացքի վագոններ են շրջվել

27.09.7Նոյեմբերի 10-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել ե/գ ռելսից, շրջվել և բռնկվել:

Ճշտվել է, որ պատահարը տեղի է ունեցել  Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանների՝ ե/գ 2808 կմ-ի, 1-3 ուղեհատվածում:

Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը:

«Մասիս» ե/գ կայարանից դեպքի վայր է մեկնել շոգեքարշ, իսկ «Գյումրի» ե/գ կայարանից՝ հրշեջ-գնացք:

Պարզվել է, որ Գյումրի-Մասիս երթուղու գնացքի 4 բենզատար ցիստեռն դուրս են եկել գծերից, շրջվել և բռնկվել:

Այնուհետև պարզվել է, որ գնացքի 34 վագոնից 6-ը բեռնված է ցորենով, 15 ցիստեռներ՝ բենզինով , 11 դատարկ բեռնատար վագոններ և 2 վագոն բեռնված փայտակոճերով:

Պատահարի հետևանքով 5 ցիստեռն դուրս են եկել ռելսերից, շրջվել և բռնկվել, իսկ 1-ը՝ այրվում է ե/գ ուղու վրա:

Դեպքի վայր ժամանած շոգեքարշը հրդեհի վայրից հեռացրել է 18 վագոն, որոնցից 9-ը՝ բենզատար ցիստեռն:

«Գյումրի» ե/գ կայարանից դեպքի վայր ժամանած շոգեքարշը հեռացրել է մնացած 10 վագոններից 9-ը (1 վագոնը դուրս եկած էր գծից):Հրշեջ-գնացքը իրականացրել է հովացման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.33-ին, մարվել՝ 06.04-ին: Ամբողջությամբ այրվել է 4 ցիստեռն, 2-ը՝ մասամբ և ե/գ մոտ 100 մ երկարության վրա` փայտակոճեր:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ ՕԿՎ պետ փ/ծ գ-տ Ա. Ցոլակյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ. Գյոզալյանը, Արմավիրի ՄՀ և ՏԱՏ պետ Ավագյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վալկոն, անվտանգության գծով տեղակալ Հակոբյանը, գլխավոր ինժեներ Եդիգարյանը:

Դեպքի մասին տեղեկացվել է ՊՀ և ՏԱՏ պետը:

Եթե ինձ հասնում է 4-10 տարի կամ 14-20, ես նստելու եմ. Վարդան Պետրոսյան,տեսանյութ

Վարդան ՊետրոսյանԴերասան Վարդան Պետրոսյանը «Սթրես» կենտրոնից Աբովյանի դատարան տեղափոխվելուց առաջ լրագրողներին ասաց, որ իր գործում եղել են իրավախախտումներ, հաղորդում է news.am-ը:

«Ես շատ ծանր վիրահատություններ եմ տարել, մի շարք հետվիրահատական միկրովիրահատություն եմ տարել։ Ես չեմ ուզում նվնվալ։ Տուն գալու հաջորդ օրը ես վատացա, շտապօգնություն են կանչել հաջորդ օրը նույնպես, բայց այստեղ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք ես կանվանեի իրավախախտումներ։ Ես անպայմանա այդ մասին ուզում եմ հայտարարությամբ հանդես գալ՝ արդեն վերակենդանացման բաժնում  որտեղ կյանքի եւ մահվան կռիվ է գնում ինձ մոտեցավ հարցաքննող քննիչ՝ գործը վարող քննիչ Հակոբյանը։ Ես նրան, բնականաբար, պատասխանեցի, որ  ես ի վիճակի չեմ եւ առանց փաստաբանի որեւէ պատասխաններ չեմ տալու, առողջական վիճակս ինձ թույլ չի տալիս։

Նա գրառումներ արեց, արձանագրություններ արեց եւ կարծես թե մենք բաժանվեցինք նորմալ, շատ հանգիստ, անալիզների համար վերցրեց քսուքներ եւ այլն, սակայն հաջորդ օրը նույնպես նա եկավ, նորից ես ասեցի, որ առանց փաստաբան իրավունք չունի ինձ հարցաքննելու՝ առավել եւս ես վերակենդանացման բաժնում ուժ չունեմ պատասխաններ տալու։ Ես երկար չէի կարողանում խոսել։ Այնուամենայնիվ, փորձեց հարցեր տալ, որից հետո թախանձագին խնդրեց իմ փաստաբանի անունը կամ հասցեն, մի բան, որ ինքն արդեն երկու կամ երեք օր առաջ գիտեր, որովհետեւ հարցաքննել էլ քրոջս եւ եղբորս որդուն եւ անձամբ ծանոթացել էր փաստաբանի հետ։ Ես ասեցի՝ չգիտեմ, որովհետեւ գիտակցությունս գնում – գալիս էր։ Ես  տեղից էլ չգիտեի համարը, գիտեի միայն, որ փաստաբան ունեմ։ Ավելի թախանձագին խնդրեց որեւէ մեկի համարը, որի միջոցով կապվի այդ փաստաբանի  հետ՝ հրաշալի իմանալով իմ քրոջ հեռախոսահամարը եւ իմ բոլոր կոնտակտները։ Ես էստեղ նորից հասկացա, որ զարտուղի ճանապարհներով սկսում է հարցաքննությունը։ Ոչ մի հարցի չեմ պատասխանել, որովհետեւ դա իմ իրավունքն է։ Հայտարարել եմ, որ սա իմ իրավունքն է,  նա ընդունել  է, գրառումներ է արել շատ երկար, որից հետո հարցրել է՝ արդյոք ունեմ ավելացնելու բան, ես ասել եմ՝ոչինչ չեմ ասել, ի՞նչ ավելացնեմ։ Գնացել է։Վարդան Պետրոսյանի հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Վարդան Պետրոսյանին կալանավորեցին

arm138399695878Կոտայքի մարզի դատարանը բավարարեց ոստիկանության ներկայացրած միջնորդությունը` հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին դերասան Վարդան Պետրոսյանի վարած «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաների բախման հետևանքով մահվան ելքով վթար էր տեղի ունեցել:

Նշենք, որ վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էր տեղափոխվել ևս 6 մարդ. «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»:

Նախաքննական մարմինը որոշում էր ընդունել ձերբակալել Վարդան Պետրոսյանին:

1in.am

Տնտեսվարողների աջակցությամբ շարունակվում է մշտադալարների ծառատունկը

001Վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ աշնանային ծառատունկին օժանդակ, մշտադալարների տունկի ծրագրին մասնակցելու վերաբերյալ։

Աջափնյակում, ըստ 40 տնտեսվարողների հայտնած տվյալների, հանրագումարով 60-ից ավելի մշտադալար ծառեր ու թփեր են տնկվելու. նոյեմբերի 9-ի դրությամբ 20 տնտեսվարողներ արդեն կատարել են պարտադիր բարեկարգման շրջանակում սույն աշխատանքները։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մշտադալարների տունկին առայժմ 40 տնտեսվարող է մասնակցում. տնկվելու է 20 եղևնի, մշտադալար 30 թուփ։

Աշնանային ծառատունկին զուգահեռ՝ տնտեսվարողների կողմից մշտադալարների տունկը կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը։

 

Առանձին եկեղեցականների կողմից հնչեցված տեսակետները միշտ չէ, որ արտահայտում են Եկեղեցու պաշտոնական կեցվածքը

100126

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնորապես նշված է.

«Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելության, այս կամ այն հարցի վերաբերյալ եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը լիազորված են հնչեցնելու համապատասխան իրավասություններով օժտված կառույցները կամ էլ մասնավոր պարագաներում Վեհափառ Հայրապետի կողմից հանձնարարական ստացած անձինք: Տարբեր կայքերում, հաղորդումներում, սոց. ցանցերում առանձին եկեղեցականների կողմից հնչեցված տեսակետները միշտ չէ, որ արտահայտում են Եկեղեցու պաշտոնական կեցվածքը»:

Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան

4534_bՆախագահ Սերժ Սարգսյան,Բյուրականի աստղադիտարան,ն այսօր այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան: Հանրապետության Նախագահը ծանոթացել է աստղադիտարանում վերջին շրջանում իրականացված վերականգնման և արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև վարչական մասնաշենքի աշխատանքային պայմաններին: Սերժ Սարգսյանն այցելել է վակուումային կայան և Վ. Համբարձումյանի անվ. աստղադիտակ:

Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ հաշվի առնելով Հանրապետության հիմնարար հետազոտությունների մեջ աստղաֆիզիկայի էական նշանակությունը և վերջինիս զարգացման համար խոշորագույն աստղադիտակի կարևորությունը, ՀՀ ԳԱԱ նախագահությունը 2012թ. հուլիսին որոշում է կայացրել այդ դիտակի արդիականացման վերաբերյալ: Այն ներառում է հայելու ալյումինային մակերևույթի նորացման, կառավարման անալոգային համակարգը թվայինի վերափոխման և նոր լուսաընդունիչների ձեռքբերման աշխատանքները:

4531_bԸստ պատասխանատուների, այս տարվա սկզբից ՀՀ ԳԱԱ նախագահության առաջարկով և ՀՀ կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանն ազգային արժեքների շարքում ընդգրկվելուց հետո, աստղադիտարանի բյուջեում ենթակառուցվածքների պահպանման և արդիականացման համար համապատասխան միջոցների տրամադրման արդյունքում հնարավորություն է ստեղծվել տարվա ընթացքում զգալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև արդիականացնել կառավարման համակարգը: Նշվել է, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը ներկայումս ավարտված է:

Երևանի քաղաքապետարանը` 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորողներին

phpThumb1Բաց նամակներով և սրտացավության ամպագոռգոռ տեսակետներով ու պնդումներով էլեկտրոնային դաշտը հեղեղած բոլոր անձանց տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին Երևան քաղաքի թվով 23 ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար որևէ կազմակերպության կողմից հայտ չի ներկայացվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորող և գերշահույթների մասին խոսողներն այսքան անտարբեր են իրենց գնահատականով նման շահավետ մրցույթի նկատմամբ այն դեպքում, երբ կարելի էր մասնակցել, հաղթել ու բոլորին ապացուցել իրենց պնդումների իրավացիությունը։

Բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պնդել այդ նույն տեսակետի ճշմարտացիությունը, առաջարկում ենք մասնակցել հայտարարված նոր մրցույթին, որը կանցկացվի դեկտեմբերի 12-ին, ինչի մասին Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 25-ին հանդես է եկել հրապարակային մրցույթի հրավեր-հայտարարությամբ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ ինչպես քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ»  բաժնում, այնպես էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում նույն օրը զետեղված սույն հայտարարության տեքստից։

Սա իրապես լավ հնարավորություն է ընձեռում ձեզ մասնակցել մրցույթին և գործնականում հիմնավորել ձեր սրտացավությունը՝ մեր բնակիչներին 100 դրամ սակագնով որակյալ և անվտանգ ծառայություն մատուցելու տեսանկյունից։

Միաժամանակ ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ Երևան քաղաքին նվիրաբերվածծ բոլոր ավտոբուսները սպասարկվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցների կողմից և հանդիսանում են համայնքային սեփականություն։

Երևանի քաղաքապետարան

Արմեն Պողոսյանը` մանրէների և տրանսպորտի գնի բարձրացման մասին

Արմեն ՊողոսյանՆոյեմբերի 10-ը որակի համաշխարհային օրն է: Այս թեմայով այսօր ասուլիս էր հրավիրել  Հայաստանի Սպառողների ասոցացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նա հավաստիացնում է, որ  այսօր մեզանում շատ ոլորտի մարդիկ իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է որակը:

«Որակը  տվյալ արտադրանքի փաստացի չափանիշների համապատասխանեցումն է հայտարարված չափանիշներին», – սահմանեց Արմեն Պողոսյանը և նշեց սննդի  ոլորտի մի քանի առաջնահերթ խնդիրներ:  Ըստ նրա` այդ խնդիրների շարքում այսօր առաջնային տեղ է զբաղեցնում մակնշումը:«Լուրջ խնդիր է նաև մանրէազերծումը: Մանրէներն  ունեն այնպիսի վարքագիծ, որ տնային պայմաններում դրանց դեմն առնել գրեթե անհնար է, ուստի արտադրամասում պետք է լինի իդեալական ստերիլություն, ինչի համար  առանձնակի մեծ գումար ու խելք պետք չէ, պետք է ընդամենը լինել պարտաճանաչ»- ասաց Արմեն Պողոսյանը:

Նա անդրադարձավ նաև տրանսպորտի խնդիրներին ու նշեց, որ, մասնակցելով հանձնաժողովի աշխատանքներին, գիտի, որ գնի թանկացումը ոչ մի լավ բանով չի ավարտվելու. «Ոչ մի լավ բան չեմ կանխատեսում, բայց հնարավոր է նաև, որ երկրորդ անգամ սոցիալական բունտ լինի, քանի որ անգամ ներկայիս վիճակում 100 դրամ սակագնով կարելի է որակապես շատ ավելի լավ տրանսպորտ ունենալ»:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները

1 (3)Ս.թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Երևանում ընթացող նիստի շրջանակներում Հայաստան ժամանած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդամ, Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի գեներալ Նադիմ Ալ-Աջվադիի հետ:

Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ռազմական կրթության, վարժանքի, ռազմական արդյունաբերության և ռազմաօդային ուժերի բնագավառներում:

«Գծատերերը, ուրեմն, փող ունեն՝ պարզապես «տակներն են դրել». Արամ Աբրահամյան

downloadՕրերս իրենց ցույցը որոշեցին անել նաեւ «գծատերերը»՝ պահանջելով ուղեվարձը դարձնել 200 դրամ:

Ես կասկածում եմ նման ցույցերի «ինքնաբուխ» լինելու մեջ՝ նախ այն պատճառով, որ նրանք, ովքեր ներկայանում են որպես «գծատեր», իրականում «proxy»-ի դեր են կատարում, նրանք գիծը «աշխատեցնողներն» են, ոչ թե տերերը: Բայց ոչ աշխատեցնողները, ոչ էլ տերերը չեն կարող ցույց անել առանց իշխանությունների ցուցումի՝ որովհետեւ նրանք կախյալ մարդիկ են:

Դրա վառ ապացույցն այն է, որ հակառակ բիզնեսի տրամաբանության՝ նրանք չեն աշխատում, երբ իշխանությունները նրանց հրահանգում են: Իսկ երբ են իշխանություններն այդպիսի հրահանգ տալիս, հիշո՞ւմ եք: Այո, այն ժամանակ, երբ վախենում են ընդդիմության հանրահավաքներից եւ ուզում են, որ մարդիկ գան Ազատության հրապարակ:

Նաեւ այն ժամանակ, երբ ընտրակաշառք ստացած քաղաքացիներին անվճար տեղափոխում են ընտրատեղամասեր: Այդ օրերին նրանք չե՞ն մտահոգվում, որ իրենց բիզնեսը տուժելու է: Ինձ թվում է՝ այս պարզ օրինակներից հասկանալի է, որ գծատերերն իրենց գլխի տերը չեն: Գծատերերի ցույցը մոտավորապես նույնն է, որ մաքսատան աշխատակիցները ցույց անեն եւ պահանջեն ավելացնել իրենց կաշառքների «ստավկեքը», կամ ճանապարհային ոստիկանները ցույց անեն՝ տեսանկարահանող սարքերը վերացնելու պահանջով, քանի որ այդ դեպքերում չեն կարողանում տուգանքն իրենց գրպանը դնել: Կամ նախարարները գնան Ազատության հրապարակ՝ «Պահանջում ենք ատկատը դարձնել 30 տոկոս» պաստառով: Գծատերերը նույն համակարգի մի մասն են, նույն՝ այսպես ասած, «կանտորան» են՝ վերը թվարկված քաղաքացիների հետ միասին, եւ նրանց «ընդվզման» պահանջները, ի վերջո, նույն պետական չինովնիկների ձգտումներն են: Դրա բնական ռեակցիան է՝ «յոլա տարեք ձեր՝ արդեն իսկ ոչ քիչ եկամուտներով»:

Ուղեվարձի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ գծատերերը (բնականաբար, իսկական գծատերերը) անեն այնպիսի ներդրումներ, որ հնարավոր լինի վարորդներին ազատել փող հավաքելու անհրաժեշտությունից եւ, հետեւաբար, «պլանից», եւ երբ բոլոր ուղեւորները կերթեւեկեն նստած, ինչպես որ պահանջում է օրենքը: Թանկացման մասին պետք է մտածել ներդրումներից հետո, ոչ թե առաջ: Այսինքն՝ գծատերերը պետք է ներդրումներ անեն իրենց՝ արդեն ստացած գերշահույթներից, ոչ թե ժողովրդից հավաքեն այդ փողերը: Որ նման ներդրումները հնարավոր են, ապացուցում է հետեւյալ փաստը. «Պալաչ» նրբագեղ մականունով գործարարը կիսաքաղաքական-կիսաանձնական դրդապատճառներով (Հայաստանում դրանք մշտապես միահյուսված են) ներդրումներ արեց եւ գնեց թանկարժեք եւ հարմարավետ ավտոբուսներ: Գծատերերը, ուրեմն, փող ունեն՝ պարզապես «տակներն են դրել»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր  

Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ

շփման գիծՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:

«Օպել-Վեկտրա»-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել դաշտը

13.05.11-6326ԱվտովթարՆոյեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և ընկել դաշտը, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Ձերբակալվածներից 14-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

arm138366475420-420x279ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն:
Ձերբակալվածներից 14-ի  նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Ավետիսյան Ավետիս (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Պետրոսյան Լիպարիտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հովհաննիսյան Արմեն (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Վարդանյան Վարդան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Առաքելյան Միսակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մարգարյան Ալբերտ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Գրիգորյան Անուշավան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հովհաննիսյան Մկրտիչ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Մկրտչյան Վահե (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Հարությունյան Հայկ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 2-րդ մաս), Պետրոսյան Տիգրան (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Պողոսյան Ալեք (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս), Մնացականյան Սևակ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. 1-ին մաս):
Ձերբակալվածներից  մնացած 6-ը ազատ են արձակվել` Տերտերյան Աշոտ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մկրտչյան Դավիթ:
Նախաքննությունը շարունակվում է: