Սպասվում է առանց տեղումների եղանակ

եղանակը աշնանըՀանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 1-ին, 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Քամին հյուսիս-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 4-5 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:

Երևանում՝

Նոյեմբերի 1-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Երևանի նոյեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ՚

• Օդի առավելագույն ջերմաստիճան 23.80C (1931 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -4.20C (1889 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 10.00C

Ուղևորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է

վերակենդանացումԻնչպես նախկինում հայտնել էինք` հոկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել էր «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել էր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ, 1995 թ. ծնված Անի Ալաբերքյանը, 1969 թ. ծնված Ռիտա Հովհաննիսյանը և 2012 թ. ծնված Նարեկ Գալստյանը տեղում մահացել էին, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Ապարան» բժշկական կենտրոն:
Ուղևորներից մեկը` 2009 թ. ծնված Մանե Գալստյանը, հոկտեմբերի 29-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Բացահայտում. հյուրը երկուսուկես միլիոնի վնաս էր պատճառել տանտերերին

ձերբակալելՀոկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին,  ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարինե Ս.-ին:
Նա խոստովանել է, որ  2012 թ. օգոստոսին, հյուրընկալվելով Խորունք գյուղում բնակվող իր ամուսնու հորաքրոջ որդու  տանը, առաջին հարկի նախասրահում դրված փայտե թախտի ներքնակի տակից գողացել է 200 գ ոսկյա շղթա`  կախազարդով` պատճառելով մոտ 2.500.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Կայացել է Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանը

ինտերպոլ2013 թ. հոկտեմբերի 21-ից 25-ը Կոլումբիայի Հանրապետությունում կայացավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 142 անդամ երկրների պատվիրակություններ:
Նստաշրջանի աշխատանքները ղեկավարում էին Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահ Միռեյ Բալեստրազին եւ Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:
Նստաշրջանի աշխատանքները նպատակաուղղված էին մի շարք կարեւորագույն հարցերի քննարկմանը, այդ թվում` Ինտերպոլի կողմից տրամադրվող միջոցների ակտիվ օգտագործմանը այնպիսի հանցատեսակների դեմ պայքարում, ինչպիսիք են երեխաների սեռական շահագործումը, ահաբեկչությունը, թրաֆիքինգը, ծովահենությունը, հրազենի ապօրինի շրջանառությունն ու փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզումը եւ այլն: Քննարկվեցին հիմնական գործոնները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել հանցավոր բռնությունների զարգացման հարցում, նաեւ այն հմտությունները եւ ռազմավարությունը, որոնք կօգնեն լավագույնս պայքարել բռնությամբ ուղեկցվող հանցավորության դեմ:
Նստաշրջանում քննարկվեցին նաեւ քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման եւ Կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր` անդրազգային ահաբեկչության նոր խնդիրները, կազմակերպված հանցավորությունը եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունները, այդ թվում` դրամանենգությունը եւ կեղծարարությունը, կիբերհանցավորությունը եւ այլն:
Քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:
ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների, Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ այլ երկրների, Թուրքիայի, Կիպրոսի, Դանիայի, ԱՄԷ եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների եւ ոստիկանական ծառայությունների ղեկավարների հետ:
Գլխավոր ասամբլեայի հաջորդ` 83-րդ նստաշրջանը տեղի կունենա 2014 թ. աշնանը, Մոնակոյում:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ

Յոթ տարի առաջ կատարված ոսկյա զարդերի գողությունը բացահայտվեց

ոստիկանություն3Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Մեսրոպ Բ.-ին: Նա խոստովանել է, որ 2006 թ. նոյեմբերին, բաց դռնից մտնելով Արազի փողոցի տներից մեկը, հյուրասենյակի բազմոցի հետնամասից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Պատահարից մեկ օր անց վարորդը հիվանդանոցում մահացել է

