Հանդիպում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամների հետ

Երևանի քաղաքապետարան,Կարմիր խաչի միջազգային կոմիտեԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի և նույն կազմակերպության միջազգային կոմիտեի պատվիրակ Մաթիաս Վենրիխի հետ։

Հյուրերը քաղաքապետին են ներկայացրել Հայաստանում և մասնավորապես Երևանում իրենց գործունեության ուղղվածությունը, որը հակամարտությունների հետևանքով տուժած ընտանիքներին տարաբնույթ, այդ թվում նաև հոգեբանական աջակցությունն է։

Ողջունելով հյուրերի առաքելությունը տարածաշրջանում՝  քաղաքապետը շնորհակալություն է  հայտնել նրանց ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում, մասնավորապես՝ սահմանամերձ շրջաններում իրականացվող տարբեր միջոցառումների, մարդասիրական իրավունքի և մարդասիրական համընդհանուր սկզբունքների ամրապնդմանն ուղղված գործունեության համար։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացրել հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքով անհայտ կորածների ընտանիքների հետ համատեղ մշակված հուշարձան կառուցելու մտահղացումը և դիմել է քաղաքապետին՝ տարածքի տրամադրման հարցով։

«Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել մարդասիրական համընդհանուր արժեքներին ուղղված ձեր գործունեությանը։ Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ հարցը կքննարկվի, ինչից հետո լավագույն տարբերակները կքննարկենք համատեղ»,- նշել է Երևանի քաղաքապետը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Սայաթ Նովայի 12․ Քաղաքացիները պարտադրում են օրենք

menqenq-logoՎերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը միավորվել է բիզնես շրջանակների
հետ և, ոտնահարելով ՀՀ օրենքները, ներխուժում է Երևանի բակերը՝
հակառակվելով երևանցիների կամքին և բարձրահարկեր խցկելով այնտեղ։

Ըստ էության, Երևանը քաղաքապետ չունի։ Իսկ այս ընթացքում հաջողվել է
օրինականություն հաստատել և պաշտպանել միայն այն բակերը, որտեղ
բնակիչներն ու ակտիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և սեփական
գործողություններով քաղաքապետարանին պարտադրել են հարգել իրենց կամքն ու
օրենքը։ Այդպիսի օրինակներ են Վիշապների այգին (2011), Մաշտոցի պուրակը
(2012),  Սուրենյանց այգին (2013) և բազմաթիվ այլ բակեր, որոնց թիվը
գնալով մեծանում է։ Այժմ դեռ ընթանում է Կոմիտաս 5-ի համար պայքարը։

Նույն կերպ Սայաթ Նովայի 12-ի բակում չի կարող կառուցվել բարձրահարկ
շենք, քանի որ այն հանդիսանում է հանրային օգտագործման տարածք և որոշումն
ընդունվել է օրենքների խախտումով։
Այդ ապօրինի թույլտվությունը չեղյալ համարելու միակ երաշխիքը հարակից
շենքերի բնակիչների վճռականությունն ու սահմանադրական իրավունքներին տեր
կանգնելն է։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է
անհապաղ չեղյալ համարել Սայաթ Նովա 12-ի բակի կառուցապատման ապօրինի
թույլտվությունը։ Հակառակ դեպքում քաղաքացիներն ինքնուրույն կհաստատեն
օրինականություն։

Յուրաքանչյուր շենքում և բակում մեր իրավագիտակից քայլերն են, որ ստիպում
են պաշտոնյաներին հաշվետու դառնալ երևանցիների առաջ և փոխում են
կոռուպցիայի մեջ թաթախված իրականությունը։

«Մենք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն

Հայ դպրոցականները` ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներ

օլիմպիադաՄոսկվայի Ա. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտում  անց է կացվել ԱՊՀ անդամ  և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի X միջազգային օլիմպիադան: Հայաստանը ներկայացրել է ՀՀ հանրապետական օլիմպիադայի հաղթող 10-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքականը: “Այբ” կրթահամալիրի սան Ելենա Ղուկասյանն արժանացել է  “Հասուն դատողություն” դիպլոմի, երկրորդ տեղի  և “Պատանի ընթերցող”,  “Պատանի հռետոր” անվանակարգերում դիպլոմների, ինչպես նաև  “Հանդիսատեսի համակրանք” միակ մրցանակին: Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի սան Քրիստինե Գրիգորյանն արժանացել է “Գիտելիքի բազմազանություն” դիպլոմի: Օլիմպիադայի բացարձակ հաղթող է ճանաչվել Թուրքմենստանը ներկայացնող մեր հայրենակցուհի Ռուսալինա Գրիգորյանցը: Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ուկրաինայի և Ղրղստանի հավաքականներում ևս ընդգրկված են եղել հայազգի աշակերտներ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ԱԳՆ,Էդվարդ Նալբանդյան,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներՆոյեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:

Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների, և վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրա՝ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց  առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:

Ծովագյուղում 5-ամյա երեխայի և 35-ամյա կնոջ են վրաերթի ենթարկել

ՎրաերթՆոյեմբերի 4-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի կենցաղի տան դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա և 35-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրանց տեղափոխել Սևանի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
                                                         
Նոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արզնի-Բյուրեղավան ճանապարհի խաչմերուկում վրաերթի ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
                                                           
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Ղանդիլյան փողոցի թիվ 45 շենքի դիմաց բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև հարվածել 20-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

ՃՏՊ՝ Մասիս – Ռանչպար ավտոճանապարհին

ավտոպատահար

Նոյեմբերի 5-ին, ժամը 06.24-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս – Ռանչպար ավտոճանապարհին . <<ԶԻԼ-130>> մակնիշի 33 ՕT 277 պ/հ ավտոմեքենան շրջվել էկա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարական հաշվարկ և փրկարար ջոկատը:

Դեպքի մասին տեղեկաացվել է Մասիսի շտապօգնության հերթապահը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայատված հանգամանքներում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ում  <<ԶԻԼ-130>> մակնիշի աղբատարը (վարորդ Է. Ղ.`  ծնվ. 1977 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով Է.Ղ.-ը արգելափակվել է խցիկում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Է. Ղ.-ին և տեղափոխել Մասիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Քաղաքացին մոլորվել է վրաց-ռուսական սահմանը հատելիս

աինՆոյեմբերի 4-ին, ժամը 23.59-ին ահազանգ է ստացվել, որ Հ. Ս. (ծնվ. 1977 թ.) վրաց-ռուսական սահմանը հատելիս մոլորվել է:

Ահազանգը փոխանցվել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտ և ՌԴ ԱՃԿԿ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի օրվա հերթապահից և Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ Դեպարտամենտի Ինֆորմացիոն կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են, իսկ ժամը 05.00-ին՝ լրացուցիչ ուժեր ներգրավվել աշխատանքներին:

Որոնաղափրկարարական աշխատանքները շարունակվում են և՛ Ռուսաստանի Դաշնությունում, և՛ Վրաստանի Հանրապետությունում:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հնդկաստանից դեպի Մարս հրթիռ է արձակվել

Mars-orbiter-300x266Մարսն ուսումնասիրելու “Մանգալյան” սարքով բեռնված հրթիռը տիեզերակայանից մեկնարկել է 13:08-ին (Երևանի  ժամանակով): Մարսի տրաեկտորիա այն կմտնի նոյեմբերի 30-ին:

Այդ նպատակի համար օգտագործվել է  PSLV կրող հրթիռ, որը մշակվել է Հնդկաստանի տիեզերական գործակալությունը  1990-ին:

Ոստիկանության նախկին պաշտոնյան պաշտոնեական լիազորություններն անցնելով` ապօրինի թմրամիջոցներ է իրացրել

Հատուկ քննչական ծառայությունՀատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ և 266-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով:
Ըստ դատապարտյալի հաղորդման, ՀՀ ոստիկանությունում աշխատելու ընթացքում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի նախկին պետն, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները և կատարելով իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ, 2010 թվականի օգոստոս ամսվա ընթացքում, իր աշխատասենյակի մետաղյա պահարանից երեք տարբեր օրերի ցերեկային ժամերին իրեն հանձնելու միջոցով ապօրինի իրացրել է յուրաքանչյուր անգամ մոտ մեկից երկու գրամ քաշով, զգալի չափերի հասնող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց` թմրամոլներին հյուրասիրելու, նրանց շրջանում վստահություն ձեռք բերելու և թմրավաճառների վերաբերյալ հետագայում տեղեկություններ ստանալու նպատակով:
Կատարվում է նախաքննություն:

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

դեսպան Կարեն ՆազարյանՆյու Յորքում շարունակվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանն ու նրա հիմնական կոմիտեների աշխատանքները: Նոյեմբերի 4-ին ԳԱ Երրորդ կոմիտեի օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» կետի ներքո ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նա անդրադարձավ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի եւ այդ չարիքի կանխարգելման միջազգային այլ փաստաթղթերից բխող պարտավորությունների ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերին:

ՀՀ դեսպանը նիստի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հայատյացության ահագնացող փաստերին` նշելով, որ այդ մասին շարունակում է ահազանգել միջազգային հանրությունը: Որպես օրինակ, դեսպանը նշեց, թե ինչպես Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուները հեռուտաբանավեճերի ընթացքում միմյանց մեղադրում էին հայկական արմատներ ունենալու հարցում, խոսեց այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունն օգտագործում է կրթությունը հայերի դեմ ատելություն խրախուսելու ու տարածելու համար՝ դպրոցական դասագրքերում հայերին վերագրելով «ֆաշիստ», «ահաբեկիչ» եւ այլ ձեւակերպումներով: Դեսպան Նազարյանը նաեւ նշեց, որ Ադրբեջանում այդ օրինակ բացահայտ ատելությունը հայերի հանդեպ կարելի է համեմատել ռասիզմի պատմության ամենասարսափելի օրինակների հետ, որի համար իշխանությունների կողմից գործի են դրվում բոլոր հնարավոր միջոցները: Նշելով, որ հայատյացությունը Ադրբեջանում վաղուց դարձել է պետական քարոզչամեքենայի անքակտելի մասը՝ ՀՀ դեսպանը կոչ արեց ՄԱԿ անդամ պետություններին դատապարտել Ադրբեջանում աճող անհարդուժողականության ու ռասիզմի երեւույթները՝ հավելելով, որ այդօրինակ դրսեւորումները կարող են հանգեցնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ծանրագույն ոտնահարումներին:

Քաղաքացիները մոլորվել են Արագած լեռան վրա (լրացված)

Արագած լեռՆոյեմբերի 5-ին, ժամը 00.19-ին ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են Արագած լեռան վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հավանական դեպքի վայր են մեկնել 3 հրշեջ-փրկարար և  ՀՓՋ օպերատիվ խումբը:
Ժամը 06.00-ի դրությամբ տեղանքի դժվարանցանելիության և վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ Ժամը 07.00-ի դրությամբ՝ վերսկսվել:Ժամը 08.45-ի դրությամբ 4 մոլորված քաղաքացիները ինքնուրույն հասել են Ուջան գյուղ:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպի նոր հրատարակությունն` արդեն գրախանութներում

զոլաԼույս է տեսել Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպի նոր հրատարակությունը: Գիրքը  վերահրատարակել է «Անտարես» հրատարակչությունը:
գիրքը հայերենով առաջին անգամ հրատարակվել էր 1964-ին: Նոր հրատարակության մեջ կատարվել են խմբագրական և ոճական անհրաժեշտ միջամտություններ, իսկ վեպի ֆրանսերեն երկրորդ հրատարակության համար Զոլայի գրած առաջաբանը հայերեն հրատարակվում է առաջին անգամ:

Գիրքը կարելի է ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցից:

Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Սիսիանում

ձերբակալվել էՆոյեմբերի 4-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վաչագան Մ.-ին, որը 2011 թ. մայիսի 6-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր անձնական ունեցվածքի գողության մեղադրանքով:

Ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր` Հայաստանի և Գերմանիայի միջև

 photoՆոյեմբերի 5-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2012 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը:

Համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ հետևյալ ծրագրերի համար.

  • Բաց ծրագիր «Հոսանքահաղորդման համակարգ» (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ) ծրագրի համար մինչև 75 մլն եվրո գումարի չափով վարկ,
  • «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, 1-ին փուլ» ծրագրի համար մինչև 18 մլն 500 հազար եվրո գումարի չափով վարկ:
  • Գերմանա-հայկական հիմնադրամ (ԳՀՀ) «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի համար մինչև 15 մլն եվրո գումարի չափով վարկ,
  • մինչև 750 հազար եվրո գումարի չափով  դրամաշնորհ «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար,
  •  մինչև 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհ «Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար,
  • մինչև 1 մլն 500 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Համայնքային ենթակառուցվածք, 2-րդ փուլ» ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար:

 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետից պահանջում է հրապարակային ծառայողական քննություն անցկացնել

Անահիտ-ԲախշյանԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Մարգարյան, վստահ եմ՝ հիշում եք Երևանի ավագանու հոկտեմբերի 31-ի նիստին  Երևանի քաղաքապետարանի ստացած «Ժանգոտ կողպեք» մրցանակի մասին իմ բարձրացրած հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը  հայտարարեց, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ Երևանի քաղաքապետարանին «շնորհած» «Ժանգոտ կողպեք» մրցանակը սխալմամբ է տրվել քաղաքապետարանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ ՀԿ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում:

Կենտրոնն իր կայքում (http://www.foi.am/hy/news/item/1321/)   հայտարարություն է տարածել այն մասին, որ նման փաստ չունեք և առաջարկել է քաղաքապետարանին անցկացնել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչի հիման վրա էր պարոն Մակարյանը բարձրաձայնում այդ մասին: Ես նույնպես միանում եմ այդ առաջարկին և  պահանջում   հրապարակային ծառայողական քննության անցկացում:

Շնորհակալություն համագործակցության համար»:

«Մենք չենք ամաչում, սա մեր կյանքի, կենսագրության մի մասն է». Ալեքսանդր Արզումանյանը ՀՀՇ-ի վերակազմավորման մասին

Ալեքսանդր ԱրզումանյանՀոկտեմբերի 27-ին կայացած համագումարում Հայոց համազգային շարժումը վերակազմավորվեց: Այն լուծարվել էր այս տարվա փետրվարին` որպես իրավահաջորդ հայտարարելով ՀԱԿ–ին: Այս թեմայով «Անկախը» հարցազրույց է ունեցել  ՀՀՇ հանրապետական խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:

– Պարոն Արզումանյան, մի քանի օր առաջ կայացած համագումարում ՀՀՇ–ն վերակազմավորվեց: Ինչո՞ւ: Ի՞նչ իմաստ կար փետրվարին կուսակցությունը լուծարել, իրավահաջորդ հայտարարել, ապա նորից վերակազամավորել:

– ՀՀՇ-ն լուծարելու և այն ՀԱԿ վերանվանելու որոշումը  մի շարք  դժգոհություններ առաջացրեց  մարդկանց մեջ, որոնք ինչ-ինչ պատճառներով վերջին տարիներին  տարաձայնություններ ունեին  ՀՀՇ-ի հետ, բայց կարծում էին, որ նույնիսկ այդ տարաձայնություններով ՀՀՇ-ն իրավունք ուներ շարունակելու աշխատանքները:

Մենք  մեր գործն ենք արել. 25 տարի քաղաքականության մեջ ենք և չէինք կարող հրաժարվել քաղաքականությունից, մեր աշխատանքները շարունակելու ձևեր էինք փնտրում: Երբ որոշվեց լուծարել մի կուսակցություն, որի ակունքներում ենք կանգնած եղել և մշտապես միայն այդ կուսակցության անդամ ենք եղել, մեր մի շարք համախոհների հետ որոշեցինք շարունակել մեր աշխատանքները: Հռչակել ենք, որ այն գաղափարախոսության ժառանգորդն ենք, որի վրա հիմնվել է Հայոց համազգային շարժումը, մենք կրում ենք լիբերալ- ազատական, ժողովրդավարական գաղափարներ և այն տեսլականը, որ ունեինք 88 թվականի համազգային շարժման ժամանակ: Որևէ բան չի փոխվել, մենք շարունակելու ենք պայքարել հայոց պետականության ամրապնդման և ազատական, ժողովրդավարական սկզբունքների վրա խարսխված պետականության կայացման համար:

– Մի՞թե ՀՀՇ–ի իրավահաջորդ ՀԱԿ–ը շեղվել էր այդ ուղուց:

– Կարծում ենք, որ ՀԱԿ-ը կարող է լինել գույքային  առումով իրավահաջորդ, մենք որևէ հավակնություն չունենք գրասենյակների նկատմամբ: ՀԱԿ-ը ստեղծվել է որպես մի քանի կուսակցությունների միավորում,  առանցքը եղել է Հայոց համազգային շարժումը: ՀՀՇ-ն էր, որ 2007-ին նախաձեռնեց մի շարք մարզային այցելություններ և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հորդորեց առաջադրվել 2008-ի նախագահական ընտրություններում: Հենց ՀՀՇ-ի շուրջ  ձևավորվեց այն համաժողովրդական շարժումը, որի արդյունքում 2008-ին, մեր կարծիքով, մեր թեկնածուն հաղթեց ընտրություններում: Այսինքն` ՀՀՇ-ն եղել  է այդ շարժման լոկոմոտիվը:

Փորձ արվեց ինչ-որ ինստիտուցիոնալ ձև տալ այդ  շարժմանը, բայց դա չպետք է արվեր կուսակցությունների ինքնուրույնության հաշվին: Ինչ-ինչ բյուրոկրատական մոտեցումներին ստորադասվեցին  կուսակցությունների աշխատանքները, դա անընդունելի էր: Մի շարք մարդիկ դեռ 2010-ին` ՀՀՇ 16-րդ համագումարից հետո,  դուրս եկան: Կային ներքին տարաձայնություններ, ավելին, նույնիսկ ՀՀՇ վարչության մի շարք անդամներ որակվեցին վնասարար: Այս պիտակավորումն անընդունելի է, բայց, այնուամենայնիվ, որևէ մեկը չփորձեց խոչընդոտել  ՀՀՇ աշխատանքները, այլ  փորձեցին առանձին գործել: Դրա դրսևորումներից էր  նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն ստեղծելու փորձը: Բայց երբ նահանջ կատարվեց ազատական գաղափարներից և խոսվեց այն մասին, որ ՀԱԿ-ն ավելի հակված է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը, դա մեզ  համար անընդունելի էր: Նորից կրկնեմ,  որ դա նրանց ընտրությունն էր:

Մենք չենք ամաչում և  մեր կենսագրությունից հրաժարվելու որևէ պատճառ չունենք:  Եղել են ձախողումներ, եղել են և սխալներ, պետք է  աշխատենք հաղթահարել բոլոր խնդիրները, որ կան:

– Համագումարում եղել են ներկայացուցիչներ մի քանի ընդդիմադիր կուսակցություններից, բայց ոչ ՀԱԿ–ից: Ինչպիսի՞ն են ՀԱԿ–ի և ՀՀՇ–ի հարաբերությունները:

– Մենք որևէ կուսակցության հետ խնդիր չունենք: Որպես լիբերալ ուժ` պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ, բայց  խնդիրների շուրջ, այդ համագործակցությունն ինքնանպատակ չէ: Մենք հրավիրել ենք բոլոր համախոհ կուսակցություններին, որոնց հետ պատկերացնում ենք ապագա ճանապարհ: Նրանք շատ ավելի ազատական են և այն ուժերն են, որոնք հռչակել են,  որ Հայաստանի համար անընդունելի է Մաքսային միությանն  անդամակցելը: ՀԱԿ-ից մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ հրավիրված էին, ՀԱԿ-ին մենք չենք հրավիրել, քանի որ դեռ այս  պահին չենք տեսնում ՀԱԿ-ի մոտեցումները, դեռ ավելին, կարծում ենք, որ ՀԱԿ-ն այս պահին աջակցում է այն քաղաքականությանը, որն իրականացնում է իաշխանությունը, այն է` Մաքսային միությանն անդամակցելը:

– Ո՞րն է ՀՀՇ–ի առաքելությունը քաղաքական դաշտում:

– Հայաստանում ազատական գաղափարների լուրջ պակաս կա:  Փորձելու ենք  այդ գիտակցությամբ, այդ գաղափարներով առաջնորդվող մարդկանց հետ միասին մեր ուրույն տեղը զբաղեցնել քաղաքական ներկապնակում, ազգային ժողովում և առաջ տանել այն գաղափարները, որոնք ունեցել ենք 88 թվականից: Այսօր դա ավելի հրամայական է, քանի որ սպառնալիքի տակ է մեր ինքնիշխանությունը: Մեր խորին համոզմամբ` այսօր խախտվում է Հայաստանի սահմանադրությունը. Մաքսային միությանը և նման այլ միավորմանը միանալը լուրջ վտանգ է ներկայացնում Հայաստանի անկախությանը:

– ՀՀՇ  անվանումը գոնե նախկինում ինչ–որ չափով հեղինակազրկված էր: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու կուսակցության հեղինակությունը վերականգնելու համար:

– ՀՀՇ-ն կանգնած է հայոց պետականության կայացման ակունքներում, մի շարք պանծալի հաղթանակներ են արձանագրվել այդ շարժման ղեկավարության օրոք, եղել են նաև ձախողումներ, այսօրվա խնդիրներից  շատերը, անշուշտ, այն ժամանակից են գալիս: Բայց սրանք  մեր հասարակության ընդհանուր արատներն են. ինչքան հասարակությունն է արատավորված, այնքան էլ իշխանությունը և ընդդիմությունը.  հավասարաչափ: Դա է պատճառը, որ այսօր այսպիսի տկար վիճակում են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը:  Մենք պետք է ամեն ինչ կարողանանք կառուցել  այն ամեն լավի վրա, ինչ եղել է: Իսկ վարկաբեկված-չվարկաբեկված լինելը գնահատվում է աշխատանքով:

– Իսկ ավելի հեշտ չէ՞ր լինի նոր էջից շարունակել: 

– Նման մոտեցում էլ կա, բայց մարդ իր կենսագրությունից չպետք է ամաչի: Եթե  որևէ մեկը խնդիր  է ունենում, չի գնում իր անունը փոխում, դա իր անունն է, որով  իրեն ճանաչում են: Ինչքան էլ անունդ փոխես, ի վերջո,  բովանդակությունը չես փոխի: Հիմա բովանդակություն լցնելով պետք է փոխենք մտայնությունը, ոչ թե անվանափոխությամբ: Ինչքան էլ  կուսակցությունները անունները փոխեն, գիտենք` ով իրենից ինչ է ներկայացնում:  Հիմա ցանկացած ինֆորմացիա լույսի արագությամբ  տարածվում է, բոլորն էլ գիտեն բոլորի անցյալը, արած գործերը, և յուրաքանչյուր  մարդ թող ըստ իր արածների ամաչի կամ հպարտանա:

– Նախկինում ինչ–ինչ պատճառներով ՀՀՇ–ն լքած անձանց` հին անդամների հետ  պլանավորո՞ւմ եք նորից վերամիավորվել կամ համագործակցել:

– Մենք շատերի հետ շատ ջերմ հարաբերություններ ունենք, սա իրոք եղել է համազգային շարժում, ինչ-ինչ պատճառներով տարիների ընթացքում  տարբեր մարդիկ որոշել են ուրույն ճանապարհով անցնել, մենք  գտնում ենք, որ այսօրվա վերածնվող  ՀՀՇ-ն ժառանգորդն է հենց այդ շարժման, և մենք բաց ենք  բոլոր այն մեր ընկերների առջև, որոնց հետ մենք 1988 թվականին սկսել ենք այս շարժումը: Մենք նախկինում ՀՀՇ-ի հետ եղած որևէ անհատի կամ կուսակցության հետ խնդիր չունենք: Ավելին, պատկերացնում ենք նաև համատեղ ճանապարհ:

– Համագումարում ընդունվել է նաև կուսակցության ծրագիրը, կներկայացնե՞ք հիմնական դրույթները:

– Հիմնականում խարսխված է այն տեսլականի վրա, որ հնչեցվել է դեռ 1989 թվականին և մի քանի անգամ լրամշակվել  տարբեր համագումարներում, վերջին խմբագրումը եղել է 2001-2002 թվականներին: Այն է`   ազատականություն, ժողովրդավարություն,  ԼՂՀ հարցի լուծման մեր տեսլականը և արդի մի քանի հարցերի վերաբերյալ մոտեցումներ: Կարծում ենք, որ Հայաստանի ապագան ԵՄ լիակատար անդամակցությունն է, մենք ցանկանում ենք Հայաստանում կառուցել եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն: Եվրոպական ասելով` նկատի ունեմ այն համամարդկային արժեքները, որոնցով առաջնորդվում են մի շարք զարգացած երկրներ` անկախ աշխարհագրական դիրքից: Ամեն ինչ անելու ենք` խորացնելու Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և Հայաստանը վերստին դարձնելու հուսալի գործընկեր  միջազգային հարաբերություններում, որովհետև այսօր վտանգված է Հայաստանի հուսալիության, Հայաստանը որպես գործընկեր ընկալելու հարցը մեր գործընկերների կողմից,  լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն , ԵՄ-ն թե ԻԻՀ-ն:

– Իսկ Արցախի խնդրի լուծման Ձեր տեսլականն ինչպիսի՞ն է:

– Նախ անհրաժեշտ է, որ ԼՂ-ն ներկայացված լինի բոլոր բանակցություններում, առանց ԼՂ-ի Ադրբեջանը և Հայաստանը իրավասու չեն որևէ  լուծում գտնելու: Ամեն ինչ պետք է արվի, որ իրավական կարգավիճակ ստանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքը: Մենք պատկերացնում  ենք, որ ԼՂՀ-ն և ՀՀ-ն պետք է ունենան հուսալի սահման, ԼՂ-ն պետք է ունենա պաշտպանության անհրաժեշտ համակարգեր, որպեսզի պաշտպանի իր  սահմանները, և Հայաստանը պետք է երաշխավոր լինի Լեռնային Ղարաբաղի անկախության հարցում: Իսկ ինչ ձևակերպումներ և   քայլեր կլինեն, դա արդեն ժամանակը ցույց կտա:

– Գործունեութան ի՞նչ մեթոդ եք  որդեգրելու, ձեր խոսքը  համակիրներին ինչպե՞ս եք հասցնելու:

– Բոլոր հասու  հնարավորություններով՝ երթեր, հանրահավաքներ, սոցիալական ցանցեր:  Կփորձենք հնարավորինս համախոհների լայն շրջանակ ընդգրկել: Մենք հակված ենք ունենալու կոլեգիալ կառավարմամբ կազմակերպություն, որը ոչ միայն պայքարում է ժողովրդավարության համար, այլև ժողովրդավար է իր ներքին կառուցվածքով: Մենք նաև նախատեսում ենք քաղաքացիական խորհրդի  ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն կուսակցության անդամները, այլև համախոհները: Կան մարդիկ, ակտիվիստներ, որոնք ցանկություն չունեն կուսակցական գործիչներ դառնալու, բայց ցանկություն ունեն ազդելու  ներքաղաքական կյանքի վրա, և  դրա լավագույն գործիքը կուսակցությունն է: Վստահ եմ, որ կկարողանանք ձերբազատվել այն մտայնությունից, որ ցավոք, Հայաստանում կա` մեկ առաջնորդի կուսակցություն,  այս կամ այն մարդու ամբիցիաները սպասարկող կուսակցություն: Սա լինելու է հասարակութան մի շերտի պահանջները սպասարկող կուսակցություն:

– Որքա՞ն անդամ եք ակնկալում ունենալ:

– Մենք մեր առջև նման խնդիր չենք դրել, մենք գիգանտամանիայով չենք տառապում որոշ ուժերի պես, որ հռչակում են, թե ունեն 50-60 հազար ընտրող և 30 հազար ձայն են հավաքում ընտրություններին: Հիմա կառույցների ձևավորման վրա ենք աշխատում: Առաջին համագումարին մասնակցում էր 220 պատվիրակ, որոնք ներկայացնում էին հանրապետության հինգ մարզեր: Անդամակցության գործընթացը շարունակվում է:

– Շատ է խոսվում, որ ՀՀՇ–ի վերակազմավորումից հետո «Ազատ դեմոկրատների» ապագան հարցականի տակ է: Ինչ–որ որոշում կա՞, թե ինչպիսին պետք է լինի հետագա համագործացությունը:

– Դեռ վերջնական որոշում չկա: Նույն ՀՀՇ-ից դուրս  եկած մարդիկ ձևավորեցին «Ազատ դեմոկրատները», մենք կարծում ենք, որ նույն դաշտում ենք գործում  և միասին պետք է շարունակենք, որոշումը պետք է իրենք կայացնեն, մենք  պատրաստ ենք համագործակցել, որևէ խնդիր գաղափարական առումով այս պահին չկա:

Անցած մեկ օրում. ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևան քաղաքում

վրաերթՆոյեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:                                                    

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է «ԿամԱԶ» ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:                                               

Նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

Կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը

lOGOՆոյեմբերի 6-ին՝ ժամը 14.30, Երևանի պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի ֆիզիկական կուլտուրայի դահլիճում կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը, որը բաղկացած է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ Առաջնությանը կմասնակցի շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցից։

Խաղերն անցկացվելու են սպորտային ինտելեկտուալ խաղերի դասական կանոններով։ Հարցերը տրամադրվել են Հայաստանի գիտակների ասոցիացիայի կողմից։ Երկօրյա ինտելեկտուալ խաղերի նպատակն է զարգացնել ինտելեկտուալ շարժումը Հայաստանում, բարենպաստ մթնոլորտ ստեղծել պրոֆեսիոնալ գիտակների շրջանում բնական սերնդափոխության համար, նպաստել բարեկիրթ հասարակություն կառուցելուն։

Ինտելեկտուալ խաղերի առաջնությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը և Հայաստանի գիտակների ասոցիացիան։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն