Վերջին օրերին մի շարք ուշագրավ զարգացումներ եղան Հայաստանի արտաքին քաղաքական հարաբերություններում: Նախ` Եվրախորհրդարանն ընդունեց Հայաստանին վերաբերող հերթական բանաձև, որում ոչ հայանպաստ անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշվել էր, որ հակամարտությունը պետք է լուծվի` ՄԱԿ-ի 4 բանաձևերի ու Աքվիլայի սկզբունքներից ելնելով, որոնք տարածքային ամբողջականությունը գերադասում են ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքներից:
Այս հարցի կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով news.am գործակալությանը, նշեց, որ Եվրախորհրդարանի «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև, հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մոտեցումներին:
«Չնայած նրան, որ վերոհիշյալ բանաձևը միայն խորհրդատվական կարծիքի բնույթ է կրում, այնուամենայնիվ, անկախ այս ձևակերպումների հեղինակների շարժառիթներից, նրանք պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների` հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը վնասելու համար»,- նշել էր Շավարշ Քոչարյանը:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցի կապակցությամբ նշեց, որ Եվրախորհրդարանի բանաձևի պարագայում մենք գործ ունենք միաժամանակ երեք գործոնների` ադրբեջանական լոբբինգի, Ադրբեջանի հանդեպ մտրակի և բլիթի քաղաքականության և եվրոպական հանրության կողմից սեպտեմբերի 3-ից հետո տեղի ունեցող զարգացումների չհասկացվածության կամ ոչ լիարժեք հասկացվածության հետ:
«Մենք սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակը որոշակիորեն թերագնահատել ենք: Եվ կարծում եմ, որ բոլոր հնարավոր մակարդակներով պիտի արվեր մեծ և ծավալուն աշխատանք եվրոպական գործընկերներին բոլոր հարթակներով` կառույցներով, գործադիր մարմիններով, եվրոպական կառույցներով ու երկրների խորհրդարաններով և, իհարկե, եվրոպական հանրություն ավելի լայն կտրվածքով` իրավիճակը բացատրելու, հասկացված լինելու, գործընկերների հետ փոխըմբռնման գալու համար»,- նշեց Բեքարյանը` հավելելով, որ Եվրախորհրդարանի այդ բանաձևն առնվազն ցույց է տալիս, որ աշխատանքը ընդգրկուն և խորքային չի կատարվել:
Մեզ հարվածում են բոլոր անհավանական ուղղություններից
Բայց այդ օրերին նաև ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ էլ Մաքսային միության անդամ ու նրան անդամակցել ցանկացող երկրների ղեկավարների քննարկումներ տեղի ունեցան: Ու դեռ չէինք հասցրել մարսել Եվրախորհրդարանի բանաձևը, Ռուսաստանի առաջին ալիքի «Կիրակնօրյա լուրեր» հաղորդման հաղոդավար Իրադա Զեյնալովան հոկտեմբերի 27-ի իր ռեպորտաժում անդրադարձավ Մաքսային միությանը և նշեց, որ Թուրքիայի դրան միանալու որոշումն իսկական սենսացիա է դարձել:
«ՆԱՏՕ-ի անդամը, իսլամական աշխարհի առաջատարներից մեկը հանկարծ որոշել է միանալ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին: Այս հարցը Մինսկում քննարկել են Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ, որտեղ Մաքսային միության ընդլայնման հարցը լարված քննարկումների առարկա է դարձել: Չէ՞ որ Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է: Եվ հենց այդ պատճառով Հայաստանի ՄՄ-ին միանալու ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում այն այդպես էլ կմնա ցանկություն ղարաբաղյան հարցում Ադրբեջանի հետ ունեցած տարածքային հարցի պատճառով»,- նշեց Զեյնալովան:
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին մենք բոլորս բոլորովին այլ տեսակետներ էինք լսել: Եվ այս ռեպորտաժն իսկական փոթորիկ բարձրացրեց հայաստանյան իրականության մեջ: Երբ հայկական լրատվամիջոցներով ներկայացվում է մեկ բան, իսկ ռուսական լրատվամիջոցի կողմից` բոլորովին այլ բան, ընդունելի չէ: Որովհետև Հայաստանը, ի վերջո, մեր երկիրն է, նրա ապագան` մեր բոլորի ապագան է, ու մենք պետք է իմանանք, թե մեր երկրի շուրջ ինչ զարգացումներ են լինում, որպեսզի նաև մեր մասնակցությունն ունենանք ու մեր դիրքորոշումն արտահայտենք ճակատագրական հարցերում: Այսինքն` ընդունելի չէ ճշմարտությունը չասել կամ ասել ճշմարտության մի մասը: Եվ ընդունելի չէ այն առումով, որ դա կհանգեցնի սխալ եզրակացությունների, սխալ եզրակացությունները` սխալ քայլերի, ու այսպես շարունակ:
«Մենք ունեցանք մի վիճակ, որ արդեն Եվրամիության հետ հարաբերություննեըն ակնհայտորեն փչացրինք, այսինքն` Եվրոպան նեղացած է, և այս մի շարք բանաձևերը, որ կամաց-կամաց ի հայտ են գալիս` անդրադառնալով ԼՂՀ հարցին ոչ նպաստավոր լույսի ներքո և այլն, դրա արտացոլումն է: Մյուս կողմից էլ հիմա պարզվում է, որ տարբեր այլ խնդիրներ կան ու վերջիվերջո ստիպելու են (Մաքսային միության մասին է խոսքը), որ հայտարարություն անենք, թե Ղարաբաղը, Մաքսային միության առումով, որպես տնտեսական մաս, որևէ կապ չունի Հայաստանի հետ: Ակնհայտորեն այդ գիծն է տարվում»,- նշեց նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:
Որտե՞ղ է թաղված շան գլուխը
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովին էլ այս «ռեպորտաժային» պատմության մեջ հետաքրքրում է պաշտոնական հաղորդագրությունը, որը եղավ հանդիպումից հետո` Մինսկի գագաթաժողովի ժամանակ, որի շրջանակներում ասվել է, որ երեք պետություններն իրենց հավանությունն են հայտնում Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը: Իսկ ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցի մեկնաբանությանը, քաղաքագետը նշեց, որ կարևոր է ոչ թե լրագրողի մեկնաբանությունը, այլ պետության ղեկավարի ասածը:
«Ես հենվում եմ փաստի վրա, փաստն այն է, որ գագաթաժողվից հետո պետության ղեկավարներն իրենց մամլո ասուլիսների ժամանակ հայտարարել են, որ համաձայնել են այն դիրքորոշմանը, որը հայտնել է Հայաստանը և որը հայտնի է: Երկրորդ` հայտարարել են, որ անհրաժեշտ է ճանապարհային քարտեզ, որի շրջանակներում իրականացվելու են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անդամակցության ձևակերպման` ֆորմալացման համար»,- իր դիտարկումները ներկայացրեց Ա. Մարգարովը:
Ու ինչպես նշեց քաղաքագետը, եթե այդ աշխատանքային քարտեզն իր մեջ պարունակում է ԼՂՀ կարգավիճակի կամ չկարգավորված կոնֆլիկտի հարցը, դա այնպիսի երկրորդական հարց չէ, որ չհնչեր հանդիպման ժամանակ: Իսկ քանի որ այն չի հնչել և օրակարգում այդպիսի հարց ընդգրկված չի եղել, Մարգարովն ընդունում է, որ ավելի շատ տնտեսական բնույթի հարցեր են եղել, որոնք կարիք ունեն կարգավորման:
«Եթե ռեպորտաժում ասվել է սեփական կարծիք, դա մարդու` լրագրողի իրավունք է, բայց հաշվի առնելով այն հաղորդումը կամ այն հեռուստաընկերությունը, որտեղ այս կարծիքը հնչել է, անհրաժեշտ է ուղղակի պարզաբանում մտցնել` դա պետակա՞ն դիրքորոշումն է, թե՞ հեղինակի»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:
Ինչ վերաբերում է հստակեցմանը, ապա ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրատվամիջոցներից մեկին այս կապակցությամբ ասել է. «Գագաթաժողովի քննարկումները և արդյունքները ներկայացված են նախագահի պաշտոնական կայքում: Դա՛ է միակ պաշտոնական և հավաստի աղբյուրը»:
Ռուսաստանի հանրային հեռուստատեսության ռեպորտաժը մեր հարևաններին ուղղված տեղեկատվական կրակահերթ է համարում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հասկանալի է` ռուսական առաջին ալիքն ինչ լրատվամիջոց է:
«Մի առիթով Միացյալ Նահանգների նախագահներից մեկն ասել է, որ CNN-ը մեր անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Հիմա OPT-ն էլ, ըստ էության, Ռուսաստանի անվտանգության խորհրդի հերթական անդամն է: Նորից պետք է ասեմ, որ հռետորաբանությունը իրողություններից պետք է տարբերենք»,- նշել էր Արտակ Դավթյանը:
Նրա դիտարկմամբ` այն ցանկությունները, որոնք հայտարարվեցին սեպտեմբերի 3-ին Մինսկում, պաշտոնական տեսք ստացան:
Բոլոր դեպքերում, Եվրախորհրդարանն ընդունել է հայկական շահերից չբխող բանաձև, Մինսկում Լուկաշենկոն արել է հայկական շահերից չբխող հայտարարություն, ռուսական առաջին ալիքը եթեր է հեռարձակել հայկական շահերից չբխող ռեպորտաժ: Ու այս ամենը հուշում են, որ արտաքին քաղաքական վեկտորների կամ քաղաքական ուղղությունների ընտրության հարցում Հայաստանը հիմնավոր վերանայումների ու վերարժևորումների լուրջ խնդիր ունի:
Tags: ԵՄ, Մաքսային միություն, քաղաքական