դիակԻնչպես նախկինում տեղեկացրել էինք` հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «HOWO» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 203-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վարորդը`  ԻԻՀ  քաղաքացի, 1984 թ. ծնված  Մեհդի Կհեիրջոույենգջեհը, հոկտեմբերի 30-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցում մահացել է:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը, իսկ յուրացման կամ վատնման` 2,  խարդախության` 4,  կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վարչապետի մասնակցությամբ բացվել են Վարդենիսի սոցիալական ծառայությունների կենտրոնը և Վաղաշենի նորակառույց դպրոցը

վարչապետը վարդենիսումՎարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Ընդհանուր առմամբ, մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնը սպասարկելու է 36 համայնքի, 12 հազար բնակչի: Իրականացվել է նաև կենտրոնի սոցիալական աշխատողների վերապատրաստում:
Սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: Այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը:
Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012 թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 50-ից ավելի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Վաղաշեն համայնք` ներկա գտնվել տեղի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքերից: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով: Դպրոցի կառուցման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է 830 մլն դրամ: Ներկայում կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացնում է 10 կրթական օբյեկտի շինարարություն, որոնցից 4-ը շահագործման կհանձնվեն այս տարի: Մեծ ուշադրություն է դարձվում հատկապես օբյեկտների սեյսմակայունության ապահովմանը:
2014 թվականին նախատեսվում է նաև վերանորոգել Գավառի թատրոնը և Գետաշենի մանկապարտեզը:
Վարդենիսի և Վաղաշենի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին` սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ գործնական ծրագրեր իրականացնելու և ուսումնական հաստատությունների կառուցմանն ու հիմնանորոգմանը հետամուտ լինելու համար:

Հերթական նորամուտը` Վաղաշեն գյուղի դպրոցում

վաղաշենԱյս տարվա հերթական նորամուտն արձանագրվեց Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի դպրոցում: Դպրոցի բացման հանդիսությունը իր ներկայությամբ պատվեցին նաեւ աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Շնորհավորելով Վաղաշենի բնակչությանը ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունենալու առթիվ` ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը կարեւորեց նորոգ կրթական օբյեկտների դերը գյուղական համայնքների պահպանության գործում: Նա տեղեկացրեց, որ թեպետ, դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2005 թվականին, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են 2012-2013 թթ.: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցի ընդհանուր մակերեսն ավելի քան 5600 քմ է: Դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքից՝ 2 ուսումնական, 1 մարզական եւ 1 ճաշարանային: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին եւ արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական եւ ջրամատակարարմամբ, ջեռուցման եւ կոյուղու համակարգերով, արտաքին գազի եւ էլեկտրական մատակարարման համակարգերով եւ առանձին կաթսայատնով: ՀՀ քաղաքաշինության նախարարության տնտեսումների հաշվին բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: 2005-2013 թթ. դպրոցի կառուցման վրա ծախսվել է շուրջ 830.0 մլն դրամ գումար:

Խոսելով Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի շրջանակներում ընթացող շինարարական աշխատանքների մասին` նախարար Սամվել Թադեւոսյանը տեղեկացրեց, որ ներկայումս մարզում ընթացող 10 կրթական օբյեկտից այս տարի շահագործման կհանձնվեն 4-ը: Մնացած շինարարական օբյեկտներից` Ծովինար եւ Արծվանիստ գյուղերի դպրոցների համար պատվիրվել է վերակառուցման նոր նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք ընդգրկելու են նաեւ ուժեղացման աշխատանքներ: “Կրթական օբյեկտների հիմնանորոգման վերաբերյալ, ես բազմիցս առիթ ունեցել եմ հայտարարելու քաղաքաշինության նախարարության մոտեցման մասին: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նախ, հետազոտություններ են իրականացվում 2-րդ եւ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ գնահատելով դրանց սեյսմիկ խոցելիության աստիճանը: Ապա` ըստ անհրաժեշտության իրականացվում են ուժեղացման կամ վերակառուցման աշխատանքներ` բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը, որից հետո նոր իրականացվում է նորոգման աշխատանքներ: Նշածս երկու գյուղերի դպրոցները հենց այդ դեպքն է”,-ընդգծեց քաղաքաշինության նախարարը:

Տեղեկացնենք նաեւ, 2014 թվականին Գեղարքունիքի մարզում շահագործման կհանձնվի երկու շինարարական օբյեկտ: Եկող տարվա բյուջեում նախատեսված է նաեւ Գավառի թատրոնի եւ Գետաշենի մանկապարտեզի շենքերի նորոգումը, որոնց նախագծային աշխատանքներն արդեն արվել են քաղաքաշինության նախարարության այս տարվա տնտեսումների հաշվին:

ՃՏՊ “Բելաջիո” ռեստորանի մոտակայքում (լրացված)

ավտոպատահարՀոկտեմբերի 31-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի “Բելաջիո” ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած.անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են  “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի 207 ՍԼ 64 պետհամարանիշով ավտոմեքենան վարորդ՝ Գ. Ա.-ն, (ծնվ. 1984 թ.) և “Գազ 53”  մակնիշի 270 ԼՕ 64 պետհամարանիշով  ջրատար ավտոմեքենան վարորդ՝ Խ. Ա., (ծնվ. 1958 թ.):
Փրկարարներն ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել Գ. Ա.-ին (ծնվ. 1984 թ.):
Շտապօգնության աշխատակիցները, տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, վիճակը գնահատվել է բավարար:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությանը

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է խորհրդարանական պատվիրակության անդամներին մեր երկրում, ընդգծելով, որ պատգամավորների այցը Հայաստան լավ հնարավորություն է ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, զգալու մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը հնդիկ ժողովրդի նկատմամբ: Նախագահը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և հույս հայտնել, որ Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչներն արդյունավետ քննարկումներ են ունեցել հայ գործընկերների հետ:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ խորհրդարանների միջև կառուցողական և սերտ համագործակցության զարգացմանն զգալիորեն նպաստում է նաև երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի աշխատանքը:

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև գոյություն ունեն քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, երկու երկրները սերտորեն փոխգործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում և շատ հարցերում ունեն ընդհանուր մոտեցումներ, ինչը լավ հիմք է զարգացնելու հարաբերությունները նաև առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում: Կողմերի համոզմամբ, դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական ջերմ բարեկամական հարաբերությունները, սերտ մշակութային կապերը պահպանվում և ամրապնդվում են նաև Հնդկաստանի հայ համայնքի շնորհիվ:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի ժողովրդին և կառավարությանը՝ հայ համայնքի, հայկական եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերվող աջակցության և հոգատար վերաբերմունքի համար:

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և զարգացման զգալի ներուժ ունեցող մի շարք ոլորտներում՝ ՏՏ, կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ, համագործակցության խորացման հնարավորությունները, ինչն իր հերթին կխրախուսի երկու երկրների տնտեսություններում փոխադարձ ներդրումները:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի պատվիրակության անդամներին ցավակցություն է հայտնել Հնդկաստանում երեկ տեղի ունեցած խոշոր ավտոտրանսպորտային պատահարի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին, իսկ զոհվածների հարազատաներին հայտնել իր զորակցությունը:

Պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին անկեղծ ու ջերմ խոսքերի համար և ընդգծել, որ Հնդկաստանը մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացմանը:

Մեկ շաբաթում` երկու ապտակ հակադիր ուղղություններից

եխ-մմ (1)Վերջին օրերին մի շարք ուշագրավ զարգացումներ եղան Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերություններում: Նախ` Եվրախորհրդարանն ընդունեց Հայաստանին վերաբերող հերթական բանաձև, որում ոչ հայանպաստ անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշվել էր, որ հակամարտությունը պետք է լուծվի` ՄԱԿ-ի 4 բանաձևերի ու Աքվիլայի սկզբունքներից ելնելով, որոնք տարածքային ամբողջականությունը գերադասում են ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքներից:

Այս հարցի կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով news.am գործակալությանը, նշեց, որ Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև, հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մոտեցումներին:

«Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը վնասելու համար»,- նշել էր Շավարշ Քոչարյանը:

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցի կապակցությամբ նշեց, որ Եվրախորհրդարանի բանաձևի պարագայում մենք գործ ունենք միաժամանակ երեք գործոնների` ադրբեջանական լոբբինգի, Ադրբեջանի հանդեպ մտրակի և բլիթի քաղաքականության և եվրոպական հանրության կողմից սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցող զարգացումների չհասկացվածության կամ ոչ լիարժեք հասկացվածության հետ:

«Մենք սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը որոշակիորեն թերագնահատել ենք: Եվ կարծում եմ, որ բոլոր հնարավոր մակարդակներով պիտի արվեր մեծ և ծավալուն աշխատանք եվրոպական գործընկերներին բոլոր հարթակներով` կառույցներով, գործադիր մարմիններով, եվրոպական կառույցներով ու երկրների խորհրդարաններով և, իհարկե, եվրոպական հանրություն ավելի լայն կտրվածքով` իրավիճակը բացատրելու, հասկացված լինելու, գործընկերների հետ փոխըմբռնման գալու համար»,- նշեց  Բեքարյանը` հավելելով, որ Եվրախորհրդարանի այդ բանաձևն առնվազն ցույց է տալիս, որ աշխատանքը ընդգրկուն և խորքային չի կատարվել:

Մեզ հարվածում են բոլոր անհավանական ուղղություններից

Բայց այդ օրերին նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ էլ Մաքսային միության անդամ ու նրան անդամակցել ցանկացող երկրների ղեկավարների քննարկումներ տեղի ունեցան: Ու դեռ չէինք հասցրել մարսել Եվրախորհրդարանի բանաձևը, Ռուսաստանի առաջին ալիքի «Կիրակնօրյա լուրեր» հաղորդման հաղոդավար Իրադա Զեյնալովան հոկտեմբերի 27-ի իր ռեպորտաժում անդրադարձավ Մաքսային միությանը և նշեց, որ Թուրքիայի դրան միանալու որոշումն իսկական սենսացիա է դարձել:

«ՆԱՏՕ-ի անդամը, իսլամական աշխարհի առաջատարներից մեկը հանկարծ որոշել է միանալ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Այս հարցը Մինսկում քննարկել են Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ, որտեղ Մաքսային միության ընդլայնման հարցը լարված քննարկումների առարկա է դարձել: Չէ՞ որ Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է: Եվ հենց այդ պատճառով Հայաստանի ՄՄ-ին միանալու ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում այն այդպես էլ կմնա ցանկություն ղարաբաղյան հարցում Ադրբեջանի հետ ունեցած տարածքային հարցի պատճառով»,- նշեց Զեյնալովան:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին մենք բոլորս բոլորովին այլ տեսակետներ էինք լսել: Եվ այս ռեպորտաժն իսկական փոթորիկ բարձրացրեց հայաստանյան իրականության մեջ: Երբ հայկական լրատվամիջոցներով ներկայացվում է մեկ բան, իսկ ռուսական լրատվամիջոցի կողմից` բոլորովին այլ բան, ընդունելի չէ: Որովհետև Հայաստանը, ի վերջո, մեր երկիրն է, նրա ապագան` մեր բոլորի ապագան է, ու մենք պետք է իմանանք, թե մեր երկրի շուրջ ինչ զարգացումներ են լինում, որպեսզի նաև մեր մասնակցությունն ունենանք ու մեր դիրքորոշումն արտահայտենք ճակատագրական հարցերում: Այսինքն` ընդունելի չէ ճշմարտությունը չասել կամ ասել ճշմարտության մի մասը: Եվ ընդունելի չէ այն առումով, որ դա կհանգեցնի սխալ եզրակացությունների, սխալ եզրակացությունները` սխալ քայլերի, ու այսպես շարունակ:

«Մենք ունեցանք մի վիճակ, որ արդեն Եվրամիության հետ հարաբերություննեըն ակնհայտորեն փչացրինք, այսինքն` Եվրոպան նեղացած է, և այս մի շարք բանաձևերը, որ կամաց-կամաց ի հայտ են գալիս` անդրադառնալով ԼՂՀ հարցին ոչ նպաստավոր լույսի ներքո և այլն, դրա արտացոլումն է: Մյուս կողմից էլ հիմա պարզվում է, որ տարբեր այլ խնդիրներ կան ու վերջիվերջո ստիպելու են (Մաքսային միության մասին է խոսքը), որ հայտարարություն անենք, թե Ղարաբաղը, Մաքսային միության առումով, որպես տնտեսական մաս, որևէ կապ չունի Հայաստանի հետ: Ակնհայտորեն այդ գիծն է տարվում»,- նշեց նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Որտե՞ղ է թաղված շան գլուխը

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովին էլ այս «ռեպորտաժային» պատմության մեջ հետաքրքրում է պաշտոնական հաղորդագրությունը, որը եղավ հանդիպումից հետո` Մինսկի գագաթաժողովի ժամանակ, որի շրջանակներում ասվել է, որ երեք պետություններն իրենց հավանությունն են  հայտնում Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Իսկ ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցի մեկնաբանությանը, քաղաքագետը նշեց, որ կարևոր է ոչ թե լրագրողի մեկնաբանությունը, այլ պետության ղեկավարի ասածը:

«Ես հենվում եմ փաստի վրա, փաստն այն է, որ գագաթաժողվից հետո պետության ղեկավարներն իրենց մամլո ասուլիսների ժամանակ հայտարարել են, որ համաձայնել են այն դիրքորոշմանը, որը հայտնել է Հայաստանը և որը հայտնի է: Երկրորդ` հայտարարել են, որ անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում իրականացվելու են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անդամակցության ձևակերպման` ֆորմալացման համար»,- իր դիտարկումները ներկայացրեց Ա. Մարգարովը:

Ու ինչպես նշեց քաղաքագետը, եթե այդ աշխատանքային քարտեզն իր մեջ պարունակում է ԼՂՀ կարգավիճակի կամ չկարգավորված կոնֆլիկտի հարցը, դա այնպիսի երկրորդական հարց չէ, որ չհնչեր հանդիպման ժամանակ: Իսկ քանի որ այն չի հնչել և օրակարգում այդպիսի հարց ընդգրկված չի եղել, Մարգարովն ընդունում է, որ ավելի շատ տնտեսական բնույթի հարցեր են եղել, որոնք կարիք ունեն կարգավորման:

«Եթե ռեպորտաժում ասվել է սեփական կարծիք, դա մարդու` լրագրողի իրավունք է, բայց հաշվի առնելով այն հաղորդումը կամ այն հեռուստաընկերությունը, որտեղ այս կարծիքը հնչել է, անհրաժեշտ է ուղղակի պարզաբանում մտցնել` դա պետակա՞ն դիրքորոշումն է, թե՞ հեղինակի»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:

Ինչ վերաբերում է հստակեցմանը, ապա ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրատվամիջոցներից մեկին այս կապակցությամբ ասել է. «Գագաթաժողովի քննարկումները և արդյունքները ներկայացված են նախագահի պաշտոնական կայքում: Դա՛ է միակ պաշտոնական և հավաստի աղբյուրը»:

Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը մեր հարևաններին ուղղված տեղեկատվական կրակահերթ է համարում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հասկանալի է` ռուսական առաջին ալիքն ինչ լրատվամիջոց է:

«Մի առիթով Միացյալ Նահանգների նախագահներից մեկն ասել է, որ CNN-ը մեր անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Հիմա OPT-ն էլ, ըստ էության, Ռուսաստանի անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Նորից պետք է ասեմ, որ հռետորաբանությունը իրողություններից պետք է տարբերենք»,- նշել էր Արտակ Դավթյանը:

Նրա դիտարկմամբ` այն ցանկությունները, որոնք հայտարարվեցին սեպտեմբերի 3-ին Մինսկում, պաշտոնական տեսք ստացան:

Բոլոր դեպքերում, Եվրախորհրդարանն ընդունել է հայկական շահերից չբխող բանաձև, Մինսկում Լուկաշենկոն արել է հայկական շահերից չբխող հայտարարություն, ռուսական առաջին ալիքը եթեր է հեռարձակել հայկական շահերից չբխող ռեպորտաժ: Ու այս ամենը հուշում են, որ արտաքին քաղաքական վեկտորների կամ քաղաքական ուղղությունների ընտրության հարցում Հայաստանը  հիմնավոր վերանայումների ու վերարժևորումների լուրջ խնդիր ունի:

 

Սերժ Սարգսյանի Ռիտա թոռնիկը կնքվել է

Երեկ էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում տե­ղի է ունեցել Սերժ Սարգսյանի չորրորդ թոռան՝ Ռիտայի մկրտության արարողությու­նը:

Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հիշեցնում, որ Ս. Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը, ամուսնացած է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ:

Գ. Հարությունյանը եղել է նաև նրանց հարսանյաց, ինչպես նաև երեկ տեղի ունե­ցած մկրտության կնքահայրը: Մկրտության արարողությունից հետո իշխանական էլիտան այնուհետև հավաքվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում:Այս մասին հաղորդում է Տեսակետը:

Անկախը շնորհավորում է:

Կենսաթոշակների ինչպիսի՞ տեսակներ կան

կենսաթոշակ«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2010 թ. դեկտեմբերի 22-ին) 8-րդ հոդվածում նշված են կենսաթոշակի հետևյալ տեսակները.

1. աշխատանքային`

1) տարիքային, 2) արտոնյալ պայմաններով, 3) երկարամյա ծառայության, 4) հաշմանդամության, 5) կերակրողին կորցնելու դեպքում, 6) մասնակի,

2. զինվորական`

1) երկարամյա ծառայության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում,

3. սոցիալական`

1) ծերության, 2) հաշմանդամության, 3) կերակրողին կորցնելու դեպքում:

Նյութի շրջանակներում կանդրադառնանք միայն աշխատանքային կենսաթոշակի տեսակներին: Այսպես, տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Ընդ որում, տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

Արտոնյալ պայմաններով աշխատանքային կենսաթոշակի իրավունք վերապահված է` 1) առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում առնվազն 15 օրացուցային տարի աշխատած անձին` 55 տարին լրանալու դեպքում, եթե ունի 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, 2) 59 տարին լրացած անձին` 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում, որից 20 օրացուցային տարին` ծանր պայմաններում, 3) հիպոֆիզային թզուկությամբ հիվանդ (լիլիպուտ) անձին` 45 տարին լրանալու և 20 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի`

1) թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտօպերատորներին և բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, և նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իսկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում, եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է,

2) օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական վիճակի պատճառով օդային երթևեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին, եթե լրացել է նրա 50 տարին, և նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք.

3) ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, և նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին` 1) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով, 2) ընդհանուր հիվանդության հետևանքով:

Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է մահացած կերակրողի ընտանիքի հետևյալ անդամներին`

1) 18 տարին չլրացած երեխային, 2) 18 տարին չլրացած եղբորը, քրոջը և թոռանը, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 3) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակին, եթե նրա հաշմանդամության պատճառը մանկուց հիվանդությունն է, նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում, 4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված ծնողներին, ամուսնուն, եթե չեն աշխատում, 5) ամուսնուն կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում, 6) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած կամ հաշմանդամ ճանաչված պապին և տատին, եթե նրանք չեն աշխատում և չունեն զավակներ կամ զավակներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

Մասնակի կենսաթոշակի իրավունքը պատկանում է` 1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է, 2) թատերական և թատերահանդեսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:

 Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Դեսպան Նազարյանի ելույթը Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում

դեսպան Կարեն ՆազարյանՀոկտեմբերի 30-ին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում ԳԱ առաջին կոմիտեի «Տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցներ» օրակարգի կետով ելույթ ունեցավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նշելով, որ այդ միջոցները հանդիսանում են կարեւոր բաղկացուցիչ միջազգային խաղաղության եւ անվտանգության հաստատման ու պահպանման համար՝ դեսպան Նազարյանն անդրադարձավ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակաբար հնչող սպառնալիքներին, ռազմական ծախսերի ավելացմանը ու դրա արդյունքում սանձազերծած սպառազինությունների մրցավազքին եւ սահմանային սադրիչ գործողություններին;

Կարեն Նազարյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, այլ նաեւ վստահության ամրապնդման միջոցառումները` այդ թվում շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտման դեպքերի համար հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկությունները:

Դեսպանն ընդգծեց, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հիմնահարցերի լուծման, եւ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման այլընտրանք գոյություն չունի:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատանը բացվել է սգո մատյան` ի հիշատակ Տադեուշ Մազովեցկու

Poland’s first non-communist prime-minister Tadeusz Mazowiecki

Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատանը հոկտեմբերի 31-ին բացվել է սգո մատյան` իհիշատակ հետկոմունիստական Լեհաստանի առաջին վարչապետ Տադեուշ Մազովեցկու: Լեհ նշանավորքաղաքական գործիչը կյանքից հեռացել է 2013թ-ի հոկտեմբերի 18-ին 86 տարեկան հասակում:

«Մեզանից հեռացել է մի մարդ, ով Լեհաստանի համար վճռական պահերին խիզախություն ուներ խելացի լինելու:Շնորհակալ ենք»,- ասել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ով 2010թ-ինՏադեուշ Մազովեցկուն նշանակեց իր խորհրդական:

«Մազովեցկին մեր ազատության, անկախության հայրերից մեկն է»,- լեհական լրատվամիջոցների հետհարցազրույցում նշել է արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Սգո մատյանը բաց կլինի հոկտեմբերի 31-ին ժամը 11:00-ից մինչև 16:00-ն Լեհաստանի դեսպանության շենքում`Երևան, Հանրապետության 44 ա հասցեում:

Երևան-Կրասնոդար չվերթի ուղևորի մոտ ինքնաձիգի փամփուշտ է հայտնաբերվել

փամփուշտՀոկտեմբերի 30-ին, ժամը 16.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Կրասնոդար չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի,1967 թ. ծնված Մարտիկ Մ.-ի ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի փամփուշտ:
Մարտիկ Մ.-ն բերման է ենթարկվել օդանավակայանի գծային բաժին:
Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

 

Կողաշրջված «Մերսեդես»-ի վարորդը մահացել է

ավտովթարՀոկտեմբերի 30-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-200» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի «Լոռոնց գոմեր» կոչվող հանդամասում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1986 թ. ծնված Արթուր Անադյանը, տեղում մահացել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Ոստիկանները հայտնաբերեցին 11-ամյա աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդին

ձերբակալելՀոկտեմբերի 30-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տանը հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Շիրազ Ե.-ին, որը հոկտեմբերի 29-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի էր ենթարկել 11-ամյա աղջկա և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

ՃՏՊ-ներ Երևանում. 6 մարդ հիվանդանոցում է

վրաերթՀոկտեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, «Պորշ-Կայեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 2/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 3 աղջիկների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:                                                        

Հոկտեմբերի 30-ին, ժամը 12.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց փողոցում բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Երևան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
                                                         
Հոկտեմբերի 30-ին, ժամը 08.15-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 14 շենքի դիմաց անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:                                                        

Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.30-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 19 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն: